Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-087-23.08.2007-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածում, «ռադիոակտիվ նյութերի վերամշակման» բառերից հետո, լրացնել «ջրային համակարգերի» բառերը:

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը: 
  
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
 
«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման վերաբերյալ

Ջրային համակարգերի անվտանգության ապահովման դրույթները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 12-րդ` «Հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգությունը» գլխում: Մասնավորապես, 85-րդ եւ 86-րդ հոդվածներով սահմանվում են ՀՏԿ-ների անվտանգության հայտարարագրի եւ զննման պահանջները:

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության  ջրային օրենսգրքի պահանջների, Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունել է Հայաստանի Հանրապետության կառավարության «Հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության հսկողության եւ զննման կարգը հաստատելու մասին» 08.03.2003թ. N 686-Ն եւ «Հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության հայտարարագրի բովանդակությունը, դրա մշակման եւ փորձաքննության իրականացման կարգը» 31.07.2003թ. N 957-Ն որոշումները, որոնց պահանջների համաձայն` Ջրային համակարգերի օգտագործման պահպանության միջգերատեսչական տեխնիկական հանձնաժողովի եւ հիդրոտեխնիկական կառուցվածքները շահագործող կազմակերպությունների կողմից ներկայումս իրականացվում են համապատասխան գործընթացները:

ՀՏԿ-ները շահագործող կազմակերպությունը կազմված անվտանգության հայտարարագրերը ներկայացնում է Ջրային համակարգերի կառավարման մարմնի հաստատմանը, որոնք հիմք են հանդիսանում ՀՏԿ-ները պետական ջրային կադաստրում հաշվառելու համար:

Սակայն 2005 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունված «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ժամանակին չի համաձայնեցվել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ, եւ նրա մասնագետները օրենքի մշակման նախնական քննարկումներին չեն մասնակցել), Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի պահանջներով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին լիազորված մի շարք առանցքային իրավասություններ տրված են նաեւ Հայաստանի Հանրապետության  առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունում կազմավորված տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնին:

Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված գործառույթների կրկնություններից խուսափելու նպատակով, անհրաժեշտ է «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում կատարել համապատասխան փոփոխություն եւ լրացում` ջրային համակարգերը դրա գործողության ոլորտից դուրս բերելու համար: