Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1361-02.10.2007-ՄԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական (2004 թվականի  դեկտեմբերի 24, օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 22-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ եւ 2.2-րդ մասերով`

«2.1. Օրենքով նախատեսված դեպքերում առանց հատուկ թույլտվության պատիժը կատարելու վայր անարգել մուտքի եւ ելքի իրավունք կարող է տրվել նաեւ այլ անձանց:

2.2. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց կողմից դատապարտյալների հետ տեսակցությունները չեն ազդում սույն օրենսգրքով սահմանված` դատապարտյալներին տրամադրվող տեսակցությունների քանակի վրա:»:

Հոդված 2. Օրենսգրքի 50-րդ հոդվածի 2-րդ մասում «թույլտվությամբ`» բառը փոխարինել «թույլտվությամբ, ինչպես նաեւ օրենքով նախատեսված դեպքերում`» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ մասում «տեսակցությունները,» բառը փոխարինել «տեսակցությունները` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 56-րդ հոդվածի 2-րդ մասում «մասերով» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ օրենքով» բառերը:

Հոդված 5. Օրենսգրքի 92-րդ հոդվածի 2-րդ մասի`

1) առաջին նախադասության «տեւողությամբ» բառից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերը,

2) չորրորդ նախադասության «տեսակցություն» բառից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերը:

Հոդված 6. Օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասում «տեսակցությունները,» բառը փոխարինել «տեսակցությունները` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,» բառերով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ «ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈւՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈւԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը պայմանավորված է` մարդու իրավունքների պաշտպանին «Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի» կամընտիր արձանագրությամբ սահմանված կանխարգելման ազգային մեխանիզմ ճանաչելու եւ նրա կողմից վերոհիշյալ կոնվենցիայով նախատեսված իր լիազորությունները լիարժեք իրականացնելու նպատակով:

«Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը պայմանավորված է` «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի միջեւ համապատասխանությունն ապահովելու անհրաժեշտությամբ, մասնավորապես` Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով նախատեսված են օրինական ներկայացուցիչների հետ տեսակցության թույլտվության նաեւ այլ միջոցներ:

Բացի այդ օրենքով նախատեսված դեպքերում ձերբակալված եւ կալանավորված անձանց տեսակցությունը մերձավոր ազգականների, իսկ կալանավորված անձանց` նաեւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների եւ այլ անձանց հետ կարող է արգելվել, մասնավորապես` քննության շահերից ելնելով կարող է արգելվել քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` այդ մասին գրավոր իրազեկելով ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին:

Ելնելով վերոգրյալից ներկայացնում ենք նաեւ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: