Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-005-20.06.2007-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԽՆԱՅԲԱՆԿ»-ՈՒՄ ԱՎԱՆԴԱԴՐՎԱԾ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՄԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Սույն օրենքը սահմանում է «Հայխնայբանկ»-ում ավանդադրված խնայողական ավանդների վերականգնման եւ մարման հետ կապված հարաբերությունները:

ՀՈԴՎԱԾ 1.   Սույն օրենքի գործողությունը տարածվում է նախկին ԽՍՀՄ Խնայբանկի հայաստանյան մասնաճյուղի բաժանմունքներում մինչեւ 1992 թվականի հունվարի 1-ը ավանդադրված խնայողական ավանդների (այսուհետ՝ նաեւ խնայողությունների) վրա։

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքի հոդված 1-ով սահմանված խնայողությունների ընդհանուր գումարի մարումը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան երաշխավորվում է Հայաստանի Հանրապետության պետական սեփականությամբ։

ՀՈԴՎԱԾ 3. Խնայողությունների վերականգնման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը մինչեւ 2008 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացնում «Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի հայաստանյան մասնաճյուղի բաժանմունքներում խնայողական ավանդների վերականգնման եւ մարման ծրագիրը» (այսուհետ՝ Ծրագիր)։

Ծրագիրը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում հաստատվում է համապատասխան օրենքի ընդունմամբ։

ՀՈԴՎԱԾ 4. Ծրագիրը մշակվում է ելնելով հետեւյալ հիմնական սկզբունքներից`

1) ավանդների մարման առաջին հերթում 70 տարին լրացած ավանդատուների ընդգրկումը.

2) ավանդատու հանդիսացող զոհված ազատամարտիկի ընտանիքի անդամների, Հայրենական Մեծ Պատերազմի վետերանների, 1-ին կարգի հաշմանդամների եւ փախստականների համար ավանդների մարման ժամկետային արտոնությունների սահմանումը.

3) ավանդների մարումը ընտանեկան նպաստ ստացող անձանց թվաքանակի կրճատմանն ուղղորդումը.

4) ավանդատու հանդիսացող անձի մահվան դեպքում թաղման ծախսերի փոխհատուցման նպատակով նրա ավանդի մասնակի մարումը:

ՀՈԴՎԱԾ 5. Ծրագրով սահմանվում են.

1) խնայողությունների վերականգնման սկզբունքները, մեխամիզմները եւ մեթոդիկան,

2) վերականգնման եւ մարման ենթակա խնայողությունների ընդհանուր գումարը, դրա մարման տարեկան համամասնությունները, ինչպես նաեւ մարման սկզբնական ու վերջնական ժամկետները.

3) խնայողությունների մարման հաջորդականությունը, առաջնայնությունները, արտոնությունները եւ ժամկետները` ըստ բնակչության առանձին կատեգորիաների,

4) խնայողությունների մարման աղբյուրները,

5) Ծրագրի իրականացման գործընթացում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների իրավունքներն ու պարտականությունները.

6) սույն օրենքի պահանջների եւ Ծրագրի կատարման համար անհրաժեշտ այլ դրույթներ։

ՀՈԴՎԱԾ 6. Խնայողությունների գծով պետական ներքին պարտքի յուրաքանչյուր տարում մարման ենթակա գումարը համապատասխան տարվա պետական բյուջեի ծախսային մասում արտացոլվում է առանձին տողով` որպես պաշտպանված հոդված։

ՀՈԴՎԱԾ 7. 1992 թվականի հունվարի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից ավանդադրված խնայողությունների մարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ ավանդների ներդրման պայմանագրերում սահմանված կարգով։

ՀՈԴՎԱԾ 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։

««Հայխնայբանկ»-ումավանդադրված խնայողությունների վերականգնման եւ մարման մասին» ՀՀ օրենքի ընդունման

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Տնտեսական նոր հարաբերություններին անցման շրջանում Հայաստանի Հանրապետությունում ծագած եւ մինչեւ օրս չլուծված խնդիրներից է բնակչության խնայողությունների վերականգնման հարցը: Հետխորհրդային տարածքի մի շարք երկրներում առկա են այդ խնդրի լուծման որոշակի մոտեցումներ:

Յուրաքանչյուր պետության տնտեսական համակարգի արդյունավետութունը ուղղակիորեն ու մեծապես կապված է բնակչության մոտ առկա ժամանակավորապես ազատ խնայողությունների մոբիլիզացմանեւ դրանց նպատակաուղղված կառավարման հետ: Սակայն այդ ուղղությամբ Հանրապետությունում դրական միտումներ գրեթե չեն նկատվում հիմնականում այն պատճառով, որ ազգաբնակչությունը կորցրել է վստահությունը պետության հանդեպ: Վիճակը շտկելու եւ, ընդհանրապես, ազգաբնակչության շրջանում բարոյահոգեբանական մթնոլորտը առողջացնելու, տնտեսական վերելքը խթանելու, բանկային համակարգը զարգացնելու, ֆինանսական հարաբերությունները բարելավելու եւ այդ բնագավառի հետագա զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ է տրամաբանական եւ հնարավոր արագ լուծում տալ բնակչության խնայողությունների վերականգնման խնդրին:

Օրենքի նախագիծն ուղղված է նշված խնդրի լուծմանը եւ ««Հայխնայբանկ»-ում ավանդադրված խնայողությունների վերականգնման եւ մարման օրենսդրական հիմքերի ապահովմանը: