Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-11171-14.03.2007-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 19-րդ հոդվածի 9-րդ մասի 9.1. կետում սահմանված բազային տուրքի չափերում կատարել հետեւյալ փոփոխությունները`

9.1.1. ենթակետում «3000» թիվը փոխարինել «500» թվով, 9.1.2. ենթակետում «2000» թիվը փոխարինել «300» թվով,  9.1.3. ենթակետում «1000» թիվը փոխարինել «200» թվով, 9.1.4. ենթակետում «500» թիվը փոխարինել «100» թվով:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը մշակվել է ի կատարումն Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի 27.11.2006թ. նիստի N89-118(3) արձանագրության 3-րդ կետով ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականի, համաձայն որի ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունը պետք է սահմանված կարգով ներկայացնի համապատասխան փոփոխությունների եւ լրացումների վերաբերյալ առաջարկություններ այն իրավաօրենսդրական ակտերի դրույթներում, որոնք  խոչընդոտում են Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի զարգացմանը:

Համաձայն ՀՀ կառավարության 01.12.2005թ. N2066-Ն որոշման` Էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում ՀՀ կառավարության լիազոր պետական կառավարման մարմին է ճանաչվել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը, իսկ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով այդ մարմնին տրվել են գործող օրենսդրությանը հակասող իրավասություններ, եւ քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասիի համաձայն` «Միեւնույն մարմնի նոր ընդունած իրավական ակտը չպետք է հակասի նախկինում ընդունված եւ ուժի մեջ մտած հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին: Միեւնույն մարմնի ընդունած հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի միջեւ հակասությունների դեպքում գործում են ավելի վաղ ուժի մեջ մտած իրավական ակտի նորմերը», անհրաժեշտություն է ծագել կատարել հետեւյալ  փոփոխությունները.

Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետում «սահմանել» բառը անհրաժեշտ է փոխարինել «մշակել եւ իրականացնել» բառերով, քանի որ համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածի «Կառավարությունը մշակում եւ իրականացնում է Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքականությունը», այլ ոչ թե սահմանում:          Օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ կետում «ընդունել տեխնիկական ստանդարտներ» արտահայտությունը անհրաժեշտ է շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «մշակել ստանդարտներ», քանի որ համաձայն «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետի ազգային ստանդարտները ընդունում է Ստանդարտների ազգային ինստիտուտը, իսկ ըստ նույն հոդվածի 2-րդ կետի` դրանք հաստատում է ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունը:

Օրենքի 4-րդ հոդվածի 10-րդ կետը անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել, քանի որ այդ հոդվածով սահմանվող լիազորությունը ըստ նույն օրենքի 2-րդ հոդվածի վերապահված են ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին, իսկ համաձայն «Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համապատասխանության հավաստում, այդ թվում նաեւ սերտիֆիկացում իրականացնում են սերտիֆիկացման մարմինները, որոնք հանդիսանում են հավատարմագրված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերեր:

  Հաշվի առնելով միջազգային ահաբեկչության սպառնալիքների վտանգի աճը եւ կապի բնագավառում դրա դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար` անհրաժեշտություն է առաջացել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ավելացնել դրույթ, որը հնարավորություն կվերապահի Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ընդունել հանրային կամ ազգային անվտանգության շահերից բխող հատուկ կանոններ, կարգեր:

Համաձայն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետի «զ» ենթակետի եւ 21-րդ հոդվածի    1-ին եւ 2-րդ մասերի` սիրողական ռադիոօպերատորական գործունեությունն ենթակա է լիցենզավորման, այնինչ տվյալ գործունեության տեսակի լիցենզավորումը ռադիոսիրողների համար կառաջացնի տարիքային սահմանափակում, համաձայն` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի: Առաջարկվում է սիրողական ռադիոօպերատորական գործունեության համար տրամադրել թույլատվություններ, որը կկարգավորվի «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը մշակվել է ի կատարումն Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի 27.11.2006թ. նիստի N 89-118(3) արձանագրության 3-րդ կետով ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականի, համաձայն որի ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունը պետք է սահմանված կարգով ներկայացնի համապատասխան փոփոխությունների եւ լրացումների վերաբերյալ առաջարկություններ այն իրավաօրենսդրական ակտերի դրույթներում, որոնք խոչընդոտում են Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի զարգացմանը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի կողմից որպես հանրապետությունում ինտերնետային կապի զարգացման եւ տարածման խոչընդոտ նշվել է 2005 թվականի դեկտեմբերի 16-ին «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 9-րդ կետում կատարված փոփոխությունը, որով սահմանվել են հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի շահագործման համար պետական տուրքի բարձր դրույքաչափեր` առանց հաշվի առնելու այդ ցանցերի միջոցով մատուցվող ծառայությունների տարածքային, ծավալային եւ նպատակային առանձնահատկությունները:

Օրենքի նախագծով առաջարկվում է նվազեցնել սահմանված դրույքաչափերը, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի այդ ոլորտում գործող, հատկապես, փոքր եւ միջին ձեռնարկությունների համար, կնպաստի Հայաստանում ինտերնետային կապի տարածմանը եւ էլեկտրոնային հասարակության կայացմանը: