Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-748-20.12.2023-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» 1998 թվականի նոյեմբերի 11-ի ՀՕ-261 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի.

1) 1-ին հինգ պարբերությունները վերաշարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հուշարձանների դասակարգումն իրականացնում է հուշարձանների պահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին)՝ փորձագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

2. Հուշարձաններն ըստ արժեւորման չափանիշների դասակարգվում են համամարդկային, հանրապետական եւ տեղական նշանակության:

ա) Համամարդկային նշանակության կարգին են դասվում հայ ժողովրդի պատմության եւ մշակույթի այն բարձրարժեք հուշարձանները, որոնք իրենց բացառիկությամբ համընդկրկուն քաղաքակրթական արժեք ունեն եւ ընդգրկված են կամ սահմանված կարգով կարող են ընդգրկվել համաշխարհային ժառանգության ցանկում:

բ) Հանրապետական նշանակության կարգին են դասվում ժողովրդի պատմության, նրա նյութական եւ հոգեւոր մշակույթի բարձրարժեք, հնագույն, տիպական հուշարձանները:

գ) Տեղական նշանակության կարգին են դասվում հանրապետության որեւէ տարածաշրջանի պատմությունն ու մշակույթը, նրա առանձնահատկությունները բնութագրող, գեղարվեստական, ինքնատիպ, պատմական կամ հնագիտական նշանակության ունեցող հուշարձանները:»:

2) 6-րդ պարբերությունում «Հուշարձանները» բառից առաջ ավելացնել «3.» թիվը:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածը վերաշարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 7. Հուշարձանների օգտագործման արգելումը քաղաքական, գաղափարախոսական, կրոնական, ռասայական, ազգային խտրականության եւ ռազմական նպատակներով

1. Արգելվում է հուշարձանների օգտագործումը քաղաքական, գաղափարախոսական, կրոնական, ռասայական ու ազգային խտրականության նպատակներով:

2. Արգելվում է զինված ընդհարման կամ պատերազմական գործողությունների ժամանակ հուշարձանների, դրանց անմիջական շրջակայքի եւ պահպանության գոտու օգտագործումն ու վերափոխումն այնպիսի նպատակներով, որոնք կարող են հանգեցնել հուշարձանի ավերմանը կամ վնասվելուն:»

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում.

դ) կետում «վերականգնման» բառից հետո լրացնել «, տեղափոխման, փոփոխման» բառերը:

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածում.

1) բ) կետում «վերականգնման» բառից հետո լրացնել «, տեղափոխման, փոփոխման» բառերը:

2) ժգ) կետում «վերականգնման,» բառից հետո լրացնել «տեղափոխման, փոփոխման,» բառերը:

Հոդված 5. Օրենքի 41-րդ հոդվածի վերնագրում եւ ամբողջ հոդվածում «զբոսաշրջիկություն» բառը փոխարինել «զբոսաշրջություն» բառով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է գործող օրենքում առկա որոշ բացթողումներ լրացնելու, ինչպես նաեւ մշակութային արժեքների պաշտպանության ոլորտում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին համահունչ օրենսդրական ամրագրում ունենալու անհրաժեշտությամբ:

1.1 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքն (այսուհետ՝ Օրենք) ընդունվել է 1998-ին: Անցնող ժամանակահատվածում այն լրամշակվել է, կատարվել են մի շարք փոփոխություններ եւ լրացումներ:

Օրենքի 1.1 հոդվածում (01.03.23 ՀՕ-38-Ն) սահմանվել են հուշարձանների պահպանության եւ օգտագործման ոլորտի հիմնական հասկացությունները, այդ թվում՝ «համամարդկային նշանակության հուշարձան» հասկացությունը, որը սակայն Օրենքի հետագա հոդվածներում չի գործածվել, չի արտացոլվել նաեւ Օրենքի 6-րդ.՝ «Հուշարձանների դասակարգումը» հոդվածում:

Մշակույթի ոլորտում ՀՀ-ն վավերացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 6 կոնվենցիա, կոնվենցիաներին կից 3 արձանագրություն եւ 1 պայմանագիր: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունը միացել է «Զինված ընդհարումների ժամանակ մշակութային արժեքների պահպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիային (այսուհետ՝ Կոնվենցիա), դրա առաջին (1993 թ.) եւ երկրորդ (2006 թ.) արձանագրություններին: Կոնվենցիան եւ նրա երկու արձանագրությունները պարտավորեցնում են կողմերին «հարգել իրենց եւ մյուս կողմերի տարածքներում գտնվող մշակութային արժեքները՝ արգելելով այդ արժեքների, դրանց անմիջական շրջակայքի եւ պաշտպանական կառույցների օգտագործումն այնպիսի նպատակներով, որոնք զինված ընդհարման դեպքում կարող են հանգեցնել այդ արժեքների ավերմանը կամ վնասվելուն»:

Կոնվենցիան ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի ուժով ենթակա է պարտադիր կատարման եւ ուղղված է ՀՀ Սահմանադրության 11-րդ հոդվածի դրույթի կիրառմանը, այն է՝ «Պատմության եւ մշակույթի հուշարձանները, մշակութային այլ արժեքները գտնվում են պետության հոգածության եւ պաշտպանության ներքո»:

Կոնվենցիայի անդամակցությունը պարտավորություն է սահմանում նաեւ օրենսդրական մակարդակում վերջինիս կիրառման եւ արտացոլման համար, սակայն ոլորտային Օրենքում այն արտացոլված չէ:

Օրենքի՝ Կառավարության լիազորությունների շարքում (Հոդված 8) ամրագրված չէ հուշարձանների տեղափոխման եւ փոփոխման կարգը հաստատելու, իսկ լիազոր մարմնի իրավասություններում՝ (Հոդված 9) վերոհիշյալ կարգը մշակելու լիազորությունը:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

ա) Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկում ենք Օրենքի 6-րդ՝ «Հուշարձանների դասակարգումը» հոդվածում կատարել մասնակի խմբագրում եւ ըստ արժեւորման չափանիշի դասակարգման մեջ լրացնել համամարդկային նշանակության հուշարձանների դասակարգումը:

բ) Կոնվենցիայի եւ նրա արձանագրության դրույթին համապատասխան վերաշարադրվել է Օրենքի 7-րդ հոդվածը: Մասնավորապես, 7-րդ հոդվածի վերնագրում հուշարձանների օգտագործման արգելումների մեջ լրացվել է «ռազմական նպատակներով» օգտագործելու արգելանքը: Հոդվածը լրացվել է հետեւյալ բովանդակությամբ նոր 2-րդ կետով. «Զինված ընդհարման կամ պատերազմական գործողությունների ժամանակ արգելվում է հուշարձանների, դրանց անմիջական շրջակայքի եւ պահպանական գոտու օգտագործումն ու վերափոխումն այնպիսի նպատակներով, որոնք կարող են հանգեցնել հուշարձանի ավերմանը կամ վնասվելուն:»

գ) Հոդված 8-ի (դ) կետում, կառավարության իրավասությունների շարքում ամրագրվել է հուշարձանների տեղափոխման եւ փոփոխման կարգի հաստատումը, իսկ լիազոր մարմնի իրավասություններում (Հոդված 9)՝ համապատասխան կարգի մշակումը:

2. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Նախագիծը միտված է մշակութային արժեքների պահպանության գործընթացի շարունակականությանը, պատմամշակութային անշարժ ժառանգության օրենսդրության կատարելագործմանը, մշակութային արժեքների պահպանությանն ուղղված հնարավոր ռիսկերը նվազեցնելուն եւ կանխարգելելուն:

Այն մասնակիորեն կհաղթահարի ՀՀ միջազգային եւ ներազգային պարտականությունները՝ գործող Օրենքը որոշակիորեն համապատասխանեցնելով Կոնվենցիայի պահանջներին:

Նախագիծը որոշ հստակություն կմտցնի կառավարության եւ լիազոր մարմնի իրավասություններում:

3.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը համահունչ է ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման եւ հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությանը եւ դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագրին:

4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված կազմակերպությունները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանի կողմից: Նախաձեռնությանը տեղեկատվական եւ փորձագիտական աջակցություն են ցուցաբերել Հայաստանի ճարտարապետների պալատը եւ Հուշարձանների եւ տեսարժան վայրերի պահպանության միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտեն (ԻԿՕՄՕՍ):

Օրենքի նախագծի մշակման ընթացքում ուսումնասիրվել է հուշարձանների վերաբերյալ միջազգային փորձը:



Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Գրություն