Armenian ARMSCII Armenian
Կ-1281-10.11.2011-ՏՀ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ժգ)» կետում «եկամուտները» բառից հետո լրացնել «, բացառությամբ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի համաձայն, պետական բյուջե հավաքագրվող հարկատեսակներին (բացառությամբ պետական բյուջե հավաքագրվող գույքահարկի եւ հողի հարկի) վերաբերող գերավճարների եւ (կամ) գերավճարից տարբերվող գումարների վերադարձն օրենքով սահմանված ժամկետից 90 օրվանից ավելի ուշացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր ուշացված օրվա համար հարկ վճարողի օգտին հաշվեգրված տույժերի» բառերը:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն օրենքի իմաստով եկամուտ չեն համարվում «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի համաձայն, պետական բյուջե հավաքագրվող հարկատեսակներին (բացառությամբ պետական բյուջե հավաքագրվող գույքահարկի եւ հողի հարկի) վերաբերող գերավճարների եւ (կամ) գերավճարից տարբերվող գումարների վերադարձն օրենքով սահմանված ժամկետից 90 օրվանից ավելի ուշացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր ուշացված օրվա համար հարկ վճարողի օգտին հաշվեգրված տույժերը:»:

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում`

1) «զ)» ենթակետում «պարտադիր վճարները» բառերից հետո լրացնել «, բնօգտագործման վճարները» բառերը,

2) «է)» ենթակետում «տոկոսները» բառից հետո լրացնել, «, բացառությամբ սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ)» եւ «ժդ)» ենթակետերով սահմանված դեպքերի» բառերը:

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում`

1) «ե)» ենթակետում «եւ հովանավորչական» բառերը փոխարինել «, հովանավորչական եւ կառավարման ծառայությունների» բառերով,

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` «ժդ)» ենթակետ.

«ժդ) բանկ եւ (կամ) վարկային կազմակերպություն չհամարվող սուբյեկտներից ներգրավված փոխառությունների դիմաց հաշվետու տարում վճարման ենթակա տոկոսների` հաշվետու տարվա արդյունքներով հարկատուի (բացառությամբ բանկերի եւ վարկային կազմակերպությունների) զուտ ակտիվների (հարկատուի ակտիվների եւ պարտավորությունների դրական տարբերության) կրկնապատիկը, իսկ բանկերի եւ վարկային կազմակերպությունների դեպքում  զուտ ակտիվների (հարկատուի ակտիվների եւ պարտավորությունների դրական տարբերության) իննապատիկը գերազանցող գումարը:

Սույն ենթակետի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված` միջազգային զարգացման կազմակերպություններից ստացված փոխառությունների դիմաց վճարման ենթակա տոկոսների, ինչպես նաեւ պարտքային արժեթղթերի հրապարակային տեղաբաշխման միջոցով ներգրավված միջոցների դիմաց վճարման ենթակա տոկոսների վրա:»:

Հոդված 5. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «գ» ենթակետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով`

«Ընդ որում` հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցման նպատակով հաշվետու տարվա ընթացքում միակողմանի փաստաթղթերով (կրճատ հաշիվ-ապրանքագիր, հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոն, միակողմանի գնման ակտ) կատարված ծախսերի ընդհանուր գումարը չի կարող գերազանցել 36.0 մլն. դրամը:»:

Հոդված 6. Օրենքի 47-րդ հոդվածի`

1) 2-րդ եւ 6-րդ մասերում «մեկ վեցերորդի» բառերը փոխարինել «18.75 տոկոսի» բառերով,

2) 6-րդ մասում «երկու երրորդից» բառերը փոխարինել «75 տոկոսից» բառերով:

Հոդված 7. Օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

«Հարկ վճարողների կողմից օֆշորային գոտիներում գրանցված (հաշվառված) կազմակերպություններից ապրանքների կամ հիմնական միջոցների ձեռքբերման համար այդ գոտիներում գրանցված (հաշվառված) կազմակերպություններին կատարված կանխավճարների դիմաց արդյունքը կանխավճարի կատարման օրվան հաջորդող մեկ տարվա ընթացքում չստացվելու դեպքում կատարված կանխավճարների նկատմամբ շահութահարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով: Օֆշորային գոտիների (երկրների) ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված չափով շահութահարկի կանխավճարները առաջին անգամ կատարվում են 2012 թվականի առաջին եռամսյակի համար` հիմք ընդունելով 2011 շահութահարկի փաստացի գումարը եւ (կամ) շահութահարկի հաշվարկային մեծությունը, եթե հարկ վճարողները 2011 թվականի շահութահարկի հաշվարկը հարկային մարմնին ներկայացրել են մինչեւ 2012 թվականի մարտի 15-ը ներառյալ:

2011 թվականի շահութահարկի հաշվարկը 2012 թվականի մարտի 15-ից հետո ներկայացվելու դեպքում 2012 թվականի 1-ին եռամսյակի համար շահութահարկի կանխավճարի մեծությունը որոշվում է Օրենքի 47-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով:

Հիմնավորում

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտերի անհրաժեշտությունը. Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է շահութահարկի գծով հարկահավաքման արդյունավետ գործընթացի կազմակերպման, հարկումից խուսափելու հնարավորությունների սահմանափակման, շահութահարկով հարկման նպատակով ծախսերի հաշվառման մոտեցումների ու կանխավճարների չափի վերանայման քաղաքականությունից:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները. «Շահութահարկի մասին» ՀՀ գործող օրենքը որոշակիորեն սահմանափակում է հարկահավաքման արդյունավետ գործընթացի կազմակերպմանը: Մանավորապես`

ա) սահմանված չեն բանկ եւ (կամ) վարկային կազմակերպություն չհամարվող սուբյեկտներից ներգրավված փոխառությունների դիմաց հաշվետու տարում վճարման ենթակա տոկոսների` հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցման սահմանափակումներ,

գ) կառավարման ծառայությունների գծով կատարված ծախսերի նկատմամբ սահմանաչափ չի կիրառվում,

ե) 2011 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխություններով կրճատվեցին կանխավճարների չափերը,

զ) շահութահարկով հարկման նպատակով միակողմանի փաստաթղթերով հիմնավորվող ծախսերի` հարկային հաշվառման նպատակով թույլատրելի շեմը` տարեկան կտրվածքով բավական բարձր է,

է) որեւէ կերպ սահմանափակված չեն օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների հետ գործարքների (այդ թվում` ձեւականորեն կատարվող գործարքների) կատարման արդյունքում հարկումից խուսափելու հնարավորությունները:

Բացի այդ, եկամուտ չհամարելու առումով «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի համաձայն, պետական բյուջե հավաքագրվող հարկատեսակներին (բացառությամբ պետական բյուջե հավաքագրվող գույքահարկի եւ հողի հարկի) վերաբերող գերավճարների եւ (կամ) գերավճարից տարբերվող գումարների վերադարձն օրենքով սահմանված ժամկետից 90 օրվանից ավելի ուշացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր ուշացված օրվա համար հարկ վճարողի օգտին հաշվեգրված տույժերի մասով բացառություն սահմանված չէ:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է շահութահարկի գծով պետական բյուջեի մուտքերի ավելացմանը:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը. Նախագծի կարգավորման նպատակն է`

ա) սահմանափակել բանկ եւ (կամ) վարկային կազմակերպություն չհամարվող սուբյեկտներից ներգրավված փոխառությունների դիմաց հաշվետու տարում վճարման ենթակա տոկոսների` հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցման հնարավորությունները,

բ) կառավարման ծառայությունների գծով կատարվող ծախսերի նկատմամբ սահմանել նվազեցման թույլատրելի նորմա,

գ) վերականգնել շահութահարկի գծով կատարվող կանխավճարների չափերը, որոնք իջեցվել են 2011 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների արդյունքում,

դ) կրճատել շահութահարկով հարկման նպատակով միակողմանի փաստաթղթերով հիմնավորվող ծախսերի` հարկային հաշվառման նպատակով թույլատրելի շեմը` տարեկան կտրվածքով 72 մլն. դրամի փոխարեն սահմանելով 36 մլն. դրամի չափով,

ե) սահմանափակել օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների հետ գործարքների (այդ թվում` ձեւականորեն կատարվող գործարքների) կատարման արդյունքում հարկումից խուսափելու հնարավորությունները,

զ) եկամուտ չհամարելու առումով սահմանել բացառություն «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի համաձայն, պետական բյուջե հավաքագրվող հարկատեսակներին (բացառությամբ պետական բյուջե հավաքագրվող գույքահարկի եւ հողի հարկի) վերաբերող գերավճարների եւ (կամ) գերավճարից տարբերվող գումարների վերադարձն օրենքով սահմանված ժամկետից 90 օրվանից ավելի ուշացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր ուշացված օրվա համար հարկ վճարողի օգտին հաշվեգրված տույժերի մասով:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է`

ա) սահմանել մեխանիզմներ շահութահարկի գծով հարկահավաքման արդյունավետ գործընթացի կազմակերպման համար,

բ) սահմանափակել հարկումից խուսափելու հնարավորությունները,

գ) վերանայել շահութահարկով հարկման նպատակով ծախսերի հաշվառման մոտեցումների ու կանխավճարների չափը,

դ) եկամուտ չհամարելու առումով բացառություն սահմանել «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի համաձայն, պետական բյուջե հավաքագրվող հարկատեսակներին (բացառությամբ պետական բյուջե հավաքագրվող գույքահարկի եւ հողի հարկի) վերաբերող գերավճարների եւ (կամ) գերավճարից տարբերվող գումարների վերադարձն օրենքով սահմանված ժամկետից 90 օրվանից ավելի ուշացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր ուշացված օրվա համար հարկ վճարողի օգտին հաշվեգրված տույժերի մասով,

ե) ապահովել պետական բյուջեի լրացուցիչ եկամուտներ: