Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-083-22.08.2007-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

Ընդհանուր դրույթներ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը ՀՀ Սահմանադրության եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքին համապատասխան սահմանում է Հայաստանի Հանրապետության արտադպրոցական կրթության ոլորտի պետական քաղաքականության հիմնական սկզբունքները, դրա իրավական, սոցիալ-տնտեսական, կազմակերպական եւ դաստիարակչական հիմքերը:

Հոդված 2. Հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետեւյալ իմաստները.

1. արտադպրոցական կրթության համակարգ - կրթական ենթահամակարգ, որը ներառում է անկախ սեփականության ձեւից եւ կազմակերպական իրավական տեսակից արտադպրոցական ուսումնական հաստատություններ, արտադպրոցական կրթության կենտրոններ, արտադասարանային եւ արտաուսումնական հաստատություններ,  այդ թվում միջդպրոցական ուսումնաարտադրական կոմբինատներ, հանրակրթական ուսումնական հաստատությունների, ուսումնա-արտադրական կոմբինատների եւ այլ ուսումնական հաստատությունների բազայի վրա ստեղծված խմբակներ, բաժանմունքներ, ակումբներ, միավորումներ, մշակութային-կրթական, մարմնամարզական-կազդուրողական, սպորտային եւ այլ հիմնարկներ, հիմնադրամներ, ընկերություններ, որոնց գործունեությունը կապված է արտադպրոցական կրթության հետ, արտադպրոցական կրթության կառավարման համապատասխան մարմիններ  եւ գիտա-մեթոդական հաստատություններ:

2. արտադպրոցական կրթություն - գիտելիքների, ունակությունների եւ հմտությունների ընդհանրություն, որոնք սաները, սովորողները եւ ունկնդիրներն ստանում են արտադպրոցական, հանրակրթական եւ այլ ուսումնական հաստատություններում` ուսումնառությունից ազատ ժամանակ:

3. արտադպրոցական ուսումնական հաստատություն - արտադպրոցական կրթության համակարգի բաղկացուցիչ, որը գիտելիքներ է հաղորդում` ձեւավորելով ունակություններ եւ հմտություններ հետաքրքրությունների ուղղությամբ, ապահովում է անհատի մտավոր, հոգեւոր ու ֆիզիկական զարգացումը, նախապատրաստում մասնագիտական եւ հասարակական գործունեությանը, պայմաններ ստեղծում բովանդակալից ժամանցի կազմակերպման եւ սոցիալական պաշտպանության համար սաների, սովորողների եւ ունկնդիրների ընդունակություններին, կարողություններին եւ առողջական վիճակին համապատասխան:

4. արտադպրոցական ուսումնական հաստատության մասնաճյուղերը - արտադպրոցական հաստատության տարածապես առանձնացված ստորաբաժանումներ, որոնք իրականացնում են նույնպիսի գործունեություն, ինչպիսին հիմնական արտադպրոցական հաստատությունն ամբողջությամբ կամ դրա առանձին ուղղություններով:

5. արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների բեռնվածությունը - արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատակիցների կողմից ուսումնա-դաստիարակչական գործընթացի իրականացման համար նախատեսված ժամանակը:

6. արտադպրոցական ուսումնական հաստատության կրթական գործունեություն - գիտելիքների հաղորդման, արտադպրոցական կրթության տարբեր ուղղությունների գծով ունակությունների եւ հմտությունների ձեւավորման, անձի տվյալներին եւ պահանջներին համապատասխան մտավոր եւ ստեղծագործական ընդունակությունների, ֆիզիկական որակների զարգացման գործընթաց:

7. սաներ - անձինք, ովքեր հաճախում են արտադպրոցական ուսումնական հաստատության խմբակներ, ակումբներ, ստեղծագործական միավորումներ, բաժանմունքներ` իրենց հետաքրքրությունների, ընդունակությունների եւ հակումների ուղղությամբ, ստանում միջմասնագիտական նախապատրաստություն:

8. սովորողներ - անձինք, որոնք հաճախում են արտադպրոցական ուսումնական հաստատության դասարաններ եւ այլ ստեղծագործական միավորումներ, որտեղ ուսումնա-դաստիարակչական  աշխատանքը կազմակերպված է դաս - դասարանային կամ այլ համակարգի ձեւով:

Հոդված 3. «Արտադպրոցական կրթության մասին» օրենքի խնդիրները

Սույն օրենքի խնդիրներն են.

1. քաղաքացիների` արտադպրոցական կրթություն ստանալու իրավունքների ապահովումը,

2.  արտադպրոցական կրթության նկատմամբ պետական քաղաքականության հիմնական սկզբունքների սահմանումը,

3. նորմատիվ-իրավական բազայի ստեղծումը արտադպրոցական կրթության հետագա զարգացման համար,

4. արտադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության իրավական հիմքերի սահմանումը,

5. արտադպրոցական ուսումնական հաստատություններում կրթա-դաստիարակչական գործընթացի հիմնական ուղղությունների, բովանդակության եւ ձեւերի սահմանումը,

6. ուսումնա-դաստիարակչական գործընթացի մասնակիցների իրավունքների եւ պարտականությունների սահմանումը, արտադպրոցական կրթության մասին օրենսդրության խախտման համար պատասխանատվության ամրագրումը,

7. արտադպրոցական կրթության զարգացմանն ուղղված իրավաբանական եւ ֆիզիկական անձանց բարեգործական գործունեության պայմանների ստեղծումը,

8. սաների, սովորողների եւ ունկնդիրների արտադպրոցական կրթության բովանդակությունը, ձեւերը եւ մեթոդները սահմանող ուսումնական հաստատությունների, հիմնարկների, կազմակերպությունների եւ պետական կառավարման մարմինների միջեւ հարաբերությունների կարգավորումը,

9. արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների, սաների, սովորողների եւ ունկնդիրների սոցիալական պաշտպանության համար պայմանների ստեղծումը:

Արտադպրոցական կրթությունն անընդհատ կրթության բաղկացուցիչ է եւ ուղղված է սաների, սովորողների եւ ունկնդիրների ընդունակությունների եւ հմտությունների զարգացմանը, նրանց հետաքրքրությունների, հոգեւոր պահանջների եւ պահանջմունքների բավարարմանը:

Հոդված 4. Արտադպրոցական կրթության կառուցվածքը

Արտադպրոցական կրթության կառուցվածքն են կազմում`

1. արտադպրոցական կրթական հաստատությունները,

2. արտադպրոցական կրթության կենտրոնները` արտադասարանային եւ արտաուսումնական ժամանակահատվածում գործող հաստատությունները, այդ թվում միջդպրոցական ուսումնաարտադրական կոմբինատները,

3. հանրակրթական ուսումնական հաստատությունների, միջդպրոցական ուսումնաարտադրական կոմբինատների, մասնագիտական-տեխնիկական ուսումնական հաստատությունների բազայի հիման վրա ստեղծված խմբակները, բաժանմունքները, ակումբները,

4.մշակութային-կրթական, մարմնամարզական-կազդուրողական, սպորտային եւ այլ ուսումնական հաստատությունները, հիմնարկները,

5. հիմնադրամները, ընկերությունները, որոնց գործունեությունը կապված է արտադպրոցական կրթության հետ:

Հոդված 5. Արտադպրոցական կրթության իրավունքը

1. Սաները, սովորողները եւ ունկնդիրներն իրավունք ունեն ստանալ արտադպրոցական կրթություն` իրենց ընդունակություններին, տաղանդին, ճաշակին եւ հետաքրքրություններին համապատասխան:

2. Արտադպրոցական կրթությունը քաղաքացիներն ստանում են արտադասարանային եւ արտաուսումնառության ժամանակ՝ արտադպրոցական կրթության կենտրոններ հանդիսացող արտադպրոցական ուսումնական հաստատություններում եւ այլ ուսումնական հաստատություններում` անկախ ենթակայությունից եւ սեփականության ձեւից: Արտադպրոցական կրթությունը հիմնված է հաստատության եւ գործունեության տեսակի ընտրության կամավորության սկզբունքի վրա եւ իրականացվում է ծնողների կամ նրանց փոխարինող անձանց, աշխատանքային կոլեկտիվների, հասարակական կազմակերպությունների, ընկերությունների, հիմնադրամների մասնակցությամբ:

3. Օրինական հիմքերով Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք արտադպրոցական կրթություն ստանում են ՀՀ քաղաքացիների համար արտադպրոցական կրթություն ստանալու սահմանված կարգով:

Հոդված 6. Արտադպրոցական կրթության լեզուն

Արտադպրոցական կրթությունը, ուսուցումն ու դաստիարակությունն իրականացվում է «Լեզվի մասին» ՀՀ օրենքին համապատասխան:

Հոդված 7. Արտադպրոցական կրթության հիմնական խնդիրները

Արտադպրոցական կրթության հիմնական խնդիրներն են.

1. Հայաստանի քաղաքացու ցանկալի դիմանկարի կերտումը,

2. անձի ազատ զարգացումը եւ նրա հասարակական փորձի ձեւավորումը,

3. սաների, սովորողների եւ ունկնդիրների մոտ Սահմանադրության, մարդու եւ քաղաքացու իրավունքների եւ ազատությունների նկատմամբ հարգանքի, սեփական արժանիքների, իր գործողությունների համար օրենքի նկատմամբ պատասխանատվության զգացմունքի  դաստիարակումը,

4. սաների, սովորողների եւ ունկնդիրների մոտ հայրենասիրության, հայ ժողովրդի, ինչպես նաեւ այլ ազգերի եւ ժողովուրդների ազգային արժեքների, ժողովրդական սովորույթների նկատմամբ հարգանքի դաստիարակումը,

5. սաների, սովորողների եւ ունկնդիրների մոտ հարգալից վերաբերմունքի դաստիարակումը ընտանիքի եւ տարեց մարդկանց նկատմամբ,

6. սաների, սովորողների եւ ունկնդիրների ստեղծագործ, մտավոր, հոգեւոր եւ ֆիզիկական զարգացման համար պայմանների ստեղծումը,

7. սաների, սովորողների եւ ունկնդիրների մոտ գիտակից եւ պատասխանատու վերաբերմունքի ձեւավորումը իր եւ շրջապատողների առողջության, անվտանգ գործելակերպի հմտությունների նկատմամբ,

8. կրթության կառուցվածքի այլ բաղկացուցիչների կողմից չապահովվող կրթական-մշակութային պահանջմունքների բավարարումը սաների, սովորողների  եւ ունկնդիրների մոտ,

9. մասնագիտական ինքնորոշման եւ ստեղծագործական իրքնաիրացման մեջ սաների, սովորողների եւ ունկնդիրների պահանջմունքների բավարարումը,

10. ընդունակ, օժտված, տաղանդավոր եւ հանճարեղ սաների, սովորողների եւ ունկնդիրների բացահայտումը, զարգացումը եւ աջակցությունը,

11. սաների, սովորողների եւ ունկնդիրների ֆիզիկական զարգացման կատարելագործումը, սպորտի տարբեր բնագավառներում հավաքական խմբերի համար սպորտային հերթափոխների նախապատրաստումը,

12. սաների, սովորողների եւ ունկնդիրների ժամանցի կազմակերպումը, դրա նոր ձեւերի բացահայտումը,

13. կրթադաստիարակչական գործընթացի մասնակիցների մոտ գիտակցական վերաբերմունքի դաստիարակումը անձնական եւ շրջապատողների անվտանգության նկատմամբ,

14. սաների, սովորողների եւ ունկնդիրների առողջ կենսակերպի ձեւավորումը,

15. տեղեկատվական-մեթոդական եւ կազմակերպչական զանգվածային-աշխատանքների իրականացումը:

Հոդված 8.   Արտադպրոցական կրթության ոլորտում պետական քաղաքականության սկզբունքները

1. Արտադպրոցական կրթության ոլորտում պետական քաղաքականության սկզբունքներն են`

ա. արտադպրոցական կրթության մատչելիությունը` անկախ ռասայից, կրոնական եւ այլ համոզմունքներից, սեռից, ժողովրդական եւ սոցիալական  ծագումից, գույքային դրությունից, բնակության վայրից, լեզվային կամ այլ հատկանիշներից,

բ. պետական արտադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսավորումը դրանց կառուցվածքին համապատասխան,

գ. արտադպրոցական ուսումնական հաստատությունների տեսակի, կրթության ձեւի եւ գործունեության տեսակների ընտրության կամավորությունը,

դ. կրթության գիտականությունը, աշխարհիկ բնույթը,

ե. սաների, սովորողների եւ ունկնդիրների իրավական եւ սացիալական պաշտպանվածությունը անձի ազատ, բազմակողմանի զարգացման նրանց ձգտումներում:

2. Արտադպրոցական կրթության ոլորտում պետական քաղաքականությունն ուղղված է `

ա. սաների, սովորողների եւ ունկնդիրների կողմից արտադպրոցական կրթության ստացման համար պայմանների ստեղծմանը,

բ. պետական արտադպրոցական ուսումնական հաստատությունների ցանցի պահպանմանն ու զարգացմանը` առանց դրանց վերամասնագիտացման եւ շինությունները, սարքավորումները, տեխնիկան օտարելու իրավունքի,

գ. պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, ձեռնարկությունների, հաստատությունների, կազմակերպությունների, քաղաքացիների, ընտանիքների եւ հասարակական միավորումների ջանքերի համախմբմանը արտադպրոցական կրթության հետագա կայացման եւ զարգացման ուղղությամբ:

Գլուխ II

Արտադպրոցական կրթության կազմակերպումը

Հոդված 9.  Արտադպրոցական կրթության կառավարման մարմինները: Պետական վերահսկողությունն արտադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության նկատմամբ:

1. Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները, որոնց իրավասության ոլորտում են գտնվում արտադպրոցական ուսումնական հաստատությունները եւ որոնք գործունեություն են իրականացնում արտադպրոցական կրթության ոլորտում, իրականացնում են նշված ուսումնական հաստատությունների գործունեության կառավարումը:

2. Արտադպրոցական կրթության պետական կառավարումն իրականացնում են`

ա. կրթության պետական կառավարման լիազորված մարմինը,

բ. պետական կառավարման այլ,  մարմինները, որոնց իրավասության ոլորտում են գտնվում արտադպրոցական ուսումնական հաստատությունները,

գ. մարզային պետական մարմինները եւ նրանց ենթակա կառավարման մարմինները, որոնց իրավասության ոլորտում են գտնվում արտադպրոցական ուսումնական հաստատությունները,

դ. տեղական ինքնակառավարման մարմինները:

3. Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը պետական կառավարման այլ մարմինների մասնակցությամբ, որոնց իրավասության ոլորտում են գտնվում արտադպրոցական ուսումնական հաստատությունները`

ա. մասնակցում է արտադպրոցական  կրթության ոլորտում պետական քաղաքականության մշակմանը եւ իրականացմանը,

բ. ձեւավորում է արտադպրոցական կրթության զարգացման ծրագրերը,

գ. մշակում է արտադպրոցական ուսումնական հաստատությունների մասին դրույթները, պատրաստում արտադպրոցական կրթության նյութա-տեխնիկական, ֆինանսական ապահովման նորմատիվների մասին առաջարկություններ, մշակում նորմատիվ իրավական ակտեր` արտադպրոցական ուսումնական  հաստատությունների մասնագետների, մանկավարժական աշխատողների համար սոցիալական երաշխիքներ սահմանելու ուղղությամբ,

դ. իրականացնում է արտադպրոցական ուսումնական հաստատությունների ուսումնամեթոդական ղեկավարումը, վերահսկողությունը եւ պետական տեսչական ստուգումը,

ե. իրականացնում է օրենքներով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված լիազորություններ:

4. Արտադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է կրթության ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնի, պետական կառավարման այլ մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:

5. Արտադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության նկատմամբ պետական վերահսկողության հիմնական ձեւը արտադպրոցական ուսումնական հաստատության պետական ատեստավորումն է, որն իրականացվում է ոչ պակաս, քան մեկ անգամ 5 տարվա ընթացքում` կրթության ոլորտի լիազորված պետական մարմնի կողմից սահմանված կարգով:

Արտադպրոցական ուսումնական հաստատությունների պետական ատեստավորման արդյունքները հրապարակվում են:

Արտադպրոցական ուսումնական հաստատությունների արտահերթ պետական ատեստավորումը, որպես բացառություն, կարող է անցկացվել միայն ոլորտի կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կամ պետական կառավարման այլ մարմինների որոշմամբ, որոնց իրավասության ոլորտում են գտնվում արտադպրոցական ուսումնական հաստատությունները:

6. Պետական կառավարման մարմինները եւ տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասությունների սահմաններում`

ա. հաստատում են արտադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման ծավալները ոչ ցածր, քան կրթության ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով որոշված նվազագույն նորմատիվները եւ ապահովում դրանց պահպանման համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորումը,

բ. ապահովում են արտադպրոցական ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազայի պահպանումն ու ամրապնդումը, դրանց հատկացված հողատարածությունների արդյունավետ օգտագործումը:

գ. սաների, սովորողների եւ ունկնդիրների համար ապահովում են պատշաճ պայմաններ  ստեղծագործական գործունեության ընտրության համար` նրանց հետաքրքրություններին, ծնողների կամ վերջիններիս փոխարինող անձանց պահանջներին համապատասխան,

դ. կարող են սահմանել լրացուցիչ մանկավարժական դրույթներ, որոշել արտադպրոցական ուսումնական հաստատություններում սաների, ուսանողների եւ ունկնդիրների չափաքանակը,

ե. միջոցներ են ձեռնարկում սոցիալական օգնության եւ սոցիալական վերականգնման կարիք ունեցող սաներին, սովորողներին եւ ունկնդիրներին արտադպրոցական կրթության տարբեր ձեւերում ներգրավելու ուղղությամբ,

զ. ապահովում են սաների, սովորողների, մանկավարժական աշխատակիցների, մասնագետների եւ արտադպրոցական ուսումնական հաստատությունների այլ աշխատակիցների սոցիալական պաշտպանությունը,

է. սահմանված կարգով կազմակերպում են արտադպրոցական ուսումնական հաստատությունների  մանկավարժական աշխատողների ատեստավորումը, որակավորման բարձրացումը,

ը. համակարգոււմ են ընտանիքների, ձեռնարկությունների, հասարակական կազմակերպությունների, արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական կոլեկտիվների գործունեությունը` սաների, սովորողների եւ ունկնդիրների կողմից արտադպրոցական կրթության ստացման ուղղությամբ,

թ. վերահսկողություն են իրականացնում արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական կոլեկտիվների նկատմամբ, ընդհանրացնում եւ տարածում նրանց աշխատանքային փորձը,

ժ. իրականացնում են արտադպրոցական ուսումնական հաստատությունների պետական ատեստավորումը,

ի. նպաստում են հոգաբարձական եւ խնամակալական խորհուրդների, բարեգործական հիմնադրամների ստեղծմանը,

լ. իրականացնում են այլ լիազորություններ` ՀՀ Սահմանադրությանը, «Տեղական ինքնակառավարման մասին», «Կրթության մասին», ՀՀ օրենքներին եւ սույն օրենքին համապատասխան:

Հոդված 10.  Արտադպրոցական ուսումնական հաստատության կառավարումը եւ ինքնակառավարումը

1. Արտադպրոցական ուսումնական հաստատության կառավարումն իրականացնում է նրա տնօրենը:

Արտադպրոցական ուսումնական հաստատության կառավարման կոլեգիալ մարմինը մանկավարժական խորհուրդն է, որի լիազորությունները սահմանվում է արտադպրոցական ուսումնական հաստատության կանոնադրությամբ:

2. Արտադպրոցական ուսումնական հաստատության հասարակական ինքնակառավարման մարմինը ուսումնական հաստատության կոլեկտիվի ընդհանուր ժողովն է /կոնֆերանսը/:

3. Արտադպրոցական ուսումնական հաստատությունում կարող են ստեղծվել որոշակի մասնագիտական ուղղվածություն ունեցող մեթոդական միավորումներ, որոնց լիազորությունները սահմանվում է տվյալ հաստատության կանոնադրությամբ:

Հոդված 11. Արտադպրոցական ուսումնական հաստատությունը

1. Պետական արտադպրոցական ուսումնական հաստատությունը հիմնարկի կամ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է : Իր գործունեության նպատակին համապատասխան պետական արտադպրոցական ուսումնական հաստատությունը կարող է իրականացնել վճարովի ծառայություններ:

2. Ոչ պետական արտադպրոցական ուսումնական հաստատությունները կարող են ունենալ օրենքով նախատեսված ցանկացած կազմակերպական-իրավական ձեւ:

3. Արտադպրոցական ուսումնական հաստատությունները կարող են գործել արտադպրոցական կրթություն իրականացնող կենտրոնների, համալիրների, պալատների, ակումբների, կայանների, ստուդիաների, արվեստի դպրոցների, մասնագիտացված գեղարվեստական ուսումնական հաստատությունների, սպորտային դպրոցների, օլիմպիական պահուստի մանկապատանեկան սպորտային դպրոցների, ըստ բնակության վայրի մարմնամարզական-սպորտային ակումբների, հաշմանդամների մարմնամարզական-կազդուրողական ակումբների, մանկական մարզադաշտերի, մանկական գրադարանների, պատկերասրահների, կազդուրողական հաստատությունների ձեւով:

4. Արտադպրոցական ուսումնական հաստատությունները կարող են լինել համալիր եւ մասնագիտացված:

Համալիր արտադպրոցական ուսումնական հաստատությունները սաների, սովորողների եւ ունկնդիրների հետ աշխատանքը կազմակերպում են արտադպրոցական կրթության տարբեր ուղղություններով /գեղարվեստական-գեղագիտական, զբոսաշրջիկության, բնապահտպանական, գիտա- տեխնիկական, փորձա-փորձարարական, մարմնամարզական-սպորտային կամ սպորտային, ռազմա- հայրենասիրական, գրադարանային-մատենագիտական, սոցիալ-վերականգնողական, կազդուրողական, հումանիտար/:

Համալիր արտադպրոցական ուսումնական հաստատությունների թվին են դասվում պալատները, մանկապատանեկան տները, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնները:

Մասնագիտացված արտադպրոցական ուսումնական հաստատություններն իրենց աշխատանքը կազմակերպում են արտադպրոցական գործունեության որոշակի ուղղվածությամբ:

Մասնագիտացված արտադպրոցական ուսումնական հաստատությունների թվին են դասվում զբոսաշրջիկության, գիտա-տեխնիկական, բնապահտպանական, սպորտային-կազդուրողական, գեղարվեստական-գեղագիտական ստեղծագործության, ռազմահայրենասիրական ուղղվածության կենտրոնները, ակումբները, պատանի զբոսաշրջիկների, բնախույզների,  տեխնիկների կայանները, արվեստի դպրոցները, մասնագիտացված գեղարվեստական ուսումնական հաստատությունները, մանկապատանեկան սպորտային դպրոցները, կազդուրողական հաստատությունները:

5. Արտադպրոցական ուսումնական հաստատությունների տեսակների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Արտադպրոցական ուսումնական հաստատությունների ստեղծագործական միավորումները դասակարգվում են երեք մակարդակների`

սկզբնական մակարդակ-ընդհանուր զարգացման ուղղվածությամբ ստեղծագործական միավորումներ, որոնք նպաստում են սաների, սավորողների եւ ունկնդիրների ընդունակությունների, ձիրքերի բացահայտմանը կամ նրանց հետաքրքրության զարգացմանը` ստեղծագործական գործունեության նկատմամբ,

հիմնական մակարդակ-սաների, սովորողների եւ ունկնդիրների կայուն հետաքրքրությունները զարգացնող, մասնագիտական կողմնորոշման մեջ պահանջմունքները բավարարող գիտելիքներ, գործնական կարողություններ եւ հմտություններ տվող ստեղծագործական միավորումներ,

բարձրագույն մակարդակ-ընդունակ եւ տաղանդավոր սաների, սովորողների եւ ունկնդիրների հետաքրքրությունների ուղղությամբ ստեղծագործական միավորումներ:

Հոդված 12. Արտադպրոցական ուսումնական հաստատության կանոնադրությունը

1. Արտադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

2. Արտադպրոցական ուսումնական հաստատությունը արտադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրության հիման վրա մշակում է իր կանոնադրությունը, որը հաստատվում է սեփականատիրոջ /հիմնադրի/ կողմից:

3. Արտադպրոցական ուսումնական հաստատության կանոնադրությունում նշվում են հաստատության անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը, հաստատության գտնվելու վայրը, գործունեության առարկան եւ նպատակները, կառավարման կարգը, գույքի ձեւավորման աղբյուրները, ուսումնական հաստատության լուծարման դեպքում` գույքի տնօրինման կարգը: Կանոնադրությունը կարող է պարունակել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ դրույթներ:

Հոդված 13. Արտադպրոցական ուսումնական հաստատության ստեղծումը, վերակազմակերպումը եւ լոււծարումը

1. Արտադպրոցական ուսումնական հաստատությունն ստեղծվում է հիմնադրի /հիմնադիրների/ որոշմամբ:

2. Արտադպրոցական ուսումնական հաստատությունն ստեղծված է համարվում հիմնադրի /հիմնադիրների/ կողմից դրա կանոնադրությունը հաստատելու եւ օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալու պահից:

3. Արտադպրոցական ուսումնական հաստատության հիմնադիրներ կարող են լինել`

ա. պետական կառավարման մարմինները,

բ. տեղական ինքնակառավարման մարմինները,

գ. ձեռնարկությունները, հաստատությունները, կազմակերպությունները եւ դրանց միավորումները՝ անկախ սեփականության  ձեւից եւ ենթակայությունից,

դ. ՀՀ քաղաքացիները:

4.  Արտադպրոցական ուսումնական հաստատություններն ստեղծվում են հաշվի առնելով սոցիալ- տնտեսական, ազգային, մշակութային-կրթական պահանջմունքները, անհրաժեշտ ուսումնա-մեթոդական եւ նյութա-տեխնիկական բազայի, մանկավարժական կադրերի առկայությունը եւ սանիտարահիգենիկ նորմերի, կանոնների եւ ստանդարտների պահպանումը:

5.  Արտադպրոցական ուսումնական հաստատությունը կարող է ստեղծել մասնաճյուղեր: Մասնաճյուղն իրավաբանական անձ չէ եւ գործում է ուսումնական հաստատության հաստատած կանոնադրության համաձայն:

6. Արտադպրոցական ուսումնական հաստատության վերակազմակերպումը եւ լուծարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությունը այլ օրենքներին համապատասխան: 

Գլուխ III

Արտադպրոցական կրթության կազմակերպումը արտադպրոցական ուսումնական հաստատությունում

Հոդված 14. Արտադպրոցական կրթության հիմնական ուղղությունները

Արտադպրոցական կրթությունն արտադպրոցական ուսումնական հաստատություններում կարող է իրականացվել հետեւյալ ուղղություններով`

1. գեղարվեստական-գեղագիտական. ապահովում է ստեղծագործական ունակությունների, տաղանդի զարգացում, սաների, սովորողների եւ ունկնդիրների կողմից գործնական հմտությունների ձեռքբերում, հայրենական եւ համաշխարհային մշակույթի ու արվեստի վերաբերյալ գիտելիքների տիրապետում,

2.  զբոսաշրջիկության-գավառագիտության. ուղղված է սաներին, սովորողներին եւ ունկնդիրներին հայրենի երկրի եւ շրջակա միջավայրի, համաշխարհային քաղաքակրթության, սոցիալական կյանքի երեւույթների եւ աշխարհագրական, ժողովրդագրական, պատմական օբյեկտների ուսումնասիրման ակտիվ գործունեության մեջ ներգրավելուն, զբոսաշրջիկության եւ գավառագիտության  վերաբերյալ գործնական կարողությունների եւ հմտությունների  տիրապետմանը,

3. բնապահպանական-բնանկարագրական. նախատեսում է սաների, սովորողների եւ ունկնդիրների կողմից շրջակա միջավայրի մասին գիտելիքների տիրապետում, անձի բնապահպանման կրթվածության ձեւավորում, բնապահպանական հիմնախնդիրների լուծման փորձի եւ գիտելիքների ձեռքբերում, գործնական բնապահպանական աշխատանքի եւ այլ կենսաբանական ուղղությունների մեջ ներգրավում, գյուղատնտեսության ճյուղերի` ծաղկաբուծության, անտառապատման, այգեգործության, սնկաբուծության եւ թռչնաբուծության վերաբերյալ գիտելիքների, հմտությունների ձեւավորումը,

4. գիտա-տեխնիկական. ապահովում է սաների, սովորողների եւ ունկնդիրների կողմից տեխնիկա-տեխնոլոգիական կարողությունների եւ հմտությունների ձեռքբերում, գիտական աշխարհայացքի ընդլայնում, ակտիվ գիտա-հետազոտական աշխատանքներին նախապատրաստում, ժամանակակից տեխնիկայի եւ տեխնոլոգիաների տիրապետում,

5. փորձա-փորձարարական. նպաստում է սաներին, սավորողներին եւ ունկնդիրներին գիտության, տեխնիկայի, մշակույթի եւ արվեստի տարբեր ոլորտների գիտահետազոտական, փորձարարական, կոնստրուկտորային եւ հնարագիտական աշխատանքների մեջ ներգրավելուն, ինչպես նաեւ երիտասարդ տաղանդների եւ շնորհալիների համար ստեղծագործական ինքնակատարելագործման, բացահայտման, զարգացման եւ աջակցության համար պայմանների ստեղծմանը,

6. մարմնամարզական-սպորտային կամ սպորտային. ապահովում է սաների, սովորողների եւ ունկնդիրների ֆիզիկական  ընդունակությունների զարգացումը, լիարժեք կազդուրման, կոփման, բովանդակալից հանգստի եւ ժամանցի, մարմնամարզությամբ եւ սպորտով զբաղվելու համար անհրաժեշտ պայմաններ, սպորտային պաշարների նախապատրաստում հավաքական խմբերի համար, առողջ կենսակերպի հմտությունների ձեռքբերում,

7. ռազմա-հայրենասիրական. ապահովում է սաների, սովորողների եւ ունկնդիրների ռազմական ծառայության նախապատրաստման ենթակա մակարդակը, հայրենասիրական զգացումների եւ քաղաքացիական պատասխանատվության դաստիարակումը,

8. գրադարանային-մատենագիտական. ուղղված է սաների, սովորողների եւ ունկնդիրների ճանաչողական հետաքրքրությունների խորացմանը, նրանց տեղեկատվական կրթվածության բարձրացմանը, տեղեկատվության աճող հոսքի մեջ կողմնորոշվելու ունակությունների եւ հմտությունների ձեռքբերմանը,

9. սոցիալ-վերականգնողական. ապահովում է սաների, սովորողների եւ ունկնդիրների հետաքրքրությունների, ընդունակությունների, հակումների, պահանջների սոցիալական կայացումն ու զարգացումը, նրանց նախապատրաստումը ակտիվ մասնագիտական եւ հասարակական գործունեությանը, նրանց բովանդակալից ժամանցի եւ հանգստի կազմակերպումը,

10. կազդուրողական. ապահովում է բովանդակալից հանգստի համար անհրաժեշտ պայմաններ եւ նախատեսում է սաների, սովորողների եւ ունկնդիրների կողմից առողջ կենսակերպի մասին գիտելիքների տիրապետում, նրանց կազդուրման կազմակերպումը, հմտությունների ձեռքբերումն ու ամրապնդումը, անձնական առողջության ամրացում եւ անհատի հիգենիկ կրթվածության ձեւավորում,

11. հումանիտար. ապահովում է սաների, սովորողների եւ ունկնդիրների ընդունակությունների, ձիրքերի, գործնական հմտությունների զարգացումը, սոցիալ-հումանիտար շարքի գիտությունների հիմունքների գծով գիտելիքների տիրապետում:

Հոդված 15. Արտադպրոցական ուսումնական հաստատության դասընթացների տեւողությունը եւ աշխատանքի ռեժիմը

Արտադպրոցական ուսումնական հաստատությունների դասընթացների տեւողությունը սահմանվում է ուսումնական պլաններին եւ ծրագրերին համապատասխան առանձին տարիքային խմբերի հոգեբանաֆիզիոլոգիական զարգացման եւ թույլատրելի ծանրաբեռնվածության հաշվառմամբ` հետեւյալ սանդղակով.

5-ից 6 տարեկան տարիքային խմբերի համար      30 րոպե

6-ից 7 տարեկան տարիքային խմբերի համար      35 րոպե

այլ խմբերի համար     45 րոպե

Ամենօրյա աշխատանքի ռեժիմը սահմանվում է արտադպրոցական ուսումնական հաստատության կողմից կառավարման համապատասխան մարմնի /կամ հիմնադրի/ երաշխավորությամբ:

Արտադպրոցական ուսումնական հաստատությունն ապահովում է ուսուցման, կրթության եւ աշխատանքի անվտանգ պայմաններ:

Արտադպրոցական ուսումնական հաստատության ուսումնական տարվա տեւողությունը սահմանվում է կառավարման համապատասխան մարմնի /կամ հիմնադրի/ կողմից:

Հոդված 16. Արտադպրոցական կրթության կազմակերպման ձեւերը

1. Սաների, սովորողների եւ ունկնդիրների արտադպրոցական կրթությունն իրականացվում է տարբերակված՝ անհատական հնարավորություններին, հետաքրքրություններին, հակումներին, ընդունակություններին, առողջական վիճակին համապատասխան:

Արտադպրոցական կրթության իրականացման ձեւերն են պարապմունքները, խմբակային աշխատանքը, ակումբային աշխատանքը, դասընթացները, դասախոսությունները, անհատական պարապմունքները, կոնֆերանսները, ընթերցանությունը, վիկտորինան, համերգը, մրցույթը, մարզումը, փորձը, արշավը, էքսկուրսիան, լաբորատորիաներում, ջերմոցներում, գիտափորձարարական հողամասերում, գյուղատնտեսական եւ արդյունաբերական ձեռնարկություններում, բնության մեջ եւ արտադպրոցական ուսումնական հաստատության կանոնադրությամբ նախատեսված այլ ձեւերով գործնական աշխատանքը:

2. Արտադպրոցական ուսումնական հաստատություններում խմբերի եւ այլ կազմակերպական ձեւերի  միջին  հագեցվածությունը,  որպես կանոն,  կազմում է  10-15 սան,  սովորող եւ ունկնդիր:

Խմբերի սահմանային  հագեցվածությունը սաների, սովորողների եւ ունկնդիրների զարգացմանը, նրանց տարիքային խմբերին, հմտության մակարդակին համապատասխան սահմանվում է արտադպրոցական  ուսումնական  հաստատությունների  կանոնադրությամբ:

Խմբերի հագեցվածությունը սահմանում է արտադպրոցական ուսումնական հաստատության տնօրենը` կախված ուսումնա-դաստիարակչական գործընթացի կազմակերպման հնարավորություններից եւ ուղղվածությունից:

Անհատական ուսուցում նախատեսող խմբերի թվային կազմը չի կարող գերազանցել 5 սանը, սովորողը եւ ունկնդիրը:

Արտադպրոցական ուսումնական հաստատություններում անհատական եւ խմբային աշխատանքի կազմակերպման կարգը հաստատում է կառավարման համապատասխան մարմինը /կամ հիմնադիրը/:

3. Արտադպրոցական ուսումնական հաստատություններն իրենց շրջանավարտներին տալիս են արտադպրոցական կրթության վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր / վկայականներ/:

Վկայականների ձեւերը հաստատում է կրթության ոլորտի պետական կառավարման լիազորված մարմինը:

Պետական արտադպրոցական  ուսումնական հաստատությունների համար վկայականների պատրաստումն իրականացվում է պետական բյուջեի հաշվին:

Մասնավոր  արտադպրոցական ուսումնական հաստատությունների համար վկայականների պատրաստումն իրականացվում է հիմնադիրների / սեփականատերերի/ միջոցների հաշվին: 

Գլուխ IV

Արտադպրոցական ուսումնական հաստատության ուսումնա-դաստիարակչական գործընթացի մասնակիցները

Հոդված 17. Արտադպրոցական ուսումնական հաստատության ուսումնա-դաստիարակչական գործընթացի մասնակիցները

Արտադպրոցական ուսումնական հաստատության ուսումնա-դաստիարակչական գործընթացի մասնակիցներն են.

- սաները, սովորողները, ունկնդիրները,

- արտադպրոցական ուսումնական հաստատության տնօրենը, փոխտնօրենները,

- մանկավարժական աշխատակիցները, հոգեբանները, սոցիալական մանկավարժները, գրադարանավարները, ուսումնա-դաստիարակչական գործընթացում ներգրավված մասնագետները,

-  ծնողները կամ նրանց փոխարինող անձինք,

-  ուսումնա-դաստիարակչական գործընթացի իրականացմանը մասնակցող ձեռնարկությունների, հաստատությունների, կազմակերպությունների ներկայացուցիչները:

Հոդված 18. Արտադպրոցական ուսումնական հաստատությունների սաների, սովորողների եւ ունկնդիրների իրավունքները, պարտականությունները եւ սոցիալական պաշտպանությունը

1. Արտադպրոցական ուսումնական հաստատության սաների, սովորողների եւ ունկնդիրների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են ՀՀ Սահմանադրությամբ, «Կրթության մասին» ՀՀ օրենքով, սույն օրենքով եւ այլ նորմատիվ-իրավական ակտերով:

2. Պետությունն իրականացնում է արտադպրոցական ուսումնական հաստատության սաների, սովորողների եւ ունկնդիրների իրավունքների պաշտպանությունը եւ ապահովում է բազմազավակ ընտանիքների անչափահաս երեխաների, հաշմանդամ, որբ եւ ծնողական խնամքից զուրկ երեխաների դաստիարակման եւ կրթության կազմակերպումը՝ օրենսդրությանը:

3. Արտադպրոցական ուսումնական հաստատության սաների, սովորողներին եւ ունկնդիրների աշխատանքների եւ ուսումնական գործընթացի  հետ չկապված միջոցառումների իրականացմամբ` ուսումնառության ժամանակի հաշվին, արգելվում է:

4. Պետական կառավարման մարմինները սահմանում են գյուղական, համայնքային, քաղաքային, մարզային, հանրապետական եւ միջազգային մրցույթների, մրցախաղերի, օլիմպիադաների, ցուցահանդեսների հաղթողների բարոյական խթանման եւ նյութական խրախուսման տարբեր տեսակներ:

5. Արտադպրոցական ուսումնական հաստատության սաները, սովորողները եւ ունկնդիրները ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով իրավունք ունեն արտոնյալ կամ անվճար պայմաններով այցելել թանգարաններ, պատմաճարտարապետական հուշարձաններ:

7. Անկախ ենթակայությունից, սեփականության ձեւից եւ տեսակից արտադպրոցական ուսումնական հաստատությունների սաները, սովորողները եւ ունկնդիրներն անվճար բուժսպասարկման իրավունք ունեն պետական կառավարման համապատասխան մարմինների կողմից սահմանված առողջապահական հիմնարկներում:

8. Սույն օրենքին համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինները կարող են սահմանել  սաներին, սովորողներին եւ ունկնդիրներին քաղաքային եւ մերձքաղաքային տրանսպորտով երթեւեկելու արտոնություններ:

Հոդված 19. Արտադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատակիցները

1. Արտադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատակիցը պետք է լինի բարձր հատկանիշներով օժտված անձ, ունենա բարձրագույն մանկավարժական կամ այլ մասնագիտական կրթություն, մասնագիտական պատրաստվածության անհրաժեշտ մակարդակ, իրականացնի մանկավարժական գործողություն, ապահովի իր աշխատանքի արդյունավետությունն ու որակը, եւ որի առողջության ֆիզիկական եւ հոգեկան վիճակը թույլ է տալիս կատարել մասնագիտական պարտականություններ արտադպրոցական ուսումնական հաստատություններում:

2. Արտադպրոցական կրթության համակարգի մանկավարժական աշխատակիցների պաշտոնների ցանկը սահմանում է հիմնադիրը:

3. Անկախ ենթակայությունից, սեփականության ձեւից եւ տեսակից, արտադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարի պաշտոնը կարող է զբաղեցնել ՀՀ քաղաքացի հանդիսացող անձը, որն ունի բարձրագույն մանկավարժական կրթություն, առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ:

4. Արտադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատակիցների իրավունքները, պարտականություններն ու սոցիալական երաշխիքները սահմանվում են ՀՀ Սահմանադրությամբ, «Կրթության մասին» ՀՀ օրենքով եւ այլ նորմատիվ-իրավական ակտերով:

Արտադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատակիցներին տրվում է տարեկան հերթական արձակուրդ` ոչ պակաս, քան 48 օրացուցային օր տեւողությամբ:

Հոդված 20. Արտադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատակիցների մանկավարժական ծանրաբեռնվածությունը

1. Արտադպրոցական ուսումնական հաստատության խմբակների, բաժանմունքների, ստուդիաների, ակումբների, ստեղծագործական միավորումների ղեկավարների մանկավարժական ծանրաբեռնվածությունը ներառում է 18 ուսումնական ժամ` ուսումնական շաբաթվա կտրվածքով, ինչն էլ կազմում է տարիֆային դրույքը, ինչպես նաեւ մանկավարժական գործունեության այլ տեսակներ` տարիֆային դրույքի նկատմամբ հետեւյալ հարաբերությամբ.

արհեստանոցների վարումը`   10-15 տոկոս

ուսումնական կաբինետների, լաբորատորիաների, բնության մեկուսավայրերի, ծառաստանների, ձմեռային այգիների վարումը` 10-15 տոկոս

ուսումնա-փորձարարական  տեղամասերի, ջերմոցների վարումը`  10-15 տոկոս

2. Արտադպրոցական ուսումնական հաստատության այլ տեսակների համար լրավճարների չափերն ու կարգը որոշում է ՀՀ կառավարությունը:

Արտադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական ծանրաբեռնվածության բաշխումն իրականացնում է նրա ղեկավարը եւ հաստատում կառավարման համապատասխան մարմինը /կամ հիմնադիրը/:

3. Ուսումնական տարվա ընթացքում մանկավարժական ծանրաբեռնվածության վերաբաշխումը հնարավոր է սահմանված կարգով ուսումնական պլանով նախատեսված ժամերի քանակի փոփոխության պատճառով կամ մանկավարժական աշխատակցի գրավոր համաձայնությանբ:

Հոդված 21. Արտադպրոցական կրթության համակարգի աշխատանքային հարաբերությունները

1. Արտադպրոցական կրթության համակարգի աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են աշխատանքային օրենսդրությամբ, «Կրթության մասին» ՀՀ օրենքով, սույն օրենքով եւ այլ նորմատիվ-իրավական ակտերով:

2. Արտադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարի նշանակումը եւ պաշտոնից ազատումը իրականացվում է տվյալ հաստատության կանոնադրությանը համապատասխան:

3. Արտադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական եւ այլ աշխատակիցների նշանակումն ու պաշտոնից ազատումն իրականացնում է նրա ղեկավարը:

Հոդված 22. Արտադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական  աշխատակիցների պատրաստումն  ու որակավորման բարձրացումը

1. Արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատակիցների պատրաստումն իրականացնում են մանկավարժական եւ այլ բարձրագույն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները, լրացուցիչ կրթական ծրագրեր իրականացնող այլ հաստատությունները:

2. Պետական  արտադպրոցական  ուսումնական  հաստատությունների մանկավարժական աշխատակիցների որակավորման բարձրացումն իրականացվում է ոչ պակաս, քան 5 տարին մեկ անգամ` պետական բյուջեի միջոցների հաշվին:

Մասնավոր արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատակիցների որակավորման բարձրացումն իրականացվում է ոչ պակաս, քան 5 տարին մեկ անգամ սեփականատիրոջ /հիմնադրի/ միջոցների հաշվին:

Հոդված 23. Արտադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատակիցների ատեստավորումը

1. Անկախ ենթակայությունից, սեփականության ձեւից եւ տեսակից, արտադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատակիցների ատեստավորումը, որպես կանոն, իրականացվում է 5 տարին մեկ անգամ, կրթության ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված, մանկավարժական աշխատակիցների ատեստավորման կարգին համապատասխան:

Գլուխ V

Արտադպրոցական  ուսումնական  հաստատության  ֆինանսա-տնտեսական  գործունեությունն   ու  նյութա-տեխնիկական  բազան

Հոդված 24. Արտադպրոցական ուսումնական հաստատության ֆինանսա-տնտեսական գործունեությունը

1. Արտադպրոցական ուսումնական հաստատության ֆինանսա-տնտեսական գործունեությունն իրականացվում է տվյալ ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, սույն օրենքին եւ այլ նորմատիվ- իրավական ակտերին համապատասխան:

2. Պետական արտադպրոցական ուսումնական հաստատության ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին, իսկ մասնավոր արտադպրոցական ուսումնական հաստատությունների  ֆինանսավորումը` հիմնադիրների  /սեփականատերերի/ միջոցների հաշվին:

Պետական եւ մասնավոր արտադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսավորումը կարող է իրականացվել նաեւ օրենսդրությամբ չարգելված ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրների հաշվին:

Բազմազավակ եւ անապահով ընտանիքների, հաշմանդամ, որբ եւ ծնողական խնամքից զուրկ երեխաներն ստանում են անվճար արտադպրոցական կրթություն:

3. Արտադպրոցական ուսումնական հաստատության ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներ են՝

- լրացուցիչ կրթական ծառայությունների տրամադրման դիմաց միջոցները, ձեռնարկությունների, հաստատությունների, կազմակերպությունների եւ քաղաքացիների պատվերով արտադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից իրականացված աշխատանքների, սեփական արտադրանքի իրացումից, շենքերը, սարքավորումները վարձակալությամբ տրամադրելուց ստացված եկամուտները, որոնք ուղղվում են  արտադպրոցական ուսումնական հաստատության սոցիալական կարիքներն ու զարգացմանը,

- մարդասիրական օգնությունը,

- ձեռնարկություններից, հաստատություններից, կազմակերպություններից ու առանձին քաղաքացիներից ստացված կամավոր դրամական մուծումներն ու նյութական արժեքները:

Ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրների հաշվին ստացված միջոցները արտադպրոցական ուսումնական հաստատությունն օգտագործում է իր կանոնադրությամբ նախատեսված գործունեության ուղղությամբ:

4. Պետական արտադպրոցական ուսումնական հաստատությունների բյուջետային ֆինանսավորումը չի կարող կրճատվել կամ դադարեցնել` նշված հաստատություններում ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրների առկայության դեպքում:

Ընթացիկ տարում  արտադպրոցական ուսումնական հաստատության չօգտագործված արտաբյուջետային միջոցները չեն կարող բռնագրավվել` բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

Հոդված 25. Արտադպրոցական ուսումնական հաստատության նյութա-տեխնիկական բազան

1. Արտադպրոցական ուսումնական հաստատությունը տիրապետում, օգտագործում եւ տնօրինում է գույքը, հողամասը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

Ուսումնա-դաստիարակչական աշխատանքների իրականացման համար արտադպրոցական ուսումնական հաստատություններին, օգտագործման համար կամ վարձակալությամբ, անվճար կամ արտոնյալ պայմաններով, տրամադրվում են սպորտային օբյեկտներ, կազդուրողական եւ այլ հաստատություններ: Նշված օբյեկտները օգտագործման համար կամ վարձակալությամբ տրամադրելու կարգը սահմանվում է պետական կառավարման տեղական  մարմինների կողմից` ՀՀ օրենսդրությանը համապատասխան:

2. Արտադպրոցական ուսումնական հաստատության նյութա-տեխնիկական բազայի նկատմամբ պահանջները որոշվում են համապատասխան շինարարական եւ սանիտարա-հիգենիկ նորմերով, արտադպրոցական ուսումնական հաստատության կազմակերպման ու պահպանման կանոններով եւ ստանդարտներով, ուսումնական պլաններով ու ծրագրերով: Արտադպրոցական ուսումնական հաստատության նյութատեխնիկական բազային են վերաբերվում նրա սեփականությունը հանդիսացող կամ լրիվ տնտեսվարման, օպերատիվ կառավարման տակ գտնվող, վարձակալված կամ հիմնադրի /սեփականատիրոջ/ կողմից տրամադրված շենքը, շինությունները, սարքավորումները, կապի միջոցները, տրանսպորտային միջոցները, հողամասերը, շարժական եւ անշարժ գույքը:

Արտադպրոցական ուսումնական հաստատությունն ինքնուրույն տնօրինում է տնտսական եւ այլ տեսակի գործունեությունից ստացված միջոցները` իր կանոնադրությանը համապատասխան: Արտադպրոցական ուսումնական հաստատությունն անվճար օգտվում է հողատարածություններից, որոնց վրա գտնվում է եւ պատասխանատվություն կրում բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման եւ վերականգնման համար:

3. Պետական արտադպրոցական ուսումնական հաստատության գույքը հիմնադիրը կարող է վերցնել միայն պայմանով, որ այդ գույքի եւ նրա իրացումից ստացված միջոցների հետագա օգտագործումը կուղղվի արտադպրոցական կրթության զարգացմանը: Մասնավոր արտադպրոցական ուսումնական հաստատության լուծարման դեպքում գույքն ու միջոցները օրենսդրությանը եւ արտադպրոցական ուսումնական հաստատության հիմնադիր փաստաթղթերին համապատասխան օգտագործվում են սեփականատիրոջ /հիմնադիր/ որոշմամբ:

Հոդված 26. Արտադպրոցական կրթության ոլորտի վճարովի ծառայությունները

1. Պետական արտադպրոցական ուսումնական հաստատությունները կարող են մատուցել վճարովի ծառայություններ` կրթության ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով:

2. Արտադպրոցական ուսումնական հաստատությունն իրավունք ունի գործունեության որոշակի տեսակների գծով իրականացնել վճարովի ծառայություներ` սահմանված կարգով համապատասխան լիցենզիա ստանալուց հետո:

3. Պետական արտադպրոցական ուսումնական հաստատությունները չեն կարող  մատուցել վճարովի ծառայություններ` ուսումնական պլաններով ու ծրագրերով սահմանված կրթական գործունեության փոխարեն կամ սահմաններում: Վճարովի ծառայություններ կարող են մատուցել արտադպրոցական ուսումնական հաստատության  գործունեության ուղղություններով:

Գլուխ VI

Միջազգային համագործակցությունը

Հոդված 27. Արտադպրոցական կրթության համակարգի միջազգային համագործակցությունը

1. Արտադպրոցական կրթության կառավարման մարմինները, արտադպրոցական համակարգի հաստատություններն ու ուսումնական հիմնարկներն իրավունք ունեն համագործակցության վերաբերյալ պայմանագրեր կնքել, ուղղակի կապեր հաստատել օտարերկրյա պետությունների  ուսումնական հաստատությունների եւ կրթության ոլորտի պետական կառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների, հիմնադրամների հետ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Պետությունն աջակցում է արտադպրոցական կրթության համակարգի միջազգային համագործակցությանը: 

Գլուխ VII

Պատասխանատվությունը արտադպրոցական կրթության մասին օրենսդրությունը խախտելու համար

Հոդված 28.  Պատասխանատվությունը  արտադպրոցական կրթության մասին օրենսդրությունը խախտելու համար

Արտադպրոցական կրթության մասին օրենսդրության խախտումը առաջացնում է պատասխանատվություն՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Արտադպրոցական կրթության հաստատության կողմից սաներին, սովորողներին եւ ունկնդիրներին հասցված վնասը փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան:

Գլուխ VIII

Եզրափակիչ դրույթներ

1.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

2. Հոդված 19-ի մաս առաջինը` արտադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատակցի բարձրագույն մանկավարժական կամ այլ մասնագիտական կրթության պարտադիրության եւ սույն օրենքի հոդված 19-ի մաս երրորդը` արտադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարի բարձրագույն մանկավարժական կրթության վերաբերյալ, տարածվում է այն անձանց վրա, որոնք արտադպրոցական ուսումնական հաստատության համապատասխան մանկավարժական աշխատակցի կամ ղեկավարի պաշտոնում կնշանակվեն սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո: