Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-692-30.10.2023-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» պարբերությունում «Պետական պահպանության ծառայությունում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնող ծառայողների որակավորման համար՝ պաշտոնային դրույքաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացում» բառերից հետո լրացնել «կամ Պետական եկամուտների կոմիտեի ծառայողների կատարողականի գնահատման հիման վրա՝ պաշտոնային դրույքաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացում» բառերը:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասում «եւ փրկարար ծառայության» բառերը փոխարինել «, փրկարար ծառայության եւ Պետական եկամուտների կոմիտեի» բառերով:

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.3-րդ մաս.

«6.3. Պետական եկամուտների կոմիտեի ծառայողներին տրվում է հավելավճար կատարողականի գնահատման հիման վրա:

Կատարողականի գնահատման չափանիշները եւ դրա հիման վրա յուրաքանչյուր պաշտոնի հավելավճարի առավելագույն չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Սույն մասով սահմանված հավելավճարի տրամադրման, հաշվարկման կարգն ու մեթոդաբանությունը սահմանում է Պետական եկամուտների կոմիտեի նախագահը:»,

2) 7-րդ մասում «6.1-ին մասով» բառերը փոխարինել «6.1-ին եւ 6.3-րդ մասերով» բառերով:

Հոդված 4.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

2. Մինչեւ կատարողականի գնահատման հիման վրա հավելավճարի տրամադրման նոր համակարգին անցումը Պետական եկամուտների կոմիտեի ծառայողների վարձատրությունն իրականացվում է մինչեւ սույն օրենքի 3-րդ հոդվածով լրացվող՝ Օրենքի 7-րդ հոդվածի 6.3-րդ մասն ուժի մեջ մտնելը գործող կարգով:

3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում: