Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-662-11.09.2023-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19.9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետից հետո լրացնել նոր ենթակետեր՝ հետեւյալ բովանդակությամբ՝
«
գ. «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ ներմուծած ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից այդ ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն արտահանելու դեպքում արտահանվող ապրանքների համար միեւնույն մաքսային հայտարարագրով հայտարարագրված` մինչեւ մեկ տոննա քաշ  ունեցող ապրանքների մաքսային հսկողության համար

բազային տուրքի 10-ապատիկի չափով
 
 
 
 
 
 

դ. Սույն կետի «գ» ենթակետով սահմանված՝ արտահանվող ապրանքների համար միեւնույն մաքսային հայտարարագրով հայտարարագրված` մեկ տոննայից ավելի քաշ ունեցող ապրանքների յուրաքանչյուր լրացուցիչ (կամ ոչ լրիվ) տոննայի մաքսային հսկողության համար
 
բազային տուրքի չափով
 
 
 
»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը եւ տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ ներմուծած ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից այդ ապրանքները սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով կամ Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն արտահանման գործարքների նկատմամբ:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 11.04.2017թ. պայմանագրի առաջին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 47-րդ հոդվածին համապատասխան՝ մաքսավճարների (պետական տուրքի) չափը չի կարող գերազանցել մաքսային մարմինների՝ այն գործողությունների իրականացման ծախսերի մոտավոր արժեքը, որոնց համար սահմանվել է այդպիսի վճարը:

«Պետական տուրքի մասին» օրենքի 19.9-րդ հոդվածով սահմանված՝ պետական տուրքի գործող դրույքաչափերը նախատեսվել են դեռեւս 2000թ. ՀՀ մաքսային օրենսգրքի շրջանակներում (տվյալ ժամանակահատվածում՝ որպես մաքսային ծառայությունների համար վճարվող մաքսավճար) եւ նշված թվականից հետո՝ մասնավորապես ապրանքների զննման եւ հաշվառման համար սահմանված դրույքաչափերը փոփոխություն՟ների չեն ենթարկվել:

Ներկայումս առանձին ապրանքատեսակների ներմուծման եւ արտահանման ծավալների ավելացմամբ պայմանավորված՝ մաքսային մարմինների կողմից իրականացվող վարչարարության ավելացման արդյունքում անհրաժեշտություն է առաջացել վերանայել առանձին կատեգորիայի ապրանքների զննման եւ հաշվառման համար գանձվող պետական տուրքի դրույքաչափերը:

Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.

Նախագծի կարգավորման առարկան է հանդիսանում առանձին կատեգորիայի ապրանքների զննման եւ հաշվառման համար պետական տուրքի տարբերակված դրույքաչափերի սահմանումը:

Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է սահմանել ներմուծված եւ արտահանվող՝ առանձին կատեգորիայի ապրանքների համար մաքսային մարմինների կողմից իրականացվող գործառնությունների համար վարչարարական ծախսերին համարժեք պետական տուրքի դրույքաչափեր:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծն ուղղակիորեն չի առնչվում ռազմավարական փաստաթղթերին:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ.

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:

Պետական բյուջեի եկամուտներում եւ ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային վիճակագրական տվյալների համաձայն՝ 2022 թվականի ընթացքում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների (ոչ հայկական ծագման)՝ Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանելու դեպքում մաքսային զննման համար պետական տուրքի գանձված գումարները կազմել են՝
 
 
Զննման պետական տուրք (մինչեւ մեկ տոննա) 1.594.000 ՀՀ դրամ
Զննման պետական տուրք (մեկ տոննայից ավելի) 146.400 ՀՀ դրամ
Ընդամենը 1.740.400 ՀՀ դրամ

Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանման դեպքում զննման համար գանձված պետական տուրքի գումարները կազմել են՝
 
Զննման պետական տուրք (մինչեւ մեկ տոննա) 1.496.000 ՀՀ դրամ
Զննման պետական տուրք (մեկ տոննայից ավելի) 8.088.000 ՀՀ դրամ
Ընդամենը 9.584.000 ՀՀ դրամ

2022 թվականի համար արձանագրված ներմուծման եւ արտահանման դինամիկայի պահպանման պարագայում պետական տուրքի առաջարկվող դրույքաչափերի կիրառման արդյունքում պետական տուրքի գանձվող գումարները կկազմեն՝
 
Զննման պետական տուրք (մինչեւ մեկ տոննա) 30.890.000 ՀՀ դրամ
Զննման պետական տուրք (մեկ տոննայից ավելի) 27.447.000 ՀՀ դրամ
Ընդամենը  58.337.000 ՀՀ դրամ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների գծով միջոցների հավաքագրման որոշակի աճի՝ արտահանման եւ տարանցման գործարքների միտումների պահպանման դեպքում: Նախագծի ընդունմամբ պետական բյուջեի ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն