Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-029-12.07.2007-ՄԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՍԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի նպատակը եւ խնդիրները

Սույն օրենքը սահմանում է կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման պետական երաշխիքները, ուղղված է կանխելու խտրականության բոլոր ձեւերը սեռային հատկանիշի հիման վրա եւ պայմաններ ստեղծելու մարդու եւ քաղաքացու իրավունքների, ազատությունների եւ հնարավորությունների փաստացի իրականացմանը պետական, հասարակական, քաղաքական  կյանքի ոլորտներում:

Սույն օրենքը նպաստում է կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության վերաբերյալ ՀՀ միջազգային իրավական ակտերի դրույթների զարգացմանը:

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են.

- խտրականություն - սեռի հատկանիշով պայմանավորված ցանկացած տարբերություն, բացառություն կամ սահմանափակում, որն անհնար է դարձնում մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների ճանաչումը կամ իրականացումը,

- հավասար հնարավորություններ - կանանց եւ տղամարդկանց համար հավասար հնարավորության գործնական պայմանների ապահովում մարդու եւ քաղաքացու իրավունքների եւ ազատությունների իրականացման  ՀՀ Սահմանադրությանը, օրենքներին, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխան,

- գենդեր- կանանց եւ տղամարդկանց միջեւ հասարակայնորեն հիմնավորված տարբերություն եւ հարաբերություն /մշակութային բնութագրերի ամբողջություն, որը որոշում է կանանց եւ տղամարդկանց սոցիալական վարքը, նրանց փոխհարաբերությունները/,

- գենդերային հավասարություն- հասարակության մեջ կանանց եւ տղամարդկանց հավասար կարգավիճակ` մարդու իրավունքների եւ հնարավորություների իրականացման հավասար պայմաններով /հավասար իրավունքներ, հավասար պարտականություններ, հավասար հնարավորություններ/,

- քվոտա -  կանանց եւ տղամարդկանց համար հավասար արդյունքների հասնելու միջոց,

- գենդերային վերլուծություն – կանանց եւ տղամարդկանց վրա տարբեր ազդեցությունների գնահատման գործընթաց հասարակության կյանքի բոլոր բնագավառներում, բացառելով կողմերից մեկի դիրքերի ամրապնդմանն  ու գերակայությանը օժանդակելը:

Հոդված 3. Խտրականության արգելքը սեռի հատկանիշի հիման վրա

ՀՀ Սահմանադրության, ՀՀ միջազգային պայմանագրերի, միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքների եւ նորմերի համաձայն,  կանայք եւ տղամարդիկ ունեն հավասար իրավունքներ, ազատություններ ու պարտականություններ: Խտրականությունը սեռի հատկանիշի հիման վրա առաջացնում է պատասխանատվություն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով:

Խտրականություն չեն համարվում`

- մայրության պաշտպանությունը,

- օրենքով սահմանված կարգով ՀՀ պաշտպանությանը մասնակցելը,

- օրենքով սահմանված կարգով ժամանակավոր հատուկ միջոցառումների ձեռնարկումը /քվոտաներ/ փաստացի իրավահավասարության հասնելու համար:

Հոդված 4. Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովմանն ուղղված պետական քաղաքականության հիմնական ուղղությունները

Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովմանն ուղղված պետական քաղաքականության հիմնական ուղղություններն են.

- կանանց եւ տղամարդկանց իրավահավասարությունն ապահովող օրենսդրության կատարելագործումը եւ զարգացումը, համապատասխանեցումը միջազգային չափանիշներին,

- նորմատիվ իրավական ակտերի գենդերային փորձաքննության եւ  գենդերային վերլուծության իրականացումը,

- սեռային խտրականության կանխարգելման նպատակով հատուկ ծրագրերի ընդունումն  ու իրագործումը,

- սեռերի իրավահավասրությունն ապահովող միջոցառումների ներառումը քաղաքացիների սահմանադրական իրավունքների ու ազատությունների իրականացմանն ուղղված համապետական եւ սոցիալական ոլորտի զարգացման ծրագրերում,

- կրթական գենդերային ծրագրերի իրականացմանն աջակցելը` կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության մշակույթի ձեւավորման եւ երիտասարդության աշխարհայացքի զարգացման նպատակով,

- գենդերային վիճակագրության եւ մոնիտորինգի իրականացումը,

- կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովմանն ուղղված ինստիտուցիոնալ կառույցի ստեղծումը,

- ՀՀ միջազգային պարտավորությունների կատարումը կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության հարցի հետ կապված:

Հոդված 5. Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների մասին օրենսդրությունը

ՀՀ-ում կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքները եւ հավասար հնարավորությունները կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ, սույն օրենքով, այլ օրենքներով եւ միջազգային պայմանագրերով:

Հոդված  6.Գենդերային վիճակագրության ձեւավորումը եւ մոնիտորինգը կանանց եւ տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովման համար

ՀՀ տարածքում վիճակագրական հաշվետվությունները կազմվում են գենդերային ցուցիչը հաշվի առնելով:

Պետական եւ ոչ պետական կառույցները պարբերաբար մոնիտորինգ  են իրականացնում կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների վիճակը պարզելու, պետական սոցիալական ծրագրերին եւ ազգային զեկույցների կազմմանն աջակցելու համար:

ԳԼՈՒԽ 2

Կանանց եւ տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովման երաշխիքները պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններում

Հոդված 7. Կանանց եւ տղամարդկանց հավասար հնարավորությունները պետական կառավարմանը մասնակցելու համար

Պետությունը` իրավական, կազմակերպական եւ այլ մեխանիզմների միջոցով  ապահովում է կանանց եւ տղամարդկանց մասնակցության համար հավասար ներկայացվածություն օրենսդիր, գործադիր եւ  դատական իշխանություններում:

Հոդված   8. Կանանց եւ տղամարդկանց հավասար հնարավորությունները տեղական ինքնակառավարմանը մասնակցելու համար

Տեղական ինքնակառավարման մարմինները` իրավական, կազմակերպական եւ այլ մեխանիզմների միջոցով  ապահովում են կանանց եւ տղամարդկանց մասնակցության համար հավասար ներկայացվածություն իրենց ղեկավար կազմը ձեւավորելու ժամանակ:

Հոդված   9. Պետական ծառայության պաշտոններ զբաղեցնելու մրցույթների հավասար մատչելիությունը կանանց եւ տղամարդկանց համար

Միայն մեկ սեռի անձանց համար մրցույթների հայտարարումը չի թույլատրվում: Պետական ծառայության թափուր պաշտոնները /այդ թվում` ղեկավար/ զբաղեցվում են մրցույթների միջոցով, որոնցում հավասար  պայմաններով մասնակցում են կանայք եւ տղամարդիկ:

Պետությունը երաշխավորում է կանանց եւ տղամարդկանց հավասար մասնակցությունը պետական ծառայողների ատեստավորման, ծառայությունում առաջխաղացման, հավասար աշխատանքի դիմաց հավասար վարձատրության եւ ծառայության հետ կապված այլ հարցերի դեպքում:

Հոդված  10.  Կանանց եւ տղամարդկանց հավասար հնարավորությունները տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայության անցնելու ընթացքում

Տեղական ինքնակառավարման մարմիններում թափուր պաշտոնները /այդ թվում` ղեկավար/ զբաղեցվում են մրցույթների միջոցով, որոնցում հավասար  պայմաններով մասնակցում են կանայք եւ տղամարդիկ:

Պետությունը երաշխավորում է կանանց եւ տղամարդկանց հավասար մասնակցությունը համայնքում ծառայողների ատեստավորման, ծառայությունում առաջխաղացման, հավասար աշխատանքի դիմաց հավասար վարձատրության եւ ծառայության հետ կապված այլ հարցերի դեպքում:

ԳԼՈՒԽ 3

Կանանց եւ տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովման երաշխիքները սոցիալ-տնտեսական ոլորտում

Հոդված  11. Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ղեկավարների պարտականությունները սոցիալ-տնտեսական ոլորտում կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության ապահովման ուղղությամբ

Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ղեկավարները, անկախ սեփականության ձեւից, պարտավոր են կանանց եւ տղամարդկանց համար ապահովել հասարակության տնտեսական ռեսուրսների` անշարժ եւ շարժական գույքի, հողի, ֆինանսական միջոցների, ձեռնարկատիրական գործունեության մատչելիության, սոցիալական նպաստների հավասար հնարավորություններ:

Հոդված 12. Կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության ապահովումը աշխատանքային հարաբերություններում

Աշխատանքային հարաբերություններում կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության հաստատման նպատակով գործատուն, անկախ սեփականության ձեւից ՀՀ աշխատանքային օրենսգրքին համապատասխան, ապահովում է.

- աշխատանքի ընդունվելու հավասար հնարավորություններ,

- հավասար մատչելիություն թափուր աշխատատեղերին,

- հավասար աշխատանքի դիմաց հավասար վարձատրություն,

- որակավորման բարձրացման, վերապատրաստման, ծառայությունում առաջխաղացման հավասար հնարավորություն,

- անձնական արժանապատվության պահպանումը երաշխավորող աշխատանքային պայմաններ,

- աշխատանքի անվտանգ պայմանների ապահովում,

- աշխատողների 1/3-ը գերազանցող ազատումների դեպքում կանանց եւ տղամարդկանց համամասնության պահպանում:

Հոդված 13. Գործատուի կողմից սեռի հատկանիշի հիման վրա հետապնդման եւ սեռական ոտնձգության արգելքը

Գործատուն իրավունք չունի տարբեր սեռի աշխատողների նկատմամբ ճնշում գործադրել կամ հետապնդում իրականացնել այն հիմքով, որ նրանք մերժել են գործատուի սեռական ոտնձգությունները կամ գանգատ են ներկայացրել դատարան սեռական խտրականության հիմքով:

Նշված դրդապատճառներով ճնշում կամ հետապնդում իրականացնող գործատուն պատասխանատվություն է կրում ՀՀ օրենսդրությանը համապատասխան:

Հոդված 14. Խտրականության բացակայությունն ապացուցելու գործատուի պարտականությունը

Դատարանում կամ այլ մարմնում աշխատանքային վեճի քննարկման ժամանակ սեռային խտրականության փաստի ապացուցման պարտականությունը դրվում է գործատուի վրա:

Դատարանում պարզաբանումներ տալուց հրաժարվելը դիտվում է որպես խտրականության ճանաչում:

Հոդված  15. Գործատուի պարտականությունը տեղեկատվություն տրամադրել գենդերային իրավահավասարության հարցով  լիազորված մարմնին/անձին

Գործատուն, անկախ սեփականության ձեւից,  պարտավոր է կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների հարցի կապակցությամբ տեղեկատվություն տրամադրել լիազորված մարմնին/անձին:
 

ԳԼՈՒԽ 4

Կանանց եւ տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովման պետական երաշխիքները ընտրական իրավունքն իրականացնելու ժամանակ

Հոդված  16. Կանանց եւ տղամարդկանց հավասար հնարավորությունը ակտիվ եւ պասիվ ընտրական իրավունքներն իրականացնելու ժամանակ

Կանայք եւ տղամարդիկ հավասար իրավունքներ եւ հավասար հնարավորություններ ունեն մասնակցելու քաղաքական գործընթացներում.

- կանայք եւ տղամարդիկ հավասարապես պետք է ներկայացված լինեն քաղաքական կուսակցությունների ընտրական ցուցակներում,
- քաղաքական կուսակցություններից մեծամասնական ընտրական համակարգով առաջադրվելու դեպքում կանայք եւ տղամարդիկ պետք է ներկայացված լինեն հավասարապես:

Այս պահանջը չկատարելու դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը եռօրյա ժամկետում տեղեկացնում է համապատասխան կուսակցությանը:

Հոդված  17. Կանանց եւ տղամարդկանց հավասար հնարավորությունը ընտրական հանձնաժողովները ձեւավորելու ժամանակ

Ընտրական հանձնաժողովները ձեւավորվում են իրավահավասարության սահմանադրական սկզբունքը հաշվի առնելով:

Հոդված  18. Կանանց եւ տղամարդկանց հավասար հնարավորության ապահովումը քաղաքական կուսակցություններում

Քաղական կուսակցությունները պարտավոր են կանանց եւ տղամարդկանց համար ապահովել հավասար ներկայացվածություն կուսակցության ղեկավար մարմիններում եւ պաշտոններ առաջադրելու ժամանակ:

ԳԼՈՒԽ  5

Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մեխանիզմները

Հոդված 19.   Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովումը ՀՀ Ազգային Ժողովի կողմից

ՀՀ Ազգային Ժողովը.

- կանանց եւ տղամարդկանց իրավահավասարությունն ապահովելու նպատակով ձեւավորում եւ զարգացնում է  ՀՀ օրենսդրական դաշտը, կատարում է օրենսդրության գենդերային փորձաքննություն,

- պետական քաղաքականության իրավական հիմքերը ձեւավորելիս, հաշվի է առնվում քաղաքական եւ հասարակական կյանքում որոշումների ընդունման գործընթացին կանանց եւ տղամարդկանց հավասարակշռված մասնակցության հարցը,

- պետական ապարատում պաշտոնները համալրելու ժամանակ հաշվի է առնում կանանց եւ տղամարդկանց իրավահավասարությունը,

- ԱԺ համակարգում առանձնացվում է կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովմանն ուղղված կառուցվածքային ստորաբաժանում /պատասխանատու անձ/,

- կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների իրագործման ոլորտում համագործակցում է  հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների եւ այլ մարմինների  հետ,

- տարին մեկ անգամ լսում է մարդու իրավունքների պաշտպանին կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման հարցերով,

- պարբերաբար, սակայն ոչ պակաս, քան  երկու տարին մեկ անգամ, լսում է ՀՀ կառավարության զեկույցը ՀՀ-ում գենդերային իրավահավասարության վիճակի վերաբերյալ:

Հոդված 20.   Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովումը ՀՀ կառավարության կողմից

ՀՀ Կառավարությունը.

- մշակում է միասնական պետական քաղաքականություն կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների իրականացման համար,

- վերահսկողություն է իրականացնում  կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների վերաբերյալ նորմատիվ իրավական ակտերի կատարման նկատմամբ,

- ընդունում է սեռերի իրավահավասարության ապահովմանն ուղղված նպատակային ծրագրեր, ապահովում է դրանց կատարումը,

- աջակցում է քաղաքացիների գենդերային իրազեկման ծրագրերին,

- ուղղորդում եւ վերահսկում է կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովմանն ու պաշտպանությանն ուղղված գործադիր իշխանության մարմինների գործունեությունը,

- կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների իրագործման ոլորտում համագործակցում է  հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների եւ այլ մարմինների  հետ,

- գործադիր իշխանության մարմինների համակարգում առանձնացվում են կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովմանն ուղղված կառուցվածքային ստորաբաժանումներ /պատասխանատու անձ/,

- ոչ պակաս, քան երկու տարին մեկ անգամ Ազգային Ժողով է ներկայացնում զեկույց` գենդերային իրավահավասարության վիճակի վերաբերյալ:

Հոդված 21.   Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովումը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը.

- քննարկում է խտրականության, կանանց եւ տղամարդկանց  իրավահավասարության խախտման վերաբերյալ բողոքները եւ միջոցներ է ձեռնարկում խախտված իրավունքները վերականգնելու համար,

- ելույթ է ունենում ԱԺ-ում կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման հարցերով,

- տարեկան զեկույցում ներկայացնում է կանանց  եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների հետ կապված հարցերը,

- առաջարկություն է ներկայացնում ԱԺ-ում կանանց  եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման հարցերով խորհրդարանական լսումներ կազմակերպելու վերաբերյալ,

- մարդու իրավունքների պաշտպանի համակարգում առանձնացվում է կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովմանն ուղղված պատասխանատու անձ:

Հոդված 22.  Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովումը ՏԻՄ-երի կողմից

Տեղական ինքնակառավարման մարմինները կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման բնագավառում իրենց գործողությունները համապատասխանեցնում են գործադիր իշխանության մարմինների գործողությունների հետ:

Գործադիր իշխանության մարմիններն իրենց իրավասությունների շրջանակներում ՏԻՄ-երին ցուցաբերում են կազմակերպչական, տեղեկատվական, կրթական  եւ այլ տեսակի օգնություն:

Հոդված 23.  Հասարակական կազմակերպությունների մասնակցությունը կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովմանը

Շահագրգիռ հասարակական կազմակերպությունները.

- մասնակցում են գենդերային հավասարության հարցերի վերաբերյալ պետական մարմինների կողմից ընդունվող որոշումների եւ միջոցառումների մշակմանը,

- դատարաններում եւ այլ պետական մարմիններում ներկայացնում եւ պաշտպանում են խտրականության ենթարկված անձանց  իրավունքները,

- աջակցում են գենդերային իրավահավասարության ծրագրերի իրականացմանը,

- իրավունք ունեն գործադիր իշխանության մարմիններից ստանալ մեթոդական, տեղեկատվական եւ այլ տեսակի օգնություն, խտրականության վերացմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու համար,

- իրավունք ունեն գործադիր իշխանության մարմիններից ստանալ  տեղեկատվություն կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության հարցերի հետ կապված, գենդերային վերլուծություն եւ մոնիտորինգ իրականացնելու համար,

- կատարում են օրենսդրության գենդերային փորձաքննություն,

- իրավունք ունեն պատրաստելու տարեկան զեկույցներ կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների հարցերի հետ կապված,

- օգտվում են «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված այլ իրավունքներից:

Հոդված  24.Հսկողությունը սույն օրենքի կատարման նկատմամբ

Սույն օրենքի կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
 

ԳԼՈՒԽ 5

Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար

Հոդված  25. Պաշտոնատար անձանց պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար

Կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության վերաբերյալ փաստեր հայտնաբերելու դեպքում, սույն օրենքի կատարման նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինները իրավունք ունեն.

- գրավոր միջնորդություններ ներկայացնելու խախտումները վերացնելու համար,

- ԶԼՄ-ների միջոցով հրապարակել այն կազմակերպությունների կամ անձանց անունները, որոնք խախտել են սույն օրենքը:

Սույն օրենքի խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 6

Օրենքի ուժի մեջ  մտնելը

Հոդված  26. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
 

Հիմնավորում

Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների   ապահովման պետական երաշխիքների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի

Սույն օրենքը սահմանում է կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման պետական երաշխիքները, ուղղված է կանխելու խտրականության բոլոր ձեւերը սեռային հատկանիշի հիման վրա եւ պայմաններ ստեղծելու մարդու եւ քաղաքացու իրավունքների, ազատությունների եւ հնարավորությունների փաստացի իրականացմանը պետական, հասարակական, քաղաքական  կյանքի ոլորտներում:

Օրենքի ընդունումը բխում է` Եվրախորհրդի Կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության հանձնաժողովի  փաստաթղթերից, ՀՀ կառավարության «ՀՀ-ում կանանց վիճակի բարելավման եւ հասարակության մեջ նրանց դերի բարձրացման 2004-2010 թ.թ. ազգային ծրագրից /ՀՀ կառավարության 2004թ. ապրիլի 8-ի թիվ 645 որոշում/, ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին կոնվենցիայից, Պեկինի 4-րդ համաշխարհային համաժողովի /1995թ./ հանձնարարականներից, ՄԱԿ-ի հազարամյակի հռչակագրի պահանջներից եւ ՀՀ միջազգային այլ փաստաթղթերով սահմանված պարտավորությունների կատարումից:

Օրենքը կնպաստի կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովմանը` որպես ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն եւ քաղաքացիական հասրակություն կառուցելու նախապայման: