Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-088-28.08.2007-ԱՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Հոդված 2. Սույն օրենքն  ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սույն օրենքի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության (ՀՀ) կողմից իրավամբ կճանաչվի Արցախի փաստացի կարգավիճակը` ելնելով նրանից, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) բավարարում է ինքնիշխան պետության համար միջազգային օրենքի բոլոր նախապայմանները: Օրենքը հիմք կհանդիսանա Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների` ԼՂՀ պաշտոնական ճանաչումից ծագող հարաբերությունները կարգավորելու, Արցախի անվտանգությունն ապահովելու եւ ամրապնդելու գործում ՀՀ իրավունքներն ու պարտականությունները որոշակիացնելու, Հայաստանի ազգային շահն ու պետական քաղաքականությունը սահմանելու, հետհակամարտյան վերականգնման աշխատանքներին Հայաստանի մասնակցության համար:

Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչում է, քանի որ`

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, իբրեւ ԽՍՀՄ ապագաղութացման սուբյեկտ, նախկին միութենական հանրապետությունների նման իր անկախությունը նվաճել է միջազգային իրավունքի սկզբունքներին եւ ԽՍՀՄ իրավական նորմերին համահունչ, մասնավորապես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա, իսկ այսօր ԼՂՀ-ն` իբրեւ անկախ պետություն, կայացած իրողություն է.

բ) Հայաստանի Հանրապետությունը ցայսօր չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` ելնելով այն հնարավոր հեռանկարից, որ հակամարտության կարգավորման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունները հակամարտության մեջ ներքաշված բոլոր կողմերի ու շահագրգիռ պետությունների եւ, առաջին հերթին, Արցախի բնակչության համաձայնության պարագայում կարող են այլ կարգավիճակ սահմանել ԼՂՀ համար.

գ) մինչ օրս բանակցությունների արդյունքում հակամարտող կողմերի համար ընդունելի լուծում չի գտնվել, թեեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը տեւապես պատրաստակամություն եւ քաղաքական կամք են դրսեւորել` գտնելու հակամարտության կարգավորման փոխընդունելի տարբերակ: Միեւնույն ժամանակ Ադրբեջանի Հանրապետությունն (ԱՀ) արդեն պաշտոնական դիրքորոշմամբ հայտարարում է նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքային սահմաններից դուրս խնդրի որեւէ լուծում մերժելու եւ ԼՂ ինքնավարությունից տարբեր այլ կարգավիճակ չընդունելու մասին: Ավելին` պաշտոնական Ադրբեջանն անթաքույց բարձրաձայնում է խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մարտակոչը եւ այդ նպատակով շարունակաբար մեծացնում իր բյուջեի ռազմական ծախսերը` ի խախտումն Եվրոպայում սովորական սպառազինությունների պայմանագրով սահմանված չափաբաժինների:

Հետեւապես Ադրբեջանի Հանրապետության ռազմական հրապարակային վտանգին դիմակայելու, ՀՀ եւ ԼՂՀ անվտանգության ներկայիս մակարդակը բարձրացնելու շահախնդրությամբ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ մեկտեղ երաշխավորում է ԼՂՀ բնակչության ապահովությունն ու նրա տարածքային ամբողջականությունը` ԼՂՀ նկատմամբ նախահարձակ որեւէ գործողության կամ բացահայտ սպառնալիքի դեպքում:

Սույն օրենքի ընդունմամբ, այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետությունը չի բացառում ԼՂՀ ժողովրդի կամոք այլ կարգավիճակի սահմանումը` այն հանրաքվեով ամրագրելու պարագայում: Արցախի ազգաբնակչության կողմից նման որոշում ընդունելու դեպքում Հայաստանի Հանրապետությունը կնպաստի դրա կենսագործմանը:

Օրենքը Հայաստանի Հանրապետությանը նաեւ թույլ կտա հետհակամարտյան վերականգնման շրջանում ԼՂՀ եւ շահագրգիռ այլ պետությունների, դոնոր կազմակերպությունների հետ միասին աջակցել հակամարտության գոտում պատերազմի հետեւանքների վերացմանը` խաղաղ քաղաքացիների կյանքի ու աշխատանքի բնականոն պայմանների ստեղծմանը, փախստականների վերադարձին եւ տարածքների վերաբնակեցմանը: