Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-164-30.10.2007-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (22 նոյեմբերի 2004 թվական, ՀՕ-129-Ն) 4-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր  «ժզ» կետով հետեւյալ բովանդակությամբ.

«ժզ) ավտոտրանսպորտային միջոցը տաքսամետրով (սակաչափիչով) կահավորված լինելու դեպքում` մարդատար տաքսի ավտոմոբիլներով փոխադրումների իրականացման:»:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի «ե» կետի համաձայն, 2006 թվականի հուլիսի 1-ից ՀԴՄ-ի կիրառումը պարտադիր է, մասնավորապես, թեթեւ մարդատար ավտոմոբիլներով (տաքսիներով) ուղեւորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար:

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ կառավարության 22.03.2007թ. «Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի» ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգը եւ լիցենզիայի ձեւը հաստատելու մասին» N655-Ն որոշման համաձայն, տաքսոմոտորային փոխադրումներում ներգրավվող ավտոմոբիլներին ներկայացվող պահանջներից է մասնավորապես` «ուղեսրահում` ուղեւորին տեսանելի մասում տեղադրված տաքսամետրի (սակաչափիչի)» առկայությունը: Ստացվում է, որ ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը «Հսկիչ-Դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարման նպատակով պետք է պարտադիր տեղադրեն եւ կիրառեն ՀԴՄ (մոտավոր արժեքը 250.0 հազ դրամ), իսկ լիցենզավորման նպատակով պետք է տեղադրեն տաքսամետր (մոտավոր արժեքը` 20.0 հազ դրամ):

Հարցի կանոնակարգման եւ տնտեսվարողների կրկնակի ներդրումները բացառելու նպատակով առաջարկվում է «Հսկիչ Դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում կատարել համապատասխան փոփոխություն (օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մաս) այն առումով, որ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումներ իրականացնող անձանց համար ՀՀ օրենսդրությամբ տաքսամետրը (սակաչափիչը) պարտադրված լինելու դեպքում բացառվի ՀԴՄ-ի կիրառումը:

Վերոհիշյալ օրենքի նախագծի ընդունումը եւ գործադրումը տաքսի ծառայություններ մատուցողներին հնարավորություն կնձեռի սեփական նախասիրությամբ ընտրել  կամ ՀԴՄ-ն կամ տաքսամետրը, իսկ ՀԴՄ-ն չընտրելու դեպքում հարկային հաշվառման տեսանկյունից բարդություններ չեն առաջանա, քանի որ համաձայն օրենքի` տաքսի ծառայությունները հարկվում են հաստատագրված վճարով: