Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Պ-765-13.12.2002-ՊԻ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Ընդհանուր դրույթներ

Սույն օրենքը սահմանում է Մարդու իրավունքների պաշտպանի` պաշտոնի նշանակման եւ պաշտոնից ազատման կարգը, լիազորությունները, գործունեության պայմանները եւ երաշխիքները։

ՀՈԴՎԱԾ 2. Մարդու իրավունքների պաշտպանը

Մարդու իրավունքների պաշտպանը (այսուհետ՝ Պաշտպան) ինքնուրույն եւ անկախ պաշտոնատար անձ է, որը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների, ինչպես նաեւ միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքների ու նորմերի համաձայն, իրականացնում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց կողմից խախտված մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությունը։

ՀՈԴՎԱԾ 3. Պաշտպանի նշանակումը

1. Պաշտպանի պաշտոնում նշանակվում է 35 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որն ունի բարձրագույն կրթություն, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության բնագավառում անհրաժեշտ գիտելիքներ եւ փորձ, վայելում է բարձր հեղինակություն հասարակության մեջ ։

2. Պաշտպանին նշանակում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների 3/5-ից ավելիով, Հանրապետության Նախագահի եւ Ազգային ժողովի պատգամավորների առնվազն 1/5-ի կողմից առաջարկված թեկնածուներից:

3. Պաշտպանը պաշտոնում նշանակվում է 6 տարի ժամկետով։

Նույն անձը չի կարող նշանակվել Պաշտպանի պաշտոնում միմյանց հաջորդող երկու ժամկետից ավելի:

ՀՈԴՎԱԾ 4. Պաշտպանի՝ այլ գործունեությամբ զբաղվելու սահմանափակումը

1. Պաշտպանը չի կարող զբաղեցնել պետական կամ այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից։

2. Պաշտպանը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը, մասնակցել նախընտրական քարոզչությանը։

3. Պաշտպանը պարտավոր է ընդհատել սույն օրենքի պահանջներին չհամապատասխանող գործունեությունը պաշտոնավարության անցնելուց ոչ ուշ, քան 14 օրվա ընթացքում։

ՀՈԴՎԱԾ 5. Պաշտպանի անկախությունը

Պաշտպանն իր լիազորություններն իրականացնելիս անկախ է, ենթարկվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին, ինչպես նաեւ միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին ու նորմերին:

1. Պաշտպանը չի ենթարկվում որեւէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի։

2.Պաշտպանը պարտավոր չէ բացատրություններ տալ, այդ թվում՝ նաեւ որպես վկա, իր մոտ գտնվող բողոքի կամ փաստաթղթի էության վերաբերյալ կամ դրանք տրամադրել ծանոթացման այլ կերպ, քան օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով։

ՀՈԴՎԱԾ 6. Պաշտպանի լիազորությունների դադարումը

1.Պաշտպանի լիազորությունները դադարում են լիազորությունների ժամկետը լրանալուն հաջորդող օրվանից։

2. Պաշտպանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են .

սույն օրենքի 4 հոդվածի պահանջների խախտման դեպքում.

2) Պաշտպանի նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում.

3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու դեպքում.

4) իր իրավասությունները վայր դնելու մասին Հայաստնաի Հանրապետության

Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելու դեպքում.

5)եթե Պաշտպանը դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ, անհայտ բացակայող կամ հայտարարվել է մահացած։

6)Պաշտպանի առողջական վիճակի պատճառով ոչ պակաս, քան 6 ամիս անընդմեջ իր լիազորությունները չկատարելու դեպքոում։

7) Պաշտպանի մահվան դեպքում։

Այս դեպքերում Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին հարցը Ազգային ժողովի քննարկման կարող է ներկայացվել հոդված 3-ի համաձայն առաջադրման իրավունք ունեցողների կողմից:

Պաշտպանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների կեսից ավելիով:

6. Պաշտպանի լիազորությունների դադարեցման դեպքում նոր Պաշտպան պետք է նշանակվի նախորդի լիազորությունների դադարեցման օրվանից մեկ ամսվա ընթացքում։ Մինչեւ նոր Պաշտպանի նշանակումը Պաշտպանի պարտականությունները կատարում է նրա տեղակալը։

ՀՈԴՎԱԾ 7. Պաշտպանի քննարկմանը ենթակա բողոքները

1. Պաշտպանը քննարկում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց կողմից Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, ինչպես նաեւ միջազգային իրավունքի սկզբունքներով ու նորմերով նախատեսված մարդու (այդ թվում եւ քաղաքացու) իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտման վերաբերյալ բողոքները։

Պաշտպանն իրավասու չէ միջամտել դատական վարույթին: Նա կարող է տեղեկություններ պահանջել դատաքննության մեջ գտնվող ցանկացած գործի մասին եւ առաջարկներ ուղղել դատարանին` երաշխավորելով քաղաքացիների` Սահմանադրությամբ եւ միջազգային իրավունքի նորմերով նախատեսված դատավարության իրավունքի պատշաճ ի կատար ածումը: Պաշտպանն իրավասու է դատարանի որոշման, վճռի կամ դատավճռի հիմնավորվածությունը բողոքարկելու վերաբերյալ տալ առաջարկություններ կամ խորհրդատվություն դիմողին։

2. Պաշտպանը չի քննարկում ոչ պետական մարմինների եւ կազմակերպությունների ու դրանց պաշտոնատար անձանց գործողությունների վերաբերյալ բողոքները։

3. Պաշտպանն իրավունք ունի ներկա լինել Հայաստանի Հանրապետության կառավարության, ինչպես նաեւ պետական այլ մարմինների նիստերին եւ ելույթ ունենալ, երբ քննարկվում են մարդու իրավունքներին եւ հիմնարար ազատություններին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ այդ նիստերի քննարկմանը ներկայացնել այդ կամ դրանց ենթական մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների, ինչպես նաեւ սույն օրենքի պահանջների խախտման վերաբերյալ հարցեր։

4. Պաշտպանն իրավունք ունի ներկա լինել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերին, ելույթ ունենալ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, երբ քննարկվում են անձանց իրավունքներին եւ հիմնարար ազատություններին վերաբերող հարցեր։

ՀՈԴՎԱԾ 8. Պաշտպանին դիմելու իրավունքը

1.Պաշտպանին կարող է դիմել ցանկացած ֆիզիկական անձ անկախ ազգությունից, քաղաքացիությունից, բնակության վայրից, սեռից, ռասայից, տարիքից, քաղաքական եւ այլ հայացքներից եւ գործունակությունից։

Պաշտպանը կամ նրա ներկայացուցիչն իրավունք ունի իր նախաձեռնությամբ անարգել այցելել զորամիավորումներ, ձերբակալման, նախնական կալանքի տակ կամ քրեական պատիժն իրականացնող հիմնարկներ, ինչպես նաեւ հարկադրական պահման այլ վայրեր՝ դրանցում գտնվող անձանց դիմումներն ընդունելու համար։

Պաշտպանին իրավունք ունի դիմել նաեւ ձերբակալված, նախնական կալանքի տակ կամ քրեական պատիժն իրականացնող հիմնարկներում պատիժը կրող, ինչպես նաեւ հարկադրական պահման այլ վայրերում գտնվող անձը։

Պաշտպանը կամ նրա ներկայացուցիչը պետք է ապահովվի զորամիավորումներում, ձերբակալման, նախնական կալանքի տակ կամ քրեական պատիժն իրականացնող հիմնարկներում, ինչպես նաեւ հարկադրական պահման այլ վայրերում գտնվող անձանց հետ առանձին, անարգել, մեկուսի հաղորդակցվելու հնարավորություն։

Պաշտպանի կամ նրա ներկայացուցիչների՝ սույն կետում նշված անձանց միջեւ տեղի ունեցող խոսակցությունները ենթակա չեն միջամտության եւ գաղտնալսման։

Պաշտպանին բողոք ներկայացնելը կամ նրա կողմից միջամտությունը չպետք է հանգեցնեն բողոքողի նկատմամբ քրեական, վարչական կամ այլ պատժամիջոցի կիրառման կամ որեւէ խտրականության:

2.Պաշտպանին կարող են դիմել նաեւ իրավաբանական անձինք։

Իրավաբանական անձի անունից տրված բողոքը համարվում է մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտման վերաբերյալ, եթե իրավաբանական անձի իրավունքների խախտման հետեւանքով խախտվել են նաեւ նրա մասնակից ֆիզիկական անձանց (բաժնետերերի, փայատերերի, անդամների եւ այլն), ինչպես նաեւ նրա պաշտոնատար անձանց իրավունքներն ու հիմնարար ազատությունները, կամ այդ անձինք իրավաբանական անձի իրավունքների խախտման հետեւանքով վնաս են կրել, կամ առկա է վնաս կրելու հնարավորությունը։

3.Ուրիշի իրավունքների պաշտպանության նպատակով Պաշտպանին կարող են դիմել միայն այդ անձանց ներկայացուցիչները, ինչպես նաեւ մահացած անձանց ընտանիքների անդամներն ու ժառանգները։

4.Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, բացառությամբ խնամակալության եւ հոգաբարձության մարմինների, չեն կարող Պաշտպանին բողոքներ ներկայացնել։

5.Պաշտոնատար անձինք իրավունք ունեն Պաշտպանին դիմել միայն իրենց՝ որպես ֆիզիկական անձերի խախտված իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության նպատակով։

ՀՈԴՎԱԾ 9. Պաշտպանին տրվող բողոքը

1.Բողոքը պետք է տրվի Պաշտպանին մեկ տարվա ընթացքում այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավուքների եւ հիմնարար ազատությունների խախտման մասին։

2.Սույն օրենքի գործողության առաջին տարում Պաշտպանին կարող են տրվել բողոքներ վերջին երեք տարիների ընթացքում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտման վերաբերյալ։ Բողոքի համար որեւէ հատուկ ձեւ չպետք է սահմանվի, սակայն այն պետք է բովանդակի դիմող ֆիզիկական անձի անուն, ազգանունը, բնակության վայրը (հասցեն) կամ իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական իրավական ձեւը, գտնվելու վայրը, ինչպես նաեւ խախտված կամ խախտվող իրավունքների ու հիմնարար ազատությունների մատնանշումը։

Եթե դիմողն ունի գործի պարզաբանման եւ լուծման համար անհրաժեշտ փաստաթղթեր, ինչպես նաեւ բողոքի հետ կապված դատական կամ վարչական կարգով ընդունված ակտեր, ապա դրանք կարող են կցվել բողոքին։

3.Բողոքը ներկայացվում է գրավոր կամ բանավոր։ Բանավոր բողոքների բովանդակությունը եւ սույն հոդվածի երկրորդ մասում նախատեսված տվյալները պետք է արձանագրվեն պաշտպանի կամ նրա աշխատակազմի կողմից։

4.Ձերբակալված, նախնական կալանքի տակ կամ քրեական պատիժն իրականացնող հիմնարկներում պատիժը կրող, ինչպես նաեւ այլ հարկադրական պահման վայրերում գտնվող անձի կողմից Պաշտպանին ոուղարկվող բողոքները եւ այլ փաստաթղթերը ենթակա չեն ստուգման ու որեւէ գրաքննության եւ այդ հիմնարկների վարչակազմի կողմից 24 ժամվա ընթացքում պետք է ուղարկվեն Պաշտպանին։

5.Պաշտպանին ուղղված բողոքներն ընդունող մարմինը պարտավոր է դիմողի պահանջով տրամադրել վերջինին հավաստագիր (ստացական)՝ բողոքի ստացման մասին։

6.Պաշտպանին ուղարկված բողոքների համար պետական տուրք չի գանձվում։

ՀՈԴՎԱԾ 10. Պաշտպանի կողմից քննարկման ոչ ենթակա բողոքները

1.Պաշտպանը չի քննարկում այն բողոքները, որոնք պետք է լուծվեն միայն դատական կարգով, ինչպես նաեւ դադարեցնում է բողոքի քննարկումը, եթե այն սկսելուց հետո շահագրգիռ անձը հայց կամ բողոք է ներկայացրել դատարան։

2.Պաշտպանը կարող է չքննարկել անանուն բողոքները եւ այն բողոքները, որոնք իր կարծիքով մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտման մասին չեն վկայում կամ պահանջ չեն ներկայացնում ։

3. Եթե բողոքում բարձրացված հարցը իր բնույթով կարող է լուծվել նաեւ պետական այլ մարմի կամ պաշտոնատար անձի կողմից, եւ եթե այդ անձը նախապես չի քննարկել տվյալ գործը, Պաշտպանը բողոքը ներկայացնողի համաձայնությամբ կարող է բողոքը քննարկման նպատակով փոխանցել նրան՝ վերահսկողություն սահմանելով դրա քննարկման նկատմամբ։

Այս դեպքում դիմողը տեղեկացվում է բողոքն այլ պաշտոնատար անձի փոխանցելու մասին։

ՀՈԴՎԱԾ 11. Բողոքների ընդունումը

Բողոքը ստանալով` Պաշտպանը որոշում է կայացնում՝

բողոքը քննարկման ընդունելու մասին.

2) դիմողին այն միջոցները բացատրելու մասին, որոնք նա իրավասու է օգտագործել իր իրավուքների եւ ազատությունների պաշտպանության համար.

բողոքը ներկայացնողի համաձայնությամբ փոխանցել բողոքը այն պետական մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմնին կամ դրանց պաշտոնատար անձին, որոնց իրավասությանն է պատկանում բողոքի ըստ էության լուծումը.

բողոքը չքննարկելու մասին։

Բողոքի քննարկման մերժումը պետք է հիմնավորվի սույն օրենքի 10-րդ հոդվածի առաջին մասի համաձայն, բողոքը չքննարկելու մասին որոշմամբ Պաշտպանը պարտավոր է դիմողին բացատրել այդ բողոքի քննարկման օրենքով նախատեսված կարգը։

3. Պաշտպանն ընդունված որոշման պատճենը ուղարկում է դիմողին հնարավորինս շուտ, բայց ոչ ուշ, քան բողոքն ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում ։

4. Պաշտպանն իրավասու է սեփական նախաձեռնությամբ սկսել հարցի քննարկում, հատկապես այն դեպքերում, երբ տեղեկություն կա մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների զանգվածային խախտումների մասին կամ որոնք ունեն բացառիկ հասարակական նշանակություն կամ կապված են այնպիսի անձանց շահերի պաշտպանության անհրաժեշտության հետ, որոնք ի վիճակի չեն ինքնուրույն օգտագործել իրենց պաշտպանության իրավական միջոցները։

5. Բողոքը քննարկման ընդունելու մասին որոշում կայացնելուց հետո Պաշտպանն իրավասու է դիմելու համապատասխան պետական մարմինների կամ պաշտոնատար անձանց, որպեսզի նրանք նպաստեն բացահայտման ենթակա հանգամանքների ուսումնասիրմանը։

6. Բողոքում նշված հարցերի ուսումնասիրությունը չի կարող կատարել այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ դրանց պաշտոնատար անձը, որոնց որոշումները կամ գործողությունները (անգործությունը) բողոքարկվում են։

ՀՈԴՎԱԾ 12. Բողոքում բարձրացված հարցերի ուսումնասիրումը

Բողոքը քննարկման ընդունելու մասին որոշում կայացնելուց հետո Պաշտպանը բողոքում բարձրացված հարցերի ուսումնասիրության նպատակով իրավասու է՝

1) անարգել այցելել ցանկացած պետական հիմնարկ կամ կազմակերպություն, ներառյալ՝ զորամիավորումներ, անձանց հարկադրական պահման վայրեր, այդ թվում՝ նաեւ նախնական կալանքի եւ ազատազրկման վայրեր.

2) ցանկացած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից կամ դրանց պաշտոնատար անձից պահանջել եւ ստանալ բողոքին առնչվող անհրաժեշտ նյութեր եւ փաստաթղթեր.

3) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններից կամ դրանց պաշտոնատար անձերից եւ պետական ծառայողներից, բացառությամբ դատարանների ու դատավորների, ստանալ բողոքի ուսումնասիրության ընթացքում առաջացած հարցերի վերաբերյալ պարզաբանումներ.

4) իրավասու պետական մարմիններին հանձնարարել բողոքի ուսումնասիրության ընթացքում պարզելու ենթակա հարցերի վերաբերյալ անցկացնել փորձագիտական հետազոտություններ եւ պատրաստել եզրակացություններ.

5) ծանոթանալ քրեական, քաղաքացիական, վարչական, կարգապահական, տնտեսական եւ այլ իրավախախտումների վերաբերյալ այն գործերին, որոնց վերաբերյալ դատավճիռները, վճիռները, որոշումները օրինական ուժի մեջ են մտել, ինչպես նաեւ այն նյութերին, որոնց կապակցությամբ մերժվել է գործերի հարուցումը.

6) ծանոթանալ բողոքին առնչվող ցանկացած նյութի եւ փաստաթղթի։

Սույն մասի 1-ին, 2-րդ, 5-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված լիազորությունները, Պաշտպանի գրավոր որոշմամբ կարող են իրականացնել նաեւ Պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները կամ փորձագետների խորհրդի անդամները։

2.Պետական, առեւտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկություններին Պաշտպանը կարող է ծանոթանալ օրենքով սահմանված կարգով։

3.Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք պարտավոր են Պաշտպանին անվճար եւ անարգել ներկայացնել իրենց իրավասությանը վերաբերող պահանջվող նյութեր եւ փաստաթղթեր, ինչպես նաեւ բողոքը քննարկելու համար անհրաժեշտ ցանկացած տեղեկատվություն։

4.Պաշտպանի կողմից պահանջված նյութերը, փաստաթղթերը կամ տեղեկատվությունը պետք է ուղարկվեն Պաշտպանին հնարավորինս արագ, հարցումն ստանալուց ոչ ուշ, քան երեսուն օրվա ընթացքում, եթե հարցման մեջ այլ ավելի ուշ ժամկետ չի նշված։

5. Իր լիազորությունների հարցերով Պաշտպանը օգտվում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ինչպեսս նաեւ կազմակերպությունների ղեկավարների եւ այլ պաշտոնատար անձանց, հարկադրական պահման վայրերի վարչակազմի մոտ անհետաձգելի ընդունելության իրավունքից։

ՀՈԴՎԱԾ 13. Բողոքների վերաբերյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պարզաբանումները

1.Բողոքներն ուսումնասիրելիս, Պաշտպանը պարտավոր է հնարավորություն տալ պետական մարմնին, տեղական ինքնակառավարման մարմնին կամ դրանց պաշտոնատար անձանց, որոնց որոշումը կամ գործողությունները (անգործությունը) բողոքարկվում է, պարզաբանումներ տալ բողոքի ու կատարված ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ, ինչպես նաեւ հիմնավորել իրենց դիրքորոշումն ամբողջությամբ։

2. Այս նպատակով բողոքի վերաբերյալ քննարկման արդյունքները, դրա ավարտից հետո՝ տասնօրյա ժամկետում, հանձնվում են այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին կամ դրանց պաշտոնատար այն անձին, որի որոշումը կամ գործողությունները (անգործությունը) բողոքարկվում է։ Վերջինս պարտավոր է իր դիրքորոշումն ու պարզաբանումները Պաշտպանին ուղարկել ուսումնասիրության արդյունքները ստանալուց հետո՝ ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում։ Նշված ժամկետը կարող է երկարացվել Պաշտպանի կողմից։

ՀՈԴՎԱԾ 14. Բողոքների կամ դրանց բովանդակության հրապարակումը

1.Մինչեւ բողոքի վերաբերյալ Պաշտպանի կողմից վերջնական որոշման ընդունումը, քննարկման ենթակա բողոքները կամ դրանց բովանդակությունը հրապարակման ենթակա չեն։

2. Պաշտպանն իրավունք չունի բողոքի ուսումնասիրման ընթացքում իրեն հայտնի դարձած դիմողի կամ այլ անձանց մասին տվյալներ հրապարակելու առանց նրանց գրավոր համաձայնության։

ՀՈԴՎԱԾ 15. Պաշտպանի կողմից կայացվող որոշումները

1. Քննարկված բողոքի արդյունքների հիման վրա Պաշտպանը պարտավոր է որոշում կայացնել՝

1) առաջարկել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին կամ նրա պաշտոնատար անձին, որի որոշումների կամ գործողությունների (անգործության) մեջ նա տեսնում է մարդու իրավունքների եւ ազատությունների խախտում, վերացնելու թույլ տրված խախտումները՝ նշելով մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների վերականգնման համար անհրաժեշտ եւ կատարման ենթական հնարավոր միջոցառումները.

2) մարդու իրավունքների եւ ազատությունների խախտման բացակայության մասին, եթե բողոքի քննարկման ընթացքում չի բացահայտվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտում.

3) դիմել Սահմանադրական դատարան` մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտման հարցերով.

4) մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները խախտող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի եւ դրա պաշտոնատար անձանց՝ օրենքին եւ այլ իրավական ակտերին հակասող նորմատիվ իրավական ակտերն ամբողջովին կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու վերաբերյալ դատարան հայց ներկայացնելու մասին, եթե խախտում թույլ տված պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ նրա պաշտոնատար անձը սահմանված ժամկետում ամբողջովին կամ մասնակիորեն անվավեր չի ճանաչում իր համապատասխան իրավական ակտը.

5) առաջարկել իրավասու պետական մարմինններին՝ կարգապահական կամ վարչական տույժի ենթարկել կամ քրեական պատասխանատվության կանչել պաշտոնատար այն անձին, որի որոշումներով կամ գործողություններով (անգործությամբ) խախտվել են մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները եւ (կամ) որը խախտել է սույն օրենքի պահանջները։

2.Պաշտպանը պարտավոր է բողոքի վերաբերյալ սույն հոդվածի առաջին մասով նշված որոշման պատճենը՝ այն ընդունելու օրվանից հինգ օրվա ընթացքում, ուղարկել այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին կամ դրանց պաշտոնատար այն անձին, որի որոշումը կամ գործողությունները (անգործությունը) բողոքարկվել է:

3.Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը, որն ստացել է Պաշտպանի՝ սույն հոդվածի առաջին մասով նշված միջնորդությունը, պարտավոր է այն ստանալու օրվանից քսանօրյա ժամկետում ձեռնարկված միջոցառումների մասին գրավոր հայտնել Պաշտպանին։ Անհրաժեշտության դեպքում Պաշտպանի համաձայնությամբ այս ժամկետը կարող է երկարաձգվել։

4.Պաշտպանը, բողոքի վերաբերյալ սույն հոդվածի առաջին մասով նշված իր որոշման պատճենը՝ այն ընդունելու օրվանից հինգ օրվա ընթացքում, պարտավոր է ուղարկել բողոքն ուղարկած անձին։Պաշտպանի որոշումը չի կարող խոչընդոտ հանդիսանալ անձի կողմից իր իրավուքները եւ հիմնարար ազատությունները օրենքով չարգելված այլ միջոցներով պաշտպանելու համար։

5. Պաշտպանը կարող է անհրաժեշտության դեպքում հատուկ հաշվետվություններ ներկայացնել Հանրապետության Նախագահին եւ Ազգային ժողով։

6. Պաշտպանը կարող է զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել իր միջնորդությանը չպատասխանած կամ միջնորդության պահանջները չկատարած կամ անբավարար կատարած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրանց պաշտոնատար անձանց վերաբերյալ հատուկ տեղեկատվություն՝ Պաշտպանի որոշման եւ միջնորդության վերաբերյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրանց պաշտոնատար անձանց պատասխանների հետ միասին, եթե սպառվել են Պաշտպանի բոլոր հնարավորություննները՝ պետական մարմիններում հարցը լուծելու համար։

ՀՈԴՎԱԾ 16. Պաշտպանի կողմից տրվող պարզաբանումները

Մարդու իրավունքների եւ ազատությունների մասին տեղեկատվության ուսումնասիրության եւ վերլուծության արդյունքների հիման վրա, ուսումնասիրության արդյունքների ամփոփման կապակցությամբ Պաշտպանն իրավասու է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին ու դրանց պաշտոնատար անձանց ուղարկել խորհրդատվական բնույթի պարզաբանումներ եւ առաջարկություններ։

ՀՈԴՎԱԾ 17. Պաշտպանի զեկույցը

1. Յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում Պաշտպանը Հայաստանի Հանրապետության Նախագահին, օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմիններ է ներկայացնում երկրում նախորդ տարվա ընթացքում իր գործունեության եւ մարդու իրավունքների ու ազատությունների խախտման մասին զեկույց, իսկ Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում այն ներկայացնում է Ազգային ժողովի նիստում։ Պաշտպանը զեկույցը ներկայացնում է նաեւ զանգվածային լրատվամիջոցներին եւ համապատասխան հասարակական կազմակերպությունների:

2. Առանձին հասարակական հնչեղություն ունեցող հարցերի կամ մարդու իրավունքների կոպիտ խախտումների կամ խախտումները սահմանված ժամկետում չվերացնելը զանգվածային բնույթ կրելու դեպքում Պաշտպանն իրավունք ունի հանդես գալ արտահերթ հրապարակային զեկույցներով։

ՀՈԴՎԱԾ 18. Պատասխանատվությունն օրենքի պահանջների խախտման համար

Պաշտպանի որոշումների վրա ազդելու նպատակով նրա գործունեությանը միջամտելը կամ պաշտոնատար անձանց կողմից սույն օրենքով սահմանված Պաշտպանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը կամ սահմանված ժամկետներում նյութեր կամ փաստաթղթեր չներկայացնելը կամ Պաշտպանին սպառնալը կամ նրան վիրավորանք հասցնելն առաջացնում է պատասխանատվություն դատավորի կամ դատարանի հանդեպ համանման խախտումների համար նախատեսված կարգով եւ չափով։

ՀՈԴՎԱԾ 19. Պաշտպանի անձեռնմխելիությունը

1.Պաշտպանն օժտված է անձեռնմխելիությամբ իր լիազորությունների ողջ ժամկետի ընթացքում։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում չի կարող հարուցվել, նա չի կարող կալանավորվել կամ ձերբակալվել: Պաշտպանը, նրա բնակարանը չի կարող խուզարկվել առանց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համաձայնության։ Պաշտպանի անձեռնմխելիությունը տարածվում է նաեւ նրա ուղեբեռների, նամակագրության, Պաշտպանի օգտագործած կապի միջոցների, ինչպես նաեւ նրան պատկանող փաստաթղթերի վրա։

2.Պաշտպանին հանցանքի վայրում բռնելու դեպքում ձերբակալությունն իրականացնող պաշտոնատար անձն անմիջապես այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով, որը պետք է որոշում ընդունի դրա հետագա կիրառման համար համաձայնություն տալու մասին։ 24 ժամվա ընթացքում նման համաձայնություն չստանալու դեպքում Պաշտպանն անմիջապես պետք է ազատ արձակվի։

3.Պաշտպանն իրավունքն ունի հրաժարվելու իր պարտականությունները կատարելու կապակցությամբ իրեն հայտնի դարձած հանգամանքների մասին քրեական կամ քաղաքացիական գործով որպես վկա ցուցմունքներ տալուց։

ՀՈԴՎԱԾ 20. Պաշտպանի սոցիալական երաշխիքները

1.Պաշտպանի աշխատավարձը հավասար է Սահմանադրական դատարանի նախագահի աշխատավարձին։

2.Պաշտպանն ունի 30 աշխատանքային օր տեւողությամբ ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք։

3.Պաշտպանն իր լիազորությունների իրականացման ողջ ժամանակահատվածում ազատվում է ժամկետային զինվորական ծառայությունից, զորահավաքներից եւ վարժական հավաքներից։

ՀՈԴՎԱԾ 21. Պաշտպանի անվտանգությունը

Պաշտպանը եւ նրա ընտանիքի անդամները գտնվում են պետության պաշտպանության ներքո։ Պաշտպանի դիմումի հիման վրա իրավասու պետական մարմինները պարտավոր են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները Պաշտպանի եւ նրա ընտանիքի անդամների անվտանգությունն ապահովելու նպատակով։

ՀՈԴՎԱԾ 22. Պաշտպանի տեղակալը

1.Պաշտպանն ունի տեղակալ, որը նշանակվում է Պաշտպանի առաջարկությամբ , սույն օրենքով Պաշտպանի նշանակման համար նախատեսված կարգով եւ պայմաններով, ունի անկախության եւ գործունեության նույն երաշխիքները։

2. Պաշտպանի տեղակալն իրականացնում է Պաշտպանի լիազորությունները Պաշտպանի հանձնարարությամբ, նրա բացակայության ժամանակ կամ Պաշտպանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելու դեպքում: Վերջին դեպքում Պաշտպանի տեղակալը օգտվում է Պաշտպանի համար նախատեսված բոլոր իրավունքներից, երաշխիքներից ու անձեռնմխելիությունից:

3. Պաշտպանի տեղակալի այլ լիազորությունները սահմանվում են Պաշտպանի կողմից։

ՀՈԴՎԱԾ 23. Պաշտպանի աշխատակազմի կարգավիճակը

1.Պաշտպանի գործունեությունն ապահովելու համար Պաշտպանի կողմից ստեղծվում է աշխատակազմ։

Պաշտպանի աշխատակազմն իրականացնում է Պաշտպանի գործունեության իրավաբանական, կազմակերպչական, գիտական-վերլուծական, տեղեկատվական եւ այլ ապահովում։

Պաշտպանի աշխատակազմը պետական հիմնարկ է, որն ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով եւ իր անվամբ կնիք։

Մարզերում կարող են ստեղծվել մարդու իրավունքների պաշտպանի մարզային ներկայացուցչություններ։

4.Պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները չեն համարվում քաղաքացիական ծառայողներ եւ աշխատում են ժամկետային աշխատանքային պայմանագրերով։

Պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները պահպանում են պայմանագրի ժամկետը լրանալուց հետո նախկին ծառայությանն անցնելու երաշխիքը, եթե աշխատակազմում աշխատանքի անցնելուց առաջ քաղաքացիական ծառայողներ են եղել: Աշխատակազմում աշխատանքը նրանց համար հավասարեցվում է քաղաքացիական ծառայությանը:

5.Այն անձինք, ովքեր Պաշտպանի աշխատակազմում որեւէ պաշտոն են զբաղեցնում, չեն կարող մեղադրվել, հետաքննության ենթարկվել, ձերբակալվել, կալանքի ենթարկվել կամ դատի տրվել Պաշտպանի հանձնարարականի համաձայն իրենց պարտականությունները կատարելիս, որեւէ գործողության, կարծիքի կամ ընդունած որոշման համար։ Բոլոր այլ հանգամանքներում, երբ աշխատակազմում որեւէ պաշտոն զբաղեցնող անձը ձերբակալվում է, կալանքի ենթարկվում կամ դատի է տրվում, մեղադրող մարմինը պետք է սահմանված կարգով եւ ժամկետում տեղեկացնի Պաշտպանին այդ մասին։

ՀՈԴՎԱԾ 24. Պաշտպանի գործունեության ֆինանսավորումը

1. Պաշտպանը եւ նրա աշխատակազմը ֆինանսավորվում են պետական բյուջեից՝ առանձին տողով։

Պաշտպանի եւ նրա աշխատակազմի բյուջետային հայտը կազմում եւ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում Պաշտպանը։ Հայտն առանց փոփոխության ընդգրկվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում:

Եթե Կառավարության կարծիքով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում պետք է նախատեսել ավելի քիչ ծախսեր, քան ներկայացված է Պաշտպանի բյուջետային հայտում, ապա Կառավարությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Ազգային ժողով պետք է ներկայացնի նաեւ իր առաջարկն այդ ծախսերի վերաբերյալ եւ նվազեցման հիմնավորումը։

2.Պաշտպանն ինքնուրույն է մշակում եւ իրագործում իրեն վերապահված միջոցների ծախսման հաշվարկը։

3. Ֆինանսական հաշվետվությունը Պաշտպանը ներկայացնում է սույն օրենքի 17-րդ հոդվածով սահմանված կարգով։

ՀՈԴՎԱԾ 25. Պաշտպանի աշխատակազմի կառուցվածքը

1.Պաշտպանը հաստատում է աշխատակազմի կառուցվածքը, նրա կանոնակարգը եւ անմիջականորեն ղեկավարում է աշխատակազմի աշխատանքները։

2.Ծախսերի հաշվարկի շրջանակներում Պաշտպանը որոշում է իր աշխատակազմի աշխատողների թվաքանակը եւ հաստիքացուցակը։

3.Աշխատակազմի ղեկավարման հետ կապված հարցերով Պաշտպանն արձակում է հրամաններ։

ՀՈԴՎԱԾ 26. Փորձագիտական խորհուրդ

1.Պաշտպանի կողմից՝ նրան խորհրդատվական օգնություն ցույց տալու նպատակով, կարող է ստեղծել փորձագետների խորհուրդ՝ կազմված մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների բնագավառում անհրաժեշտ գիտելիքներ ունեցող անձանցից։

2.Փորձագիտական խորհրդի անդամներին հրավիրում է Պաշտպանը։

3.Փորձագիտական խորհրդի կազմը չի կարող գերազանցել 20 անդամից։

4.Փորձագիտական խորհրդի անդամները ներգրավվում են կամավորական հիմունքներով եւ իրենց գործունեությունն իրականացնում են հասարակական կարգով։

ՀՈԴՎԱԾ 27. Անցումային դրույթներ

Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը, 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը եւ վերջին պարբերությունը, 15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետն ուժի մեջ են մտնում Պաշտպանի նշանակման եւ Սահմանադրական դատարան դիմելու իրավունքի մասին դրույթները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանելուց հետո։

Մինչեւ այդ, Պաշտպանին նշանակում է Հանրապետության Նախագահը՝ Ազգային ժողովի խմբերի եւ խմբակցությունների հետ խորհրդակցելուց հետո, եւ նա է տալիս 6-րդ հոդվածով, 19-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով պահանջվող համաձայնությունները։

Առաջին Պաշտպանի պաշտոնավարման ժամկետը լրանում է սույն հոդվածի առաջին մասով սահմանված Սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ մտցնելուց հետո՝ 30-րդ օրը:

Առաջին Պաշտպանը նշանակվում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում:

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից: