Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-167-06.11.2007-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ I

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության պետական պարտքի հետ կապված հարաբերությունները:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքի իմաստով օգտագործվող հիմնական հասկացությունները՝

1) պարտքային պարտավորություն` փոխառության (այդ թվում ներքին եւ արտաքին շուկաներում տեղաբաշխվող արժեթղթերի) կամ վարկային (ներառյալ պետական երաշխիքի) պայմանագրով  ստացված եւ որոշակի պահի դրությամբ չմարված գումար, ներառյալ ժամկետում չմարված տոկոսագումարը.

2) պետական պարտք` Հայաստանի Հանրապետության անունից եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի անունից (բացառությամբ ռեզիդենտների հանդեպ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի առկա պարտքային պարտավորությունների) ստանձնված եւ որոշակի պահի դրությամբ առկա պարտքային պարտավորությունների հանրագումար.

3) կառավարության պարտք` Հայաստանի Հանրապետության կառավարության ստանձնած եւ որոշակի պահի դրությամբ առկա պարտքային պարտավորությունների հանրագումար.

4) կենտրոնական բանկի պարտք` ոչ ռեզիդենտների, օտարերկրյա պետությունների առջեւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ստանձնած եւ որոշակի պահի դրությամբ առկա պարտքային պարտավորությունների հանրագումար.

5) ներքին պետական պարտք` Հայաստանի Հանրապետության անունից` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների հանդեպ փոխառության կամ վարկային պայմանագրերի հիման վրա ստանձնած եւ որոշակի պահի դրությամբ առկա պարտքային պարտավորությունների հանրագումար.

6) արտաքին պետական պարտք` Հայաստանի Հանրապետության անունից եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի անունից Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտների եւ օտարերկրյա պետությունների հանդեպ ստանձնած եւ որոշակի պահի դրությամբ  առկա պարտքային պարտավորությունների հանրագումար.

7) պետական երաշխիք` որոշակի պահի դրությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության պարտավորությունն է (բյուջետային երաշխիք) փոխատուների եւ վարկատուների առջեւ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պարտավորությունն է ոչ ռեզիդենտ փոխատուների եւ վարկատուների առջեւ` ամբողջությամբ կամ մասնակի մարելու Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ փոխառուների եւ վարկառուների կողմից վճարման ենթակա գումարները` սահմանված ժամկետներում նրանց կողմից չվճարելու դեպքում.

8) Հայաստանի Հանրապետության համախառն արտաքին պարտք` Հայաստանի Հանրապետության անունից, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի անունից, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների կողմից ոչ ռեզիդենտների, օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հանդեպ ստանձնած եւ որոշակի պահի դրությամբ  առկա պարտքային պարտավորությունների հանրագումար.

9) պարտքի մարում` փոխառության կամ վարկային պայմանագրի հիման վրա պարտքային պարտավորության կատարում.

10) պարտքի սպասարկում` փոխառության կամ վարկային պայմանագրով նախատեսված տոկոսագումարի, կոմիսիոն վճարի, տուժանքի եւ այլ վճարի կատարում.

11) Հայաստանի Հանրապետության անունից` Հայաստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության կառավարության,  Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, պետական հիմնարկների անունից:

12) լիազոր մարմին` պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին.

13) ռեզիդենտ` ֆիզիկական անձինք, որոնք տվյալ տարում (հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը ներառյալ) սկսվող կամ ավարտվող 12 ամսյա ժամանակահատվածում գտնվել են Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ 183 օր եւ ավելի, կամ ում կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում եւ իրավաբանական անձինք, որոնք ստեղծվել եւ պետական գրանցում են ստացել Հայաստանի Հանրապետությունում.

14) ոչ ռեզիդենտ` սույն օրենքի իմաստով ռեզիդենտ չհամարվող ֆիզիկական անձինք եւ օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունները եւ դրանց կողմից Հայաստանի Հանրապետությունից դուրս ստեղծված կազմակերպությունները.

15) պետական գանձապետական պարտատոմս` Հայաստանի Հանրապետության անունից լիազոր մարմնի կողմից ազգային արժույթով թողարկված պարտատոմսեր.

16) արտարժույթով թողարկված պարտատոմս` Հայաստանի Հանրապետության անունից արտարժույթով թողարկված պետական պարտատոմս.

17) պայմանագիր` Հայաստանի Հանրապետության անունից` Հայաստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, հիմնարկների կողմից կնքված փոխառության, վարկային եւ պետական երաշխիքի պայմանագիր, համաձայնագիր եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից կնքված արտաքին փոխառության, վարկային եւ պետական երաշխիքի պայմանագիր, համաձայնագիր.

18) ընթացիկ պարտավորություն` որոշակի պահի դրությամբ փոխառության եւ վարկային պայմանագրերով առաջիկա 365 օրվա համար նախատեսված պարտքի մարումների եւ սպասարկման հանրագումար:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի նպատակը

Սույն օրենքի նպատակը պետական պարտքի կառավարման գործընթացի արդյունավետ եւ հրապարակային կազմակերպման ապահովումն է:

ՀՈԴՎԱԾ 4. Հայաստանի Հանրապետության պետական պարտքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

1. Պետական պարտքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը  բաղկացած է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, սույն օրենքից, այլ նորմատիվ իրավական ակտերից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից։

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված են այլ նորմեր,  քան սույն օրենքով, ապա գործում են միջազգային պայմանագրի նորմերը:

ՀՈԴՎԱԾ 5. Հայաստանի Հանրապետության պետական պարտքը

1.  Պետական պարտքը ստանձնվում է Հայաստանի Հանրապետության անունից` Հայաստանի Հանրապետութան կառավարության, պետական մարմինների եւ պետական հիմնարկների կողմից եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի անունից` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից:

2. Պետական պարտքը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության ազգային արժույթով:

3. Պետական պարտքը կարող է հրապարակվել նաեւ այլ արժույթներով:

4. Պետական պարտքի մարման եւ սպասարկման ենթակա գումարները  վճարվում են ամբողջությամբ եւ ժամանակին: Եթե տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված միջոցները չեն բավարարում, ապա պետական պարտքի մարման եւ սպասարկման ենթակա վճարումները կարող են իրականացվել առանց սահմանափակման` արտահայտելով այդ տարվա պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունում:

5. Պետական պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետության նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի  60%-ը:

6. Եթե պետական պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ գերազանցում է Հայաստանի Հանրապետության նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի  50%-ը, ապա հաջորդ տարվա պետական բյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի  վերջին երեք տարիների ծավալների միջին ցուցանիշի  3%-ը:

7. Սույն օրենքի պահանջներին չհամապատասխանող պետական պարտք առաջացնող գործարքն առոչինչ է:

ԳԼՈՒԽ II

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ԿԱԶՄԸ, ԳՈՅԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԵՎ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

ՀՈԴՎԱԾ 6. Պետական պարտքի կազմը

1. Պետական պարտքի բաղադրիչներ են հանդիսանում ներքին պետական պարտքը, արտաքին պետական պարտքը եւ պետական երաշխիքները: Հայաստանի Հանրապետության պետական պարտքի բաղադրիչներից բխող դրամական պարտավորություններն ունեն նույն գերակայությունը:

2. Պետական պարտքն ըստ ժամկետայնության լինում է կարճաժամկետ (մինչեւ 1 տարին ներառյալ), միջին ժամկետ (1-5 տարին ներառյալ), երկարաժամկետ (5-ից ավելի տարով):

ՀՈԴՎԱԾ 7. Պետական պարտքի գոյացման աղբյուրները

Պետական պարտքի գոյացման աղբյուրներն են`

1) ֆինանսական, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների եւ միջազգային  կազմակերպությունների հետ կնքված վարկային պայմանագրերով ներգրաված միջոցները.

2) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հետ կնքված պայմանագրերով ներգրաված միջոցները.

3) պետական գանձապետական եւ արտարժույթով թողարկված պարտատոմսերը.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտքի փոխանցման գործարքի հետեւանքով որպես պետական պարտք վերաձեւակերպված երրորդ անձանց պարտավորությունները.

5) պետական պարտքի վերաձեւակերպման պայմանագրերը.

6) պետական երաշխիքները:

ՀՈԴՎԱԾ 8. Պետական պարտքի ներգրավման նպատակները

Պետական պարտքը ներգրավվում է հետեւյալ նպատակներով`

1) պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորում եւ ընթացիկ իրացվելիության ապահովում.

2) վճարային հաշվեկշռի աջակցություն եւ պահուստների համալրում.

3) ներքին պարտքի շուկայի պահպանում եւ զարգացում:

ԳԼՈԻԽ  III

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

ՀՈԴՎԱԾ 9. Պետական պարտքի կառավարման նպատակները

1.  Պետական պարտքի կառավարումը գործընթաց է, որն իրականացվում է փոխառու միջոցների ներգրավման, վերաձեւակերպման, մարման եւ սպասարկման ծրագրերի մշակման եւ իրականացման միջոցով` սույն հոդվածով սահմանված նպատակների շրջանակներում:

2. Կառավարության պարտքի կառավարման հիմնական նպատակն է  կառավարության ֆինանսական կարիքների բավարարման մշտական հնարավորության ապահովումը` երկարաժամկետ հատվածում նվազեցնելով պարտքի գինը:

3. Կառավարության պարտքի կառավարման նպատակներն են.

1) կառավարության պարտքի օպտիմալ կառուցվածքի ձեւավորումը՝ հաշվի առնելով պոտենցիալ ռիսկերը.

2) պետական պարտքի կառավարման եւ դրամավարկային քաղաքականությունների կոորդինացումը:

4. Կենտրոնական բանկի պարտքի կառավարման նպատակները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին օրենքով:

5.  Կառավարության պարտքի կառավարման նպատակների իրագործումն ապահովելու համար լիազոր մարմինը կիրառում է ֆինանսական շուկաներում ընդունված պարտքի կառավարման գործիքներ, այդ թվում` պարտքի վերաձեւակերպում, վերակառուցում, հետգնում, փոխանակում, սվոփ եւ այլն:

ՀՈԴՎԱԾ 10. Պետական պարտքի կառավարման սկզբունքները

Պետական պարտքի կառավարումն իրականացվում է թափանցիկության, հաշվետվողականության, կանխատեսելիության եւ հրապարակայնության սկզբունքներով:

ՀՈԴՎԱԾ 11. Պետական պարտքը կառավարող մարմինները

1. Պետական պարտքի կառավարումն իրականացնում են լիազոր մարմինը  եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն` իր պարտքի  մասով:

2. Լիազոր մարմինը եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն իրականացնում են պետական պարտքի գրանցում, հաշվառում եւ պատասխանատու են այդ հաշվառման հավաստիության համար: Պետական պարտքի գրանցման եւ հաշվառման ձեւերը սահմանում են լիազոր մարմինը եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը համատեղ:

3. Լիազոր մարմինը  եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն իրավասու են վաղաժամկետ կատարել պարտավորությունը, եթե համապատասխան պայմանագրով այն արգելված չէ:

ՀՈԴՎԱԾ 12. Կառավարության պարտքի կառավարման ռազմավարությունը

1. Կառավարության պարտքի կառավարման ռազմավարական ծրագիրը ներառվում է պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի կազմում:

2. Կառավարության պարտքի կառավարման ռազմավարական ծրագիրը ներառում է կառավարության պարտքի ուղենշային ցուցանիշները եւ հնարավոր ռիսկերի գնահատականը:

ԳԼՈԻԽ  IV

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԽԱՌՆ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀՈԴՎԱԾ 13. Հայաստանի Հանրապետության պետական պարտքի եւ Հայաստանի Հանրապետության համախառն արտաքին պարտքի հրապարակայնությունը

1.  Կառավարությունը յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության կազմում ներկայացնում է տեղեկատվություն պետական պարտքի եւ ընթացիկ պարտավորության վերաբերյալ:

2.  Հայաստանի Հանրապետության համախառն արտաքին պարտքի վիճակագրության վարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ԳԼՈԻԽ V

ՆԵՐՔԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔ

ՀՈԴՎԱԾ 14. Ներքին պետական պարտքի աղբյուրները

Ներքին պետական պարտքի աղբյուրներն են`

1) ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական եւ արտարժույթով թողարկված պարտատոմսերը.

2) ռեզիդենտ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված  փոխառու՟թյունները եւ վարկերը.

3) ներքին պետական երաշխիքները:

ՀՈԴՎԱԾ 15. Ներքին պետական պարտքի մարումը

1.  Ներքին պետական պարտքը համարվում է մարված, երբ կատարվել են պայմանագրերով նախատեսված բոլոր պայմանները, կամ վճարման պարտավորությունը դադարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված պարտավորության դադարման այլ հիմքերով:

2. Շրջանառության մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսերի թողարկման պայմաններում փոփոխություններն արգելվում են:

ՀՈԴՎԱԾ 16. Ռեզիդենտների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրվող փոխառությունները

1. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներից փոխառությունների եւ վարկերի ստացումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության:

2. Հայաստանի Հանրապետության անունից ռեզիդենտների հետ փոխառության կամ վարկային պայմանագիր կնքելու իրավասություն ունի միայն լիազոր մարմինը:

3. Բացառությամբ պետական գանձապետական պարտատոմսերի տեղաբաշխումների, ռեզիդենտներից կարող են ներգրավվել փոխառու միջոցներ (փոխառություններ եւ վարկեր)` նույն ժամկետայնության պետական գանձապետական պարտատոմսերի նախորդ 3 ամիսների առաջնային տեղաբաշխումների ընթացքում ձեւավորված միջին կշռված եկամտաբերությունից ոչ բարձր տոկոսադրույքով:

ՀՈԴՎԱԾ 17. Պետական գանձապետական պարտատոմսերի թողարկումը

Հայաստանի Հանրապետության անունից պետական գանձապետական պարտատոմսեր թողարկելու բացառիկ իրավունքը պատկանում է  լիազոր մարմնին:

ՀՈԴՎԱԾ 18. Պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների ընտրությունը

Լիազոր մարմինը սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների ընտրության չափանիշները եւ դրանց համապատասխան ընտրում է առաջնային շուկայի մասնակիցներին: Չափանիշները բնութագրում են վերջին մեկ տարում թեկնածուների ֆինանսական վիճակը եւ ֆինանսական շուկայում գործունեությունը: Լիազոր մարմինն ապահովում է Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների ընտրության չափանիշների հրապարակայնությունը:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը լիազոր մարմնին  տրամադրում է Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսերի շուկայի մասնակիցների կողմից օրենքների եւ այլ իրավական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրված Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների ընտրության չափանիշների հաշվարկման համար անհրաժեշտ տեղեկատվություն, եւ լիազոր մարմնին տրամադրվող այդ տեղեկատվությունը չի կարող պարունակել բանկային գաղտնիք:

ԳԼՈՒԽ VI

ԱՐՏԱՔԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔ

ՀՈԴՎԱԾ 19. Արտաքին պետական պարտքը

Արտաքին պետական պարտք ներգրավելու վերաբերյալ պայմանագրերը կնքվում են լիազոր մարմնի համաձայնությամբ: Լիազոր մարմնի համաձայնությունը տրվում է` հիմք ընդունելով պայմանագրի համապատասխանությունը կառավարության պարտքի կառավարման ռազմավարական ծրագրին:

ՀՈԴՎԱԾ 20. Արտաքին պետական պարտքի աղբյուրները

 Արտաքին պետական պարտքի աղբյուրներն են`

1) օտարերկրյա պետություններից, միջազգային կազմակերպություններից, վարկավորող բազմակողմ հաստատություններից փոխառությունները եւ վարկերը.

2) ոչ ռեզիդենտ ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից փոխառություն՟ները եւ վարկերը.

3) ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական եւ արտարժույթով թողարկված պարտատոմսերը.

4) արտաքին պետական երաշխիքները:

ՀՈԴՎԱԾ 21. Արտաքին պետական պարտքի մարումը

Հայաստանի Հանրապետության արտաքին պետական պարտքը համարվում է մարված, երբ կատարվել են համապատասխան պայմանագրերով նախատեսված բոլոր վճարումները կամ վճարման պարտավորությունը դադարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, ինչպես նաեւ պայմանագրով նախատեսված պարտավորության դադարման այլ հիմքերով:

ԳԼՈԻԽ VII

ԵՐԱՇԽԻՔՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 22. Ներքին եւ արտաքին պետական երաշխիքները

1.  Ներքին պետական երաշխիքները Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներին տրամադրված  բյուջետային երաշխիքներն են:

2.  Արտաքին պետական երաշխիքները ոչ ռեզիդենտերին եւ օտարերկրյա պետություններին Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրված պետական երաշխիքներն են:

3.  Եթե միեւնույն պարտավորության համար միաժամանակ երաշխիք են տրամադրել կառավարությունը եւ կենտրոնական բանկը, ապա պետական պարտքի կազմում հաշվառվում է դրանցից մեկը (առավելագույնը):

ՀՈԴՎԱԾ 23. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պետական երաշխիքների տրամադրումը

1. Պետական երաշխիքներ կարող են տրամադրվել լիազոր մարմնի դրական եզրակացության հիման վրա` հիմք ընդունելով համապատասխանությունը կառավարության պարտքի կառավարման ռազմավարական ծրագրին:

2. Համայնքների համար պետական երաշխիքների տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Բյուջետային երաշխիքներ կարող են տրամադրվել Հայաստանի Հանրապետության այն ռեզիդենտ իրավաբանական անձանց համար, որոնք ներկայացնում են կառավարության տնտեսական ծրագրերից բխող նպատակային ծրագրի կատարման համար անհրաժեշտ եւ վարկի տեսքով պահանջվող գումարների հիմնավորում, որը պետք է ներառի մասնավորապես, ծրագրի՝ իրավական հիմքը, բովանդակությունը, խնդիրներն ու նպատակը, կատարման փուլերը եւ ժամկետները, վարկի վերադարձելիության ու վարկի օգտագործման դիմաց հաշվարկվող տոկոսների վճարման հնարավորության հիմնավորումը, ինչպես նաեւ վարկի մարման ժամանակացույցը, ծրագրի նախահաշիվը եւ ծախսերը հիմնավորող հաշվարկները:

4. Պետական երաշխիքի գումարը չպետք է գերազանցի երաշխիք ստացողի  ակտիվների 20%-ը:

5. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ իրավաբանական անձինք, որոնց համար տրամադրվել են պետական երաշխիքներ, երաշխիքային ծրագրի ավարտից հետո պետական բյուջե պետք է  վճարեն միջնորդավճար՝ երաշխիքային գումարի 1%-ի չափով:

6. Լիազոր մարմինն իրավասու է մինչեւ վարկի մարելը, բյուջետային երաշխիքի տրամադրման պայմանագրով նախատեսված դեպքերում եւ կարգով, ստուգել ստացողի ֆինանսական վիճակը:

7. Բյուջետային երաշխիքներ ստացող տնտեսական ոլորտների առաջնահերթությունը սահմանվում է կառավարության տնտեսական զարգացման ծրագրերով եւ արտացոլվում է կառավարության պարտքի կառավարման ռազմավարական ծրագրում:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համար տրամադրված արտաքին պետական երաշխիքը հաշվառվում է որպես Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պարտք:

9. Տվյալ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տրամադրվող ընդհանուր երաշխիքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրված արտաքին պետական երաշխիքների) ներկա արժեքը չպետք է գերազանցի տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով սահմանված ծախսերի 5 տոկոսը:

10. Որոշակի պահի դրությամբ տրամադրված եւ չմարված պետական երաշխիքների հանրագումարը չպետք է գերազանցի նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի 20 տոկոսը:

ԳԼՈՒԽ VIII

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 24. Օրենքի ուժի մեջ մտնելը

1.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2.  Սույն օրենքի պահանջները չեն տարածվում մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծագած եւ չդադարած, ինչպես նաեւ կնքված եւ գործող պայմանագրերի վրա, իսկ դրանց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ գործարքների կնքման պահին գործող իրավական ակտերով: