Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-046-25.07.2007-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  Օրենքի կարգավորման առարկան

Սույն  օրենքը սահմանում է բազմաբնակարան շենքերի պահպանման` այդ թվում բազմաբնակարան վթարային շենքերի ամրացման,  բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման եւ այդ շենքերի զբաղեցրած տարածքների բարեկարգման պետական քաղաքականության մշակման հիմնական սկզբունքներն ու իրականացման ծրագրային հիմունքները, կարգավորում է այդ քաղաքականության կենսագործման հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Բազմաբնակարան շենքերի պահպանման պետական քաղաքականության մասին օրենսդրությունը

Բազմաբնակարան շենքերի պահպանման պետական քաղաքականության մասին օրենսդրությունը բաղկացած է Սահմանադրությունից, սույն օրենքից, այլ օրենքներից ու իրավական ակտերից:

Եթե Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրերում սահամանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը:

Հոդված 3. Բազմաբնակարան շենքերի պահպանման պետական քաղաքականության ծրագրային հիմունքները

Բազմաբնակարան շենքերի պահպանման ` այդ թվում բազմաբնակարան վթարային շենքերի ամրացման, բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման եւ այդ շենքերի զբաղեցրած տարածքների բարեկարգման աշխատանքներն իրականացվում են բազմաբնակարան շենքերի պահպանման Համալիր ծրագրերով (այսուհետեւ` Համալիր ծրագիր) սահմանված ժամկետներում եւ կարգով: Համալիր ծրագիրը կառավարության ներկայացմամբ հաստատում է Ազգային ժողովը` համապատասխան օրենքի ընդունմամբ:

Համալիր ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման տարեկան համամասնությունները սահմանվում են կառավարության կողմից եւ արտացոլվում բազմաբնակարան շենքերի պահպանման` այդ թվում բազմաբնակարան վթարային շենքերի ամրացման, բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման եւ այդ շենքերի զբաղեցրած տարածքների բարեկարգման տարեկան ծրագրերում (այսուհետեւ`Տարեկան ծրագիր): Տարեկան ծրագիրը կառավարությունն Ազգային ժողով է ներկայացնում պետական բյուջեի նախագծի կազմում: Տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման ծախսերն արտացոլվում են համապատասխան տարվա պետական բյուջեի ծախսերում: Տարեկան ծրագրի կատարման արդյունքով նախատեսված աշխատանքների թերակատարված մասը ներառվում է հաջորդ տարվա Տարեկան ծրագրում, բայց ոչ ուշ քան Համալիր ծրագրով նախատեսված վերջին ժամկետը:

Հոդված 4. Համալիր եւ Տարեկան ծրագրերի բովանդակությունը եւ դրանց մշակման սկզբունքները

1. Համալիր եւ Տարեկան ծրագրերը ներառում են`

ա) ծրագրերի հիմնական խնդիրները

բ) բազմաբնակարան վթարային շենքերի ամրացման, բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման եւ այդ շենքերի զբաղեցրած տարածքների բարեկարգման ուղղությամբ նախատեսված աշխատանքների ծավալները եւ իրականացման ժամանակացույցը` ըստ մարզերի եւ բնակավայրերի

գ) նախատեսված աշխատանքների ֆինանսավորման սկզբունքները, աղբյուրները, ծավալները եւ բաշխման համամասնությունները

դ)  ծրագրերի կատարման սկզբունքներն ու նախատեսված աշխատանքների իրականացման առաջնահերթությունները

ե) նախատեսված աշխատանքներն` ըստ լիազորված մարմինների

զ) բազմաբնակարան վթարային շենքերի ամրացման, բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման եւ այդ շենքերի զբաղեցրած տարածքների բարեկարգման առաջնահերթությունները որոշելու չափորոշիչները եւ կարգը

է) ամրացման  ենթակա բազմաբնակարան շենքերի զբաղեցրած տարածքների բարեկարգման ուղղությամբ նախատեսված աշխատանքները

ը) ամրացման ենթակա  բազմաբնակարան շենքերի բնակիչների վերաբնակեցման հետ կապված միջոցառումները

թ) տեղեկանք հանրապետությունում բազմաբնակարան շենքերի, դրանց տանիքների եւ այդ շենքերի զբաղեցրած տարածքների վիճակի վերաբերյալ

ժ) բազմաբնակարան շենքերի վիճակի ուսումնասիրության արդյունքում այդ շենքերի ամրացմանը նպատակաուղղված կանխարգելիչ միջոցառումները

ժա) այլ պայմաններ, որոնք անհրաժեշտ են ծրագրերի համակողմանի ներկայացման համար

2.Սույն հոդվածի 1-ին կետով սահմանվածից բացի, Համալիր ծրագիրը ներառում է նաեւ`

 ա) տեղեկանք ամրացման ենթակա բազմաբնակարան շենքերի վիճակի, քանակի եւ դրանցում բնակվող (հաշվառված) ընտանիքների թվի (այդ թվում վերաբնակեցման ենթակա), կազմի եւ բնակեցման հիմքերի մասին

բ) նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով կապալառու կազմակերպությունների ընտրության կարգը

գ) նախատեսված աշխատանքների ֆինանսավորման վճարահաշվարկային սպասարկման կարգը

դ) նախատեսված աշխատանքների իրականացման եւ դրանց ֆինանսավորման (այդ թվում` օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված օգնությունների հաշվին)  գործընթացի վերահսկողության կարգը

3. Տարեկան ծրագիրը ներառում է նաեւ նախատեսված աշխատանքների ընթացիկ եւ սպասվելիք կատարողականի վերլուծությունը:

4. Տարեկան ծրագրի հետ կառավարությունը ներկայացնում է նաեւ դրա կատարումն ապահովող օրինագծերը:

5. Համալիր ծրագիրը կառավարությունը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ներկայացնում է Ազգային ժողովի հաստատմանը:

Հոդված 5. Տարեկան ծրագրի  կատարման մասին հաշվետվությունը

Տարեկան ծրագրի  կատարման մասին հաշվետվությունը հերթական տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության բաղկացուցիչ մասն է:

Հոդված 6. Ամրացման ենթակա բազմաբնակարան շենքերի բնակիչների վերաբնակեցումը

Ամրացման ենթակա բազմաբնակարան շենքերի բնակիչները վերաբնակեցվում են: Նրանք պարտավոր են  ազատել այդ շենքերի համապատասխան բնակարանները: Ամրացման ենթակա բազմաբնակարան շենքերի բնակիչների վերաբնակեցումն իրականացվում է պետական միջոցների հաշվին` ժամանակավոր կացարանների տրամադրման կամ դրամական փոխհատուցման եղանակով: Համայնքի ղեկավարը Տարեկան ծրագրում ընդգրկված ամրացման ենթակա բազմաբնակարան շենքերի բնակիչների հետ կնքում է վերաբնակեցման մասին պայմանագիր: Վերաբնակեցման, ժամանակավոր կացարանների տրամադրման,  դրամական փոխհատուցման հատկացման եւ վերաբնակեցման պայմանագրի կնքման կարգը սահմանում է կառավարությունը` սույն օրենքն  ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում:

Հոդված 7. Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար

 Սույն օրենքի դրույթների խախտումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

Հոդված 8. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 10 օր հետո:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «Բազմաբնակարան շենքերի պահպանման պետական քաղաքականության մասին»  ՀՀ  օրենքի նախագծի վերաբերյալ

Օրենքի ընդունումը պայմանավորված է բազմաբնակարան շենքերի պահպանման անհրաժեշտությամբ: