Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-916-07.07.2006-ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-258 օրենքի (այսուհետ` օրենք) 16-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեն նաեւ ծառայությունից սահմանված կարգով արձակված (ազատված) եւ կենսաթոշակի իրավունք ձեռք բերած, սակայն կենսաթոշակ նշանակելու համար չդիմած եւ ծառայությունից սահմանված կարգով  արձակվելուց (ազատվելուց) հետո` վեց ամսվա ընթացքում մահացած նախկին զինծառայողների ընտանիքները:»:

Հոդված 2.

Օրենքի 26-րդ հոդվածը 6-րդ մասից հետո լրացնել նոր մասով հետեւյալ բովանդակությամբ.

«Զինվորական ծառայության, քրեակատարողական ծառայության, հարկադիր կատարման ծառայության կամ դատախազությունում ծառայության անցնելու դեպքում սույն օրենքով նշանակված կենսաթոշակների վճարումը դադարեցվում է ծառայության անցնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:»:

Հոդված 3.

1. Օրենքի 28-րդ հոդվածը 2-րդ մասի «Կենսաթոշակառուի մահվան» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ հաշմանդամ ճանաչված նախկին զինծառայողի` հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, վերափորձաքննության չներկայանալու եւ մահանալու » բառերով:

2. Օրենքի 28-րդ հոդվածը 2-րդ մասից հետո լրացնել նոր մասով հետեւյալ բովանդակությամբ.

«Ծառայությունից սահմանված կարգով արձակված (ազատված), ինչպես նաեւ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված եւ կենսաթոշակի իրավունք ձեռք բերած, սակայն կենսաթոշակ նշանակելու համար չդիմած եւ ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց (ազատվելուց) կամ հաշմանդամությունը հաստատվելուց հետո վեց ամսվա ընթացքում մահացած նախկին զինծառայողների ընտանիքների անդամներին վճարվում է թաղման նպաստ բազային կենսաթոշակի յոթանասունհինգապատիկի չափով` սույն հոդվածով սահմանված կարգով»:

Հոդված 4.

Հանել օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ նախադասությունը:

Հոդված 5.

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից։ 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի նախապատրաստման համար հիմք է հանդիսացել  ՀՀ կառավարության  09.12.05թ.  թիվ 2200-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 91-րդ կետը:

Օրենքի ընդունումը պայմանավորված է զինծառայողների ընտանիքների անդամների սոցիալական իրավունքների լրացուցիչ երաշխիքների ամրագրման  անհրաժեշտությամբ: Մասնավորաբար.

Օրենքի 16-րդ հոդվածում կատարվող լրացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ  ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց /ազատվելուց/ հետո մահացած, կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերած, սակայն կենսաթոշակը չձեւակերպած նախկին զինծառայողների ընտանիքների անդամներին կերակրողին կորցնելու համար սոցիալական կենսաթոշակ նշանակելու իրավական հիմք ամրագրելու անհրաժեշտություն է առաջացել` կապված նման նախադեպերի ավելացման հետ:

Օրենքի 26-րդ հոդվածում  կատարվող լրացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ օրենքով սահմանված կարգով երկարամյա ծառայության կամ հաշմանդամության կենսաթոշակի անցած այնուհետեւ  կրկին ծառայության վերականգնված զինծառայողների կենսաթոշակների վճարումը դադարեցնելու վերաբերյալ դրույթներ սույն օրենքով ամրագրված չեն, նման դրույթներ ամրագրված չեն նաեւ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածում:  Նշված լրացումը  պայմանավորված է հիշյալ օրենսդրական բացը լրացնելու անհրաժեշտությամբ:

Օրենքի 28-րդ հոդվածում կատարվող 1-ին լրացման նպատակը հաշմանդամ ճանաչված նախկին զինծառայողի` հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո երեք ամսվա ընթացքում վերափորձաքննության չներկայանալու եւ մահանալու դեպքում նրա ընտանիքին եւս թաղման նպաստ վճարելու իրավական հիմքի ամրագրումն է:  Հոդվածում կատարվող մյուս լրացումը իրենից ենթադրում է ծառայությունից սահմանված կարգով արձակված (ազատված), ինչպես նաեւ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված եւ կենսաթոշակի իրավունք ձեռք բերած, սակայն կենսաթոշակ նշանակելու համար չդիմած եւ ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց (ազատվելուց) կամ հաշմանդամությունը հաստատվելուց հետո վեց ամսվա ընթացքում մահացած նախկին զինծառայողների ընտանիքների անդամներին եւս նշված հոդվածով սահմանված կարգով թաղման նպաստ վճարելու իրավունքի տրամադրում:

Օրենքի 38-րդ հոդվածում կատարվող փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ այսօր «նախկինում կենսաթոշակի անցած զինծառայողներ» հասկացությունը գործնականորեն չի կիրառվում: Ներկայումս միեւնույն չափով են վերահաշվարկվում ինչպես մինչեւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի ընդունումը, այնպես էլ նշված օրենքի ընդունումից հետո կենսաթոշակի անցած զինծառայողների  կենսաթոշակները: