Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-756-10.01.2024-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի՝

1) 126-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«7. Շահութահարկի վճարումից ազատվում են ազատ տնտեսական գոտու շահագործող համարվող շահութահարկ վճարողները՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված ազատ տնտեսական գոտում իրականացվող գործունեությունից Հայաստանի Հանրապետության աղբյուրներից կամ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող եկամուտների մասով:»:

2) 363-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«3. Գործարքը համարվում է վերահսկվող, եթե այն կատարվում է (կատարվել է)՝

1) հարկ վճարողի եւ հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկրում (աշխարհագրական տարածքում) գրանցված անձի միջեւ` անկախ այդ հարկ վճարողի եւ այդ անձի միջեւ փոխկապակցվածության հանգամանքից.

2) ռեզիդենտ եւ ազատ տնտեսական գոտու շահագործող համարվող՝ ռեզիդենտ անձանց միջեւ՝ անկախ այդ անձանց միջեւ փոխկապակցվածության հանգամանքից:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՕՐԻՆԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ)

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՏՀԶԿ Հարկման բազայի քայքայումը եւ շահույթի տեղափոխումը (BEPS) ծրագրի 5-րդ միջոցառման (Harmful tax practices) տեղայնացման աշխատանքների շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում գործող ազատ տնտեսական գոտիների (ԱՏԳ) շահագործողների համար սահմանված արտոնությունները որպես «վնասակար» հարկային ռեժիմներ սահմանելու հետ կապված հարցերի լուծման նպատակով ՀՀ վարչապետի աշխատակազմից տրված հանձնարարականի կատարումն ապահովելու հետ:

Հարկ է ընդգծել, որ BEPS ծրագրի 5-րդ միջոցառման (Harmful tax practices) տեղայնացման աշխատանքների շրջանակներում ծրագրի քարտուղարության կողմից եւ այնուհետեւ նաեւ ԵՄ բարեվարքության խմբի կողմից Հայաստանի Հանրապետությունում գործող ԱՏԳ շահագործողներին շահութահարկից ազատման արտոնությունները որակվել են որպես «վնասակար» հարկային ռեժիմներ:

Այս արտոնությունը որակվել է որպես վնասակար հետեւյալ պատճառներով.

1) նախ, այս մասով ՀՀ օրենսդրությամբ գործում է շահութահարկից (ուղղակի հարկերից) ազատման արտոնություն,

2) արտոնյալ ռեժիմը կիրառելի է նաեւ աշխարհագրորեն հեշտ տեղափոխվող գործունեության տեսակներից (geographically mobile activities) ստացվող եկամուտների նկատմամբ: Այստեղ հատկանշական է, որ ԵՄ շրջանակներում գործող ստանդարտների կիրառության շրջանակն ավելի ընդգրկուն է, եւ այդ ստանդարտները կիրառելի են ոչ միայն աշխարհագրորեն հեշտ տեղափոխվող գործունեության տեսակներից ստացվող եկամուտների նկատմամբ, այլ նաեւ գործունեության այլ տեսակներից ստացվող եկամուտների նկատմամբ,

3) արտոնությունը կիրառելի է միայն այն պարագայում, երբ շահութահարկից ազատված եկամուտները ստացվում են ոչ ռեզիդենտներից կամ արտասահմանյան աղբյուրներից (ԱՏԳ-ների դեպքում շահութահարկից ազատման արտոնությունը գործնականում կիրառվում է միայն Հայաստանի Հանրապետությունից ապրանքների եւ ծառայությունների արտահանումից ստացվող եկամուտների նկատմամբ) կամ առնվազն ՀՀ օրենսդրությամբ հստակ սահմանված չէ, որ այդ արտոնությունը կիրառելի է նաեւ հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտների նկատմամբ,

4) սահմանված չեն այնպիսի կարգավորումներ, որոնք հնարավորություն կընձեռեն արտոնությունը կիրառել միայն ՀՀ տարածքում փաստացի ստեղծվող եկամուտների նկատմամբ կամ բացակայում են այնպիսի կարգավորումներ, որոնք կբացառեն այլ երկրներում ձեւավորված եւ այդ երկրներում հարկվող եկամուտները արհեստականորեն Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու եւ այս արտոնության շրջանակներում չհարկելու կարգավորումները (Substantial activity requirement):

Վերոնշյալ խնդիրները լուծելու համար մեր կարծիքով անհրաժեշտ է լինելու ազատ տնտեսական գոտիներին առնչվող հարցերի մասով կատարել անհրաժեշտ փոփոխություններ, որոնք ներկայացված են Օրինագծերի փաթեթում:

Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.

Օրինագծերի փաթեթի ընդունման արդյունքում հնարավոր կդառնա լուծել ՏՀԶԿ Հարկման բազայի քայքայումը եւ շահույթի տեղափոխումը (BEPS) ծրագրի 5-րդ միջոցառման (Harmful tax practices) տեղայնացման աշխատանքների շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում գործող ազատ տնտեսական գոտիների (ԱՏԳ) շահագործողների համար սահմանված արտոնությունները որպես «վնասակար» հարկային ռեժիմներ սահմանելու հետ կապված հարցերը:

Մասնավորապես, «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքում նախատեսվում են հետեւյալ փոփոխությունները.

1) կսահմանվեն պահանջներ, որոնց շրջանակներում կհավաստվի, որ այդ գործունեությունն իրականացվում է արտոնությունից օգտվող հարկ վճարողի կողմից,

2) արտոնությունից օգտվող ընկերություններից կպահանջվի ունենալ արտոնյալ գործունեությունն իրականացնելու համար բավարար քանակի եւ մասնագիտացմամբ աշխատողներ,

3) արտոնությունից օգտվող ընկերություններից կպահանջվի ունենալ բավարար քանակի օպերացիոն ծախսեր, որոնցով կհավաստվի իրականում գործունեություն իրականացնելու հանգամանքը,

4) կսահմանվեն նշված պահանջների նկատմամբ հսկողության կառուցակարգեր, որոնց արդյունքում պահանջներին չբավարարող շահագործողների նկատմամբ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ:

Միաժամանակ, ԱՏԳ շահագործողների գործարար ծրագրերի գնահատման համար կսահմանվի ուղեցույց:

Առաջարկվող նախագծով սահմանվել են նաեւ անցումային դրույթներ գործող ազատ տնտեսական գոտիների գործունեության չխաթարման նպատակով:

Վերոնշյալ խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտ է փոփոխություններ կատարել նաեւ Հարկային օրենսգրքում, մասնավորապես՝ նախատեսվում է հստակեցնել շահութահարկի վճարումից ազատվելու պայմանները` ամրագրելով, որ շահութահարկի վճարումից ազատվում են ազատ տնտեսական գոտու շահագործող համարվող շահութահարկ վճարողները՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված ազատ տնտեսական գոտում իրականացվող գործունեությունից Հայաստանի Հանրապետության աղբյուրներից կամ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող եկամուտների մասով: Բացի այդ, ամրագրվել է, որ գործարքը համարվում է վերահսկվող, եթե այն կատարվում է (կատարվել է)՝

1) հարկ վճարողի եւ հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկրում (աշխարհագրական տարածքում) գրանցված անձի միջեւ` անկախ այդ հարկ վճարողի եւ այդ անձի միջեւ փոխկապակցվածության հանգամանքից.

2) ռեզիդենտ եւ ազատ տնտեսական գոտու շահագործող համարվող՝ ռեզիդենտ անձանց միջեւ՝ անկախ այդ անձանց միջեւ փոխկապակցվածության հանգամանքից:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Օրինագծերի փաթեթն ուղղակիորեն չի բխում որեւէ ռազմավարական փաստաթղթից:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Օրինագծերի փաթեթը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունների կողմից եւ տեղադրվել ՀՀ արդարադատության նախարարության հրապարակման միասնական www.e-draft.am կայքում:

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ.

Օրինագծերի փաթեթի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն