Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-10941-07.02.2007-ՊԻ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում հրապարակային ծանուցման` ինտերնետով իրականացման կարգն ու պայմանները:

Հոդված 2. Հրապարակային ծանուցումը պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով

1. Օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է հրապարակային ծանուցում` տեղեկատվությունը մամուլում հրապարակելու միջոցով, տեղեկատվությունը պարունակող հայտարարությունը պետք է տեղադրվի նաեւ www.lraber.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (այսուհետեւ` կայք):

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի վարումը

1. Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի վարման եւ տեխնիկական սպասարկման ծառայությունները մատուցվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով մրցույթի հաղթող ճանաչված անձի կողմից (այսուհետ` կայքը վարող անձ): Որպես պատվիրատու հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

Հոդված 4. Հայտարարությունը ներկայացնելը

1. Հայտարարություն տվող ֆիզիկական կամ իրավաբանական անձը, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը հայտարարության տեքստը էլեկտրոնային կրիչով` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից սահմանված էլեկտրոնային ֆորմատով, ներկայացնում է պետական ռեգիստր:

2. Հայտարարությունը պետք է ներկայացնի այն հրապարակելու լիազորություն ունեցող անձը կամ նրա կողմից լիազորված անձը: Հայտարարության բովանդակության համար պատասխանատու է այն ներկայացնող անձը:

3. Հայտարարության ընդունման եւ կայքը վարող անձին փոխանցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

Հոդված 5. Կայքում հայտարարությունը տեղադրելը

1. Կայքը վարող անձը հայտարարությունը ստանալու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում տեղադրում է հայտարարության տեքստը կայքում:

2. Կայքում հայտարարությունների տեղադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

Հոդված 6. Կայքից տեղեկատվություն ստանալը

1. Կայքում տեղադրված հայտարարությանը անձը կարող է ծանոթանալ առանցքային բառերի ներմուծմամբ կայքում որոնում իրականացնելու միջոցով:

2. Կայքում տեղադրված հայտարարությունները անձը կարող է ստանալ նաեւ էլեկտրոնային փոստով` կայքում անվճար բաժանորդագրվելու միջոցով:

3. Կայքում տեղեկատվության արխիվացման ժամկետը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 7. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: