Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-521-27.09.2001,06.09.2002-ՊԱ,ՊԻ,ԱՀ,ՖՎ,ՍԱ,ԳԿ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հիմնադրույթները կենսագործունեության բոլոր ոլորտներում արտաքին եւ ներքին վտանգներից Հայաստանի Հանրապետությունում անձի, հասարակության եւ պետության անվտանգության ապահովմանն ուղղված մոտեցումների համակարգի ձեւավորման հիմքն է։ Հիմնադրույթներն ամրագրում են Հայաստանի Հանրապետության ռազմական, քաղաքական, տնտեսական, սոցիալական, գաղափարական, պարենային, բնապահպանական եւ տեղեկատվական անվտանգության համակարգի ապահովման սկզբունքները։

Ազգային անվտանգության հիմնադրույթների անկյունաքարն են բանակը, պետության կառավարման, տնտեսական, հասարակական-մշակութային, սոցիալական եւ քաղաքական համակարգերը:

Ազգային անվտանգության համակարգի նպատակը հայ ժողովրդի գոյատեւման ապահովումն է, Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ու տնտեսական շահերի համակողմանի պաշտպանությունը եւ Հայաստանի Հանրապետության բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացումը։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հիմնական երաշխիքը եւ պաշտպանության հիմքը Հայաստանի Հանրապետության զինված ուժերն են, ինչպես նաեւ ազգային անվտանգության եւ ներքին գործերի կառույցները։

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը նրա ժողովրդի անվտանգությունն է՝ որպես ինքնիշխանության կրողի եւ իշխանության միակ աղբյուրի։

ԳԼՈՒԽ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան եւ նպատակը

Սույն օրենքը սահմանում է ազգային անվտանգության ապահովման բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքները, ուղղությունները եւ ռազմավարությունը, ազգային շահերը, ազգային անվտանգության

սպառնալիքները եւ ազգային անվտանգության ապահովման ոլորտի հիմնական խնդիրները, կարգավորում է ազգային անվտանգության ապահովման համակարգի հետ կապված փոխհարաբերությունները։

Հոդված 2. Ազգային անվտանգության ապահովման հիմնական սկզբունքները

Ազգային անվտանգության ապահովման հիմնական սկզբունքներն են՝

1/ օրինականությունը.

2/ ազգային անվտանգության ապահովման հարցում անհատի, հասարակության եւ պետության փոխադարձ պատասխանատվությունը.

3/ ազգային անվտանգության ապահովման միջոցառումների միասնականությունը.

4/ օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը.

5/ անվտանգության համակարգի գործունեության վերահսկողությունը.

6/ ազգային շահերի առաջնայնությունը.

7/ արտաքին ազդեցություններից օտար արժեքների եւ գերակայությունների պարտադրումից անկախությունը:

Հոդված 3. Ազգային անվտանգության օբյեկտները

Ազգային անվտանգության օբյեկտներն են՝

1/ ազգային, հոգեւոր, բարոյական եւ այլ արժեքները.

2/ ազգային կենսաձեւը եւ ինքնատիպությունը.

3/ մարդու իրավունքները եւ ազատությունները.

4/ մարդու կյանքն ու առողջությունը.

5/ սեփականությունը:

Հոդված 4. Ազգային անվտանգության սուբյեկտները

Ազգային անվտանգության սուբյեկտներն են՝

1/ պետությունը՝ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների համակարգով.

2/ տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմինները.

3/ կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները եւ միավորումները.

4/ քաղաքացիները.

5/ Հայ Առաքելական եկեղեցին։

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հիմնադրույթների մասին օրենսդրությունը

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հիմնադրույթների մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, այլ օրենքներից եւ իրավական ակտերից։

ԳԼՈՒԽ 2.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԵՐԸ

Հոդված 6. Հայաստանի Հանրապետության ազգային շահերը

Հայաստանի Հանրապետության ազգային շահերը քաղաքական, տնտեսական, սոցիալական, միջազգային, տեղեկատվական, պաշտպանության, բնապահպանական եւ այլ ոլորտներում անհատի, հասարակության եւ պետության հավասարակշռված շահերի ամբողջությունն է, որը կրում է երկարաժամկետ բնույթ եւ սահմանում է պետության արտաքին եւ ներքին քաղաքականության հիմնական նպատակները, ռազմավարական, մարտավարական եւ ընթացիկ խնդիրները։

Հայաստանի Հանրապետության ազգային շահերի պաշտպանությունը հնարավոր է տնտեսության կայուն զարգացման հիման վրա, ժողովրդավարական քաղաքական համակարգի, քաղաքացիական հասարակարգի ներդրմամբ:

Ազգային շահերն ապահովվում են պետական իշխանության կառույցների կողմից Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով։

Հոդված 7. Հայաստանի Հանրապետության ազգային շահերի որոշման հիմնական գործոնները

Հայաստանի Հանրապետության ազգային շահերը որոշելու համար հիմնարար գործոններ են՝

1/ պետության աշխարհագրական դիրքը եւ աշխարհաքաղաքական կացությունը.

2/ ազգային պատմության եւ հոգեբանության առանձնահատկությունները.

3/ ազգային գաղափարախոսության եւ հոգեւոր արժեքների չափորոշիչները.

4/ երկրի տարածքը, բնական ու մարդկային ռեսուրսները.

5/ պետության կառուցման մոդելի ընտրությունը.

6/ ազգի մտավոր ներուժը.

7/ պետության կառուցման մոդելի ընտրությունը.

8/ տնտեսական մոդելը եւ ներուժը.

9/ ժողովրդագրական վիճակը եւ դրա փոփոխությունների միտումները.

10/ հաղորդակցական հնարավորությունները.

11/ հասարակության սոցիալական կառուցվածքը.

12/ երկրների եւ համաշխարհային ուժային կենտրոնների կենսական շահերի ու աշխարհաքաղաքական իրավիճակի համակողմանի վերլուծությունը եւ փոփոխությունների միտումների կանխատեսումը.

13/ այլ գործոններ։

Հոդված 8. Անհատի շահերը

Անհատի շահերը կայանում են սահմանադրական իրավունքների եւ ազատությունների իրականացման, անձնական անվտանգության ապահովման, կյանքի կենսամակարդակի բարձրացման, մարդու եւ քաղաքացու ֆիզիկական, հոգեւոր եւ մտավոր զարգացման մեջ։

Հոդված 9. Հասարակության շահերը

Հասարակության շահերը կայանում են ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման, իրավական եւ սոցիալական պետության ստեղծման, հասարակական համաձայնության ձեռքբերման եւ պահպանման, Հայաստանի հոգեւոր զարգացման մեջ։

Հոդված 10. Պետության շահերը

Պետության շահերը կայանում են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ քաղաքական, տնտեսական եւ սոցիալական կայունության, օրինականության եւ կարգուկանոնի ապահովման, համահավասար եւ փոխշահավետ միջազգային համագործակցության զարգացման մեջ։

Հոդված 11. Ազգային շահերը ներքաղաքական ոլորտում

Ներքաղաքական ոլորտում Հայաստանի ազգային շահերը կայանում են սահմանադրական կարգի, պետական իշխանության կառույցների արդյունավետ

գործունեության, քաղաքացիական համաձայնության, ներքաղաքական կայունության, տարածքային ամբողջականության, միասնական իրավական համակարգի, քաղաքացիների օրինական շահերի պաշտպանության, մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանման, կարգուկանոնի եւ ժողովրդավարական հասարակարգի զարգացման շարունակականության ապահովման մեջ։

Հոդված 12. Ազգային շահերն արտաքին քաղաքականության ոլորտում

Ազգային շահերն արտաքին քաղաքականության ոլորտում կայանում են ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ապահովման, բոլոր պետությունների, միջազգային կազմակերպությունների եւ միությունների հետ համահավասար եւ փոխշահավետ հարաբերությունների զարգացման, այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու, սփյուռքի համախմբման, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության եւ երկակի ստանդարտների կիրառման բացառման մեջ։

Հոդված 13. Ազգային շահերը տնտեսական ոլորտում

Ազգային շահերը տնտեսական ոլորտում կայանում են բնակչության կենսամակարդակի շարունակական բարձրացման ապահովմանն ուղղված տնտեսական, արդյունավետ եւ կենսունակ համակարգի ստեղծման մեջ։

Հոդված 14. Ազգային շահերը սոցիալական ոլորտում

Ազգային շահերը սոցիալական ոլորտում կայանում են ժողովրդի բարձր կենսամակարդակի եւ առողջության ապահովման մեջ։

Հոդված 15. Ազգային շահերը գաղափարական եւ հոգեւոր ոլորտում

Ազգային շահերը գաղափարական եւ հոգեւոր ոլորտում կայանում են հասարակության բարոյական արժեքների, հայրենասիրության, մարդասիրության, փոխադարձ հանդուրժողականության, երկրի կրթական, մշակութային եւ գիտական ներուժի պահպանման եւ զարգացման մեջ։

Հոդված 16. Ազգային շահերն տեղեկատվական ոլորտում

Ազգային շահերն տեղեկատվական ոլորտում կայանում են տեղեկատվության ստացման, օգտագործման եւ տարածման բնագավառում քաղաքացիների սահմանադրական իրավունքների եւ ազատությունների ապահովման, հեռահաղորդակցության ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման, պետական եւ այլ տեղեկատվական համակարգերի եւ տեղեկատվական ռեսուրսների պաշտպանության, տեղեկատվական ոլորտում առկա սպառնալիքներին հակադրման, համաշխարհային տեղեկատվական տարածությանը ինտեգրվելու, արտաքին բացասական ազդեցություններից եւ ներգործություններից սեփական տեղեկատվական տարածության պաշտպանության մեջ։

Հոդված 17. Ազգային շահերը պաշտպանության ոլորտում

Ազգային շահերը պաշտպանության ոլորտում կայանում են Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, Հայաստանի Հանրապետության եւ նրա դաշնակիցների դեմ ռազմական ագրեսիայի կանխման, պետության խաղաղ, ժողովրդավարական զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովման մեջ։

Հոդված 18. Ազգային շահերը սահմանների պահպանության ոլորտում

Ազգային շահերը սահմանների պահպանության ոլորտում կայանում են քաղաքական, ռազմական, իրավական, տնտեսական, կազմակերպչական, օպերատիվ եւ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հուսալի պաշտպանության համար այլ պայմանների ստեղծման, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարածաշրջաններում տնտեսական եւ այլ բնույթի գործունեության իրականացման ապահովման մեջ։

Հոդված 19. Ազգային շահերը բնապահպանական ոլորտում

Ազգային շահերը բնապահպանական ոլորտում կայանում են շրջակա միջավայրի պահպանության, վերականգնման, վերարտադրության եւ բնական պաշարների բանական օգտագործման մեջ։

ԳԼՈՒԽ 3.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ

Հոդված 20. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության սպառնալիքները

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության սպառնալիքներն անձի, հասարակության եւ պետության կենսականորեն կարեւոր շահերի համար վտանգ ստեղծող պայմանների եւ գործոնների ամբողջությունն է:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար սպառնալիքներ կարող են ստեղծել՝

1/ Հայաստանի Հանրապետության դեմ զինված հարձակման վտանգը.

2/ Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության դեմ ոտնձգությունները.

3/ Հայաստանի Հանրապետության տնտեսատրանսպորտային շրջափակումը.

4/ Հայաստանի Հանրապետության դեմ ռազմական դաշինքների կազմավորումը.

5/ Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջները.

6/ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններում ուժերի հարաբերակցությունը խախտող ռազմական ուժի եւ այլ միջոցների կենտրոնացումը.

7/ այլ պետությունների կողմից Հայաստանի Հանրապետության եւ նրա դաշնակիցների դեմ ագրեսիայի նախապատրաստումը.

8/ օտարերկրյա ռազմական բազաների եւ ռազմական միավորումների տեղաբաշխումը ՀՀ սահմանների հարեւանությամբ.

9/ օտարերկրյա պետությունների կողմից Հայաստանի Հանրապետության ներքին գործերին միջամտելու եւ ներքաղաքական իրադրությունն ապակայունացնելու փորձերը.

10/ միջուկային սպառնալիքը եւ զանգվածային ոչնչացման զենքի տարածումը.

11/ միջազգային ահաբեկչությունը.

12/ տարածաշրջանային կոնֆլիկտները.

13/ միջազգային հարաբերություններում բացասական զարգացումները.

14/ պետական համակարգի անկատարությունը.

15/ իրավական պետության եւ քաղաքացիական հասարակության ձեւավորման գործընթացի դանդաղումը.

16/ ժողովրդավարության վտանգումը.

17/ հասարակական հարաբերությունների քրեականացումը.

18/ այլ պետությունների կողմից տնտեսական ճնշման եւ տնտեսական լծակների կիրառումը.

19/ թմրանյութերի, զենքի, զինամթերքի տարածումը եւ այլ ապօրինի գործողությունները.

20/ օտարերկրյա պետությունների հետախուզական, հակահետախուզական եւ այդօրինակ բնույթի այլ ծառայությունների կողմից Հայաստանի Հանրապետության եւ նրա դաշնակիցների դեմ քայքայիչ գործունեության իրականացումը.

21/ տնտեսության զարգացման ցածր մակարդակը.

22/ հասարակության սոցիալ-տնտեսական եւ քաղաքական բեւեռացումը.

23/ ժողովրդագրական վիճակը եւ դրա փոփոխությունների միտումները, արտագաղթը.

24/ բնակչության կենսամակարդակի անկումը եւ աղքատության համատարած բնույթը.

25/ գործազրկության բարձր մակարդակը եւ բնակչության զբաղվածության հիմնահարցը.

26/ Հայաստանի եւ տարածաշրջանի բնապահպանական ծանր վիճակը.

27/ կրթական եւ գիտական համակարգում առկա բացասական միտումները, կրթական եւ գիտական ներուժի անկումը, «ուղեղների» արտահոսքը.

28/ հոգեւոր եւ բարոյական արժեքների խաթարումը.

29/ հոգեւոր զարգացման մակարդակի անկումը:

Հոդված 21. Սպառնալիքները տնտեսական ոլորտում

Տնտեսական ոլորտում սպառնալիքները հիմնականում պայմանավորված են համախառն ներքին արդյունքի կրճատմամբ, ներդրումային ակտիվության անկմամբ, գիտատեխնիկական ներուժի նվազմամբ, պետական պարտքի աճով, վճարային հաշվեկշռի բացասական տարբերությամբ, ճյուղային անհամաչափություններով, ռեսուրսների ոչ ռացիոնալ օգտագործմամբ, սեփականության ձեւերի խտրականությամբ, զարգացման ռազմավարության բացակայությամբ, ներքին մրցակցության չապահովմամբ, օրենսդրության անկատարությամբ, զարգացման գերակայությունների բացակայությամբ: Տնտեսական հիմնահարցերով պայմանավորված՝ գիտատեխնիկական ներուժի նվազումը, գիտական հետազոտությունների կրճատումը, մտավոր ներուժի արտահոսքը Հայաստանի Հանրապետությանը սպառնում են առաջավոր դիրքի եւ պաշտպանունակության կորստով, գիտարար արտադրությունների վերացմամբ, արտաքին տեխնոլոգիական կախվածության աճով։

Տնտեսության մեջ բացասական երեւույթները հանգեցնում են քաղաքական անկայունությանը, տնտեսական եւ հաղորդակցական կապերի, ինչպես նաեւ ֆինանսավարկային ու հարկաբյուջետային համակարգերի թուլացմանը։

Հոդված 22. Սպառնալիքները հասարակական հարաբերությունների ոլորտում

Հասարակական հարաբերությունների ոլորտում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության սպառնալիք են ստեղծում տնտեսական, սոցիալական, կազմակերպական, իրավական եւ պետական կարգավորման այլ ոլորտներում առկա իրավիճակով պայմանավորված հասարակական հարաբերությունների քրեականացումը, հանցագործությունների աճը եւ կոռուպցիան։

Հոդված 23. Սպառնալիքները սոցիալական ոլորտում

Սոցիալական ոլորտում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության սպառնալիք են ստեղծում հասարակության սոցիալական բեւեռացումը, բնակչության աղքատացումը, գործազրկության աճը, բնակչության զբաղվածության ապահովման հիմնահարցը։

Բնակչության ֆիզիկական զարգացման եւ առողջության համար սպառնալիք կարող են դառնալ բնակչության սոցիալական պաշտպանության եւ առողջապահության համակարգերի անկատարությունը։

Սոցիալական ճգնաժամի հետեւանք են արտագաղթը, երկրում ծնելիության եւ կյանքի միջին տեւողության անկումը, հասարակության սոցիալական եւ ժողովրդագրական կազմի ձեւախեղումը, աշխատանքային ռեսուրսների՝ որպես արտադրության զարգացման հիմքի նվազումը, հասարակության հիմնական բջջի՝ ընտանիքի թուլացումը, բնակչության հոգեւոր, բարոյական եւ ստեղծագործական ներուժի նվազումը։

Հոդված 24. Սպառնալիքները արտաքին քաղաքականության ոլորտում

Արտաքին քաղաքականության ոլորտում հիմնական սպառնալիքները պայմանավորված են հետեւյալ գործոններով.

1/ ռազմաքաղաքական այնպիսի դաշինքների եւ միությունների գործունեությունը, որը կարող է վտանգ ստեղծել Հայաստանի Հանրապետության համար.

2/ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի եւ նրա դաշնակիցների սահմանների մոտ կոնֆլիկտների ծագումը եւ զարգացումը.

3/ չկարգավորված խնդիրները.

4/ այլ պետությունների շահերը.

5/ տրանսնացիոնալ ընկերությունների եւ կորպորացիաների շահերը.

6/ զարգացման համաշխարհային գործընթացների գեոստրատեգիական եւ աշխարհաքաղաքական միտումները.

7/ արտաքին քաղաքականության հիմնավոր հայեցակարգի բացակայությունը:

Հոդված 25. Սպառնալիքները տեղեկատվական ոլորտում

Տեղեկատվական ոլորտի սպառնալիքներն են հեռահաղորդակցային համակարգերի բնականոն գործունեության խաթարումը, ինչպես նաեւ տեղեկատվական ռեսուրսների եւ տեղեկատվության միջոցների թույլ պաշտպանվածությունը, չթույլատրված մուտքերի հնարավորությունը, հեռահաղորդակցության ոլորտում մենաշնորհային դիրքի ամրագրումը, անօրինական կարգով տրամադրված տեղեկատվությունը /տեղեկատվության արտահոսքը/:

Հոդված 26. Սպառնալիքները պաշտպանության ոլորտում

Պաշտպանության ոլորտում սպառնալիքներ կարող են ստեղծել Հայաստանի Հանրապետության հնարավոր հակարակորդ պետությունների, Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված ռազմաքաղաքական եւ ռազմական դաշինքների եւ միությունների ուժային գործողությունները, ռազմակայանների տեղաբաշխումը եւ ռազմական միավորումների կուտակումը Հայաստանի Հանրապետության սահմանների հարեւանությամբ, Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգության դեմ ուղղված այլ գործողությունները, Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության անհրաժեշտ պայմանների անբավարար ապահովումը եւ Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինանւմ սահմանված այլ գործոնները::

Հոդված 27. Սպառնալիքները սահմանների պահպանության ոլորտում

Սահմանների պահպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար սպառնալիքներ կարող են ստեղծել տնտեսական, ժողովրդագրական, մշակութային եւ կրոնական էքսպանսիաները Հայաստանի Հանրապետության տարածք։

Հոդված 28. Սպառնալիքները բնապահպանական ոլորտում

Բնապահպանական ոլորտում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար սպառնալիք կարող են ստեղծել տնտեսական գործունեության բնույթը, բնօգտագործման եւ բնապահպանության ասպարեզում հարաբերությունների օրենսդրական կարգավորման անկատարությունը, ռեսուրսախնայող տեխնոլոգիաների սահմանափակ օգտագործումը կամ բացակայությունը, բնապահպանական ոչ բավարար կուլտուրան, տվյալ ոլորտում պետական վերահսկողության վիճակը, արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ վերացման տնտեսական եւ իրավական մեխանիզմների անարդյունավետությունը։

ԳԼՈՒԽ 4.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 29. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման ոլորտի հիմնական խնդիրները

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման ոլորտում հիմնական խնդիրներն են՝

1/ երկրի պաշտպանության ամրապնդումը.

2/ ազգային անվտանգության ներքին եւ արտաքին սպառնալիքների կանխատեսումը, բացահայտումը, կանխարգելումը, հակազդումը եւ չեզոքացումը՝ համապատասխան կառույցների, այդ թվում՝ հետախուզության եւ հակահետախուզության կառույցների միջոցով.

3/ արտաքին եւ ներքին սպառնալիքների կանխարգելման եւ վերացման ուղղությամբ օպերատիվ եւ ծրագրային միջոցառումների իրականացումը.

4/ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ապահովումը.

5/ այլ պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ Հայաստանի Հանրապետության բարիդրացիական, հավասարակշռված, համահավասար եւ փոխշահավետ համագործակցությունը.

6/ երկրի տնտեսության զարգացումը եւ սոցիալական ուղղվածություն ունեցող տնտեսական քաղաքականության իրականացումը, տնտեսական շահերի պաշտպանությունը.

7/ գիտատեխնիկական եւ տեխնոլոգիական կախվածության նվազեցումը.

8/ Հայաստանի Հանրապետության տարածքում մարդու եւ քաղաքացու անվտանգության, նրա սահմանադրական իրավունքների եւ ազատությունների ապահովումը.

9/ պետական եւ տեղական ինքնակառավարման համակարգերի կատարելագործումը, օրինականության ու կարգուկանոնի ամրապնդումը եւ հասարակության սոցիալ-տնտեսական եւ քաղաքական կայունության ապահովումը.

10/ քաղաքացիների, պաշտոնատար անձանց, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կուսակցությունների, հասարակական միավորումների, կրոնական եւ այլ կազմակերպությունների կողմից օրենսդրության պահանջների անվերապահ կատարումը.

11/ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար սպառնալիք հանդիսացող գործողությունների կանխատեսման, բացահայտման, կանխարգելման, հակազդման եւ չեզոքացման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների իրականացումը.

12/ երկրի բնապահպանական վիճակի բարելավումը։

Հոդված 30. Հայաստանի Հանրապետության արտաքին տնտեսական գործունեության ոլորտի խնդիրները

Արտաքին տնտեսական գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման կարեւորագույն խնդիրներն են՝

1/ տնտեսության միջազգային ինտեգրացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը, համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի Հանրապետության առավել լայն ինտեգրացումը, այլ պետությունների, միջազգային տնտեսական եւ ֆինանսական կառույցների հետ համագործակցության ընդլայնումը.

2/ հայրենական արտադրանքի իրացման շուկաների ընդլայնումը.

3/ արտաքին առեւտրի զարգացման եւ համաշխարհային շուկայում մրցակցության ուժեղացման պայմաններում հայրենական արտադրողների շահերի պաշտպանության ապահովումը.

4/ Հայաստանի Հանրապետության արտաքին պարտավորությունների կրճատմանն ուղղված հաշվեկշռված տնտեսական քաղաքականության իրականացումը.

5/ միջազգային ֆինանսատնտեսական կազմակերպությունների հետ Հայաստանի Հանրապետության համագործակցությունը.

6/ ապահովագրական, ներդրումային եւ բանկային գործունեության կարգավորման գործում պետության դերի բարձրացումը.

7/ հեռահաղորդակցային տրանսպորտային եւ ապրանքափոխադրման ցանցերի շահագործման գործում տարբերակված մոտեցումների կիրառումը.

8/ արժույթային կարգավորման եւ դրա վերահսկողության ոլորտում ներքին շուկայում արտասահմանյան արժույթային հաշիվների կրճատման եւ կապիտալի անվերահսկելի արտահանման զսպմանն ուղղված միջոցառումների ձեռնարկումը։

Հոդված 31. Հայաստանի Հանրապետության ներքին տնտեսական ոլորտի խնդիրները

Ներքին տնտեսական ոլորտում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման կարեւորագույն խնդիրներն են՝

1/ տնտեսական անվտանգության հայեցակարգի մշակումը.

2/ տնտեսական բարեփոխումների օրենսդրական բազայի ապահովումը եւ դրա կիրառման նկատմամբ վերահսկողության արդյունավետ մեխանիզմների ստեղծումը.

3/ տնտեսական ազատականացման եւ տնտեսության պետական կարգավորման միջեւ ներդաշնակ հարաբերակցության ապահովումը.

4/ գիտատեխնիկական, տեխնոլոգիական եւ արտադրական ներուժի պահպանումը եւ զարգացումը, հայրենական արտադրանքի մրցունակության բարձրացումը, տնտեսական աճի եւ բնակչության կենսամակարդակի բարձրացման ապահովումը.

5/ արտադրության կազմակերպման գործուն մեխանիզմների ձեւավորման եւ ապրանքների իրացման ու ծառայությունների մատուցման ճանապարհով հասարակության եւ յուրաքանչյուր անհատի բարեկեցության առավելագույն մակարդակի ապահովման նպատակով արդյունավետ եւ սոցիալական ուղղվածություն ունեցող շուկայական տնտեսության ձեւավորումը.

6/ Հայաստանի Հանրապետության տնտեսության կառուցվածքի կատարելագործումը, գիտատար եւ վերամշակման բարձր մակարդակ ունեցող արտադրությունների զարգացումը, ընդլայնված վերարտադրության հիմք հանդիսացող ճյուղերին աջակցությունը, բնակչության զբաղվածության ապահովումը.

7/ ներդրումային ակտիվության բարձրացումը, դրա պետական պաշտպանության ուժեղացումը, տնտեսության շահերին համապատասխանող բանկային համակարգի ստեղծումը, արդյունաբերության կառուցվածքային բարեփոխումների եւ կապիտալ ներդրումների ֆինանսավորման նպատակով պետական ծրագրային քաղաքականության իրականացումը.

8/ մրցունակ ճյուղերի եւ արտադրությունների առաջանցիկ զարգացումը, գիտատար արտադրանքի շուկայի ընդլայնումը, առաջադեմ տեխնոլոգիաների զարգացումը, հայրենական ձեռնարկությունների մրցունակության բարձրացումը.

9/ գիտության եւ տեխնիկայի զարգացման առաջնահերթ ուղղությունների ֆինանսական եւ նյութական ռեսուրսների կենտրոնացումը.

10/ առաջատար գիտական դպրոցներին պետական աջակցությունը.

11/ գիտատեխնիկական ներուժի զարգացումը.

12/ մասնավոր կապիտալի ներգրավումը եւ հիմնադրամների ստեղծումը.

13/ բարձր գիտատեխնիկական ներուժ ունեցող շրջանների զարգացման ծրագրերի մշակումը եւ իրականացումը.

14/ գիտահետազոտական մշակումների արդյունքների օգտագործումն եւ հեղինակային իրավունքի պաշտպանությունն ապահովող պետական աջակցության ենթակառուցվածքների ձեւավորումը.

15/ գիտատեխնիկական եւ առեւտրային տեղեկատվության մատչելի ցանցերի ստեղծումը եւ զարգացումը.

16/ պետության կողմից ձեռնարկությունների զարգացման եւ մրցունակության բարձրացման համար հավասար պայմանների ստեղծումը, բնակչության բարեկեցության բարձրացմանը, գիտության եւ կրթության առաջընթացի, հասարակության հոգեւոր եւ բարոյական զարգացմանը, սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված գործունեություն իրականացնող ձեռնարկությունների պետական աջակցությունը.

17/ մարդու եւ քաղաքացու սոցիալական պաշտպանվածության համակարգերի ստեղծումը, սոցիալական իրական երաշխիքների պետական ապահովումը, կոլեկտիվ պատասխանատվության եւ որոշումների ժողովրդավարական ձեւով ընդունման մեխանիզմների զարգացումը, սոցիալական գործընկերության արմատավորումը.

18/ եկամուտների բաշխման ոլորտում սոցիալապես արդարացի եւ տնտեսապես արդյունավետ քաղաքականության իրականացումը.

19/ տնտեսության ոլորտում օրենսդրական բազայի կատարելագործումը եւ դրա կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը.

20/ արդյունաբերական այնպիսի ճյուղերի զարգացումը, որոնց արտադրատեսակների պահանջն ունի ներքին եւ արտաքին շուկան։

Հոդված 32. Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի պահպանության ոլորտի խնդիրները

Սահմանադրական կարգի պահպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման կարեւորագույն խնդիրներն են՝

1/ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեության ապահովումը.

2/ բնակչության տարբեր խմբերի շահերի եւ հետաքրքրությունների մերձեցումը, նրանց բազմակողմանի համագործակցության ապահովումը, հավասարակշռված եւ ներդաշնակ պետական, ազգային եւ տարածքային քաղաքականության իրականացումը.

3/ օրենքի գերակայության ապահովումը եւ օրենսդրության կատարելագործումը.

4/ պետության տարածքային ամբողջականության պաշտպանության իրավական եւ կազմակերպական մեխանիզմների մշակումը.

5/ օրենսդրության եւ Հայաստանի Հանրապետության ազգային շահերի ներդաշնակության ապահովումը.

6/ համապետական եւ տեղական շահերի հավասարակշռվածությունն ապահովող տարածքային քաղաքականության մշակումը եւ իրականացումը։

Հոդված 33. Հայաստանի Հանրապետությունում հանցավորության դեմ պայքարի ոլորտի խնդիրները

Հանցավորության դեմ պայքարի ոլորտում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման կարեւորագույն խնդիրներն են՝

1/ կոռուպցիայի եւ հանցավորության դեմ պայքարի ուժեղացումը.

2/ պետության, հասարակության եւ անհատի պաշտպանության միջոցների համալիր համակարգի մշակումը.

3/ մարդու առողջության եւ սեփականության, բարոյականության, իրավունքների եւ ազատությունների պաշտպանության (անկախ ռասայից, ազգությունից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից) գործուն համակարգի ձեւավորումը.

4/ հանցավորություն ծնող պատճառների բացահայտումը, կանխումը եւ վերացումը.

5/ պետության՝ որպես անհատի եւ հասարակության անվտանգության երաշխավորի դերի ամրապնդումը, դրա համար անհրաժեշտ իրավական հիմքերի եւ կիրարկման մեխանիզմների ստեղծումը.

6/ իրավապահ մարմինների գործունեության արդյունավետության բարձրացումը, դրա համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը.

7/ իրենց իրավասության սահմաններում հակաիրավական գործողությունների կանխարգելման ուղղությամբ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավումը.

8/ կոռուպցիայի կանխարգելման նպատակով ֆինանսական վերահսկողության գործուն համակարգի ստեղծումը.

9/ վարչական, քաղաքացիական եւ քրեաիրավական ներգործության միջոցների կատարելագործումը.

10/ պաշտոնատար անձանց եւ ծառայողների եկամուտների եւ գույքի հայտարարագրումը.

11/ ահաբեկչության, մաքսանենգության եւ թմրաբիզնեսի եւ զենքի անօրինական առեւտրի դեմ պայքարում պետական ծրագրային քաղաքականության իրականացումը.

12/ օտարերկրյա պետությունների, նրանց իրավապահ մարմինների եւ հատուկ ծառայությունների, ինչպես նաեւ հանցագործությունների դեմ պայքարող միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը եւ այդ բնագավառում միջազգային փորձի օգտագործումը, այդ ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարումը.

13/ իրավապահ մարմինների օրինական գործունեության ապահովումը.

14/ քրեածին իրավիճակի վերլուծությունը.

15/ դատական համակարգի իրական անկախության ապահովումը.

16/ հովանավորչության եւ կլանայնության դեմ պայքարը.

17/ օրենսդրության կատարելագործումը:

Հոդված 34. Հայաստանի Հանրապետության գաղափարական, հոգեւոր, կրթական, գիտական եւ մշակութային ոլորտի խնդիրները

Գաղափարական, հոգեւոր, կրթական, գիտական եւ մշակութային ոլորտում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման կարեւորագույն խնդիրներն են՝

1/ մշակութային եւ հոգեւոր ժառանգության, ազգային ավանդույթների, համամարդկային արժեքների եւ նորմերի պահպանումը եւ դրանց վերարտադրության մեխանիզմների պաշտպանությունը.

2/ պատմության եւ մշակույթի, մշակութային այլ արժեքների պահպանությունը.

3/ միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի շրջանակներում այլ պետություններում գտնվող հայկական պատմական եւ մշակութային արժեքների պահպանումը, հայ կրթական եւ մշակութային կյանքի զարգացումը.

4/ Հայաստանի Հանրապետության բոլոր ազգությունների մշակութային ձեռքբերումների պահպանությունը.

5/ բնակչության հոգեւոր, կրթական եւ բարոյական դաստիարակության ոլորտում պետական քաղաքականության իրականացումը.

6/ անհատի հոգեւոր եւ ֆիզիկական ներդաշնակ ձեւավորումն ու զարգացումն ապահովելու համար զանգվածային լրատվության միջոցներով (այդ թվում՝ հեռուստատեսությամբ, ռադիոյով եւ այլն) բռնության ու սեքսի պրոպագանդման արգելումը.

7/ Հայաստանի Հանրապետության ազգային շահերի համար վտանգավոր գործունեություն ծավալած օտարերկրյա կրոնական եւ այլ կազմակերպությունների եւ միսիոներների դեմ հակագործողությունների իրականացումը.

8/ հասարակության հոգեւոր զարգացումը՝ հայոց լեզվի դերի բարձրացմամբ զուգորդելը.

9/ հոգեւոր եւ մշակութային ժառանգության պահպանման եւ զարգացման համար մշակութային հիմնարկների գործունեության եւ ստեղծագործ աշխատանքի իրականացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը.

10/ գիտության եւ կրթության զարգացման հայեցակարգերի մշակումը եւ այդ բնագվառներում պետական ծրագրային քաղաքականության իրականացումը, համապատասխան առաջնահերթությունների ու գերակայությունների սահմանումը.

11/ բարձր որակավորում ունեցող, հայրենասեր, ազգային ոգով դաստիարակված, բազմակողմանի զարգացած եւ բարոյական արժեքներին դավանող սերունդ ունենալու գերխնդրի լուծման նպատակով կրթական համակարգի ստեղծումը։

Հոդված 35. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առողջության պահպանման եւ ամրապնդման ոլորտի խնդիրները

Քաղաքացիների առողջության պահպանման եւ ամրապնդման ոլորտում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման կարեւորագույն խնդիրներն են՝

1/ առողջապահության հայեցակարգի մշակումը.

2/ բնակչության առողջության պահպանման ամենամյա նպատակային ծրագրերի իրականացումը.

3/ ֆիզկուլտուրայի եւ սպորտի զարգացումը.

4/ բնակչության անապահով խավերին հասցեագրված առողջապահական ծրագրերի իրականացումը.

5/ մատչելի եւ արդյունավետ բուժօգնության ապահովումը.

6/ պետական ապահովագրության եւ մասնավոր բժշկական օգնության զարգացումը.

7/ հայրենական բժշկական եւ դեղագործական արդյունաբերության նկատմամբ պետության կողմից հովանավորչական քաղաքականության իրականացումը.

8/ սանիտարիայի /առողջարարության/ եւ էպիդեմիոլոգիայի /համաճարակաբանության/, երեխաների առողջության պահպանության, շտապ եւ անհապաղ բժշկական օգնության ոլորտում պետական ծրագրերի իրականացումը։

Հոդված 36. Հայաստանի Հանրապետության բնապահպանական ոլորտի խնդիրները

Բնապահպանական ոլորտում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման կարեւորագույն խնդիրներն են՝

1/ բնապահպանական անվտանգության հայեցակարգի մշակումը.

2/ շրջակա միջավայրի պահպանությունը, վերականգնումը եւ վերարտադրությունը, բնական պաշարների բանական օգտագործումը.

3/ բնակչության բնապահպանական կուլտուրայի բարձրացումը.

4/ շրջակա միջավայրի աղտոտման կանխումը, տեխնոլոգիաների անվտանգության աստիճանի բարձրացումը, տոքսիկական /թունահարույց/ եւ կենցաղային թափոնների վնասազերծումը.

5/ շրջակա միջավայրի ռադիոակտիվ աղտոտման կանխումը.

6/ ատոմային կայանի վառելիքի էկոլոգիապես անվտանգ պահպանումը եւ թափոնների թաղումը.

7/ բնապահպանական բնույթի հիմնախնդիրների լուծման գործում միջազգային համագործակցությունը.

8/ անվտանգ արտադրությունների, էկոլոգիապես մաքուր էներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործումը.

9/ բնապահպանական օրենսդրության կատարելագործումը.

10/ բնապահպանական եւ բնօգտագործման հիմնահարցերի նկատմամբ հասարակական վերահսկողության ապահովումը.

11/ բնապահպանական վտանգավորության գնահատման եւ փոխձաքննության ու վերահսկողության նորմատիվային բազայի ստեղծումը ու կատարելագործումը:

Հոդված 37. Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության ոլորտի խնդիրները

Արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման կարեւորագույն խնդիրներն են՝

1/ արտաքին քաղաքականության հայեցակարգի մշակումը.

2/ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան բոլոր երկրների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների զարգացումը.

3/ արտաքին քաղաքական ակտիվ կուրսի իրականացումը.

4/ երկրի տնտեսական եւ սոցիալական զարգացման, գլոբալ եւ տարածաշրջանային կայունության համար բարենպաստ պայմանների ապահովումը.

5/ արտասահմանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը՝ այդ նպատակով կիրառելով քաղաքական, դիվանագիտական, տնտեսական եւ այլ բնույթի միջոցներ.

6/ Հայաստանի Հանրապետության մասնակցությունը գլոբալ եւ տարածաշրջանային տնտեսական եւ քաղաքական կառույցներին.

7/ անհրաժեշտության դեպքում հակամարտությունների կարգավորմանը մասնակցությունը, այդ թվում՝ ՄԱԿ-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների հովանու ներքո խաղաղապահ գործունեությունը.

8/ զանգվածային ոչնչացման զենքի, սովորական սպառազինությունների տարածման ոլորտում փոխադարձ պարտավորությունների կատարումը.

9/ միջազգային ասպարեզում վստահության եւ կայունության ամրապնդման ուղղությամբ միջոցառումների իրականացումը.

10/ ապրանքների եւ տեխնոլոգիաների արտահանման նկատմամբ միջազգային վերահսկողության ապահովումը.

11/ զանգվածային ոչնչացման զենքից ազատ գոտիների ստեղծման հարցում միջազգային համագործակցությունը.

12/ հանցագործությունների եւ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում միջազգային համագործակցությունը.

13/ էներգակիր հումքային երկրների հետ հարաբերությունների զարգացումը.

14/ մասնակցությունը տարածաշրջանային հակամարտությունների կանխարգելմանը եւ կարգավորմանը.

15/ արտաքին քաղաքականության ոլորտում հնարավոր առավելագույն հրապարակայնության ապահովումը.

16/ դաշնակիցների հետ արդյունավետ ռազմական, քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, մշակութային եւ այլ կապերի ամրապնդումը։

Հոդված 38. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ոլորտի խնդիրները

Պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման կարեւորագույն խնդիրներն են՝

1/ ռազմական համադրույթի մշակումը.

Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինան մշակելիս կարեւորվում են հետեւյալ սկզբունքները.

- Հայաստանի հնարավոր եւ ապագա դաշնակից պետություններին ու հակառակորդներին սահմանազատելը,

- զինված ուժերի համապատասխան մոդելի ընտրությունը,

- զինված հակամարտությունների եւ պատերազմների կանխարգելման հարցում քաղաքական, դիվանագիտական, տնտեսական եւ այլ ոչ ռազմական միջոցներին նախապատվություն տալը,

- սեփական զինված ուժերի կիրառումը՝ ռազմական ագրեսիայի դիմակայման անհրաժեշտության դեպքում, եթե ճգնաժամային վիճակի լուծման մյուս բոլոր միջոցները սպառված են կամ համարվում են անարդյունավետ,

- բանակի գործողությունների բնույթը (հարձակողական, պաշտպանական, պրիվենտիվ պատերազմներ) որոշելը,

- Հայաստանի վրա զինված հարձակման դեպքում ռազմական գործողությունները սեփական տարածքում թույլ չտալը (փոքր տարածք, բնական եւ մարդկային սահմանափակ ռեսուրսներ ունեցող Հայաստանի համար այլ մոտեցումը վտանգավոր է),

- հակառակորդին նրա տարածքում կանխարգելիչ հարված հասցնելը եւ անվտանգության գոտիներ ստեղծելու մարտավարությունը,

- երկարատեւ պատերազմելու բացառումը (վերոհիշյալ նկատառումներով) եւ հնարավոր սեղմ ժամկետում հակառակորդին պարտության մատնելը,

- Հայաստանի վրա զինված հարձակման դեպքում օդային գերիշխանությունը հակառակորդին վերապահելու բացառումը (վերոհիշյալ նկատառումներով) եւ հակաօդային պաշտպանության համակարգի ու ռազմաօդային ուժերի ամրապնդումը եւ զարգացումը,

- արդյունաբերության, մասնավորապես ռազմաարդյունաբերական համալիրի եւ գիտատեխնիկական ներուժի զարգացումը։

Ռազմական դոկտրինան ապահովում է հետեւյալ հիմնական միջոցառումների իրականացումը.

1/ ռազմական սպառնալիքի կանխատեսումը եւ գնահատումը.

2/ ռազմական սպառնալիքներին համարժեք կանխարգելիչ միջոցառումների իրականացումը.

3/ Հայաստանի Հանրապետության ազգային շահերի եւ նրա պաշտպանության համար անհրաժեշտ ռազմական հզորությունների ստեղծումը եւ զարգացումը.

4/ Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիաների կանխումը.

5/ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կողմից խաղաղ ժամանակներում երկրի հուսալի պաշտպանությունն ապահովելը, այլ զորքերի, ռազմական կազմավորումների հետ համատեղ ագրեսիաների կանխարգելման խնդիրների լուծումը.

6/ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով /համաձայնագրերով/ ստանձնած պարտավորությունների, /այդ թվում՝ խաղաղարար գործունեության/ կատարումը.

7/ դաշնակից պետությունների, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ այլ երկրների ու միջազգային կառույցների հետ Հայաստանի Հանրապետության ռազմական համագործակցությունը.

8/ ռազմաարդյունաբերական համալիրի վերակառուցումը, նոր տեխնոլոգիաների ստեղծումը եւ գիտատեխնիկական հնարավորությունների ընդլայնումը, ռազմական եւ հատուկ տեխնիկայի արդիականացումը.

9/ պետության ռազմական անվտանգության ապահովման նպատակով հիմնարար գիտական հետազոտությունների համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը եւ համապատասխան միջոցների /այդ թվում՝ դրամական / տրամադրումը.

10/ Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական պաշտպանության կազմակերպման եւ իրականացման, արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ վերացման միասնական պետական համակարգի կատարելագործումը, այդ թվում՝ օտարերկրյա պետությունների համանման համակարգերի հետ համագործակցությունը.

11/ բնակչության մոբիլիզացիոն պատրաստակամությունը /քաղաքացիական պաշտպանություն/.

12/ մոբիլիզացիոն ծավալման պլանները,

13/ պետական նյութական ռեզերվների ստեղծումը, պահպանումը եւ զարգացումը /զինված ուժերին եւ բնակչությանը պարեն, վառելանյութ եւ այլն մատակարարելու, կենսաապահովման համակարգերի ու ռազմական նշանակության ապրանքների արտադրության ապահովման համար անհրաժեշտ նյութական արժեքները/:

Հոդված 39. Հայաստանի Հանրապետության սահմանների պահպանության ոլորտի խնդիրները

Սահմանների պահպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման կարեւորագույն խնդիրներն են՝

1/ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պաշտպանությունը եւ անվտանգության ապահովումը.

2/ պետական սահմանի անձեռնմխելիության ապահովումը.

3/ սահմանների պահպանության ոլորտում միջպետական համագործակցության զարգացումը՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան.

4/ այլ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք տնտեսական, ժողովրդագրական, մշակութային եւ այլ բնույթի էքսպանսիաների դիմագրավումը.

5/ անօրինական միգրացիայի եւ մաքսանենգության կանխումը, Հայաստանի Հանրապետության պետական սահմանի խախտումների դեմ պայքարը.

6/ ԱՊՀ անդամ պետությունների սահմանապահ տարածքի անվտանգության ապահովման համար կոլեկտիվ միջոցառումների իրականացումը.

7/ սահմանային հարցերի խաղաղ լուծումը.

8/ պետական սահմանում անձի, հասարակության եւ պետության շահերի պաշտպանությունը.

9/ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից պետական սահմանի ռեժիմի, սահմանային ռեժիմի եւ պետական սահմանի անցման կետերի ռեժիմի պահպանման ապահովումը.

10/ սահմանների ճշգրտումը, սահմանագծումը, սահմանների ամրագրման օրենսդրական բազայի ստեղծումը /երկկողմանի պայմանագրեր եւ այլն/:

Հոդված 40. Հայաստանի Հանրապետության տեղեկատվական ոլորտի խնդիրները

Հայաստանի Հանրապետության տեղեկատվական ոլորտում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման կարեւորագույն խնդիրներն են՝

1/ տեղեկատվական անվտանգության հայեցակարգի մշակումը.

2/ տեղեկատվական գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սահմանադրական իրավունքների եւ ազատությունների իրականացումը.

3/ հայրենական տեղեկատվական ենթակառուցվածքների կատարելագործումը եւ պաշտպանությունը, համաշխարհային տեղեկատվական տարածքին Հայաստանի Հանրապետության ինտեգրումը.

4/ տեղեկատվական ոլորտում սպառնալիքների կանխումը.

5/ տեղեկատվության ոլորտի օրենսդրական կատարելագործումը.

6/ տեղեկատվության ոլորտի սուբյեկտների /մասնակիցների/ գործունեության համար հավասար պայմանների ստեղծումը.

7/ պետական գաղտնիք ներկայացնող տեղեկատվության պաշտպանությանն ուղղված միջոցառումների մշակումն ու իրականացումը.

8/ արտաքին տեղեկատվական էքսպանսիայի եւ հասարակական կարծիքի մանիպուլիացիայի, հասարակական գիտակցությանը հասցվող բարոյական վնասի կանխմանն ուղղված միջոցառումների մշակումը եւ իրականացումը:

Հոդված 41. Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության ոլորտի խնդիրները

Պարենային անվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման կարեւորագույն խնդիրներն են՝

1/ պարենային անվտանգության հայեցակարգի մշակումը.

2/ թունավոր եւ վնասակար նյութերից զերծ սննդամթերքով եւ սպառման այլ ապրանքներով ազգաբնակչության ապահովումը.

3/ Հայաստանում արտադրվող եւ հանրապետություն ներմուծվող սննդամթերքի եւ սպառման այլ առարկաների որակի ստանդարտների պետական համակարգի պահանջներին համապատասխանությունը.

4/ պարենային անկախությունը եւ պետության կողմից բնակչությանը պարենով ապահովելու մատչելիության պետական երաշխավորումը.

5/ պոտենցիալ վտանգ ներկայացնող նյութերի եւ օրգանիզմների գրանցման պետական համակարգի, ազգային ռեգիստրի եւ տվյալների բազայի ստեղծումը.

6/ ներմուծվող եւ արտահանվող սննդամթերքի եւ սպառման այլ ապրանքների որակի սերտիֆիկացումը.

7/ արտասահմանից սննդամթերքի ներկրման դադարեցման դեպքում պարենային ճգնաժամի կանխարգելումը.

8/ սպառման վայրում բնակչության գնողունակ պահանջարկը բավարարող ծավալներով սննդամթերքի եւ սպառման այլ ապրանքների առաջարկի ապահովումը.

9/ սոցիալական նպաստների, արտոնությունների, եկամուտների մակարդակի, գնային համակարգի սպառման կառուցվածքի պայմաններում բնակչության կողմից ֆիզիոլոգիական նորմերին համապատասխան սննդամթերքի եւ սպառման այլ ապրանքների ձեռքբերման հնարավորությունների ստեղծումը.

10/ պետական պարենային պահուստի առկայությունը, վերականգնումը եւ համալրումը.

11/ երկրի համար անհրաժեշտ սննդամթերքի հնարավոր առավելագույն ծավալի արտադրության ապահովումը.

12/ պարենային անվտանգության ապահովման պետական նպատակային ծրագրերի իրականացումը.

13/ պարենային անվտանգության ոլորտում իրավիճակի կանխատեսումը եւ պարենային ճգնաժամի կանխարգելման միջոցառումների իրականացումը։

Հոդված 42. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության ոլորտի խնդիրները

Սոցիալական ապահովության ոլորտում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման կարեւորագույն խնդիրներն են՝

1/ սոցիալական ապահովության հայեցակարգի մշակումը.

2/ բնակչության կենսամակարդակի բարձրացումը.

3/ սոցիալական ապահովության եւ աջակցության պետական եւ ոչ պետական գործում մեխանիզմների ձեւավորումը.

4/ բնակչության անապահով խավերի նկատմամբ հասցեագրված սոցիալական քաղաքականության իրականացումը.

5/ կենսաթոշակառուների, հաշմանդամների, ծերերի, երեխաների եւ բնակչության օգնության կարիք ունեցող այլ խավերի նկատմամբ պետական նպատակային ծրագրերի իրականացումը.

6/ հասարակության սոցիալական բեւեռացման մեղմացմանը եւ աղքատության վերացմանն ուղղված միջոցառումների իրականացումը.

7/ կենսաթոշակների, կրթաթոշակների, նպաստների, զբաղվածության, աշխատանքի վարձատրության, ինչպես նաեւ դրանցով պայմանավորված՝ բնակչության կենսամակարդակի բարձրացման նպատակով պետական ծրագրային քաղաքականության իրականացումը.

8/ բնակչության եւ նրա առանձին խավերի սոցիալական դրության եւ պաշտպանվածության չափանիշների մշակումը.

9/ սոցիալական պահանջմունքների նորմատիվների մշակումը /կենսաապահովման նվազագույն զամբյուղ, նվազագույն աշխատավարձ, նվազագույն կենսաթոշակ եւ այլն/:

ԳԼՈՒԽ 5.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 43. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համակարգի կառուցվածքը

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համակարգի բաղկացուցիչ տարրերն են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման մարմինները, այդ բնագավառում առկա

հարաբերությունները, պետության ռազմական դոկտրինան, գաղափարական, քաղաքական, սոցիալական, տնտեսական, պարենային, բնապահպանական, տեղեկատվական անվտանգության եւ առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի, արտաքին քաղաքականության հայեցակարգերը, ինչպես նաեւ դրանցով պայմանավորված օրենքները եւ այլ իրավական ակտերը։

Հոդված 44. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման մարմինները

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման համակարգի համապատասխան պետական մարմիններն իրենց իրավասությունների շրջանակում իրականացնում են քաղաքական, տնտեսական, ռազմական եւ այլ բնույթի միջոցառումներ՝ ուղղված անհատի, հասարակության եւ պետության անվտանգության ապահովմանը։

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման համակարգի մարմինները, դրանց իրավասությունները, կազմը, գործունեության կարգը եւ սկզբունքները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։

Հոդված 45. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման պետական քաղաքականության ծրագրային հիմունքները

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման բնագավառում պետական քաղաքականությունն իրականացվում է նպատակային ծրագրերի միջոցով։ Նպատակային ծրագրերը կառավարության ներկայացմամբ հաստատվում են Ազգային ժողովի կողմից՝ համապատասխան օրենքի ընդունմամբ։

ԳԼՈՒԽ 6.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 46. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչեւ 2003 թվականի սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարությունն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում պետության ռազմական դոկտրինան, գաղափարական, քաղաքական, սոցիալական, տնտեսական, պարենային, բնապահպանական, տեղեկատվական անվտանգության եւ առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի, արտաքին քաղաքականության հայեցակարգերի նախագծերը։

Հոդված 47. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից։