Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-665-19.09.2023-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 58-րդ կետով.

«58) 2024 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000 եւ 8711 60 ծածկագրերին  դասվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը եւ (կամ) օտարումը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից եւ գործում է մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 57-րդ կետի՝ (այսուհետ՝ Օրենսգիրք)  մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը  ավելացված արժեքի հարկից ազատվում են ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000 եւ 8711 60 ծածկագրերին  դասվող  տրանսպորտային միջոցների ներմուծումը եւ (կամ) օտարումը:

Վերոնշյալ իրավական կարգավորման արդյունքում՝ հանրապետությունում ստեղծվել է առավել բարենպաստ միջավայր նշյալ էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներկրումը խթանելու համար:

2021-2022 թվականների ընթացքում տեղադրվել եւ ներկայումս հանրապետության տարածքում  կիրառվում են 100 լիցքավորման կայաններ, որոնց միջոցով հնարավոր է  լիցքավորել միաժամանակ 150 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց: Հարկ է նշել, որ ՀՀ տարածքում գործող լիցքավորման կայանների տեղակայման վերաբերյալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ plugshare.com  կայքում հասանելի քարտեզի միջոցով:

Հարկ է նշել նաեւ, որ 2022 թվականի մարտի 17-ի Եվրասիական տնտեսական հանձնաժովի Խորհրդի N 39 որոշմամբ Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է սակագնային արտոնեություն՝ առանց մաքսատուրքի վճառման էլեկտրական շարժիչով աշխատող M1 եւ M1G (մարդատար) տրանսպորտային միջոցների (ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 ծածկագրին դասվող) ներմուծման համար՝  համապատասխանաբար՝ 2022 թվականին՝ 7,0 հազ. հատ եւ 2023 թվականին՝ 8,0 հազ: հատ:

Երեւան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 22-ի N 307-Ն որոշման համաձայն՝ որպես վառելիք բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող եւ բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցի (էլեկտրամոբիլ) սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող եւ այն ղեկավարող անձանց համար 2021 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափերի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից.

Էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու շահագործման խթանումը համահունչ է կանաչ տնտեսության նպատակների հետ: Նկատվում է քաղաքներում ածխաթթու գազի արտանետումների զգալի կրճատում եւ քաղաքային աղտոտվածության մակարդակի նվազում:

Վերոնշյալ դրական արդյունքներն ամրապնդելու եւ էլեկտրական տրանսպոորտային միջոցների օգտագործման հետագա զարգացումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել երկարաձգել Օրենսգրքի կիրառության ժամկետը եւս երկու տարով:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքի (ՀO-165) 64-րդ հոդվածով սահմանված ավելացված արժեքի հարկի արտոնությունը երկարաձգել եւս մեկ տարով՝ մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու շահագործումը խթանելու, արդեն իսկ արձանագրված դրական արդյունքների շարունակականության ապահովման, մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման համար: Հարկ է նաեւ նշել, որ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների քանակի ավելացումն ուղղակիորեն կխթանի հանրապետությունում գիշերային ժամերին էլեկտրաէներգիայի սպառումը, քանի որ վերջիններիս լիցքավորումը մեծամասամբ իրականացվում է գիշերային ժամերին: Միաժամանակ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների քանակի զգալի աճը կնպաստի նաեւ դրանց շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների (լիցքավորման կայաններ, վերանորոգման կետեր եւ այլն) զարգացմանը՝ լրացուցիչ ներդրումների (միջազգային եւ մասնավոր հատվածի կողմից) եւ նոր աշխատատեղերի ստեղծման միջոցով:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Հայաստանի Հանրապետության վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N1363-Ն որոշմամբ հաստատված կառավարության ծրագրի 4.10-րդ կետով, որպես շրջակա միջավայրի կառավարման առաջնահերթ ուղղություններ ամրագրված են մթնոլորտային օդի պահպանության քաղաքականության մշակումը՝ ուղղված արտանետումների նվազեցմանն ու սահմանափակմանը, ինչպես նաեւ կանաչ տնտեսության եւ կայուն զարգացման երկարաժամկետ նպատակի խթանմանն ուղղված քաղաքականության մշակումն ու իրականացումը:

Նախագծի ընդունումն ուղղակիորեն բխում է Կառավարության կողմից 2021թ. ապրիլի 22-ին ընդունված «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թվականների Ազգային մակարդակով սահմանված գործողությունները հաստատելու մասին» որոշմամբ ամրագրված՝ մինչեւ 2030թ. ջերմոցային գազերի արտանետումները 1990թ. արտանետումների մակարդակի համեմատ 40 տոկոսով նվազեցնելու մասին ՀՀ պարտավորության իրականացման ապահովման անհրաժեշտությունից, հաշվի առնելով, որ շարժական աղբյուրներից մթնոլորտային օդի աղտոտումը ունի կարեւոր դերակատարում՝ մասնավորապես արտանետվող ջերմոցային գազերի հանրագումարում:

6. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն