Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-057-25.07.2003-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1.

ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ

Սույն օրենքը կարգավորում է զանգվածային լրատվության ոլորտում ծագող հարաբերությունները եւ սահմանում է այդ հարաբերությունների սուբյեկտների իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը:

Սույն օրենքի նպատակն է ապահովել մարդու սահմանադրական իրավունքը՝ ազատորեն, անկախ պետական սահմաններից, փնտրելու, ստանալու եւ տարածելու տեղեկություններ եւ գաղափարներ:

ՀՈԴՎԱԾ 2.

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Զանգվածային լրատվության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, այլ օրենքներով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

ՀՈԴՎԱԾ 3.

ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ներքոհիշյալ հասկացությունները սույն օրենքի իմաստով ունեն հետեւյալ նշանակությունը.

1. Զանգվածային լրատվություն (այսուհետեւ՝ լրատվություն)՝ հրատապ (տվյալ օրը, տվյալ ամսին, տվյալ տարում) տեղեկատվության տարածում հասարակական նշանակության իրադարձությունների, հանրային շահերին առնչվող եւ հասարակական հետաքրքրության առարկա հանդիսացող փաստերի, երեւույթների, հանգամանքների, գաղափարների, կանխատեսումների, մասնավորապես՝ պետությունների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց, այլ անձանց ու նրանց գործունեության վերաբերյալ, ինչպես նաեւ այդ տեղեկություններին առնչվող մեկնաբանություններ, պարզաբանումներ, կարծիքներ, եզրակացություններ:

Լրատվությունն իրականացվում է զանգվածային լրատվության միջոցի տարածմամբ:

2. Զանգվածային լրատվության միջոց (այսուհետ՝ լրատվության միջոց)՝ տարեկան մեկ կամ ավելի անգամ թողարկվող լրատվության իրականացման միջոց, որը բաժանորդագրությամբ կամ առանց դրա, վճարովի կամ անվճար հիմունքներով տարածվում է՝

1) նյութական կրիչի վրա՝ միեւնույն բովանդակությամբ թողարկման առնվազն հարյուր օրինակներով.

2) հեռուստառադիոհաղորդմամբ.

3) հանրային համակցված հեռահաղորդակցության ցանցով (ցանցային լրատվության միջոց)՝ ուղղված հարյուր կամ ավելի անձանց.

4) հանրային համակցված հեռահաղորդակցության ցանցով (ցանցային լրատվության միջոց), որպես անորոշ թվով անձանց համար հասանելի տեղեկատվական պաշար՝ անկախ պահման ժամանակի տեւողությունից եւ այլ չափանիշներից:

Լրատվության միջոց է նաեւ լրատվական գործակալության, լուսանկարչական գործակալության, լրատվական կենտրոնի, տեղեկատվական-վերլուծական կենտրոնի եւ այլ նմանատիպ բնույթի կազմակերպությունների հաղորդումը՝ զանգվածային լրատվության նպատակով օգտագործման ենթակա նյութի տեսքով, ուղղված լրատվական գործունեություն իրականացնող այլ անձանց, անկախ տարածման ձեւից, թողարկման օրինակների քանակից կամ որեւէ այլ չափանիշից:

Լրատվության միջոցը որպես այդպիսին համարվում է տարածման սկզբնապահից:

3. Լրատվական գործունեություն իրականացնող՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձ, այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր, որն իր անունից տարածում է լրատվության միջոց:

Եթե Հայաստանի Հանրապետությունում լրատվական գործունեություն իրականացնողն այդ գործունեության առանձին փուլեր իրականացնում է այլ անձանց (տարածող, հրատարակիչ եւ այլն) հետ կնքված գործարքների հիման վրա, ապա այդ անձինք, սույն օրենքի իմաստով, լրատվական գործունեություն իրականացնողներ չեն:

ՀՈԴՎԱԾ 4.

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

1. Լրատվական գործունեություն իրականացնողներն իրավահավասար են եւ գործում են ազատորեն՝ օրինականության, խոսքի (արտահայտվելու) ազատության ու բազմակարծության հիման վրա:

2. Որեւէ մեկը չի կարող պարտադրել լրատվական գործունեություն իրականացնողին՝ տարածելու որեւէ տեղեկատվություն, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

3. Հայաստանի Հանրապետությունում լրատվությունը գրաքննության, այդ թվում՝ պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի հետ համաձայնեցման ենթակա չէ:

4. Լրատվության միջոցները տարածվում են առանց նախնական կամ ընթացիկ պետական գրանցման, պետական որեւէ մարմնում հայտարարագրման կամ որեւէ մարմնի ծանուցելու:

5. Լրատվության միջոցների տարածումը կարող է սահմանափակվել՝

ա) օրենքով սահմանված կարգով՝ ռազմական դրության ժամանակ, պետության սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի կամ արտակարգ իրավիճակի դեպքում.

բ) դատական կարգով՝ օրենքի հիման վրա գաղտնի համարվող տեղեկատվություն պարունակող կամ քրեորեն պատժելի արարքներ քարոզող լրատվության միջոցի տվյալ թողարկման տարածումն արգելելու դեպքում:

6. Լրատվության տարածման համար անհրաժեշտ սարքավորումների ու նյութերի քաղաքացիական շրջանառությունում խտրականությունն արգելվում է:

7. Սահմանափակման ենթակա չէ անձի իրավունքը՝ օգտվելու իր ցանկացած, այդ թվում՝ այլ երկրներում թողարկված եւ տարածված լրատվության միջոցներից:

ՀՈԴՎԱԾ 5.

ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

1. Լրատվական գործունեություն իրականացնողները, ինչպես նաեւ նրանց աշխատողները եւ նրանց պատվերով հրապարակման ենթակա նյութ նախապատրաստած անձինք (այսուհետեւ՝ լրագրողներ) պարտավոր չեն բացահայտել տեղեկատվության աղբյուրը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

2. Տեղեկատվության աղբյուրի բացահայտումը լրատվական գործունեություն իրականացնողին, ինչպես նաեւ լրագրողին կարող է պարտադրվել դատական կարգով՝ քրեական գործի առիթով, եթե հասարակության շահերի պաշտպանության անհրաժեշտությունն ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակական շահագրգռվածությունը, եւ սպառված են հասարակության շահերի պաշտպանության այլընտրանքային միջոցները:

ՀՈԴՎԱԾ 6.

ԼՐԱԳՐՈՂԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄԸ

1. Լրատվական գործունեություն իրականացնողն իր լրագրողին հավատարմագրելու համար իրավունք ունի դիմել պետական մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին:

Պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները հավատարմագրում են հայտարարված լրագրողներին՝ այդ մարմիններում ու կազմակերպություններում լրագրողների հավատարմագրման կարգին համապատասխան:

2. Պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում լրագրողների հավատարմագրման կարգը տվյալ մարմինների ու կազմակերպությունների ներքին ակտն է, որում սահմանվում են՝

ա) լրատվության միջոցին ներկայացվող ընդհանուր բնույթի այն պահանջները, որոնց պարագայում հավատարմագրվում է նրա լրագրողը (տարածման տարածքը, մամուլի տպաքանակը եւ այլն).

բ) հավատարմագրված լրագրողի աշխատանքի կազմակերպման կանոնները.

գ) լրագրողին հավատարմագրումից զրկելու հիմքերը.

դ) տվյալ մարմնի կամ կազմակերպության գործունեության առանձնահատկություններից բխող պահանջները:

Հավատարմագրման կարգը չի կարող պարունակել լրատվության միջոցների կամ հավատարմագրված լրագրողների խտրականության հանգեցնող դրույթներ: Այդպիսի դրույթներ լինելու դեպքում դրանք անվավեր են:

3. Որեւէ մարմնում կամ կազմակերպությունում լրագրողների հավատարմագրման կարգ սահմանված չլինելու դեպքում այն պետք է սահմանվի մեկամսյա ժամկետում, եթե առկա է լրատվական գործունեություն իրականացնողի պահանջը, որը ելնում է ժողովրդավարական հասարակությունում հանրային շահերի պաշտպանության անհրաժեշտությունից եւ տվյալ մարմնի կամ կազմակերպության գործունեության վերաբերյալ անմիջական եւ անընդմեջ տեղեկատվություն ստանալու հասարակական շահագրգռվածությունից:

4. Հավատարմագրված լրագրողը հավատարմագրած մարմինների, կազմակերպությունների աշխատանքային գործընթացին կարող է ներկա գտնվել դրանցում լրագրողների հավատարմագրման կարգին եւ այդ մարմինների, կազմակերպությունների աշխատակարգի կանոններին համապատասխան:

5. Հավատարմագրված լրագրողը հավատարմագրումից կարող է զրկվել տվյալ մարմնում կամ կազմակերպությունում լրագրողների հավատարմագրման կարգով նախատեսված դեպքերում՝ համապատասխան հիմնավորումով:

6. Լրատվության միջոցների համար նախատեսված տեղեկատվությունը հավատարմագրված բոլոր լրագրողներին պետք է տրամադրվի միաժամանակ, իսկ նախատեսվող ասուլիսների ճշգրիտ ժամանակի եւ վայրի մասին այդ լրագրողները պետք է նախազգուշացվեն ասուլիսներն սկսվելուց առաջ՝ ողջամիտ ժամկետում:

Տվյալ մարմնում կամ կազմակերպությունում հավատարմագրված բոլոր լրագրողների համար աշխատանքի պայմանները պետք է հավասար լինեն:

7. Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցչի, լրագրողի՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:

ՀՈԴՎԱԾ 7.

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՆՁԱՆՑ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

1. Այլ երկրներում գրանցված իրավաբանական անձինք, օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք (այսուհետեւ՝ օտարերկրյա անձինք) Հայաստանի Հանրապետությունում լրատվական գործունեություն կարող են իրականացնել միայն իբրեւ ձեռնարկատիրական գործունեություն:

2. Այլ երկրներում թողարկված լրատվության միջոցի տարածումը Հայաստանի Հանրապետությունում կարող է իրականացվել միայն իբրեւ ձեռնարկատիրական գործունեություն:

3. Օտարերկրյա անձանց լրատվական գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաեւ այլ երկրներում թողարկված լրատվության միջոցների տարածումը Հայաստանի Հանրապետությունում կարող են դադարեցվել դատական կարգով՝ խոսքի ազատության չարաշահման հիմնավորումով:

ՀՈԴՎԱԾ 8.

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

1. Լրատվական գործունեություն իրականացնողը լրատվության միջոցը տարածելուց առաջ պարտավոր է հնարավոր բոլոր միջոցներով ճշտել նրանում պարունակվող տեղեկատվության հավաստիությունը կամ հղում կատարել դրա սկզբնաղբյուր հանդիսացող լրատվության միջոցին:

Տեղեկատվությունը տարածելուց առաջ դրա հավաստիությունը ճշտելու պարտավորությունը կրում է լրատվական գործունեություն իրականացնողը, եթե նա ֆիզիկական անձ է: Եթե լրատվական գործունեություն իրականացնողն իրավաբանական անձ է, ապա տեղեկատվությունը ճշտելու պարտավորությունը կրում է լրատվության միջոցի տվյալ թողարկման համար պատասխանատու անձը: Վերջինս ազատ է այդ պարտավորությունից, եթե տվյալ տեղեկատվության կապակցությամբ այդ պարտավորությունը փոխանցված է լրագրողին՝ նրա հետ կնքված պայմանագրի հիման վրա:

2. Արգելվում է օրենքով սահմանված կարգով գաղտնի համարվող կամ քրեորեն պատժելի արարքներ քարոզող տեղեկատվության տարածումը:

3. Արգելվում է այն անձից ստացված տեղեկատվության տարածումը, որն ակնկալել է, որ գտնվում է անորոշ անձանց տեսադաշտից դուրս, լսելի չէ նրանց համար եւ դրա համար ձեռնարկել է բավարար միջոցներ, բացառությամբ այն դեպքերի, երբ՝

1) այդ տեղեկատվությունը ձեռք է բերված օրենքով սահմանված կարգով.

2) անորոշ անձանց տեսադաշտից դուրս լինելու կամ նրանց համար լսելի չլինելու համար ձեռնարկված միջոցներն ակնհայտորեն անբավարար են եղել.

3) նման տեղեկատվության տարածումն անհրաժեշտ է հանրային շահերի պաշտպանության համար:

ՀՈԴՎԱԾ 9.

ՀԵՐՔՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

1. Եթե տարածված տեղեկատվությունն արատավորել է անձի պատիվը, արժանապատվությունը եւ բարի համբավը, ապա այդ անձը եռամսյա ժամկետում՝ հաշված տեղեկատվության տարածման օրվանից, իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու նշված տեղեկատվությունը:

2. Լրատվական գործունեություն իրականացնողը հերքման պահանջն ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, պարտավոր է հերքման պահանջը ներկայացնողին հայտնել հերքումը տարածելու ժամանակը կամ գրավոր հայտնել հերքման տարածումը մերժելու մասին:

3. Հերքումն իրականացվում է լրատվության նույն միջոցում, իսկ եթե դա հնարավոր չէ՝ այլ ընդունելի եղանակով:

Հերքումն իրականացվում է «Հերքում» խորագրի ներքո՝ տեղակայմամբ ու ձեւավորմամբ հերքվող տեղեկատվությանը չզիջող չափանիշներով, հերքման պահանջն ստանալու օրվանից հետո՝ 10-օրյա ժամկետում: Այդ ժամկետում լրատվության միջոցի թողարկում տեղի չունենելու կամ միակ թողարկումն արդեն իսկ թույլատրված լինելու դեպքում հերքումը պետք է տեղ գտնի լրատվության միջոցի առաջիկա առաջին իսկ թողարկման մեջ:

4. Պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ թեկնածուի մասին տարածված տեղեկատվության հերքումը կատարվում է 24 ժամվա ընթացքում կամ հերքումն ստանալուն պես, եթե մինչեւ քվեարկության սկիզբը մնացել է ոչ ավելի, քան 24 ժամ: Նշված ժամկետում հերքման տարածումը հնարավոր չլինելու դեպքում այն պետք է տարածվի սույն հոդվածով սահմանված ժամկետում:

5. Հերքման պահանջի հետ մեկտեղ, անձն իրավունք ունի պահանջել իր պատասխանի հրապարակումը:

Լրատվական գործունեություն իրականացնողը կարող է պատասխանի հրապարակումը զուգակցել կամ չզուգակցել հերքումով: Հերքման պահանջը բավարարված է համարվում պատասխանի հրապարակումով:

6. Պատասխանի հրապարակման պահանջը բավարարվում է սույն հոդվածով հերքման համար սահմանված կանոններով:

Պատասխանը պետք է վերաբերվի միայն տարածված տեղեկատվությանը եւ չհակասի սույն օրենքի պահանջներին: Այն չպետք է պարունակի հերքվող տեղեկատվությունը պատրաստած կամ տարածած անձի, ցանկացած այլ անձի կամ նրանց գործունեության քննադատություն, եթե դա ուղղակիորեն կապված չէ հերքման հետ:

Պատասխանի ծավալը չպետք է գերազանցի հերքվող տեղեկատվության ծավալը: Եթե հերքվող տեղեկատվությունը բազմաբովանդակ նյութի ամբողջ ծավալից հստակ սահմանազատվող ինքնուրույն, առանձին հատված է, ապա պատասխանի ծավալը չպետք է գերազանցի այդ հատվածի ծավալը: Պատասխանը հրապարակվում է անվճար:

7. Հերքման պահանջը պետք է մերժվի, եթե տվյալ պահանջը կամ հերքումը`

1) անանուն է.

2) հակասում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտին:

Հերքման պահանջի հետ մեկտեղ ներկայացվող պատասխանի հրապարակման պահանջը պետք է մերժվի, եթե այդ պատասխանը չի համապատասխանում սույն օրենքի պահանջներին:

Հերքման պահանջը կարող է մերժվել, եթե հերքման ենթակա տեղեկատվությունն արդեն իսկ հերքվել է տվյալ լրատվության միջոցում, կամ եթե վերաբերում է այնպիսի տեղեկատվությանը, որը տարածվել է հրապարակային ելույթին կամ Հայաստանի Հանրապետությունում թողարկված այլ լրատվության միջոցին կատարված հղումով, եւ սկզբնաղբյուրը հերքում չի տարածել:

8. Անձը կարող է հերքում պահանջել դատարանով:

ՀՈԴՎԱԾ 10.

ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

1. Լրատվական գործունեության իրականացնողի կողմից այդ գործունեության իրականացումը օրենքի պահանջների խախտմամբ առաջ է բերում օրենքով նախատեսված պատասխանատվություն:

2. Լրատվական գործունեություն իրականացնողն ազատվում է տվյալ տեղեկատվության տարածման համար պատասխանատվությունից, եթե այն՝

1) ստացվել է լրատվական գործակալությունից.

2) բխում է վիճարկող կողմի կամ նրա ներկայացուցչի հրապարակային ելույթից կամ պատասխանից կամ նրանցից ելնող փաստաթղթից.

3) հրապարակային ելույթի կամ Հայաստանի Հանրապետությունում տարածված լրատվության միջոցի պարունակած տեղեկատվության վերարտադրությունն է եւ այն տարածելիս իր կողմից կատարվել է հղում այդ աղբյուրին.

4) ճշտվել է՝ օգտագործելով հնարավոր բոլոր միջոցները:

3. Օրենքով սահմանված կարգով գաղտնի համարվող տեղեկատվության տարածման համար լրատվական գործունեություն իրականացնողը պատասխանատվության ենթակա չէ, եթե այդ տեղեկատվությունը նա ձեռք չի բերել օրենքով արգելված եղանակով կամ ակնհայտ չի եղել, որ այն օրենքով սահմանված կարգով գաղտնիք է համարվել:

Եթե լրատվական գործունեություն իրականացնողը տարածել է այնպիսի տեղեկատվություն, որի՝ օրենքով սահմանված կարգով գաղտնի համարվելն ակնհայտ է եղել, սակայն այդ տեղեկատվության տարածումը բխել է հանրային շահերի պաշտպանության անհրաժեշտությունից, ապա նա պատասխանատվության ենթակա չէ:

ՀՈԴՎԱԾ 11.

ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

1. Պարբերաբար տարածվող լրատվության միջոցը կարող է ունենալ անվանում:

2. Լրատվության միջոցի անվանումը պետք է ընդունելի լինի հասարակական բարոյականության տեսանկյունից ու տարբերվի եւ շփոթության աստիճանի նման չլինի այլ լրատվության միջոցի, այդ թվում՝ վերջին երկու տարիներին տարածումը դադարեցրած լրատվության միջոցի անվանմանը, եթե վերջինիս տարածողը լրատվական գործունեություն իրականացնող նույն անձը չի եղել:

3. Լրատվության միջոցի անվանման մեջ հանրահայտ անձի անունը կամ դրա մի մասը, եթե այն ակնհայտորեն կապվում է այդ հանրահայտ անձի հետ, կարող է օգտագործվել միայն այդ անձի, իսկ հանրահայտ ֆիզիկական անձի մահացած լինելու դեպքում՝ նրա ժառանգի գրավոր համաձայնությամբ:

Եթե անձը, իսկ նրա մահացած լինելու դեպքում՝ նրա ժառանգը, գտնում է, որ լրատվության միջոցի գործունեությունն ստվերում է այդ անձի հեղինակությունը, ապա կարող է լրատվության միջոցի անվանման մեջ անձի անունն օգտագործելու իրավունքից զրկելու պահանջով դիմել դատարան:

4. Լրատվության միջոցի անվանման մեջ «Հայաստան» բառի հոլովաձեւերն ու դրանց թարգմանությունները կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

5. Լրատվության միջոցի անվանման իրավական պաշտպանության նպատակով այն կարող է գրանցվել որպես ապրանքային նշան:

ՀՈԴՎԱԾ 12.

ԹՈՂԱՐԿՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

1. Լրատվության միջոցի յուրաքանչյուր թողարկում պետք է պարունակի`

1) լրատվության միջոցի անվանումը (եթե այն ունի անվանում).

2) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը, գտնվելու վայրը, իրավաբանական անձի պետական գրանցման (կամ՝ իրավաբանական անձի անունից գործող նրա առանձնացված ստորաբաժանման հաշվառման) վկայականի համարը, տրման օրը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է, ապա նրա անունը, ազգանունը, հասցեն, եթե նա անհատ ձեռնարկատեր է, ապա՝ նաեւ պետական գրանցման վկայականի համարը եւ տրման օրը.

3) լրատվության միջոցի տվյալ թողարկման համար պատասխանատու անձի անունը, ազգանունը (ըստ անձնագրի).

4) թողարկման տարին, ամիսը եւ ամսաթիվը:

2. Նյութական կրիչի վրա թողարկված լրատվության միջոցը պետք է պարունակի նաեւ տվյալ թողարկման օրինակների ընդհանուր քանակը:

3. Թողարկման տվյալների մեջ կարող են ներառվել սույն հոդվածում չնշված այլ տեղեկություններ:

4. Հեռուստառադիոհաղորդմամբ տարածվող լրատվության միջոցի թողարկման տվյալները ներկայացվում են հեռուստատեսության եւ ռադիոյի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

ՀՈԴՎԱԾ 13.

ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆԸ

Լրատվական գործունեություն իրականացնողը մինչեւ ընթացիկ տարվա մարտի երեսունմեկը ներառյալ պարտավոր է լրատվության միջոցի հերթական թողարկման մեջ (եթե այն թողարկվում է) «Տարեկան հաշվետվություն» վերնագրի տակ հրապարակել նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունը՝ կապված տվյալ լրատվության միջոցին առնչվող գործունեության հետ, նշելով՝

1) համախառն եկամտի եւ դրա կազմում նվիրատվությունների մասնաբաժնի չափերը.

2) նվիրատվություններ կատարած ֆիզիկական անձանց անունները եւ իրավաբանական անձանց անվանումները:

ՀՈԴՎԱԾ 14.

ՊԱՐՏԱԴԻՐ ՕՐԻՆԱԿՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԸ

1. Հայաստանի Հանրապետությունում նյութական կրիչի վրա թողարկված եւ Հայաստանի Հանրապետությունում տարածվող լրատվության միջոցի յուրաքանչյուր թողարկման երկուական օրինակ անվճար ուղարկվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, Հայաստանի ազգային գրադարան եւ Հայաստանի ազգային գրապալատ:

2. Լրատվության միջոցները, ըստ ստացված պարտադիր օրինակների եւ թողարկման տվյալների, հաշվառվում են Հայաստանի Հանրապետության լրատվության միջոցների վարչական ռեգիստրում, որը գործում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում եւ որի վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

ՀՈԴՎԱԾ 15.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Մամուլի եւ զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին» Հայաստանի Հանրապետության 1991 թվականի հոկտեմբերի 8-ի No Ն-0420-I օրենքը: