Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Պ-502-27.08.2001-ԳԿ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան եւ գործողության ոլորտը

1. Սույն օրենքը կարգավորում է տեղեկատվության ազատության հետ կապված հարաբերությունները, սահմանում է տեղեկատվության ապահովման բնագավառում տեղեկատվություն տնօրինողների իրավասությունը, ինչպես նաեւ տեղեկություններ ստանալու կարգը, ձեւերը եւ պայմանները:

2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաեւ հանրային նշանակության կազմակերպությունների եւ դրանց պաշտոնատար անձանց վրա։

Հոդված 2. Տեղեկատվության ազատության մասին օրենսդրությունը

1. Տեղեկատվության ազատության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, այլ օրենքներից եւ իրավական ակտերից:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրի նորմերը։

Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություներն են՝

տեղեկատվության ազատություն՝ օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկությունը փնտրելու եւ այն տեղեկատվություն տնօրինողից ստանալու իրավունքի իրականացումը.

տեղեկություն՝ անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, երեւույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեւավորված տվյալները՝ անկախ դրանց տնօրինման ձեւից կամ նյութական կրիչից (տեքստային, էլեկտրոնային փաստաթղթեր, ձայնագրություններ, տեսագրություններ, լուսաժապավեններ, լուսանկարներ, գծագրեր, սխեմաներ, նոտաներ, քարտեզներ).

տեղեկատվություն տնօրինող՝ տեղեկություններ ունեցող պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, պետական հիմնարկները, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունները, ինչպես նաեւ հանրային նշանակության կազմակերպությունները եւ դրանց պաշտոնատար անձինք.

հանրային նշանակության կազմակերպություն՝ ապրանքային շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող, ինչպես նաեւ առողջապահության, սպորտի, կրթության, մշակույթի, սոցիալական, տրանսպորտի եւ կապի, կոմունալ ոլորտներում հանրությանը ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունները.

հարցում՝ տեղեկություն փնտրելու եւ (կամ) այն ստանալու նպատակով սույն օրենքով սահմանված կարգով տեղեկատվություն տնօրինողին ուղված գրավոր կամ բանավոր դիմումը.

հրապարակում՝ տեղեկությունը մամուլի եւ զանգվածային լրատվության մյուս միջոցներով, համաշխարհային համակարգչային ցանցով (այսուհետ՝ Ինտերնետով), ինչպես նաեւ օրենսդրությամբ սահմանված այլ միջոցներով հանրությանը տեղեկացնելը եւ մատչելի դարձնելը։

Հոդված 4. Տեղեկատվության ազատության ապահովման հիմնական սկզբունքները

Տեղեկատվության ազատության ապահովման հիմնական սկզբունքներն են՝

1) տեղեկությունների գրանցման, դասակարգման եւ պահպանման միասնական կարգի սահմանումը.

2) տեղեկություններ փնտրելու եւ ստանալու ազատության պաշտպանությունը.

3) տեղեկությունների տրամադրման մատչելիության ապահովումը.

4) հրապարակայնությունը։

Հոդված 5. Տեղեկությունների գրանցումը, դասակարգումը եւ պահպանումը

Տեղեկատվություն տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկությունների գրանցումը, դասակարգումը եւ պահպանումը իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով։

Հոդված 6. Տեղեկատվության ազատության իրականացումը

1. Յուրաքանչյուր անձ իրավունք ունի իր կողմից փնտրվող տեղեկությանը ծանոթանալու եւ (կամ) այն ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցումով դիմել տեղեկատվություն տնօրինողին եւ ստանալ այդ տեղեկությունը։

2. Օտարերկրյա անձինք սույն օրենքով նախատեսված իրավունքներից եւ ազատություններից կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության օրենքով եւ (կամ) միջազգային պայմանագրով սահմանված դեպքերում:

3. Տեղեկատվության ազատությունը կարող է սահմանափակվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքով նախատեսված դեպքերում:

Հոդված 7. Տեղեկությունների մատչելիության եւ հրապարակայնության ապահովումը

1. Տեղեկատվություն տնօրինողը օրենսդրությամբ սահմանված կարգով մշակում եւ հրապարակում է իր կողմից տեղեկություն տալու կարգը, որը փակցնում է իր գտնվելու վայրում՝ բոլորի համար տեսանելի տեղում։

2. Տեղեկատվություն տնօրինողը անհապաղ հրապարակում է կամ այլ մատչելի միջոցով հանրությանը տեղեկացնում է իր տնօրինության տակ գտնվող այն տեղեկությունը, որի հրապարակումը կարող է կանխել պետական եւ հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին եւ ազատություններին, շրջակա միջավայրին, անձանց սեփականությանը սպառնացող վտանգը։

3. Եթե Սահմանադրությամբ եւ (կամ) օրենքով այլ բան նախատեսված չէ, տեղեկատվություն տնօրինողը պարբերաբար հրապարակում է իր գործունեությանն առնչվող հետեւյալ տեղեկությունները եւ դրանցում կատարված փոփոխությունները.

1) հանրության համար իրականացվող (իրականացման ենթակա) աշխատանքները եւ ծառայությունները.

2) բյուջեն.

3) գրավոր հարցումների ձեւերը եւ դրանք լրացնելու վերաբերյալ խորհրդատվական ցուցումները.

4) հաստիքացուցակները, ինչպես նաեւ պաշտոնատար անձանց անունները, ազգանունները, կրթությունը, մասնագիտությունը, պաշտոնը, աշխատավարձի չափը, աշխատանքի վայրի հեռախոսային համարները, էլեկտրոնային փոստի հասցեները.

5) աշխատանքի ընդունման կարգը եւ թափուր աշխատատեղերը.

6) շրջակա միջավայրի վրա ներգործությունը.

7) հասարակական միջոցառումների ծրագրերը.

8) քաղաքացիների ընդունելության կարգը, օրը, ժամը եւ վայրը.

9) աշխատանքների եւ ծառայությունների բնագավառում գնագոյացման կարգը, գները (սակագները).

10) տնօրինվող տեղեկությունների ցանկը եւ դրանց տրամադրման կարգը.

11) ստացված հարցումների վերաբերյալ վիճակագրական եւ ամփոփ տվյալները, այդ թվում՝ մերժման հիմքերը.

12) սույն կետում սահմանված տեղեկությունների մշակման կամ ստացման աղբյուրները.

13) սույն կետում սահմանված տեղեկությունները պարզաբանելու իրավասություն ունեցող անձի տվյալները։

4. Սույն հոդվածի 3-րդ կետում նշված տեղեկություններում կատարված փոփոխությունները հրապարակվում են դրանք կատարվելուց հետո 10-օրյա ժամկետում։

5. Սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերում նշված տեղեկությունները հրապարակվում են հանրության համար մատչելի միջոցով, իսկ տեղեկատվություն տնօրինողի ինտերնետային էջի առկայության դեպքում՝ նաեւ դրանով։

6. Հանրային նշանակության կազմակերպությունը կարող է չհրապարակել սույն հոդվածի 3-րդ կետի 2-րդ, 4-րդ եւ 5-րդ ենթակետրում սահմանված տեղեկությունները եւ դրանց փոփոխությունները։

Հոդված 8. Տեղեկատվության ազատության սահմանափակումները

1. Տեղեկատվություն տնօրինողը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքերի, մերժում է տրամադրել տեղեկությունը, եթե դա՝

1) պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առեւտրային գաղտնիք.

2) խախտում է մարդու անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիությունը.

3) պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ.

4) բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք).

5) խախտում է հեղինակային եւ հարակից իրավունքը։

2. Եթե պահանջվող տեղեկության մի մասը պարունակում է տվյալներ, որոնց տրամադրումը ենթակա է մերժման, ապա տեղեկություն է տրամադրվում մնացած մասի վերաբերյալ:

3. Տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել, եթե՝

1) դա վերաբերում է քաղաքացիների անվտանգությանն ու առողջությանը սպառնացող արտակարգ դեպքերին, ինչպես նաեւ տարերային (ներառյալ պաշտոնապես կանխատեսվող) աղետներին եւ դրանց հետեւանքներին.

2) դա ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տնտեսության ընդհանուր վիճակը, ինչպես նաեւ բնության եւ շրջակա միջավայրի պաշտպանության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, ներքին առեւտրի, մշակույթի բնագավառներում տիրող իրական վիճակը.

3) դրա չտրամադրումը բացասաբար ազդեցություն կունենան Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական եւ հոգեւոր-մշակութային զարգացման պետական ծրագրերի իրականացման վրա։

Հոդված 9. Հարցումի ներկայացման եւ քննարկման կարգը

1. Գրավոր հարցումը պետք է ստորագրված լինի՝ նշելով դիմողի անունը, ազգանունը, քաղաքացիությունը, բնակության կամ աշխատանքի կամ ուսումնական հաստատության հասցեն (իրավաբանական անձի դեպքում՝ նրա անվանումը, գտնվելու վայրը)։

2. Գրավոր հարցումների գործավարությունն իրականացվում է քաղաքացիների դիմումների եւ բողոքների համար օրենսդրությամբ սահմանված կարգով՝ գործավարության մյուս ձեւերից առանձնաբար։

3. Գրավոր հարցումին պատասխան չի տրվում, եթե՝

1) դա չի պարունակում սույն հոդվածի 1-ին կետում նշված բոլոր տվյալները.

2) պարզվում է, որ դրա հեղինակի ինքնությանը վերաբերվող տվյալները կեղծ են.

3) դա նույն անձի կողմից նույն տեղեկությունը ստանալու պահանջով վերջին 6 ամսվա ընթացքում ներկայացված երկրորդ դիմումն է, բացառությամբ սույն օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված դեպքի։

4. Դիմողը պարտավոր չէ հիմնավորել հարցումը։

5. Բանավոր հարցումով դիմողը պարտավոր է նախապես հայտնել իր անունը եւ ազգանունը։ Բանավոր հարցումի պատասխանը տրվում է այն դեպքում, երբ՝

1) պահանջվող տեղեկության տրամադրումը կարող է կանխել պետական եւ հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին եւ ազատություններին, շրջակա միջավայրին, անձանց սեփականությանը սպառնացող վտանգը.

2) անհրաժեշտ է ճշտել տվյալ տեղեկատվության տնօրինողի մոտ համապատասխան տեղեկության առկայության փաստը.

3) անհրաժեշտ է պարզաբանել տվյալ տեղեկատվության տնօրինողի կողմից գրավոր հարցումների քննարկման կարգը։

6. Բանավոր հարցումի պատասխանը տրվում է բանավոր՝ հարցումը լսելուց հետո անհապաղ կամ հնարավորինս սեղմ ժամկետում։ Եթե բանավոր հարցումով դիմողը չի հայտնում իր անունը եւ ազգանունը եւ (կամ) բանավոր հարցումը չի համապատասխանում սույն հոդվածի 5-րդ կետի «ա», «բ» եւ «գ» ենթակետերով սահմանված պահանջներին, ապա տեղեկատվություն տնօրինողը կարող է չպատասխանել բանավոր հարցումին։

7. Գրավոր հարցումի պատասխանը տրվում է, հետեւյալ ժամկետներում՝

1) եթե գրավոր հարցումում նշված տեղեկությունը հրապարակված չէ, ապա դրա պատճենը դիմողին է տրվում հարցումը ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում.

2) եթե գրավոր դիմումում նշված տեղեկությունը հրապարակված է, ապա տվյալ հրապարակման միջոցի, վայրի եւ ժամկետի մասին տեղեկությունը դիմողին է տրվում հարցումը ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում.

3) եթե հարցումում նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումը ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումը ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները եւ տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։

8. Գրավոր հարցումի պատասխանը տրվում է այդ հարցումում նշված նյութական կրիչով։ Եթե նյութական կրիչը նշված չէ, եւ դա անհնար է պարզել տվյալ հարցումին պատասխանելու համար սույն օրենքով սահմանված ժամկետում, ապա գրավոր հարցումի պատասխանը տրվում է տեղեկությունը տնօրինողին առավել ընդունելի նյութական կրիչով։

9. Սույն հոդվածի 7-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված դեպքում հարցումով դիմողը իր ցանկությամբ կարող է օրենսդրությամբ սահմանված կարգով տեղում ծանոթանալ տեղեկությանը՝ հետ վերցնելով իր գրավոր հարցումը։

10. Եթե տեղեկատվություն տնօրինողը չունի փնտրվող տեղեկությունը, կամ դրա տրամադրումը իր լիազորությունների շրջանակից դուրս է, ապա նա տվյալ գրավոր հարցումը ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել դիմողին, իսկ հնարավորության դեպքում նրան տրամադրել նաեւ այն տեղկատվություն տնօրինողի, այդ թվում՝ արխիվի գտնվելու վայրը, որն ունի փնտրվող տեղեկությունը:

11. Եթե տեղեկատվություն տնօրինողը չունի փնտրվող տեղեկությանը վերաբերող բոլոր տվյալները, ապա նա գրավոր հարցումով դիմողին է տալիս տվյալների այն մասը, որն ունի, իսկ հնարավորության դեպքում գրավոր հարցումի պատասխանում նշում է նաեւ այն տեղեկատվություն տնօրինողի, այդ թվում՝ արխիվի գտնվելու վայրը, որն ունի փնտրվող տեղեկությանը վերաբերող մյուս տվյալները։

Հոդված 10. Տեղեկությունների տրամադրման պայմանները

1. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, պետական հիմնարկներից եւ կազմակերպություններից տեղեկություն կամ դրա կրկնօրինակը (պատճենը) ստանալու համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով գրավոր հարցումով դիմողից գանձվում է վճար, որի չափը չի կարող գերազանցել տվյալ տեղեկության տրամադրման ծախսերը։

2. Սույն հոդվածի 1-ին կետում սահմանված վճարը չի գանձվում հետեւյալ դեպքերում՝

1) բանավոր հարցումներին պատասխանելիս.

2) մինչեւ 10 էջ տպագրված կամ պատճենահանված տեղեկություններ տրամադրելիս.

3) տեղեկությունը էլեկտրոնային փոստով (ինտերնետային ցանցով) տրամադրելիս.

4) սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետում նշված տեղեկությունների տրամադրման մասին գրավոր հարցումներին պատասխանելիս.

5) սույն օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի «գ» ենթակետով եւ 9-րդ հոդվածի 10-րդ կետով նախատեսված դեպքերում տեղեկության տրամադրման ժամկետի փոփոխման մասին տեղեկություններ տրամադրելիս.

6) տեղեկության տրամադրումը մերժելիս։

3. Օրենսդրությամբ սահմանված կարգով առաջին, երկրորդ խմբի հաշմանդամ ճանաչված, հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող, ինչպես նաեւ կենսաթոշակային տարիքի անձինք սույն հոդվածի 1-ին կետով սահմանված գումարը վճարում են 50 տոկոս զեղչով։

4. Հանրային նշանակության կազմակերպություններն ինքնուրույն են որոշում տեղեկությունների տրամադրման համար գանձվող գումարի չափը, որը չի կարող գերազանցել այդ տեղեկության տրամադրման ծախսերը։

5. Ոչ հավաստի կամ ոչ լրիվ տվյալներ պարունակող տեղեկություն տրամադրած մարմինը կամ կազմակերպությունը այդ տեղեկությունը ստացած անձի գրավոր հարցման հիման վրա պարտավոր է սույն օրենքով սահմանված կարգով անվճար տրամադրել ճշգրտված տվյալներով տեղեկություն:

Հոդված 11. Տեղեկության տրամադրումը մերժելու հիմքերը եւ կարգը

1. Տեղեկության տրամադրումը մերժվում է սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված դեպքերում կամ այդ տեղեկության տրամադրման համար սահմանված գումարը չվճարվելու դեպքում։

2. Տեղեկատվություն տնօրինողը կարող է չպատասխանել բանավոր հարցումին, եթե տվյալ պահին դա խոչընդոտում է տեղեկատվություն տնօրինողի հիմնական պարտականությունների կատարմանը, բացառությամբ սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերի։

3. Գրավոր հարցումով պահանջվող տեղեկության տրամադրումը մերժելու դեպքում տեղեկատվություն տնօրինողը այդ մասին 5 օրյա ժամկետում գրավոր հայտնում է դիմողին՝ նշելով մերժման հիմքը (օրենքի համապատասխան նորմը), ինչպես նաեւ դրա բողոքարկման կարգը:

4. Տեղեկության տրամադրման մերժումը կարող է բողոքարկվել օրենսդրությամբ դրա համար լիազորված պետական կառավարման մարմնին կամ դատարան:

Հոդված 12. Տեղեկատվության ազատության ապահովման ոլորտում տեղեկատվություն տնօրինողների պարտականությունները

Տեղեկատվության ապահովման ոլորտում տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է օրենքով սահմանված կարգով՝

1) ապահովել տեղեկությունների մատչելիությունը եւ հրապարակայնությունը.

2) իրականացնել իր տնօրինության տակ գտնվող տեղեկությունների գրանցումը, դասակարգումը եւ պահպանումը.

3) տեղեկություններ փնտրող անձին տրամադրել հավաստի եւ իր տնօրինության տակ գտնվող լրիվ տեղեկություն.

4) սահմանել իր կողմից բանավոր եւ (կամ) գրավոր տեղեկությունների տրամադրման կարգը.

5) նշանակել տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու պաշտոնատար անձին։

Հոդված 13. Տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու անձը

1. Տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու պաշտոնատար անձը կարող է լինել տեղեկատվություն տնօրինողի կողմից նշանակված պաշտոնատար անձը կամ տեղեկատվություն տնօրինողի ղեկավարը։

2. Տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու պաշտոնատար անձը օրենսդրությամբ սահմանված կարգով՝

1) ապահովում է տեղեկատվության ազատության ապահովման ոլորտում տեղեկատվություն տնօրինողի պարտականությունների իրականացումը.

2) տեղեկություն փնտրողին մատչելի ձեւով բացատրում է տեղեկության տրամադրման կարգը, պայմանները եւ ձեւերը.

3) մշակում է ստացված հարցումների վիճակագրական եւ ամփոփ տվյալները։

Հոդված 14. Պատասխանատվությունը տեղեկատվության ազատության խախտման համար

1. Տեղեկություն տրամադրելուց ապօրինի հրաժարվելու, կամ ոչ հավաստի տեղեկություն տրամադրելու, ինչպես նաեւ տեղեկատվության ազատության՝ սույն օրենքով սահմանված կարգի այլ խախտումներն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն։

2. Սույն օրենք 8-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքում տեղեկության հրապարակելը չի կարող առաջացնել վարչական կամ քրեական պատասխանատվություն։

Հոդված 15. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:

2. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ կետերն ուժի մեջ են 2004թ. հունվարի 1-ից։