Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-784-16.01.2006-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Ազգային ժողովը եւ նրա լիազորությունները

1. Հայաստանի Հանրապետությունում օրենսդիր իշխանությունն իրականացնում է Ազգային ժողովը:

2. Ազգային ժողովը կազմված է հարյուր երեսունմեկ պատգամավորից:

3. Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակում Ազգային ժողովն ընդունում է օրենքներ, որոշումներ,ուղերձներ եւ հայտարարություններ:

Հոդված 2. Ազգային ժողովի գործունեությունը

1. Ազգային ժողովը գործում է սույն կանոնակարգին համապատասխան՝ նստաշրջանների, նիստերի, ինչպես նաեւ իր մարմինների աշխատանքի միջոցով:

2. Ազգային ժողովի գործունեությունը հիմնվում է քաղաքական բազմակարծության, հարցերի ազատ քննարկման եւ կոլեկտիվ լուծման սկզբունքների վրա:

3. Ազգային ժողովում կազմավորվում են խմբակցություններ, եւ կարող են ստեղծվել պատգամավորական խմբեր:

4. Ազգային Ժողովի մարմիններն են՝ Ազգային Ժողովի Նախագահը, նրա տեղակալները, պատգամավորները, հանձնաժողովները, խմբակցությունները եւ պատգամավորական խմբերը:

5. Ազգային Ժողովի աշխատակազմը աջակցում է Ազգային Ժողովի մարմինների գործունեության բնականոն իրականացմանը՝ վերջիններիս հայտերով, նրանց տրամադրելով նորմատիվ, վերլուծական, փորձագիտական եւ այլ անհրաժեշտ նյութեր, տեղեկատվություն եւ խորհրդատվություն:

Հոդված 3. Ազգային ժողովի աշխատանքային լեզուն

Ազգային ժողովի աշխատանքային լեզուն հայերենն է: Եթե նիստին հրավիրված անձը ելույթ է ունենում օտար լեզվով, ապա ապահովվում է դրա հայերեն թարգմանությունը:

Հոդված 4. Ազգային ժողովի նիստերի անցկացման վայրը

Ազգային ժողովի նիստերը գումարվում են Երեւան քաղաքում, Ազգային ժողովի նստավայրում՝ Բաղրամյան 19: Այլ վայրում նիստ կարող է գումարվել միայն Ազգային ժողովի որոշմամբ, իսկ, նման որոշման կայացման անհնարինության դեպքում, Հանրապետության Նախագահի հրամանագրով:

ԳԼՈՒԽ I

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

Հոդված 5. Պատգամավորի իրավունքները

1. Պատգամավորն իրավունք ունի սույն եւ այլ  օրենքներով սահմանված կարգով՝

ա) Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել օրենքի, Ազգային ժողովի որոշման նախագծեր.

բ) ունենալ ելույթներ, տալ հարցեր եւ անել առաջարկություններ Ազգային ժողովի եւ նրա հանձնաժողովների (ենթահանձնաժողովների, աշխատանքային խմբերի) նիստերում.

գ) մասնակցել, տալ հարցեր եւ ելույթ ունենալ խորհրդարանական լսումներում.

դ) առաջադրվել եւ ընտրվել Ազգային ժողովի նախագահի կամ նրա տեղակալի, Ազգային ժողովի հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի պաշտոններում.

ե) ընդգրկվել խմբակցության կամ պատգամավորական խմբի կազմում.

զ) ընդգրկվել Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի, ենթահանձնաժողովի, աշխատանքային խմբի կազմում.

է) ծանոթանալ Ազգային ժողովին եւ հանձնաժողովներին հասցեագրված ցանկացած փաստաթղթի հետ, բացառությամբ անվանական կամ անձնական նյութերի, ինչպես նաեւ պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող այնպիսի տեղեկատվության, որին իրավասու չէ իրազեկ լինել.

ը) հարցերով եւ առաջարկություններով դիմել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց, հիմնարկներին եւ կազմակերպություններին, մասնակցել իր բարձրացրած հարցերի քննարկմանը.

թ) ներկա գտնվել Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ Կառավարություն) դռնբաց նիստերին.

ժ) ներկա գտնվել Վերահսկիչ պալատի խորհրդի նիստերին.

ժա) ներկա գտնվել Արդարադատության խորհրդի նիստերին.

ժբ) hանդիպումներ ունենալ քաղաքացիների հետ, կազմակերպել ընդունելություններ.

2. Պատգամավորը կարող է ունենալ օրենքով նախատեսված այլ իրավունքներ:

Հոդված 6. Պատգամավորի պարտականությունները

1. Պատգամավորը պարտավոր է սույն օրենքով սահմանված կարգով՝

ա) մասնակցել Ազգային ժողովի նիստերին.

բ) ընդգրկվել Ազգային Ժողովի մեկ մշտական հանձնաժողովում եւ մասնակցել դրա նիստերին.

գ) պահպանել Ազգային ժողովի նստավայրի տարածքում եւ շենքում գործող անվտանգության կանոնները.

դ) ուսումնասիրել քաղաքացիներից եւ կազմակերպություններից ստացված առաջարկությունները եւ պատասխանել դիմումներին.

2. Պատգամավորը կարող է ունենալ օրենքով նախատեսված այլ պարտականություններ:

Հոդված 7. Պատգամավորի գործունեության երաշխիքները

1. Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ղեկավարներն ու պաշտոնատար անձինք պարտավոր են՝

ա) պատգամավորի նախաձեռնությամբ հնարավոր սեղմ ժամկետում ընդունել նրան, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

բ) 10-օրյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, քննարկել պատգամավորի գրավոր հարցումը եւ գրավոր պատասխանել նրան.

2. Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական  կազմակերպությունների ղեկավարներն ու պաշտանատար անձինք պարտավոր են ոչ ուշ, քան քննարկումից երեք օր առաջ գրավոր տեղեկացնել պատգամավորին, իր բարձրացրած հարցի քննարկման մասին:

3. Պատգամավորն օրենքով սահմանված կարգով կարող է ներկա գտնվել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների նիստերին։

4. Կառավարությունն Ազգային ժողովին նախապես տեղյակ է պահում Կառավարության դռնբաց նիստի անցկացման օրվա, ժամի եւ օրակարգի մասին՝ներկայացնելով օրակարգին առնչվող փաստաթղթերը: Կառավարության նիստերի դահլիճում պատգամավորներին հատկացվում են տեղեր:

5. Վերահսկիչ պալատի նախագահն Ազգային ժողովի նախագահին, նրա տեղակալներին, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին եւ պատգամավորական խմբերին առնվազն երեք օր առաջ տեղեկացնում է Վերահսկիչ պալատի նիստի անցկացման օրվա, ժամի եւ օրակարգի մասին` ներկայացնելով օրակարգին առնչվող փաստաթղթերը: Վերահսկիչ պալատի նիստերի դահլիճում պատգամավորներին հատկացվում են տեղեր:

6. Վճռաբեկ դատարանի նախագահն Ազգային ժողովի նախագահին, նրա տեղակալներին, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին եւ պատգամավորական խմբերին առնվազն երեք օր առաջ տեղեկացնում է Արդարադատության խորհրդի նիստի անցկացման օրվա, ժամի եւ օրակարգի մասին` ներկայացնելով օրակարգին առնչվող փաստաթղթերը: Արդարադատության խորհրդի նիստերի դահլիճում պատգամավորներին հատկացվում են տեղեր:

7. Տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են, պատգամավորի պահանջով, ամսական առնվազն մեկ օր կահավորված սենյակ կամ դահլիճ հատկացնել պատգամավորին՝ քաղաքացիների ընդունելության եւ նրանց հետ հանդիպման համար:

8.Հանրապետության տարածքում կապ հաստատելու համար, պատգամավորը, հատուցելի հիմունքներով, կարող է օգտվել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության տակ գտնվող հեռախոսային եւ էլեկտրոնային կապի միջոցներից։

9. Պատգամավորը կարող է ունենալ օրենքով նախատեսված գործունեության այլ երաշխիքներ:

10. Պատգամավորի գործունեության երաշխիքները կարող են սահմանափակվել Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում` օրենքով սահմանված կարգով:

Հոդված 8. Պատգամավորի աշխատանքային գործունեությունը

1. Պատգամավորի աշխատավայրն Ազգային ժողովի նստավայրն է, որտեղ նրան հատկացվում է կահավորված, տեխնիկական (այդ թվում՝ համակարգիչ) եւ կապի (այդ թվում՝ ինտերնետային) միջոցներով հագեցված առանձին աշխատասենյակ , ինչպես նաեւ խոսափողով ու էլեկտրոնային անվանական քվեարկության սարքավորումով հագեցված աշխատատեղ՝ Ազգային ժողովի նիստերի դահլիճում:

2. Պատգամավորի աշխատանքը նորմավորված չէ:

3. Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների, պատգամավորի, հանձնաժողովի նախագահի, խմբակցության ղեկավարի եւ պատգամավորական խմբերի ղեկավարի  վարձատրությունը սահմանվում է օրենքով:

4. Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնած պատգամավորին վճարվում են գործուղման ծախսեր՝ օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված կարգով:

5. Պատգամավորներին միաժամանակ տրվում է ամենամյա արձակուրդ՝ 36 օրացուցային օր տեւողությամբ, որից 12-ը՝ ձմռանը, իսկ 24-ը՝ ամռանը:

6. Սահմանադրության 65-րդ հոդվածին համապատասխան՝ պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ,զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպություններում,կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից:

7. Պատգամավորն իր լիազորությունները կատարում է մշտական հիմունքներով:

8. Պատգամավորի լիազորությունների ժամանակաշրջանը հաշվարկվում է որպես ընդհանուր ստաժ: Անընդհատ աշխատանքային ստաժը պահպանվում է, եթե պատգամավորն իր լիազորությունների ավարտից հետո՝ վեց ամսվա ընթացքում, ընդունվում է աշխատանքի:

Հոդված 9. Պատգամավորի անձեռնմխելիությունը

1. Պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով:

2. Պատգամավորն իր պատգամավորական լիազորությունների ժամկետում եւ դրանից հետո չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել պատգամավորի՝ իր կարգավիճակից բխող գործողությունների, այդ թվում՝ Ազգային ժողովում հայտնած կարծիքի համար, եթե այն զրպարտություն կամ վիրավորանք չի պարունակում:

3. Պատգամավորին չի կարելի որպես մեղադրյալ ներգրավել, կալանավորել կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցել՝ առանց 99-րդ հոդվածով սահմանված կարգով Ազգային ժողովի կողմից տրված համաձայնության:

4. Պատգամավորին չի կարելի ձերբակալել առանց Ազգային ժողովի համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ ձերբակալությունն իրագործվում է հանցագործության կատարման պահին։ Այս դեպքում անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը:

Հոդված 10. Պատգամավորի գործունեության հետ առնչվող հարցեր

1. Պատգամավորին իր լիազորությունների ժամկետով տրվում են պատգամավորական վկայական, դիվանագիտական անձնագիր եւ «Ազգային ժողովի պատգամավոր» կրծքանշան, որի նկարագրությունը հաստատվում է Ազգային ժողովի որոշմամբ:

2. Պատգամավորի եւ նրա ընտանիքի անդամների բժշկական սպասարկումն ու հանգստի կազմակերպումն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:

3. Երեւան քաղաքում բնակարան չունեցող պատգամավորին տրվում է Երեւան քաղաքում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում, որի չափը սահմանում է Ազգային ժողովի նախագահը:

4. Պատգամավորն ազատվում է ժամկետային զինվորական ծառայությունից, զորահավաքներից եւ վարժական հավաքներից:

Հոդված 11. Պատգամավորի օգնականը

1. Պատգամավորը ունի ՝ ժամկետային պայմանագրով աշխատանքի ընդունված  մեկ օգնական եւ կարող է ունենալ հասարակական հիմունքներով եւս երկու օգնական:

Պատգամավորի օգնականը աշխատանքի է ընդունվում  պատգամավորի ներկայացմամբ:

2. Օգնականը պատգամավորի հանձնարարությամբ՝

ա) նախապատրաստում է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվող փաստաթղթերը.

բ) նախապատրաստում է պատգամավորի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ վերլուծական, տեղեկատվական եւ այլ նյութեր.

գ) կազմակերպում է պատգամավորի մոտ քաղաքացիների ընդունելությունը.

դ) վարում է գործավարությունը:

3. Պատգամավորի հանձնարարությամբ նրա օգնականներից մեկը  կարող է ներկա գտնվել հանձնաժողովների նիստերին եւ խորհրդարանական լսումներին:

Հոդված 12. Պատգամավորի լիազորությունների դադարումը

1. Պատգամավորի լիազորությունները դադարում են, եթե՝

ա) ավարտվել է Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը.

բ) արձակվել է Ազգային ժողովը.

գ) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

դ) նա դատապարտվել է ազատազրկման.

ե) օրինական ուժի մեջ է մտել նրան անգործունակ ճանաչելու մասին դատարանի որոշումը.

զ) ուժի մեջ է մտել նրա ընտրության գրանցումը չեղյալ հայտարարելու մասին սահմանադրական դատարանի որոշումը.

է) նա մահացել է:

2. Սույն հոդվածի 1-ին կետի  «գ», «դ», «ե», «զ» եւ «է » ենթակետերով նախատեսված դեպքերում, համապատասխան փաստաթղթերի հիման վրա, կազմվում է պատգամավորի լիազորությունների դադարման մասին արձանագրություն, որն ստորագրում է Ազգային ժողովի նախագահը եւ հնգօրյա ժամկետում ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

3. Պատգամավորի լիազորությունները կարող են դադարեցվել, եթե՝

ա) նա տվել է հրաժարական՝ սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով:

բ) նա բացակայել է մեկ նստաշրջանի քվեարկությունների առնվազն կեսից եւ Ազգային ժողովի նախագահին ապացուցելի տեղեկություններ է ներկայացվել դրանց անհարգելի լինելու մասին.

գ) Ազգային Ժողովի նախագահը ապացուցելի տեղեկություններ է ստացել պատգամավորի կողմից Սահմանադրության 65-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտման մասին:

4. Սույն հոդվածի 3-րդ մասի «բ» եւ «գ» կետերում նշված  դեպքերում պատգամավորի լիազորությունների դադարեցման հարցը քննարկվում է արտահերթ՝ առաջիկա նիստում, հետեւյալ կարգով.

որպես զկուցող հանդես է գալիս հարցի նախաձեռնողը՝ եթե նա պատգամավոր է,իսկ  եթե նախաձեռնողը պատգամավոր չէ, ապա Ազգային Ժողովի նախագահը՝ 7 րոպե, այնուհետեւ  ձայնը տրվում է այն պատգամավորին, որի նկատմամբ ներկայացվել է մեղադրանքը՝ 7 րոպե: Ելույթներ՝ 3 րոպե: Եզրապակիչ ելույթներ՝ նախաձեռնողի եւ պատգամավորի՝  5 րոպե:

Հարցը ավարտվում է  քվեարկությամբ, որտեղ կարող են դրվել հետեւյալ առաջարկություններից մեկը.

ա) դադարեցնել պատգամավորի լիազորությունները

բ) ստեղծել ժամանակավոր հանձնաժողով՝ ներկայացված տեղեկատվությունը ստուգելու նպատակով:

5. Նստաշրջանի ընթացքում քվեարկությունների կեսից ավելիից պատգամավորի բացակայելն անհարգելի համարելու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

6. Վերոհիշյալ որոշման հիման վրա կազմվում է պատգամավորի լիազորությունների դադարման մասին արձանագրություն, որն ստորագրում է Ազգային ժողովի նախագահը եւ հնգօրյա ժամկետում ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Հոդված 13. Պատգամավորի հրաժարական տալու կարգը

1. Պատգամավորը հրաժարականի մասին իր գրավոր դիմումը անձամբ ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որն այն հրապարակում է Ազգային ժողովի առաջիկա նիստում։ Պատգամավորի ցանկության դեպքում տեղի է ունենում հրաժարականի արտահերթ քննարկում հետեւյալ կարգով՝

ա)պատգամավորի ելույթ՝ 5 րոպե

բ) ելույթներ՝ 3 րոպե

գ) պատգամավորի եզրափակիչ ելույթ՝ 5 րոպե:

Պատգամավորի հրաժարականի քննարկումը չի կարող գերազանցել 30 րոպեն:

2. Եթե հրաժարականի հրապարակումից(քննարկունից) հետո՝ 15 օրվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով՝

ա) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն առաջիկա նիստում Ազգային ժողովին տեղեկացնում է այդ մասին.

բ) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում է Ազգային ժողովի նախագահը եւ հնգօրյա ժամկետում ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

ԳԼՈՒԽ II

ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԽՄԲԵՐԸ

Հոդված 14. Խմբակցությունների ստեղծման կարգը

1. Խմբակցություններն ստեղծվում են նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը հետեւյալ սկզբունքներին համապատասխան՝

ա) համամասնական ընտրակարգի համար նախատեսված մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի առաջադրմամբ ընտրված պատգամավորներն ընդգրկվում են նույնանուն խմբակցություններում.

բ) կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի առաջադրմամբ ընտրված պատգամավորների միավորմամբ ստեղծված խմբակցությունում ընդգրկվում են նաեւ կուսակցության կամ այդ դաշինքը կազմած կուսակցությունների առաջադրմամբ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները:

2. Խմբակցությունն Ազգային ժողովի նախագահին` նրա ընտրվելուց հետո երեք օրվա ընթացքում,  գրավոր ներկայացնում է իր կանոնադրությունը, անվանումը, կազմը, ղեկավարի եւ քարտուղարի անունները, ազգանունները, որոնք նիստը վարողը հրապարակում է Ազգային ժողովի առաջիկա նիստում:

3. Պատգամավորը կարող է դուրս գալ խմբակցությունից՝ այդ մասին գրավոր տեղյակ պահելով Ազգային Ժողովի Նախագահին եւ համապատասխան խմբակցության ղեկավարին:

Խմբակցությունը, իր կանոնադրությամբ սահմանված կարգով, կարող է պատգամավորին հեռացնել խմբակցությունից:

Խմբակցությունը համալրվում է խմբակցության ղեկավարին ուղղված գրավոր դիմումի հիման վրա՝ խմբակցության որոշմամբ:

4. Խմբակցության գործունեությունը դադարում է, եթե նրա բոլոր անդամները դուրս են գալիս խմբակցությունից եւ վերականգնվում է, եթե նրա կազմում ընդգրկվում է սույն հոդվածի 1-ին մասով  դրա իրավասությունն ստացած առնվազն մեկ պատգամավոր:

5. Խմբակցության կազմի փոփոխության, ինչպես նաեւ գործունեության դադարման եւ վերականգնման մասին գրավոր տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահին, որն այդ մասին հայտարարում է Ազգային ժողովի առաջիկա նիստում:

Հոդված 15. Պատգամավորական խմբերի ստեղծման կարգը

1. Առնվազն 10 պատգամավորներ կարող են ստեղծել պատգամավորական խումբ՝ Ազգային ժողովի նախագահին ներկայացնելով խմբի ստեղծման մասին իրենց ստորագրած հայտարարությունը, որը նիստը վարողը հրապարակում է Ազգային ժողովի առաջիկա նիստում:

2. Խումբն Ազգային ժողովի նախագահին գրավոր ներկայացնում է իր կանոնադրությունը, անվանումը, կազմը, ղեկավարի եւ քարտուղարի անունները, ազգանունները:

3. Խմբի անվանումը չպետք է համընկնի գործող, կասեցված կամ արգելված որեւէ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անվան հետ:

4. Պատգամավորը կարող է դուրս գալ խմբից՝ այդ մասին գրավոր տեղյակ պահելով Ազգային Ժողովի նախագահին եւ համապատասխան խմբի ղեկավարին:

5. Խումբը համալրվում է խմբի ղեկավարին ուղղված պատգամավորի գրավոր դիմումի հիման վրա՝ խմբի որոշմամբ:

6. Խումբը լուծարվում է իր որոշմամբ կամ, եթե նրա անդամների թիվը նվազում է  10-ից եւ չի լրացվում՝ այդ մասին Ազգային ժողովի նիստում արված հայտարարությունից հետո՝ 14-օրյա ժամկետում:

7. Խմբի կազմի փոփոխության կամ լուծարման մասին խմբի ղեկավարը կամ քարտուղարը՝ երկու օրվա ընթացքում գրավոր տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահին, որն այդ մասին հայտարարում է Ազգային ժողովի առաջիկա նիստում:

Հոդված 16. Խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի գործունեության ապահովումը

1. Ազգային ժողովի նիստերի դահլիճում խմբակցություններին եւ պատգամավորական խմբերին հատկացվում են առանձին հատվածներ:

2. Ազգային ժողովի նստավայրում խմբակցությունները եւ պատգամավորական խմբերն ապահովվում են կահավորված, տեխնիկական (այդ թվում համակարգիչ) եւ կապի (այդ թվում ինտերնետային) միջոցներով հագեցված առանձին աշխատասենյակներով, Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրերով եւ, Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված օրենքների նախագծերով, դրանց վերաբերյալ Կառավարության եւ Աշխատակազմի կողմից ներկայացված եզրակացություններով, առաջին եւ երկրորդ ընթերցմամբ ընդունված օրենքների նախագծերով, ինչպես նաեւ օրաթերթերով:

3. Խմբակցությանը եւ պատգամավորական խմբին տրամադրվում է ծառայողական ավտոմեքենա:

4. Խմբակցության եւ պատգամավորական խմբի գործավարը եւ փորձագետները աշխատանքի են ընդունվում ժամկետային պայմանագրով` համապատասխան խմբակցության, պատգամավորական խմբի ղեկավարի ներկայացմամբ, կատարում են նրա հանձնարարությունները, ինչպես նաեւ նրա հանձնարարությամբ աջակցում են խմբակցության, պատգամավորական խմբի անդամների աշխատանքին:

5. Մինչեւ 10 անդամ ունեցող խմբակցությունն ունենում է Ազգային ժողովի աշխատակազմի (այսուհետ` Աշխատակազմ) հաստիքացուցակով սահմանված մեկ գործավար եւ մեկ փորձագետ, 11-ից 14 անդամ ունեցող խմբակցությունը, պատգամավորական խումբն ունենում են մեկ գործավար եւ 2 փորձագետ, իսկ 14-ից ավելի անդամ ունեցողները՝ մեկ գործավար եւ 3 փորձագետ:

ԳԼՈՒԽ III

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ, ՆՐԱ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԸ

Հոդված 17. Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների ընտրությունը

1. Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների պաշտոններում պատգամավորների կազմից թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է պատգամավորներին:

2. Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների պաշտոններում առաջադրված թեկնածուների ընտրության հարցերը քննարկվում են սույն օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:

3. Ազգային ժողովի նախագահն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

4. Ազգային ժողովի նախագահի տեղակալներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ, քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

5. Եթե Ազգային ժողովի նախագահի տեղակալների պաշտոնները միաժամանակ թափուր են, ապա թեկնածուների առաջադրումը, քննարկումը եւ քվեարկությունն իրականացվում են առանձին-առանձին:

Հոդված 18. Ազգային ժողովի նախագահի իրավասությունները

1. Ազգային ժողովի նախագահը Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված կարգով՝

ա) Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում, մինչեւ նորընտիր Նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը, Սահմանադրության 60-րդ հոդվածով սահմանված կարգով կատարում է Հանրապետության Նախագահի պարտականությունները.

բ) գումարում է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանները եւ  նիստերը.

գ) ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի որոշումները, ուղերձները եւ հայտարարությունները.

դ) ներկայացնում է Ազգային ժողովը.

 ե) հաստատում է Ազգային ժողովի հանձնաժողովների կազմը.

զ) հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրությամբ.

 է) խորհրդակցելով Ազգային ժողովի խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի հետ՝ որոշում է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմը.

ը) վարում է Ազգային ժողովի նիստերը եւ Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունները.

թ) Ազգային Ժողովին է ներկայացվում հերթական նստաշրջանի եւ երկօրյա նիստերի օրակարգերը:

ժ) հաստատում է Ազգային ժողովի նստավայրի տարածքում եւ շենքում գործող անվտանգության կանոնները.

ժա) նախնական քննարկման եւ եզրակացություն տալու համար Կառավարություն, հանձնաժողովներ եւ Աշխատակազմ է ուղարկում օրենքների եւ Ազգային ժողովի որոշումների նախագծերը, նշանակում է գլխադասային հանձնաժողով(ներ).

ժբ) Հանրապետության Նախագահին է ուղարկում Ազգային ժողովի ընդունած օրենքները, ինչպես նաեւ օրենքների ընդունման, Սահմանադրության ընդունման կամ դրանում փոփոխություններ կատարելու հարցերով հանրաքվե նշանակելու մասին Ազգային ժողովի որոշումները.

ժգ) ապահովում է Ազգային ժողովի բնականոն գործունեությունը, ըստ անհրաժեշտության հրավիրում է քաղաքական կոնսուլտացիաներ.

ժդ) տնօրինում է Ազգային ժողովի նյութական միջոցները.

ժե) հաստատում է Աշխատակազմի կանոնադրությունը, կառուցվածքը, հաստիքացուցակը եւ աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը, ինչպես նաեւ Ազգային ժողովի պահպանման ծախսերը.

ժզ) նշանակում եւ ազատում է Աշխատակազմի եւ նրա կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին.

ժէ) Ազգային ժողովին է առաջարկում թեկնածուներ՝ սահմանադրական դատարանի անդամների եւ սահմանադրական դատարանի կազմից՝ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոններում նշանակելու համար.

ժը) հաստատում է Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովների մասնագետների (փորձագետների) թվաքանակը.

ժթ) Ազգային ժողովի եւ իր գործունեության մասին տարեկան հաղորդումով հանդես է գալիս Ազգային ժողովի նիստում` սույն օրենքի 57-րդ հոդվածի 4-րդ կետի «ա» եւ «բ» ենթակետերով նախատեսված ընթացակարգով` առանց որոշման ընդունման.

ի) հաստատում է Ազգային ժողովում օրենքով սահմանված անձերի հավատարմագրման, ինչպես նաեւ Ազգային ժողովի նստավայրում մամուլի ասուլիսների անցկացման կարգերը.

իա) հաստատում է Ազգային ժողովի բարեկամական խմբերի կազմավորումը:

իբ)  յուրաքանչյուր ուրբաթ հաստատում է հաջորդ շաբաթվա ընթացքում Ազգային Ժողովում կայանալիք միջոցառումների ցանկը եւ ժամանակացույցը, որոնք նույն օրը տեղադրվում են Ազգային Ժողովի ինտերնետային կայքում.

իգ) հաստատում է Ազգային Ժողովին հասցեագրված փաստաթղթերի (բացառությամբ անվանական կամ անձնական նյութերի, ինչպես նաեւ պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկատվության) Ազգային Ժողովի մարմիններին տրամադրման կարգը.

իդ) յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում Ազգային Ժողովի նիստում Ազգային Ժողովի քննարկմանն է ներկայացնում Ազգային Ժողովի նյութական միջոցների տնօրինման արդյունքները, որի վերաբերյալ որոշում չի ընդունվում.

իե) կազմակերպում է խորհրդարանական լսումները.

իզ) Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների եւ մշտական հանձնաժողովների նախագահների արձակուրդի ժամանակացույցը:

2. Սույն հոդվածի 1-ին կետի «թ»,«ի» եւ «իբ» ենթակետերով նախատեսված լիազորություններն իրականացվում են Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունում քննարկվելուց հետո՝ հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները:

Հոդված 19. Ազգային ժողովի նախագահի տեղակալի իրավասությունները

1. Ազգային ժողովի նախագահի հանձնարարությամբ Ազգային ժողովի նախագահի տեղակալը՝

ա) վարում է Ազգային ժողովի նիստերը.

բ) վարում է Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունները.

գ) փոխարինում է Ազգային ժողովի նախագահին։

2. Եթե Ազգային ժողովի նախագահի պաշտոնը թափուր է կամ Սահմանադրության 60-րդ հոդվածով սահմանված դեպքում Ազգային Ժողովի նախագահը կատարում է Հանրապետության նախագահի պարտականությունները, ապա Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարում է Ազգային Ժողովի այն տեղակալը, որը պաշտոնում ընտրվելիս ստացել էր առավել շատ ձայներ, իսկ եթե ձայները հավասար են, ապա՝   տարիքով ավագ տեղակալը:

Հոդված 20. Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների լիազորությունների դադարումը

1. Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների լիազորությունները դադարում են, եթե՝

ա)  դադարել են նրանց պատգամավորական լիազորությունները.

բ) նրանք տվել են հրաժարական՝ սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված կարգով.

գ) եթե սույն հոդվածի 4-րդ մասով կայացվել է որոշում:

2. Ազգային ժողովի նախագահը հրաժարականի մասին իր դիմումը պաշտոնապես ներկայացնում է նիստը վարողին, որն այն հրապարակում է Ազգային ժողովի առաջիկա նիստում։Ազգային Ժողովի նախագահի ցանկության դեպքում տեղի է ունենում հրաժարականի արտահերթ քննարկում հետեւյալ կարգով՝

ա) Ազգային Ժողովի նախագահի ելույթ՝ 10 րոպե.

բ) ելույթներ՝ 3 րոպե.

գ) Ազգային Ժողովի նախագահի եզրափակիչ ելույթ՝ 10 րոպե:

Ազգային Ժողովի նախագահի հրաժարականի քննարկումը չի կարող գերազանցել 60 րոպեն:

Հրաժարականի հրապարակման (քննարկման օրվանից) հնգօրյա ժամկետը լրանալուց անմիջապես հետո՝

ա) հրաժարականը կրկին ներկայացնելու դեպքում Ազգային ժողովի նախագահի հրաժարականը համարվում է ընդունված.

բ) հրաժարականը կրկին չներկայացվելու դեպքում նիստը վարողն առաջիկա նիստում Ազգային ժողովին տեղեկացնում է այդ մասին, իսկ հրաժարականի մասին Ազգային ժողովի նախագահի դիմումը համարվում է առ ոչինչ։

3. Ազգային ժողովի նախագահի տեղակալները հրաժարականի մասին իրենց դիմումը պաշտոնապես ներկայացնում են Ազգային ժողովի նախագահին, որն այն հրապարակում է Ազգային ժողովի առաջիկա նիստում։ Ազգային Ժողովի նախագահի տեղակալի  ցանկության դեպքում տեղի է ունենում հրաժարականի արտահերթ քննարկում հետեւյալ կարգով՝

ա) Ազգային Ժողովի նախագահի տեղակալի ելույթ՝ 10 րոպե.

բ) ելույթներ՝ 3 րոպե.

գ) Ազգային Ժողովի նախագահի տեղակալի  եզրափակիչ ելույթ՝ 10րոպե:

Ազգային Ժողովի նախագահի տեղակալի հրաժարականի քննարկումը չի կարող գերազանցել 45 րոպեն:

Եթե հրաժարականի հրապարակումից (քննարկումից)հետո՝ 3 օրվա ընթացքում, տվյալ անձը գրավոր դիմումով՝

ա) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նիստը վարողն առաջիկա նիստում Ազգային ժողովին տեղեկացնում է այդ մասին.

բ) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա հրաժարականը համարվում է ընդունված։

4. Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների հրաժարականների կամ լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին Ազգային ժողովի որոշումների նախագծերն Ազգային ժողովում քննարկվում են սույն օրենքի 98-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով:

5. Ազգային ժողովի նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

6. Ազգային ժողովի նախագահի տեղակալի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ՝ քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

ԳԼՈՒԽ IV

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

Հոդված 21. Մշտական հանձնաժողովները եւ նրանց գործունեությունը

1. Սահմանադրության 73-րդ հոդվածին համապատասխան՝ մշտական հանձնաժողովներն ստեղծվում են օրենսդրական ակտերի նախագծերի եւ այլ հարցերի նախնական քննարկման եւ դրանց վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ տալու նպատակով:

2. Սահմանադրության 62-րդ հոդվածին համապատասխան՝ մշտական հանձնաժողովները ստեղծվում  են Ազգային ժողովի որոշմամբ:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի որոշումը պետք է ներառի՝ մշտական հանձնաժողովների թվաքանակը, անվանումները, գործունեության ոլորտները:

Մշտական հանձնաժողովների կազմը  չի կարող պակաս լինել 9-ից:

Մշտական հանձնաժողովներում ընդգրկված պատգամավորների նվազագույն ընդհանուր քանակը պետք է հավասար լինի պատգամավորների ընդհանուր թվի եւ հանձնաժողովներում սույն օրենքով չընդգրկվելու իրավունք ունեցողների տարբերությանը:

4. Մշտական հանձնաժողովների կազմը հաստատում է Ազգային Ժողովի նախագահը՝ սույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով դրանց կազմավորումից հետո:

5. Մշտական հանձնաժողովն ունի իր կանոնակարգը, որը հաստատվում է հանձնաժողովի որոշմամբ:

6. Մշտական հանձնաժողովներից յուրաքանչյուրն ունի Աշխատակազմի հաստիքացուցակով սահմանված մեկ գործավար եւ 4 փորձագետ:

7. Մշտական հանձնաժողովի մասնագետները (փորձագետները) հանդիսանում են Աշխատակազմի աշխատակիցներ: Նրանք աշխատանքի ընդունվում եւ աշխատանքից ազատվում են համապատասխան հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ, կատարում են նրա հանձնարարությունները, ինչպես նաեւ նրա հանձնարարությամբ աջակցում են հանձնաժողովի անդամների աշխատանքին:

Հոդված 22. Հանձնաժողովների կազմավորման ընդհանուր կարգը

1. Հանձնաժողովի կազմը պետք է արտահայտի խմբակցությունների, պատգամավորական խմբերի եւ դրանց կազմում չընդգրկված պատգամավորների թվական հարաբերակցությունները:

2. Մշտական հանձնաժողովներում պատգամավորներն ընդգրկվում են իրենց դիմումի համաձայն:

3. Հանձնաժողովներում խմբակցություններին տեղեր են հատկացվում նրանց թվաքանակի համամասնությամբ:

4. Խմբակցության անդամները հանձնաժողովների կազմում ընդգրկվում են խմբակցության ներկայացմամբ:

5. Խմբակցությունը յուրաքանչյուր հանձնաժողովում ունի առնվազն մեկ պատգամավոր ներկայացնելու իրավունք:

6. Խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի ղեկավարները կարող են իրենց ցանկությամբ չընդգրկվել մշտական հանձնաժողովների կազմում:

7. Խմբակցությունները, իրավունք ունեն փոխելու հանձնաժողովներում ընդգրկված իրենց անդամներին:

Հոդված 23. Ժամանակավոր հանձնաժողովը եւ նրա գործունեությունը

1. Սահմանադրության 73-րդ հոդվածին համապատասխան՝ ժամանակավոր հանձնաժողովներն ստեղծվում են առանձին օրենքների նախագծերի նախնական քննարկման կամ որոշակի հարցերի. իրադարձությունների եւ փաստերի մասին Ազգային ժողովին եզրակացություններ, տեղեկանքներ ներկայացնելու համար:

2. Ազգային ժողովը ժամանակավոր հանձնաժողով ստեղծելիս սահմանում է նրա խնդիրները, գործունեության ժամկետը եւ կարգը:

3. Իր գործունեության արդյունքների մասին ժամանակավոր հանձնաժողովը Ազգային Ժողովում որոշմամբ սահմանված ժամկետում զեկուցում է Ազգային ժողովի նիստում:

4. Ժամանակավոր հանձնաժողովի ներկայացրած եզրակացության, տեղեկանքի հիման վրա պատգամավորը կարող է Ազգային ժողովի նիստում ժամանակավոր հանձնաժողովի` իր գործունեության մասին զեկուցումից հետո` երկօրյա ժամկետում, սույն օրենքով սահմանված կարգով, ներկայացնել Ազգային ժողովի որոշման նախագիծ: Գլխադասային հանձնաժողովի եզրակացությամբ` Ազգային ժողովի որոշման նախագիծն ընդգրկվում է հերթական նստաշրջանի առաջիկա երկօրյա նիստերի օրակարգի նախագծում եւ քննարկվում է արտոհերթ:

5. Ժամանակավոր հանձնաժողովի մասնագետները (փորձագետները) աշխատանքի են ընդունվում պայմանագրային կարգով՝ հանձնաժողովի գործունեության ժամկետով: Նրանց կազմն ու թվաքանակը հաստատում է Ազգային ժողովի նախագահը՝ համապատասխան հանձնաժողովի ներկայացմամբ, եթե Ազգային ժողովի որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

Հոդված 24. Ենթահանձնաժողովը, աշխատանքային խումբը եւ նրանց գործունեությունը

1. Մշտական հանձնաժողովը կարող է իր կազմից ստեղծել ենթահանձնաժողովներ, ինչպես նաեւ ձեւավորել աշխատանքային խմբեր՝ սահմանել դրանց խնդիրները, գործունեության ժամկետներն ու կարգը եւ ընտրել դրանց ղեկավարներին:

2. Աշխատանքային խմբի կազմում կարող են ընդգրկվել պատգամավորը, ինչպես նաեւ հանձնաժողովի, խմբակցության, պատգամավորական խմբի մասնագետը (փորձագետը), պատգամավորի օգնականը եւ այլ մասնագետներ:

3. Ենթահանձնաժողովի կամ աշխատանքային խմբի ղեկավարը կատարում է մշտական հանձնաժողովի հանձնարարականները:

4. Իր գործունեության արդյունքների մասին ենթահանձնաժողովը կամ աշխատանքային խումբը, մշտական հանձնաժողովի որոշմամբ, սահմանված ժամկետում զեկուցում է մշտական հանձնաժողովի նիստում:

5. Ենթահանձնաժողովը կամ աշխատանքային խումբը կարող է լուծարվել վաղաժամկետ՝ մշտական հանձնաժողովի որոշմամբ:

Հոդված 25. Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը եւ նրա գործունեությունը

1. Ազգային ժողովի որոշմամբ յուրաքանչյուր հերթական նստաշրջանի առաջին երկօրյա նիստում ստեղծվում է ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով (այսուհետ՝ հաշվիչ հանձնաժողով), որը պահպանում է իր լիազորությունները մինչեւ հաջորդ հերթական նստաշրջանի սկիզբը:

2. Ընտրվող պաշտոններում կամ մարմիններում քվեարկվող թեկնածուն, ինչպես նաեւ քվեարկության դրված հարցի հեղինակները համապատասխան քվեարկության ընթացքում չեն կարող մասնակցել հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին:

3. Հաշվիչ հանձնաժողովն իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ եւ քարտուղար:

4. Հաշվիչ հանձնաժողովը՝

ա) սույն օրենքի 64-րդ հոդվածով սահմանված կարգով կազմակերպում է գաղտնի քվեարկությունների անցկացումը եւ Ազգային ժողով է ներկայացնում դրանց արդյունքները.

բ) սույն օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում գրանցում է պատգամավորներին.

գ) սույն օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում հաշվում է պատգամավորների ձայները:

5. Հաշվիչ հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նրա անդամների ձայների մեծամասնությամբ:

Հոդված 26. Հանձնաժողովի նախագահը եւ նրա տեղակալը

1. Մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում պատգամավորների կազմից թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է պատգամավորներին:

2. Մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության հարցը քննարկվում է սույն օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:

3. Մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարում են, եթե՝

ա) դադարել են նրա պատգամավորական լիազորությունները.

բ) նա տվել է հրաժարական՝ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով:

4. Մշտական հանձնաժողովի նախագահը հրաժարականի մասին իր դիմումը պաշտոնապես ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որն այն հրապարակում է Ազգային ժողովի առաջիկա նիստում։ Մշտական հանձնաժողովի նախագահի ցանկության դեպքում տեղի է ունենում հրաժարականի արտահերթ քննարկում հետեւյալ կարգով՝

ա) մշտական հանձնաժողովի նախագահի ելույթ՝ 10 րոպե

բ) ելույթներ՝ 3 րոպե

գ) մշտական հանձնաժողովի նախագահի եզրափակիչ ելույթ՝ 5 րոպե:

Մշտական հանձնաժողովի նախագահի հրաժարականի քննարկումը չի կարող գերազանցել 45 րոպեն:

Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ 3 օրվա ընթացքում, տվյալ անձը գրավոր դիմումով՝

ա) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն առաջիկա նիստում Ազգային ժողովին տեղեկացնում է այդ մասին.

բ) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա հրաժարականը համարվում է ընդունված:

5. Մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծն Ազգային ժողովում ներկայացվում եւ  քննարկվում է սույն օրենքի 99-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով:

6. Մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու եւ նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին Ազգային ժողովի որոշումներն ընդունվում են գաղտնի քվեարկությամբ՝ քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

7. Ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, հանձնաժողովի նախագահի տեղակալ, ենթահանձնաժողովի եւ աշխատանքային խմբի ղեկավարներ ընտրում է համապատասխան հանձնաժողովը՝ իր որոշմամբ:

8. Հանձնաժողովի նախագահը ՝

ա) նախապատրաստում եւ վարում է հանձնաժողովի նիստերը.

բ) գումարում է հանձնաժողովի արտահերթ նիստ.

գ) հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում հանձնաժողովի նիստի օրակարգի նախագիծը.

դ) համակարգում է ենթահանձնաժողովների եւ աշխատանքային խմբերի աշխատանքը.

ե) ապահովում է հանձնաժողովի որոշումների կատարումը.

զ) ընթացք է տալիս եւ պատասխանում հանձնաժողովին ուղղված դիմումներին.

է) ղեկավարում է հանձնաժողովի մասնագետների (փորձագետների) աշխատանքը.

ը) յուրաքանչյուր ուրբաթ կազմում եւ հրապարակում է հաջորդ շաբաթվա ընթացքում հանձնաժողովի նախաձեռնությամբ իրականացվելիք միջոցառումների ցանկը եւ ժամանակացույցը՝ (այդ թվում հանձնաժողովի նիստի օրակարգի նախագիծը,անցկացման օրը, ժամը) դրանք տեղադրելով Ազգային Ժողովի էլեկտրոնային կայքում եւ Ազգային Ժողովի շենքում՝ դրա համար հատուկ նախատեսված տեսանելի տեղում.

թ) յուրաքանչյուր նիստի ավարտին տեղեկացնում է հաջորդ նիստի օրակարգում ընդգրկվելիք հարցերի մասին եւ առաջարկ է ներկայացնում հաջորդ նիստի անցկացման օրվա եւ ժամի մասին.

ժ) կազմակերպում է օրենքների նախագծերի հանձնաժողովում քննարկումը՝ սույն օրենքով նշված ժամկետներում եւ կարգով.

ժա) իր հայեցողությամբ հրավիրում է մասնագետների՝ աշխատանքային խմբերում ներգրավելու, ինչպես նաեւ հանձնաժողովի նիստերում հարցերի քննարկումներին մասնակցելու համար.

ժբ) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները եւ հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները.

ժգ) հանձնաժողովին տեղյակ է պահում հանձնաժողովի որոշումների կատարման եւ/կամ դրանց ընթացքի մասին.

ժդ) համակարգում է հանձնաժողովի աշխատանքներն այլ հանձնաժողովների եւ Ազգային Ժողովի աշխատակազմի հետ.

ժե) նախագահում է հանձնաժողովի նիստերը.

ժզ) հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է հանձնաժողովի անունով ստացված պաշտոնական փաստաթղթերի, նամակների եւ հանձնաժողովի գործունեության հետ կապված նորությունների եւ/կամ փոփոխությունների մասին.

ժէ) իր գլխավորած հանձնաժողովը գլխադասային նշանակվելու դեպքում, հանձնաժողովի անդամ պատգամավորի համաձայնությամբ, վերջինիս նշանակում է հարակից զեկուցող: Նման համաձայնության բացակայության դեպքում՝ հանդես է գալիս որպես հարակից զեկուցող:

9. Հանձնաժողովի նախագահի բացակայության կամ նրա պաշտոնը թափուր լինելու դեպքում նրան փոխարինում է տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հանձնաժողովի որոշմամբ հանձնաժողովի լիազորված անդամը։

Հոդված 27. Հանձնաժողովների նիստերի հրավիրման կարգը

1. Մշտական հանձնաժողովի նիստերը գումարվում են շաբաթը առնվազն մեկ անգամ: Մշտական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգի նածագիծը, օրն ու ժամը որոշում է հանձնաժողովը:

2. Ժամանակավոր հանձնաժողովի հերթական նիստերը գումարվում են հանձնաժողովի սահմանած օրերին, բայց ոչ պակաս, քան շաբաթը մեկ անգամ:

3. Հանձնաժողովի արտահերթ նիստ գումարվում է Ազգային Ժողովի Նախագահի, հանձնաժողովի նախագահի, հանձնաժողովի անդամների առնվազն մեկ քառորդի նախաձեռնությամբ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում, որոնք փոփոխման ենթակա չեն:

Եթե քվորում չլինելու պատճառով արտահերթ նիստը չի կայանում, ապա այդ նիստի օրակարգում ընդգրկված օրենքների (որոշումների) նախագծերը կամ նախագծերի փաթեթը, նախաձեռնողների գրավոր ներկայացման դեպքում, մտնում են ընթացիկ, իսկ եթե դա տեղի է ունեցել նստաշրջանների միջեւ եղած ժամանակահատվածում, ապա առաջիկա նստաշրջանի օրակարգ:

Ազգային Ժողովի նիստի ընթացքում արգելվում է հանձնաժողովի նիստի հրավիրումը:

4. Հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում Ազգային ժողովի նստավայրում: Այլ վայրում հանձնաժողովի նիստ կարող է անցկացվել հանձնաժողովի որոշմամբ, որի մասին հանձնաժողովի նախագահը նախապես տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին:

5. Հանձնաժողովի նիստի օրակարգի նախագիծը կազմվում է հանձնաժողովին որպես գլխադասային վերապահված՝ շրջանառության մեջ դրված, առաջին կամ երկրորդ ընթերցումներով ընդունված օրենքների, որոշումների եւ այլ հարցերի նախագծերից, հանձնաժողովի իրավասությանը վերաբերող` հանձնաժողովի անդամների կողմից առաջարկվող հարցերից:

6. Հանձնաժողովի հերթական նիստի օրակարգի նախագիծը եւ համապատասխան փաստաթղթերը հանձնաժողովի անդամներին տրամադրվում են նիստից առնվազն երկու օր առաջ: Միաժամանակ, այն տեղադրվում է ՀՀ Ազգային Ժողովի ինտերնետային կայքի՝ հանձնաժողովին վերապահված բաժնում: Օրակարգի նախագիծը փակցվում է նաեւ Ազգային Ժողովի շենքում՝ դրա համար հատուկ նախատեսված տեսանելի տեղում:

ՀՀ Ազգային Ժողովի ինտերնետային կայքի՝ հանձնաժողովին վերապահված բաժնում պարտադիր տեղադրվում են նաեւ հանձնաժողովի նիստերի,  հանձնաժողովի կողմից կազմակերպված խորհրդարանական լսումների եւ խորհրդարանական ուսումնասիրությունների արդյունքների մասին տեղեկատվությունները:

Հոդված 28. Հանձնաժողովների նիստերի անցկացման կարգը

1. Հանձնաժողովի նիստերը դռնբաց են, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

2. Հանձնաժողովի դռնփակ նիստում, բացի պատգամավորներից, կարող են ներկա գտնվել Հանրապետության Նախագահը ( նրա լիազորած ներկայացուցիչը), վարչապետը (նրա լիազորած ներկայացուցիչը), ինչպես նաեւ հանձնաժողովի որոշմամբ հրավիրված անձինք: Հանձնաժողովի դռնփակ նիստում քվեարկությունն արգելվում է:

3. Հանձնաժողովի դռնբաց նիստում, բացի սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանցից, կարող են ներկա գտնվել Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցները, հանձնաժողովի, խնբակցությունների եւ պատգամավորական խմբերի մասնագետները (փորձագետները), պատգամավորների օգնականները, Ազգային Ժողովում հավատարմագրված անձիք, հանձնաժողովի նախագահի կողմից հրավիրված եւ օրենքով նախատեսված այլ անձինք:

4. Անհրաժեշտության դեպքում, հանձնաժողովի որոշմամբ հանձնաժողովի նիստերին պարտադիր պետք է մասնակցեն ՀՀ նախարարները, գործադիր այլ մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները, որոնց հանձնաժողովի որոշման մասին տեղյակ է պահվում քննարկումներից առնվազն երեք օր առաջ:

Նշված անձանց մասնակցության անհնարիության դեպքում քննարկումներին պետք է մասնակցեն նրանց կողմից լիազորված անձիք:

5. Հանձնաժողովի նիստում նախագծի կամ դրա վերաբերյալ առաջարկությունների քննարկմանն իրավունք ունեն մասնակցել տվյալ փաստաթղթերի հեղինակները:

6. Նախագծի կամ դրա վերաբերյալ առաջարկությունների քննարկմանը  այլ պատգամավորները եւ հանձնաժողովի նիստին ներկա գտնվող այլ անձինք, բացառությամբ Ազգային Ժողովի Նախագահի, նրա տեղակալների, խմբակցությունների  եւ պատգամավորական խմբերի ղեկավարների  (նրանց կողմից լիազորված պատգամավորների),  կարող են մասնակցել օրենքով սահմանված կարգով կամ միայն հանձնաժողովի համաձայնությամբ:

7. Հանձնաժողովի նիստի օրակարգի նախագծում ընդգրկված հարցերի հեղինակները, հարցերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացրած պատգամավորները, խմբակցությունները, պատգամավորական խմբերը, Ազգային Ժողովում հավատարմագրված անձիք, այլ շահագրգիռ մարմինները, պաշտոնատար անձինք եւ օրենքով նախատեսված այլ անձինք տեղեկացվում են քննարկումներից առնվազն երեք օր առաջ:

Հոդված 29. Հանձնաժողովի նիստում քննարկումների կազմակերպման եւ որոշումների ընդունման կարգը

1. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է (գրանցվել է) հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, եւ այն վարում է հանձնաժողովի նախագահը կամ սույն օրենքի 26-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված դեպքում՝ նրա տեղակալը կամ հանձնաժողովի որոշմամբ հանձնաժողովի լիազորված անդամը:

2. Նիստն սկսվում է օրակարգի հաստատումով: Մինչեւ օրակարգի հաստատումն այլ հարցեր չեն քննարկվում:

3. Նիստում հարցերը քննարկվում են հետեւյալ հաջորդականությամբ՝

ա) հիմնական զեկուցողի ելույթը.

բ) հարցեր հիմնական զեկուցողին.

գ) հարակից զեկուցողի ելույթը.

դ) հարցեր հարակից զեկուցողին.

ե) մտքերի փոխանակություն.

զ) խմբակցությունների, պատգամավորական խմբերի ղեկավարների (նրանց կողմից լիազորված պատգամավորների)  ելույթը (ցանկության դեպքում).

է) հարակից զեկուցողի եզրափակիչ ելույթը.

ը) հիմնական զեկուցողի եզրափակիչ ելույթը.

թ) քվեարկություն:

4. Ազգային ժողովում հարցի քննարկման համար հատուկ ընթացակարգ սահմանելու մասին առաջարկը ներկայացվում է հեղինակի (հիմնական զեկուցողի) կամ հանձնաժողովի անդամի կողմից, որը քննարկվում է հարցի վերաբերյալ հանձնաժողովի քվեարկությունից հետո:

5. Նիստում յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քվեարկությունը կատարվում է հարցի քննարկման ավարտից անմիջապես հետո:

6. Նիստի հաստատմանը ներկայացված օրակարգի նախագծում նոր հարց չի ավելացվում:

7. Նիստի օրակարգում ընդգրկված հարցի հեղինակի (հիմնական զեկուցողի) բացակայության դեպքում հարցը առանց քվեարկության ընդգրկվում է հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգում, եթե հանձնաժողովի նախագահի եւ հարցի հեղինակի (հիմնական զեկուցողի) համաձայնությամբ ավելի ուշ ժամկետ չի նշվում, որը չի կարող ավելի լինել, քան հանձնաժողովի առաջիկա նիստի օրվանից սկսած 10-րդ օրը:

Նույն հարցի հեղինակի (հիմնական զեկուցողի) երկրորդ անգամ բացակայության դեպքում հարցը հանվում է շրջանառությունից:

8. Նիստում քվեարկությունները կատարվում են միայն տվյալ հանձնաժողովի անդամների առաջարկությամբ:

9. Հանձնաժողովի անդամը կարող է հրաժարվել քվեարկությանը մասնակցելուց:

10. Հանձնաժողովում քվեարկության է դրվում հետեւյալ առաջարկությամբ՝ հարցին տալ դրական եզրակացություն:

11. Քվեարկության արդյունքում կայացվում է հետեւյալ որոշումներից որեւէ մեկը.

ա) հարցը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Այս որոշումն ընդունվում է, եթե քվեարկությանը մասնակցել է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին եւ «կողմ» է քվեարկել հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:

բ) հարցը ստացել է հանձնաժողովի բացասական եզրակացությունը:

Այս որոշումն ընդունվում է, եթե քվեարկությանը մասնակցել է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին եւ «դեմ» է քվեարկել հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:

գ) հարցը դրական եզրակացություն չի ստացել:

Այս որոշումն ընդունվում է, եթե քվեարկությանը մասնակցել է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, սակայն «կողմ» կամ «դեմ» ձայները չեն կազմել հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:

դ) հարցի վերաբերյալ հանձնաժողովը դիրքորոշում չի ձեւավորել:

Այս որոշումն ընդունվում է, եթե քվեարկությանը մասնակցել է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի  ոչ ավելի քան կեսը:

12. Հանձնաժողովի որպես գլխադասային չվերապահված հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունում են նիստին ներկա (գրանցված) հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:

Եթե քվեարկությանը մասնակցել է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ոչ ավելի քան կեսը, ապա որոշումը կայացնում է հանձնաժողովի նախագահը:

13. Նույն հարցը երկրորդ անգամ չի քվեարկվում:

14. Հանձնաժողովում քվեարկությունը կատարվում է հետեւյալ հաջորդականությամբ.

- ովքեր են «կողմ»,

- ովքեր են «դեմ»,

- ովքեր են «ձեռնպահ»:

Յուրաքանչյուր քվեարկությունից հետո հանձնաժողովի նախագահը հայտարարում է «կողմ», «դեմ», «ձեռնպահ» քվեարկած պատգամավորների անուն, ազգանունները եւ «կողմ», «դեմ», «ձեռնպահ» քվեարկություններից յուրաքանչյուրի ընդհանուր թիվը:

Քվեարկության արդյունքները՝ «կողմ», «դեմ», «ձեռնպահ»՝ նիստի արձանագրությունում նշվում են անվանապես:

Հանձնաժողովի որոշմամբ քվեարկությունը կարող է անցկացվել անվանական ցուցակով՝ պատգամավորների անձնական նշումներով եւ ստորագրություններով:

15. Եթե քվեարկության արդյունքում պարզվում է, որ հարակից զեկուցողի կարծիքը չի պաշտպանվում մեծամասնության կողմից, ապա հարակից զեկուցող է նշանակվում քվեարկության արդյունքում մեծամասնություն կազմած պատգամավորներից՝ պատգամավորների համաձայնությամբ:

Նման համաձայնություն չլինելու բոլոր դեպքերում՝ անկախ քվեարկության արդյունքներից, հարակից զեկուցմամբ հանդես է գալիս հանձնաժողովի նախագահը, իսկ նրա նիստից բացակայության դեպքում՝ նիստը նախագահողը:

16. Եթե հանձնաժողովը սույն օրենքով սահմանված ժամկետներում չի քննարկում նրան որպես գլխադասային վերապահված հարցը կամ քննարկում է, բայց քվեարկություն չի անցկացվում, ապա հարցն Ազգային Ժողովի նստաշրջանի օրակարգ է մտնում առանց հանձնաժողովի եզրակացության:

Այդ դեպքում, հանձնաժողովի նախագահն Ազգային Ժողովում հարցի քննարկման ժամանակ հանդես է գալիս որպես հարակից զեկուցող եւ ներկայացնում է հարցը չքննարկելու եւ/կամ չքվեարկելու պատճառները:

Հոդված 30. Գլխադասային հանձնաժողովը

1. Գլխադասային հանձնաժողովն Ազգային ժողովի մշտական կամ ժամանակավոր հանձնաժողովների կազմից, սույն օրենքով սահմանված կարգով, Ազգային ժողովի նախագահի նշանակած հանձնաժողովն է:

2. Գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչն Ազգային ժողովում հարցի քննարկման ընթացքում հանդես է գալիս հարակից զեկուցմամբ՝ ներկայացնելով դրա վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը:

Զեկուցումը պարտադիր պետք է պարունակի հետեւյալ վերլուծությունները (կանխատեսումները).

ա) օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու արդյունքում ընթացիկ ?ֆինանսական տարվա, ինչպես նաեւ հետագա երեք տարիներից յուրաքանչյուր տարվա ընթացքում կատարվելիք ծախսերի վերաբերյալ հանձնաժողովի գնահատականը.

բ) եթե «ա»  ենթակետը հնարավոր չէ իրականացնել, ապա պետք է ներկայացվեն դրա պատճառները.

գ) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց մոտավոր թվաքանակը, որոնք կընդգրկվեն օրենքի գործունեության ոլորտում.

դ) լրացուցիչ վարչարարության գնահատականը, որն անհրաժեշը է լինելու օրենքը կիրարկելու, իրավական այլ ակտերն ընդունելու եւ այլ անհրաժեշտ գործունեություններ իրականացնելու համար.

ե) հանձնաժողովում օրենքի նախագծի քննարկմանը ներկա, քվեարկությանը մասնակցած, «կողմ», «դեմ» եւ «ձեռնպահ» քվեարկած պատգամավորների թիվը, ինչպես նաեւ հարցի քվեարկության արդյունքում մեծամասնությանը հակառակ քվեարկած եւ սույն օրենքի հոդված 30-ի 4-րդ մասով սահմանված կարգով հարակից զեկուցման իրավունք ստացած պատգամավորի անուն, ազգանունը:

3. Երկօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելուց առաջ օրենքի նախագիծը կարող է գլխադասային հանձնաժողովի որոշմամբ այլընտրանքային համարվել միեւնույն ոլորտը կարգավորող եւ երկօրյա նիստերի օրակարգում ընդգրկվող կամ ընդգրկված՝ դեռեւս չքննարկված օրենքի նախագծի նկատմամբ:

4. Հանձնաժողովում հարցի քվեարկման արդյունքում մեծամասնությանը հակառակ քվեարկած  պատգամավորներից մեկը (որը որոշվում է մինչեւ հանձնաժողովի նիստի ավարտը եւ որի անուն, ազգանունը նշվում է նիստի արձանագրության մեջ), Ազգային Ժողովում հարցի քննարկման ընթացքում, ունի հարակից զեկուցման իրավունք:

Նրան ձայն է տրվում գլխադասային հանձնաժողովի նարկայացուցչից հետո,ելույթի համար տրվում է մինչեւ 7 րոպե, իսկ հարցերը տրվում են սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով:

Այս իրավունքից օգտվող պատգամավորը չի կարող մասնակցել նույն հարցի վերաբերյալ մտքերի փոխանակությանը:

Հոդված 31. Հանձնաժողովների համատեղ նիստերը

1. Հանձնաժողովները կարող են անցկացնել համատեղ նիստեր:

2. Հանձնաժողովների համատեղ նիստերը, բացի սույն օրենքով սահմանված դեպքերից, անցկացում են հանձնաժողովների նախագահների նախնական պայմանավորվածության հիման վրա՝ հանձնաժողովների որոշումներով:

3. Համատեղ նիստերում որոշումները յուրաքանչյուր հանձնաժողովի կողմից ընդունվում են առանձին:

Հոդված 32. Խորհրդարանական լսումները

1 Հանձնաժողովները, խմբակցությունները եւ պատգամավորական խմբերը կարող են որոշում ընդունել խորհրդարանական լսումներ կազմակերպելու մասին, որի մասին անհապաղ տեղյակ են պահում Ազգային Ժողովի նախագահին:

2. Ազգային Ժողովի Նախագահը նշանակում է լսումների օրը՝ սույն հոդվածի 1-ին կետում նշված որոշումը ստանալուց հետո առաջիկա 2 ամսվա մեջ:

3. Լսումներն անցկացվում են Ազգային Ժողովում շրջանառության մեջ դրված օրենքի նախագծի, նախագծերի փաթեթի, ինչպես նաեւ պետական կարեւորություն, հասարակական հնչողություն ունեցող խնդիրների վերաբերյալ բազմակողմանի տեղեկատվություն ստանալու, ինչպես նաեւ այն ավելի խորությամբ ուսումնասիրելու եւ քննարկելու նպատակով:

4. Զեկուցողների ցանկը որոշում է նախաձեռնողը:

Լսումներին հրավիրվածների ցանկը որոշում է նախաձեռնողը՝ ոչ ավելի քան 70 անձ, ինչպես նաեւ սույն հոդվածի 1-ին մասում նշված մարմինները (ցանկության դեպքում)՝ ոչ ավելի քան 10 անձ:

5. Ազգային Ժողովի նիստերի օրերին լսումներ չեն կազմակերպվում:

6. Լսումների կազմակերպման մասին տեղեկատվությունը դրանց անցկացման օրվանից առնվազն երեք օր առաջ տրամադրվում է զանգվածային լրատվության միջոցներին:

7. Լսումն անցկացվում է դրա կազմակերպողի  կողմից հաստատված ընթացակարգով:

8. Լսումը վարում է դրա կազմակերպողի  նախագահները(ղեկավարը), իսկ նրանց բացակայության դեպքում՝ տեղակալները (քարտուղարները)։

Հոդված 33. Խորհրդարանական ուսումնասիրություններ

Յուրաքանչյուր հանձնաժողով, իր գործունեության ոլորտներից ելնելով, իրականացնում է օրենքների, օրենքների նախագծերի եւ/կամ դրանց առանձին մասերի կիրարկման եւ/կամ իրականացման հետ կապված խնդիրներին վերաբերվող  ուսումնասիրություններ եւ/կամ վերլուծություններ:
 
Հանձնաժողովներն իրենց վերլուծությունները եւ ուսումնասիրություններն իրականացնում են ինքնուրույնաբար՝ ներգրավելով ԱԺ աշխատակազմի փորձագետներին կամ Ազգային Ժողովի նախագահի համաձայնության դեպքում կարող են պայմանագրով դրանք հանձնարարել մասնագիտական անկախ կազմակերպությանը:

ՀՀ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, ձեռնարկությունները, հաստատությունները, կազմակերպությունները եւ նրանց պաշտոնատար անձինք պարտավոր են կատարելու հանձնաժողովների՝ անհրաժեշտ նյութերի եւ փաստաթղթերի պատճեների տրամադրման պահանջները, եթե դրանք պետական կամ առեւտրային գաղտնիք չեն համարվում:

Հանձնաժողովները վերլուծության եւ/կամ ուսումնասիրության արդյունքներով ընդունում են որոշումներ եւ/կամ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին հասցեագրված առաջարկություններ:

Հանձնաժողովների առաջարկությունները պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում ենթակա են պարտադիր քննարկման, որոնց արդյունքները եւս քննարկվում են հանձնաժողովի նիստում:

Ուսումնասիրությունների եւ/կամ վերլուծությունների ենթակա օրենքների, օրենքների նախագծերի եւ/կամ դրանց առանձին մասերի ընտրությունը կատարվում է հանձնաժողովի որոշմամբ:

Հոդված 34. Պատգամավորների մասնակցությունը հանձնաժողովի նիստերին

1. Հանձնաժողովի անդամը նիստին ներկայանալու անհնարինության դեպքում այդ մասին նախօրոք տեղյակ է պահում հանձնաժողովի նախագահին, իսկ դրա անհնարինության դեպքում, նիստից հետո երկու օրվա ընթացքում հանձնաժողովի նախագահին է ներկայացնում բացակայության պատճառները:

2. Հերթական նստաշրջանի ավարտից հետո՝ 30-օրյա ժամկետում, հանձնաժողովի նախագահն Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում այդ նստաշրջանի ընթացքում հանձնաժողովի նիստերից պատգամավորների բացակայության մասին տեղեկանք, որը բաժանվում է պատգամավորներին եւ հրապարակվում է Ազգային Ժողովի հերթական նստաշրջանի առաջին նիստում:

ԳԼՈՒԽ V

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆՍՏԱՇՐՋԱՆՆԵՐԸ ԵՎ ՆԻՍՏԵՐԸ

Հոդված 35. Առաջին նստաշրջանի գումարումը

1. Նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը գումարվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ընտրությունից հետո, երրորդ, իսկ արտահերթ ընտրության դեպքում երկրորդ  հինգշաբթի օրը՝ ժամը 10-ին, որի մասին հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

2. Մինչեւ Ազգային ժողովի նախագահի ընտրվելը նիստերը վարում է տարիքով ավագ պատգամավորը:

3. Առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Հանրապետության Նախագահը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

4. Ողջույնի ելույթներից հետո պատգամավորները երդվում են՝

«Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝

Երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար:»:

Ազգային ժողովի կազմը հետագայում համալրած պատգամավորներն Ազգային ժողովի նիստում ստորագրում են երդման տեքստի տակ:

Ազգային Ժողովի առաջին նիստին չմասնակցած, ինչպես նաեւ  Ազգային Ժողովի կազմը հետագայում համալրած պատգամավորները երդման արարողությունը կատարում են Ազգային Ժողովի առաջիկա նիստի սկզբում:

Ազգային Ժողովի պատգամավորները երդման արարողությունից անմիջապես հետո ստորագրում են երդման տեքստը:

5. Պատգամավորների երդումից հետո նիստը վարողը ներկայացնում է պատգամավորներին` կարդալով յուրաքանչյուրի անունը, ազգանունը, ընտրատարածքի համարը կամ կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը, որից հետո, սույն օրենքով սահմանված կարգով, կատարվում է պատգամավորների գրանցում:

6. Նիստը վարողը հայտարարում է առաջին նստաշրջանի օրակարգը՝

ա) հաշվիչ հանձնաժողովի ընտրություն.

բ) Ազգային ժողովի նախագահի ընտրություն.

գ) Ազգային ժողովի նախագահի տեղակալների ընտրություններ.

դ) մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ.

ե) մշտական հանձնաժողովների կազմավորում.

զ) Կառավարության գործունեության ծրագրի ներկայացում:

7. Մինչեւ օրակարգի «ա»-«ե» հարցերի սպառումը տեղի են ունենում ամենօրյա նիստեր, որոնք անցկացվում են ժամը 10-ից մինչեւ 18-ը՝ մեկուկես ժամ տեւողությամբ նիստերով: Յուրաքանչյուր նիստից հետո հայտարարվում է կես ժամ ընդմիջում: Երկրորդ ընդմիջման տեւողությունը մեկ ժամ է: Օրակարգի «զ» հարցի քննարկմանը նվիրված նիստի օրը հայտարարում է Ազգային ժողովի նախագահը, իսկ եթե նա չի ընտրվել՝ նիստը վարողը:

8. Առաջին նստաշրջանը փակվում է Ազգային ժողովի նախագահի եզրափակիչ ելույթով:

Հոդված 36. Հերթական նստաշրջանների գումարման կարգը

1. Ազգային ժողովի հերթական նստաշրջանները գումարվում են տարեկան երկու անգամ՝ սեպտեմբերի երկրորդ երեքշաբթի օրից մինչեւ դեկտեմբերի երկրորդ չորեքշաբթին եւ փետրվարի առաջին երեքշաբթի օրից մինչեւ հունիսի երկրորդ չորեքշաբթին: Հերթական նստաշրջանի երկօրյա նիստերը սկսվում են նստաշրջանի բացման օրը:

2. Հերթական նստաշրջաններն անցկացվում են յուրաքանչյուր  շաբաթը գումարվող երկօրյա նիստերի միջոցով, որոնք տեղի են ունենում ժամը 12-ից մինչեւ 18-ը՝ մեկուկես ժամ տեւողությամբ նիստերով: Յուրաքանչյուր նիստից հետո հայտարարվում է կես ժամ ընդմիջում: Նիստերի բոլոր օրերին առաջին ընդմիջման տեւողությունը մեկ ժամ է:

3. Երկօրյա նիստերի յուրաքանչյուր երեքշաբթի օրը՝ անկախ այդ օրվա նիստի կայացումից,  ժամը 17-ից, պատգամավորները, ըստ հերթագրման հաջորդականության, կարող են հանդես գալ մինչեւ 3 րոպե տեւողությամբ հայտարարություններով։Անհրաժեշտության դեպքում նիստը վարողը կարող է նիստը երկարաձգել մինչեւ 30 րոպեով: Նիստի տեսագրությունը հաջորդ օրը՝ ժամը 21.30-ին, ամբողջությամբ ցուցադրվում է Հանրային հեռուստաընկերությամբ:

 4. Հերթական նստաշրջանի երկօրյա նիստերի յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա վերջին նիստում, անկախ այդ օրվա նիստի կայացումից,  վարչապետը եւ Կառավարության անդամները, սույն օրենքի 106-րդ հոդվածով սահմանված կարգով, պատասխանում են պատգամավորների հարցերին: Նիստի տեսագրությունն ամբողջությամբ ցուցադրվում է Հանրային հեռուստաընկերությամբ նույն օրը` պատգամավորների հայտարարությունների հեռարձակումից անմիջապես հետո:

5. Հերթական նստաշրջանի յուրաքանչյուր ամսվա երկրորդ եւ չորրորդ շաբաթներին տեղի ունեցող երկօրյա նիստերի յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա առաջին եւ երկրորդ նիստերում, անկախ այդ օրվա նիստի կայացումից, Կառավարության կողմից լիազորված Կառավարության անդամները սույն օրենքի 107-րդ հոդվածով սահմանված կարգով, պատասխանում են խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի հարցապնդումներին: Նիստերի տեսագրությունն ամբողջությամբ ցուցադրվում է Հանրային հեռուստաընկերությամբ նույն օրը` պատգամավորների հարցերին, վարչապետի եւ Կառավարության անդամների պատասխանների նիստի հեռարձակումից անմիջապես հետո:

6. Եթե երկօրյա նիստի օրակարգում ընդգրկված բոլոր հարցերի քննարկումը եւ քվեարկությունները երկօրյա նիստերի համար սահմանված ժամկետից ավելի շուտ են ավարտվում, ապա երկօրյա նիստերն ավարտվում են օրակարգի վերջին հարցի քվեարկության ավարտից հետո: Անկախ երկօրյա նիստերի ավարտման ժամանակից, սույն հոդվածի 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերով սահմանված նիստերը կայանում են:

7. Օրենքով ոչ աշխատանքային հայտարարված օրերին հերթական նստաշրջանի նիստեր չեն անցկացվում: Այդ օրերը հանվում են սույն օրենքով սահմանված ժամկետների հաշվարկից, բացառությամբ Սահմանադրությամբ նախատեսված դեպքերի:

Հոդված 37. Հերթական նստաշրջանի օրակարգի նախագիծը

1. Հերթական նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվում են սահմանված կարգով շրջանառության մեջ դրված եւ հանձնաժողովներում քննարկաման ուղարկված հարցերը:

2. Հերթական նստաշրջանի օրակարգը, ինչպես նաեւ դրանում լրացումները կազմված են վեց մասից.

ա) հարցեր, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը ներկայացրել է դրական եզրակացություն,

բ) հարցեր, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը ներկայացրել է բացասական եզրակացություն,

գ) հարցեր, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն չի ներկայացրել,

դ) հարցեր, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը դիրքորոշում չի ձեւավորել,

ե) հարցեր, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը եզրակացություն չի ներկայացրել սույն օրենքով սահմանված ժամկետներում՝ քննարկում եւ/կամ քվեարկություն չանցկացնելու պատճառով,

զ) պարտադիր եւ ըստ անհրաժեշտության քննարկվող հարցեր:

3. Պարտադիր եւ ըստ անհրաժեշտության քննարկվող հարցերն են՝

ա) Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված քննարկման ժամկետ ունեցող հարցերը.

բ) Հանրապետության Նախագահի հրաժարականի մասին հարցը.

գ) Հանրապետության Նախագահի՝ իր լիազորությունների կատարման անհնարինության մասին հարցը.

դ) Հանրապետության Նախագահի առարկություններով եւ առաջարկություններով վերադարձված օրենքները քննարկելու մասին հարցերը.

ե) համաներում հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի առաջարկությունը.

զ) Ազգային ժողովի որոշմամբ քննարկման ժամկետ ունեցող հարցերը.

է) նախորդ հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերը.

ը) պատգամավորին ձեռբակալելու, որպես մեղադրյալ ներգրավելու, կալանավորելու, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին համաձայնություն տալու վերաբերյալ հարցը.

թ) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի վավերացման հարցերը.

ժ) Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների եւ մշտական հանձնաժողովների նախագահների թափուր պաշտոններում ընտրությունների անցկացման մասին հարցերը.

ժա) Սահմանադրության 83-83.4րդ հոդվածներով եւ օրենքով նախատեսված դեպքերում պաշտոններում ընտրությունների, նշանակումների մասին հարցերը:

4. Այն հարցերը, որոնց համար գլխադասային են նշանակվել երկու եւ ավելի հանձնաժողովներ, եւ եթե հանձնաժողովների դիրքորոշումները չեն համընկնում, ապա հարցը տեղ է գրավում սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված հաջորդականության այն կետում, որը հանձնաժողովների դիրքորոշումների մեջ ավելի բարձր տեղ է գրավում:

5. Այն հարցերը, որոնց համար գլխադասային են նշանակվել երկու եւ ավելի հանձնաժողով, եւ եթե հանձնաժողովներից առնվազն մեկը սահմանված ժամկետում չի քննարկել եւ/կամ չի քվեարկել այն, ապա դրանք, հերթական նստաշրջանի օրակարգում, տեղ են գրավում սույն հոդվածի 2-րդ մասի «ե» կետով նշված մասում:

Հոդված 38. Երկօրյա նիստերի օրակարգի նախագիծը

1. Երկօրյա նիստերի օրակարգի նախագծում կարող են ընդգրկվել միայն հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերը:

2. Երկօրյա նիստերի օրակարգի նախագիծը կազմված է վեց մասից.

ա) հարցեր, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը ներկայացրել է դրական եզրակացություն,

բ) հարցեր, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը ներկայացրել է բացասական եզրակացություն,

գ) հարցեր, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն չի ներկայացրել,

դ) հարցեր, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը դիրքորոշում չի ձեւավորել,

ե) հարցեր, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը եզրակացություն չի ներկայացրել սույն օրենքով սահմանված ժամկետներում՝ քննարկում եւ/կամ քվեարկություն չանցկացնելու պատճառով,

զ) պարտադիր եւ ըստ անհրաժեշտության քննարկվող հարցեր:

3. Երկօրյա նիստերի օրակարգում պարտադիր եւ ըստ անհրաժեշտության քննարկվող հարցերն են՝

ա) սույն օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասում թվարկված հարցերը.

բ) նախորդ երկօրյա նիստերում անավարտ մնացած հարցերը.

գ) նախորդ երկօրյա նիստերի օրակարգում ընդգրկված, սակայն չքննարկված հարցերը.

դ) օրենքի նախագծերը երրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերը.

ե) օրենքի նախագծերը երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերը.

զ) հերթական նստաշրջանի օրակարգից երկօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու ժամկետն սպառած հարցերը:

Հոդված 39. Հերթական նստաշրջանի եւ երկօրյա նիստերի օրակարգերի քննարկման կարգը

1. Հերթական նստաշրջանի առաջին նիստը սկսվում է նստաշրջանի եւ ընթացիկ երկօրյա նիստերի օրակարգերի ներկայացմամբ:

2.  Երկօրյա նիստերը սկսվում են հերթական նստաշրջանի եւ ընթացիկ երկօրյա նիստերի օրակարգերում լրացումների ներկայացմամբ:

3. Հերթական նստաշրջանի օրակարգը, դրանում կատարված լրացումները  եւ երկօրյա նիստերի օրակարգի նախագիծը ներկայացնելու համար Ազգային ժողովի նախագահին հատկացվում է 20 րոպե:

5. Հարցերը տրվում են սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով:

6. Մտքերի փոխանակությունը տեղի է ունենում սույն օրենքի 60-րդ հոդվածով սահմանված կարգով, հետեւյալ տարբերությամբ՝

ա) ելույթ ունեցողը, բացառությամբ օրակարգի նախագծում ընդգրկված հարցի մեկ հեղինակի, հանդես է գալիս խոսափողից՝ երկու րոպեի ընթացքում.

բ) խմբակցությունների, պատգամավորական խմբերի ներկայացուցիչներին ելույթի համար հատկացվում է մինչեւ հինգ րոպե:

Հերթական նստաշրջանի օրակարգը, դրանում լրացումների կատարումը եւ երկօրյա նիստերի օրակարգը ընդունվում են առանց քվեարկության:

9. Օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը երկօրյա նիստերի, հերթական նստաշրջանի օրակարգերից եւ շրջանառությունից կարող է հանվել հեղինակի (հեղինակների) գրավոր առաջարկությամբ կամ սույն օրենքով սահմանված այլ դեպքերում: Հեղինակը (հեղինակները) իրավունք ունի (ունեն) այդ առաջարկությունն անել Ազգային ժողովի նախագահին կամ նիստը վարողին ցանկացած ժամանակ, որն ընդունվում է անհապաղ:

10. Երկօրյա նիստերի առաջին նիստից առնվազն 2 ժամ առաջ Աշխատակազմն Ազգային ժողովի նիստերի դահլիճում պատգամավորներին է տրամադրում համապատասխան օրակարգերի, դրանցում լրացումներ կատարելու նախագծերը, ինչպես նաեւ դրանցում ընդգրկված հարցերի նախագծերը:

Եթե օրակարգի նախագծում ընդգրկված հարցի նախագիծը բացակայում է, ապա հարցն օրակարգ է մտնում հարցի նախագծի բացակայության վերաբերյալ ԱԺ աշխատակազմի եւ/կամ գլխադասային հանձնաժողովի, մինչեւ երեք րոպե տեւողությամբ, բացատրությունից հետո:

Հոդված 40. Արտահերթ նստաշրջանի գումարման կարգը

1. Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարում է Ազգային Ժողովի Նախագահը՝ Հանրապետության նախագահի, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ Կառավարության նախաձեռնությամբ:

Արտահերթ նստաշրջանն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում:

2. Հանրապետության նախագահի,  Կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նստաշրջան գումարվելու դեպքում այդ նստաշրջանի օրակարգը եւ դրանում ընդգրկված հարցերի նախագծերն ուղարկվում են Ազգային ժողովի նախագահին։

3. Արտահերթ նստաշրջան գումարելու մասին պատգամավորների նախաձեռնությունն իրականացվում է Աշխատակազմից ստացված ձեւաթուղթը սահմանված կարգով ստորագրելու եւ Ազգային ժողովի նախագահին ներկայացնելու միջոցով: Ձեւաթղթում նշվում են արտահերթ նստաշրջանի օրակարգը եւ անցկացման ժամկետը, ինչպես նաեւ կցվում են օրակարգային հարցերի նախագծերը: Ձեւաթուղթն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո փոփոխման ենթակա չէ: Եթե ստացման պահից 24 ժամվա ընթացքում անհրաժեշտ քանակի ստորագրություններով ձեւաթուղթը հանձնվում է Ազգային ժողովի նախագահին, ապա նա գումարում է արտահերթ նստաշրջան, իսկ օրակարգային հարցերի նախագծերն ուղարկում են Կառավարություն: Ձեւաթուղթը սահմանված ժամկետում Ազգային ժողովի նախագահին չներկայացվելու դեպքում համարվում է մարված:

4. Արտահերթ նստաշրջան չի կարող անցկացվել երկօրյա նիստերի համար նախատեսված օրերին:

5. Արտահերթ նստաշրջանը չի կարող տեւել երեք օրից ավելի եւ կարող է ընդհատվել երկօրյա նիստերով կամ նախաձեռնողի(ների) ներկայացուցչի առաջարկությամբ:Սահմանված ժամկետը լրանալու կամ օրակարգն սպառվելու դեպքում արտահերթ նստաշրջանը համարվում է փակված:

6. Արտահերթ նստաշրջանը, եթե Ազգային ժողովի որոշմամբ այլ բան նախատեսված չէ, անցկացվում է հետեւյալ ընթացակարգով՝

ա) նստաշրջանի յուրաքանչյուր օրը տեղի է ունենում մեկուկես ժամ տեւողությամբ  երեք նիստ.

բ) յուրաքանչյուր նիստից հետո հայտարարվում է կես ժամ ընդմիջում.

գ) առաջին ընդմիջման տեւողությունը մեկ ժամ է։

7. Սույն հոդվածի 6-րդ մասում նշված որոշման նախագիծը կարող է ներկայացվել նիստը վարողին արտահերթ նստաշրջանը նախաձեռնողի(ների) ներկայացուցչի(այսուհետ ներկայացուցիչ) կողմից, եւ այն դրվում է քվեարկության ՝ առանց քննարկման:

8. Արտահերթ նստաշրջանում չեն կարող քննարկվել սույն օրենքով սահմանված կարգով գլխադասային հանձնաժողովներում չքննարկված եւ չքվեարկված  հարցերի նախագծերը:

Հոդված 41. Արտահերթ նստաշրջանում հարցերի քննարկման կարգը

1. Օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծն արտահերթ նստաշրջանի օրակարգերից կարող է հանվել հեղինակի (հիմնական զեկուցողի) առաջարկությամբ: Հեղինակը (հիմնական զեկուցողը) իրավունք ունի այդ առաջարկությունն անել ցանկացած ժամանակ, որն ընդունվում է առանց քվեարկության:

2. Եթե արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված են միեւնույն հարցը մի քանի ընթերցմամբ քննարկելու մասին հարցեր, ապա մինչեւ դրանց քննարկումն սկսվելն Ազգային ժողովում քննարկվում է այդ հարցերից յուրաքանչյուրի քննարկման հատուկ ընթացակարգի մասին նախաձեռնողի(ների) կողմից ներկայացված Ազգային ժողովի որոշման նախագծերը:

Հատուկ ընթացակարգի նախագիծը ներկայացնում է նախաձեռնողի(ների) ներկայացուցիչը:

Նախագծի քննարկումից հետո եզրափակիչ ելույթում զեկուցողը կարող է առաջարկել.

ա) որոշման նախագիծն ընդունել առանց փոփոխության,

բ) որոշման նախագիծն ընդունել իր համար ընդունելի  առաջարկներին համապատասխան:

Քվեարկությամբ որոշումը չընդունվելու դեպքում, ներկայացուցչի առաջարկով քվեարկության են դրվում քննարկման ընթացքում առաջարկված, բայց իր կողմից ընդունելի չհամարված առաջարկները: Այդ առաջարկների քվեարկությունից հետո, լիազորված անձի առաջարկով քվեարկությունը հետաձգվում է մինչեւ 20 րոպե՝ որոշման նախագիծը՝ քվեարկությամբ անցած առաջարկությունների համաձայն համապատասխանեցնելու նպատակով:

Եթե քվեարկության արդունքով որոշման համապատասխանեցված նախագիծը չի ընդունվում, ապա առանց քվեարկության ընդունված է համարվում նախաձեռնողի(ների) կողից ներկայացված որոշման նախագիծը:

3.Հատուկ ընթացակարգում պարտադիր ներառվում են ընթերցումների միջեւ ընկած ժամանակահատվածում պատգամավորների կողմից առաջարկությունների ներկայացման ժամկետների եւ գլխադասային հանձնաժողովներում հերթական ընթերցումների քննարկման կարգի մասին դրույթներ:

Հոդված 42. Արտահերթ նիստի գումարման կարգը

1. Արտահերթ նիստ գումարում է Ազգային ժողովի նախագահը` Հանրապետության նախագահի, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ Կառավարության նախաձեռնությամբ:

Արտահերթ նիստը անցկացվում է նախաձեռնող(ների) սահմանած օրակարգով եւ ժամկետում:

2. Արտահերթ նիստ գումարելու մասին Հանրապետության նախագահի,  Կառավարության նախաձեռնությունը ներառում է արտահերթ նիստի օրակարգը, անցկացման ժամկետը եւ օրակարգային հարցերի նախագծերը:

3. Արտահերթ նիստ գումարելու մասին պատգամավորների նախաձեռնությունն իրականացվում է Աշխատակազմից ստացված ձեւաթուղթը սահմանված կարգով ստորագրելու եւ Ազգային ժողովի նախագահին ներկայացնելու միջոցով: Ձեւաթղթում նշվում է արտահերթ նիստի նախատեսվող օրակարգը եւ անցկացման ժամկետը, ինչպես նաեւ կցվում են օրակարգային հարցերի նախագծերը: Ձեւաթուղթն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո փոփոխման ենթակա չէ: Եթե ստացման պահից 24 ժամվա ընթացքում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի ստորագրություններով ձեւաթուղթը հանձնվում է Ազգային ժողովի նախագահին, ապա նա գումարում է արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում, միաժամանակ օրակարգային հարցերի նախագծերն ուղարկելով Կառավարություն: Ձեւաթուղթը սահմանված ժամկետում Ազգային ժողովի նախագահին չներկայացվելու դեպքում համարվում է մարված:

4. Արտահերթ նիստում չեն կարող քննարկվել սույն օրենքով սահմանված կարգով գլխադասային հանձնաժողովներում չքննարկաված եւ չքվեարկված հարցերի նախագծերը:

5. Արտահերթ նիստն անցկացվում է հերթական նստաշրջանի ընթացքում: Երկօրյա նիստերի օրը արտահերթ նիստ կարող է գումարվել ժամը 18.30-ից մինչեւ 24-ը։ Օրակարգային հարցերի քննարկումն ավարտվելուց հետո արտահերթ նիստը համարվում է փակված:

6. Արտահերթ նիստը, եթե Ազգային ժողովի որոշմամբ այլ բան նախատեսված չէ, անցկացվում է հետեւյալ ընթացակարգով՝

ա) նիստի յուրաքանչյուր օրը տեղի է ունենում մեկուկես ժամ տեւողությամբ երեք, իսկ երկօրյա նիստերի օրերին՝ երկու նիստ.

բ) յուրաքանչյուր նիստից հետո հայտարարվում է կես ժամ ընդմիջում.

գ) երկրորդ ընդմիջման տեւողությունը մեկ ժամ է, բացառությամբ երկօրյա նիստերի օրը։

7. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված որոշման նախագիծը կարող է ներկայացվել նիստը վարողին արտահերթ նիստը նախաձեռնողի(ների) ներկայացուցչի կողմից, եւ այն դրվում է քվեարկության՝ առանց քննարկման:

8. Օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը արտահերթ նիստի օրակարգերից կարող է հանվել հեղինակի (հիմնական զեկուցողի) առաջարկությամբ: Հեղինակը (հիմնական զեկուցողը) իրավունք ունի այդ առաջարկությունն անել ցանկացած ժամանակ, որն ընդունվում է առանց քվեարկության:

9. Եթե արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված են միեւնույն հարցը մի քանի ընթերցմամբ քննարկելու մասին հարցեր, ապա մինչեւ դրանց քննարկումն սկսվելը Ազգային ժողովում քննարկվում է հատուկ ընթացակարգի մասին նախաձեռնողի(ների) կողմից ներկայացված Ազգային ժողովի որոշման նախագծերը՝ սույն օրենքի հոդված 41-ի 2-րդ կետով սահմանված կարգով ։

10.Հատուկ ընթացակարգում պարտադիր նշվում են ընթերցումների միջեւ ընկած ժամանակահատվածում պատգամավորների կողմից առաջարկությունների ներկայացման ժամկետների եւ գլխադասային հանձնաժողովներում հերթական ընթերցումների քննարկման կարգի մասին դրույթներ:

Հոդված 43. Հատուկ նիստերը

1. Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի հրամանագրի հրապարակվելուց հետո իրավունքի ուժով անհապաղ գումարվում է հատուկ նիստ:

2. Հատուկ նիստի օրակարգում առանց քվեարկության ընդգրկվում եւ քննարկվում են պատերազմ հայտարարելու մասին որոշման նախագիծը,ինչպես նաեւ  ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի հրամանագիրը:

Հոդված 44. Դռնբաց եւ դռնփակ նիստերը

1. Ազգային ժողովի նիստերը դռնբաց են:

2. Դռնփակ նիստ կարող է գումարվել Ազգային ժողովի որոշմամբ:

3. Դռնփակ նիստի բովանդակության մասին պաշտոնական հաղորդագրությունից բացի, այլ տեղեկությունների տարածումը հետապնդվում է օրենքով:

4. Դռնփակ նիստում քվեարկությունն արգելվում է։

5. Դռնփակ նիստի ընթացքում արգելվում է դահլիճ բերել եւ օգտագործել ֆոտոտեխնիկա, կինոտեխնիկա եւ տեսատեխնիկա, ռադիոկապի եւ հեռախոսակապի, ինչպես նաեւ ձայնագրման եւ տեղեկատվության մշակման միջոցներ, բացառությամբ դահլիճում տեղադրված հեռախոսի:

6. Դռնփակ նիստի սղագրությունը պահվում է գաղտնի փաստաթղթերի պահպանման ռեժիմով:

7. Դռնփակ նիստում, բացի պատգամավորներից, իրավունք ունեն ներկա գտնվել Հանրապետության Նախագահը( նրա լիազորած ներկայացուցիչը,), վարչապետը (նրա լիազորած ներկայացուցիչը,), սահմանադրական դատարանի նախագահը, Կառավարության անդամները, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը (այսուհետ՝ Գլխավոր դատախազ), Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) նախագահը, Վերահսկիչ պալատի նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը Աշխատակազմի ղեկավարը եւ նրա կողմից սահմանված ցանկով նիստի սպասարկումն ապահովող աշխատակիցները, ինչպես նաեւ նիստը վարողի հրավիրած անձինք:

8. Դռնբաց նիստում, բացի սույն հոդվածի 7-րդ մասում նշված անձանցից, կարող են ներկա գտնվել նաեւ Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, Ազգային ժողովի նախագահի եւ նրա տեղակալների խորհրդականներն ու օգնականները, մշտական հանձնաժողովների, խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի մասնագետները (փորձագետները), Ազգային ժողովում հավատարմագրված անձինք, պատգամավորի օգնականը, Աշխատակազմի ղեկավարի սահմանած ցանկով նիստի լուսաբանումն ապահովող աշխատակիցները, ինչպես նաեւ նիստը վարողի եւ քննարկվող հարցի գլխադասային հանձնաժողովի հրավիրած անձինք:

9. Հանրապետության Նախագահի, նրա լիազորած ներկայացուցչի, վարչապետի, սահմանադրական դատարանի նախագահի, Կառավարության անդամների, Վերահսկիչ պալատի նախագահի, Կենտրոնական բարնի նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի եւ հրավիրված անձանց համար Ազգային ժողովի նիստերի դահլիճում առանձնացվում են հատուկ տեղեր:

10. Նիստի ժամանակ դահլիճում կարող են բաժանվել միայն օրակարգում ընդգրկված հարցերի նախագծերը եւ դրանց հետ ներկայացված փաստաթղթերը:

11. Նիստի ժամանակ դահլիճում արգելվում է բջջային եւ կապի այլ միջոցների օգտագործումը, բացառությամբ դահլիճում տեղադրված հեռախոսի:

Հոդված 45. Ազգային ժողովի նիստում պատգամավորների գրանցումը

1. Օրվա առաջին եւ  արտահերթ նիստերն բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասի «ա» մասում նշվածից սկսվում են պատգամավորների գրանցումով՝ նիստը վարողի հայտարարությամբ: Չգրանցված պատգամավորը գրանցվում է իր խնդրանքով՝ այդ մասին հայտարարելով խոսափողից:

2. Պատգամավորը գրանցվում է անձամբ:

3. Պատգամավորների գրանցումը կատարվում է էլեկտրոնային համակարգով՝ 10 վայրկյանի ընթացքում: Համակարգը չգործելու դեպքում գրանցումը կատարում է հաշվիչ հանձնաժողովը:

4. Նիստն իրավազոր է, եթե դրան ներկա է (սահմանված կարգով գրանցվել է) պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին (քվորումն ապահովված է):

5. Գրանցված պատգամավորների թիվը մշտապես ցուցադրվում է լուսատախտակի վրա:

6. Նիստից հարգելի բացակա եւ չգրանցված պատգամավորների ,լուսատախտակի վրա առանձնացված տեղերը, համապատասխանաբար նշվում են «0» եւ «X» նշաններով:

7. Եթե նիստն իրավազոր չէ, ապա գրանցումը շարունակվում է մինչեւ քվորում ապահովելը, բայց ոչ ավելի, քան 3 ժամ: Նշված ժամկետում քվորումի՝

ա) ապահովման դեպքում նիստը վարողը պատգամավորներին տեղեկացնում է նիստն սկսվելու մասին.

բ) չապահովման դեպքում տվյալ օրվա նիստերը համարվում են չկայացած, բացառությամբ սույն օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերում նշված նիստերի:

Հոդված 46. Ազգային ժողովի նիստի վարման կարգը

1. Նիստը վարողը՝

ա) բացում, ընդհատում եւ փակում է նիստը.

բ) երկօրյա նիստում քննարկումները սկսելուց առաջ հայտարարում է օրակարգում ընդգրկված բոլոր հարցերի քննարկման հաջորդականությունը.

գ) ձայն է տալիս եւ ավելացնում ելույթի ժամանակը.

դ) կազմակերպում է պատգամավորների գրանցումը, հերթագրումը, քվեարկության անցկացումը եւ դրանց արդյունքների հրապարակումը.

ե) համակարգում է Աշխատակազմի նիստն սպասարկող աշխատակիցների աշխատանքը.

զ) կարգազանց պատգամավորի նկատմամբ ձեռնարկում է սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված միջոցները.

է) կարող է ընդմիջել ելույթները՝ նիստի բնականոն ընթացքը վերականգնելու նպատակով.

ը) նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող  կարգազանց անձանց հեռացնում է նիստերի դահլիճից.

թ) հնչեցնում է նիստի սղագրության տեքստից պատգամավորների կողմից նիստի ընթացքում արված վիրավորական եւ/կամ անպատշաճ արտահայտությունները հանելու իր մտադրության մասին: Եթե պատգամավորը չի առարկում, ապա դրանք սղագրությունից հանվում են.

ժ) իրականացնում է սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:

2. Կարգազանց են համարվում այն պատգամավորները կամ Ազգային ժողովի նիստում ներկա անձինք, ովքեր նիստի ընթացքում աղմկում են, վիրավորական արտահայտություններ են անում, չեն կատարում Ազգային ժողովի նիստը վարողի` սույն օրենքից բխող պահանջները  եւ կատարում են սույն օրենքով սահմանված կարգը խախտող այլ գործողություններ:

3. Կարգազանց պատգամավորի նկատմամբ նիստը վարողը ձեռնարկում է հետեւյալ կարգապահական միջոցները՝

ա) զգուշացում՝ անունը, ազգանունը հրապարակելով.

բ ) խոսափողի անջատում.

գ) մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում.

դ) հեռացում` մինչեւ տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից (դահլիճում ներկա լինելուց).

ե) զրկում` մինչեւ երեք օր Ազգային ժողովի նստավայր (Բաղրամյան 19) մտնելու իրավունքից, բացառությամբ այն օրերի, երբ նիստեր չեն գումարվում:

Սույն մասով սահմանված կարգապահական միջոցները, որպես կանոն, նիստը վարողը կիրառում է մեղմից դեպի խիստը:

Սույն մասի «ե» կետով սահմանված կարգապահական միջոցը կարող է կիրառվել, եթե պատգամավորի նկատմամբ կիրառվել է սույն մասի «դ» կետով սահմանված կարգապահական միջոցը, եւ պատգամավորն ինքնակամ դա չի կատարել:

Պատգամավորի կողմից սույն մասի «ե» կետով սահմանված կարգապահական միջոցին չենթարկվելու դեպքում նիստը վարողը հանձնարարում է Ազգային ժողովի անվտանգությունն ապահովող մարմիններին իրականացնել այն:

4. Եթե նիստում անկարգություն է առաջանում, եւ նիստը վարողն ի վիճակի չէ վերականգնել նիստի բնականոն ընթացքը, ապա նա կարող է մինչեւ կես ժամով ընդհատել նիստը:

5. Եթե նիստի վերսկսվելուց հետո անկարգությունը շարունակվում է, ապա նիստը վարողը հայտարարում է այն փակված:

6. Հարցի քննարկումը սկսվում է վարողի կողմից հարցի անվանումը, հաշվառման համարը, զեկուցողների անուն, ազգանունները եւ քննարկման ընթացակարգը ներկայացնելով:

Հոդված 47. Ազգային ժողովի նիստերի սղագրումը

1. Ազգային ժողովի նիստի սղագրությունն ապահովում է Աշխատակազմը:

2.  Նիստերի սղագրությունը (բացառությամբ դռնփակ նիստերի) տեղադրվում է Ազգային Ժողովի էլեկտրոնային կայքում եւ կարող է հրատարակվել:

3. Երկօրյա նիստերի, արտահերթ նստաշրջանի եւ արտահերթ նիստի ավարտից հետո՝ տասն օրվա ընթացքում, այդ նիստերի սղագրությունները եւ ձայնագրություններն ուղարկվում են Ազգային ժողովի գրադարան, իսկ 30 օր հետո տեղափոխվում են Ազգային ժողովի արխիվ:

4. Ազգային ժողովի նիստում յուրաքանչյուր ելույթ ունեցող իրավունք ունի 30 օրվա ընթացքում ծանոթանալ իր ելույթի սղագրությանը եւ ստուգել դրա ճշտությունը՝ նիստի ձայնագրության հետ համեմատելով:

5. Ելույթ ունեցողի կողմից իր ելույթի սղագրության մեջ հայտնաբերված անճշտությունները կարող են ուղղվել միայն Ազգային ժողովի նախագահի թույլտվությամբ:
 

ԳԼՈՒԽ VI

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 48. Օրենսդրական նախաձեռնության իրավունքը

1. Սահմանադրության 75-րդ հոդվածին համապատասխան՝ Ազգային ժողովում օրենսդրական նախաձեռնության իրավունքը պատկանում է պատգամավորներին եւ Կառավարությանը:

2. Օրենսդրական նախաձեռնության իրավունքն իրականացվում է Ազգային ժողովի քննարկմանն օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի առաջադրմամբ:

3. Օրենքի նախագծերի փաթեթը ներառում է՝

ա) առաջադրվող օրենքի նախագիծը.

բ) օրենքի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ օրենքների նախագծեր:

4 Օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթին կից ներկայացվում են՝ օրենքի ընդունման հիմնավորումը, իսկ նախագծերի փաթեթի առաջադրման դեպքում՝ օրենքի ընդունման առընչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության հիմնավորումը:

5. Օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին կցվում է տեղեկանք, որտեղ ներկայացվում է գործող օրենքի փոփոխվող հոդվածը:

6. Չի թույլատրվում օրենքի նախագծում ընդգրկել տարբեր օրենքներում փոփոխություն կամ լրացում կատարելու մասին դրույթներ:

Հոդված 49. Ազգային ժողովի որոշման նախագծի ներկայացման իրավունքը

Սահմանադրությամբ եւ (կամ) սույն օրենքով նախատեսված դեպքերում Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի պատգամավորը:

Հոդված 50. Ազգային Ժողովի ուղերձների եւ հայտարարությունների նախագծերի ներկայացման իրավունքը

Ազգային Ժողովի ուղերձի եւ հայտարարության նախագիծ ներկայացնելու իրավունք ունեն Ազգային Ժողովի նախագահը, պատգամավորները, հանձնաժողովները, խմբակցությունները, պատգամավորական խմբերը, բարեկամական խմբերը:

Հոդված 51. Ազգային ժողովի գործունեության կազմակերպման վերաբերյալ որոշումները

Իր գործունեության կազմակերպման հարցերով Ազգային ժողովը կարող է սույն օրենքով նախատեսված դեպքերում ընդունել հետեւյալ որոշումները՝

ա) արտահերթ նստաշրջանի, նիստի ընթացակարգերը հաստատելու մասին.

բ) հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին.

գ) հրավիրված անձանց ելույթ ունենալու թույլտվության մասին.

դ) Հանրային հեռուստառադիոընկերությամբ Ազգային ժողովի նիստի՝ ուղիղ եթերով կամ տեսագրությամբ (ձայնագրությամբ) հեռարձակելու մասին.

ե) Ազգային ժողովի նիստի անցկացման վայրը փոխելու մասին.

զ) Ազգային ժողովի դռնփակ նիստ անցկացնելու մասին.

է) հարցի քննարկումը մինչեւ մեկ ժամով ընդմիջելու մասին.

ը) հարցի քվեարկությունը կրկնելու մասին.

թ) օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը երկու ընթերցմամբ քննարկելու մասին:

Հոդված 52. Օրենքի նախագծի առաջադրման կարգը

1. Օրենքի նախագիծը համարվում է Ազգային ժողովում առաջադրված, եթե այն, սույն օրենքի 48-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, պաշտոնապես, ինչպես նաեւ էլեկտրոնային կրիչի վրա կամ էլեկտրոնային փոստով ներկայացվել է Ազգային ժողովի նախագահին:

2. Եթե օրենքի նախագիծն առաջադրել են մի քանի պատգամավորներ, ապա Ազգային ժողովում քննարկումների ընթացքում որպես հեղինակ (հիմնական զեկուցող) հանդես է գալիս նրանցից մեկը (հիմնական զեկուցողի մասին նշվում է առաջադրման գրությունում): Հեղինակի (հիմնական զեկուցողի) պատգամավորական լիազորությունները դադարելու դեպքում Ազգային ժողովում տվյալ օրենքի նախագծի հետագա քննարկումների ընթացքը որոշվում է սույն օրենքի 55-րդ հոդվածի 2-6-րդ մասերով սահմանված կարգով:

Օրենքի նախագծի հեղինակներից յուրաքանչյուրը օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելուց հետո եւ նրա քննարկման ցանկացած փուլում կարող է դուրս գալ հեղինակների կազմից՝ այդ մասին գրավոր տեղյակ պահելով Ազգային ժողովի նախագահին, որն այդ մասին հայտարարում է Ազգային Ժողովի առաջիկա նիստում:

3. Կառավարությունն օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթն առաջադրում է իր որոշմամբ, որը ներառում է՝

ա) սույն օրենքի 48-րդ հոդվածում նշված փաստաթղթերը.

բ) որպես հիմնական զեկուցող հանդես եկող Կառավարության լիազոր ներկայացուցչի անունը, ազգանունը.

գ) անհրաժեշտության դեպքում՝ պետության եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Կառավարության եզրակացությունը:

Հոդված 53. Օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելու կարգը

1. Ազգային ժողովի նախագահն առաջադրված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը երկօրյա ժամկետում դնում է շրջանառության մեջ, այն ուղարկելով՝

ա) Կառավարություն (եթե հեղինակը պատգամավոր է)՝ վարչապետի անունով, եւ Աշխատակազմ, որոնք 20-օրյա ժամկետում Ազգային ժողովի նախագահին են ներկայացնում իրենց եզրակացություններն առաջադրված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ.

բ) հանձնաժողովներ՝ դրանց կազմից նշանակելով գլխադասայինին, որը 30 օրվա ընթացքում, սակայն ոչ շուտ, քան Կառավարության եւ Աշխատակազմի եզրակացություններն ստանալը կամ դրանց ստացման ժամկետի սպառվելը, ներկայացնում է իր եզրակացությունը հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկվող օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ` հանձնաժողովի նիստի արձանագրությունից համապատասխան քաղվածքն ուղարկելով Ազգային ժողովի նախագահին.

գ) խմբակցություններ եւ պատգամավորական խմբեր:

2. Եթե սույն հոդվածի 1-ին մասի «բ» կետում սահմանված ժամկետը լրանում է մինչեւ երկօրյա նիստերի երեքշաբթի օրը, ապա այդ ժամկետը համարվում է սպառված առաջիկա երկօրյա նիստերի առաջին նիստից 2 ժամ առաջ:

3. Շրջանառության մեջ դրված օրենքի նախագիծը համարակալվում է՝ Ազգային Ժողովի Նախագահի կողմից հաստատված կարգով:

4. Աշխատակազմի եզրակացությունում բացի սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետում նշված եզրակացությունից նշվում են նաեւ օրենքի նախագիծը սույն օրենքի 48-րդ հոդվածի պահանջներին համապատասխանելու վերաբերյալ փորձաքննության արդյունքները, որը ներառում է այդ նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ օրենքների եւ Ազգային ժողովի որոշումների նախագծերի ցանկը կամ այդպիսի օրենքների, Ազգային ժողովի որոշումների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք:

5. Կառավարությունը պարտադիր ներկայացնում է իր եզրակացությունը, այն դեպքում, երբ օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը կարող է հանգեցնել  պետության եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման:

6. Եթե սահմանված ժամկետում Կառավարությունը եզրակացություն չի ներկայացնում պատգամավորի առաջադրած օրենքի նախագծի վերաբերյալ, ապա համարվում է, որ այն չի նվազեցնում պետության եկամուտները կամ ավելացնում ծախսերը։                                                                                                  Այլ դեպքերում Կառավարությունը դա կատարում է իր հայեցողությամբ, միաժամանակ լիազորելով այն պաշտոնատար անձին, որը կարծիքն անձամբ պետք է ներկայացնի՝ ինչպես գլխադասային հանձնաժողովի, այնպես էլ Ազգային Ժողովի նիստերում:

7. Ազգային ժողովի նախագահը Կառավարության եւ Աշխատակազմի եզրակացություններն ստանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, ուղարկում է գլխադասային հանձնաժողով (հանձնաժողովներ), հեղինակին (հիմնական զեկուցողին), խմբակցություններ եւ պատգամավորական խմբեր:

8. Կառավարության կողմից անհետաձգելի համարվող օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկվում եւ քվեարկվում է Ազգային ժողովի նախագահի հաստատած ժամանակացույցի համաձայն, որտեղ սահմանվում են դրա վերաբերյալ եզրակացությունների պատգամավորների առաջարկությունների ներկայացման եւ Ազգային ժողովում դրա քննարկման ժամկետները՝ հետեւյալ համամասնություններով.

ա) Աշխատակազմը եզրակացություն է տալիս ոչ ավելի քան 5 օրվա ընթացքում.

բ) գլխադասային հանձնաժողովը(ները) եզրակացություն է(են) տալիս ոչ ավելի քան 10 օրվա ընթացքում, բայց ոչ ավելի շուտ, քան Աշխատակազմի եզրակացությունը ստանալուց հետո.

գ) հարցն առաջին ընթերցմամբ քննարկվում է հանձնաժողովի(ների) եզրակացությունները ստանալուն հաջորդող երկօրյա նիստում.

դ) առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո պատգամավորներին առաջարկությունների համար տրվում է ոչ ավելի քան 7 օր.

ե) նախաագիծը 2-րդ, իսկ անհրաժեշտության դեպքում 3-րդ ընթերցումամբ քննարկվում է դրանք հանձնաժողովներում քննարկվելուց հետո՝ առաջիկա երկօրյա նիստում:

9. Երկօրյա նիստերի օրակարգում ընդգրկվող օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը եզրակացություն է ներկայացնում երկօրյա նիստերի առաջին նիստից առնվազն 2 ժամ առաջ՝ միաժամանակ որոշելով օրենքի նախագծի այլընտրանքային համարելու հարցը: Հանձնաժողովի նիստի համապատասխան արձանագրությունից քաղվածքն ուղարկվում է Ազգային ժողովի նախագահին:

10. Օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը երկօրյա նիստերի օրակարգ է ընդգրկվում սույն օրենքի 56-րդ հոդվածով սահմանված կարգով:

 11. Օրենքի (որոշման) նախագիծը կամ նախագծերի փաթեթը շրջանառության մեջ դնելուց հետո եւ մինչեւ այն առաջին ընթերցմամբ ընդունելը փոփոխման ենթակա չէ:

Փոփոխման անհրաժեշտության դեպքում հեղինակը (հիմնական) զեկուցողը դրանք հանում է շրջանառությունից եւ սույն օրենքի 48-րդ հոդվածով նշված կարգով առաջադրում է նոր փոփոխված տարբերակը:

Հոդված 54. Ազգային ժողովի որոշման նախագծի ներկայացման եւ շրջանառության մեջ դնելու կարգը

1. Ազգային ժողովի որոշման նախագծի (այդ թվում Ազգային Ժողովի ուղերձի եւ հայտարարության) գրավոր տեքստը պաշտոնապես ներկայացվում է Ազգային ժողովի նախագահին կամ սույն օրենքով սահմանված դեպքերում՝ նիստը վարողին:

2. Եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ, ապա Ազգային ժողովի նախագահը ներկայացված նախագիծը երկօրյա ժամկետում դնում է շրջանառության մեջ՝ այն ուղարկելով՝

ա) Աշխատակազմ, որը 20-օրյա ժամկետում Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում իր եզրակացությունը նախագծի վերաբերյալ.

բ) հանձնաժողովներ՝ դրանց կազմից նշանակելով գլխադասայինին, որը 30 օրվա ընթացքում, սակայն ոչ շուտ, քան Աշխատակազմի եզրակացությունն ստանալը կամ դրա ստացման ժամկետն սպառվելը, ներկայացնում է իր եզրակացությունը հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկվող նախագծի վերաբերյալ՝ հանձնաժողովի նիստի արձանագրությունից համապատասխան քաղվածքն ուղարկելով Ազգային ժողովի նախագահին.

գ) խմբակցություններ եւ պատգամավորական խմբեր:

3 . Եթե սույն հոդվածի 2-րդ մասում սահմանված ժամկետը լրանում է մինչեւ երկօրյա նիստերի երեքշաբթի օրը, ապա այդ ժամկետը համարվում է սպառված առաջիկա երկօրյա նիստերի առաջին նիստից 2 ժամ առաջ:

4. Երկօրյա նիստերի օրակարգում ընդգրկվող Ազգային ժողովի որոշման նախագծի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը եզրակացություն է ներկայացնում երկօրյա նիստերի առաջին նիստից առնվազն 2 ժամ առաջ` հանձնաժողովի նիստի արձանագրությունից քաղվածքն ուղարկելով Ազգային ժողովի նախագահին։

5. Ազգային ժողովի որոշման նախագիծը նստաշրջանի կամ երկօրյա նիստերի օրակարգ է ընդգրկվում սույն օրենքի 56-րդ հոդվածով սահմանված կարգով:

6. Պատգամավորների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ ներկայացված Ազգային ժողովի որոշման նախագիծն ընդգրկվում է առաջիկա երկօրյա նիստերի օրակարգերում եւ քննարկվում արտահերթ։

7. Սույն հոդվածի 6-րդ մասում նշված նախաձեռնությունն իրականացվում է Աշխատակազմից ստացված ձեւաթուղթը սահմանված կարգով ստորագրելու եւ Ազգային ժողովի նախագահին ներկայացնելու միջոցով: Ձեւաթղթին կցվում է Ազգային ժողովի համապատասխան որոշման նախագիծը։ Ձեւաթուղթն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո փոփոխման ենթակա չէ: Եթե ստացման պահից 24 ժամվա ընթացքում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի ստորագրություններով ձեւաթուղթը հանձնվում է Ազգային ժողովի նախագահին, ապա Ազգային ժողովի համապատասխան որոշման նախագիծն ընդգրկվում է հերթական նստաշրջանի եւ առաջիկա երկօրյա նիստերի օրակարգերում եւ քննարկվում արտահերթ։ Ձեւաթուղթը սահմանված ժամկետում Ազգային ժողովի նախագահին չներկայացվելու դեպքում համարվում է մարված:

8. Ազգային Ժողովի ուղերձի եւ հայտարարության որոշման նախագիծը առանց քվեարկության ընդգրկվում է առաջիկա երկօրյա նիստերի օրակարգում եւ քննարկվում է արտահերթ:

Հոդված 55. Նախորդ գումարման Ազգային ժողովում քննարկված եւ անավարտ մնացած օրենքի նախագծերը

1. Աշխատակազմը, առաջին նստաշրջանի ավարտից հետո՝ 7-օրյա ժամկետում, Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում նախորդ գումարման Ազգային ժողովում քննարկված առաջին եւ երկրորդ ընթերցմամբ ընդունված օրենքների նախագծերը՝ կից տեղեկանքում նշելով դրանց հեղինակներին եւ գլխադասային հանձնաժողովները:

2. Ազգային ժողովի նախագահը վերոհիշյալ օրենքների նախագծերը երկօրյա ժամկետում ուղարկում է Կառավարություն եւ համապատասխան հանձնաժողովներ: Հանձնաժողովները եւ Կառավարությունը 20-օրյա ժամկետում քննարկում եւ Ազգային ժողովի նախագահին են ներկայացնում իրենց եզրակացությունները՝ վերոհիշյալ օրենքների նախագծերը հերթական ընթերցմամբ քննարկելու նպատակահարմարության մասին:

3. Աշխատակազմը, Ազգային ժողովի նախագահի հանձնարարությամբ, եզրակացությունների ստացման պահից 7-օրյա ժամկետում ապահովում է դրանց եւ համապատասխան օրենքների նախագծերի տրամադրումը պատգամավորներին:

4. Եթե օրենքի նախագծի հեղինակը Կառավարությունն է կամ նոր գումարման Ազգային ժողովում վերընտրված պատգամավոր, եւ եթե առկա է սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով եւ հանձնաժողովների եւ կառավարության կողմից ներկայացված դրական եզրակացությունները ապա հեղինակի կողմից առաջին նստաշրջանի ավարտից հետո` 60-օրյա ժամկետում ներկայացվելու դեպքում տվյալ օրենքի նախագիծը, սույն օրենքի 56-րդ հոդվածով սահմանված կարգով, ընդգրկվում է երկօրյա նիստերի օրակարգում՝ հերթական ընթերցմամբ քննարկվելու համար:

5. Եթե օրենքի նախագծի հեղինակը եղել է նախորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, ապա նորընտիր որեւէ պատգամավորի կողմից առաջին նստաշրջանի ավարտից հետո` 60-օրյա ժամկետում, որպես հեղինակ հանդես գալու ցանկության դեպքում տվյալ օրենքի նախագիծը, սույն օրենքի 56-րդ հոդվածով սահմանված կարգով, ընդգրկվում է երկօրյա նիստերի օրակարգում՝ հերթական ընթերցմամբ քննարկվելու համար:

6. Նախորդ գումարման Ազգային ժողովում ընդունված եւ Հանրապետության Նախագահի վերադարձրած օրենքը նորընտիր Ազգային ժողովում քննարկվում է սույն օրենքի 74-րդ հոդվածով սահմանված կարգով՝ Ազգային ժողովի նախագահի կողմից նշանակված գլխադասային հանձնաժողովի ներկայացմամբ:

Հոդված 56. Հերթական նստաշրջանի եւ երկօրյա նիստերի օրակարգերում նախագծերի ընդգրկման ժամկետները

1. Եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ, ապա օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը հերթական նստաշրջանի օրակարգի նախագիծ է ընդգրկվում գլխադասային հանձնաժողովի (բոլոր գլխադասային հանձնաժողովների) եզրակացությամբ, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում՝ առանց այդ եզրակացությունների, սակայն ոչ ուշ, քան շրջանառության մեջ դրվելուց հետո 30-օրյա, իսկ Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաեւ հանրաքվեի դրվելիք օրենքների նախագծերը՝ 40-օրյա ժամկետում։

2. Եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը երկօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվում է գլխադասային հանձնաժողովի (բոլոր գլխադասային հանձնաժողովների) եզրակացությամբ, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում՝ առանց այդ եզրակացությունների, սակայն ոչ ուշ, քան հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկվելուց 30-օր հետո, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ, կամ Ազգային ժողովի որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ:

3. Եթե սույն հոդածի 1-ին եւ 2-րդ մասերում սահմանված ժամկետները լրանում են մինչեւ երկօրյա նիստերի երեքշաբթի օրը, ապա համապատասխան ժամկետը համարվում է սպառված առաջիկա երկօրյա նիստերի առաջին նիստից 2 ժամ առաջ:

4. Եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ, ապա  օրենքի (որոշման) նախագիծը կամ նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ  քննարկվում է ոչ ուշ, քան  երկօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելուց հետո՝ 60 օրվա ընթացքում:
 

ԳԼՈՒԽ VII

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 57. Հարցի քննարկման ընթացակարգը

1. Բացառությամբ սույն օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով, 40-րդ հոդվածի 1-ին մասով, 42-րդ հոդվածի 4-րդ եւ 43-րդ հոդվածի 2-րդ մասերով նախատեսված դեպքերի, մինչեւ օրակարգի հաստատվելն Ազգային ժողովում այլ հարցեր չեն քննարկվում:

2. Սույն օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասի (բացառությամբ «է» եւ «թ» կետերի) եւ 38-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» ենթակետի հարցերն Ազգային ժողովում քննարկվում են արտահերթ: Երկօրյա նիստերի օրակարգում ընդգրկված մնացած հարցերի քննարկման հաջորդականությունը որոշում է Ազգային ժողովի նախագահը, իսկ արտահերթ նստաշրջանինը եւ նիստինը՝  դրա նախաձեռնողը կամ նախաձեռնողների ներկայացուցիչը:

3. Սահմանադրության 75-րդ հոդվածին համապատասխան՝ Կառավարությունը կարող է սահմանել իր ներկայացրած օրենքների նախագծերի քննարկման հաջորդականությունը եւ պահանջել, որ դրանք քվեարկության դրվեն միայն իր համար ընդունելի ուղղումներով:

4. Եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ, ապա Ազգային ժողովում օրենքների նախագծերի կամ նախագծերի փաթեթների, Ազգային ժողովի որոշումների նախագծերի եւ օրենքներով նախատեսված այլ հարցերի քննարկումը տեղի է ունենում հետեւյալ հաջորդականությամբ՝

ա) հիմնական զեկուցողի ելույթը.

բ) հարցեր հիմնական զեկուցողին.

գ) հարակից զեկուցողի ելույթը.

դ) հարցեր հարակից զեկուցողին.

ե) մտքերի փոխանակություն.

զ) հարակից զեկուցողի եզրափակիչ ելույթը.

է) հիմնական զեկուցողի եզրափակիչ ելույթը.

ը) քվեարկություն:

5. Յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քվեարկությունը կատարվում է հարցի քննարկման ավարտից անմիջապես հետո:

6. Որպես հիմնական զեկուցող ելույթ է ունենում տվյալ հարցի հեղինակը, իսկ որպես հարակից զեկուցող՝ գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը:

Եթե տվյալ հարցի հեղինակը (հիմնական զեկուցողը) հարցի քննարկման ժամանակ չի ներկայանում, ապա հարցի քննարկումը տեղափոխվում է առաջիկա երկօրյա նիստ:

Երկրորդ անգամ նույն հարցի քննարկման ժամանակ հարցի հեղինակի (հիմնական զեկուցողի) բացակայության դեպքում հարցը հանվում է Ազգային ժողովի նստաշրջանի եւ երկօրյա նիստերի օրակարգերից:

7. Եթե օրենքի նախագծի հեղինակը (հիմնական զեկուցողը) պատգամավոր է, ապա վարչապետի լիազորած անձը կարող է գլխադասային հանձնաժողովի ներկայացուցչից հետո հանդես գալ հարակից զեկուցմամբ, իսկ նրա եզրափակիչ ելույթից առաջ, եզրափակիչ ելույթով, եթե այդ օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարությունը սույն օրենքով նախատեսված կարգով եզրակացություն է ներկայացրել:

8. Եթե հարցի քննարկումն ընդմիջվել է, ապա ընդմիջման ժամկետը լրանալուց հետո քննարկումը վերսկսվում է այն փուլից, որից այն ընդմիջվել էր:

9. Պատգամավորն իրավունք ունի սույն օրենքի 58-րդ հոդվածով սահմանված կարգով ոչ ավելի, քան երկու անգամ հանդես գալ վարման կարգի վերաբերյալ ելույթով։ Հարցի քննարկման ընթացքում պատգամավորը մեկ անգամ մեկ րոպեի ընթացքում կարող է ճշգրտել սխալ ընկալված իր արտահայտությունը։

10. Հարցի քննարկման ընթացքում հատկացվում են՝

ա) զեկուցման համար՝ 20 րոպե, որը կարող է ավելացվել երեք րոպեով.

բ) հարցերի համար՝ երեքական րոպե.

գ) ելույթների համար՝ 7-ական րոպե, որը կարող է ավելացվել երեք րոպեով.

դ) խմբակցությունների, պատգամավորական խմբերի ներկայացուցիչների եւ եզրափակիչ ելույթների համար՝ 10-ական րոպե.

ե) վարման կարգի վերաբերյալ ելույթների համար՝ մեկական րոպե։

11. Եզրափակիչ ելույթներից հետո արտահերթ ելույթի իրավունքը պահպանում է միայն Հանրապետության Նախագահը:

12. Ազգային ժողովի քվեարկությամբ չընդունված հարցը հանվում է երկօրյա նիստերի, միաժամանակ հերթական նստաշրջանի, արտահերթ նստաշրջանի կամ արտահերթ նիստի օրակարգերից:

Հոդված 58. Նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթները

1. Նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթով պատգամավորը հանդես է գալիս վարողի հայտարարությամբ՝ իր աշխատատեղի խոսափողից, քվեարկությունից,զեկուցումներից, ելույթներից եւ հարց ու պատասխանից առաջ կամ հետո:

2. Նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթում պատգամավորը կարող է՝

ա) հանդես գալ սույն օրենքի 51-րդ հոդվածում (բացառությամբ «բ», «գ», եւ «թ» կետերի) նշված որոշումն ընդունելու մասին առաջարկությամբ, որն անմիջապես դրվում է քվեարկության.

բ) արտահայտվել նիստի վարման կարգի վերաբերյալ.

գ) կարծիք հայտնել քվեարկության ընթացքում խախտումների մասին.

դ) հերքել իր անձի վերաբերյալ արված արտահայտությունը.

ե)  հանդես գալ իրեն գրանցելու խնդրանքով.

զ) հանդես գալ իր քվեարկության եւ լուսատախտակի վրա գրանցվածի միջեւ տարբերության մասին հայտարարությամբ՝ խնդրելով հիմք ընդունել իր հայտարարությունը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում թվարկված հարցերի վերաբերյալ պատգամավորը կարող է արտահայտվել նաեւ իր ելույթում:

Հոդված 59. Հարցեր տալու կարգը

1. Պատգամավորները հարցեր տալու համար հերթագրվում են էլեկտրոնային համակարգով՝ 10 վայրկյանի ընթացքում: Համակարգը չգործելու դեպքում հերթագրումն իրականացնում է նիստը վարողը:

2. Էլեկտրոնային համակարգով հերթագրման ընթացքը ցուցադրվում է լուսատախտակին։

3. Հարցերը տրվում են պատգամավորի աշխատատեղի խոսափողից՝ ըստ հերթագրման հաջորդականության, նիստը վարողի հայտարարությամբ, որտեղ միաժամանակ հիշեցվում է հաջորդ հարց տվողի անունը, ազգանունը:

4. Հերթագրված,սակայն նիստը վարողի կողմից հարց տալու համար հայտարարված պահին դահլիճից բացակայող պատգամավորը զրկվում է հարց տալու իրավունքից:

5. Նիստը վարողը կարող է անջատել խոսափողը, եթե հարց տվողի եւ զեկուցողի միջեւ սկսվում է բանավեճ:

6. Մտքերի փոխանակության ընթացքում ելույթ ունեցողին հարցեր չեն տրվում:

7. Պատգամավորը յուրաքանչյուր զեկուցողի հարցեր է տալիս մեկ անգամ:

Հոդված 60. Մտքերի փոխանակության կարգը

1. Մտքերի փոխանակությունը տեղի է ունենում հետեւյալ հաջորդականությամբ՝

ա) պատգամավորների ելույթներ.

բ) խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի ներկայացուցիչների ելույթներ:

2. Մտքերի փոխանակության ընթացքում արտահերթ ելույթի իրավունք ունեն Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովի նախագահը, նրա տեղակալները եւ վարչապետը, որոնց ելույթների տեւողությունը չի սահմանափակվում, ինչպես նաեւ Կառավարության անդամները՝ սույն հոդվածի  8-րդ մասով սահմանված կարգով։

3. Հարցի քննարկմանը հրավիրված անձանց ելույթի իրավունք կարող է տրվել գլխադասային հանձնաժողովի, խմբակցության,պատգամավորական խմբի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ:

4. Պատգամավորները ելույթ ունենալու համար հերթագրվում են էլեկտրոնային համակարգով՝ 10 վայրկյանի ընթացքում, որը ցուցադրվում է լուսատախտակին: Համակարգը չգործելու դեպքում հերթագրումն իրականացնում է նիստը վարողը:

5. Ելույթ ունեցողները հանդես են գալիս ամբիոնից՝ ըստ հերթագրման հաջորդականության, նիստը վարողի հայտարարությամբ, որտեղ միաժամանակ հիշեցվում է հաջորդ ելույթ ունեցողի անունը, ազգանունը: Հերթագրված,սակայն նիստը վարողի կողմից հարց տալու համար հայտարարված պահին դահլիճից բացակայող պատգամավորը զրկվում է ելույթի իրավունքից:

6. Խմբակցության, պատգամավորական խմբի ղեկավարները կամ քարտուղարները նիստը վարողին գրավոր ներկայացնում են տվյալ խմբակցության, պատգամավորական խմբի անունից ելույթ ունեցողի անունը, ազգանունը:

7. Խմբակցության եւ պատգամավորական խմբի ներկայացուցիչների ելույթների համար հայտերը ներկայացվում են մինչեւ Կառավարության անդամների եւ հերթագրված պատգամավորների ելույթների ավարտը: Խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի ելույթների հաջորդականությունը որոշվում է ըստ նրանց թվաքանակի՝ փոքրից մեծ:

8. Մինչեւ խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի ներկայացուցիչների ելույթները Կառավարության անդամները՝ վարչապետի ներկայացմամբ, ունեն երեք արտահերթ ելույթի իրավունք։

Հոդված 61. Հարցի քննարկման հատուկ ընթացակարգը

1. Հեղինակի (հիմնական զեկուցողի) եւ/կամ գլխադասային հանձնաժողովի առաջարկությամբ առանձին հարցի քննարկման համար Ազգային ժողովը կարող է սահմանել հատուկ ընթացակարգ:

2. Հատուկ ընթացակարգով չի կարող սահմանափակվել զեկուցողներին հարց տվողների եւ ելույթ ունեցողների թիվը, ինչպես նաեւ կրճատվել ելույթի կամ հարց տալու համար սույն օրենքով նախատեսված ժամանակը։

3. Հեղինակը (հիմնական զեկուցողը) կամ գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը  նշված կարգը ներկայացնում է երկօրյա նիստերի օրակարգը հաստատելուց անմիջապես հետո, որը քննարկվում է սույն օրենքի 41-ի 2-րդ մասով սահմանված կարգով:

Հոդված 62. Օրենքի եւ Ազգային ժողովի որոշման ընդունումը

1. Օրենքները եւ Ազգային ժողովի որոշումները, բացառությամբ Սահմանադրությամբ նախատեսված դեպքերի, ընդունվում են նիստին ներկա (սահմանված կարգով գրանցված) պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին՝ բաց քվեարկությամբ:

2. Սույն օրենքով նախատեսված դեպքերում Ազգային ժողովի որոշումներն ընդունվում են գաղտնի քվեարկությամբ:

3. Կառավարությունն իր կողմից ներկայացրած օրենքի նախագիծն ընդունելու առնչությամբ կարող է դնել իր վստահության հարցը: Այդ կապակցությամբ վարչապետը կամ Կառավարության լիազոր ներկայացուցիչը, քվեարկությունից անմիջապես հետո, կարող է պահանջել ընդմիջում մինչեւ հաջորդ նիստը՝ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ Կառավարության վստահության հարցը դնելու կողմնորոշման համար: Եթե ընդմիջումից անմիջապես հետո վարչապետն օրենքի նախագծի ընդունման առնչությամբ դնում է Կառավարության վստահության հարցը, եւ սույն օրենքի 109-րդ հոդվածով սահմանված կարգով Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ չի ներկայացվում, կամ նման նախագիծ ներկայացվելու դեպքում Ազգային Ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ Սահմանադրության 84-րդ հոդվածի երրորդ մասով սահմանված ժամկետում որոշում չի ընդունվում, ապա օրենքի նախագիծը համարվում ընդունված:

4. Սահմանադրության 75-րդ հոդվածին համապատասխան՝ Կառավարությունն օրենքի նախագծի առնչությամբ իր վստահության հարցը նույն նստաշրջանում կարող է դնել ոչ ավելի, քան երկու անգամ:

5. Ազգային ժողովի քվեարկությանը կարող են դրվել միայն գլխադասային հանձնաժողովներում սահմանված կարգով քննարկման ուղարկված, քննարկումից առնվազն 24 ժամ առաջ պատգամավորներին բաժանված եւ սահմանված կարգով քննարկված նախագծերի տեքստերը, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

6. Ազգային ժողովի որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով կամ դրանում սահմանված ժամկետում եւ կարգով հրապարակվելուց հետո։ Ազգային ժողովի գործունեության կազմակերպման հարցերով որոշումն ուժի մեջ է մտնում դրա ընդունման պահից, եթե դրանով այլ ժամկետ սահմանված չէ։

Հոդված 63. Բաց քվեարկության անցկացման կարգը

1. Նիստը վարողը քվեարկությունից առաջ հայտնում է հարցի անունը, հաշվառման համարը, քվեարկության դրվող բոլոր առաջարկությունները, դրանց ձեւակերպումները, իսկ սույն օրենքի 62-րդ հոդվածի 1-ին կետում նշված՝ Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում հիշեցնում է նաեւ, թե ձայների ինչ քանակով է ընդունվում որոշումը։

2. Բաց քվեարկությունն իրականացվում է նիստը վարողի հայտարարությամբ, էլեկտրոնային համակարգով՝ 10 վայրկյանի ընթացքում: Համակարգը չգործելու դեպքում ձայները հաշվում է հաշվիչ հանձնաժողովը:

3. Խմբակցության, պատգամավորական խմբի ղեկավարների կամ քարտուղարների պահանջով հարցի քվեարկությունից առաջ հայտարարվում է մեկ ընդմիջում` 20 րոպե տեւողությամբ:

4. Քվեարկությունն սկսվում է ազդանշանից հետո: Մինչեւ քվեարկության ավարտը նիստը վարողին դիմելն արգելվում է:

5. Պատգամավորը քվեարկում է անձամբ՝ «կողմ», «դեմ», «ձեռնպահ» կամ չի մասնակցում քվեարկությանը՝ այդ մասին, իր հայեցողությամբ, հայտարարելով սույն օրենքի 101-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետով սահմանված կարգով:

Քվեարկության ողջ ընթացքում, ինչպես նաեւ սույն հոդվածի 7-րդ կետով սահմանված պահանջի կատարման դեպքում, պատգամավորը կարող է դուրս գալ դահլիճից, տեղյակ պահելով նիստը վարողին՝ վերջինիս համար նկատելի ձեւով:

6. Քվեարկության ավարտից հետո լուսատախտակի վրա 10 վայրկյան պահպանվում են քվեարկության արդյունքները, որից հետո նիստը վարողը հրապարակում է քվեարկության արդյունքները:

7. Քվեարկության արդյունքները լուսատախտակի վրա վերականգնվում են, եթե այդ մասին վարման կարգով ելույթում առաջարկում է որեւէ պատգամավոր: Եթե նիստը վարողի եւ/կամ պատգամավորի  կողմից հայտնաբերվում են խախտումներ, որոնք ազդում են քվեարկության արդյունքների վրա, ապա նիստը վարողի եւ/կամ պատգամավորի  կողմից առաջարկությամբ այդ հարցի քվեարկությունը կրկնվում է:

8.Պատգամավորի քվեարկությունը՝ «կողմ», «դեմ», «ձեռնպահ» կամ չքվեարկելը, նիստը վարողի կողմից որոշում ընդունելու կամ չընդունելու վերաբերյալ հայտարարությունից հետո չի կարող վիճարկվել կամ փոփոխվել:

Հոդված 64. Գաղտնի քվեարկության անցկացման կարգը

1. Գաղտնի քվեարկությունը կազմակերպում է հաշվիչ հանձնաժողովը՝ ըստ նիստին ներկա (սահմանված կարգով գրանցված) պատգամավորների ցուցակի, որն ստանում է Աշխատակազմից:

Նիստից բացակա (սահմանված կարգով չգրանցված) պատգամավորը կարող է գրանցվել հաշվիչ հանձնաժողովում՝ քվեարկությունը սկսվելուց առնվազն 30 րոպե առաջ:

2. Գաղտնի քվեարկության քվեաթերթիկները պատրաստվում են հաշվիչ հանձնաժողովի հսկողությամբ՝ նրա սահմանած ձեւով եւ քանակով՝ քվեարկությունը սկսվելուց առնվազն 25 րոպե առաջ:

3. Քվեաթերթիկներում նշվում է քվեարկվող հարցը, կամ այբբենական կարգով ընդգրկվում են առաջադրված եւ ինքնաբացարկ չհայտնած թեկնածուների անունները, ազգանունները:

4. Քվեաթերթիկում մեկ թեկնածության կամ հարցի առկայության դեպքում պետք է լինեն «կողմ» եւ «դեմ» բառերը:

5. Հարցերի ցանկը կամ թեկնածուների ցուցակը հաշվիչ հանձնաժողովին է հանձնում Ազգային ժողովի նիստը վարողը:

6. Գաղտնի քվեարկության անցկացման ժամկետը եւ տեղը, ինչպես նաեւ քվեարկության կազմակերպման կարգը սահմանում է հաշվիչ հանձնաժողովը՝ այդ մասին Ազգային ժողովի նիստում տեղյակ պահելով պատգամավորներին:

7. Գաղտնի քվեարկության քվեաթերթիկը եւ հատուկ ծրարը հաշվիչ հանձնաժողովը պատգամավորին է հանձնում ցուցակում վերջինիս ստորագրելուց հետո:

8. Պատգամավորը քվեաթերթիկը լրացնում է գաղտնի քվեարկության խցիկում` թողնելով դրանում այնհարցի կամ թեկնածուի անունը եւ ազգանունը, որի օգտին նա քվեարկում է: Մեկ թեկնածուի կամ հարցի դեպքում նա ջնջում է «դեմ» բառը (եթե քվեարկում է թեկնածուի կամ հարցի օգտին) կամ «կողմ» բառը (եթե քվեարկում է դեմ):

Քվեաթերթիկները լրացվում են նույն նմուշի եւ գույնի գրիչով, իսկ քվեաթերթիկը լրացվելուց հետո, դրվում է հատուկ ծրարի մեջ՝ մինչեւ գաղտնի քվեարկության խցիկից դուրս գալը:

9. Քվեարկության ավարտից հետո՝ 30 րոպեի ընթացքում, հաշվիչ հանձնաժողովը բացում է գաղտնի քվեարկության տուփը եւ հաշվում ձայները:

10. Անվավեր են համարվում չսահմանված նմուշի քվեաթերթիկները, ինչպես նաեւ այն քվեաթերթիկները, որոնցում թողնված են սահմանված թվից ավելի թեկնածուներ, կամ մեկ թեկնածուի դեպքում թողնված կամ ջնջված են միաժամանակ «կողմ» եւ «դեմ» բառերը, կամ ավելացված են այլ գրառումներ:

11. Գաղտնի քվեարկության արդյունքների մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում են հաշվիչ հանձնաժողովի անդամները:

12. Հաշվիչ հանձնաժողովն Ազգային ժողովի նիստում ներկայացնում է գաղտնի քվեարկության արդյունքները, որի հիման վրա նիստը վարողը հայտարարում է որոշման ընդունման, իսկ ընտրությունների դեպքում՝ թեկնածուի ընտրության մասին:

ԳԼՈՒԽ VIII

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հոդված 65. Օրենքի նախագծի քննարկման ընդհանուր կարգը

1. Օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է երեք ընթերցմամբ, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

2. Օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը հեղինակի (հիմնական զեկուցողի) եւ/կամ գլխադասային հանձնաժողովի առաջարկությամբ, Ազգային ժողովի որոշմամբ, կարող են քննարկվել երկու ընթերցմամբ՝ ապահովելով սույն օրենքի 74-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերի պահանջների կատարումը: Այդ որոշման նախագիծը ներկայացվում է երկօրյա նիստերի օրակարգը հաստատվելուց անմիջապես հետո եւ քննարկվում է սույն օրենքի հոդված 41-ի 2-րդ մասով սահմանված կարգով:

Հոդված 66. Օրենքի նախագծի քննարկումն առաջին ընթերցմամբ

1. Օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվում է սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով:

2. Եզրափակիչ ելույթում հեղինակը (հիմնական զեկուցողը) կարող է փոփոխության ենթարկել քննարկված օրենքի նախագիծը՝ հանելով հոդված, կամ նախագծերի փաթեթը՝ հանելով օրենքի նախագիծ, բացառությամբ առաջադրվող օրենքի նախագծի, եւ առաջարկել՝

ա) օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթն ընդունել առաջին ընթերցմամբ.

բ) քննարկված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթն իր համար ընդունելի առաջարկություններով ընդունել առաջին ընթերցմամբ:

3. Եթե հեղինակի (հիմնական զեկուցողի)՝ սույն հոդվածի 2-րդ մասի «ա» կամ «բ» կետի առաջարկը քվեարկության արդյունքում չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա հարցը հանվում է Ազգային ժողովի նստաշրջանի եւ երկօրյա նիստերի օրակարգերից:

4. Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը 7 օրվա ընթացքում ուղարկվում է Հանրապետության Նախագահին, Կառավարություն, գլխադասային հանձնաժողով, խմբակցություններին, պատգամավորական խմբերին ու Աշխատակազմ եւ տեղադրվում է Ազգային ժողովի էլեկտրոնային կայքում:

Հոդված 67. Այլընտրանքային օրենքի նախագծերի քննարկումն առաջին ընթերցմամբ

1. Երկօրյա նիստերի օրակարգում գտնվող եւ միմյանց նկատմամբ այլընտրանքային համարված օրենքի նախագծերն առաջին ընթերցմամբ քննարկվում են հաջորդաբար՝ սույն օրենքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով:

2. Եթե քվեարկության են դրվում երկուսից ավելի այլընտրանքային օրենքի նախագծեր, եւ դրանցից ոչ մեկը չի ստանում անհրաժեշտ թվով ձայներ, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որի ժամանակ քվեարկվում են առավել շատ ձայներ ստացած երկու նախագծերը:

3. Եթե քվեարկության է դրվել երկու օրենքի նախագիծ, եւ դրանցից ոչ մեկը չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ, ապա առավել շատ ձայներ ստացած օրենքի նախագիծը նորից է դրվում քվեարկության:

4. Եթե մեկից ավելի օրենքի նախագծեր ստացել են առաջին ընթերցմամբ ընդունվելու համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա ընդունված է համարվում առավել շատ «կողմ» ձայներ ստացած նախագիծը:

5. Եթե մեկից ավելի օրենքի նախագծեր ստացել են առաջին ընթերցմամբ ընդունվելու համար անհրաժեշտ թվով եւ հավասար քանակությամբ ձայներ, ապա ընդունված է համարվում առավել քիչ «դեմ» ձայներ ստացած նախագիծը:

6. Առաջին ընթերցմամբ քննարկված եւ Ազգային ժողովի կողմից չընդունված այլընտրանքային օրենքի նախագիծը հանվում է Ազգային ժողովի նստաշրջանի եւ երկօրյա նիստերի օրակարգերից:

Հոդված 68. Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը

1. Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու իրավունք ունեն պատգամավորները եւ Կառավարությունը:

2. Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը քվեարկության օրվան գումարած 7 օրից հետո սկսվող 14-օրյա ժամկետում, եթե Ազգային ժողովի որոշմամբ այլ ժամկետ չի սահմանվել, տվյալ օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկությունները պաշտոնապես ներկայացվում են Աշխատակազմ, որը 24 ժամվա ընթացքում դրանք ուղարկում է հեղինակին (հիմնական զեկուցողին) եւ գլխադասային հանձնաժողով:

3. Օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկությունը ներառում է համապատասխան հոդվածի համարը, առաջարկվող փոփոխությունը եւ (կամ) լրացումը:

Հոդված 69. Օրենքի նախագծի ներկայացումը երկրորդ ընթերցման

1. Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկությունների ներկայացման համար սահմանված ժամկետն սպառվելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, հեղինակը (հիմնական զեկուցողը) գլխադասային հանձնաժողով է ներկայացնում իր համար ընդունելի առաջարկությունների հիման վրա փոփոխված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը՝ դրան կցելով սույն օրենքի  68-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացված բոլոր առաջարկությունների, ինչպես նաեւ ընդունված նախագծում իր նախաձեռնությամբ կատարված բոլոր փոփոխությունների եւ լրացումների ամփոփաթերթիկը, որում, ըստ հոդվածների հաջորդականության, նշվում են՝

ա) առաջարկության (փոփոխության, լրացման) հեղինակը.

բ) հոդվածը, մասը, կետը, որին վերաբերում է առաջարկությունը (փոփոխությունը, լրացումը).

գ) առաջարկությունը (փոփոխությունը, լրացումը).

դ) առաջարկության վերաբերյալ հեղինակի (հիմնական զեկուցողի) եզրակացությունը:

 2.Առաջարկության վերաբերյալ հեղինակի (հիմնական զեկուցողի) եզրակացությունը պետք է լինի հստակ:

3. Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծում կատարված փոփոխությունները եւ լրացումները կատարվում են ընդունված նախագծի տեքստից տարբերվող տառատեսակով,իսկ նախագծից հանված մասերի (բառերի) վրա մեջտեղից գիծ է քաշվում:

4. Առաջարկությունները, որոնց վերաբերյալ հեղինակը (հիմնական զեկուցողը) ամփոփաթերթիկում հայտնել է դրական կարծիք, պարտադիր ընդգրկվում են երկրորդ ընթերցման ներկայացված նախագծում կամ նախագծերի փաթեթում:

5. Սույն հոդվածի 1-ին մասում նշված փաստաթղթերն ստանալուց հետո՝  14-օրյա ժամկետում, գլխադասային հանձնաժողովն այն դրանք իր գրավոր եզրակացության հետ միասին  ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին՝ երկրորդ ընթերցմամբ քննարկվելու նպատակով հերթական երկօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկելու համար:

6. Եթե սույն հոդվածի 5-րդ մասում սահմանված ժամկետը լրանում է մինչեւ երկօրյա նիստերի երեքշաբթի օրը, ապա այդ ժամկետը համարվում է սպառված առաջիկա երկօրյա նիստերի առաջին նիստից 2 ժամ առաջ:

7.Գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը պետք է ներառի ամփոփաթերթիկում նշված առաջարկությունների նկատմամբ հանձնաժողովի դիրքորոշումները կամ դրանց բացակայության մասին տեղեկանքը:

Հոդված 70. Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծում կամ նախագծերի փաթեթում կատարված փոփոխությունների ընդունումն առաջին ընթերցմամբ

Եթե երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացված օրենքի նախագիծը համալրվել է հոդվածով կամ օրենքի նախագծերի փաթեթը՝ օրենքի նախագծով, կամ նախագծից հանվել է հոդված, կամ նախագծերի փաթեթից՝ նախագիծ, կամ համաձայն գլխադասային հանձնաժողովի եզրակացության ամբողջությամբ փոփոխվել է առաջին ընթերցմամբ ընդունված հոդվածի, օրենքի նախագծի բովանդակությունը, ապա երկրորդ ընթերցմամբ քննարկումն սկսվում է համալրված կամ ամբողջությամբ փոփոխված հոդվածը կամ օրենքի նախագիծը սույն օրենքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով առաջին ընթերցմամբ քննարկելուց եւ 68-րդ հոդվածով նախատեսված կարգով առաջարկությունների ներկայացումից  հետո:

Հոդված 71. Օրենքի նախագծի քննարկումը երկրորդ ընթերցմամբ

1. Օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվում է սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով:

2. Եզրափակիչ ելույթում հեղինակը (հիմնական զեկուցողը) կարող է առաջարկել օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը՝ ընդունել երկրորդ ընթերցմամբ:

3. Եթե սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն հեղինակի (հիմնական զեկուցողի) արված առաջարկը քվեարկության արդյունքում չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա օրենքի նախագիծը հանվում է Ազգային ժողովի նստաշրջանի եւ երկօրյա նիստերի օրակարգերից:

4. Երկրորդ ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը 7-օրյա ժամկետում ուղարկվում է Հանրապետության Նախագահին, Կառավարություն եւ գլխադասային հանձնաժողով եւ դրվում է Ազգային Ժողովի էլեկտրոնային կայքում:

Հոդված 72. Օրենքի նախագծի ներկայացումը երրորդ ընթերցման

1. Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ 30-օրյա ժամկետում, գլխադասային հանձնաժողովը, հեղինակի (հիմնական զեկուցողի) հետ համատեղ կարող է այդ նախագծում կատարել խմբագրական փոփոխություններ, որոնք չեն փոխում ընդունված տեքստի իմաստը, եւ ներկայացնել Ազգային ժողովի նախագահին:

2. Եթե սույն հոդվածի 1-ին մասում սահմանված ժամկետը լրանում է մինչեւ երկօրյա նիստերի երեքշաբթի օրը, ապա այդ ժամկետը համարվում է սպառված առաջիկա երկօրյա նիստերի առաջին նիստից 2 ժամ առաջ:

3. Երրորդ ընթերցման ներկայացված օրենքի նախագծին կամ նախագծերի փաթեթին կցվում է կատարված փոփոխությունների ամփոփաթերթիկը, որում, ըստ հոդվածների հաջորդականության, նշվում են՝

ա) փոփոխվող հոդվածը, մասը, կետը.

բ) հոդվածի, մասի, կետի նախկին տեքստը.

գ) հոդվածի, մասի, կետի նոր տեքստը:

4. Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո օրենքի նախագիծը երրորդ ընթերցմամբ քննարկվելու նպատակով ընդգրկվում է հերթական երկօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Հոդված 73. Օրենքի նախագծի քննարկումը երրորդ ընթերցմամբ

1. Օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը երրորդ ընթերցմամբ քննարկելիս մինչեւ 10-ական րոպե տեւողությամբ ելույթ են ունենում գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը եւ հեղինակը (հիմնական զեկուցողը):

2. Հեղինակը կարող է առաջարկել օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթում ընդգրկված օրենքների նախագծերն ընդունել որպես օրենք:

3. Եթե սույն հոդվածի 2-րդ մասում նշված առաջարկը քվեարկության արդյունքում չի ստացել ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա օրենքի նախագիծը հանվում է Ազգային ժողովի նստաշրջանի եւ երկօրյա նիստերի օրակարգերից:

4. Ազգային ժողովի նախագահն ընդունված օրենքը 10-օրյա ժամկետում ուղարկում է Հանրապետության Նախագահին, որն ստանալուց հետո՝ քսանմեկօրյա ժամկետում, ստորագրում եւ հրապարակում է այն կամ առարկություններով եւ/կամ առաջարկություններով վերադարձնում է Ազգային ժողով:

Հոդված 74. Հանրապետության Նախագահի վերադարձրած օրենքների քննարկումը

1. Հանրապետության Նախագահի վերադարձրած օրենքն առանց քվեարկության ընդգրկվում է հերթական նստաշրջանի եւ առաջիկա երկօրյա նիստերի օրակարգերում եւ քննարկվում է արտահերթ:

2. Ազգային ժողովի նախագահը Հանրապետության Նախագահի առարկություններով կամ առաջարկություններով վերադարձված օրենքը 24 ժամվա ընթացքում ուղարկում է համապատասխան գլխադասային հանձնաժողով, որը դրա վերաբերյալ իր եզրակացությունն Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում հերթական նստաշրջանի առաջիկա երկօրյա նիստերի առաջին նիստից առնվազն 2 ժամ առաջ:

3. Եթե Հանրապետության Նախագահն ամբողջությամբ չի առարկել օրենքի ընդունմանը, ապա նրա առարկություններով եւ/կամ առաջարկություններով վերադարձված օրենքը քննարկվում է սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով: Հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս Հանրապետության Նախագահի, իսկ հարակից զեկուցմամբ՝ գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը:

4. Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորները կարող են առաջարկ անել միայն Հանրապետության Նախագահի՝ սույն օրենքի 74-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով ներկայացրած առաջարկությունների վերաբերյալ:

5. Եզրափակիչ ելույթում Հանրապետության Նախագահի ներկայացուցիչը կարող է առաջարկել՝ ընդունել օրենքը՝ Հանրապետության Նախագահի համար ընդունելի տեսքով.

6. Եթե Հանրապետության Նախագահն առարկել է օրենքի ընդունմանը, ապա եզրափակիչ ելույթով հանդես են գալիս Հանրապետության Նախագահի եւ գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչները, որից հետո քվեարկության է դրվում Հանրապետության Նախագահի առարկությունն ընդունելու մասին հարցը:

7. Եթե սույն հոդվածի 5-րդ մասով կամ 6-րդ մասով սահմանված կարգով քվեարկության դրված հարցերը չեն ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա Սահմանադրության 72-րդ հոդվածին համապատասխան՝ Ազգային ժողովը վերադարձված օրենքը վերստին ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ եւ ուղարկում է Հանրապետության Նախագահին, որը հնգօրյա ժամկետում ստորագրում եւ հրապարակում է այն:

8. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով օրենքը չընդունվելու դեպքում օրենքի նախագիծը հանվում է Ազգային Ժողովի նստաշրջանի եւ երկօրյա նիստերի օրակարգերից:

ԳԼՈՒԽ IX

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԴՐԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԴՐՎԵԼԻՔ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հոդված 75. Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու եւ հանրաքվեի դրվելիք օրենքի նախագծեր ներկայացնելը եւ հանրաքվե նշանակելը

1. Սահմանադրության 111-րդ հոդվածին համապատասխան՝ Սահմանադրությունն ընդունվում կամ դրանում փոփոխություններ կատարվում են հանրաքվեի միջոցով՝ Հանրապետության Նախագահի կամ Ազգային ժողովի նախաձեռնությամբ։

2. Օրենքի նախագիծը հանրաքվեի դնելու առաջարկ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու իրավունք ունեն պատգամավորը, խմբակցությունը, պատգամավորական խումբը եւ Կառավարությունը:

3. Սահմանադրության ընդունման կամ դրանում փոփոխություններ կատարելու, օրենքի ընդունման հարցով հանրաքվե նշանակելու վերաբերյալ առաջարկ անելու կամ համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումներն ընդունվում են պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

4. Սահմանադրության ընդունման կամ դրանում փոփոխություններ կատարելու, օրենքի ընդունման հարցով հանրաքվեն նշանակվում եւ անցկացվում է Սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված կարգով:

Հոդված 76. Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու եւ հանրաքվեի դրվելիք օրենքի նախագծերին ներկայացվող պահանջները

1. Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագծերը ներառում են՝

ա) Սահմանադրության ընդունման կամ դրանում փոփոխություններ կատարելու հիմնավորումը.

բ) Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագիծը.

գ) Սահմանադրության ընդունման կամ դրանում փոփոխություններ կատարելու հարցով հանրաքվե նշանակելու վերաբերյալ առաջարկ անելու կամ համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը։

2. Հանրաքվեի դրվելիք օրենքի նախագիծը ներառում է՝

ա) օրենքի ընդունման հարցով հանրաքվե նշանակելու հիմնավորումը.

բ) հանրաքվեի դրվելիք օրենքի նախագիծը.

գ) հանրաքվեով օրենքն ընդունելու առնչությամբ ընդունվելիք այլ օրենքների նախագծերը կամ տեղեկանք` այդպիսի առաջարկության անհրաժեշտության բացակայության մասին:

դ)  օրենքի ընդունման հարցով հանրաքվե նշանակելու վերաբերյալ առաջարկ անելու կամ համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագծերը.

3. Սահմանադրությունում կամ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծին կցվում է տեղեկանք, որտեղ ներկայացվում է Սահմանադրության կամ օրենքի փոփոխվող հոդվածը:

Հոդված 77. Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու եւ հանրաքվեի դրվելիք օրենքների նախագծերն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու կարգը

1. Սահմանադրության ընդունման կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին Հանրապետության Նախագահի նախաձեռնությունը ներառում է՝

ա) սույն օրենքի 76-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերում նշված փաստաթղթերը.

բ) որպես հիմնական զեկուցող հանդես եկող Հանրապետության Նախագահի լիազոր ներկայացուցչի անունը, ազգանունը:

2. Օրենքի նախագիծը հանրաքվեի դնելու մասին Կառավարության առաջարկությունն իրականացվում է Կառավարության որոշմամբ, որը ներառում է՝

ա) սույն օրենքի 76-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում նշված փաստաթղթերը.

բ) որպես հիմնական զեկուցող հանդես եկող Կառավարության լիազոր ներկայացուցչի անունը, ազգանունը.

գ) անհրաժեշտության դեպքում՝ պետության եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Կառավարության եզրակացությունը:

3. Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագիծը, հանրաքվեով ընդունվելիք օրենքի նախագիծը համարվում է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված, եթե այն սույն օրենքի պահանջներին համապատասխան պաշտոնապես ներկայացվել է Ազգային ժողովի նախագահին:

4. Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաեւ հանրաքվեի դրվելիք  օրենքների  նախագծերն  Ազգային ժողովում շրջանառության մեջ են դրվում սույն օրենքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով։ Կառավարությունը եւ Աշխատակազմը Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաեւ հանրաքվեի դրվելիք օրենքների նախագծերի վերաբերյալ իրենց եզրակացություններն Ազգային ժողովի նախագահին են ներկայացնում 30-օրյա, իսկ գլխադասային հանձնաժողովը՝  40-օրյա ժամկետում, սակայն ոչ շուտ, քան Կառավարության եւ Աշխատակազմի եզրակացություններն ստանալը, կամ դրանց ստացման ժամկետի սպառվելը։

Հոդված 78. Հանրաքվեի դրվելիք օրենքների եւ պատգամավորի ներկայացրած Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագծերի քննարկման կարգը

1. Հանրաքվեի դրվելիք օրենքների, պատգամավորի առաջադրած Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագծերն Ազգային ժողովում քննարկվում են երեք ընթերցմամբ՝ սույն օրենքի 8-րդ գլխով սահմանված կարգով, հետեւյալ տարբերությամբ՝

ա) Հանրապետության Նախագահը կամ նրա լիազոր ներկայացուցիչը նշված նախագծերի քննարկման ընթացքում իրավունք ունի հանդես գալ որպես հարակից զեկուցող.

բ) սույն օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում հեղինակը (հիմնական զեկուցողը) կարող է առաջարկել ընդունել Ազգային ժողովի որոշում՝ քննարկված նախագծի ընդունման հարցով հանրաքվե նշանակելու վերաբերյալ Հանրապետության Նախագահին առաջարկ անելու մասին.

գ) եթե սույն հոդվածի 1-ին մասի «բ» կետում նշված՝ Ազգային ժողովի որոշումը քվեարկության արդյունքում չի ընդունվել, ապա տվյալ նախագիծը հանվում է Ազգային ժողովի նստաշրջանի եւ երկօրյա նիստերի օրակարգերից:

2. Ազգային ժողովի նախագահն Ազգային ժողովի առաջարկությամբ Սահմանադրության ընդունման կամ դրանում փոփոխություններ կատարելու, ինչպես նաեւ օրենքի ընդունման հարցերով հանրաքվե նշանակելու մասին Ազգային ժողովի որոշումները համապատասխան նախագծերի հետ միասին դրանց ընդունվելուց հետո՝  7-օրյա ժամկետում, ուղարկում է Հանրապետության Նախագահին, որը դրանք ստանալուց հետո՝ քսանմեկօրյա ժամկետում, նշանակում է հանրաքվե կամ տվյալ նախագիծն առարկություններով եւ/կամ առաջարկություններով վերադարձնում է Ազգային ժողով՝ պահանջելով նոր քննարկում:

3. Հանրապետության Նախագահի կողմից առաջարկություններով կամ առարկություններով վերադարձված Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու, հանրաքվեով ընդունվելիք օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է սույն օրենքի 74-րդ հոդվածով սահմանված կարգով:

Ազգային ժողովի կողմից պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով վերստին առաջարկված Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու, հանրաքվեով ընդունվելիք օրենքի նախագիծը Հանրապետության Նախագահը հանրաքվեի է դնում Ազգային ժողովի սահմանած ժամկետում:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու, հանրաքվեով ընդունվելիք օրենքի նախագիծը չընդունվելու դեպքում օրենքի նախագիծը հանվում է Ազգային Ժողովի նստաշրջանի եւ երկօրյա նիստերի օրակարգերից:

Հոդված 79. Սահմանադրության կամ դրանում փոփոխություն կատարելու մասին Հանրապետության Նախագահի նախաձեռնության քննարկման կարգը

1. Հանրապետության Նախագահի նախաձեռնությամբ ներկայացված Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին նախագծերն Ազգային ժողովում քննարկվում են սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով:

2. Հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս Հանրապետության Նախագահը(նրա ներկայացուցիչը), իսկ հարակից զեկուցմամբ՝ գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը:

3. Եզրափակիչ ելույթում Հանրապետության Նախագահը (նրա ներկայացուցիչը) կարող է առաջարկել՝ Ազգային ժողովի որոշմամբ համաձայնություն տալ նշանակելու հանրաքվե:

4. Ազգային ժողովի նախագահը Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումը 7-օրյա ժամկետում ուղարկում է Հանրապետության Նախագահին:

ԳԼՈՒԽ X

ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

Հոդված 80. Պետական բյուջեի նախագծի ներկայացման եւ քննարկման ժամկետները

1. Սահմանադրության 76-րդ հոդվածին համապատասխան՝ Ազգային ժողովը Կառավարության ներկայացմամբ հաստատում է պետական բյուջեն: Մինչեւ բյուջետային տարվա սկիզբը բյուջեն չհաստատվելու դեպքում ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով՝ մինչեւ բյուջեի հաստատումը:

2. Կառավարությունը բյուջեի նախագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում ընթացիկ տարվա սեպտեմբերի առաջին երկուշաբթի օրը:

Կառավարությունը կարող է պահանջել, որ այն իր կողմից ընդունված ուղղումներով կամ առանց փոփոխության քվեարկության դրվի մինչեւ ընթացիկ հերթական նստաշրջանի ավարտը:

3. Ազգային ժողովի նախագահը, բյուջեի նախագիծն ստանալուց հետո՝ երկօրյա ժամկետում, խորհրդակցելով վարչապետի հետ, ինչպես նաեւ հարցը քննարկելով Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունում, հաստատում է մշտական հանձնաժողովներում եւ դրանց համատեղ նիստերում բյուջեի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկությունների ներկայացման եւ Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետների ժամանակացույց (այսուհետ ժամանակացույց), որը ներկայացված բյուջեի նախագծի հետ ուղարկում է պատգամավորներին, խմբակցություններին, պատգամավորական խմբերին, մշտական հանձնաժողովներ եւ Վերահսկիչ պալատ: Ժամանակացույցն ուղարկվում է նաեւ Կառավարություն:

4. Բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումն Ազգային ժողովի նիստում սկսվում է ոչ ուշ, քան բյուջետային տարվան նախորդող հոկտեմբեր ամսվա երկրորդ երկօրյա նիստում:

5. Եթե պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսվում է բյուջեի կատարումն ապահովող օրենքների ընդունում, ապա դրանք Կառավարությունը Ազգային Ժողով է ներկայացնում առնվազն բյուջեի նախագծի հետ միասին:

Հոդված 81. Բյուջեի նախագծի նախնական քննարկումները եւ ներկայացման կարգը

1. Բյուջեի նախագծի նախնական քննարկումները տեղի են ունենում մշտական հանձնաժողովների եւ դրանց համատեղ նիստերում, որոնց՝ ժամանակացույցով սահմանված կարգով մասնակցում են նաեւ վարչապետի լիազորած անձինք:

2. Բյուջեի նախագծի պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող ծախսային հոդվածներին վերաբերող օրենսդրությամբ նախատեսվող փակ ծրարի նյութերը քննարկվում են պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի եւ բյուջետային ոլորտը ներառող մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստում, որին կարող են մասնակցել պատգամավորները, Վերահսկիչ պալատի նախագահը, ինչպես նաեւ վարչապետի լիազորած անձինք:

3. Բյուջեի նախագծում փոփոխություններ կատարելու մասին իրենց առաջարկությունները պատգամավորները, խմբակցությունները, պատգամավորական խմբերը եւ մշտական հանձնաժողովներն ժամանակացույցով սահմանված ժամկետներում եւ կարգով Աշխատակազմի միջոցով ներկայացնում են Կառավարություն՝ նաեւ էլեկտրոնային կրիչի վրա կամ էլեկտրոնային փոստի միջոցով: Կառավարությունը մշտական հանձնաժողովներում նախնական քննարկումների արդյունքով կարող է սահմանված ժամկետում փոփոխություններ կատարել բյուջեի նախագծում:

4. Կառավարությունը խմբագրված կամ առանց որեւէ փոփոխության բյուջեի նախագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում՝ կցելով ըստ հոդվածների հաջորդականության խմբավորված առաջարկությունների ամփոփաթերթիկը, որում հետեւյալ հաջորդականությամբ նշվում են՝

ա) առաջարկության հեղինակը.

բ) հոդվածի համարը, որին վերաբերում է առաջարկությունը.

գ) առաջարկության տեքստը կամ բովանդակությունը.

դ) առաջարկության վերաբերյալ Կառավարության եզրակացությունը:

5. Առաջարկությունները,  որոնց  վերաբերյալ  Կառավարությունն ամփոփաթերթիկում հայտնել է դրական կարծիք, պարտադիր ընդգրկվում են բյուջեի նախագծում:

Հոդված 82. Բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման կարգը

1. Ազգային ժողովի նիստում բյուջեի մասին օրենքի նախագծի ներկայացման համար Կառավարությունը կարող է հանդես գալ երեք զեկուցմամբ՝ մինչեւ 90 րոպե ընդհանուր տեւողությամբ: Զեկուցողները ներկայացնում են նաեւ նախնական քննարկումների արդյունքով նախագծում կատարված փոփոխությունները, եթե այդպիսիք կան:

2. Մինչեւ 30-ական րոպե տեւողությամբ հարակից զեկուցումներով հանդես են գալիս՝

ա) Կենտրոնական բանկի նախագահը՝ ներկայացնելով բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունը.

բ) բյուջետային ոլորտը ներառող համապատասխան մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը՝ ներկայացնելով բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը.

գ) պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ոլորտները ներառող մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը՝ ներկայացնելով բյուջեի պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի օրինականության եւ հիմնավորվածության մասին հանձնաժողովի եզրակացությունը.

դ) ըստ ցանկության՝ մյուս մշտական հանձնաժողովների մեկական ներկայացուցիչները՝ ներկայացնելով բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ համապատասխան հանձնաժողովի եզրակացությունը:

3. Պատգամավորները զեկուցողներին հարցեր են տալիս սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով, որից հետո տեղի է ունենում մտքերի փոխանակություն:

Հոդված 83. Բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում մտքերի փոխանակության անցկացման կարգը

1. Մտքերի փոխանակությունը կատարվում է սույն օրենքի 60-րդ հոդվածով սահմանված կարգով, հետեւյալ բացառություններով՝

ա) ելույթների համար տրվում է մինչեւ 10-ական րոպե.

բ) մինչեւ խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի ելույթները վարչապետի ներկայացմամբ Կառավարության անդամներին, Երեւանի քաղաքապետին եւ մարզպետներին տրվում է 7 արտահերթ ելույթի իրավունք:

2. Մտքերի փոխանակությունն ավարտվում է վարչապետի կամ ֆինանսական բնագավառի լիազորված մարմնի ղեկավարի՝ մինչեւ 30 րոպե տեւողությամբ եզրափակիչ ելույթով, որից հետո արտահերթ ելույթի իրավունքը պահպանում է միայն Հանրապետության Նախագահը:

3. Մտքերի փոխանակությունն ավարտվելուց հետո նիստը վարողը հայտարարում է բյուջեի նախագծի քննարկման ընդմիջում՝ առնվազն 4 օրով:

Հոդված 84. Բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունների ներկայացման կարգը

Պատգամավորները, խմբակցությունները եւ պատգամավորական խմբերն իրենց առաջարկությունները, իսկ մշտական հանձնաժողովները՝ իրենց առաջարկություններն ու եզրակացությունները բյուջեի նախագծի քննարկումն ընդմիջելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, պաշտոնապես, ինչպես նաեւ էլեկտրոնային կրիչի կամ էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացնում են Աշխատակազմ, որը ներկայացման ժամկետը լրանալուց հետո՝ մեկ ժամվա ընթացքում, դրանք ուղարկում է Կառավարություն:

Հոդված 85. Բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը վերսկսելը

1. Բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը վերսկսվելուց առնվազն 24 ժամ առաջ Կառավարությունը բյուջեի մասին օրենքի նախագծի վերջնական տարբերակը եւ սույն օրենքի 81-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով կազմված ամփոփաթերթիկը, պատգամավորների թվին համապատասխան, հանձնում է Աշխատակազմ, որն ապահովում է դրանց տրամադրումը պատգամավորներին Ազգային ժողովի նստավայրում:

2. Բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը վերսկսվելուց հետո վարչապետը կամ ֆինանսական բնագավառի լիազորված մարմնի ղեկավարը մինչեւ մեկ ժամ տեւողությամբ ելույթում ներկայացնում է նախագծի վերջնական տարբերակը եւ ամփոփաթերթիկում ներառված առաջարկությունները:

3. Պատգամավորները զեկուցողին հարցեր են տալիս սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով:

4. Հայտ ներկայացնելու դեպքում մինչեւ 10-ական րոպե տեւողությամբ մեկական ելույթի իրավունք ունեն՝

ա) խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի ներկայացուցիչները.

բ ) մշտական հանձնաժողովների ներկայացուցիչները.

գ ) Ազգային ժողովի նախագահը, նրա տեղակալները:

5. Ելույթներից հետո մինչեւ 30 րոպե տեւողությամբ եզրափակիչ ելույթով հանդես է գալիս վարչապետը կամ ֆինանսական բնագավառի լիազորված մարմնի ղեկավարը, որը կարող է առաջարկել բյուջեի մասին օրենքի նախագծի վերջնական տարբերակն ընդունել որպես օրենք կամ բյուջեի հաստատման առնչությամբ դնել Կառավարության վստահության հարցը:

6. Եթե բյուջեի մասին օրենքի նախագծի վերջնական տարբերակն ընդունելու մասին Կառավարության առաջարկը քվեարկության արդյունքում չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա Կառավարությունը կարող է բյուջեի հաստատման առնչությամբ դնել իր վստահության հարցը՝ սույն օրենքի  62-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով:

7. Եթե սույն օրենքի 109-րդ հոդվածով սահմանված կարգով Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ չի ներկայացվում, կամ նման որոշում չի ընդունվում, ապա բյուջեն, Կառավարության կողմից ընդունված ուղղումներով, համարվում է հաստատված:

8. Բյուջեի մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է հատուկ ընթացակարգով:

Հոդված 86. Բյուջեի նախագծի կրկնական ներկայացման կարգը եւ ժամկետները

Սահմանադրության 90-րդ հոդվածին համապատասխան՝ բյուջեի հաստատման առնչությամբ Ազգային ժողովի կողմից Կառավարությանն անվստահություն հայտնելու դեպքում նոր Կառավարությունն Ազգային ժողով բյուջեի նախագիծ է ներկայացնում իր ծրագիրը հավանության արժանանալուց հետո՝ տասն օրվա ընթացքում, որը քվեարկվում եւ հաստատվում է սույն օրենքի 10-րդ գլխով սահմանված կարգով՝ 30 օրվա ընթացքում:

Հոդված 87. Բյուջեի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը

1. Ազգային ժողովը բյուջեի կատարման նկատմամբ իր վերահսկողությունն իրականացնում է բյուջետային ոլորտը ներառող մշտական հանձնաժողովի միջոցով: Այդ նպատակով մինչեւ սեպտեմբերի երկրորդ երեքշաբթի օրը նշված հանձնաժողովը տեղեկանք է ներկայացնում պատգամավորներին` առաջին կիսամյակում բյուջեի կատարման ընթացքի մասին:

2. Յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո՝ 40 օրվա ընթացքում, Կառավարությունն Ազգային ժողով տեղեկանք է ներկայացնում բյուջեի կատարման ընթացքի մասին:

3. Մինչեւ Ազգային ժողովի նիստում հերթական բյուջետային տարվա բյուջեի հաստատումն Ազգային ժողովը քննարկում է ընթացիկ տարվան նախորդող տարվա բյուջեի կատարման մասին հաշվետվությունը:

ԳԼՈՒԽ XI

ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

Հոդված 88. Տարեկան հաշվետվության ներկայացման եւ քննարկման ժամկետները

1. Բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն Ազգային ժողովում քննարկվում եւ հաստատվում է Վերահսկիչ պալատի եզրակացության առկայությամբ՝ մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա մայիսի երկրորդ չորեքշաբթին:

2. Կառավարությունը յուրաքանչյուր տարվա բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն Ազգային ժողով է ներկայացնում մինչեւ հաջորդ տարվա ապրիլի 15-ը:

3. Ազգային ժողովի նախագահը, բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն ստանալուց հետո՝ երկօրյա ժամկետում, խորհրդակցելով վարչապետի հետ, ինչպես նաեւ հարցը քննարկելով Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունում,հաստատում է մշտական հանձնաժողովներում բյուջեի տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամանակացույցը եւ ներկայացված հաշվետվության հետ այն ուղարկում է պատգամավորներին, խմբակցություններին, պատգամավորական խմբերին, մշտական հանձնաժողովներ, Կառավարություն եւ Վերահսկիչ պալատ:

Հոդված 89. Տարեկան հաշվետվության նախնական քննարկումները

1. Բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումները տեղի են ունենում մշտական հանձնաժողովներում մասնակցում են նաեւ Կառավարության անդամները եւ վարչապետի լիազորած անձինք:

2. Բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող ծախսային հոդվածներին վերաբերող փակ ծրարի նյութերը քննարկվում են պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի եւ բյուջետային ոլորտը ներառող մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստում, որին կարող են մասնակցել պատգամավորները, Վերահսկիչ պալատի նախագահը եւ վարչապետի լիազորած անձինք:

Հոդված 90. Տարեկան հաշվետվության քննարկումը

1. Ազգային ժողովի նիստում բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս Կառավարությունը կարող է հանդես գալ երեք զեկուցմամբ՝ մինչեւ 90 րոպե ընդհանուր տեւողությամբ:

2. Մինչեւ 30-ական րոպե տեւողությամբ հարակից զեկուցումներով հանդես են գալիս՝

ա) Կենտրոնական բանկի նախագահը՝ ներկայացնելով հաշվետվության վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունը.
 

բ) Վերահսկիչ պալատի նախագահը՝ ներկայացնելով հաշվետվության վերաբերյալ Վերահսկիչ պալատի եզրակացությունը.

գ) բյուջետային ոլորտը ներառող մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը՝ ներկայացնելով հաշվետվության վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը.

դ) պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ոլորտները ներառող մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը՝ ներկայացնելով բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի օրինականության եւ հիմնավորվածության մասին հանձնաժողովի եզրակացությունը.

ե) ըստ ցանկության՝ մյուս մշտական հանձնաժողովների մեկական ներկայացուցիչները՝ ներկայացնելով հաշվետվության վերաբերյալ համապատասխան հանձնաժողովի եզրակացությունը:

3. Պատգամավորները զեկուցողներին հարցեր են տալիս սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով, որից հետո տեղի է ունենում մտքերի փոխանակություն՝ սույն օրենքի 60-րդ հոդվածով սահմանված կարգով:

4. Մինչեւ խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի ելույթները՝ վարչապետի ներկայացմամբ Կառավարության անդամներին, Երեւանի քաղաքապետին եւ մարզպետներին տրվում է 7 արտահերթ ելույթի իրավունք:

5. Մտքերի փոխանակության ավարտից հետո մինչեւ 30 րոպե տեւողությամբ եզրափակիչ ելույթով հանդես է գալիս վարչապետը կամ ֆինանսական բնագավառի լիազորված մարմնի ղեկավարը, որը կարող է՝

ա) քվեարկության դնել բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը.

բ) բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու առնչությամբ դնել Կառավարության վստահության հարցը:

6. Եթե բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին առաջարկությունը քվեարկության արդյունքում չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա Կառավարությունը կարող է սույն օրենքի 62-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով բյուջեի կատարման տարեկան հաշվետվության հաստատման առնչությամբ դնել իր վստահության հարցը:

7. Եթե սույն օրենքի 109-րդ հոդվածով սահմանված կարգով Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ չի ներկայացվում, կամ նման որոշում չի ընդունվում, ապա ներկայացված հաշվետվությունը համարվում է հաստատված:

8. Եթե սույն օրենքի 109-րդ հոդվածով սահմանված կարգով Կառավարությանն անվստահություն է հայտնվում, ապա ներկայացված հաշվետվությունը համարվում է հաստատված,իսկ կառավարությունը հրաժարական է տալիս:

ԳԼՈՒԽ XII

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

Հոդված 91.  Համաներում հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի առաջարկության քննարկման կարգը

1. Հանրապետության Նախագահը համաներում հայտարարելու մասին իր առաջարկությունն ուղարկում է Ազգային ժողովի նախագահին։

2. Ազգային ժողովի նախագահը համաներում հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի առաջարկությունն ստանալուց հետո` 24 ժամվա ընթացքում, այն ուղարկում է իրավական ոլորտը կարգավորող հարցերի մշտական հանձնաժողով, Կառավարություն եւ ընդգրկում Ազգային ժողովի առաջիկա երկօրյա նիստերի օրակարգի նախագծում:

3. Համաներում հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի առաջարկությունը քննարկվում է իրավական ոլորտը ներառող հարցերի մշտական հանձնաժողովի դռնփակ նիստում, որին կարող են մասնակցել պատգամավորները, Հանրապետության Նախագահի եւ վարչապետի լիազորած անձինք:

4. Համաներում հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի առաջարկությունն Ազգային ժողովի նիստում քննարկվում է արտահերթ` սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով: Հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս Հանրապետության Նախագահի, իսկ հարակից զեկուցմամբ՝ իրավական ոլորտը ներառող մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը: Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորները կարող են առաջարկ անել միայն Հանրապետության Նախագահի ներկայացրած առաջարկությունների վերաբերյալ:

5. Եզրափակիչ ելույթում Հանրապետության Նախագահի ներկայացուցիչը կարող է հանել կամ փոփոխության ենթարկել համաներում հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի առաջարկությունները եւ առաջարկել՝

ա) ընդունել Հանրապետության Նախագահի համար ընդունելի առաջարկների հիման վրա կազմված համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումը.

բ) որոշման նախագիծը Հանրապետության Նախագահի համար ընդունելի առաջարկներին համապատասխան վերջնական տեսքի բերելու նպատակով քննարկումը քվեարկության փուլում հետաձգել մինչեւ հաջորդ երկօրյա նիստերի սկիզբը, որը համարվում է ընդունված առանց քվեարկության:

6. Եթե Հանրապետության Նախագահի ներկայացուցչի առաջարկով հարցի քննարկումը քվեարկության փուլում հետաձգվել է, ապա այն վերսկսվում է Հանրապետության Նախագահի ներկայացուցչի՝ մինչեւ 10 րոպե տեւողությամբ ելույթով, որում նա ներկայացնում է կատարված փոփոխությունները եւ  առաջարկում է ընդունել Հանրապետության Նախագահի համար ընդունելի առաջարկների հիման վրա կազմված համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումը:

7. Ազգային ժողովի նախագահը համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում եւ հրապարակում է 24 ժամվա ընթացքում, եթե այդ որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ:

Հոդված 92. Պատերազմ հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի առաջարկության քննարկման կարգը

1. Պատերազմ հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի առաջարկությունը քննարկվում է Ազգային ժողովի հատուկ նիստում՝ սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով, հետեւյալ տարբերությամբ՝

ա) որպես հիմնական զեկուցող հանդես են գալիս Հանրապետության Նախագահը, իսկ հարակից զեկուցմամբ` մշտական հանձնաժողովների մեկական ներկայացուցիչները.

բ) մտքերի փոխանակությանը կարող են մասնակցել միայն խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի մեկական ներկայացուցիչներ.

գ) եզրափակիչ ելույթով հանդես է գալիս միայն Հանրապետության Նախագահը:

2. Ազգային ժողովի նախագահը պատերազմ հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում եւ հրապարակում է անհապաղ, եթե այդ որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ:

Հոդված 93. Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ եւ 14-րդ կետերով նախատեսված միջոցառումների դադարեցման մասին հարցի քննարկման կարգը

1. Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետին համապատասխան՝ Հանրապետության Նախագահը որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին, Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ Սահմանադրության 81-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Ազգային ժողովի կողմից պատերազմ հայտարարվելու դեպքերում հայտարարում է ռազմական դրություն եւ կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք եւ որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին:

2. Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետին համապատասխան՝ սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Հանրապետության Նախագահը, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի եւ վարչապետի հետ,հայտարարում է արտակարգ դրություն, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ եւ այդ մասին ուղերձով դիմում ժողովրդին:

3. Սահմանադրության 81-րդ հոդվածի վերջին մասին համապատասխան՝ Ազգային ժողովը կարող է չեղյալ հայտարարել Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ եւ 14-րդ կետերով նախատեսված միջոցառումների իրականացումը:

4. Ազգային ժողովի նախագահը Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ եւ 14-րդ կետերով նախատեսված միջոցառումները չեղյալ հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում եւ հրապարակում է անհապաղ, եթե այդ որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ:

8. Եթե սույն հոդվածի 4-րդ մասում նշված որոշումը չի ընդունվում, ապա հարցը հանվում է քննարկումից:

Հոդված 94. Միջազգային պայմանագրերի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու  մասին որոշումների ընդունման կարգը

1. Սահմանադրության 81-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Ազգային Ժողովի վավերացմանը ենթակա են այն միջազգային պայմանագրերը.

ա) որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ կամ նախատեսում են պետական սահմանի փոփոխություն,

բ) որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, ազատություններին եւ պարտականություններին,

գ) որոնք ֆինանսական պարտավորություններ են նախատեսում Հայաստանի Հանրապետության համար,

դ) որոնց կիրառումը նախատեսում է օրենքների փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում կամ սահմանում է օրենքներին հակասող նորմեր,

ե) որոնցով նախատեսված է վավերացում,

զ) օրենքով սահմանված այլ դեպքերում.

2. Միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացվում, եթե դա կամ դրանում ամրագրված պարտավորությունները սահմանադրական դատարանի որոշմամբ չեն հակասում Սահմանադրությանը:

3. Եթե վավերացման ներկայացված միջազգային պայմանագրում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա Կառավարությունն այդ պայմանագրին կից ներկայացնում է տեղեկանք՝ օրենքներում փոփոխություններ եւ (կամ) լրացումներ կատարելու աննպատակահարմարության մասին կամ այդ պայմանագրի վավերացումից հետո՝ 30-օրյա ժամկետում, Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում համապատասխան օրենքներում փոփոխություններ եւ (կամ) լրացումներ կատարելու մասին նախագծերը։

4. Ազգային ժողովում միջազգային պայմանագրերի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու, մասին որոշման նախագիծը քննարկվում է սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով: Հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս Հանրապետության Նախագահի ներկայացուցիչը, իսկ հարակից զեկուցումներով՝ արտաքին հարաբերությունների ոլորտը ներառող մշտական հանձնաժողովի եւ Ազգային ժողովի նախագահի կողմից նշանակված այլ գլխադասային հանձնաժողովների ներկայացուցիչները:

5. Միջազգային պայմանագիրը կարող է վավերացման ներկայացվել նաեւ հիմնական զեկուցողի կողմից սահմանված վերապահումներով։

6. Եթե Ազգային Ժողովը միջազգային պայմանագրի վավերացման, հաստատման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու,  մասին որոշումը չի ընդունում, ապա հարցը կարգավորվում է օրենքով սահմանված կարգով:

7. Ազգային Ժողովը միջազգային պայմանագրի վավերացման, հաստատման, կասեցման, կամ չեղյալ հայտարարելու, մասին որոշման հետ միասին, պատգամավորի(ների) առաջարկով կարող է ընդունել համապատասխան հայտարարություն եւ/կամ դրա վերաբերյալ կատարել վերապահումներ կամ վերացնել կատարված վերապահումները, ինչպես նաեւ ընդունել մյուս կողմի՝ նույն պայմանագրի վերաբերյալ կատարված վերապահումները կամ առարկել դրանց դեմ՝ միջազգային իրավունքի նորմերի պահանջներին համապատասխան:

Այդ դեպքում որոշումն ընդունվում է երկու ընթերցմամբ:

8. ՀՀ Կառավարությունը մինչեւ յուրաքանչյուր տարվա փետրվարին 15-ը ՀՀ Ազգային Ժողովին տեղեկանք է ներկայացնում Հայաստանի Հանրապետության անունից կնքված եւ ՀՀ Ազգային Ժողովի կողմից նախորդ տարվա ընթացքում վավերացման որոշում կայացված միջազգային պայմանագրի, ինչպես նաեւ միջազգային այլ պայմանագրերի կատարման ընթացքի (վիճակի) մասին:

ՀՀ Կառավարության տեղեկանքի քննարկումը սկսվում է նույն տարվա մարտ ամսվա առաջին երկօրյա նիստում՝ սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով (որպես հիմնական զեկուցող հանդես է գալիս Կառավարության ներկայացուցիչը) եւ ավարտվում է արտաքին հարաբերությունների ոլորտը ներառող մշտական հանձնաժողովի եւ ՀՀ կառավարության ներկայացուցիչների եզրափակիչ ելույթներով՝ առանց որեւէ փաստաթուղթ ընդունելու:

9. ՀՀ Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովի(ների) խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի պահանջով ՀՀ Կառավարությունը տեղեկանք է ներկայացնում կնքման նախապատրաստվող ՀՀ միջազգային պայմանագրերի մասին:

Հոդված 95. Հանրապետության Նախագահի հրաժարականի ընդունման կարգը

1. Հանրապետության Նախագահը իր  հրաժարականը  պաշտոնապես՝ ներկայացվում է Ազգային ժողովի նախագահին։

2. Հանրապետության նախագահի հրաժարականի ներկայացման օրը Ազգային ժողովի նախագահը այդ մասին հայտարարում է Ազգային Ժողովի նիստում, իսկ նիստ չլինելու դեպքում այդ մասին հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրությամբ:

3. Հանրապետության նախագահը իր հրաժարականը ներկայացնելուց հետո՝ տասնօրյա ժամկետըլրանալուն պես, երկօրյա ժամկետում հրաժարականը կրկին ներկայացնելու դեպքում Ազգային Ժողովի նախագահը հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրությամբ, որում նշվում է նաեւ Հանրապետության նախագահի պարտականությունները կատարելու իր որոշման կամ դրա անհնարիության մասին:

Հոդված 96. Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշման քննարկման կարգը

1. Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու վերաբերյալ որոշման նախագիծը քննարկվում է սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով: Հարակից զեկուցմամբ կարող է հանդես գալ Հանրապետության Նախագահը կամ նրա ներկայացուցիչը, եւ գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը:

2. Եզրափակիչ ելույթում, հեղինակի (հիմնական զեկուցողի) առաջարկով, Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հարցի մասին եզրակացություն ստանալու համար, Ազգային ժողովը, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, դիմում է սահմանադրական դատարան, եւ հարցի քննարկումն ընդմիջվում է մինչեւ Սահմանադրական դատարանի եզրակացության ստանալը:

3. Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա Ազգային ժողովը սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով քննարկում է Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշման նախագիծը, որն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

4. Եթե սահմանադրական դատարանի եզրակացությամբ Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հիմքերը բացակայում են, կամ սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերով սահմանված կարգով Ազգային ժողովի որոշումը չի ընդունվում, ապա հարցը հանվում է քննարկումից:

5. Ազգային ժողովի նախագահը Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում եւ հրապարակում է անհապաղ, եթե այդ որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ:

Միաժամանակ Ազգային Ժողովի նախագահը հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրությամբ, որում նշվում է Հանրապետության Նախագահի պարտականությունները կատարելու իր որոշման կամ դրա անհնարիության մասին:

Հոդված 97. Հանրապետության Նախագահի լիազորությունների կատարման անհնարինության մասին որոշման քննարկման կարգը

1. Սահմանադրության 59-րդ հոդվածին համապատասխան՝ Հանրապետության Նախագահի ծանր հիվանդության կամ նրա լիազորությունների կատարման համար այլ անհաղթահարելի խոչընդոտների առկայության դեպքերում, սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա, Կառավարությունն Ազգային ժողով է ներկայացնում Հանրապետության Նախագահի՝ իր լիազորությունների կատարման անհնարինության մասին առաջարկ:

2. Հարցի քննարկումն սկսվում է արտահերթ Կառավարության ներկայացուցչի՝ մինչեւ 20 րոպե տեւողությամբ զեկուցումով, որից հետո մինչեւ 10-ական րոպե տեւողությամբ կարող են ելույթ ունենալ խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի մեկական ներկայացուցիչներ: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

3. Եթե սահմանադրական դատարանի եզրակացությամբ հարցի քննարկման հիմքերը բացակայում են, կամ սույն հոդվածի 2-րդ մասում նշված որոշումը չի ընդունվում, ապա հարցը հանվում է քննարկումից:

4. Ազգային ժողովի նախագահը Հանրապետության Նախագահի լիազորությունների կատարման անհնարինության մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում եւ հրապարակում է անհապաղ, եթե այդ որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ:

Միաժամանակ Ազգային Ժողովի նախագահը հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրությամբ, որում նշվում է Հանրապետության Նախագահի պարտականությունները կատարելու իր որոշման կամ դրա անհնարիության մասին:

ԳԼՈՒԽ XIII

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

Հոդված 98. Պաշտոնում ընտրելու, նշանակելու, պաշտոնատար անձի հրաժարականի եւ լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին հարցերի քննարկումը

1. Սահմանադրությամբ սահմանված դեպքերում պաշտոնում թեկնածուն առաջադրվում է սահմանադրությամբ այդ իրավասությունը ունեցող պաշտոնատար անձը, իսկ նման իրավասության բացակայության դեպքում՝ պատգամավորը:

2. Ազգային ժողովի նիստում պաշտոնում ընտրելու կամ նշանակելու հարցերը քննարկվում են սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով, հետեւյալ տարբերությամբ՝

ա) պաշտոնում ընտրելու կամ նշանակում կատարելու համար թեկնածուներ առաջադրելու կամ առաջարկություն ներկայացնելու համար հատկացվում է մինչեւ 10 րոպե.

բ) որպես հիմնական զեկուցող հանդես է գալիս առաջադրված թեկնածուն.

գ) առաջադրված թեկնածուն կարող է ինքնաբացարկ հայտնել մինչեւ եզրափակիչ ելույթների ավարտը:

3. Սահմանադրության 83-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով  նախատեսված յուրաքանչյուր պաշտոնում նշանակում կատարելու համար առաջարկվում է մեկ թեկնածու:

4. Եթե որեւէ պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել է երկուսից ավելի թեկնածու, եւ նրանցից ոչ մեկը չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավել թվով ձայներ ստացած երկու թեկնածուները:

5. Եթե քվեարկությանը մասնակցել է երկու թեկնածու, եւ նրանցից ոչ մեկը չի ընտրվել, ապա անցկացվում են նոր ընտրություններ, եւ կարող են առաջադրվել նոր թեկնածություններ:

6. Ազգային ժողովի կողմից ընտրված կամ նշանակված պաշտոնատար անձն իր հրաժարականի մասին գրավոր դիմումը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որի մասին նիստը վարողը հրապարակում է  առաջիկա նիստում: Պաշտոնատար անձի ցանկության դեպքում տեղի է ունենում հրաժարականի արտահերթ քննարկում հետեւյալ կարգով՝

ա) պաշտոնատար անձի  ելույթ՝ 10 րոպե

բ) ելույթներ՝ 3 րոպե

գ) պաշտոնատար անձի  եզրափակիչ ելույթ՝ 5 րոպե:

Պաշտոնատար անձի հրաժարականի քննարկումը չի կարող գերազանցել 45 րոպեն:

Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ 3 օրվա ընթացքում, տվյալ անձը գրավոր դիմումով ՝

ա) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նիստը վարողն առաջիկա նիստում Ազգային ժողովին տեղեկացնում է այդ մասին.

բ) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա հրաժարականը համարվում է ընդունված:

7. Ազգային ժողովի կողմից ընտրված կամ նշանակված պաշտոնատար անձի (բացառությամբ մարդու իրավունքների պաշտպանի) լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող են ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի մեկ երրորդի կողմից:

Սույն մասի 1-ին պարբերությունում նշված նախաձեռնությունն իրականացվում է Աշխատակազմից ստացված ձեւաթուղթն ստորագրելու եւ Ազգային ժողովի նախագահին ներկայացնելու միջոցով: Ձեւաթուղթն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո փոփոխման ենթակա չէ: Ձեւաթուղթն ստացման պահից 24 ժամվա ընթացքում Ազգային ժողովի նախագահին չներկայացվելու դեպքում համարվում է մարված: Եթե սահմանված ժամկետում եւ անհրաժեշտ քանակի ստորագրություններով ձեւաթուղթը հանձնվում է Ազգային ժողովի նախագահին, ապա 24 ժամվա ընթացքում Ազգային ժողովում սկսվում է քննարկվել համապատասխան պաշտոնատար անձի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:

Նախագիծը քննարկվում է սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով: Որպես հարակից զեկուցող հանդես է գալիս որոշման նախագծում նշված պաշտոնատար անձը:

8. Ազգային ժողովի կողմից պաշտոնում ընտրությունը, նշանակումը, ինչպես նաեւ պաշտոնատար անձի հրաժարականն ընդունելու եւ նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին Ազգային ժողովի որոշումներն ընդունվում են գաղտնի քվեարկությամբ:

Հոդված 99. Պատգամավորին կալանավորելու, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու համար համաձայնություն տալու կարգը

1. Պատգամավորին ձեռբակալելու, որպես մեղադրյալ ներգրավելու, կալանավորելու կամ նրա նկատմամբ  դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համար համաձայնություն տալու մասին միջնորդագիրը Գլխավոր դատախազը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որն այդ մասին անմիջապես տեղեկացնում է պատգամավորին եւ ապահովում միջնորդագրի տրամադրումը պատգամավորներին՝ Ազգային ժողովի նստավայրում:

2. Ազգային ժողովում միջնորդագիրը քննարկվում է սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով, հետեւյալ տարբերությամբ՝

ա) մինչեւ 20 րոպե տեւողությամբ ելույթով հանդես են գալիս Գլխավոր դատախազը եւ միջնորդագրում նշված պատգամավորը, որոնց կարող են տրվել հարցեր.

բ) մտքերի փոխանակության ընթացքում կարող են ելույթ ունենալ միայն պատգամավորները.

գ) մինչեւ 20 րոպե տեւողությամբ եզրափակիչ ելույթով հանդես են գալիս միջնորդագրում նշված պատգամավորը եւ Գլխավոր դատախազը:

3. Եթե հարցի քննարկումն սկսվելիս միջնորդագրում նշված պատգամավորը նիստին ներկա չէ (սահմանված կարգով գրանցված չէ), եւ նա իր բացակայության պատճառի մասին նախապես չի տեղեկացրել Ազգային ժողովի նախագահին կամ տեղեկացրել է, սակայն վերջինիս կողմից այն հարգելի չի համարվել, ապա տվյալ հարցն Ազգային ժողովում քննարկվում է առանց այդ պատգամավորի մասնակցության:

4. Պատգամավորին ձեռբակալելու,որպես մեղադրյալ ներգրավելու, կալանավորելու, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումներն ընդունվում են գաղտնի քվեարկությամբ, քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

Հոդված 100. Նստաշրջանի ընթացքում քվեարկություններից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունների դադարման կարգը

1. Պատգամավորի մասնակցությունը քվեարկություններին հաշվառում է Աշխատակազմը:

2. Աշխատակազմը յուրաքանչյուր ամսվա առաջին շաբաթվա ընթացքում պատգամավորներին տեղեկանք է տալիս նախորդ ամսվա կամ նստաշրջանի ընթացքում քվեարկություններից նրանց բացակայության մասին:

3. Քվեարկությունից պատգամավորի բացակայությունը համարվում է հարգելի, եթե՝

ա) նրա գործունակությունը վերականգնվելուց հետո՝ երկօրյա ժամկետում, մշտական հանձնաժողովի նախագահին կամ Աշխատակազմի ղեկավարին ներկայացվում է անաշխատունակության թերթիկ.

բ) քվեարկությունից հետո` երկօրյա ժամկետում, իր բացակայության պատճառի մասին նա պաշտոնապես տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին, եւ այն վերջինիս կողմից համարվում է հարգելի.

գ) քվեարկությունից առաջ Ազգային ժողովի նիստում նա հանդես է եկել տվյալ քվեարկությանը մասնակցելուց հրաժարվելու մասին հայտարարությամբ:

դ) խմբակցության կամ պատգամավորական խմբի ղեկավարը կամ քարտուղարը քվեարկությունից առաջ Ազգային ժողովի նիստում հանդես է եկել տվյալ քվեարկությանը խմբակցության կամ խմբի նիստում գրանցված բոլոր անդամների մասնակցելուց հրաժարվելու մասին հայտարարությամբ:

4. Սույն հոդվածի 3-րդ մասի «դ» կետով սահմանված կարգով քվեարկություններին մասնակցելուց խմբակցության կամ պատգամավորական խմբի հրաժարումը հարգելի է համարվում Ազգային ժողովի տվյալ գումարման միայն մեկ նստաշրջանում:

5. Պատգամավորն առնվազն 7 օր առաջ գրավոր տեղեկացվում է Ազգային ժողովի նիստում իր բացակայությունների հարցի քննարկման մասին: Պատգամավորի բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է երկու անգամ՝ մեկական շաբաթով, որից հետո այն քննարկվում է հաջորդ երկօրյա նիստում՝ անկախ նրա ներկայությունից:

Հոդված 101. Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրի ներկայացումը եւ քննարկումը

1. Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրի նախագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում բյուջետային տարին սկսվելուց առնվազն 100 օր առաջ:

2. Վերահսկիչ պալատի տարեկան ծրագրի նախագծի քննարկումն Ազգային ժողովի նիստում սկսվում է ոչ ուշ, քան բյուջետային տարվան նախորդող տարվա հոկտեմբեր ամսվա առաջին երկօրյա նիստում:

3. Վերահսկիչ պալատի տարեկան ծրագրի նախագիծն Ազգային Ժողովում քննարկվում է երկու ընթերցմամբ:

4. Ազգային ժողովի նիստում Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրի նախագիծը քննարկվում է սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով:

5. Հիմնական զեկուցմամբ ելույթ է ունենում Վերահսկիչ պալատի նախագահը, իսկ հարակից զեկուցմամբ՝ բյուջետային ոլորտը ներառող մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը:

6. Եթե Ազգային ժողովը չի հաստատում Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագիրը, ապա ամփոփաթերթիկում ընդգրկված բոլոր առաջարկությունները քվեարկվում են առանձին-առանձին՝ առանց քննարկման:

7. Ընդունված առաջարկությունների հիման վրա կազմվում է Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագիրը:

8. Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծն օրակարգ է ընդգրկվում եւ քննարկվում է սույն օրենքի 56-րդ եւ 57-րդ հոդվածներով եւ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով:

Հոդված 102. Վերահսկիչ պալատի վերահսկողական աշխատանքների արդյունքների հաշվետվության քննարկումը

1. Վերահսկիչ պալատի տարեկան ոչ պակաս, քան մեկ անգամ, Ազգային ժողով է ներկայացնում Վերահսկիչ պալատի վերահսկողական աշխատանքների արդյունքների հաշվետվությունը՝ բյուջետային տարվա ավարտից հետո ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում, որի Ազգային ժողովում քննարկվում է մինչեւ տվյալ հերթական նստաշրջանի ավարտը:

2. Վերահսկիչ պալատի հաշվետվությունն Ազգային ժողովում քննարկվում է սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով:

3. Քննարկման ընթացքում հիմնական զեկուցմամբ ելույթ է ունենում Վերահսկիչ պալատի նախագահը, իսկ հարակից զեկուցմամբ՝ բյուջետային ոլորտը ներառող հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը:

4. Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկման ընթացքում Կառավարությունն ունի հարակից զեկուցման եւ երկու արտահերթ ելույթի իրավունք:

5. Եթե Վերահսկիչ պալատի հաշվետվությունը հաստատելու մասին Ազգային ժողովի որոշումը քվեարկության արդյունքում չի ընդունվում, ապա պատգամավորների առնվազն մեկ երրորդը սույն օրենքի 54-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով կարող է 24 ժամվա ընթացքում ներկայացնել Ազգային ժողովի որոշման նախագիծ՝ Վերահսկիչ պալատի նախագահի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին։

6. Եթե սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով Վերահսկիչ պալատի նախագահի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, կամ այդ մասին որոշում չի ընդունվում, կամ այդպիսի որոշման նախագիծ չի ներկայացվում, ապա ներկայացված հաշվետվությունը համարվում է հաստատված:

Հոդված 103. Կենտրոնական բանկի տարեկան դրամավարկային քաղաքականության ծրագրի հրապարակումը

1. Յուրաքանչյուր տարի, բյուջեն հաստատվելուց հետո՝ 10 օրվա ընթացքում, Կենտրոնական բանկն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում առաջիկա տարվա դրամավարկային քաղաքականության ծրագիրը (Աշխատակազմին տրամադրելով 140 օրինակ), որը հրապարակվում է բյուջեն հաստատվելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

2. Ազգային ժողովի նախագահը Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագիրն ստանալուց հետո՝ երկօրյա ժամկետում, այն ուղարկում է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ եւ Կառավարություն:

3. Ազգային ժողովի նիստում Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագիրը հրապարակելու համար Կենտրոնական բանկի նախագահին տրվում է մինչեւ 40 րոպե:

4. Մինչեւ 20-ական րոպե տեւողությամբ հարակից զեկուցումներով ելույթ են ունենում Կառավարության եւ բյուջետային ոլորտը ներառող հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչները:

5. Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրի քննարկումն իրականացվում է սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով եւ ավարտվում է ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցչի եւ Կենտրոնական բանկի նախագահի եզրափակիչ ելույթներով՝ առանց որեւէ փաստաթուղթ ընդունելու:

Հոդված 104. Կենտրոնական բանկի տարեկան հաշվետվության հրապարակումը

1. Կենտրոնական բանկը, մինչեւ յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված նախորդ ֆինանսական տարվա իր տարեկան հաշվետվությունը, որը հրապարակվում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանում՝ բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը քննարկելուց առաջ:

2. Ազգային ժողովի նախագահը Կենտրոնական բանկի տարեկան հաշվետվությունն ստանալուց հետո՝ երկօրյա ժամկետում, այն ուղարկում է մշտական հանձնաժողովներ, Կառավարություն եւ Վերահսկիչ պալատ:

3. Ազգային ժողովի նիստում Կենտրոնական բանկի տարեկան հաշվետվությունը հրապարակելու համար Կենտրոնական բանկի նախագահին տրվում է մինչեւ 40 րոպե:

4. Մինչեւ 20-ական րոպե տեւողությամբ հարակից զեկուցումներով ելույթ են ունենում՝

ա) Վերահսկիչ պալատի նախագահը՝ ներկայացնելով հաշվետվության վերաբերյալ Վերահսկիչ պալատի եզրակացությունը.

բ) բյուջետային ոլորտը ներառող մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը՝ ներկայացնելով հաշվետվության վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը.

գ) Կառավարության ներկայացուցիչը՝ ներկայացնելով հաշվետվության վերաբերյալ Կառավարության եզրակացությունը:

5. Կենտրոնական բանկի տարեկան հաշվետվության քննարկումն իրականացվում է սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով եւ ավարտվում է եզրափակիչ ելույթներով՝ առանց որեւէ փաստաթուղթ ընդունելու:

Հոդված 105. Հաշվետվությունների, ծրագրերի եւ հաղորդումների քննարկման կարգը

1. Օրենքով նախատեսված դեպքերում հաշվետվությունները, ծրագրերը եւ հաղորդումներն Ազգային ժողովի նիստում քննարկվում են հատուկ ընթացակարգով՝ սույն օրենքի 61-րդ հոդվածով սահմանված կարգով, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

2. Օրենքով նախատեսված դեպքերում որպես օրենք հաստատվող հաշվետվություններն (ծրագրերը) Ազգային ժողովում քննարկվում են երկու ընթերցմամբ։

ԳԼՈՒԽ XIV

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՀԱՐՑԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

Հոդված 106. Կառավարությանը հարցերով դիմելու կարգը

1. Սահմանադրության 80-րդ հոդվածին համապատասխան՝ պատգամավորներն իրավունք ունեն հարցերով դիմել Կառավարությանը:

2. Պատգամավորը մեկ ամսվա ընթացքում Կառավարությանը կարող է դիմել երկուական գրավոր եւ բանավոր հարցով:

3. Հերթական նստաշրջանի երկօրյա նիստերի յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա վերջին նիստում վարչապետը եւ Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին:

4. Գրավոր հարցը պատգամավորը հանձնում է Աշխատակազմ, որը նույն օրն այն ուղարկում է Կառավարություն: Հարցն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, վարչապետը կամ նրա հանձնարարությամբ՝ Կառավարության համապատասխան անդամն Ազգային ժողովի նիստում պատասխանում է հարցին՝ այդ մասին վաղօրոք տեղյակ պահելով պատգամավորին եւ Աշխատակազմին: Պատգամավորն իր հարցի պատասխանն ստանում է գրավոր:

5. Գրավոր հարցերի պատասխանները տրվում են ըստ դրանց ստացման հաջորդականության՝ պատասխանը պատրաստ լինելուն պես, եթե պատգամավորը չի հրաժարվում իր հարցը հնչեցնելուց:

6. Պատգամավորը երեք րոպեի ընթացքում խոսափողից ներկայացնում է Կառավարությանն ուղղած իր գրավոր հարցը, որին հետեւում է վարչապետի կամ Կառավարության անդամի՝ մինչեւ երեք րոպե տեւողությամբ պատասխանը: Պատգամավորը կարող է երկու րոպեի ընթացքում արտահայտել իր կարծիքը պատասխանի վերաբերյալ, որին վարչապետը կամ Կառավարության անդամը կարող է արձագանքել մինչեւ երկու րոպե տեւողությամբ պատասխանով:

7. Եթե գրավոր հարցերին պատասխանելուց հետո նիստի ժամանակը չի սպառվում, ապա պատգամավորները սույն հոդվածի 6-րդ մասով եւ սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով Կառավարությանը կարող են տալ բանավոր հարցեր, որոնցից յուրաքանչյուրը պետք է վերաբերի Կառավարության մեկ անդամի իրավասությանը վերապահված ոլորտին:

8. Սույն հոդվածով սահմանված կարգը չի սահմանափակում պատգամավորի իրավունքը՝ ուղղակի գրավոր դիմել Կառավարություն եւ օրենքով սահմանված կարգով ստանալ պատասխան:

Հոդված 107. Կառավարությանը հարցապնդումներով դիմելու կարգը

1. Խմբակցությունները եւ պատգամավորական խմբերը Սահմանադրության 80-րդ հոդվծի համաձայն իրավունք ունեն հարցապնդումներով դիմելու կառավարությանը:

2. Հարցապնդումները ներկայացվում են գրավոր եւ քննարկումից առնվազն տասն օր առաջ։

3. Խմբակցությունները եւ պատգամավորական խմբերը մեկ նստաշրջանի ընթացքում Կառավարությանը կարող են դիմել երկուսից ոչ ավելի հարցապնդումներով:

4. Հերթական նստաշրջանի յուրաքանչյուր ամսվա երկրորդ եւ չորրորդ շաբաթներին տեղի ունեցող երկօրյա նիստերի յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա առաջին եւ երկրորդ նիստերում Կառավարության կողմից լիազորված Կառավարության անդամները պատասխանում են խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի հարցապնդումներին:

5. Հարցապնդումը ներկայացվում է գրավոր՝ Ազգային ժողովի նախագահին: Ազգային ժողովի նախագահը ստանալով հարցապնդումը, այդ մասին հայտարարում է Ազգային ժողովի առաջիկա նիստում եւ փոխանցում է Ազգային ժողովի Աշխատակազմին:

6. Հարցապնդումը Աշխատակազմը անմիջապես ուղարկում է Կառավարություն:

7. Խմբակցությունները եւ պատգամավորական խմբերը իրավունք ունեն ցանկացած ժամանակ հետ կանչել իրենց հարցապնդումը:

8. Հարցապնդման պաշտոնական գրավոր պատասխանը 7-օրյա ժամկետում ուղարկվում է Ազգային ժողովի նախագահին եւ այն խմբակցությանը կամ պատգամավական խմբին, որի կողմից արվել է հարցապնդումը:

9. Եթե Կառավարությունը սահմանված ժամանակում չի կարող պատասխանել, ապա նա պարտավոր է գրավոր հիմնավորել դա եւ առաջարկել իր ժամանակը, որը չպետք է գերեզանցի 14 օրը՝ հաշված հարցապնդումը ստանալու օրվանից: Այն դեպքում, երբ նրա հիմնավորումները չեն բավարարում հեղինակներին, ապա դրա քննարկումը պետք է իրականացվի սահմանված ժամանակում:

10. Եթե ստացված պատասխանը խմբակցությանը կամ պատգամավորական խմբին չի բավարարում, ապա այդ մասին գրավոր տեղյակ է պահվում Ազգային Ժողովի նախագահին եւ Կառավարությանը՝ պահանջելով նոր պատասխան, որը նրանց պետք է տրվի 3-օրա ժամկետում:

11. Եթե հարցապնդման հեղինակին այդ դեպքում էլ չի բավարարում պատասխանը, ապա նա կարող է Ազգային Ժողովին նսրկայացնել որոշման նախագիծ, որով Ազգային Ժողովը գնահատական է տալիս պատասխանին:

Նշված որոշման նախագիծը քննարկվում է սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով:

12. Եթե սույն օրենքի 36-րդ հոդվածով հարցապնդումներին հատկացված նիստերի ընթացքում հարցապնդումների քննարկումները չեն ավարտվում, ապա դրանք շարունակվում են դրանց համար նախատեսված առաջիկա նիստերում:

Եթե սույն օրենքի 36-րդ հոդվածով հարցապնդումներին հատկացված նիստերի ընթացքում հարցապնդումների քննարկումները ավելի շուտ են ավարտվում, ապա շարունակվում են քննարկվել երկօրյա նիստերի օրակարգում ընդգրկված հարցերը:

Հոդված 108. Կառավարության գործունեության ծրագրի ներկայացումը եւ Կառավարության վստահության հարցը

1. Կառավարությունն իր կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, Ազգային ժողով է ներկայացնում իր ծրագիրը։ Կառավարության ծրագրին Ազգային ժողովի կողմից հավանություն տալու հարցը քննարկվում է արտահերթ եւ քվեարկության դրվում այն ներկայացվելուց հետո՝ հնգօրյա ժամկետում: Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին որոշումն ընդունվում է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

2. Հարցի քննարկումն սկսվում է Կառավարության գործունեության ծրագիրն ստանալուց հետո՝ 48 ժամվա ընթացքում:

3. Կառավարության գործունեության ծրագիրը ներկայացնելու եւ Կառավարության վստահության հարցը դնելու համար վարչապետին տրվում է մինչեւ մեկ ժամ:

4. Ներկայացված ծրագրի վերաբերյալ վարչապետին սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով տրվում են հարցեր, որից հետո նիստն ընդհատվում է եւ վերսկսվում Կառավարության վստահության հարցը դնելուց 24 ժամ հետո։

5. Եթե սույն օրենքի 109-րդ հոդվածով սահմանված կարգով Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ չի ներկայացվում, կամ այն ներկայացվում է, բայց քվեարկության արդյունքում չի ընդունվում, ապա Կառավարության գործունեության ծրագիրը համարվում է հավանության արժանացած:

Հոդված 109. Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագծի քննարկման կարգը

1. Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը կարող է ներկայացվել՝

ա) Հանրապետության նախագահի  կողմից .

բ) պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից:

2. Սույն հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետում նշված նախաձեռնությունն իրականացվում է Աշխատակազմից ստացված ձեւաթուղթն ստորագրելու եւ Ազգային ժողովի նախագահին ներկայացնելու միջոցով: Ձեւաթուղթն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո փոփոխման ենթակա չէ: Ձեւաթուղթն ստացման պահից 24 ժամվա ընթացքում Ազգային ժողովի նախագահին չներկայացվելու դեպքում համարվում է մարված: Եթե սահմանված ժամկետում եւ անհրաժեշտ քանակի ստորագրություններով ձեւաթուղթը հանձնվում է Ազգային ժողովի նախագահին, ապա 24 ժամվա ընթացքում Ազգային ժողովում սկսվում է քննարկվել Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը:

3. Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քննարկվում է սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով, հետեւյալ տարբերությամբ՝

ա) մինչեւ 30 րոպե տեւողությամբ զեկուցումով հանդես է գալիս հարցը նախաձեռնող Հանրապետության նախագահը(նրա ներկայացուցիչը) կամ պատգամավորների ներկայացուցիչը, որից հետո նույն տեւողությամբ հարակից զեկուցումով հանդես է գալիս վարչապետը.

բ) մինչեւ 30 րոպե տեւողությամբ եզրափակիչ ելույթով հանդես են գալիս հարցը նախաձեռնող Հանրապետության նախագահը(նրա ներկայացուցիչը կամ պատգամավորների ներկայացուցիչը եւ վարչապետը:

4. Սույն հոդվածի 1-ին մաս եւ նշված դեպքերում Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան 48 եւ ոչ ուշ, քան 72 ժամվա ընթացքում:

5. Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

6. Վերոհիշյալ որոշումն ընդունվելու դեպքում վարչապետը Հանրապետության Նախագահին դիմում է ներկայացնում Կառավարության հրաժարականի մասին:

Հոդված 110. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման հաստատումը

1. Սահմանադրության 82-րդ հոդվածին համապատասխան՝ Ազգային ժողովը Կառավարության առաջարկությամբ սահմանում է Հանրապետության վարչատարածքային բաժանումը:

2. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծն Ազգային ժողովում առաջադրվում, շրջանառության մեջ է դրվում եւ հերթական նստաշրջանի, երկօրյա նիստերի օրակարգ է ընդգրկվում սույն օրենքի 52-րդ, 53-րդ եւ 56-րդ հոդվածներով սահմանված կարգով:

3. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է երեք ընթերցմամբ՝ սույն օրենքի 8-րդ գլխով սահմանված կարգով:

Հոդված 111. Պետական գույքի մասնավորեցման ընթացիկ տարվա ծրագրի կատարման մասին Կառավարության հաշվետվությունը

1. Կառավարությունը պետական գույքի մասնավորեցման ընթացիկ տարվա ծրագրի կատարման մասին հաշվետվությունն Ազգային ժողով է ներկայացնում մինչեւ հաջորդ տարվա ապրիլի 1-ը։

2. Ազգային ժողովի նախագահը վերոհիշյալ հաշվետվությունն ստանալուց հետո՝ երկօրյա ժամկետում, այն ուղարկում է մշտական հանձնաժողովներ եւ Վերահսկիչ պալատ:

3. Ազգային ժողովի նիստում հաշվետվությունը ներկայացնելու համար Կառավարության ներկայացուցչին տրվում է 40 րոպե:

4. Մինչեւ 20-ական րոպե տեւողությամբ հարակից զեկուցումներով ելույթ են ունենում՝

ա) Վերահսկիչ պալատի նախագահը՝ ներկայացնելով հաշվետվության վերաբերյալ Վերահսկիչ պալատի եզրակացությունը.

բ) բյուջետային ոլորտը ներառող հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը՝ ներկայացնելով հաշվետվության վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը:

5. Հաշվետվությունը քննարկվում է սույն օրենքի 57-րդ հոդվածով եւ 105-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ XV

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 112. Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունը

1. Հերթական նստաշրջանի եւ երկօրյա նիստերի օրակարգերի նախագծերը, ինչպես նաեւ սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ, 80-րդ հոդվածի 3-րդ, 88-րդ հոդվածի 3-րդ, 114-րդ հոդվածի 4-րդ եւ 115-րդ հոդվածի 2-րդ մասերով նախատեսված հարցերը նախապես քննարկվում են, որպես կանոն, ուրբաթ օրը՝ ժամը 16-ին հրավիրվող Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունում, որին մասնակցում են Ազգային ժողովի նախագահը, նրա տեղակալները, մշտական հանձնաժողովների նախագահները, խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի ղեկավարները, Հանրապետության Նախագահի եւ վարչապետի լիազորած ներկայացուցիչները, Ազգային ժողովի նախագահի հրավիրած անձինք, ինչպես նաեւ Ազգային Ժողովի նախագահին նախօրոք գրավոր հարցերով դիմած պատգամավորները:

2. Ազգային Ժողովի աշխատանքային խորհրդակցության ավարտից առաջ՝ մասնակիցները, (բացի Ազգային Ժողովի Նախագահի հրավիրած անձանցից) մեկ ժամվա ընթացքում, սույն օրենքի հոդված 106-ում սահմանված կարգով, պատասխանում են պատգամավորների հարցերին:

3. Աշխատանքային խորհրդակցության արձանագրությունն ստորագրում է նիստը վարողը:

4. Հաշվի առնելով աշխատանքային խորհրդակցությունում ներկայացված առաջարկությունները՝ Ազգային ժողովի նախագահը հաստատում է հերթական նստաշրջանի օրակարգը, դրանում լրացումների կատարումը եւ երկօրյա նիստերի օրակարգի նախագծերը եւ դրանք ներկայացնում է Ազգային ժողովի քննարկմանը:

Հոդված 113. Աշխատակազմի գործունեությունը

Ազգային ժողովի նորմատիվ, փորձագիտական, իրավաբանական, կազմակերպչական, փաստաթղթային, վերլուծական, տեղեկատվական, ֆինանսատնտեսական եւ նյութատեխնիկական գործունեությունն ապահովում է Աշխատակազմը, որն ստեղծվում է օրենքով սահմանված կարգով եւ գործում է օրենքների եւ իր կանոնադրության հիման վրա:

Հոդված 114. Ազգային ժողովի աշխատանքների լուսաբանումը

1. Ազգային ժողովը կարող է ունենալ իր տպագիր օրգանները:

2. Ազգային ժողովի դռնբաց նիստերը հեռարձակվում են Հանրային ռադիոընկերության ուղիղ եթերով, եթե Ազգային ժողովն այլ որոշում չի ընդունում:

3. Զանգվածային լրատվության միջոցներով Ազգային ժողովի աշխատանքի լուսաբանումը կազմակերպում է Աշխատակազմը, որը՝

ա) իրականացնում է Հանրային հեռուստառադիոընկերությամբ հեռարձակման ենթակա Ազգային ժողովի պաշտոնական հաղորդագրության (տեղեկատվության) արտադրությունը.

բ) իրականացնում է սույն օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պատգամավորների հայտարարությունների տեսագրությունը, ինչպես նաեւ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված «Խորհրդարանական ժամ» հեռուստահաղորդաշարի եւ այլ հաղորդումների արտադրությունը.

գ) անցկացնում է Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների, հանձնաժողովների, խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի ճեպազրույցներ, մամուլի ասուլիսներ.

դ) Ազգային ժողովի դռնբաց նիստում պատգամավորների մասնակցության եւ անհատական քվեարկությունների արդյունքները տեղադրում է Ազգային ժողովի ինտերնետային կայքում.

ե) թողարկում է տեղեկատվական բնույթի այլ նյութեր:

4. Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի խորհրդարանական գործունեության լուսաբանումն իրականացնում է Աշխատակազմը՝ «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարի միջոցով: Ազգային ժողովի նախագահի սահմանած հերթականությամբ, իրենց տեսակետները ներկայացնելու համար միեւնույն հաղորդման ընթացքում (ընդհանուր տեւողությունը՝ մինչեւ 1 ժամ) հանձնաժողովներին, խմբակցություններին եւ պատգամավորական խմբերին (հավասար մասնակցությամբ), ինչպես նաեւ դրանցում չընդգրկված պատգամավորներին, տրամադրվում է մինչեւ 3-ական րոպե, որից հետո մինչեւ 15 րոպե տրամադրվում է Աշխատակազմին՝ խորհրդարանական իրադարձությունները լուսաբանելու համար:

Ազգային ժողովի խմբակցությունները եւ պատգամավորական խմբերը յուրաքանչյուր ամիս 15 րոպե տեւողությամբ Հանրային հեռուստատեսությամբ կարող են ներկայացնել իրենց տեսակետները:

5. Սույն օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ  եւ 5-րդ մասերով նախատեսված նիստերի տեսագրությունների, ինչպես նաեւ Ազգային ժողովի նիստերի ուղիղ հեռարձակումների եւ Ազգային ժողովի որոշմամբ սահմանված դեպքերում Ազգային ժողովի նիստերի տեսագրությունների (ձայնագրությունների) արտադրությունն իրականացնում է Հանրային հեռուստառադիոընկերությունը:

6. Ազգային ժողովի գործունեության մասին պաշտոնական հաղորդագրությունների (տեղեկատվությունների) վերաբերյալ Ազգային ժողովի նախագահին առաջարկություն ներկայացնելու իրավունք ունեն Ազգային ժողովի նախագահի տեղակալները, հանձնաժողովների նախագահները, խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի ղեկավարները:

Հոդված 115. Միջխորհրդարանական կապերը

1. Ազգային ժողովը կարող է այլ երկրի օրենսդիր կամ բարձրագույն ներկայացուցչական մարմնի հետ կնքել միջխորհրդարանական համաձայնագիր, որով կարգավորվում են բարեկամության եւ համագործակցության, փորձի փոխանակման, փոխօգնության, բարեկամական խմբեր կազմելու, պատվիրակությունների փոխանակության եւ այլ հարաբերություններ:

2. Միջխորհրդարանական համաձայնագիր է համարվում ցանկացած գրավոր համաձայնություն, որը ձեւակերպվել է համաձայնագրի, հուշագրի, արձանագրության կամ միջազգային ասպարեզում ընդունված այլ անվամբ փաստաթղթի տեսքով եւ Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունում քննարկվելուց հետո ստորագրվել է Ազգային ժողովի նախագահի կողմից:

3. Միջխորհրդարանական համաձայնագիր ստորագրելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ Ազգային ժողովի նախագահը, նրա տեղակալները, խմբակցությունները, պատգամավորական եւ բարեկամական խմբերը եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը:

4. Եթե միջխորհրդարանական համաձայնագիր կնքելու առաջարկությամբ հանդես է եկել այլ երկրի օրենսդիր կամ բարձրագույն ներկայացուցչական մարմին, ապա այն քննարկվում է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում եւ մեկշաբաթյա ժամկետում ներկայացվում Ազգային ժողովի նախագահին:

5. Այլ երկիր գործուղման մեկնած պատգամավորը վերադառնալուց հետո՝ 10-օրյա ժամկետում, Աշխատակազմին ի պահ է հանձնում կատարված աշխատանքների մասին իր տեղեկանքը:

117. Բարեկամական խմբեր կազմելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ  Ազգային Ժողովի խմբակցությունը, պատգամավորական խումբը, ինչպես նաեւ առնվազն երեք պատգամավորներից կազմված խումբը: Բարեկամական խմբեր կազմելու մասին հայտարարությունը ներկայացվում է Ազգային Ժողովի Նախագահին, որը 24 ժամվա ընթացքում հաստատում է այն իր կարգադրությամբ եւ հրապարակում Ազգային Ժողովի առաջիկա նիստում:

Բարեկամական խմբերի թվակազմը չի սահմանափակվում եւ ԱԺ յուրաքանչյուր պատգամավոր Ազգային Ժողովի Նախագահին եւ բարեկամական խմբի ղեկավարին ուղղված գրավոր դիմումով կարող է համալրել խմբի կազմը կամ դուրս գալ խմբից:

Բարեկամական խմբերի բնականոն աշխատանքն ապահովում է Ազգային Ժողովի աշխատակազմը:

ԳԼՈՒԽ XVI

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

(Այս գլուխը կշարադրվի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո):

ԳԼՈՒԽ XVI

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 118. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ իր փոփոխություններով եւ լրացումներով հանդերձ:
 

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը նպատակ ունի. «Ազգային Ժողովի կանոնակարգը» համապատասխանեցնել 2005թ. նոյեմբերի 27-ի հանրաքվեի արդյունքում ընդունված «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների» տառին եւ ոգուն: