Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-812-24.02.2006-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՊԱՀՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ

Սույն օրենքը հանրաճանաչ բարոյական նորմերին ու սկզբունքներին համապատասխան սահմանում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի վարքագծի հիմնարար կանոնները, նրա վարվեցողությանն  ու բարոյական նկարագրին առնչվող պահանջները, այդ կանոնների խախտման համար պատասխանատվության հիմքերը եւ  պատասխանատվության ենթարկելուն վերաբերող հարցերի քննարկման կարգն ու ներգործության միջոցները: Այն կոչված է ամրապնդելու պետության քաղաքական հիմքերը,  ապահովելու  ՀՀ Ազգային ժողովի եւ պատգամավորների հեղինակությունը, գործունեության օրինականությունը եւ հասարակության մեջ նրանց նկատմամբ  քաղաքացիների հարգանքն ու  վստահությունը:

ԳԼՈՒԽ 1.

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ

Հոդված 1. Պատգամավորի վարվելակերպի նորմերը

Պատգամավորը պարտավոր է՝

ա) լինել ազնիվ, զուսպ եւ համբերատար,

բ) երբեւէ չչարաշահել իր պաշտոնական դիրքը,

գ) պահպանել վարվելակերպի համընդհանուր ճանաչում ստացած այլ կանոնները:

Հոդված 2. Պատգամավորների փոխհարաբերությունները

Պատգամավորը պարտավոր է՝

ա) իր գործընկերների հետ հարաբերություններում պահպանել հարգալից վերաբերմունք,

բ) չկատարել իր գործընկերների պատիվը եւ արժանապատվությունը վնասող, ինչպես նաեւ անձնական եւ ընտանեկան կյանքին առնչվող գործողություններ եւ/կամ հայտարարություններ,

գ) անհարկի չմիջամտել իր գործընկերների պատգամավորական գործունեությանը:

ԳԼՈՒԽ 2.

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՊԱՀՎԱԾՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ԵՎ ՆՐԱ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ

Հոդված 3. Պատգամավորի ներկայությունը Ազգային ժողովի եւ նրա հանձնաժողովների նիստերին

Պատգամավորը պարտավոր է ներկա գտնվել Ազգային ժողովի, ինչպես նաեւ այն հանձնաժողովի նիստերին, որի անդամն է:

Ազգային ժողովի հանձնաժողովի նիստերից պատգամավորը կարող է բացակայել միայն հարգելի պատճառով, կամ առանձին դեպքերում` հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ:

Հոդված 4. Քվեարկությունը նիստերում

Պատգամավորն Ազգային ժողովի նիստերում քվեարկում է անձամբ եւ միայն իր փոխարեն: Պատգամավորի կողմից քվեարկության սույն նորմի խախտումը համարվում է կարգազանցություն եւ նրա նկատմամբ կարող է կիրառվել Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի թիվ 45 հոդվածի 3-րդ մասի ա) կետով նախատեսված միջոցը:

Հոդված 5. Պատգամավորի դիմելաձեւը եւ նրա ելույթի պարկեշտությունը

Պատգամավորները պարտավոր են միմյանց եւ Ազգային ժողովի ու նրա հանձնաժողովների անդամներին եւ հրավիրված անձանց դիմել պաշտոնական ու բարեկիրթ:

Պատգամավորը Ազգային ժողովի եւ նրա հանձնաժողովների նիստերում ելույթ ունենալիս պետք է պահպանի սույն օրենքով նախատեսված պահանջները:

Ազգային ժողովի նիստերում նրա նախագահը, նիստը վարողը, պատգամավորները, ինչպես նաեւ ելույթ ունեցող այլ անձինք պետք է իրենց խոսքում բացառեն ոչ կոռեկտ արտահայտությունները, անօրինական եւ բռնի գործողությունների կոչերը, չվիրավորեն մյուս պատգամավորներին եւ այլ անձանց: Նրանք չեն կարող իրենց դիրքորոշումը արտահայտել սպառնալիքների, վերջնագրերի եւ (կամ) համանման այլ գործողությունների միջոցով: Հակառակ դեպքում նիստը վարողը իրավասու է նախազգուշացնել նմանօրինակ արտահայտությունների եւ կոչերի անթույլատրելիության մասին: Երկրորդ նախազգուշացումից հետո ելույթ ունեցողը զրկվում է խոսքը շարունակելու հնարավորությունից եւ նիստը վարողը անջատում է խոսափողը: Նշված անձին քննարկվող հարցի վերաբերյալ երկրորդ անգամ ելույթի հնարավորություն չի տրվում: Եթե ելույթ ունեցողը խոսք է վերցնում առանց նիստը վարողի համաձայնության, խոսափողը անջատվում է առանց զգուշացման: Եթե ելույթ ունեցողը շեղվում է քննարկվող թեմայից, ապա նիստը վարողը նրան հիշեցնում է, որ պետք է մնալ հարցի շրջանակներում: Եթե ելույթը չի առնչվում քննարկվող հարցին կամ վերազանցում է ելույթի համար տրամադրված ժամանակը, ապա նիստը վարողը մեկ նախազգուշացումից հետո ելույթ ունեցողին զրկում է խոսքը շարունակելու հնարավորությունից` անջատելով խոսափողը:

Ազգային ժողովի նիստում պատգամավորը եւ այլ անձինք պարտավոր են անվերապահորեն ընդունել նիստը վարողի դիտողությունները եւ բացառել որեւէ վիճաբանություն այդ առիթով:

Հոդված 6. Պատգամավորի եւ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատակիցների  փոխհարաբերությունները

Պատգամավորն Ազգային ժողովի աշխատակազմի համապատասխան ծառայություններից  իր պատգամավորական լիազորություններն իրականացնելու համար անհրաժեշտ  տեղեկատվությունը կարող է ստանալ հարցման միջոցով:

Պատգամավորն Ազգային ժողովի աշխատակազմի եւ պատգամավորական խմբակցությունների ու խմբերի աշխատակիցների հետ փոխհարաբերություններում պարտավոր է լինել բարեկիրթ եւ նպաստել արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ մթնոլորտի ձեւավորմանը:

Հոդված 7. Պատգամավորի պատվի եւ արժանապատվության հրապարակային  պաշտպանությունը

Պատգամավորին` ուրիշի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու, նրան` այլ պատգամավորի նկատմամբ անհարգալից գործողություններում հրապարակայնորեն անհիմն մեղադրելու դեպքում մեղադրողը պարտավոր է հրապարակայնորեն հերքել մեղադրանքը, հակառակ դեպքում տուժող պատգամավորն իրավասու է դիմել Ազգային ժողովի Էթիկայի հարցերի ժամանակավոր հանձնաժողովին՝ հարցը քննարկելու եւ մեղադրանքը անհիմն համարելու պահանջով:

Այլ պատգամավորի խոսքից կամ գործողությունից իրեն վիրավորված համարող պատգամավորը իրավասու է  պահանջել վիրավորողից ներողություն խնդրելու: Մերժման դեպքում պատգամավորը կարող է  դիմել Ազգային ժողովի Էթիկայի հարցերի ժամանակավոր հանձնաժողովին, իսկ հանձնաժողովը պարտավոր է դիմումն ընդունել քննարկման:

Հոդված 8. Հանձնարարությունների կատարումը

Պատգամավորը պարտավոր է բարեխղճորեն կատարել Ազգային ժողովի  նախագահի, փոխնախագահների եւ այն հանձնաժողովների կողմից իրեն տրված հանձնարարությունները, որի անդամ է նա:

Հանձնարարությունների անհարգելի պատճառով չկատարումը կարող է հանգեցնել պատգամավորի նկատմամբ  սույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված ներգործության միջոցներից մեկի կիրառման:

Հոդված 9 . Պատգամավորի ինքնաբացարկի իրավունքը

Պատգամավորին Ազգային ժողովի որեւէ ընտրովի  պաշտոնում առաջադրելու ժամանակ, նրա կողմից ինքնաբացարկ հայտնվելու դեպքում, մյուս պատգամավորներն իրավասու չեն քվեարկության միջոցով պարտադրել նրան զբաղեցնելու այդ պաշտոնը:

Ազգային ժողովում որեւէ ընտրովի պաշտոնից  պատգամավորի հրաժարվելու դեպքում մյուս պատգամավորներն իրավասու չեն քվեարկությամբ պարտադրել նրան շարունակելու զբաղեցրած պաշտոնի վարումը:

ԳԼՈՒԽ 3.

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՊԱՀՎԱԾՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Հոդված 10.Պատգամավորը եւ Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշերը

Պատգամավորը պարտավոր է հարգել Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշերը (դրոշը. զինանշանը, օրհներգը) եւ պետական լեզուն:

Պատգավորը պարտավոր է հարգել օրենքը եւ բոլոր իրադրություններում ծավալել ժողովրդի հավատն ու վստահությունը արդարացնող, ազգային շահերից բխող գործունեություն:

Պատգամավորը պետք է դրսեւորի այնպիսի վարքագիծ, որը կպահպանի եւ կամրապնդի հասարակության հավատը եւ վստահությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի  գործունեության նկատմամբ: Նա չպետք է ծավալի այնպիսի գործունեություն, որը կասկածի տակ կարող է դնել Ազգային ժողովի կամ նրա պատգամավորի բարի համբավն ու հեղինակությունը:

Հոդված 11. Պատգամավորը, պետական եւ այլ մարմիններն ու կազմակերպությունները

Պատգամավորը պարտավոր է հարգանքով վերաբերվել պետական եւ այլ մարմիններին ու կազմակերպություններին, զերծ մնալ  գործողություններից, որոնք կարող են խոչընդոտել կամ վարկաբեկել նրանց աշխատանքը:

Պատգամավորն իր պարտականությունները կատարելիս իրավասու չէ միջամտել պետական եւ այլ մարմինների ու կազմակերպությունների, տնտեսավարող սուբյեկտների կառավարման, տնտեսական ղեկավարման, կադրային հարցերի լուծման կամ գործունեության այլ բնագավառներին, եթե դա նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով:

Պատգամավորն իր պարտականությունների կատարման ընթացքում իրեն հայտնի դարձած, օրենքով նախատեսված, պետական, զինվորական կամ այլ գաղտնիք համարվող տեղեկատվությունը կարող է օգտագործել միայն ծառայողական նպատակներով:

Պատգամավորը պարտավոր է պատգամավորական ձեւաթղթերը օգտագործել միայն պաշտոնական հարցումների, նամակների եւ այն գրությունների համար, որոնք ստորագրվում են անձամբ նրա կողմից: Պատգամավորը  պետական մարմինների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց, հասարակության անդամների եւ զանգվածային լրատվամիջոցների հետ հարաբերություններում չպետք է օգտագործի իր կարգավիճակից բխող առավելությունները անձնական նպատակների համար, ինչպես նաեւ իրավասու չէ այդ նպատակով օգտագործել իրեն տրամադրված ծառայողական տեղեկատվությունը:

Հոդված 12. Պատգամավորը եւ օտարերկրյա պետությունների ու միջազգային  կազմակերպությունների մարմինները

Պատգամավորը, որը չունի Ազգային ժողովի լիազորությունը եւ չի համարվում Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչը, օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների մարմինների ու պաշտոնատար անձանց հետ հարաբերություններում կարող է հանդես գալ միայն իր անունից:

Հանդես գալով նշված հարաբերություններում, պատգամավորը պարտավոր է պաշտպանել Հայաստանի Հանրապետության, նրա ժողովրդի ու քաղաքացիների իրավունքները, ազատություններն ու շահերը, իր գործողություններով չվնասել պետության ու հասարակության հեղինակությանն ու արժանապատվությանը:

Հոդված 13. Պատգամավորը եւ արդարադատությունը

Պատգամավորն իրավասու չէ միջամտել դատական իշխանության, դատախազական-քննչական մարմինների գործունեությանը: Նա պետք է ձեռնպահ մնա դատական ակտերի հրապարակային գնահատականներից` մինչեւ նրանց օրինական ուժի մեջ մտնելը:

Հոդված 14. Պատգամավորը եւ հասարակությունը

Պատգամավորի գործունեությունը պետք է ուղղված լինի հասարակության բարեկեցության աճին եւ պետության  առաջընթացին:

Պատգամավորն իր գործունեությանն առնչվող բոլոր հարցերում պետք է առաջնորդվի հանրային շահերով, խուսափի անձնական եւ հանրային շահերի բախումից, իսկ դրանց առկայության դեպքում՝ լուծի դրանք հօգուտ վերջինի:

Պատգամավորը պարտավոր է ղեկավարվել մարդասիրության, արդարության եւ ազնվության սկզբունքների վրա հիմնված բարոյական նորմերով, հարգել մարդու արժանապատվությունը` անկախ նրա ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական  կամ  այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, հարգանքով վերաբերվել այլ ժողովուրդների եւ ազգերի էթնիկական առանձնահատկություններին, ավանդույթներին ու սովորույթներին:

Պատգամավորը պարտավոր է իր լիազորությունների սահմաններում եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ժամանակին ու պատշաճ կերպով, անկողմնակալ քննության առնել քաղաքացիների դիմումները եւ բողոքները:

Հոդված 15. Պատգամավորի պահվածքը նախընտրական գործընթացում

Պատգամավորն իր կամ որեւէ այլ անձի նախընտրական գործընթացի վարման ժամանակ չպետք է օգտագործի իր կարգավիճակից բխող առավելությունները:

Պատգամավորը նախընտրական գործընթացում պարտավոր է դրսեւորել պատշաճ վարվելակերպ այլ թեկնածուների նկատմամբ, ձեռնպահ մնալ նրանց եւ նրանց ներկայացուցիչների հեղինակությունն ու արժանապատվությունն արատավորող գործողություններից:

 Պատգամավորը պարտավոր է խուսափել անհարկի խոստումներից, գիտակցել իր խոսքի արժեքը եւ կարեւորությունը, տված խոստման հնարավոր բացասական հետեւանքները:

Հոդված 16. Պատգամավորը եւ իր ընտրողը

Պատգամավորն իր ընտրողների առջեւ պատասխանատու է նախընտրական խոստումների համար: Նա պարտավոր է կապ պահպանել իր ընտրողների հետ, անձամբ կամ ԶԼՄ- ների միջոցով նրանց տեղեկացնել իր գործունեության մասին, կազմակերպել ընդունելություն, ընդունել, քննարկել եւ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման համապատասխան մարմիններին ներկայացնել քաղաքացիների առաջադրած խնդիրների լուծմանն ուղղված առաջարկները:

Հոդված 17. Պատգամավորի հրապարակային ելույթը եւ հայտարարությունները

Պատգամավորը, ելույթ ունենալով Ազգային ժողովում, զանգվածային լրատվամիջոցներով, մամլո ասուլիսներում, հանրահավաքներում, անելով հրապարակային հայտարարություններ` կապված հատկապես պետական եւ հասարակական մարմինների ու կազմակերպությունների, պաշտոնատար անձանց ու քաղաքացիների գործունեության մեկնաբանման հետ, պարտավոր է օգտագործել միայն հավաստի, ստուգված տեղեկություններ ու փաստեր:

Հրապարակային ելույթների ժամանակ ոչ հավաստի կամ չստուգված փաստեր եւ տեղեկություններ օգտագործելու դեպքում պատգամավորը պարտավոր է հրապարակայնորեն ընդունել իր սխալը եւ ներողություն խնդրել այն մարմիններից, կազմակերպություններից եւ անձանցից, որոնց շահերը շոշափվել են:

Հոդված 18.  Տեղեկություններ չհրապարակելը

Պատգամավորը չի կարող հրապարակել տեղեկություններ, որոնք նրան հայտնի են դարձել կապված պատգամավորական լիազորությունների հետ, եթե դրանք.

ա) վերաբերում են այնպիսի հարցերի, որոնք քննարկվել են Ազգային ժողովի եւ նրա հանձնաժողովների դռնփակ կամ հատուկ նիստերում,

բ) համարվում են պետական, ռազմական կամ այլ գաղտնիք, կամ վերաբերում են այլ պատգամավորի անձնական կյանքին, որոնք հայտնի են դարձել պատգամավորի անձեռնմխելիության սահմանափակման կամ պատգամավորի վարքագծի կանոնների  խախտման հարցերով Ազգային ժողովում եւ Էթիկայի հարցերի ժամանակավոր հանձնաժողովում կազմակերպված քննարկումների ժամանակ,

գ) համարվում են ընտրողի կամ այլոց անձնական կյանքի գաղտնիքը եւ վստահվել են պատգամավորին` դրանք չհրապարակելու պայմանով:

Հոդված 19. Պատգամավորի գործունեության հրապարակայնությունը

Պատգամավորի գործունեությունը պետք է լինի թափանցիկ եւ հրապարակային:

ԳԼՈՒԽ 4.

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Հոդված 20. Պատգամավորի կարգավիճակի օգտագործման անթույլատրելիությունը  անձնական օգուտների եւ շահերի համար

Պագամավորը չպետք է օգտագործի իր կարգավիճակից բխող առավելությունները անձնական շահերի եւ օգուտների համար:

Իր պարտականությունների առնչությամբ պատգամավորն իրավասու է օգտագործել միան պաշտոնապես տրամադրված եւ իր անձնական միջոցները:

Պաշտոնապես տրամադրված միջոցները պետք է օգտագործվեն միայն նպատակային նշանակությամբ:

Հոդված 21. Պատգամավորի անշահախնդրությունը եւ անկախությունը

Պատգամավորը չպետք է որոշումներ ընդունի որեւէ պաշտոնատար անձի, նրա ընտանիքի անդամի կամ մերձավորի համար` ֆինանսական կամ այլ նյութական շահախնդրության նկատառումներից ելնելով:

Պատգամավորի նյութական կամ այլ պարտավորությունները անհատների կամ կազմակերպությունների հանդեպ չպետք է ազդեն նրա ծառայողական պարտականությունների կատարման վրա:

Պատգամավորն իրավասու չէ իր պարտավորությունների կատարման դիմաց ոչ պաշտոնական նվերներ կամ նյութական այլ փոխհատուցումներ ստանալ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից,  կազմակերպություններից ու քաղաքացիներից, ինչպես նաեւ օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների մարմիններից կամ նրանց պաշտոնատար անձանցից:

Հոդված 22. Պատգամավորի անօրինական արտոնությունների անթույլատրելիությունը

Պատգամավորին չի թույլատրվում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից եւ քաղաքացիներից, ինչպես նաեւ օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների մարմիններից ու նրանց պաշտոնատար անձանցից ստանալ այնպիսի արտոնություններ ու ծառայություններ, որոնք չեն մտնում պատգամավորին Հայաստանի Հանրապետության օրենքով տրվող արտոնությունների եւ ծառայությունների ցանկում:

ԳԼՈՒԽ 5.

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԵՎ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 23. Պատասխանատվության համար առաջարկություններ ներկայացնելը եւ դրանք քննարկող մարմինները

Սույն օրենքը խախտելու համար պատգամավորի նկատմամբ ներգործության միջոցներ կիրառելու վերաբերյալ առաջարկությունները ներկայացնում են

Ազգային ժողովի պատգամավորները, Կառավարությունը եւ քաղաքացիները, որոնք գրավոր ուղղվում են Ազգային ժողովի նախագահին:

Պատգամավորի կողմից սույն օրենքը խախտելու վերաբերյալ գործերը քննարկվում են Ազգային ժողովի Էթիկայի հարցերի ժամանակավոր  հանձնաժողովում` բողոքը ստացվելու պահից տասնօրյա ժամկետում:

Հոդված 24. Ներգործության միջոցները

Պատգամավորի կողմից սույն օրենքը խախտելու դեպքում  նրա նկատմամբ կարող են կիրառվել`

ա)  հանդիմանություն.

բ) պարտավորեցնել պատգամավորին՝ հրապարակավ խնդրելու ներողություն: Ներողություն չխնդրելու դեպքում պատգամավորի նկատմամբ կիրառվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 45 հոդվածի 3-րդ կետի ա) ենթակետով նախատեսված ներգործության միջոցը.

գ) հայտարարել հասարակական պարսավանք.

դ) հանձնարարել պատգամավորին՝ հետագայում բացառելու  օրենքի խախտման դեպքերը.

ե) տեղեկացնել ԶԼՄ-ներին եւ ընտրողներին՝ պատգամավորի անվայել արարքի մասին.

զ) Ազգային ժողովի կամ նրա մշտական հանձնաժողովի նիստերին անհարգելի բացակայած օրերի համար չվճարվել աշխատավարձ: Պատգամավորի աշխատավարձը կարող է կրճատվել ոչ ավելի, քան կիսով չափ:

Ներգործության բոլոր միջոցները, բացառությամբ  «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 45 հոդվածի 3-րդ կետի ա) ենթակետով նախատեսվածի, կիրառվում են Ազգային ժողովի Էթիկայի հարցերի ժամանակավոր  հանձնաժողովի կողմից:

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 45 հոդվածի 3-րդ կետի ա) ենթակետով նախատեսված  ներգործության միջոցը պատգամավորի նկատմամբ կիրառվում է Ազգային ժողովի նիստում` Ազգային ժողովի Էթիկայի հարցերի ժամանակավոր հանձնաժողովի որոշման հիման վրա:

Պատգամավորն իրավասու է Էթիկայի հարցերի ժամանակավոր հանձնաժողովի կողմից իր նկատմամբ ներգործության միջոց կիրառելու վերաբերյալ որոշումը բողոքարկել Ազգային ժողովին:

ԳԼՈՒԽ 6

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 25.  Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի  պահվածքի մասին»  օրենքի ընդունման  անհրաժեշտության մասին

Միջազգային պրակտիկան վկայում  է, որ ժողովրդավարական պետությունների օրենսդիր մարմինները մշակել, ընդունել եւ ղեկավարվում են վարքագծի սեփական նորմերով, որոնք արտացոլում են հասարակության կողմից իր ընտրյալներին ներկայացվող բարոյական պահանջները: Առանց այդ նորմերի պատգամավորները դուրս են մնում այսպես կոչված «ղեկավարման եւ վերահսկման» ոլորտից, իսկ բնակչությունը զրկվում է խորհրդարանում իրեն ներկայացնող պատգամավորներին հսկելու, նրա գործունեությունը գնահատելու հնարավորությունից:

Սույն օրենքը հանրաճանաչ բարոյական նորմերին ու սկզբունքներին համապատասխան սահմանում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի վարքագծի հիմնարար կանոնները, նրա վարվեցողությանն  ու բարոյական նկարագրին առնչվող պահանջները, այդ կանոնների խախտման համար պատասխանատվության հիմքերը եւ  պատասխանատվության ենթարկելուն վերաբերող հարցերի քննարկման կարգն ու ներգործության միջոցները: Այն կոչված է ամրապնդելու պետության քաղաքական հիմքերը,  ապահովելու  ՀՀ Ազգային ժողովի եւ պատգամավորների հեղինակությունը, գործունեության օրինականությունը եւ հասարակության մեջ նրանց նկատմամբ  քաղաքացիների հարգանքն ու  վստահությունը:

Սույն վարքականոնը մշակվել է՝  հիմնվելով  ժողովրդավարական զարգացման տարբեր փուլերում գտնվող ավելի քան 20 երկրների (Ավստրալիա, Արգենտինա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Հունգարիա, Գերմանիա,  Հնդկաստան, Իռլանդիա, Իսպանիա, Իտալիա, Կանադա, Ֆրանսիա, ՌԴ, Ղազախստան եւ այլն) խորհրդարանական (պատգամավորական) վարքականոնների, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ գործունեության սեփական փորձի ուսումնասիրության հիման վրա:

Իսկ այդ փորձը վկայում է, որ պատգամավորները հաճախակի  թույլ են տալիս խոսքի իրավունքի չարաշահում, անում են այլ պատգամավորներին կամ ուրիշ անձանց արատավորող, զրպարտչական բնույթի  արտահայտություններ, անհարգելի բացակայում են հանձնաժողովների եւ Ազգային  ժողովի նիստերից եւ այլն:

Միջազգային պրակտիկայում  նման պատգամավորների նկատմամբ կիրառվում են ներգործության տարբեր միջոցներ՝ սկսած  հանդիմանությունից /Ֆրանսիա/ մինչեւ աշխատավարձի  պահում մինչեւ 50 տոկոսի չափով /Բուլղարիա, Գերմանիա, Լեհաստան, Ուկրաինա, Ֆրանսիա, Կիպրոս, Լիտվա եւ այլն/, պաշտոնից զրկում /Պորտուգալիա/:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի վարքագծին առնչվող մի շարք նորմեր ամրագրված են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 45 հոդվածում: Սակայն այդ դրույթները վերաբերում են պատգամավորի վարվեցողությանը միայն Ազգային ժողովի նիստերի ընթացքում, որոնք նույնիսկ ամբողջական չեն: Օրենքի կարգավորման տիրույթից ընդհանրապես դուրս են մնացել պատգամավորի վարքի եւ վարվելակերպի դրսեւորման կանոնների սահմանումը Ազգային ժողովից դուրս շփումներում:

Նկատի ունենալով վերը նշվածները եւ այն իրողությունը, որ պատգամավորի գործունեության զգալի հատվածը ծավալվում է հասարակության այլ շերտերի, մասնավորապես ընտրողների, զանգվածային լրատվամիջոցների, օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների կամ նրանց ներկայացուցիչների հետ հարաբերությունների ոլորտներում, սույն օրենքի ընդունումը պայմանավորված է նաեւ այդ բնագավառներում եւս պատգամավորի վարքագծի նորմեր սահմանելու անհրաժեշտությամբ: