Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10323-30.11.2006-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության (2004 թվականի դեկտեմբերի 14-ի, ՀՕ-29-Ն) օրենքը լրացնել նոր 29.1-րդ հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 29.1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՓԱՍՏԱԲԱՆԸ

1. Հավատարմագիրը փաստաբանին տրամադրվում է օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանում փաստաբանական գործունեություն իրականացնելու համար:

2. Հավատարմագիր ստանալու համար փաստաբանը յուրաքանչյուր տարի` նոյեմբերի 20-ից 30-ը ընկած ժամանակահատվածում գրավոր դիմում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահին:

3. Դիմումի հետ միասին ներկայացվում են հավատարմագիր տրամադրելու վերաբերյալ Պալատի տասը այլ փաստաբանների գրավոր համաձայնությունները: Յուրաքանչյուր փաստաբան օրացուցային տարվա ընթացքում իրավունք ունի միայն մեկ փաստաբանի հավատարմագիր տրամադրելու համար համաձայնություն տալ: Եթե միեւնույն փաստաբանը տվել է մեկից ավելի փաստաբանի հավատարմագրման համաձայնություն, ապա նախապատվությունը տրվում էվճռաբեկ դատարան ավելի վաղ ներկայացված համաձայնությանը:

4. Դիմումը եւ դրան կից փաստաթղթերը հանձնվում են Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի գրասենյակ: Դիմումը եւ դրան կից փաստաթղթերը ընդունելիս դրանց վրա նշվում է հանձնման օրը եւ ժամը:

5. Հավատարմագրերը տրամադրվում են Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի կողմից` տվյալ փաստաբանին հավատարմագրելուց հետո մեկշաբաթյա ժամկետում:

6. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը, ստանալով փաստաբանի դիմումը եւ դրան կից փաստաթղթերը, ստուգում է դրանց համապատասխանությունը օրենքով նախատեսված պահանջներին եւ հավատարմագրում է փաստաբանին դեկտեմբերի 1-ից 10-ը ընկած ժամանակահատվածում:

Հավատարմագիրը տրամադրվում է տասներեք ամիս գործողության ժամկետով:

7. Հավատարմագրի գործողությունը դադարեցված է ճանաչվում, եթե՝

ա) լրացել է հավատարմագրի ժամկետը.

բ) դադարեցվել է արտոնագրի գործողությունը.

գ) փաստաբանը գրավոր դիմել է հավատարմագրի գործողությունը դադարեցնելու համար:

8.Եթե վճռաբեկ բողոք բերած փաստաբանի հավատարմագրի գործողությունը դադարեցված է ճանաչվում բողոքը ներկայացնելուց հետո, սակայն մինչեւ վճռաբեկ դատարանում բողոքի քննության պահը, բերված բողոքը ենթակա է քննության:

9. Փաստաբանական պալատի նախագահը փաստաբանների արտոնագրերի գործողությունը դադարեցված ճանաչելու դեպքում եռօրյա ժամկետում այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահին:

10. Փաստաբանին տրամադրված փաստաբանական գործունեություն իրականացնելու արտոնագրի գործողության կասեցումը հանգեցնում է տրամադրված հավատարմագրի գործողության կասեցման:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Արդարադատության խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Արդարադատության խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանին վերապահված օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու գործառույթից: Այս դրույթի լիարժեք օրենսդրական կենսագործման նպատակով արդեն իսկ ընդունվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ` կապված վճռաբեկ դատարանում վերանայվող գործերի թվի սահմանափակման հետ:Առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները կոչված ենայս կապակցությամբ հստակեցնելու վերաքննիչ դատարանի լիազորությունները, ապահովելու արդարադատության անխափան իրականացումը բոլոր ատյաններում, բարձրացնելու վճռաբեկ դատարան ներկայացվող բողոքների որակը, ինչին մասնավորապես կծառայեն նախագծերով ներդրված Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանների ինստիտուտը, դատական սանկցիաների ինստիտուտը, միջանկյալ դատական ակտերի բողոքարկման նոր կարգի նախատեսումը:

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Արդարադատության խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունումը բխում է նաեւ ՀՀ կառավարության 2006 թ. հուլիսի 13-ի նիստի թիվ 27 արձանագրության 3-րդ կետի, 24.08.2006 թվականին Հայաստանի Հանրապետության Նախագահի մոտ կայացած խորհրդակցության թիվ ՀՆԱ-15 արձանագրության 1-ին կետի հանձնարարականների եւ ՀՀ կառավարության 2005 թ. դեկտեմբերի 9-ի թիվ 2200-Ն որոշմամբ հաստատված «Ցանկի» 51-րդ կետի պահանջներից: