Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10462-15.12.2006-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության (24 հունիսի 1997 թվականի, թիվ ՀՕ-137) օրենքի 151 -րդ հոդվածում.

ա) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Կառավարությունը եւ կենտրոնական բանկը միջնաժամկետ ծախսերի ծրագրում պարբերաբար համատեղ սահմանում են գնաճի կանխատեսվող մակարդակը:».

բ) 2-րդ մասի «գ» կետը «մակրոտնտեսական,» բառից հետո լրացնել «գնաճի,» բառով:

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածում.

ա) 2-րդ մասի «բ1 » կետը «մակրոտնտեսական,» բառից հետո լրացնել «գնաճի,» բառով.

բ) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Պետական բյուջեի արտարժութային մուտքերի եւ ծախսերի հաշվարկման համար որպես փոխարժեք սահմանվում է պետական բյուջեի նախագիծը կառավարություն ներկայացնելու օրվան նախորդող օրը Հայաստանի Հանրապետության արտարժութային շուկայում ձեւավորված համապատասխան արտարժույթների նկատմամբ ՀՀ դրամի միջին փոխարժեքը:».

գ) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մաս.

«5. Յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մաuին oրենքովկենտրոնական բանկին առաջադրվում է գնաճի սահող թիրախ, այն է՝ տարվա ընթացքում որոշումների կայացման համար գնաճի նպատակային մակարդակը եւ դրանից շեղումների թույլատրելի չափը: Տարվա ընթացքում դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ կայացնելիս կենտրոնական բանկը առաջնորդվում է որոշման կայացման օրվան հաջորդող 12-ամսյա ժամկետի համար գնաճի նպատակային մակարդակին հասնելու տրամաբանությամբ:»:

Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը «հարցերի» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գնաճի միջին ժամկետ կանխատեսումների» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքներիընդունման

«Հայաստանի Հանչապետության կենտրոնական բանկի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 2200-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի» 3-րդ հավելվածի 26-րդ կետով, որով պետք է հիշատակված օրենքը համապատասխանեցվի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (փոփոխություններով), ինչպես նաեւ ծառայողական գործուղումների վճարումների հետ կապված հարաբերությունները «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքով կարգավորելու հանգամանքով:

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն ՀՀ կենտրոնական բանկի աշխատողների աշխատանքային (ծառայողական) հարաբերությունները կարգավորվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքով, եթե համապատասխան օրենքներով այլ բան նախատեսված չէ: Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ ՀՀ կենտրոնական բանկը չի ֆինանսավորվում պետական կամ համայնքային բյուջեներից, ուստի նախագծով առաջարկվում է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդին վերապահել ծառայողական գործուղման մեկնած Կենտրոնական բանկի նախագահին, նախագահի տեղակալին, խորհրդի մյուս անդամներին, ինչպես նաեւ աշխատակիցներին հատուցվող գործուղման ծախսերի վճարման կարգը, դրանց նվազագույն եւ առավելագույն չափերը սահմանելու իրավասությունը:

Oրենքի ընդունման անհրաժեշտությունը կապված է նաեւ հետեւյալ հանգամանքների հետ.

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի համաձայն Կենտրոնական բանկի հիմնական խնդիրը ՀՀ-ում գների կայունության ապահովումն է, եւ Կենտրոնական բանկի կողմից իրականացվող միջոցառումներն ուղղվում են այդ խնդրի իրագործմանը: Օրենքի 4-րդ հոդվածում օրենսդիրը հստակորեն նշում է նաեւ, որ եթե այլ դրույթներ հակասում են հիմնական խնդրի իրականացմանը, ապա նախապատվությունը պետք է տրվի գների կայունության ապահովմանը: Դրա հետեւանքով «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում ամրագրված որոշակի դրույթների (օրինակ՝ Օրենքի 6-րդ հոդվածը կամ ԿԲ կողմից դրամավարկային քաղաքականության իրականացմանը վերաբերող այլ դրույթներ) կիրառումը ներկա տնտեսական պայմաններում հակասության մեջ է մտնում 4-րդ հոդվածով ամրագրված խնդրի հետ: Այդ պատճառով անհրաժեշտություն է առաջանում հստակություն մտցնել նման դրույթներում եւ օրենսդրորեն ապահովել ԿԲ կողմից իր հիմնական խնդրի իրականացման լիարժեք հիմքեր:

Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում նշել, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից որդեգրված գնաճի կառավարման նոր մոտեցումը՝ գնաճի նպատակադրման ռազմավարությունը նույնպես նպատակ է հետապնդում Օրենքի 4-րդ հոդվածով ամրագրված իր հիմնական խնդրի իրականացման:

Օրենքի 4-րդ հոդվածի հստակեցումից բխող՝ գնաճի նպատակադրման ռազմավարության ներքո իրականացվող դրամավարկային քաղաքականության արդյունավետությունը ճկունության եւ կանխատեսելիության առավել բարձր մակարդակ է պահանջում, որի ապահովման համար առանցքային ուղենիշը գնաճի կանխատեսումներն են՝ երկարաժամկետ հատվածի համար: Վերջինիս ապահովման անհրաժեշտությունից է բխում «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունը կապված՝ գնաճի նպատակադրված մակարդակի ապահովման, ինչպես նաեւ գնաճի կանխատեսումների գործընթացի իրավական հիմքերը ՀՀ միջին ժամկետ ծրագրերի կազմման եւ իրականացման գործընթացը կանոնակարգող իրավական դրույթների մեջ ներառման հետ: Այս պարագայում, գնաճիտարեկան ցուցանիշի նպատակադրումը այլեւս տրամաբանական չէ, որի պատճառով անհրաժեշտություն կառաջանա յուրաքանչյուր տարվա «Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքից հանել 4-րդ եւ 5-րդ հոդվածները:

Նոր ռազմավարության ներքո չի փոխվում ՀՀ կենտրոնական բանկի հիմնական խնդիրը, այլ փոխվում են դրա իրագործման կանոնները, որոնց պայմաններում դրամավարկային քաղաքականության ծրագրավորման աշխատանքները փոխադրվում են միջին ժամկետ ծրագրերի կազմման եւ իրականացման ինստիտուցիոնալ հարթություն, իսկ գնաճի ընթացիկ կառավարումը (տարեկան, եռամսյակային ժամանակահատվածներում) հիմնվում է կանխատեսումների ավելի ճկուն եւ գործուն մեխանիզմների վրա: Նշվածի իրագործմանն են ուղղված նախագծերով առաջարկվող «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի4-րդ եւ 6-րդ հոդվածների փոփոխությունները:

Միեւնույն ժամանակ, ՀՀ կենտրոնական բանկի տեսանկյունից, գնաճի նպատակադրման ռազմավարության ներքո էլ ավելի է կարեւորվում ԿԲ հաշվետվելիության եւ թափանցիկությանբարձր մակարդակի ապահովումը: Վերջինիս ապահովման անհրաժեշտությունից է բխում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածում առաջարկվող փոփոխությունները:

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ եւ 20-րդ հոդվածների փոփոխությունները պայմանավորված են օրենքում առկա ներքին հակասությունների վերացման անհրաժեշտությամբ:

«ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի փոփոխությունը պայմանավորված է այդ հոդվածը ֆինանսական գործիքների զարգացման միտումներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման անհրաժեշտությունը կապված է ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման հետ: