Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-835-30.03.2006-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի /17 հունիսի 1998 թվականի, ՀՕ-247, այսուհետ` Օրենքսգիրք/103 հոդվածի 1-ին ենթակետի վերջին «մասին.» բառից հետո լրացնել «, եթե պատասխանողը չի պահանջում գործը քննել ըստ էության:»:

Հոդված 2. Օրենսգրքի 104 հոդվածի

ա) 3-րդ կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«3. Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին դատարանի որոշումը գործին մասնակցող անձանց կողմից կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` որոշումը ստանալուց հետո եռօրյա ժամկետում:»,

բ) հոդվածը լրացնել32 եւ 33 կետերով հետեւյալ բովանդակությամբ.

«32 . Գործի վարույթը վերսկսվելուց հետո, եթե նիստի ժամանակի եւ վայրի մասին պատշաճ ձեւով տեղեկացված հայցվորը չի ներկայացել դատական նիստին եւ չի խնդրել գործն իր բացակայությամբ քննելու մասին, դատարանը որոշում է կայացնում հայցն առանց քննության թողնելու մասին, եթե պատասխանողը չի պահանջում գործը քննել ըստ էության:»:

«33 . Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին որոշումն անփոփոխ թողնելու մասին վճռաբեկ դատարանիորոշումն ստանալուց հետո դատարանը պարտավոր է գործին մասնակցող անձանց միջնորդությամբ մեկամսյա ժամկետում վերացնել հայցի ապահովմանն ուղղված միջոցները:»:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103 հոդվածի 1-ին ենթակետի համաձայն դատարանը հայցը կամ դիմումն առանց քննության է թողնում, եթե նիստի ժամանակի եւ վայրի մասին պատշաճ ձեւով տեղեկացված հայցվորը չի ներկայացել դատական նիստին եւ չի խնդրել գործն իր բացակայությամբ քննելու մասին: Օրենքի պահանջը խիստ թերի է, որովհետեւ այն չի ապահովում նիստին բարեխիղճ կերպով ներկայացած պատասխանողի շահերի պաշտպանությունը, որի նկատմամբ հայցվորի պահանջով կարող են կիրառված լինել հայցի ապահովման միջոցներ:

Մրցակցության եւ կողմերիդատավարական իրավահավասարության սկզբունքներից ելնելով, անհրաժեշտ էՕրենսգրքի 103հոդվածի 1-ին կետին համապատասխան, արտասահմանյան երկրների օրինակով/տես ՌԴ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222 հոդվածի 7-րդ մասը եւ ԱՊՀ բոլորերկրների նույնանման օրենսգրքերի համապատասխան հոդվածները/ հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին որոշման կայացումը պայմանավորել նաեւ նիստին բարեխիղճ կերպով ներկայացող պատասխանողի համաձայնությամբ:

Նույն կերպ` Օրենսգրքի 104 հոդվածի 3-րդ կետին համապատասխան հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` միայն հայցվորի կողմից: Մինչդեռ նման որոշման բողոքարկման հարցում կարող են շահագրգռված լինել նաեւ պատասխանողը կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձինք, որոնց նկատմամբ դատարանը հայցվորի դիմումով ձեռնարկել է օրենսգրքի 98-րդ հոդվածովնախատեսված հայցի ապահովման միջոցներ` արգելանք է դրել նրանց պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա, նրանց արգելել է որոշակի գործողություններ կատարել եւ այլն: Հետեւաբար, հայցվորից բացի, անհրաժեշտ է գործինմասնակցող մյուս անձանց նույնպես օժտել հայցն առանց քննության թողնելու որոշումը բողոքարկելու իրավունքով:

Սույն օրինագծի 1-ին հոդվածի եւ 2-րդ հոդվածի «ա)» կետի նոր ձեւակերպումները կոչված են վերացնելու հայցն առանց քննության թողնելու որոշումը բողոքարկելու հարցում գործին մասնակցողանձանց իրավունքի անհարկի սահմանափակումները:

Դատական պրակտիկան ցույց է տվել նաեւ, որ հայց հարուցելուց կամ հատուկ վարույթի գործերով դիմում տալուց հետո, այդ թվում նաեւ այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանը վերացնում է հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանի որոշումը եւ գործը քննող դատարանում վերսկսվում է վարույթը, հայցվորները հաճախ չարաշահում են օրենքով իրենց վերապահված դատավարական իրավունքը եւ անհարգելի պատճառով չեն ներկայանում նիստի, միաժամանակ դատարանին չենխնդրում գործն իրենց բացակայությամբ քննելու մասին, որի հետեւանքով դատարանը հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության: Նման դեպքում գործը քննող դատարանին օրենքն իրավունք չի վերապահում հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու հետ միաժամանակ վերանայել հայցի ապահովման միջոցները, որի հետեւանքով պատասխանողը կամ երրորդ անձը զրկվում են իրենց սեփականության իրավունքից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277 հոդվածին համապատասխան ազատորեն օգտվելու /տիրապետելու, օգտագերծելու, տնօրինելու/ հնարավորությունից: Օրինակ` հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու եւ վիճելի շենքի կամ շինության, կամ ժառանգական գույքի վրա դրված արգելքը չվերացվելու դեպքում շենքի /շինության/ կամ ժառանգական բաժնի իրավունք ունեցող անձինք փաստորեն կախման մեջ են դրվում անհարգելի պատճառով դատարան չներկայացող հայցվորի կամքից:

Գործին մասնակցող մյուս անձանց իրավունքները եւ շահերը կարող են տուժել նաեւ այն դեպքերում, երբ վճռաբեկ դատարանը անփոփոխ է թողնում հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանի որոշումը, որովհետեւ այս դեպքում եւս չի լուծվում հայցի ապահովման միջոցների վերացման հարցը եւ պատասխանողի իրավունքներն իր սեփականության նկատմամբ այդպես էլ մնում են անիրագործելի:

Սույն օրինագծի «բ» կետի լրացումները կոչված են իրականացնել գործին մասնակցող մյուս անձանց իրավունքների պաշտպանությունը հայցվորի հնարավոր չարաշահումներից, մանավանդ որ հայցվորը կարող է հայցը կամ դիմումն առանց քննության թողնելուց որոշ ժամանակ անց եւ այն էլ`բազմիցս հարուցել նույն հայցը կամ դատարան տալ նույն դիմումը եւ փաստորեն տարիներ շարունակ միտումնավոր կերպով ձախողել գործի քննությունը, որովհետեւ օրենքը /Օրենսգրքի 104 հոդվածի 4-րդ կետը/ հայցվորին կամ դիմողին թույլ է տալիս հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու համար հիմք ծառայած հանգամանքները վերանայելուց հետո կրկին դիմել դատարան: Պատասխանողը կամ երրորդ անձը չեն կարող դուրս գալ այս շրջապտույտից:

Այսպիսով, ամբողջ օրինագիծը հետապնդում է անբարեխիղճ հայցվորի չարաշահումներից գործին մասնակցող մյուս անձանց իրավունքները եւ օրինական շահերը պաշտպանելու նպատակ: