Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-8471-13.04.2006-ՖՎ,ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (28 դեկտեմբերի 1998 թվականի, ՀՕ-270) 10-րդ հոդվածի` 1-ին կետի 1-ին պարբերությունը «համապատասխան» բառից հետո լրացնել «եթե Հայաստանի Հանրապետության օրենքով այլ բան նախատեսված չէ:» բառերով:

Հոդված 2. 20-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետը փակագծերում «վճարի» բառից հետո լրացնել «եւ Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ դեպքերի» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հիմնավորում

«Երեւան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» եւ «Բնապահպանական եւ բնօգտա-գործման վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի

«Երեւան Ջուր»փակ բաժնետիրական ընկերությանը բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է համապատասխան հիմքեր ստեղծել «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի արդյունավետ գործունեության ապահովման համար` նպատակ ունենալով բարելավել ընկերության կողմից սպասարկվող Երեւան քաղաքի եւ հարակից 33 համայնքների ջրամատակարարումն ու ջրահեռացումը:

Ներկայացվող օրենքի նախագիծը մշակվել է հիմք ընդունելով «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը եւ նպատակաուղղված է ՀՀ կառավարության 09.12.2005թ. N2200-Ն որոշման 2-րդ հավելվածի 12.1 կետում ամրագրված գերակա խնդրի իրականացմանը:

«Երեւան Ջուր» ՓԲԸ-ն ստեղծվել է 2005թ. դեկտեմբեր ամսին, վարձակալության միջազգային մրցույթում ՀՀ կռավարության 23.09.2004թ. N1361-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաղթող ճանաչված ֆրանսիական «Ժեներալ դեզ Օ» ընկերության կողմից, իսկ Վարձակալության պայմանագիրը կնքվել է 2005թ. դեկտեմբերի 14-ին: Վարձակալության պայմանագրի համաձայն, Երեւան «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի կողմից շահագործվող պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի օգտագործման իրավունքը վարձակալությամբ պետք է փոխանցվի «Երեւան Ջուր» ՓԲԸ-ին, որի գործունեության մեկնարկը նախատեսված է ս/թ մայիսի 1-ին: Ներկայացված օրենքի նախագծով նպատակահարմար է գտնվել սահմանել բնապահպանական վճարների գծով արտոնություններ նաեւ «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի համար:

Հարկ է նշել, որ ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայություններ մատուցող ընկերությունների ֆինանսական առողջացման ու բնականոն գործունեության ապահովման նպատակով, 2002թ. դեկտեմբերի 11-ին եւ 2005թ. դեկտեմբերի 16-ին ընդունվել են օրենքներ ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայություններ մատուցող ընկերություններին, (այդ թվում նաեւ Երեւանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ին)` բնապահպանական վճարների գծով արտոնություններ տրամադրելու վերաբերյալ, որոնցով մինչեւ 2009թ. հունվարի 1-ը հետաձգվել է հաշվարկված բնապահպանական վճարների վճարումը եւ ընկերություններն ազատվել են բնապահպանական վճարների գծով հաշվարկված եւ չվճարված տույժերից ու տուգանքներից: Այսինքն հանրապետության բոլոր խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայություններ մատուցող ընկերությունների համար սահմանվել են բնապահպանական վճարների գծով արտոնություններ:

Օրենքի նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել նաեւ այն, որ վարձակալության մրցույթի առաջարկների վերջնաժամկետից` սեպտեմբերի 30-ից հետո «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան ընդունվել է ՀՀ կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 6-ի N1652-Ն որոշումը (ուժի մեջ է մտել 10.11.2005թ.), որն առաջ է բերել բնապահպանական վճարների գծով նոր մեծածավալ պարտավորություններ որոնք չէին կարող կանխատեսվել ուստի եւ նախատեսվել մրցույթի մասնակիցների հայտերում:

Այդ որոշման համաձայն Երեւանի «Ջրմուղ-կոյուղի»ՓԲԸ-ն, իսկ հետագայում «Երեւան Ջուր» ՓԲԸ-ն մեկ տարվա ընթացքում պետք է վճարեն 1.5 միլիարդ դրամի բնապահպանական վճարներ, կամ ընկերության 2005 թվականի հասույթի 22.4%:

Պարզ է, որ այսպիսի մոտեցման դեպքում ջրամատակարար կազմակերպությունը չի կարող ծավալել բնականոն գործունեություն, որն էլ կհանգեցնի սակագնի զգալի չափով ավելացման անհրաժեշտության: Այս մոտեցումը անընդունելի է նաեւ այն պատճառով, որ ՀՀ կառավարության 17.03.2005թ. N658-Ն որոշմամբ արդեն իսկ հաստատվել են «Ցուցումներ հայտատուներին» փաստաթուղթը եւ վարձակալության պայմանագրի նախագիծը, որոնց հիման վրա կազմվել են հայտատուների ֆինանսական առաջարկները:

Անհրաժեշտ է նշել նաեւ, որ «Ժեներալ դեզ Օ» կազմակերպության ֆինանսական առաջարկում ամրագրված է հոսակորուստների կրճատման պարտավորություն, որով նախատեսվում է վարձակալության առաջին տարում տնտեսել 17 մլն. մ3 , երեք տարում` 93 մլն. մ3 , իսկ ամբողջ վարձակալության ժամկետում` 215 մլն. մ3 ջուր, որը դրամային արտահայտությամբ կկազմի համապատասխանաբար (գործող սակագներով) 2 , 1 մլրդ րամ, 11 , 6 մլրդ դրամ եւ 26,9 մլրդ դրամ: Փաստորեն վարձակալության ժամկետում նախատեսվում է ջրի կորուստները կրճատել 4.2 անգամ: Միաժամանակ կարեւորելով շրջա՟կա մի՟ջա՟վայրի աղտոտման ծավալների կրճատումը Երեւանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի կողմից մշակվել է բնապահպանական գործողու՟թյունների աստիճանական բարելավման պլան (վերջինս համա՟ձայ՟նեցվել է «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի հետ, հաստատվել ՀՀ ջրտնտպետ՟կոմիտեի նախագահի կողմից եւ ներկայացվել է ՀՀ բնա՟պահպա՟նության նախարարություն), որով նախատեսվում է բնա՟պահպանական խնդիրների լուծմանն ուղղել շուրջ 14 մլրդ դրամ:

Պետք է նշել նաեւ, որ վարձակալության մրցույթում հաղթած կազմակերպության` «Ժեներալ դեզ Օ» ընկերության ֆինանսական առաջարկը (որի բաղկացուցիչ մաս է կազմում ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների սակագինը, ներառյալ նախատեսվող չափով բնապահպանական վճարները) ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 14.11.2005թ. N170-Ա որոշմամբ տրվել է հավանություն:

Բերված հիմնավորումները հիմք են հանդիսանում առաջարկվող օրենքի նախագիծն ընդունելու համար, որը գործնական քայլ կհանդիսանա Երեւանի եւ հարակից 33 համայնքների ջրամատակարարման բարելավման 2-րդ վարկային ծրագրի հաջող մեկնարկի, բնակչությանը հուսալի, անխափան ու որակյալ ջրամատակարարման ապահովման, ոլորտի կարեւորագույն խնդիր հանդիսացող ջրի կորուստների զգալի կրճատման, ՀՀ կառավարության` ի դեմս ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի, ֆրանսիական «Ժեներալ դեզ Օ» կազմակրպության եւ «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի միջեւ կնքված Վարձակալության պայմանագրի իրականացման գործում:

«Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակվել է նկատի ունենալով, որ շրջանառության մեջ է դրվել «Երեւան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը անհրաժեշտություն է առաջացրել «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ եւ 20-րդ հոդվածներում կատարել լրացումներ: