Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-007-20.06.2007-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՊԵՏԱԿԱՆ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության պետական սուրհանդակային ծառայության (այսուհետ՝ սուրհանդակային ծառայություն) իրավական կարգավիճակը, խնդիրները, ծառայողների իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը, սոցիալական երաշխիքները:

Հոդված 2. Սուրհանդակային կապի իրավական կարգավիճակը

Պետական սուրհանդակային ծառայությունը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համակարգում գործող առանձին ստորաբաժանում է:

Հոդված 3. Սուրհանդակային ծառայության խնդիրները

Սուրհանդակային ծառայության խնդիրներն են`

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի, ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինների, բարձրագույն հրամանատարական կազմի, դիվանագիտական եւ իրավապահ մարմինների, ինչպես նաեւ կառավարության որոշմամբ նախատեսված առանձին դեպքերում տեղական ինքնակառավարման մարմինների եւ պետական նշանակություն ունեցող օբյեկտների կողմից Հայաստանի տարածքում եւ նրանից դուրս հատուկ կարեւորության, հույժ գաղտնի, գաղտնի եւ ծառայողական այլ թղթակցությունների առաքումը (այսուհետ՝ թղթակցություն):

2. Թղթակցություն առաքող մարմինները պարտավոր են իրենց լիազորությունների սահմաններում աջակցել թղթակցության օպերատիվ առաքման կազմակերպմանը, ինչպես նաեւ օգնություն ցուցաբերել սուրհանդակային կապի աշխատակիցների կողմից թղթակցության փոխադրման պարտականությունները կատարելու ժամանակ:

Հոդված 4. Սուրհանդակային ծառայության մասին օրենսդրությունը

Սուրհանդակային ծառայության մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից, այլ օրենքներից եւ իրավական ակտերից:

Հոդված 5. Սուրհանդակային ծառայության կազմակերպման սկզբունքները

Սուրհանդակային ծառայության կազմակերպման հիմնական սկզբունքներն են՝

1) օրինականությունը,

2) թղթակցության առաքման ժամանակ երաշխավորված պաշտպանությունը եւ օպերատիվությունը,

3) պետական գաղտնիքի, ինչպես նաեւ այլ տեղեկությունների պահպանությունը,

4) հանձնարարված աշխատանքի անձնական պատասխանատվությունը,

5) սուրհանդակային կապի եւ այլ մարմինների պատասխանատու պաշտոնատար անձանց վերահսկողությունը:

Հոդված 6. Սուրհանդակային ծառայողների իրավունքները

Սուրհանդակային ծառայողն իրավունք ունի՝

1) սահմանել թղթակցության ընդունման եւ առաքման կարգը, առավելագույն չափաքանակը,

2) արտակարգ իրավիճակների դեպքում օգտագործել կազմակերպություններին պատկանող կապի միջոցները` օրենսդրությամբ սահմանված փոխհատուցման երաշխիքով,

3) ծառայական առաջադրանքները կատարելու ժամանակ օրենքով սահմանված կարգով կրել եւ գործադրել մարտական զենք:

Սուրհանդակային ծառայության ավտոմեքենաները չեն կարող օգտագործվել այլ մարմինների կողմից: Սույն օրենքի 3 հոդվածով սահմանված հատուկ կարեւորություն ունեցող թղթակցությունները համարվում են անձեռնամխելի եւ ենթակա չեն զննության:

Հոդված 7. Սուրհանդակային ծառայողների պարտականությունները

Սուրհանդակային ծառայողը պարտավոր է՝

1) մշտական գործող ցանցի եւ սուրհանդակային երթուղու միջոցով կազմակերպել եւ ապահովել թղթակցության առաքումը.

2) իրականացնել միջոցառումներ առաքվող թղթակցության պահպանման ուղղությամբ՝ ընդհուպ նրա ոչնչացումը, եթե բացակայում է նրա պահպանությունն ապահովելու հնարավորությունը.

3) ապահովել պետական գաղտնիքիեւ այլ տեղեկատվությունների պահպանվածությունը:

4) պատերազմի կամ պատերազմական դրության ժամանակ ապահովել սուրհանդակային կապի մարմինների մոբիլիզացիան:

5) իր իրավասության սահմաններում համագործակցել այլ պետությունների համանման ծառայությունների հետ,

6) անցկացնել սուրհանդակային ծառայության աշխատակիցների վերապատրաստում եւ ապահովել նրանց մասնագիտական պատրաստվածությունը.

Հոդված 8. Սուրհանդակային ծառայողները

Սուրհանդակային ծառայության անցնելը, ծառայությունում պաշտոնի նշանակվելը, պաշտոնի նշանակվելու պայմանները, ծառայողների ատեստավորման կարգն ու պայմանները, վերապատրաստումը, ծառայությունից ազատվելը կարգավորվում է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքով: Սուրհանդակային ծառայողներին կոչումներ են շնորհվում «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Հոդված 9. Սուրհանդակային ծառայության պաշտպանվածությունը

Սուրհանդակային կապի աշխատակիցը իր ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ գտնվում է պետական պաշտպանության տակ: Ոչ ոք, բացի օրենքով լիազորված պաշտոնատար անձանցից իրավունք չունի միջամտել սուրհանդակային ծառայության գործունեությանը

Հոդված 10. Սուրհանդակային ծառայության տեխնիկական միջոցները

Սուրհանդակային ծառայողները թղթակցության առաքման ժամանակ օգտագործում են իրենց իրավասության տակ գտնվող հատուկ տեխնիկական միջոցները:

Հոդված 11. Սուրհանդակային ծառայության ֆինանսական եւ նյութատեխնիկական միջոցների ապահովումը

Սուրհանդակային ծառայության ֆինանսավորումը իրականացվում է ՀՀ պետական բյուջեից:

Հոդված 11. Սուրհանդակային ծառայողների սոցիալական պաշտպանվածությունը

Սուրհանդակային ծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանվածությունն ապահովվում է «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով:

Հոդված 12. Սուրհանդակային ծառայության աշխատակիցների պատասխանատվությունը

Սուրհանդակային ծառայության աշխատակիցները պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 13. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:


«
ՊԵՏԱԿԱՆ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՄԱՍԻՆ»
ՀՀ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետական սուրհանդակային ծառայության հետ կապված հարաբերությունների օրենսդրական կարգավորմամբ: