Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-1031-29.11.2006-ՍԱ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՐՍԻ ՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ I

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում որսի եւ որսորդական տնտեսության ոլորտի հասարակական հարաբերությունները, ապահովելով որսի կենդանիների պահպանության, պաշտպանության, վերարտադրության ու կայուն օգտագործման, որսահանդակների պահպանության ու բարելավման, որսի եւ որսորդական տնտեսության վարման իրավական հիմունքները, որսի օգտատիրոջ օրինական իրավունքների ձեռքբերման եւ կարգավորման պետական քաղաքականությունը:

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

կենսատեխնիկական միջոցառումներ - որսահանդակներում որսի կենդանիների կենսապայմանների բարելավմանն ու կենդանիների  քանակի եւ տեսակային կազմի ավելացմանն ուղղված միջոցառումներ,

որս - ազատ պայմաններում ապրող վայրի կենդանիների հայթայթում (որսորդություն, ձկնորսություն, հավաք)` Հայաստանի Հանրապետության օրենքով թույլատրված միջոցներով, եղանակներով, չափաքանակներով եւ ժամանակահատվածներով,

որսահանդակ - որսի կենդանիների բնակության միջավայր` անտառային, դաշտային, ջրածածկ տարածքներ,  որոնք  օգտագործվում են որպես որս իրականացնելու վայր,

որսահանդակների գնահատում - որսահանդակների  բնավայրի (գետ, անտառ, մարգագետին եւ այլն) որակական ընդհանուր գնահատական,  որն արտահայտում է տվյալ տարածքի որսի եւ որսի կենդանիների համար  դրանց պիտաներիության աստիճանը,

որսի անվանական թույլտվություն - փաստաթուղթ, որն իրավունք է տալիս  որսորդին իրականացնել որս՝ որսի հատուկ թույլտվություն պահանջող կենդանիների   որոշակի տեսակի համար,

որսի արգասիք - որսի ընթացքում հայթայթած վայրի կենդանու միս, արյուն, կաշի, մորթի, ոսկորներ, կենսագործունեության արդյունքներ, օրգաններ ու հյուսվածքներ, ինչպես նաեւ որսորդական հաղթանշան հանդիսացող մարմնի մասեր,

որսի  թույլտվություն - որսահանդակներում որս իրականացնելու համար սույն օրենքով սահմանված կարգով տրված միանվագ կամ սեզոնային այցելության թույլտվություն, որտեղ նշվում է որսի վայրը, ձեւը, այցելության ժամկետները, որսատեսակները եւ յուրաքանչյուր որսատեսակի քանակը,

որսի կենդանիներ - բնական ազատ պայմաններում ապրող,  ինչպես նաեւ կիսաազատ պայմաններում պահվող  վայրի կենդանիներ, որոնք  օրենսդրությամբ սահմանված կարգով համարվում են որսի օբյեկտներ,

որսի կենդանիների կայուն օգտագործում - վայրի կենդանիների օգտագործման ձեւ, որը բավարարում է բնապահպանական, տնտեսական  եւ սոցիալ-մշակութային պահանջները,

որսի կենդանիների պետական կադաստր - որսի կենդանիների տեսակային կազմի, քանակական եւ որակական բնութագրերի, վիճակի, բնապահպանական, մշակութային եւ տնտեսական արժեքների, աշխարհագրական եւ վարչատարածքային տարածվածության, ռեսուրսի եւ օգտագործման մասին տեղեկությունների ու փաստաթղթերի  համակարգ,

որսի կենդանիների պետական հաշվառում - որսի կենդանիների տեսակային կազմի, թվաքանակի եւ նրանց տարածվածության որոշում,

որսի կենդանիների պետական մոնիթորինգ - որսահանդակներում եւ որսահանդակներից դուրս որսի կենդանիների պետական դիտանց՝ որսի կենդանիների տեսակների, թվաքանակի, վիճակի եւ տարածվածության վերաբերյալ,

որսի կենդանիների ցանկ - լիազորված մարմնի կողմից ընդունվող փաստաթուղթ, որտեղ  նշվում են տվյալ տարվա ընթացքում որսի ենթակա կենդանիների տեսակը, քանակը եւ որսի ժամանակահատվածը,

որսի  հատուկ թույլտվություն պահանջող կենդանիների տեսակներ - վայրի կենդանիներ, այդ թվում եւ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված, որոնց որսն իրականացվում է խիստ սահմանափակ քանակությամբ` միայն անվանական թույլտվությունների հիման վրա,

որսի ռեսուրս - Հայաստանի Հանրապետության տարածքում գոյություն ունեցող որսի կենդանիների ամբողջություն,

որսի ռեսուրսի օգտագործում - ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից, Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող գործունեություն, որն ուղղված է որսի կենդանիների եւ նրանց արգասիքների օգտագործմանը,

որսի օբյեկտ - որսի կենդանիների ցանկում ընդգրկված վայրի կենդանի,

որսի օգտատեր - սույն օրենքով սահմանված կարգով որսորդական տնտեսություն վարելու իրավունք  ստացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ,

որսորդ - ֆիզիկական անձ, որին սույն օրենքով սահմանված կարգով, լիազորված մարմնի կողմից տրված է Հայաստանի Հանրապետության տարածքում որսորդությամբ զբաղվելու իրավունք,

որսորդական մինիմում - սույն օրենքի դրույթներին համապատասխան, որսի անվտանգության տեխնիկայի,  որսորդական զենքի հետ վարվելու կանոնների եւ որսի կենդանիների կենսաբանական առանձնահատկությունների վերաբերյալ` սիրողական որսի համար մշակված անհրաժեշտ գիտելիքների ամբողջություն,

որսորդական վկայական - որսով զբաղվելու իրավունքը հաստատող փաստաթուղթ,

որսորդական տնտեսություն - նպատակային  առանձնացված տարածքում ստեղծված մասնագիտացված բնօգտագործող սուբյեկտ, որի գործունեության նպատակն է որսահանդակների եւ որսի կենդանիների կայուն օգտագործումը,

Հոդված 3. Որսի կենդանիների պահպանությունը, պաշտպանությունը, վերարտադրությունը եւ կայուն օգտագործումը, որսահանդակների պահպանությունը եւ բարելավումը, որսի եւ որսորդական տնտեսության վարումը կարգավորող օրենսդրությունը

Որսի կենդանիների պահպանության, պաշտպանության, վերարտադրության եւ կայուն օգտագործման, որսահանդակների  պահպանության եւ բարելավման, որսի եւ որսորդական տնտեսության վարման բնագավառներում հասարակական հարաբերությունները կարգավորվում են «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, որոնք նախատեսված չեն սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 4. Օրենքի նպատակը

Սույն օրենքի նպատակն է՝

ա) որսի կենդանիների պահպանության, պաշտպանության, վերարտադրության ու կայուն օգտագործման ապահովումը,

բ) որսահանդակների պահպանությունը, ամբողջականության ապահովումը եւ բարելավումը,

գ) որսորդական տնտեսությունների ստեղծումը եւ զարգացումը,

դ) որսորդի եւ որսի օգտատիրոջ  իրավունքների  եւ պարտականությունների  սահմանումը,

ե) որսի կարգավորումը:

ԳԼՈՒԽ II

ՈՐՍԻ ԵՎ ՈՐՍԻ ՌԵՍՈՒՐՍԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ  ՕԲՅԵԿՏՆԵՐԸ, ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 5. Որսի եւ որսի ռեսուրսի օգտագործման օբյեկտները

Որսի եւ որսի ռեսուրսի օգտագործման օբյեկտներ են հանդիսանում որսի կենդանիները եւ որսահանդակների հետ մեկտեղ նաեւ նրանց օգտագործման իրավունքները:

Որսի կենդանիների ցանկը հաստատում եւ դրանց որսի համար նախատեսվող տարեկան օգտագործման թույլատրելի  չափաքանակները  սահմանում է Հայաստանի Հանրապետության լիազորված պետական մարմինը: Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների որսի տարեկան թույլատրելի չափաքանակը չպետք է գերազանցի Բնության պահպանության միջազգային միության կողմից սահմանված նորմերը/IUCN/:

Որսահանդակները կարող են գտնվել անտառային եւ գյուղատնտեսական նշանակության հողերի,  ինչպես նաեւ ջրային տարածքների վրա:

Որսի կենդանիների օգտագործման իրավունքները տարանջատվում են դրանց բնակավայրերի եւ կեցության վայրերի (հող, ջուր, օդ, անտառ) օգտագործման իրավունքներից:

Հոդված 6. Որսի եւ որսի ռեսուրսի օգտագործման փոխհարաբերությունների մասնակիցները

Որսի եւ որսի ռեսուրսի օգտագործման փոխհարաբերությունների մասնակիցներն են`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությունը,

բ) Հայաստանի Հանրապետության լիազորված պետական մարմինը,

գ) պետական կառավարման տարածքային մարմինները,

դ) տեղական ինքնակառավարման մարմինները,

ե) ֆիզիկական եւ իրավաբանական անձինք

զ) Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա քաղաքացիները

ԳԼՈՒԽ III

ՈՐՍԻ, ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԵՎ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 7. Հայաստանի Հանրապետության կառավարության  իրավասությունները

Որսի կենդանիների եւ որսահանդակների պահպանության, պաշտպանության եւ կայուն օգտագործման, որսի եւ որսորդական տնտեսության վարման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են՝

ա) որսի կենդանիների եւ որսահանդակների պահպանութան, պաշտպանության ու կայուն օգտագործման, որսի եւ որսորդական տնտեսության վարման բնագավառներում պետական քաղաքականության իրականացումը,

բ) որսահանդակների ցանկի հաստատումը,

գ) ոլորտին առնչվող պետական ծրագրերի հաստատումը,

դ)  անազատ եւ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում եւ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու եւ օգտագործելու կարգի սահմանումը,

ե)  որսի կենդանիների պետական կադաստրի եւ մոնիթորինգի վարման կարգերի սահմանումը,

զ)  որսորդական տնտեսության ստեղծման հանձնաժողովի աշխատակարգի սահմանումը եւ  կազմի հաստատումը,

է)  որսորդական տնտեսության ստեղծումը,

ը) որսորդական  տնտեսությունների համար հողամասի նկատմամբ վարձակալության վճարների սահմանումը,

թ ) որսորդական մինիմումի  կարգի սահմանումը,

ժ) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ իրավասություններ:

Հոդված 8. Հայաստանի Հանրապետության  լիազորած պետական մարմնի  իրավասությունները

Որսի կենդանիների եւ որսահանդակների, պահպանության, պաշտպանության եւ կայուն օգտագործման, որսի եւ որսորդական տնտեսության վարման բնագավառում Հայաստանի Հանրապետության լիազորած պետական մարմնի (այսուհետ՝ լիազորված մարմին) իրավասություներն են՝

ա) ոլորտի քաղաքականության եւ ռազմավարության մշակումը,

բ) պետական ծրագրերի մշակումը եւ իր լիազորության սահմաններում դրանց իրականացումը

գ) որսի կենդանիների եւ որսահանդակների պահպանության, պաշտպանության եւ    կայուն օգտագործման, որսի եւ որսորդական տնտեսության վարման նկատմամբ վերահսկողության իրականացումը

դ)  որսի կանոնների հաստատումը,

ե) որսորդական վկայականի միասնական ձեւի հաստատումը ,

զ) որսորդական մինիմումի քննության կազմակերպումը եւ անցկացումը,

է) որսորդական վկայականի տրամադրումը,

ը) որսի կենդանիների ցանկի հաստատումը, դրանց որսի համար նախատեսվող տարեկան օգտագործման թույլատրելի  չափաքանակների  եւ  որսի ժամկետների սահմանումը,

թ) որսի թույլտվությունների եւ  պայմանագրերի  օրինակելի ձեւերի մշակումն ու հաստատումը,

ժ) որսի կենդանիների, այդ թվում եւ որսի հատուկ թույլտվություն պահանջող կենդանիների օգտագործման թույլտվությունների տրամադրումը եւ պայմանագրերի կնքումը,

ժա) որսի ընթացքում ձեռք բերված կամ օրինական ճանապարհով գնված արգասիքների Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու եւ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու  թույլտվությանների տրամադրումը,

ժբ)  որսի կենդանիների պետական կադաստրի վարումը,

ժգ)  որսի կենդանիների պետական հաշվառման կազմակերպումը եւ իրականացումը,

ժդ) որսի կենդանիների պետական մոնիթորինգի կազմակերպումն ու վարումը,

ժե)  որսորդական տնտեսություն  ստեղծելու մրցույթի անցկացում

ժզ)որսի ռեսուրսի օգտագործման պայմանագրի կնքումը եւ որսորդական տնտեսություն  վարելու իրավունքի տրամադրումը,

ժէ) որսորդական տնտեսության  վարման եւ զարգացման  ծրագրերի հաստատումը,

ժը) օրենքով սահմանված կարգով լուծել որսորդների կամ որսի օգտատերերի հետ կնքված թույլտվություներն ու պայմանագրերը,

ժթ) ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն որսորդական տնտեսության վարման  մասին,

ի) իր իրավասության սահմաններում միջազգային համագործակցության  իրականացումը,

իա) պետական անտառներում եւ  անտառային ֆոնդի հողերում  սույն հոդվածի  «բ» եւ «ի» կետերով  սահմանված իրավասությունները  տրվում է դրանց կառավարումն իրականացնող պետական կառավարման մարմնին,

իբ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավասություններ:

Հոդված 9. Պետական կառավարման տարածքային մարմինների իրավասությունները

Հայաստանի Հանրապետությունում որսի կենդանիների եւ որսահանդակների պահպանության, պաշտպանության եւ կայուն օգտագործման, որսի եւ որսորդական տնտեսության վարման բնագավառներում պետական կառավարման տարածքային մարմինների իրավասություններն են`

ա) մասնակցությունը պետական ծրագրերի մշակմանը եւ իրենց իրավասության սահմաններում դրանց իրականացմանը,

բ) մասնակցություն որսորդական տնտեսություն վարելու իրավունքի տրամադրման, մրցույթի անցկացման հանձնաժողովի աշխատանքներին,

գ) որսի կենդանիների եւ որսահանդակների պահպանության, պաշտպանության, բարելավման եւ կայուն օգտագործման, որսի եւ որսորդական տնտեսության վարման բնագավառներում համապատասխան պետական մարմինների տարածքային ծառայությունների գործունեության աջակցում` օրենքով իրենց տրված լիազորությունների սահմաններում,

դ) որսագողության դեմ կազմակերպվող միջոցառումներին աջակցելը,

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավասություններ:

Հոդված 10.  Տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները

Հայաստանի Հանրապետությունում որսի կենդանիների եւ որսահանդակների պահպանության, պաշտպանության եւ կայուն օգտագործման, որսի եւ որսորդական տնտեսության վարման բնագավառներում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասություններն են՝

ա) մասնակցություն պետական ծրագրերի մշակմանը,

բ) մասնակցություն որսահանդակների եւ կենդանական աշխարհի օգտագործման եւ պահպանության   միջոցառումների կազմակերպմանը,

գ) օրենքով սահմանված այլ իրավասություններ:
 

ԳԼՈՒԽ IV

ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հոդված 11. Որսորդական տնտեսության ստեղծումը եւ լուծարումը

Պետության եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում՝ որսորդական տնտեսության կազմակերպման համար առանձնացվող տեղամասերը եւ դրանց չափերը հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, օրենքով սահմանված կարգով:

Որսորդական տնտեսությունը կարող է ստեղծվել  անտառային, ջրային տարածքների, գյուղատնտեսական նշանակության հողերի  վրա:

Որսորդական տնտեսություններ  չեն կարող ստեղծվել հատուկ պահպանվող տարածքներում:

Պետության եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում որսորդական տնտեսություն ստեղծելու առաջարկությունը հայտատերը նախապատրաստում եւ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը, օրենքով եւ այլ իրավական ակտերով  սահմանված կարգով: Որսորդական տնտեսության ստեղծման առաջարկության մեջ նշվում է  որսորդական տնտեսության տեղադիրքը, տարածքի չափը, հողամասի նպատակային նշանակությունը եւ դրա օգտագործման նկատմամբ պահանջներն ու սահմանափակումները, որսահանդակի գնահատման տվյալները:

Պետության եւ համայնքային  սեփականություն հանդիսացող հողամասերը որսորդական տնտեսություն կազմակերպելու համար հատկացվում են վարձակալության եւ կառուցապատման իրավունքով` մրցութային կարգով:

Մրցույթն անցկացնելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծվում է մրցութային հանձնաժողով լիազորաված մարմնի ներքո` լիազոր մարմնի, մարզպետարանների եւ համապատասխան գիտական եւ հասարակական կազմակերպությունների կողմից լիազորված մասնագետների  մասնակցությամբ:

Պետության եւ համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված հայտատերերի հետ կնքվում է համապատասխան հողօգտագործման պայմանագիր:

Որսորդական տնտեսություններ կարող են կազմակերպվել նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող հողամասերի վրա,  Հայաստանի Հանրապետության  քաղաքացիական օրենսգրքով սահմանված  կարգով սույն օրենքի պահանջներին համապատասխան, որի դեպքում հողօգտագործման պայմանագիրը կնքվում է հողի սեփականատիրոջ կամ նրա կողմից լիազորված անձի հետ` օրենքով սահմանված կարգով:

Որսորդական տնտեսության տարածքներում թույլատրվում է տեղադրել մինչեւ 50 քմ. տիպային կառույցներ, որոնց նախագծերը հաստատվում են քաղաքաշինության  բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի կողմից, առանց հողերի նպատակային նշանակության փոփոխության: Նշված տարածքներում այլ տիպի շինությունների կառուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Որսորդական տնտեսությունը լուծարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության  կողմից, օրենսդրությամբ  սահմանված կարգով:

Հոդված 12. Որսորդական տնտեսություն վարելու իրավունքի  տրամադրումը

Որսորդական տնտեսություն վարելու իրավունք տրվում է որսորդական տնտեսություն կազմակերպելու համար մրցույթում հաղթող ճանաչված եւ հողօգտագործման  պայմանագիր կնքած ֆիզիկական կամ իրավաբանական անձին, որը սույն   օրենքով սահմանված կարգով  լիազորված մարմնի հետ կնքել է  որսի ռեսուրսի օգտագործման պայմանագիր:

Հոդված 13. Որսորդական տնտեսության վարումը

Որսի օգտատերն իրականացնում է որսորդական տնտեսության վարումը, որը ներառում է հետեւյալ գործառույթները.

ա) որսի կենդանիների պահպանութուն, պաշտպանություն, վերարտադրություն ու կայուն օգտագործում,

բ) որսահանդակների որակի պահպանում  ու բարելավում,

գ) որսահանդակների գնահատում եւ կենդանիների հաշվառում,

դ) կենդանիների քանակի կարգավորում օրենքով սահմանված կարգով ըստ որսահանդակի տարողության` ապահովելով կենդանիների կողմից բնության վրա բացասական ազդեցության  նվազեցումը,

ե) կենդանիների բնականոն զարգացումը եւ վերարտադրությունն ապահովող անհրաժեշտ տարածքների եւ  պայմանների  առանձնացում,

զ) կենսատեխնիկական միջոցառումների իրականացում,

է) որսորդների կենցաղային պայմանների եւ որսի իրականացման անհրաժեշտ պայմանների ապահովում:

Հոդված 14. Որսորդական տնտեսության  օգտագործումը եւ օգտագործման համար վճարումները

Որսորդական տնտեսության օգտագործումը վճարովի է: Վճարումների կարգը եւ չափերը  սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ համապատասխան պայմանագրով: Վճարներն իրենց մեջ ներառում են որսորդական տնտեսության գույքի, նրա զբաղեցրած հողամասի վարձակալության վճարները, որսի ռեսուրսի օբյեկտների օգտագործման համար բնօգտագործման վճարները եւ դրանց հետ կապված ծառայությունների դիմաց գանձվող վճարները:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետության սեփականություն հանդիսացող հողամասերում նոր ստեղծված որսորդական տնտեսությունների խրախուսման նպատակով կարող է ազատել վերջիններին հողամասի վարձավճարից, հողամասի տրամադրման պահից մինչեւ 10 տարի ժամկետով:

Հողամասի նկատմամբ վարձակալության վճարներ նախատեսվում է որսորդական տնտեսության միայն անտառապատ եւ/կամ այն հատվածների համար, որոնք բացի որսորդությունից, օգտագործելի են նաեւ կենցաղային կամ տնտեսական այլ նպատակների համար, իսկ մյուս հատվածների համար վարձակալության վճարներ չի սահմանվում:

Սույն հոդվածով սահմանված գույքային իրավունքներն ենթակա են պետական գրանցման գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով:

Հոդված 15. Որսորդական տնտեսությունից օգտվելու համար վճարումները

Որսորդական տնտեսությունում որսը եւ նրա հետ կապված ծառայությունների մատուցումը վճարովի է:

Որսի կենդանիների օգտագործման վճարները /բնօգտագործման վճարները/  եւ որսի հետ կապված ծառայությունների համար  վճարումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Որսորդական տնտեսություններում ծառայությունների մատուցման համար վճարի չափերը սահմանվում են պայմանագրային հիմունքներով:
 


ԳԼՈՒԽ V

ՈՐՍ ԵՎ ՈՐՍՈՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 16. Որսի իրավունքը

Հայաստանի Հանրապետության տարածքում որսի իրավունք ունեն՝

ա) 18-տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ովքեր սույն օրենքով սահմանված կարգով հանձնել են որսորդական մինիմում եւ օրենքով սահմանված կարգով ստացել են եւ սույն օրենքի 19-րդ հոդվածում նշված որս կատարելու անհրաժեշտ փաստաթղթեր,

բ) օտարերկրյա քաղաքացիները, ովքեր Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք են բերել որսորդական զենք կրելու եւ որս իրականացնելու իրավունք:

Հոդված 17. Որսորդական վկայականը

Հայաստանի Հանրապետության տարածքում գործում է լիազորված մարմնի կողմից հաստատված միասնական ձեւի որսորդական վկայական: Որսորդական վկայականը տրվում է լիազորված մարմնի կողմից որսորդական մինիմումի քննությունը հանձնած եւ օրենքով սահմանված կարգով եւ չափով  պետական տուրք մուծած քաղաքացիներին:

Հոդված 18 Որսորդական մինիմումը

Որսորդական մինիմումը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Որսորդական մինիմումի քննությունը ընդունում է լիազորված մարմնի կողմից ստեղծված մասնագիտական հանձնաժողովը:

Հոդված 19. Որս  կատարելու անհրաժեշտ փաստաթղթերը

ա) որսորդական զենք կրելու վկայականը,

բ) կենդանիների որսի թույլտվությունը,

գ) որսորդական վկայականը

Հոդված 20. Որսի կանոնները

Որսի կանոնները հաստատվում են սույն օրենքով սահմանված կարգով եւ ներառում են`

ա) որսի ժամկետները եւ միջոցները,

բ) որսի օբյեկտ հանդիսացող կենդանիների  ցանկը,

գ) կենդանիների որսի սահմանային թույլատրելի չափաքանակները,

Հոդված 21. Որսի թույլատրելի ձեւերը եւ միջոցները

Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվում է սիրողական (անհատական եւ կոլեկտիվ) որս: Որսի ընթացքում կարող են օգտագործվել օրենքով սահմանված կարգով որսորդական ողորկափող եւ ակոսավոր հրազեն, որսորդական սառը զենք: Սույն օրենքով  որպես թույլատրված որսամիջոցներ են համարվում որսորդական շները, որսկան թռչունները, խայծերը, խրթվիլակները, թաքստոցները եւ թակարդները:

Հոդված 22 . Որսորդի իրավունքները

Որսորդն իրավունք ունի`

ա) Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնել որս` սույն օրենքով սահմանված կարգով,

բ) դառնալ հասարակական որսորդական կազմակերպությունների կամ միավորումների հիմնադիր կամ անդամ,

գ) տնօրինել  իր կողմից հայթայթված որսի կենդանիները եւ արգասիքները:

Հոդված 23. Որսորդի պարտականությունները

Որսորդը պարտավոր է`

ա) կատարել բնապահպանական, կենդանական աշխարհի  պահպանության նորմերով, սույն օրենքով եւ  որսի կանոններով ամրագրված դրույթները,

բ) մասնակցել կենսատեխնիկական միջոցառումների իրականացմանը,

Հոդված 24. Որսորդին  որսի իրավունքից զրկելը

Որսորդի կողմից որս կատարելու իրավունքը դադարեցվում է սույն օրենքով սահմանված կանոնների խախտման դեպքում:

ԳԼՈՒԽ VI

ՈՐՍԻ ՕԳՏԱՏԻՐՈՋ  ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 25. Որսի օգտատիրոջ իրավունքները

Որսի օգտատերը իրավունք ունի`

ա) տնօրինել իրեն տրամադրված որսահանդակը եւ վարել որսորդական տնտեսություն` համաձայն որսորդական տնտեսության վարման համար տարածքը տրամադրելու պայմանագրի,

բ) իրականացնել որսահանդակների օգտագործում համաձայն պայմանագրում ամրագրված տարածքների, ժամկետների, օգտագործման ձեւերի եւ ծավալների,

գ) ստանալ որսի  ռեսուրսի օգտագործման թույլտվություն,,

դ) պայմանագրային պայմաններին համապատասխան սահմանել անցակետեր,  վերարտադրության տեղամասեր, կերակրման կետեր, կենդանիների բնականոն զարգացման համար առանձնացված հանգստի գոտիներ եւ իրականացնել այլ կենսատեխնիկական միջոցառումներ,

ե) տնտեսության զարգացման նպատակով սահմանված կարգով իրականացնել որսորդական տնակների, թաքստոցների, դիտակետերի, կառույցների, ճանապարհների եւ այլ օբյեկտների կառուցում, համաձայնեցնելով  համապատասխան լիազոր մարմնի հետ,

զ) սեփական միջոցներով վարել որսի կենդանիների հաշվառում եւ դրա արդյունքների հիման վրա լիազորված մարմնին ներկայացնել որսի կենդանիների օգտագործման հայտ,

է) իրականացնել որսի կենդանիների վերարտադրման աշխատանքները «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքին համապատասխան` լիազոր մարմնի կողմից տրված թույլտվության առկայության դեպքում,

ը) ստանալ վճարներ որսի կազմակերպման եւ դրա հետ կապված այլ ծառայությունների համար,

թ)իրեն ամրագրված որսահանդակներում ինքնուրույն իրականացնել որսորդական տնտեսության գործունեություն` սույն օրենքով սահմանված իր պարտավորություններին, որսորդական տնտեսության զարգացման ծրագրերին եւ որսի կանոններին համապատասխան,

ժ) իրականացնել հսկողություն իրեն տրամադրված տարածքում,

Ժա) տեղադրել ցուցանակներ, վահանակներ եւ ուղեփակոցներ,

ժբ) մշակել եւ վերամշակել անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթարկված  որսի արգասիքը,

ժգ) վաճառել որսի արգասիքը եւ դրա մշակումից ու վերամշակումից ստացված արտադրանքը,

ժդ) տնօրինել որսի արգասիքից եւ դրա վաճառքից առաջացած եկամուտը,

ժե) իրավաբանական անձանց եւ քաղաքացիների, այդ թվում նաեւ օտարերկրյա քաղաքացիների հետ, կնքել պայմանագրեր` որս իրականացնելու նպատակով ծառայություններ տրամադրելու մասին,

ժզ) վերարտադրության եւ կլիմայավարժեցման նպատակով անազատ եւ կիսաազատ պայմաններում պահել վայրի կենդանիներ, այդ թվում եւ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված,

ժէ)համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ սահմանել որսի այլ ժամկետներ, որսի կենդանիների այլ տեսակներ եւ քանակություններ,

ժը)զանգվածային լրատվական միջոցներով գովազդել որսորդական տնտեսության գործունեությունը եւ մատուցվող ծառայությունները,

ժթ)վաղաժամ լուծել պայմանագիրը` համաձայն գործող օրենսդրության եւ պայմանագրի դրույթների:

Հոդված 26. Որսի օգտատիրոջ պարտականությունները

Որսի օգտատերը պարտավոր է`

ա) կատարել բնապահպանական նորմերով, կենդանական աշխարհի մասին օրենքով,  սույն օրենքով ամրագրված  պահանջները,

բ) տրամադրված որսահանդակն օգտագործել ըստ նպատակի` համաձայն պայմանագրի,

գ) կատարել պայմանագրի եւ  թույլտվության մեջ նշված պարտականությունները,

դ) ժամանակին մուծել օրենքով սահմանված վճարները,

ե) իրականացնել կենսատեխնիկական միջոցառումներ` ուղղված որսորդական տնտեսության զարգացմանը, որսահանդակների պահպանությանը եւ բարելավմանը, վայրի կենդանիների պաշտպանությանը, բազմացմանը եւ կայուն օգտագործմանը,

զ) աջակցել իրեն տրամադրված տարածքում որսի կանոնների կատարմանը եւ որսագողության կանխմանը,

է)որսի արգասիքների տեղափոխման եւ իրացման գործընթացներն իրականացնել օրենսդրությամբ եւ այլ իրավական ակտերով սահմանված ուղեկցող փաստաթղթերի առկայության  դեպքում,

ը) վեց ամիսը մեկ անգամ լիազորված մարմնին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն որսորդական տնտեսության վարման  մասին,

թ) թույլ չտալ այլ հողօգտագործողների իրավունքների խախտում,

ժ) աշխատանքներն իրականացնել` բացառելով որսահանդակի վիճակի վատթարացումը,

Ժա) պահպանել որսի կանոնները, սահմանված ժամկետները, ձեւերը, չափաքանակները եւ միջոցները,

Ժբ) մշտապես իրականացնել միջոցառումներ ուղղված որսահանդակների եւ որսի կենդանիների պահպանությանը,

Ժգ) մշակել եւ պայմանագրով սահմանված ժամկետում լիազորված մարմնի հաստատմանը ներկայացնել որսորդական տնտեսության վարման եւ զարգացման ծրագիրը,

ժդ) որսորդական տնտեսության ստեղծման պահից մեկ տարվա ընթացքում տարածքի սահմանները համապատասխան վահանակներով նշել եւ պահպանել դրանց վիճակը,

ժե) բնությանը եւ կենդանիներին իր մեղքով հասցրած վնասի համար փոխհատուցել Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հոդված 27. Որսի օգտատիրոջ գործունեության դադարեցումը

Որսի օգտատիրոջ գործունեությունը  դադարեցվում է ՝

ա) տարածքը տրամադրելու պայմանագրի ժամկետը լրանալու կամ լուծելու դեպքում,

բ) որսի թույլտվության ու որսի ռեսուրսի օգտագործման պայմանագրի ժամկետը լրանալու կամ լուծարելու դեպքում,

գ) իրավաբանական անձի լուծարման դեպքում,

դ) որսորդական տնտեսության լուծարման դեպքում:

ԳԼՈՒԽ VII

ՈՐՍԻ  ԵՎ  ՈՐՍՈՐԴԱԿԱՆ  ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ  ՏՆՏԵՍԱԿԱՆ  ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 28. Որսի կենդանիների օգտագործման թույլտվությունները

Որսի կենդանիների օգտագործման համար տրվում են հետեւյալ թույլտվությունները՝

ա) երկարաժամկետ թույլտվություն - տրվում է մինչեւ 50 տարի ժամկետով լիազորված մարմնի կողմից օգտատիրոջը որսորդական տնտեսության օգտագործման պայմանագրի հիման վրա եւ թույլ է տալիս վերջինիս օգտագործել տարածքի որսորդական կենդանիները համաձայն թույլտվության մեջ սահմանված տեսակների, քանակների եւ ժամկետների,

բ) կարճաժամկետ թույլտվություն - տրվում է լիազորված մարմնի կամ օգտատիրոջ կողմից որսորդին որսի հատուկ թույլտվություն չպահանջող կենդանիների տեսակների որսի համար կոնկրետ վայրում եւ ժամանակահատվածում,

գ) անվանական թույլտվություն - տրվում է որսորդին լիազորված մարմնի կամ օգտատիրոջ կողմից` լիազորված մարմնի հետ համաձայնեցնելով, որսի հատուկ թույլտվություն պահանջող կենդանու տեսակի որսի համար կոնկրետ վայրում եւ  ժամանակահատվածում:

ԳԼՈՒԽ VIII

ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ  ԵՎ ՈՐՍԱՀԱՆԴԱԿՆԵՐԻ  ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ  ՈՒ  ԲԱՐԵԼԱՎՄԱՆ,  ԽՆԴԻՐՆԵՐԸ

Հոդված 29. Որսի կենդանիների պահպանության , պաշտպանության եւ վերարտադրության խնդիրները

Որսի կենդանիների պահպանության, պաշտպանության եւ վերարտադրության խնդիրները կարգավորվում են «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ սույն օրենքով:

Հոդված 30. Որսահանդակների պահպանության եւ բարելավման խնդիրները

Որսահանդակների պահպանության եւ բարելավման  խնդիրներն են`

ա) ապահովել որսահանդակների բազմազանության ամբողջականության պահպանությունը,

բ) նպաստել որսահանդակների նպատակային օգտագործմանը,

գ) որսահանդակների նպատակային օգտագործումն իրականացնել, հաշվի առնելով այդ տարածքների արժեքը որպես որսի կենդանիների բնակության միջավայր` պահպանելով եւ բարելավելով դրանց բնապահպանական եւ կենդանիների վերարտադրության պոտենցիալը,

դ) որսահանդակները որսի եւ տնտեսական նպատակներով շահագործելիս ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարումը,

ե) կանխել որսահանդակներում եւ որսահանդակներից դուրս օտարածին  վայրի կենդանիների  ներմուծումը:

Հոդված 31. Որսի կենդանիների պետական մոնիթորինգը

Որսի կենդանիների պետական մոնիթորինգը նպաստում է որսի կենդանիների քանակության պահպանությանը եւ որսաչափերի սահմանմանը եւ անհրաժեշտ կենսատեխնիկական միջոցառումների պլանավորմանը: Որսի կենդանիների պետական մոնիթորինգն իրականացվում է որսի կենդանիների տարածվածության, քանակի, վիճակի, ինչպես նաեւ դրանց բնակավայրերի եւ կեցության վայրերի որակի գնահատման, բացասական երեւույթների ժամանակին հայտնաբերման, կանխարգելման եւ վերացման նպատակով:

Հոդված 32. Որսի կենդանիների պետական հաշվառումը եւ կադաստրը

Որսի կենդանիների պետական հաշվառման եւ կադաստրի վարման նպատակն է բացահայտել որսի կենդանիների տեսակների, դրանց ապրելավայրերի քանակական եւ որակական փոփոխությունները եւ դրանց գրանցումը: Որսի կենդանիների պետական հաշվառումն իրականացվում է ամեն տարի` մինչեւ որսի  ժամկետների/ որսաշրջանի/ սկիզբը:

ԳԼՈՒԽ IX

ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՐՍԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 33. Որսի կենդանիների, որսորդական տնտեսության եւ որսի մասին օրենսդրությունը    խախտելու համար պատասխանատվությունը

Որսի կենդանիների, որսորդական տնտեսության եւ որսի մասին օրենսդրության խախտումն առաջ է բերում պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ X

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 34. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող տասներորդ օրը: