Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-838-05.04.2006-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԻ ՄԱՍԻՆ

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի  նկարագրությունը եւ  նրա պաշտոնական օգտագործման կարգը:

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության պետական զինանշանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշը:

Հայաստանի Հանրապետության զինանշանն է. կենտրոնում` վահանի վրա, պատկերված են Արարատ լեռը` Նոյյան տապանով, եւ պատմական Հայաստանի թագավորություններից չորսի զինանշանները` վերեւի աջ անկյունում Արշակունյաց թագավորության, վերեւի ձախ անկյունում Բագրատունյաց թագավորության, ներքեւի աջ անկյունում Կիլիկյան թագավորության` Ռուբինյան հարստության, ներքեւի ձախ անկյունում Արտաշեսյան թագավորության: Վահանը պահում են արծիվը եւ առյուծը, իսկ վահանից ներքեւ պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա եւ ժապավեն:

Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի գունավոր եւ միագույն նկարները տեղադրված են սույն օրենքի 1 եւ 2 հավելվածներում:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության պետական զինանշանը մշտապես տեղադրվում է`

ա) Հայաստանի Հանրապետության պետական մարմինների վարչական շենքերի ճակատների վրա.

բ) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ դատական նիստերի դահլիճներում.

գ) Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց, պետական մարմինների եւ կազմակերպությունների ղեկավարների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչությունների ղեկավարների աշխատասենյակներում.

դ) սահմանային նշանների (հիմնական սահմանային սյուների)  եւ Հայաստանի Հանրապետության սահմանային անցակետերի վրա.

ե) զորամասերի մարտական խորհրդանիշների վրա`  Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

զ) Հայաստանի Հանրապետության պետական մարմինների խորհրդանիշների վրա`  Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

է) Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի ձեւաթղթերի վրա.

ը) բոլոր պետական մարմինների եւ կազմակերպությունների ձեւաթղթերի վրա.

թ)  Հայաստանի Հանրապետության դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչությունների եւ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող պաշտոնական ներկայացուցչությունների ձեւաթղթերի վրա.

ժ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի, ինչպես նաեւ պետական մարմինների կողմից տրված համապետական նշանակության փաստաթղթերի վրա.

ի) Հայաստանի Հանրապետության պետական մարմինների եւ կազմակերպությունների եւ առանձին պետական լիազորություն ունեցող կազմակերպությունների (անկախ սեփականության ձեւից) հրատարակությունների վրա:

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության պետական զինանշանը կարող է տեղադրվել`

ա) դրամական նշանների վրա.

բ) պետական պարգեւների եւ նրանց փաստաթղթերի վրա.

գ) պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ավարտական վկայականների վրա.

Թույլատրվում է Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի տեղադրումը զինծառայողների եւ այլ պետական մարմինների ծառայողների եւ աշխատակիցների համազգեստների տարբերանշանների վրա, ինչպես նաեւ կարող է օգտագործվել որպես զինանիշագիտական հիմք պետական մարմինների նշան - խորհրդանիշների համար:

Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի այլ դեպքերում օգտագործման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, կազմակերպությունների զինանշանները (զինանիշագիտական նշանները) չեն կարող նույնացվել Հայաստանի Հանրապետության պետական զինանշանին:

Հայաստանի Հանրապետության պետական զինանշանը չի կարող օգտագործվել որպես զինանիշագիտական հիմք Հայաստանի Հանրապետության  պետական մարմինների եւ այլ կազմակերպությունների (անկախ սեփականության ձեւից) զինանշանների համար:

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության պետական զինանշանը եւ պետական մարմինների կամ կազմակերպությունների (անկախ սեփականության ձեւից) զինանշանի (զինանիշագիտական նշանի) միաժամանակ տեղադրման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական զինանշանը, դեմքով դեպի նրանց կանգնելիս,  տեղադրվում է մյուս զինանշաններից (զինանիշագիտական նշաններից) ձախ կողմում, կենտ թվով զինանշանների (զինանիշագիտական նշանների) դեպքում Հայաստանի Հանրապետության պետական զինանշանը տեղադրվում է մեջտեղում, իսկ երկուսից ավել զույգ թվով զինանշանների (զինանիշագիտական նշանների) միաժամանակ տեղադրման դեպքում, դեմքով դեպի նրանց կանգնելիս, Հայաստանի Հանրապետության պետական զինանշանը պետք է գտնվի կենտրոնից դեպի ձախ:

Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի եւ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կամ այլ կազմակերպությունների զինանշանների (զինանիշագիտական նշանների) միաժամանակ տեղադրման դեպքում այլ զինանշանների չափսերը չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի չափսերը:

Հայաստանի Հանրապետության պետական զինանշանը չի կարող ցածր տեղադրվել Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կամ այլ կազմակերպությունների զինանշանների (զինանիշագիտական նշանների)  համեմատ:

Հոդված 6. Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի վերարտադրումը անկախ չափսերից մշտապես պետք է հստակորեն համապատասխանի գունավոր կամ միագույն սույն օրենքում սահմանված Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերմանը:

Հոդված 7. Սույն օրենքի խախտմամբ Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի օգտագործումը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի անարգումը առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (19 ապրիլի 1992թ.  ՀՆ-0580-1-ՀՕ-21):

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող  տասներորդ օրվանից: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանարպետության պետական զինանշանի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Սույն օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանարպետության պետական զինանշանի նկարագրության եւ նրա պաշտոնական օգտագործման կարգի սահմանման անհրաժեշտությամբ: