Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-861-28.04.2006-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԹԻԿՆԱԶՈՐԱՅԻՆ (ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է թիկնազորային (պահնորդական) գործունեության կազմակերպման եւ իրականացման կարգը, նշված գործունեության մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները, կարգավորում է թիկնազորային (պահնորդական) գործունեության հետ կապված հարաբերությունները :

Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող թիկնազորային (պահնորդական) գործունեության վրա:

Օտարերկրյա ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, ինչպես նաեւ քաղաքացիություն չունեցող անձինք (բացառությամբ` փախստականի կարգավիճակ ունեցող) Հայաստանի Հանրապետության տարածքում իրավունք չունեն զբաղվել թիկնազորային (պահնորդական) գործունեությամբ:

Հոդված 3. Հիմնական հասկացություններ

Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

թիկնազորային գործունեություն՝ լիցենզավորման ենթակա գործունեություն, որն իրականացվում է թիկնազորային կազմակերպության կողմից ֆիզիկական եւ իրավաբանական անձանց` սույն օրենքով նախատեսված թիկնազորային ծառայություններ մատուցելու միջոցով ,

թիկնազորային գործունեություն իրականացնող իրավաբանական անձ (այսուհետ՝ թիկնազորային կազմակերպություն)՝ առեւտրային կազմակերպություն, որն ունի թիկնազորային գործունեություն իրականացնելու լիցենզիա եւ մատուցում է բացառապես թիկնազորային ծառայություններ ,

պահապան (պահնորդ) ՝ ՀՀ քաղաքացի, որը պահապան (պահնորդ) աշխատելու համար ունի սույն օրենքով նախատեսված որակավորում, աշխատանքային պայմանագրով աշխատում է թիկնազորային կազմակերպությունում, օրենքով սահմանված կարգով ստացել է քաղաքացիական եւ (կամ) ծառայողական զենք (այսուհետ՝ զենք, հրազեն), հատուկ միջոցներ պահելու եւ կրելու թույլտվություն :

թիկնապահ ՝ ՀՀ քաղաքացի, որն ունի պահպանվող անձանց կյանքի եւ առողջության պաշտպանություն իրականացնելու համար համապատասխան որակավորում, սույն օրենքով նախատեսված կարգով թիկնազորային կազմակերպությունում պայմանագրային հիմունքներով իրականացնում է պահպանվող անձի կյանքի եւ առողջության պաշտպանություն (այդ թվում նաեւ զենքի օգտագործմամբ), օրենքով սահմանված կարգով ստացել է քաղաքացիական եւ (կամ) ծառայողական զենք, հատուկ միջոցներ պահելու եւ կրելու թույլտվություն :

պահպանվող անձ (պատվիրատու) ՝   ֆիզիկական անձ, որը թիկնազորային կազմակերպության հետ պայմանագիր է կնքել իր կյանքի եւ առողջության պաշտպանություն իրականացնելու ծառայություններ մատուցելու մասին ,

պահպանվող օբյեկտ ՝ պատվիրատուի ու թիկնազորային կազմակերպության միջեւ կնքված պայմանագրի համաձայն պահպանության ենթակա գույք ,

թիկնազորային ծառայություններ ՝ պահպանվող օբյեկտների եւ ֆիզիկական անձանց պաշտպանությունն ու անվտանգությունն ապահովող գործողությունների ամբողջություն ,

անվտանգության ծառայություն ՝ կազմակերպություններում եւ հիմնարկներում (այսուհետ` կազմակերպություն) գործող ստորաբաժանում, որը տվյալ կազմակերպության անվտանգության շահերից ելնելով իրականացնում է սույն օրենքով սահմանված գործունեություն ,

անցագրային ռեժիմ ՝ պահպանվող օբյեկտ մուտք (ելք) գործելու եւ օբյեկտի ներսում գտնվելու համար սահմանված կարգ, որն ապահովվում է այնպիսի միջոցառումների ու կանոնների ամբողջությամբ, որոնք բացառում են անձանց, տրանսպորտային միջոցների, գույքի անվերահսկելի մուտքը (ելքը) պահպանվող օբյեկտ :

Հոդված 4. Թիկնազորային (պահնորդական) գործունեության իրականացման իրավական հիմքերը

Թիկնազորային (պահնորդական) գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, սույն օրենքին, այլ օրենքներին ու իրավական ակտերին, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

Հոդված 5. Թիկնազորային (պահնորդական) գործունեության սկզբունքները

Թիկնազորային (պահնորդական) գործունեությունն իրականացվում է օրինականության, մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, իրավաբանական անձանց իրավունքներն ու օրինական շահերը հարգելու եւ պահպանելու, պահպանվող օբյեկտի ու ֆիզիկական անձի պաշտպանությունը առավել հուսալի եւ անվտանգ եղանակով իրականացնելու սկզբունքների հիման վրա:

Հոդված 6. Թիկնազորային (պահնորդական) գործունեության նպատակը

Թիկնազորային (պահնորդական) գործունեությունն իրականացվում է հետեւյալ նպատակներով՝

ա) իրավաբանական անձանց տնտեսական, մտավոր սեփականության անվտանգության ապահովում,

բ) օբյեկտների եւ ֆիզիկական անձանց պաշտպանություն,

գ) պահպանվող օբյեկտներում անցագրային ռեժիմի ապահովում,

Հոդված 7. Թիկնազորային գործունեության լիցենզավորումը

1. Թիկնազորային գործունեության լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` հաշվի առնելով սույն օրենքով նախատեսված առանձնահատկությունները:

2. Թիկնազորային գործունեության համար տրվում է բարդ ընթացակարգով լիցենզիա:

Հոդված 8. Թիկնազորային գործունեություն իրականացնելիս զենք ձեռք բերելու համար տրվող լիցենզիան, զենք, հատուկ կամ տեխնիկական միջոցներ պահելու եւ կրելու համար տրվող թույլտվությունը

1. . Թիկնազորային կազմակերպություններին եւ թիկնապահներին (պահնորդներին) թույլատրվում է ձեռք բերել միայն «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով  սահմանված քաղաքացիական համարվող զենք :

2. Թիկնազորային կազմակերպություններին եւ թիկնապահներին (պահնորդներին) զենք ձեռք բերելու լիցենզիայի, զենք պահելու ու կրելու թույլտվության տրամադրումը, ինչպես նաեւ այդ զենքի գրանցումն իրականացվում է «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց եւ քաղաքացիների համար նախատեսված պայմաններով ու կարգով:

3. Թիկնազորային գործունեություն իրականացնելիս հատուկ կամ տեխնիկական միջոցներն օգտագործվում են սույն օրենքով սահմանված կարգով եւ դեպքերում :

Հոդված 9. Թիկնազորային գործունեության իրականացումը

1. Սույն օրենքով նախատեսված թիկնազորային գործունեություն կարող են իրականացնել օրենքով սահմանված կարգով գրանցված եւ համապատասխան լիցենզիա ստացած թիկնազորային կազմակերպությունները:

2. Թիկնազորային գործունեություն իրականացնելիս թույլատրվում է մատուցել հետեւյալ ծառայությունները.

ա) պահպանվող անձանց կյանքի եւ առողջության պաշտպանություն (այդ թվում՝ զենքի օգտագործմամբ),

բ) սեփականության կամ օգտագործման իրավունքով անձին պատկանող անշարժ եւ շարժական գույքի պահպանություն,

գ) պահպանվող օբյեկտներում անցագրային եւ ներօբյեկտային ռեժիմների ապահովում,

դ) անվտանգության եւ հրդեհային ազդանշանային միջոցների ու համակարգերի նախագծման, տեղադրման եւ շահագործման աշխատանքների իրականացում,

ե) պատվիրատուի իրավունքների եւ օրինական շահերի, ինչպես նաեւ ֆիզիկական ու իրավաբանական անձանց մտավոր սեփականության պաշտպանության հետ կապված հարցերով խորհրդատվության մատուցում:

3. Թիկնազորային կազմակերպության ղեկավարները եւ թիկնապահները (այսուհետ նաեւ պահապանները) իրավունք չունեն թիկնազորային գործունեության հետ չկապված պաշտոններ զբաղեցնել այն կազմակերպություններում, որոնց հետ թիկնազորային կազմակերպությունը կնքել է թիկնազորային ծառայություններ մատուցելու մասին պայմանագիր:

Սույն պահանջների չկատարումը կարող է հիմք ծառայել թիկնազորային կազմակերպությանը թիկնազորային գործունեության լիցենզիայից զրկելու համար:

Հոդված 10. Թիկնազորային ծառայություններ մատուցելու մասին պայմանագիրը

Թիկնազորային կազմակերպության եւ պատվիրատուի միջեւ թիկնազորային ծառայություններ մատուցելու մասին պայմանագիրը կնքվում է գրավոր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի եւ սույն օրենքի պահանջներին համապատասխան:

Հոդված 11. Թիկնազորային գործունեության իրականացման սահմանափակումները

Թիկնազորային գործունեություն չեն կարող իրականացնել`

ա) 21 տարեկանը չլրացած քաղաքացին .

բ) պարտադիր զիվորական ծառայությունից խուսափած, ինչպես նաեւ այլընտրանքային  ծառայություն անցած քաղաքացին.

գ) բուժհիմնարկներում հոգեկան հջվանդության, հարբեցողության կամ թքրամոլության պատճառով հաշվառման կանգնած քաղաքացին.

դ) դիտավորյալ հանցագործություն համար դատապարտված քաղաքացին, եթե դատվածությունը մարված չէ,

ե) հանցագործության  կատարման մեջ մեղադրվող քաղաքացին (մինչեւ օրենքով սահմանված կարգով նրա մեղավորության հարցի լուծումը).

զ) պետական, քաղաքացիական, դատական եւ այլ հատուկ ծառայություններից բացասական հիմքով ազատված քաղաքացին.

է) անհրաժեշտ փաստաթղթերը թերի ներկայացրած կամ դրանցում կեղծ տվյալներ ներկայացրած քաղաքացին :

Հոդված 12. Թիկնապահը

1. Թիկնազորային կազմակերպությունում աշխատանքային պայմանագրով թիկնապահ աշխատելու համար քաղաքացին, որի պարտականությունների մեջ է մտնում սույն օրենքի 9 հոդվածի երկրորդ մասով նախատեսված ծառայությունների մատուցումը, պարտավոր է ներկայացնել դիմում, ինչպես նաեւ համապատասխան որակավորումը հավաստող փաստաթուղթ :

2. Իր գործառույթային պարտականությունները կատարելիս թիկնապահին արգելվում է կատարել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող մարմինների բացառիկ իրավասությանը վերապահված գործառույթներ:

Հոդված 13. Թիկնապահի իրավունքները

1. Թիկնապահը իր գործառույթային պարտականությունները կատարելիս իրավունք ունի՝

ա) վնասազերծել պահպանվող անձի կամ օբյեկտի, ինչպես նաեւ իր նկատմամբ ոտնձգություն կատարած անձին եւ  անհապաղ վերջինիս հանձնել իրավապահ մարմիններին,

բ) պահպանվող օբյեկտի պաշտոնատար անձանցից, աշխատակիցներից եւ այլ անձանցից պահանջել անցագրային ու ներօբյեկտային ռեժիմների պահպանում,

գ) պահպանվող օբյեկտում անցագրային ռեժիմի պայմաններն ապահովելիս, իր իրավասության շրջանակներում եւ թիկնազորային ծառայություններ մատուցելու մասին պայմանագրին համապատասխան, իրականացնել քաղաքացիների անձնական զննություն, նրանց մոտ գտնվող առարկաների զննում, անձը հաստատող, ինչպես նաեւ պահպանվող օբյեկտ հետիոտն կամ տրանսպորտային միջոցով մուտք (ելք) գործելու, գույք տեղափոխելու վերաբերյալ փաստաթղթերի ուսումնասիրություն,

դ) իրականացնել պահպանվող օբյեկտ մուտք (ելք) գործող տրանսպորտային միջոցների զննում,

ե) օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով կիրառել ֆիզիկական ուժ, զենք, հատուկ կամ տեխնիկական միջոցներ:

2. Թիկնապահի կողմից ֆիզիկական եւ իրավաբանական անձանց օրինական իրավունքների եւ ազատությունների խախտումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:

Հոդված 14. Թիկնազորային գործունեության իրականացման սահմանափակումները

Իր գործառույթային պարտականությունները կատարելիս թիկնապահներին արգելվում է՝

ա) իրավապահ մարմիններից թաքցնել ծառայողական գործունեության ընթացքում իրեն հայտնի դարձած նախապատրաստվող կամ կատարված հանցագործությունների մասին տեղեկություններ,

բ) կատարել քաղաքացիների իրավունքները եւ ազատությունները ոտնահարող, ինչպես նաեւ կյանքը, առողջությունը, պատիվը, արժանապատվությունն ու գույքը վտանգող գործողություններ,

գ) հրապարակել ծառայողական գործունեության ընթացքում իրեն հայտնի դարձած տեղեկությունները կամ դրանք անօրինական օգտագործել իր կամ այլ անձի շահերից ելնելով,

դ) իրեն կցված հատուկ կամ տեխնիկական միջոցները, զենքը, դրանք կրելու թույլտվությունը, թիկնապահի վկայականը փոխանցել այլ անձանց:

Հոդված 15. Թիկնապահի կողմից իր գործողությունների վերաբերյալ հաղորդագրություն ներկայացնելը

1. Թիկնապահը պահպանվող անձի, պահպանվող գույքի կամ օբյեկտի, պահպանության աշխատակիցների, ինչպես նաեւ իր նկատմամբ իրավախախտումը կանխելիս, իրավախախտներին վնասազերծելիս կամ քաղաքացիների կյանքին, առողջությանը եւ գույքին ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների կամ զենքի կիրառմամբ վնաս հասցնելու դեպքերում պարտավոր է այդ մասին գրավոր անհապաղ տեղեկացնել իրավապահ մարմիններին եւ թիկնազորային կազմակերպության ղեկավարին՝ նշելով դրա ժամանակի, վայրի, հանգամանքների ու դրա հետ կապված իր գործողությունների մասին:

Հոդված 16. Ֆիզիկական ուժ, զենք, հատուկ կամ տեխնիկական միջոցներ գործադրելու հիմքերը, պայմանները եւ սահմանները

1. Իր գործառույթային պարտականությունները կատարելիս թիկնապահը ֆիզիկական ուժ, զենք, հատուկ կամ տեխնիկական միջոցներ գործադրելուիրավունք ունի միայն անհրաժեշտ պաշտպանության եւ ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում, ինչպես նաեւ ոտնձգություն կատարած անձին վնասազերծելիս` սույն օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով :

2. Թիկնապահները պարտավոր են անցնել հատուկ պատրաստություն, ինչպես նաեւ պարբերաբար անցնել ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ հրազենի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելուպիտանիությունը որոշող ստուգումներ:

3.Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ/կամ հրազենի գործադրման ընտրությունը կատարելիս թիկնապահը առաջնորդվում է` ելնելով ստեղծված իրավիճակից, ոտնձգության բնույթից եւ արարքը կատարող անձից,   ղեկավարվելով պահպանվող օբյեկտի ու ֆիզիկական անձի պաշտպանությունը առավել հուսալի եւ անվտանգ եղանակով իրականացնելու սկզբունքով :

4. Թիկնապահը ֆիզիկական ուժ, հատուկ միջոցների եւ/կամ հրազեն գործադրելուց առաջ պարտավոր է նախազգուշացել դրանք գործադրելու մասին` բավարար ժամանակ տրամադրելով իր օրինական պահանջները կատարելու եւ ոտնձգությունը դադարեցնելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց գործադրման հապավումն անմիջական սպառնալիք է ստեղծում պահպանվող անձի կամ իր կյանքի ու առողջության համար, կամ կարող է առաջացնել այլ ծանր հետեւանքներ, կամ երբ ստեղծված իրավիճակում այդպիսի նախազգուշացումն անհնար է:

Թիկնապահը պարտավոր է նաեւ`

ա) ելնելով ոտնձգության բնույթից` ձգտել, որպեսզի ոտնձգություն կատարած անձին պատճառվող վնասը հասցվի նվազագույնի,

բ) անհապաղ ապահովել (ցուցաբերել)  առաջնային բուժօգնությամբ այն անձանց, ում առողջությանը պատճառվել է վնաս,

գ)ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ/կամ հրազենի գործադրմամբ անձին պատճառած մարմնական վնասվածքի կամ մահվան դեպքում անհապաղ տեղեկացնել լիազոր մարմնի տվյալ վայրի ստորաբաժանմանը եւ իր վերադասին :

Օրենքով չնախատեսված դեպքերում թիկնապահի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ/կամ հրազենի գործադրումը կամ սահմանների անցումով դրանց գործադրումն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով :

Հոդված 17. Ֆիզիկական ուժի գործադրումը

Թիկնապահը իրավունք ունի ֆիզիկական ուժ (այդ թվում` ձեռնամարտի հնարքներ, ձեռքի տակ գտնվող անհրաժեշտ առարկաներ) գործադրել պահպանվող անձի եւ/կամ օբյեկտի նկատմամբ ոտնձգությունը կանխելիս, դրանք կատարած անձանց վնասազերծելիս, ինքնապաշտպանության, ինչպես նաեւ այն դեպքերում, երբ առանց ֆիզիկական ուժ գործադրելու չի ապահովվի իր գործառույթային պարտականությունների օրինական եւ իրավաչափ կատարումը:

Հոդված 18. Հատուկ միջոցների գործադրումը

1. Թիկնապահը հատուկ միջոցներ կարող է գործադրել հետեւյալ դեպքերում.

ա) իր կամ պահպանվող անձի կյանքին եւ առողջությանն անմիջականորեն սպառնացող հարձակումը խափանելիս,

բ) իր կամ պահպանվող անձի (գույքի) դեմ ուղղված հարձակումը կանխելիս, երբ հարձակվողը ֆիզիկական դիմադրություն է ցույց տալիս,

գ) պահպանվող օբյեկտ մուտք գործելու փորձ կատարող տրանսպորտային միջոցը կանգնեցնելու անհրաժեշտությունից ելնելով, եթե վարորդը չի կատարում մեքենան կանգնեցնելու վերաբերյալ պահապանի օրինական պահանջը,

դ) թիկնապահի հատուկ միջոցներին տիրանալու փորձը կանխելիս:

2. Թիկնապահը կարող է գործադրել հետեւյալ հատուկ միջոցները`

ա) ձեռնաշղթաներ, արցունքաբեր գազ, ռետինե մահակներ, էլեկտրահարող սարքեր, կայծային պարպիչներ, ծառայողական շներ` սույն հոդվածի առաջին մասի ա), բ) եւ դ) կետերով նախատեսված դեպքերում,

բ) տրանսպորտի հարկադիր կանգնեցման միջոցներ` սույն հոդվածի առաջին մասի գ) կետով նախատեսված դեպքերում :

3. Արգելվում է հատուկ միջոցների գործադրումը հղիության նկատելի նշաններ ունեցող կանանց, հաշմանդամների, անչափահասների նկատմամբ, եթե նրանց տարիքն ակնհայտ է կամ հայտնի է թիկնապահին:

4. Անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում հատուկ միջոցների բացակայության դեպքում թիկնապահը իրավունք ունի օգտագործել ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր միջոցները :

Հոդված 19. Հրազենի գործադրումը (կիրառումը) եւ օգտագործումը

1. Թիկնապահը իրավունք ունի զենք գործադրել հետեւյալ դեպքում`

անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում` իր կամ պահպանվող անձի կամ պահպանվող օբյեկտի վրա կատարվողվտանգավոր, խմբակային կամ այլ զինված հարձակումը կանխելիս, եթե զենք չգործադրելը կարող է անմիջական վտանգ ստեղծել նրա, պահպանվող անձի կյանքի եւ առողջության կամ պահպանվող գույքի համար,

2. Թիկնապահը իրավունք ունի հրազեն օգտագործել հետեւյալ դեպքերում`

ա) պահպանվող օբյեկտ մուտք գործելու փորձ կատարող տրանսպորտային միջոցը վնասելով կանգնեցնելիս, եթե վարորդը չի կատարում մեքենան կանգնեցնելու վերաբերյալ պահապանի օրինական պահանջը,

բ) մարդկանց կյանքին եւ առողջությանն անմիջականորեն սպառնացող կենդանիներին վասազերծելիս,

գ) թիկնապահի զենքին տիրանալու փորձը կանխելիս,

դ) զենք օգտագործելու մտադրության մասին նախազգուշական կրակոց արձակելիս,տագնապ հայտարարելիս կամ օգնության կանչելիս:

3. Արգելվում է հրազենի գործադրումը հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների եւ անչափահասների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու, թիկնապահի կամ պահպանվող անձի կյանքին եւ առողջությանը, պահպանվող օբյեկտի անվտանգությանը սպառնացող զինված կամ խմբակային այլ հարձակումը կանխելու դեպքերի):

4. Զենքի յուրաքանչյուր գործադրման դեպքում թիկնապահը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել տվյալ վայրի լիազոր մարմնի ստորաբաժանմանը եւ իր վերադասին:

5. Թիկնազորային ծառայություններ մատուցելիս օգտագործվող  քաղաքացիական զենքի տեսակները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Արգելվում է թիկնազորային ծառայություններ մատուցելիս օգտագործել հրազենի կամ դրա զինամթերքի այնպիսի տեսակներ, որոնք պատճառում են առավել ծանր վնասվածքներ կամ չարդարացված ռիսկի աղբյուր են :

Հոդված 20. Տեխնիկական միջոցների կիրառումը

1. Թիկնազորային գործունեություն իրականացնելիս տեխնիկական միջոցների կիրառումը չպետք է խախտի այլ անձանց օրինական իրավունքներն ու ազատությունները, վնաս հասցնի նրանց կյանքին եւ առողջությանը, շրջակա միջավայրին:

Արգելվում է այնպիսի տեխնիկական միջոցների կիրառումը, որոնք նախատեսված են տեղեկությունների ոչ հրապարակային հավաքման ու ձեռքբերման համար եւ որոնց օգտագործումը սահմանափակված էօրենքով ու այլ իրավական ակտերով:

2. Թիկնազորային գործունեություն իրականացնելիս թույլատրվում է օգտագործել ռադիոհաճախականության տիրույթներ, որոնց տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 21. Թիկնազորային կազմակերպության մասնաճյուղերի եւ կազմակերպություններում անվտանգության ծառայությունների (ստորաբաժանումների) ստեղծումը

Թիկնազորային կազմակերպության մասնաճյուղերի, ինչպես նաեւկազմակերպությունների անվտանգության ծառայությունների (ստորաբաժանումների) ստեղծումն ու գործունեությունն իրականացվում են թիկնազորային կազմակերպությունների համար սույն օրենքով եւ այլ օրենքներով սահմանվածկարգով:

Հոդված 22. Թիկնազորային կազմակերպությունների ղեկավարների, թիկնապահների մասնագիտական (հատուկ) ուսուցումը, վերապատրաստումը եւ որակավորման բարձրացումը

1. Թիկնազորային կազմակերպություների ղեկավարների, թիկնապահների մասնագիտական (հատուկ) ուսուցումը, վերապատրաստումը եւ որակավորման բարձրացումը իրականացնում են համապատասխան լիցենզիա ունեցող ուսումնական հաստատությունները:

2. Թիկնազորային կազմակերպության ղեկավարների, թիկնապահների վերապատրաստումը եւ որակավորման ստուգումը իրականացվում է հինգ տարին մեկ անգամ:

Հոդված 23. Վերահսկողությունը թիկնազորային գործունեության նկատմամբ

Հայաստանի Հանրապետության տարածքում թիկնազորային գործունեության նկատմամբ վերահսկողությունը իրականացնում էլիազոր մարմինը:

Թիկնազորային գործունեություն իրականացնող իրավաբանական անձանցնկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի պաշտոնատար անձինք իրավունք ունեն նշված մարմիններից պահանջել համապատասխան փաստաթղթեր եւ ստանալ գրավոր կամ բանավոր տեղեկություններ:

Հոդված 24. Պատասխանատվությունը օրենքը խախտելու համար

Սույն օրենքի խախտումը առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

Հոդված 25. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:

2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է թիկնազորային ծառայություններ մատուցելիս օգտագործվող զենքի տեսակները եւռադիոհաճախականության տիրույթների տրամադրման կարգը :
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Թիկնազորային (պահնորդական) գործունեության մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո նոր տնտեսական հարաբերությունների ձեւավորումը հանգեցրեց հասարակության մեջ այնպիսի իրական պահանջարկի առաջացմանը, ինչպիսին է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, գույքի ոչ պետական պաշտպանության կազմակերպման անհրաժեշտությունը:

Գաղտնիք չէ, որ նման գործունեությունն արդեն իսկ իրականացվում է, ներառյալ` զենքի օգտագործմամբ, իսկ համապատասխան օրենսդրական կարգավորման բացակայությունը հնարավորություն չի տալիս պատշաճ հսկողություն սահմանել այդպիսի գործունեության նկատմամբ, ինչը գործնականում հանգեցնում է որոշակի բացասական դրսեւորումների:

Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների ու օրինական շահերի ոչ պետական պաշտպանության իրականացման գործընթացը կարգավորող օրենքի նախագծի ընդունումը կնպաստի իրավակարգի պահպանության եւ հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացնանը, հնարավորություն կընձեռի իրավական կարգավորման ենթարկել թիկնազորային գործունեությունը, անհրաժեշտ երաշխիքներ կստեղծի դրա իրականացման գործընթացում օրինականության ապահովման համար:

Ներկայացվող օրենքների նախագծերի փաթեթը նպատակ ունի`

ապահովել միասնական պետական քաղաքականությունը թիկնազորային գործունեության ոլորտում,

օրենսդրորեն ամրագրել թիկնազորային գործունեության իրավական հիմքերը, բարենպաստ պայմաններ ստեղծել թիկնազորային գործունեության զարգացման համար: