Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-774-05.01.2006-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի դեկտեմբերի 3-ի N ՀՕ-99 օրենքում կատարել հետեւյալ փոփոխությունները եւ լրացումները՝

1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի նախաբանի 3-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Կանոնագրքի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի զինծառայողների վրա:»,

2. 5-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Զինվորական ծառայությունը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ այլ զորքերում պետական ծառայության հատուկ տեսակ է:»,

3. 28-րդ հոդվածում «զինծառայողների նյութական պատասխանատվության մասին կանոնակարգին համապատասխան» բառերը փոխարինել «օրենքով սահմանված կարգով» բառերով,

4. 45-րդ եւ 47-րդ հոդվածներում համապատասխանաբար «ողջունել (հարգանք մատուցել)՝» եւ «ողջունում են (հարգանք են մատուցում) նաեւ՝»» բառերից հետո լրացնել նոր պարբերություն` հետեւյալ խմբագրությամբ.

«- Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրներին (հուշարձաններին).»,

5. 65-րդ հոդվածի 5-րդ պարբերությունում «Պարո՛ն ուսանող » բառերից հետո լրացնել «Կուրսա՛նտ Հովհաննիսյան», «Պարո՛ն կուրսանտ » բառերը:

6. 65-րդ հոդվածի 6-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Ենթականերն ու կրտսերներն իրենց պետերին ու ավագներին դիմում են կոչումով կամ ազգանունով` կոչումից (ազգանունից) առաջ ավելացնելով «պարոն» բառը,

7. 65-րդ հոդվածի 7-րդ պարբերությունում «Ուսանո՛ղ Հովհաննիսյան », «Պարո՛ն Հովհաննիսյան » բառերը փոխարինել «Պարո՛ն կապիտան», «Պարո՛ն Հովհաննիսյան »» բառերով,

8. 65-րդ հոդվածը լրացնել նոր պարբերություններով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Կին զինծառայողներին դիմելու դեպքում նրանց կոչում են զինվորական կոչումով եւ ազգանունով կամ միայն կոչումով կամ ազգանունով` ավելացնելով «տիկին» կամ «հարգելի» բառերը:

Օրինակ` «Ենթասպա՛ Մինասյան» , «լեյտենա՛նտ Կարապետյան» կամ «Տիկի՛ն Մինասյան» , «Տիկի՛ն Կարապետյան» կամ «Տիկի՛ն ենթասպա» , «Տիկի՛ն կապիտան» եւ այլն:»,

9. 94-րդ հոդվածից հետո լրացնել 941 -942 -րդ հոդվածը` հետեւյալ բովանդակությամբ.

«Գնդի հրամանատարի` մարտական հերթապահության գծով տեղակալը

Հոդված 941 . Գնդի հրամանատարի` մարտական հերթապահության գծով տեղակալը խաղաղ եւ պատերազմական ժամանակ պատասխանատու է ` ուղեցույց փաստաթղթերի պահանջների համաձայն մարտական հերթապահության կազմակերպման եւ իրականացման, մարտական հերթապահությունում ընդգրկված ուժերի եւ միջոցների մշտական մարտական կիրառման պատրաստականության եւ նրանց` մինչեւ գնդի պաշտպանությանն անցնելը ղեկավարման, մարտական հերթապահություն ստանձնող ուժերի եւ միջոցների սահմանված կարգով նախապատրաստման ու ժամանակին հերթափոխի կատարման, մարտական հերթապահության մշտապես կատարելագործման, ինժեներական սարքավորումների եւ ամրաշինական կառույցների անվնաս վիճակում պահպանման, ինչպես նաեւ այլ նյութական միջոցների ու սարքավորումների ըստ նշանակության կիրառման, մարտական հերթապահությունում անվտանգության կանոնների սահմանման եւ դրանց կատարման նկատմամբ հսկողության իրականացման համար:

Նա անմիջականորեն ենթարկվում է գնդի հրամանատարին, նրա տեղակալն է եւ գնդի ողջ անձնակազմի ուղղակի պետը: Գնդի հրամանատարի բացակայության դեպքում կատարում է նրա պարտականությունները` վերջինիս ցուցումով:

Գնդի հրամանատարի` մարտական հերթապահության գծով տեղակալի ծառայության առանձնահատկությունները դրսեւորվում են հիմնականում խաղաղ ժամանակ, իսկ պատերազմի ժամանակ նա կատարում է իր պարտականությունները` համաձայն գնդի հրամանատարի կայացրած որոշման եւ գնդի պաշտպանության տեղամասի մեկուսացված (առանձին) ուղղություններից մեկում ղեկավարում է մարտական գործողությունները:

Հոդված 942 . Գնդի հրամանատարի` մարտական հերթապահության գծով տեղակալը մարտական հերթապահության անմիջական կազմակերպիչն է: Նա պարտավոր է `

- իմանալ գնդի մարտական խնդիրն ինչպես պահպանության, այնպես էլ պաշտպանության ժամանակ,

- իմանալ մարտական հերթապահության կազմակերպման եւ իրականացման համար սահմանված ուղեցույց փաստաթղթերի պահանջներն ու ցուցումները, առօրյա ծառայության ընթացքում կիրառել դրանք,

- մասնակցել գնդի մարտական պատրաստության պլանի եւ ամենամսյա մարտական պատրաստության ու զորքերի ծառայության կազմակերպման մասին հրամանների մշակման գործընթացին,

- կազմակերպել եւ վերահսկել մարտական հերթապահություն ստանձնող ստորաբաժանումների նախապատրաստման գործընթացը, ստորաբաժանումների հրամանատարներին ցուցաբերել անհրաժեշտ օգնություն,

- կազմակերպել մարտական հերթապահություն իրականացնող ուժերի ու միջոցների հերթափոխը եւ անձամբ մասնակցել դրան,

- իմանալ հակառակորդի կազմը, դիրքը եւ գործողությունների հավանական բնույթը, մշտապես ուսումնասիրել ու վերլուծել հետախուզական տեղեկությունները եւ հակառակորդի դիտարկման արդյունքները,

- իմանալ գնդի պաշտպանության տեղամասում եւ հակառակորդի մոտ տիրող մարտավարական իրադրությունը, մշտապես իր մոտ ունենալ մարտական հերթապահություն իրականացնող ուժերի ու միջոցների մարտական եւ քանակական կազմի մասին ճշտված տվյալները,

- իմանալ մարտական հենակետերի (դիրքերի, բնագծերի) ինժեներական սարքավորումների եւ ամրաշինական կառույցների իրական վիճակը, պահանջվող աշխատանքների ծավալը, ականադաշտերի տեղերը, դրանց ուրվագծերը, յուրաքանչյուր մարտական հենակետի (դիրքի, բնագծի) առանձնահատկություններն ու ծառայության իրականացման պայմանները,

- ստորաբաժանումների հետ համատեղ վերահսկել հենակետերի հանձնման-ընդունման գործընթացը, ամիսը չորս անգամից ոչ պակաս ստուգել մարտական հերթապահության ընթացքը` կատարելով նշումներ համապատասխան մատյաններում,

- մշտապես իմանալ հենակետերում խմելու ջրի, պարենի, վառելափայտի եւ այլ նյութական միջոցների սահմանված քանակության մասին տեղեկություններ, անհրաժեշտության դեպքում համապատասխան պաշտոնատար անձանցից պահանջել դրանց ժամանակին ապահովումը: Երեք ամիսը մեկ անգամ անցկացնել հենակետերի ունեցվածքի գույքագրում, արդյունքների մասին զեկուցել գնդի հրամանատարին,

-  հոգատար վերաբերմունք ցուցաբերել անձնակազմի նկատմամբ, իմանալ յուրաքանչյուր մարտական հենակետի (դիրքի, բնագծի) ավագի բարոյահոգեբանական վիճակը, նրա կազմակերպչական ունակությունները եւ պատրաստվածության աստիճանը, ենթականերից պահանջել առաջադրանքների պատշաճ մակարդակով եւ ժամանակին կատարում,

- վերահսկել մարտական հերթապահությունում ընդգրկված սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ճիշտ շահագործումը, խնամքն ու սպասարկումը, զինամթերքի անձեռնմխելի պաշարների առկայությունն ըստ սահմանված նորմերի,

- անձնակազմի հետ պարբերաբար անցկացնել պարապմունքներ` մարտական հերթապահության կազմակերպման եւ իրականացման վերաբերյալ ուղեցույց փաստաթղթերի պահանջների իմացությունից,

- ղեկավարել առաջավոր փորձի ուսումնասիրման, ընդհանրացման ու մարտական հերթապահության գործում դրանց ներդրման աշխատանքները:»,

10. 95-րդ հոդվածի 2-րդ պարբերության առաջին նախադասությունում «հրահանգներ» եւ երկրորդ նախադասությունում «հրահանգների» բառերը համապատասխանաբար փոխարինել «հրամաններ կամ կարգադրություններ» եւ «հրամանների կամ կարգադրությունների» բառերով,

11. 96-րդ հոդվածի 12-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«- վերակարգի անցնելուց առաջ հրահանգավորել գնդի հերթապահին, նրա օգնականին, հսկիչ-անցագրային կետի հերթապահին, պահակապետին եւ գնդի շտաբի հերթապահին, ինչպես նաեւ գործուղման մեկնող ստորաբաժանումների (անձնախմբերի) հրամանատարներին` ստուգելով նրանց ստորաբաժանումների (անձնախմբերի) ապահովվածությունն անհրաժեշտ իրերով.»,

12. 97-րդ հոդվածի վերնագրում «անձնակազմի հետ տարվող» բառերը փոխարինել «դաստիարակչական» բառերով,

13. 97-րդ եւ 98-րդ հոդվածներում «Անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով գնդի հրամանատարի տեղակալը» բառերը փոխարինել «Գնդի հրամանատարի` դաստիարակչական աշխատանքի գծով տեղակալը» բառերով,

14. 114-րդ հոդվածի 10-րդ պարբերության «անձնակազմի հետ տարվող» բառերը փոխարինել «դաստիարակչական» բառով,

15. 126-րդ հոդվածի 2-րդ նախադասությունում «անձնակազմի հետ» բառերը փոխարինել «դաստիարակչական» բառով,

16. 135-րդ հոդվածի վերնագրում եւ 135-րդ ու 136-րդ հոդվածներում «անձնակազմի հետ տարվող» բառերը փոխարինել «դաստիարակչական» բառով,

17. 145-րդ հոդվածի վերնագրում եւ 145-րդ ու 146-րդ հոդվածներում «անձնակազմի հետ տարվող» բառերը փոխարինել «դաստիարակչական» բառով,

18. 173-րդ հոդվածի 5-րդ պարբերության առաջին նախադասությունում «գրանցվում է այդ սենյակում պահվող զինադարակների, պահարանների, դարակների, վահանակների, պլակատների եւ այլ գույքի քանակը» բառերը փոխարինել «գրանցվում են այդ սենյակում պահվող զինամթերքի արկղերը, ծանր զենքի տեսակները, զինադարակները, պահարանները, դարակները եւ այլ գույքը» բառերով,

19. 174-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում «պահարանները եւ փամփուշտների արկղերը» բառերը փոխարինել «պահարանների եւ փամփուշտների արկղերի բանալիները» բառերով,

20. 179-րդ հոդվածի 1-ին պարբերությունում «անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով նրա տեղակալ,» բառերը փոխարինել «հրամանատարի` դաստիարակչական աշխատանքի գծով տեղակալ,» բառերով,

21. 182-րդ հոդվածի 1-ին պարբերության երկրորդ նախադասությունում «ներսում`» բառը փոխարինել «ներսում, հատակից 150 սմ բարձրության վրա,» բառերով,

22. 245-րդ հոդվածի 1-ին պարբերությունում «(բացի ժամկետային ծառայության զինծառայողներից)» բառերը փոխարինել «(բացառությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնող զինծառայողները)» բառերով, իսկ նույն հոդվածի 2-րդ պարբերությունում «զինծառայողի» բառից հետո լրացնել «(բացառությամբ պայմանագրային ժամկետային զինծառայողը)» բառերը,

23. 248-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ պարբերությունները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Վաշտի հերթապահը նշանակված ժամին շարում է արձակվողներին, նրանց անունները գրանցում է համապատասխան գրքում (հավելված 12), կազմում նրանց ցուցակը եւ ներկայացնում գնդի հերթապահին:»,

24. 252-րդ հոդվածի 5-րդ նախադասությունում «տնօրինությանը» բառը փոխարինել «ենթակայությանը» բառով,

25. 254 հոդվածի 2-րդ պարբերությունում «որին ի տնօրինություն» բառերը փոխարինել «որի ենթակայությանը» բառերով,

26. 293-րդ հոդվածի 1-ին պարբերությունում «պահակակետերի» բառը փոխարինել «պահակապետերի» բառով,

27. 294-րդ հոդվածի 4-րդ պարբերությունում «քարտեզով» բառը փոխարինել «փոխարինման քարտերով» բառերով,

28. 300-րդ հոդվածի 7-րդ պարբերությունում «օգնականների» բառը փոխարինել «տեղակալների» բառով,

29. 308-րդ հոդվածի 17-րդ պարբերությունում եւ 311-րդ հոդվածի 9-րդ պարբերությունում «անմիջական» բառը փոխարինել «ուղղակի» բառով,

30. 311-րդ հոդվածի 5-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«- ընդհանուր վերկացի ժամանակ, ինչպես նաեւ գիշերը տագնապի կամ հրդեհի դեպքում արթնացնել անձնակազմին.»,

31. 326-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Մարտական տագնապով գնդի վերկացի կարգը սահմանվում է գնդի հրամանատարի անմիջական ղեկավարությամբ շտաբի մշակած եւ վերադաս հրամանատարի հաստատած գնդի մարտական պատրաստականության բերման պլանով:

Պլանում պետք է նախատեսված լինեն`

- գնդի մարտական պատրաստականության բերման ազդարարման եւ ղեկավարման կարգը (ուրվագիծը),

- մարտական տագնապ հայտարարելու, ստորաբաժանումները ծանուցելու իրավունք ունեցող անձի կոչումը, անունը եւ ազգանունը, ինչպես նաեւ սպաների, ենթասպաների եւ պայմանագրային զինվորական ծառայության անցած այլ զինծառայողների տեղեկացման ու հավաքի կարգը,

- գնդի մարտական պատրաստականության բերման հիմնական միջոցառումները,

- գնդի մարտական կիրառման (կենտրոնացման) շրջանները եւ գնդի ստորաբաժանումների տեղաբաշխման վայրերը, ինչպես նաեւ ելման բնագծերը, երթուղիների եւ զբաղեցման ու տեղաբաշխման կարգը,

- գնդի հավաքի շրջանը, ստորաբաժանումների հավաքակետերը եւ անձնակազմի դուրս գալու ու ռազմական տեխնիկայի դուրսբերման կարգը,

- համակողմանի ապահովման միջոցառումները,

- մարտական դրոշի դուրսբերման կարգը,

- զինամթերքի, պարենի եւ նյութական այլ միջոցների բարձման ու մարտական կիրառման (կենտրոնացման) շրջանների դուրսբերման կարգը,

- գնդի տագնապով վերկացի եւ ստորաբաժանումների մարտական կիրառման (կենտրոնացման) շրջաններ դուրս բերելու պարետային ծառայության կազմակերպումը:»,

32. 353-րդ հոդվածի 1-ին պարբերության վերջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ծառայողական պարտականություններից լրիվ կամ մասնակիորեն ազատելու իրավունքը վերապահվում է զորամասի հրամանատարին (պետին)` բժշկի (բուժակի) ախտորոշման հիման վրա»,

33. 367-րդ հոդվածում «սահմանվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հրամաններով» բառերը փոխարինել «սահմանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը» բառերով,

34. 371-րդ հոդվածի 1-ին պարբերությունում «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը» բառերով,

35. 3-րդ հավելվածի 26-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Մարտական դրոշի պահակակետում փակցվում են`

- մարտական դրոշի հետեւի պատին՝ Հայաստանի Հանրապետության դրոշը (աջ կողմում` դեմքով դեպի պատը դիրքից), Հայաստանի Հանրապետության զինանշանը (ձախ կողմում` դեմքով դեպի պատը դիրքից), Հայաստանի Հանրապետության օրհներգի տեքստը (մեջտեղում),

- մարտական դրոշի աջ պատին՝ զինվորական երդման տեքստը, իսկ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամասերում` նաեւ` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինանշանը:

- մարտական դրոշի ձախ պատին` զորամասի մարտական ուղին:»,

36. 4-րդ հավելվածում «կրտսեր լեյտենանտ» բառը հանել, իսկ «գեներալ-գնդապետ» բառերից հետո լրացնել «բանակի գեներալ» բառերը,

37. 12-րդ հավելվածում սահմանված «Վաշտի զենքի եւ զինամթերքի բացթողման գրքի» ծանոթագրության 1-ին կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Տագնապով դուրս գալու ժամանակ ստորաբաժանումների զենքն ու զինամթերքը ստանալիս` գրքում ստորագրում է դասակի հրամանատարի տեղակալը:»,

38. 12-րդ հավելվածում սահմանված վաշտի, դասակի վերակարգերի թերթիկը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՎԵՐԱԿԱՐԳԻ ԹԵՐԹԻԿ

_______ վաշտի _______ դասակի ___________
                                                                       (օրը, ամիսը, տարին)


 
 

Զինկոչումը, ազգանունը,
անվան եւ հայրանվան սկզբնատառերը

Ծառայության վերակարգ 
Ընդամենը
Տեղափոխ
վաշտում
Տեղափոխ 
վաշտից դուրս
օրվա
ցերեկային
գիշերային
ընդամենը
օրվա
ցերեկային
գիշերային
ընդամենը
                         

դասակի հրամանատարի տեղակալ ______________________»:
                                                (զինկոչումը, ստորագրությունը, ազգանունը)


39. 13-րդ հավելվածի 1-ին կետի վերջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Միեւնույն հարկում վաշտի, ինչպես նաեւ սույն հավելվածի 1-ին կետի «ա» եւ «բ» ենթակետերում նշված սենյակների համատեղ տեղաբաշխման դեպքում համարակալումն սկսվում է մուտքից` ըստ հաջորդականության, ժամացույցի սլաքի ուղղությամբ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրամարակմանը հաջորդող օրվանից