Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1099-04.09.2007-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի 2002 թվականի, ՀՕ-515-Ն) 2-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Բանկերի, ներդրումային եւ ապահովագրական ընկերությունների, կարգավորվող շուկայի օպերատորի եւ Կենտրոնական դեպոզիտարիայի կառավարման մարմինների եւ գլխավոր հաշվապահի կամ նման պարտականություններ իրականացնող անձի միջեւ այդպիսի իրավունքների ու պարտականությունների բաշխման առանձնահատկությունները սահմանվում են համապատասխանաբար «Բանկերի եւ բանկային գործունեության մասին», Հայաստանի Հանրապետության օրենքով, «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից չորս ամիս հետո:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀՀ կենտրոնական բանկի կողմից AEPLAC-ի հետ համատեղ մշակվել է «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի նախագիծ (այսուհետեւ՝ Նախագիծ): Նախագծի անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ ՀՀ-ի եւ Եվրոպական համայնքների միջեւ ստորագրված «Գործընկերության եւ համագործակցության մասին» համաձայնագրի 43-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ՀՀ-ը պարտավորվում է ֆինանսական ծառայությունների վերաբերյալ իր օրենսդրությունը մերձեցնել Եվրամիության օրենսդրությանը: Բացի այդ գործող «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքը համապարփակ եւ բավարար ձեւով չի կարգավորում արժեթղթերի շուկայի ոլորտում առաջացող իրավահարաբերությունները, առկա են բազմաթիվ բացեր եւ ներքին հակասություններ օրենքի տարբեր դրույթների միջեւ: Դժվարություններ են առաջանում նաեւ գործող օրենքի պրակտիկ կիրառման ընթացքում:

Նախագծում նախատեսվել են մի շարք նոր դրույթներ, որոնց շնորհիվ ՀՀ արժեթղթերի շուկայի ոլորտի կարգավորումը կդառնա առավել արդյունավետ:

Մասնավորապես,

Նախագծում նախատեսվել է ազդագրի պարտադիր գրանցման պահանջը միայն արժեթղթերի հրապարակային առաջարկի կամ կազմակերպված շուկայում առեւտրի թույլտվության դեպքերում, իսկ հաշվետու թողարկողների արժեթղթերի գրանցման պահանջը՝ կախված թողարկողի զուտ ակտիվների մեծությունից եւ գրանցված սեփականատերերի թվից, բացակայում է: Հստակեցվել են ազդագրի գրանցման եւ հրապարակման ընթացակարգերը:

Ընդլայնվել են ազդագրի գրանցման պահանջից բացառությունները, մասնավորապես սահմանվել են բացառություններ՝ կախված արժեթղթերի առաջարկի չափից, առաջարկվող արժեթղթերի անվանական արժեքից, ձեռքբերվող արժեթղթերի ծավալից: Կարճաժամկետ պարտքային արժեթղթերի հրապարակային առաջարկի դեպքում ազդագրի պահանջից բացառությունը սահմանված է ցանկացած թողարկողի համար:

Նախատեսված է ծրագրային (շարունակական) թողարկումների հնարավորություն մեկ ազդագրի հիման վրա, մասնավորապես, եթե թողարկողը 1 տարվա ընթացքում նախատեսում է 2 եւ ավելի թողարկումներ, ապա դա կարող է իրականացնել մեկ ծրագրային ազդագրի հիման վրա: Սա հատկապես կարեւոր է հիփոթեքային պարտատոմսերի համար:

Նախագիծը հնարավորություն է տալիս սահմանել ազդագրի ձեւի եւ բովանդակության նկատմամբ տարբեր պահանջներ՝ կախված արժեթղթերի տեսակից, ինչպես նաեւ սահմանված է ազդագրի ամփոփաթերթի կազմման եւ հրապարակման պարտադիր պահանջ:

Թողարկողը պարտավոր է հրապարակել ազդագիրը առնվազն էլեկտրոնային եղանակով:

Բանկերը եւ վարկային կազմակերպություները առանց լրացուցիչ լիցենզիայի կարող են մատուցել բոլոր ներդրումային ծառայությունները՝ Կենտրոնական բանկին նախապես տեղեկացնելու պայմանով:

Արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեությունները մասնատվել են, մասնավորապես՝ առանձին լիցենզավորման ենթակա են դարձել ներդրումային խորհրդատվությունը, արժեթղթերի տեղաբաշխումը, արժե՟թղթե՟րով գործարքների հանձնարարականների ստացումը եւ փոխանցումը եւ այլն: Ներդրումային ծառայությունների ձեւակերպումները համապատաս՟խանեցվել են ԵՄ դիրեկտիվների պահանջներին:

Սահմանվել են արժեթղթերի շուկա մուտքի խիստ պահանջներ ներդրումային ընկերությունների համար: Ներդրումային ընկերությունները գրանցվում եւ լիցենզավորվում են Կենտրոնական բանկի կողմից:

Նախատեսված է բորսայական եւ ոչ բորսայական կազմակերպված շուկաների ստեղծման հնարավորություն, որոնց օպերատորը Նախագծի համաձայն կարող է լինել միայն բաժնետիրական ընկերությունը:

Սահմանվել են արժեթղթերին եւ դրանց թողարկողներին վերաբերող ներքին տեղեկությունների գաղտնիության պահպանման եւ դրանց բացահայտման կանոններ, ինչպես նաեւ գնային չարաշահումների որակման առավել հստակ չափանիշներ:

Կենտրոնական դեպոզիտարիան ըստ Նախագծի ստեղծվում է միայն բաժնետիրական ընկերության տեսքով:

Կարգավորվում է ներդրումային ընկերությունների, բորսայի եւ այլ կազմակերպված շուկաների օպերատորի, ինչպես նաեւ Կենտրոնական դեպոզիտարիայի կապիտալում նշանակալից մասնակցությունը:

Օրենքի ընդունումը նախատեսում է լրացումներ եւ փոփոխություններ մի շարք այլ օրենքներում: Դրանք են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը, «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքը, «Բանկերի, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքը, «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքը, «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքը, «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքը, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքը, Սնանկության մասին» ՀՀ օրենքը եւ «Վարկային կազմակերպությունների մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքը: