Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-001-15.06.2007,17.08.2007-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի (15.08.2001թ. ՀՕ-203, այսուհետ` օրենք) Բաժին 5-ի «5.1. Բնակարանային ոլորտ» ենթաբաժնի 14-րդ պարբերության 2-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Այդ բնակիչների բնակարանային խնդիրների լուծումն իրականացվում է կառավարության կողմից սահմանված կարգով` մինչեւ 2011 թվականը»:

Հոդված 2.   Օրենքի Բաժին 6-ի 4-րդ մասի վերջում «խնդիրները լուծել 2003 թվականին» բառերից հետո լրացնել հետեւյալ խմբագրությամբ նախադասությամբ «Մինչեւ 2010 թվականը բնակարաններով ապահովել երկրաշարժի հետեւանքով քանդված կամ քանդնման ենթակա բազմաբնակարան տների անօթեւան մնացած եւ սահմանված կարգով հերթագրված քաղաքացիներին»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սույն օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է երկրաշարժի հետեւանքով քանդված կամ քանդնման ենթակա բազմաբնակարան տների անօթեւան մնացած եւ սահմանված կարգով հերթագրված քաղաքացիներին  բնակարաններով ապահովելու, ինչպես նաեւ ոչ աղետի հետեւանքով անօթեւան մնացած, մշտական բնակության վայր չունեցող, տնակներում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման անհրաժեշտությամբ: Իմ հեղինակած օրինագծի (14.06.2007թ.) վերաբերյալ Կառավարության (17.07.2007թ.) եզրակացության մեջ նշված է, որ իմ ներկայացրած «նախագծով առաջարկվող, ոչ աղետի հետեւանքով անօթեւան մնացած, մշտական բնակության վայր չունեցող եւ մինչեւ «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը, տնակներում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրների ժամանակավորապես լուծման աշխատանքների ավարտի համար 2010 թվականը, որպես կատարման վերջնաժամկետ սահմանելը լրացուցիչ հիմնավորման եւ քննարկման կարիք ունի: Բանն այն է, որ «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի շրջանակներում դեռեւս հիմնովին լուծված չէ աղետի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային պահանջարկի բավարարման խնդիրը: Այդ առումով ոչ աղետի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման հարցին հնարավոր կլինի անդրադառնալ միայն վերը նշված ընտանիքների նկատմամբ բնակարանային ապահովման ձեւավորված պարտավորությունների կատարումից հետո: Հարկ է նկատի ունենալ նաեւ, որ 2008-2010թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրով այդ նպատակի համար համապատասխան միջոցներ նախատեսված չեն եւ նախագծի ընդունման դեպքում դրա կատարումը կարող է մնալ առանց ֆինանսական ապհովվածության: Բացի այդ,  ոչ աղետի հետեւանքով անօթեւան մնացած, մշտական բնակության վայր չունեցող, տնակներում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրն առկա է ոչ միայն աղետի գոտում, այլեւ Հանրապետության այլ բնակավայրերում: Ուստի կարծում ենք, որ այդ հիմնախնդրին անհրաժեշտ է ցուցաբերել համալիր մոտեցում»: Փաստորեն Կառավորությունն ընդունում է, որ վերոհիշյալ կատեգորիաների քաղաքացիների բնակարանային հիմնախնդիրները անհրաժեշտ է լուծել: Ելնելով միանգամայն ողջունելի վերոհիշյալ մոտեցումից` մենք օրինագծի լրամշակված տարբերակում առաջարկում ենք համապատասխան լուծումներ եւ ժամկետներ: Ի դեպ, աղետի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների թիվը Գյումրիում որոոշ տվյալներով այսօր կազմում է 4000: Այդպիսի բազմաթիվ ընտանիքներ կան նաեւ աղետի գոտու այլ բնակավայրերում: Ինչ վերաբերում է ոչ աղետի հետեւանքով անօթեւան մնացածներին եւ այն հարցին, որ այդ խնդիրն առկա է ողջ Հանրապետությունում եւ դրան պետք է համալիր մոտեցում ցուցաբերել, ապա Կառավարության այդ դիրքորոշումն ընդհանուր առմամբ նույնպես ընդունելի է: Միաժամանակ, այդ հարցում պետք է հաշվի առնել նախեւառաջ աղետի գոտու մի շարք առանձնահատկություններ (1. Աղետի գոտում սոցիալական հարցերն առավել սրված են, 2. Ոչ աղետի հետեւանքով անօթեւան մնացածների մի մասը գտնվել են ձեռնարկությունների կողմից կառուցվող կամ կառուցվելիք բնակարանային հերթերում, սակայն երկրաշարժի հետեւանքով այդ ձեռնարկությունները քանդվել կամ լուծարվել են եւ արդյունքում հետագայում չեն կարողացել կատարել իրենց պարտավորությունները, այդպիսով քաղաքացիները զրկվել են բնակարան ձեռք բերելու հնարավորությունից: 3. 1989թ. սկսած լայն թափով սկսվեցին վերականգնողական աշխատանքներ, եւ բազմաթիվ նորակառույց շենքերի շահագործումը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո կիսատ թողնվեց: Հենց աղետի գոտում տեղակայված այդ կիսակառույցներն ավարտելով նույնպես կարելի է որոշակիորեն լուծել բոլոր կարգի  անօթեւանների բնակարանային պայմանները եւ այլն): Ոչ աղետի հետեւանքով անօթեւան մնացած, մշտական բնակության վայր չունեցող, տնակներում բնակվող ընտանիքների կարգավիճակը եւ նրանց բնակարանային պայմանների բարելավման հարցն ամրագրված է «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (տես մասնավորապես ՀՀ Պաշտոնական տեղեկագիր 30 օգոստոսի 2001թ. էջ 9 կետ բ): Այսինքն` նրանց բնակարանային խնդիրների լուծումը նույնպես դառնում է անհրաժեշտ: