Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-670-02.10.2023-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 121-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը եւ 127-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Oրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում եւ 135-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի գ. ենթակետում «1-ին եւ 3-րդ մասերով» բառերը փոխարինել «3-րդ մասով» բառերով:

Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

2.  Մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը Կառավարության հավանությանն արժանացած գործարար ծրագիր իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճարողների նկատմամբ Օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում շարունակվում են կիրառվել մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ Օրենսգրքի 121-րդ հոդված 2-րդ մասի 2-րդ կետով, 127-րդ հոդվածի 1-ին մասով, 130-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով եւ 135-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի գ. ենթակետով նախատեսված դրույթները:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը Կառավարության որոշմամբ հավանության արժանացած գործարար ծրագիր իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճարողների կողմից գործարար ծրագրի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղերի մասով հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների գումարը շահութահարկի գումարից նվազեցնելու՝ Հարկային օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արտոնությունը, ինչպես նաեւ այդ արտոնության շրջանակներում կիրառվող՝ Օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված՝ հիմնական միջոցների ամորտիզացման արտոնյալ կարգավորումը ուժը կորցրած ճանաչելն է:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Ներկայումս հանրային ռեսուրսների կառավարման արդյունավետությունն ու հասցեականությունը բարձրացնելու եւ այդ ռեսուրսները հանրօգուտ ու համապետական նշանակություն ունեցող ծրագրերի վրա ծախսելու, ինչպես նաեւ հարկաբյուջետային կայունությունն ապահովելու նպատակով Կառավարության կողմից քայլեր են իրականացվում հարկային եկամուտների ընդլայնման ուղղությամբ: Կրճատվում են հասցեականություն չունեցող կամ ոչ արդյունավետ հարկային արտոնությունները:

Այլ կերպ ասած՝ ներկա փուլում խնդիր է դրված ոչ միայն ձեռնպահ մնալ նոր հարկային արտոնությունների տրամադրումից, այլ նաեւ կիրառությունից հանել բոլոր այն հարկային արտոնությունները, որոնց կիրառությունը չի հիմնավորվում ծախսեր/օգուտներ հարաբերակցության տեսանկյունից?

Բացի այդ, հատկանշական է նաեւ այն, որ խնդրո առարկա արտոնության սահմանման մոտ 10 տարիների ընթացքում այն գործնականում լայն կիրառություն չի ունեցել տնտեսավարող սուբյեկտների շրջանում (նշյալ ժամանակահատվածում արտոնությունից օգտվել է ընդամենը 4 կազմակերպություն):

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Կառավարության որոշմամբ հավանության արժանացած գործարար ծրագիր իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճարողների կողմից գործարար ծրագրի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղերի մասով հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների գումարը շահութահարկի գումարից նվազեցնելու՝ Հարկային օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արտոնությունը, ինչպես նաեւ այդ արտոնության շրջանակներում կիրառվող՝ Օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված՝ հիմնական միջոցների ամորտիզացման արտոնյալ կարգավորումը:

4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան շահութահարկի մասով սահմանված հարկային արտոնություններն են:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հնարավորինս կրճատել հասցեականություն չունեցող կամ ոչ արդյունավետ հարկային արտոնությունները, ինչպես նաեւ ապահովել հարկեր/ՀՆԱ ցուցանիշի բարձրացում:

Միաժամանակ, նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի պահանջում:

7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկաբյուջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, որոնց համաձայն՝ հանրային ռեսուրսների կառավարման արդյունավետությունն ու հասցեականությունը բարձրացնելու եւ այդ ռեսուրսները հանրօգուտ ու համապետական նշանակություն ունեցող ծրագրերի վրա ծախսելու, ինչպես նաեւ հարկաբյուջետային կայունությունն ապահովելու նպատակով քայլեր են իրականացվելու հարկային եկամուտների ընդլայնման ուղղությամբ: Կրճատվելու են հասցեականություն չունեցող կամ ոչ արդյունավետ հարկային արտոնությունները, դրանց կիրառումն ու արդյունավետության գնահատումն իրականացվելու է համալիր խթանների եւ միջոցառումների շրջանակներում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն