Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-7861-17.01.2006-ՖՎ,ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի 235-րդ հոդվածի առաջին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Ոչ փաստաթղթային ձեւով թողարկված արժեթղթերի գրավի իրավունքը ծագում է իրավունքների գրառում կատարող անձի մոտ համապատասխան գրառում կատարելու պահից:»:

Հոդված 2. Օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Ոչ փաստաթղթային ձեւով թողարկված արժեթղթերի հաջորդող գրավը թույլատրվում է, եթե այն արգելված չէ այդ արժեթղթերի թողարկման պայմաններով եւ (կամ) արժեթղթերի գրանցման հայտարարագրում:»:

Հոդված 3. Օրենսգրքի 257-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Գրավ դրված արժեթղթերի մարման դեպքում գրավի առարկա են դառնում մարման արդյունքում գոյացած դրամական միջոցները:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը :

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ«Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման

Ներկայացվող նախագծերը մշակվել են ի կատարումն ՀՀ կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1922-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ կառավարության 2005 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի» 232-րդ կետի եւ նպատակ ունեն ոչ փաստաթղթային ձեւով թողարկվող պետական արժեթղթերի պահառության եւ շրջանառության բնագավառում առաջացած խնդիրների հետ կապված՝ ՀՀ գործող օրենքներում կատարել համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ: Մասնավորապես՝

1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն ուղղված է հետեւյալ խնդիրների լուծմանը.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 235-րդ հոդվածի համաձայն «Գրավի իրավունքը ծագում է գրավի պայմանագիրը կնքելու պա՟հից, իսկ այն դեպքերում, երբ գրավի իրավունքը ենթակա է պե՟տական գրանցման, ապա այն գրանցելու պահից:»: Ոչ փաստաթղթային ձեւով թողարկվող արժեթղթերով կնքվող գործարքների արդյունքում իրավունքները ներկայումս գործնականում կարող են ծագել միայն պահառուի (ենթապահառուի) մոտ համապատասխան գրառում կատարելու պահից: Ընդ որում այդպիսի գրառումը երբեք չի կարելի համարել պետական գրանցում:

Հետեւաբար ոչ փաստաթղթային արժեթղթերի գրավի իրավունքի ծագման պահի հետ կապված առկա է անհամապատասախանություն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հետ:

Ներկայումս պետական արժեթղթերը թողարկվում են ոչ փաստաթղթային ձեւով, եւ դրանց գրավի հետ կապված գործառնություններն իրականացվում են երկմակարադակ պահառուական համակարգի միջոցով: Դրա արդյունքում պետական արժեթղթերի դեպքում զուտ տեխնիկապես հնարավոր չէ դրանց հաջորդող գրավը, ինչը հակասության մեջ է մտնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 236-րդ հոդվածի հետ:

Անհրաժեշտ է հստակեցնել նաեւ այն հարցը, որ գրավադրված արժեթղթերի մարման դեպքում գրավադրված են համարվում դրանց մարման արդյունքում առաջացած դրամական միջոցները:

2. ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն ուղղված է հետեւյալ խնդրի լուծմանը.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին կետի երրորդ պարբերության համաձայն «Ամրագրելու միջոցով հավաստված իրավունքների եւ իրավատերերի պաշտոնական ամրագրման, գրառումների փաստաթղթային հաստատման ու ոչ փաստաթղթային արժեթղթերով կատարվող գործառնությունների կարգը որոշվում է օրենքով կամ օրենքով սահմանված կարգով :»: Սակայն ներկայումս գոյություն չունի այնպիսի օրենք, որը համահունչ լինի վերը նշված դրույթին եւ նախատեսի, թե ինչպես է որոշվելու ոչ փաստաթղթային արժեթղթերով կատարվող գործառնությունների կարգը:

Ընդ որում անհրաժեշտ է նշել, որ գործառնությունների կարգը ընդամենը սահմանելու է, թե արժեթղթերի դեպո հաշիվներից միջոցների շարժը նախաձեռնելու համար կողմերը ինչպես պետք է պահառուական համակարգին ներկայացնեն համապատասխան դեպո հանձնարարականները, ինչպես նաեւ դրանց ձեւը եւ ներկայացման կարգը:

3. ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն ուղղված է հետեւյալ խնդրի լուծմանը.

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի մարտի 30-ի թիվ 75-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի գրավի հետ կապված գործառնությունների իրականացման մասին» կարգի 11-րդ գլուխը սահմանում է, որ պարտատոմսերի բռնագանձման գործառնությունները կատարվում ենօրենքով սահմանված կարգով: Սակայն ներկայումս գոյություն չունի նման օրենք:

Քանի որ պարտատոմսերի բռնագանձման կարգով սահմանվելու են այնպիսի պահանջներ, որոնցով պետք է առաջնորդվի ոչ միայն կենտրոնական բանկը, առեւտրային բանկը, այլ նաեւ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, ապա դրա սահմանումը միայն կենտրոնական բանկի խորհրդի կողմից վիճարկելի է, քանի որ ԿԲ-ն չի կարող սահմանել այլ պետական մարմինների կողմից կատարման ենթակա նորմեր:

Հաշվի առնելով վերը նշված հանգամանքը, ինչպես նաեւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը՝ առաջարկվող նախագիծը սահմանում է, որ Պարտապանին պատկանող ոչ փաստաթղթային ձեւով թողարկված Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթերի վրա արգելանք դնելու, դրանք առգրավելու եւ հարկադիր իրացնելու համար հարկադիր կատարողի կողմից պահառուին (ենթապահառուին) ներկայացվող դեպո-հանձնարարականների ձեւին ներկայացվող պահանջները, դրանց ներկայացման կարգը եւ պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ :

4. ««Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն ուղղված է հետեւյալ խնդրի լուծմանը.

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի մարտի 30-ի թիվ 75-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի գրավի հետ կապված գործառնությունների իրականացման մասին» կարգը գր ավադրված պարտատոմսերի մարման արդյունքում գոյացած դրամական միջոցների հետ կապված սահմանում է, որ.

Հինգ բանկային օրվա ընթացքում գրավատուի ենթապահառուն պարտավոր է բանկ ներկայացնել գրավի առարկա հանդիսացող պարտատոմսերի մարումից առաջացած դրամական միջոցները երրորդ անձ հանդիսացող առեւտրային բանկում հաշվառելու վերաբերյալ համաձայնագիր: Ընդ որում, եթե հինգ բանկային օրվա ընթացքում գրավատուի ենթապահառուի կողմից չի ներկայացվում նշվածհամաձայնագիրը, ապա Կենտրոնական բանկն իրավասու է գրավադրված գումարները փոխանցել նոտարի դեպոզիտ :

Կարծում ենք այս պահանջը եւ դրա իրականացման կարգը առավել նպատակահարմար է սահմանել «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքով, ինչն էլ նախատեսված է ներակայացված նախագծով: