Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-6081-31.05.2023,08.09.2023-ԱռՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքի 471.-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Տեսալուսանկարահանող սարքերի օգտագործումը բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների ֆունկցիոնալ ախտորոշիչ կաբինետներում, միջամտությունների սենյակներում, հիվանդասենյակներում, լոգարաններում եւ  սանհանգույցներում՝

առաջացնում է բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների համար տուգանքի նշանակում՝ տեղադրված յուրաքանչյուր  տեսալուսանկարահանող սարքի դեպքում, սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Տեսալուսանկարահանող սարքերի օգտագործմամբ ստացված տվյաների օգտագործման եւ պահպանման կարգի խախտումը՝

առաջացնում է բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների համար տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին » օրենքում լրացում կատարելու մասին » եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքում լրացում կատարելու մասին » օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտության

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում  կատարելու մասին օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնելիս պացիենտների  իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանն աջակցելու,   անհրաժեշտությունից: Ներկայումս, բժշկական օգնություն եւ սապասարկում իրականացնող կազմակերպություններում օգտագործվում են տեսալուսանկարահանող սարքեր, սակայն դրանց օգտագործման մեխանիզմները կարգավորված եւ կանոնակարգված չեն: Այսինքն, այդ սարքերի տեղադրումը օրենքով արգելված չէ, սակայն դրա կիրառումը, որոշակի դեպքերում, առաջացնում է անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի   հետ  կապված խնդիրներ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, անդրադառնալով անձի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունների պահպանմանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 8-րդ հոդվածի տեսանկյունից, իր նախադեպային որոշումներով արձանագրել է հետեւյալը. «Անձի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունների պահպանումը եւ տրամադրումը իրավական համակարգերի առանցքային սկզբունք է: Այն խիստ կարեւոր է, ոչ միայն պացիենտների անձնական կյանքը հարգելու, այլեւ առհասարակ բժշկի մասնագիտության եւ առողջապահական ծառայությունների նկատմամբ նրանց վստահությունը պահպանելու համար: Առանց նման պաշտպանության, բժշկական օգնության կարիք ունեցող անձինք կարող են մտավախություններ ունենալ պատշաճ բուժման նշանակման համար անհրաժեշտ անձնական եւ ինտիմ բնույթի տեղեկություններ ներկայացնելու եւ նույնիսկ բժշկին դիմելու հարցում: Այդկերպ նրանք կարող են վտանգել սեփական, իսկ վարակիչ հիվանդությունների դեպքում՝ նույնիսկ հանրային առողջությունը:Հետեւաբար, ներպետական օրենսդրությամբ պետք է պատշաճ երաշխիքներ սահմանվեն եւ կանոնակարգվեն՝ առողջությանը վերաբերող անձնական տվյալների ցանկացած փոխանցման կամ բացահայտման դեպքերը:

Պացիենտին  բժշկական օգնություն եւ սպասարկում տրամադրելիս  բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից տեսալուսանկարահանման սարքերի օգտագործումը ինքնին չի հանդիսանում Կոնվենցիայի 8-րդ հոդվածով երաշխավորված անձնական կյանքի գաղտնիության իրավունքի խախտում: Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն, որ տեսալուսանկարահանմամբ սահմանափակվում է անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը՝ անհրաժեշտ է սահմանափակումները սահմանել  եւ նախատեսել օրենքով:

Այս առումով անհրաժեշտ է նկատել, որ ներկայումս առկա կարգավորումները հնարավորություն չեն տալիս լիարժեք գնահատել պացիենտին  բժշկական օգնություն եւ սպասարկում տրամադրելիս  բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից տեսալուսանկարահանման սարքերի օգտագործմամբ անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի սահմափակման իրավաչափությունը: Հաշվի առնելով այն, որ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնելը ենթադրում է  մարդու իրավունքների միջամտության բարձր աստիճան,  առաջարկում ենք օրենքով ամրագրել որոշ նվազագույն երաշխիքներ:

Այսպես, օրինակ՝ առաջարկում ենք օրենքով կարգավորել,  հասարակական կարգի պահպանման, ուսումնական եւ գիտական, պացիենտների  իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանն աջակցելու,  ինչպես նաեւ պացիենտների այլ իրավաչափ շահերի պաշտպանության նպատակներով բնակչության բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում կարող է օգտագործվել տեսալուսանկարահանող սարքեր:

Օրենքով նաեւ անհրաժեշտ է արձանագրել, որ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների ֆունկցիոնալ ախտորոշիչ կաբինետներում, միջամտությունների սենյակներում, հիվանդասենյակներում, լոգարաններում եւ  սանհանգույցներում տեսալուսանկարահանման սարքերի օգտագործումն արգելվում է:Հանրային տարածքներում անձը կարող է ունենալ տեսալուսանկարահանվելու ողջամիտ ակնկալիք, սակայն ավելի մասնավոր տարածքներում ինչպիսիք են օրինակ՝ ֆունկցիոնալ ախտորոշիչ կաբիներտներում, միջամտությունների սենյակներում, հիվանդասենյակներում, լոգարաններում, սանհանգույցներում, անձն ունի իր մասնավոր կյանքի անձեռնմխելիության  ապահովման իրավունք:

Նախագծով առաջարկվող իրավակարգավորումներով նախատեսվում է  օրենքով ամրագրել տեսալուսանկարահանման սարքերի օգտագործման   նվազագույն երաշխիքներ եւ պայմաններ՝ բացառելով բնակչության բժշկական օգնության եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների ֆունկցիոնալ ախտորոշիչ կաբինետներում, միջամտությունների սենյակներում հիվանդասենյակներում, լոգարաններում, սանհանգույցներում տեսալուսանկարահանող սարքերի օգտագործումը:

Հարկ ենք համարում նաեւ սահմանել վարչական տուգանք այդ տարածքներում  տեսալուսանկարահանող սարքերի օգտագործման յուրաքանչյուր դեպքի համար:

2. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք Նախագիծը մշակվել է ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների կողմից:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ