Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-790-04.03.2024,29.04.2024-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 51-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ կետով.

«9) Կառավարության որոշման հիման վրա որպես աջակցություն կամ փոխհատուցում տրամադրված գույքի, եթե Կառավարության այդ որոշմամբ սահմանված է, որ տվյալ գույքը բռնագանձման ենթակա չէ:»:

Հոդված 2. Օրենքի 56-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Պարտապանի աշխատավարձի եւ այլ տեսակի եկամուտների վրա տարածվում է բռնագանձում, եթե՝

1) պարտապանը չունի գույք, կամ եղած գույքը բավարար չէ բռնագանձվող գումարը լրիվ մարելու համար.

2) կատարվում է պարբերաբար մուծումների բռնագանձման վերաբերյալ վճիռ:

2. Մինչեւ 200,000 դրամ բռնագանձման ենթակա պահանջով կատարողական վարույթով պարտապանի դրամական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում հարկադիր կատարողը բռնագանձում է տարածում պարտապանի աշխատավարձի եւ սույն գլխով նախատեսված այլ եկամուտների վրա՝ անկախ շարժական եւ անշարժ գույքի առկայությունից:

3. 200,000 դրամ եւ ավելի բռնագանձման ենթակա պահանջով կատարողական վարույթով պարտապանի դրամական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում պահանջատիրոջ համաձայնությամբ պարտապանի՝ աշխատավարձի եւ սույն գլխով նախատեսված այլ եկամուտների վրա կարող է բռնագանձում տարածվել, եթե պարտապանի աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների չափը բավարար է դրանց վրա բռնագանձում տարածելով պահանջներն առավելագույնը վեց ամսվա ընթացքում մարելու համար՝ անկախ շարժական եւ անշարժ գույքի առկայությունից:

4. Պարտապանի աշխատավարձի եւ սույն գլխով նախատեսված այլ եկամուտների անբավարարության դեպքում հարկադիր կատարողը բռնագանձումը տարածում է պարտապանի այլ գույքի վրա:

5. Սույն գլխի կանոնները կիրառվում են պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք կիրառելուն նախորդող մեկ ամսվա համար եւ դրանից հետո հաշվարկված եւ պարտապանի ստացած աշխատավարձի եւ այլ տեսակի եկամուտների նկատմամբ:

6. Պարտապանի ամուսնու՝ սույն գլխով նախատեսված եկամուտները բռնագանձման ենթակա չեն:»:

Հոդված 3. Օրենքի 58-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 1-ին նախադասությունում «մինչեւ բռնագանձվող գումարների լրիվ մարումը» բառերից հետո լրացնել «, այնպես, որ բռնագանձում տարածելուց հետո պարտապանի՝ սույն գլխով նախատեսված եկամուտների հանրագումարը պակաս չլինի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից» բառերով.

2) 1-ին մասի 2-րդ նախադասությունում «կարող է պահվել երեսուն տոկոսից ոչ ավելի՝ մինչեւ բռնագանձվող գումարի լրիվ մարումը» բառերը փոխարինել « մինչեւ բռնագանձվող գումարի լրիվ մարումը կարող է պահվել երեսուն տոկոսից ոչ ավելի՝ հաշվի առնելով սույն մասով նախատեսված սահմանափակումը» բառերով.

3) 3.1.-ին մասում «լրիվ մարումը» բառերից հետո լրացնել «, այնպես, որ բռնագանձում տարածելուց հետո վճարման ենթակա գումարը պակաս չլինի Կառավարության կողմից սահմանված սոցիալական նպաստի չափից»:

Հոդված 4. Օրենքի 59-րդ հոդվածում հանել «եւ գործազրկության» բառերը:

Հոդված 5. Օրենքի 60-րդ հոդվածում՝

1) 5-րդ կետը «սոցիալական աջակցություն» բառերից հետո լրացնել «՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1. կետով.

«5.1.) Կառավարության որոշման հիման վրա որպես աջակցություն կամ փոխհատուցում, եթե Կառավարության այդ որոշմամբ սահմանված է, որ տվյալ դրամական գումարը բռնագանձման ենթակա չէ.»:

Հոդված 6. Օրենքի 62-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«Երեխայի տեսակցության եւ երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու պահանջների հարկադիր կատարման ընթացակարգը սահմանվում է Արդարադատության նախարարի նորմատիվ իրավական ակտով:»:

Հոդված 7. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքով նախատեսված իրավական ակտը ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ