Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-078-14.08.2007-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության Հասարակական պալատը

1. Հայաստանի Հանրապետության Հասարակական պալատը (այսուհետ` Հասարակական պալատ) նպաստում է ՀՀ քաղաքացիների եւ  պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ փոխգործակցության ապահովմանը` առաջնորդվելով  քաղաքացիների իրավունքների, ազատությունների  ու օրինական շահերի պաշտպանության եւ հասարակական միավորումների կողմից պետական քաղաքականության իրականացնելու ընթացքում նրանց իրավունքների պաշտպանության ապահովման, ինչպես նաեւ  պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պետական քաղաքականություն իրականացնելիս նրանց գործունեության  նկատմամբ հասարակական վերահսկողության սահմանելու սկզբունքներով:

2. Հասարակական պալատը ձեւավորվում է քաղաքացիների եւ միավորումների կողմից նրա  գործունեությանը կամավոր մասնակցելու սկզբունքով:

3. Հասարակական պալատի գտնվելու վայրը Երեւան քաղաքն է:

Հոդված 2. Հասարակական պալատի նպատակներն ու խնդիրներըը

Հասարակական պալատը ապահովում է ՀՀ քաղաքացիների, հասարակական միավորումների, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների` հանրային նշանակություն ունեցող շահերի համաձայնեցումը տնտեսության, գիըության, կրթության, մշակույթի, առողջապահության, սոցիալական ապահովության եւ բնապահպանության զարգացման, անվտանգության ապահովման, քաղաքացիների իրավունքների ու  ազատությունների պաշտպանության, ՀՀ սահմանադրական կարգի պահպանման եւ ՀՀ-ում ժողովրդավարության սկզբունքներով  քաղաքացիական հասարակության կայացման գերխնդիրներին հետ`  առաջնորդվելով.

պետական քաղաքականության  իրականացմանը քաղաքացիներին ու հասարակական միավորումներին  ներգրավելու,

համահայկական նշանակություն ունեցող  եւ քաղաքացիների ու  հասարակական միավորումների  սահմանադրական իրավունքների, ազատությունների ու օրինական  շահերի իրականացմանը միտված քաղաքացիական նախաձեռնությունների առաջքաշման ու աջակցման,

ՀՀ օրենքների նախագծերը, գործադիր իշխանության եւ տեղական ինքնակառավարման մարմինների  նորմատիվ իրավական ակտերի նախագծերը հասարակական փորձաքննության ենթարկելու,

սույն օրենքով սահմանված կարգով պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության նկատմամբ  հասարակական վերահսկողություն սահմանելու,

Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական հասարակության կայացմանը  նպաստող հասարակական միավորումներին  պետական մակարդակով օժանդակելու սկզբունքներով:

Հոդված 3. Հասարակական պալատի գործունեության իրավական հիմքը

Հասարակական պալատը գործում է սույն օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի եւ Հասարակական պալատի կանոնադրությանը  համապատասխան:

Հոդված 4. Հասարակական պալատի կանոնադրությունը

1. Հասարակական պալատի կանոնադրությունը հաստատվում է  Հասարակական պալատի կողմից:

2. Հասարակական պալատի կանոնադրությամբ սահմանվում են`

ա/ Հասարակական պալատի անդամների մասնակցությունը  հասարակական պալատի գործունեությանը,

բ/ Հասարակական պալատի  նիստերի անցկացման կարգն ու ժամկետները,

գ/ Հասարակական պալատի խորհրդի (այսուհետ` խորհուրդ) կազմը, լիազորություններն ու գործունեության կարգը,

դ/ Հասարակական պալատի քարտուղարի (այսուհետ` քարտուղար)  լիազորություններն ու գործունեության կարգը,

ե/ Հասարակական պալատի հանձնաժողովների ու աշխատանքային խմբերի կազմավորման ու գործունեության կարգը,

զ/ սույն օրենքով սահմանված կարգով Հասարակական պալատի անդամների լիազորությունների դադարման ու կասեցման կարգը,

է/ Հասարակական պալատի աշխատակազմի (այսուհետ` աշխատակազմ)  գործունեության կարգը,

ը/ Հասարակական պալատի կողմից որոշումների ընդունման ձեւերն ու կարգը,

թ/ Հասարակական պալատի աշխատանքներին հասարակական այն միավորումների ներգրավումը, որոնց ներկայացուցիչները ընդգրկված չեն  հասարակական պալատի կազմում,

ժ/ Հասարակական պալատում միջոցառումների  նախապատրաստման ու անցկացման կարգը,

ժա/ ՀՀ-ում քաղաքացիական հասարակության ինստիտուտների կայացման վիճակի վերաբերյալ հասարակական պալատի տարեկան հաշվետվությունների  նախապատրաստման ու հրապարակման կարգը,

ժբ/ սույն օրենքով նախատեսված Հասարակական պալատի գործունեության կարգի եւ ներքին կառուցվածքի վերաբերյալ այլ հարցեր:

Հոդված 5. Հասարակական պալատի անդամների վարքագծի կանոնագիրքը

Հասարակական պալատի խորհուրդը մշակում եւ Հասարակական պալատի հաստատմանն է ներկայացնում  Հասարակական պալատի անդամների վարքագծի կանոնագիրքը (այսուհետ` վարքագծի կանոնագիրք):

Հասարակական պալատի անդամների կողմից վարքագծի  կանոնագրքով սահմանված պահանջների կատարումը համարվոմ է պարտադիր:

Հոդված 6. Հասարակական պալատի կազմը

1. Հասարակական պալատը կազմված է սույն օրենքով սահմանված կարգով Հանրապետության  Նախագահի նշանակած նշանակած  20 անձանցից եւ հասարակական միավորումների առաջադրած 40 ներկայացուցիչներից: Վերջիններից կեսը պետք է լինեն Հայաստանի  Հանրապետության  մարզերից:

2. Հասարակական պալատի անդամի թեկնածու չեն կարող առաջադրվել քաղաքական կուսակցությունները եւ այն  միավորումները, որոնք գրանցված են  Հասարակական պալատի գործող կազմի  լիազորությունների ավարտին նախորդող մեկ տարվա ընթացքում:

Հոդված 7. Հասարակական պալատի անդամը

1. Հասարակական պալատի անդամ կարող է լինել 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

2. Հասարակական պալատի անդամ չեն կարող է լինել լինել `

ա/ ՀՀ Նախագահը, Ազգային ժողովի պատգամավորները, Կառավարության անդամները, Սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք, զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության եւ  դատախազության մարմինների ծառայողները,

բ/  դատական կարգով  անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձինք.

բ) հանցագործության համար դատապարտված անձինք, որոնց դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

գ) սույն օրենքի  15-րդ հոդվածի  1-ին մասի 6-րդ կետի համաձայն հասարակական  պալատի անդամության իրավունքից զրկված անձը.

դ) ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած անձը:

Հոդված 8. Հասարակական պալատի կազմավորման կարգը

1. Սույն հոդվածի 8-րդ կետի համաձայն հանրապետության Նախագահը, խորհրդակցելով հասարակական միավորումների ներկայացուցիչների,  Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի եւ ստեղծագործական միությունների հետ` հասարակության մեջ բարձր հեղինակություն ունեցող եւ պետությանը առանձնահատուկ  ծառայություններ մատուցած Հայաստանի Հանրապետության 20  քաղաքացիների առաջարկում է անդամակցել Հասարակական պալատին:

2. Հասարակական պալատի անդամի թեկնածուի առաջարկություն ստացած վերոհիշյալ քաղաքացիները 30 օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում են Հանրապետության Նախագահին Հասարակական պալատի կազմում իրենց ընդգրկվելու համաձայնություն կամ անհամաձայնություն տալու մասին:

3. Հանրապետության Նախագահը, Հասարակական պալատի կազմում ընդգրկվելու վերաբերյալ քաղաքացիների գրավոր համաձայնությունն ստանալու օրվանից հետո` 30 օրվա ընթացքում կամ սույն հոդվածի 2-րդ մասում նախատեսված ժամկետի ավարտից հետո  հրամանագրով հաստատում է Հասարակական պալատի` իր կողմից որոշված անդամների կազմը` նրանց առաջարկելով ձեւավորել Հասարակական պալատի մնացած կազմը:

4. Հանրապետության Նախագահի կողմից  Հասարակական պալատի 20 անդամներին նշանակելուց ոչ ուշ, քան 30 օր հետո Հասարակական միավորումները, իրենց ղեկավար մարմինների կայացրած  որոշումների  համաձայն Հասարակական պալատ են ուղարկում իրենց կողմից առաջադրվող Հասարակական պալատի 40 անդամների թեկնածուների գրավոր  դիմումները: Նշված դիմումները տեղեկատվություն  են պարունակում տվյալ հասարակական միավորման  գործունեության, ինչպես նաեւ առաջադրվող թեկնածուների վերաբերյալ:

5. Հանրապետության Նախագահի կողմից նշանակված Հասարակական պալատի անդամները  Հասարակական պալատի կանոնասդրությամբ սահմանված կարգով, իրենց  նշանակումից հետո 60 օրվա ընթացքում մրցութային կարգով  որոշում են ընդունում  հասարակական միավորումների ներկայացրած  թեկնածուների թվից 40 անդամ ընտրելու վերաբերյալ` յուրաքանչյուր հասարակական միավորումից մեկակական  ներկայացուցիչ սկզբունքով:

6. Հասարակական պալատի առաջին նիստը գումարվում է  ոչ ուշ, քան Հասարակական պալատի անդամների  ընտրությունից 30 օր հետո: Հասարակական պալատի նիստն իրավազոր է, եթե Հասարակական պալատի կազմը համալրված է սույն օրենքով նախատեսված անդամների առավել քան 3/4-ով:

7. Հասարակական պալատի  անդամի լիազորությունները դադարում են Հասարակական պալատի առաջին նիստի օրվանից 2 տարի հետո:

8. Հասարակական պալատի  անդամի լիազորությունների ավարտից 60 օր առաջ ՀՀ Նախագահը սույն օրենքով սահմանված կարգով նախաձեռնում է Հասարակական պալատի նոր կազմի ձեւավորման գործընթացը:

9. Սույն հոդվածով սահմանված կարգով Հասարակական պալատի կազմը ամբողջությամբ չձեւավորելու կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի ա)–ից  ժա)  կետերով Հասարակական պալատի անդամներից թեկուզ մեկի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում Հասարակական պալատի  նոր անդամները պալատի  կազմում ընդգրկվում են`

1) հանրապետության Նախագահի որոշմամբ  ՀՀ քաղաքացիներից Հասարակական պալատի անդամ են ընտրվում սույն հոդվածի 1-3 մասերով սահմանված կարգով: Այդ դեպքում նշված գործընթացների ժամկետները կիսով   չափ կրճատվում են.

2)  Հասարակական պալատի`  հանրապետության Նախագահի կողմից հաստատված անդամները  որոշում են  կայացնում հասարակական միավորումների ներկայացուցիչներից Հասարակական պալատի անդամներ ընտրելու վերաբերյալ սույն հոդվածի  4-5 մասերով սահմանված կարգով.

3) Սույն հոդվածի 9-րդ մասի  2-րդ կետերով նախատեսված միջոցառումներն իրականացվում են  սույն հոդվածի 9-րդ մասի առաջին պարբերությամբ նախատեսված իրավիճակի վրա հասնելու օրվանից 30 օրվա ընթացքում:

Հոդված 9. Հասարակական պալատի մարմինները

1. Հասարակական պալատի  անդամները առաջին նիստում ընտրում են Հասարակական պալատի  խորհուրդ եւ քարտուղար: Խորհուրդը Հասարակական պալատի մշտապես գործող մարմին է:

2. Հասարակական պալատն իրավունք ունի ձեւավորել Հասարակական պալատի  հանձնաժողովներ եւ աշխատանքային խմբեր:

3. Հասարակական պալատի հանձնաժողովների կազմում ընդգրկվում են Հասարակական պալատի անդամները: Հասարակական պալատի աշխատանքային խմբերի կազմում կարող են ընդգրկվել հասարակական պալատի անդամները, հասարակական միավորումների ներկայացուցիչները եւ Հասարակական պալատի աշխատանքներին մասնակցող այլ անձինք:

Հոդված 10. Հասարակական միավորումների եւ քաղաքացիների մասնակցությունը  հասարակական պալատի աշխատանքներին

 Հասարակական պալատն իր աշխատանքներում կարող է ներգրավել հասարակական միավորումների եւ ՀՀ քաղաքացիների, որոնք ընդգրկված չեն Հասարակական պալատի կազմում:

Հոդված 11. Հասարակական պալատի անդամության հետ կապված սահմանափակումները

1. Հասարակական պալատի անդամն իր լիազորությունների  իրականացման ընթացքում դադարեցնում է անդամությունը քաղաքաական կուսակցություններին.

2. հասարակական պալատի անդամների միավորումը ազգային, կրոնական,  ռասայական  կամ կուսակցական պատկանելության սկզբունքով արգելվում է:

Հոդված 12. Հասարակական պալատի անդամների մասնակցությունը հասարակական պալատի աշխատանքներին

1. Հասարակական պալատի անդամները անձամբ մասնակցում են  հասարակական պալատի նիստերին, խորհրդի,  հանձնաժողովների ու աշխատանքային խմբերի աշխատանքներին,

2. Հասարակական պալատի անդամն իրավունք ունի հասարակական պալատի, խորհրդի, հանձնաժողովների եւ /կամ/ աշխատանքային խմբերի գործունեության հետ կապված ցանկացած հարցի վերաբերյալ ազատորեն կարծիք հայտնել եթե այն զրպարտություն կամ վիրավորանք չի պարունակում:

3. Իրենց լիազորություններն իրականացնելիս հասարակական պալատի անդամները հասարակական միավորումների  որոշումներով կաշկանդված չեն:

Հոդված 13. Հասարակական պալատի անդամների գործունեության երաշխիքները

1. Հասարակական պալատի անդամը հասարակական պալատի նիստերին, խորհրդի,  հանձնաժողովների ու աշխատանքային խմբերի աշխատանքներին  մասնակցելու եւ սույն օրենքով նախատեսված լիազորություններներն իրականացնելու ընթացքում ազատվում է իր հիմնական աշխատատեղում  աշխատանքային պարտականություններն իրականացնելու պարտականությունից` պահպանելով իր աշխատատեղը:

2. Հասարակական պալատի ադամին պետական բյուջեի միջոցների հաշվից տրվում է հասարակական պալատի անդամի իրավասությունից բխող ծախսերին համարժեք  փոխհատուցում:

3. Հասարակական պալատի անդամի հետկանչն արգելվում է:

Հոդված 14. Հասարակական պալատի անդամի վկայականը

1.Հասարակական պալատի անդամին  իր լիազորությունների ժամկետով տրվում է վկայական (այսուհետ` վկայական):

2. Վկայականի ձեւն ու նմուշը հաստատում է հասարակական պալատը:

Հոդված 15. Հասարակական պալատի անդամի լիազորությունների դադարումն ու կասեցումը

1. Հասարակական պալատի անդամի լիազորությունների դադարում են, պալատի կանոնակարգով սահմանված կարգով, եթե`

ա) ավարտվել է նրա լիազորությունների ժամկետը.

բ) նա դիմում է ներկայացրել Հասարակական պալատի կազմից դուրչս գալու վերաբերյալ.

գ) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

դ) երեք անգամ անընդմեջ չի մասնակցել Հասարակական պալատի նիստերի աշխատանքներին

ե) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է  խոչընդոտել նրա լիազորությունների իրականացմանը Հասարակական պալատում.

զ) նրա նկատմամբ կա դատարանի` օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ.

է) կոպտորեն  խախտել է էթիկայի կանոնագիրքը, որի վերաբերյալ Հասարակական պալատի նիստում  որոշում են ընդունվել  Հասարակական պալատի անդամների կեսից ավելիի կողմից.

ը) նա ընտրվել է ՀՀ Նախագահ, ԱԺ պատգամավոր, նշանակվել է նախարար կամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրովի պաշտոններում.

թ) նա անցել է քաղաքացիական կամ համայնքային ծառայության.

ժ) Հասարակական պալատին առաջին նիստի գումարումից հետո 30 օրվա ընթացքում չի կատարել սույն օրենքի  11-րդ հոդվածի պահանջները:

ժա) նա մահացել է:

2. Հասարակական պալատի անդամի լիազորությունների կասեցվում են`

ա) եթե նա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ներգրավվել է որպես մեղադրյալ.

բ) նրան դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց է հարուցվել.

գ)  գրանցվել է որպես  ՀՀ Նախագահի, ԱԺ պատգամավորի, տեղական ինքնակառավարման մարմինների թեկնածու, թեկնածուի (քաղաքական կուսակցության)  վստահված անձ, կամ եթե  ընդգրկվել է ՀՀ-ում  հանրաքավեի անցկացման նախաձեռնող խմբի կազմում:

Հոդված 16. Հասարակական պալատի գործունեությունը

1. Հասարակական պալատի գործունեության հիմնական եղանակներ են`  Հասարակական պալատի  նիստերը, Հասարակական պալատի խորհրդի,  հանձնաժողովների ու աշխատանքային խմբերի նիստերը.

2. Հասարակական պալատի նիստերը գումարվում են ոչ պակաս, քան տարին 2 անգամ: Հասարական պալատի խորհրդի որոշմամբ կարող է  գումարվել Հասարակական պալատի արտահերթ նիստ:

3. Իրեն վերապահված լիազորություններն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով հասարակական պալատը կարող է`

ա) նախաձեռնել հասարակական հնչեղություն ունեցող հարցերի քննարկումներ

բ) եզրակացություններ ներկայացնել պետական եւ  տեղական ինքնակառավարման մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց կողմից ՀՀ օրենքների խախտումների վերաբերյալ եւ դրանք ուղարկել իրավասու մարմիններին.

գ)  փորձաքննության ենթարկել ՀՀ օրենքների եւ նորմատիվ իրավական ակտերի նախագծերը

դ) ՀՀ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին հրավիրել  մասնակցելու Հասարակական պալատի նիստերին.

ե) Հասարակական պալատի  անդամներին  ուղարկել մասնակցելու ՀՀ Ազգային ժողովի նստաշրջաններին ու հանձնաժողովների նիստերին, ինչպես նաեւ ՀՀ կառավարության սահմանած կարգով` ՀՀ կառավարության նիստերի աշխատանքներին:

զ) Սույն օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված կարգով հանդես գալ  հարցումներով: Հասարակական պալատի նիստերի միջեւ ընկած ժամանակահատվածում հարցումներ կարող է ուղարկել Հասարական պալատի խորհուրդը:

Հոդված 17. Հասարակական պալատի որոշումները

1. Հասարակական պալատի որոոշումներն ընդունվում են եզրակացությունների, առաջարկների ու ուղերձների ձեւով եւ կրում են խորհրդատվական բնույթ:

Հոդված 18. Հասարակական փորձաքննություն

1. Հասարակական պալատը խորհրդի որոշմամբ իրավասու է փորձաքննություն նշանակել  ՀՀ   օրենքների եւ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի  վերաբերյալ,

2. Հասարակական պալատը խորհրդի որոշմամբ փորձաքննություն է իրականացնում օրենքների եւ  ՀՀ Սահմանադրությունում փոփոխությունների ու /կամ/ լրացումներ նախատեսող այն  նախագծերի վերաբերյալ, որոնք վերաբերում են`

ա) պետական քաղաքականությանը` գիտության, կրթության, մշակույթի,  առողջապահության, սոցիալական ապահովության, բնության  պահպանության բնագավառներում եւ մարդու իրավունքներին,

բ) հասարակական անվտանգության եւ կարգի պահպանմանը

3.Հասարակական պալատը փորձաքննություն անցկացնելու  նպատակով ստեղծում է աշխատանքային խումբ, որն իրավասու է`

ա) աշխատանքների կատարմանը ներգրավել փորձագետներ

բ)  Հասարակական պալատին առաջարկել ՀՀ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին դիմել համապատասխան հարցումներով եւ պահանջել համապատասխան նյութեր ու փաստաթղթեր` փորձաքննություն իրականացնելու համար,

գ)  Հասարակական պալատին առաջարկել Հասարակական պալատ անդամներին ուղարկել  ՀՀ  ԱԺ, ՀՀ կառավարության նիստերին, որտեղ քննարկվելու են փորձաքննության օբյեկտ հանդիսացող օրենքների եւ  նորմատիվ իրավական ակտերի նախագծերը:

4. ՀՀ Ազգային ժողովը պարտավոր է հարցումն ստանալուց հետո Հասարակական պալատին փոխանցել  հարցման մեջ նշված օրինագծերը` անհրաժեշտ նյութերով ու փաստաթղթերով, իսկ Կառավարությունն ու տեղական ինքնակառավարման մարմինները` հարցման մեջ նշված իրավական ակտերի նախագծերը` համապատասխան նյութերով ու փաստաթղթերով` փորձաքննություն անցկացնելու նպատակով:

Հոդված 19. Հասարակական պալատի եզրակացությունը հասարակական փորձաքննության արդյունքների վերաբերյալ

1. Սույն օրենքի  18-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում նշված հարցերի վերաբերյալ Հասարակական պալատի եզրակացությունները կրում են խորհրդատվական բնույթ:

2. Սույն օրենքի  18-րդ հոդվածի 2-րդ մասում նշված հարցերի վերաբերյալ Հասարակական պալատի եզրակացություները «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով սահմանված կարգով ներկայացվում են Հասարակական պալատի անդամի ելույթում` Ազգային ժողովի համապատասխան  մշտական հանձնաժողովի  եւ Ազգային ժողովի  հերթական նիստերում:

3. ՀՀ կառավարության նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ Հասարակական պալատի եզրակացություները ենթակա են պարտադիր քննարկման ՀՀ կառավարության նիստերում:

4. ՀՀ տեղական ինքակառավարման մարմինների  նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ հասարակական պալատի եզրակացություները ենթակա են պարտադիր քննարկման այդ մարմինների  նիստերում:

Հոդված 20. Հասարակական պալատի  օժանդակությունը քաղաքացիական նախաձեռնություններին

1. Հասարակական պալատն իրականացնում է ՀՀ քաղաքացիների ու հասարակական միավորումների նախաձեռնությունների վերաբերյալ տեղեկատվության  հավաքումն ու մշակումը:

2. Հասարակական պալատը հասարակական կյանքի կարեւորագույն ոլորտներին առընչվող հարցերով կազմակերպում է հասարակական քննարկումներ:

3. Հասարակական պալատն ապահովում է սույն հոդվածի 1-ին մասով  նախատեսված տեղեկատվության հասանելիությունը  ՀՀ քաղաքացիներին:

Հոդված 21. Հասարակական պալատի  տարեկան հաշվետվությունը

Հասարակական պալատը յուրաքանչյուր տարի մշակում եւ պարբերականների տեսքով հրապարակում է  Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական հասարակության վիճակի վերաբերյալ  իր տարեկան հաշվետվությունը:

Հոդված 22. Հասարակական պալատի անդամի մասնակցության ապահովումը  Ազգային ժողովի  եւ կառավարության աշխատանքներին

1.Ազգային ժողովն ապահովում է Հասարակական պալատի անդամի մասնակցությունը  Ազգային ժողովի  նիստերին,  Ազգային ժողովի մշտական եւ ժամանակավոր հանձնաժողովների նիստերին:

2. ՀՀ կառավարությունն ապահովում է Հասարակական պալատի անդամի մասնակցությունը ՀՀ կառավարության  աշխատանքներին:

3. Տեղական ինքնակառավարման մարմիններն ապահովում են Հասարակական պալատի անդամի մասնակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների նիստերին:

Հոդված 23. Հասարակական պալատին տեղեկատվության տրամադրումը

1. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու նրանց պաշտոնատար անձինք պարտավոր  են Հասարակական պալատի հարցումների վերաբերյալ տրամադրել տեղեկատվություն, բացառությամբ պետական կամ  օրենքով նախատեսված այլ գաղտնիք պարունակող տեղեկատվության:

2. Հարցում ստացած պետական պաշտոնատար անձը կամ պաշտոնապես նրա պարտականություններն իրականացնող անձը պարտավոր է Հասարակական պալատի հարցումն ստանալուց հետո ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում, իսկ  Հասարակական պալատի կողմից սահմանված բացառիկ դեպքերում 14 օրվա ընթացքում պատասխանել հարցմանը:

Հոդված 24. Հասարակական պալատի անդամների կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս այլ մարմիննների հետ համագործակցությունը

Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու նրանց պաշտոնատար անձինք սույն օրենքով սահմանված կարգով պարտավոր  են օժանդակել Հասարակական պալատի անդամներին` իրենց լիազորություններն իրականացնելիս:

Հոդված 25. Հասարակական պալատի աշխատակազմը

1. Հասարակական պալատի բնականոն գործունեությունն ապահովում է Հասարակական պալատի աշխատակազմը:

2. Հասարակական պալատի աշխատակազմը ՀՀ պետական կառավարչական հիմնարկ է եւ գործում է  «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

3. Հասարակական պալատի աշխատակազմի ղեկավարին նշանակում  եւ ազատում է ՀՀ կառավարությունը Հասարակական պալատի խորհրդի առաջարկությամբ:

4. Հասարակական պալատի խորհրդի հանձնարարությամբ Հասարակական պալատի աշխատակազմի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հասարակական պալատի քարտուղարը:

Հոդված 26. Հասարակական պալատի գործունեության տեղեկատվական երաշխիքները

1. Հասարակական պալատի գործունեության տեղեկատվական ապահովման եւ  Հասարակական պալատի  կողմից քննարկվող հարցերին հասարակության լայն շրջանների ներգրավումն ապահովելու նպատակով միջազգային  համակարգչային «Ինտերնետ» ցանցում  գործում է Հասարակական պալատի  կայք էջը:

2. Հանրային հեռուստառադիոընկերությունը պարտավոր է յուրաքանչյուր շաբաթ ապահովել Հասարակական պալատի  կողմից հաստատված  տեղեկատվական ծրագրերի հեռարձակումը:

3. Հասարակական պալատը ՀՀ  օրենսդրությամբ սահմանված կարգով թողարկում է իր պարբերականը:

Հոդված 27. Հասարակական պալատի գործունեության ֆինանսավորումը

Հասարակական պալատի գործունեության ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ պետական  բյուջեի միջոցների հաշվին:

Հոդված 28.  Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող  10-րդ օրը:

Հոդված 29. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 30 օրվա ընթացքում հանրապետության նախագահը, խորհրդակցելով հասարակական միավորումների ներկայացուցիչների, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի եւ  ստեղծագործական միությունների հետ, հասարակության մեջ բարձր հեղինակություն ունեցող  եւ պետությանը առանձնահատուկ  ծառայություներ  մատուցած ՀՀ 20 քաղաքացիների առաջարկում է ընդգրկվել Հասարակական պալատի առաջին գումարման կազմում: Հասարակական պալատի ձեւավորման հետագա գործընթացն իրականացվում է  սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված կարգով` հաշվի առնելով  սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված առանձնահատկությունները:

2. Սույն օրենքով սահմանված կարգով հանրապետության Նախագահի կողմից հաստատված  առաջին գումարման  Հասարակական պալատի անդամները, իրենց կողմից ընդունված մրցութային հիմունքներով որոշում են կայացնում հասարակական միավորումների  ներկայացուցիչներից Հասարակական պալատի 40 անդամ ընտրելու վերաբերյալ: Մրցույթի մասին տեղեկատվությունը հրապարակվում է Զանգվածային լրատվամիջոցներով, ոչ ուշ , քան մրցույթի անցկացումից  10 օր առաջ

3. Առաջին գումարման  Հասարակական պալատի կազմում  չեն կարող առաջադրվել  այն  հասարակական միավորումները, որոնք  գրանցվել են սույն օրենքի ընդունմանը նախորդող  1 տարվա ընթացքում:

4.  Հասարակական պալատի  առաջին նիստից հետո երկու ամսվա ընթացքում Հասարակական պալատի աշխատակազմի կողմից միջազգային «ինտերնետ» ցանցում  պետք է ստեղծվի  Հասարակական պալատի կայք էջը: