Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-982-19.10.2006-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.

«Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002թ. հուլիսի 3-ի ՀՕ-380-Ն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «որոշման կայացվելը» բառերից հետո լրացնել «, իսկ զինծառայողի հետախուզման մեջ գտնվելու դեպքում վեց ամսից ոչ ավելի, բացառությամբ` ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողների, որոնց պայմանագրով նախատեսված ծառայության ժամկետը չի ավարտվել:» բառերով:

Հոդված 2.

Օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 11-րդ կետով`

«11) սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` զինծառայողի հետախուզման մեջ գտնվելու դեպքում` կադրերի տրամադրության տակ թողնելու առավելագույն ժամկետը լրանալու կապակցությամբ:»:

Հոդված 3.

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

«Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակվել է ի կատարումն ՀՀ վարչապետի 2006թ. հունիսի 29-ի թիվ 016-4184 հանձնարարականի: «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նախատեսվող լրացումների կատարումը պայմանավորված է գործնականում ծագած որոշակի խնդիրների լուծման եւ հստակեցման  անհրաժեշտությամբ:

«Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն «պայմանագրային զինծառայողները թողնվում են պետական լիազոր մարմնի կադրերի (կադրային մարմնի) տրամադրության տակ զինծառայողի նկատմամբ քրեական գործ հարուցվելիս եւ կալանքը որպես խափանման միջոց ընտրվելիս, ինչպես նաեւ նրա պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման որոշում կայացնելիս` մինչեւ տվյալ գործով վերջնական որոշման կայացվելը»:

Գործնականում առաջանում են դեպքեր, երբ զինծառայողը թողնվում է կադրերի տրամադրության տակ` անձի նկատմամբ քրեական գործ հարուցվելու կապակցությամբ, զինծառայողի նկատմամբ հետախուզում հայտարարելու դեպքում քրեական գործը կասեցվում է եւ զինծառայողը մնում է կադրերի տրամադրության տակ: Օրենքում նշված չէ կադրերի տրամադրության տակ պահելու առավելագույն ժամկետը: Ներակայացվող նախագծով առաջարկվում է  կադրերի տրամադրության տակ պահելու ժամկետ նշված դեպքերի համար սահմանել վեց ամիսը:

Միեւնույն ժամանակ «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 51-րդ` «Զինվորական ծառայությունից արձակելու հիմքերը» հոդվածում նախատեսվում է լրացում, որով զինծառայողն ենթակա է զինվորական ծառայությունից արձակման օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` զինծառայողի հետախուզման մեջ գտնվելու դեպքում կադրերի տրամադրության տակ պահելու առավելագույն ժամկետը լրանալու կապակցությամբ: