Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-647-10.08.2023-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքով կարգավորվում են զբոսաշրջության բնագավառում պետական քաղաքականության հիմունքները, գործունեություն իրականացնող անձանց ներկայացվող պահանջների, ֆիզիկական անձանց հանգստի, շրջագայության, ազատ տեղաշարժման իրավունքների իրականացման եւ պաշտպանության, զբոսաշրջային փաթեթի պայմանագրի կնքման, կատարման եւ դադարման հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Զբոսաշրջային գործունեության իրավական կարգավորումը

1. Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջային գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով եւ այլ իրավական ակտերով:

Հոդված 3. Օրենքի հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1) այցելու՝ ֆիզիկական անձ, որը ցանկացած նպատակով (գործնական, հանգստի կամ անձնական այլ նպատակներով) ճանապարհորդում է իր հիմնական կացության վայրից այլ վայր մինչեւ մեկ տարի ժամկետով, բացառությամբ ժամանման վայրում ռեզիդենտ ֆիզիկական անձի կամ կազմակերպության կողմից վճարվող աշխատանքի կամ ծառայության մեջ ներգրավելու դեպքերի:

Սահմանային, սեզոնային կամ այլ կարճաժամկետ աշխատանքի, ցակացած բնագավառում հեռավար (թվային) աշխատանքի, դիվանագիտական, հյուպատոսական, զինվորական աշխատանքի, երկարաժամկետ (մեկ տարի եւ ավել) կրթություն ստանալու, երկարաժամկետ (մեկ տարի եւ ավել) բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու նպատակներով ճանապարհորդող ֆիզիկական անձինք այցելու չեն համարվում.

2) զբոսաշրջիկ՝ այցելու, որը ժամանման վայրում անցկացնում է առնվազն մեկ գիշերակաց, սակայն ճանապարհորդությունը տեւում մինչեւ 1 տարի.

3) մեկօրյա այցելու՝ այցելու, որը ժամանման վայրում չի անցկացնում առնվազն մեկ գիշերակաց.

4) սփյուռքահայ զբոսաշրջիկ՝ Հայաստանի Հանրապետություն ժամանող զբոսաշրջիկ, որը՝

ա. Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի կամ քաղաքացի է, մշտապես բնակվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս եւ Հայաստանի Հանրապետություն ժամանման նպատակը Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակություն հաստատելը չէ.

բ. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված չափանիշներին համապատասխանող օտարերկրացի կամ քաղաքացիություն չունեցող անձ:

5) զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորում՝ ոչ առեւտրային կազմակերպություն, որին կամավորութան սկզբունքով անդամակցում են զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձինք.

6) զբոսաշրջություն՝ ճանաչողական, հանգստի, հարազատներին այցելության, առողջարարական, վերականգնողական, գործնական, կրթական, կրոնական, բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու, համաժողովների, տոնակատարությունների, ցուցահանդեսների, մշակութային, բնապահպանական գործառնական նշանակության եւ այլ բնույթի միջոցառումներին մասնակցելու եւ այլ նպատակներով մինչեւ 1 տարի ժամկետով ճանապարհորդություն՝ հիմնական կացության վայրից այլ վայր.

7) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ՝ «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ ենթակետի իմաստով ռեզիդենտ համարվող ֆիզիկական անձ.

8) Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ՝   «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ ենթակետով իմաստով ոչ ռեզիդենտ համարվող ֆիզիկական անձ.

9) ներգնա զբոսաշրջություն՝ Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտների զբոսաշրջությունը Հայաստանի Հանրապետության տարածքում.

10) արտագնա զբոսաշրջություն՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների զբոսաշրջությունը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս.

11) ներքին զբոսաշրջություն՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների զբոսաշրջությունը Հայաստանի Հանրապետության տարածքում.

12) զբոսաշրջային ծառայություններն են.

ա. ուղեւորափոխադրման,

բ. հյուրանոցային,

գ. ավտոտրանսպորտային միջոցի վարձույթի,

դ. զբոսաշրջիկին մատուցվող կամ առաջարկվող որեւէ այլ ծառայություն, որը սույն կետի ա)-գ) պարբերություններում թվարկված ծառայությունների անբաժանելի մաս չի կազմում.

13) զբոսաշրջային փաթեթ՝ միեւնույն այցելության ընթացքում առնվազն երկու տարբեր տեսակի զբոսաշրջային ծառայությունների համալիր, եթե զբոսաշրջային ծառայությունները համակցվում են (ներառյալ՝ զբոսաշրջիկի ընտրությամբ) զբոսաշրջային գործունեության միեւնույն սուբյեկտի կողմից նախքան զբոսաշրջային փաթեթի մեկ միասնական պայմանագիր կնքելը, կամ առանձնացված պայմանագրեր կնքելու դեպքում՝ այդ զբոսաշրջային ծառայությունները՝

ա. ձեռք են բերվում զբոսաշրջային գործունեության միեւնույն սուբյեկտից եւ համակցվում են մինչեւ գործարքի վճարման համար համաձայնություն տալը, կամ

բ. առաջարկվում, իրացվում կամ դրանց դիմաց վճարումը կատարվում է պայմանագրի ամբողջական գնով, իսկ առանձանցված պայմանագրերի դեպքում՝ այդ պայմանագրերի հանրագումարով (ներառական գին), կամ

գ. գովազդվում կամ իրացվում են «զբոսաշրջային փաթեթ» կամ նմանատիպ այլ եզրույթի կիրառմամբ, կամ

դ. զբոսաշրջիկի հետ պայմանագիր կնքելուց հետո համակցվում են զբոսաշրջիկի ընտրությամբ, կամ

ե. ձեռք են բերվում զբոսաշրջային գործունեության տարբեր սուբյեկտներից միմյանց հետ կապված առցանց ամրագրման ընթացակարգերով, երբ զբոսաշրջիկի հետ առաջին պայմանագիրը կնքած անձի կողմից զբոսաշրջիկի անձնական տվյալները, էլեկտրոնային փոստի հասցեն եւ վճարման պայմանները փոխանցվում են ծառայություններ մատուցող երրորդ անձանց, իսկ ծառայություններ մատուցող երրորդ անձանց հետ պայմանագրերը կնքվում են առաջին զբոսաշրջային ծառայության ամրագրման հաստատումից հետո 24 ժամվա ընթացքում.

14) զբոսաշրջային փաթեթի պայմանագիր՝ մեկ միասնական կամ առանձանցված պայմանագրեր, որոնք ներառում են միեւնույն այցելության ընթացքում մատուցող զբոսաշրջային ծառայությունների պայմանները.

15) զբոսաշրջային փաթեթի մեկնարկ՝ զբոսաշրջային փաթեթում ներառված ծառայությունների մատուցումը սկսելու ամսաթիվ.

16) տուր՝ առնվազն երկու տարբեր զբոսաշրջային ծառայությունների համալիր, որն առաջարկվում կամ իրացվում է մեկ ընդհանուր գնով, սակայն չի պարունակում գիշերակաց եւ իրականացվում է մինչեւ 24 ժամվա ընթացում.

17) զբոսաշրջային ռեսուրսներ՝ զբոսաշրջիկների մտավոր, նյութական, ֆիզիկական եւ այլ պահանջմունքների բավարարմանն ուղղված պատմամշակութային, կրոնական, բնական, մարդկային, առողջարարական, սոցիալ-տնտեսական, ենթակառուցվածքային եւ այլ ռեսուրսներ, որոնք կարող են հանդիսանալ զբոսաշրջային արդյունք կամ գրավչության օբյեկտ կամ ներառվել զբոսաշրջային փաթեթում.

18) զբոսաշրջային արդյունք (պրոդուկտ)՝ մեկ կամ մի քանի զբոսաշրջային ռեսուրս կամ ծառայություն, որոնք առաջարկվում են զբոսաշրջիկին.

19) զբոսաշրջային գործունեության սուբյեկտ՝ զբոսաշրջային օպերատոր կամ զբոսաշրջային գործակալ.

20) զբոսաշրջային օպերատոր՝ իրավաբանական անձ, որն անմիջականորեն կամ զբոսաշրջային գործունեության այլ սուբյեկտի միջոցով կամ, զբոսաշրջային գործունեության մեկ այլ սուբյեկտի հետ համատեղ հանդես գալով, համակցում եւ իրացնում է կամ առաջարկում է զբոսաշրջային փաթեթ կամ այլ առանձին զբոսաշրջային ծառայություններ կամ փոխանցում է զբոսաշրջիկի տվյալները զբոսաշրջային գործունեության մեկ այլ սուբյեկտի՝ համաձայն սույն հոդվածի 13-րդ կետի ե) համարակալված պարբերության.

21) զբոսաշրջային գործակալ՝ զբոսաշրջային օպերատոր չհանդիսացող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն անհատ զբոսաշրջիկին կամ զբոսաշրջիկների խմբին տրամադրում է զբոսաշրջության հետ կապված խորհրդատվություն կամ առաջարկում կամ վաճառում է զբոսաշրջային օպերատորի կողմից համակցված զբոսաշրջային փաթեթ կամ մատուցում է զբոսաշրջային ծառայություններ.

22) ներգնա զբոսաշրջային գործակալ՝ ներգնա զբոսաշրջություն կազմակերպող զբոսաշրջային գործակալ.

23) ներքին զբոսաշրջային գործակալ՝ ներքին զբոսաշրջություն կազմակերպող զբոսաշրջային գործակալ.

24) արտագնա զբոսաշրջային գործակալ՝ արտագնա զբոսաշրջություն կազմակերպող զբոսաշրջային գործակալ.

25) զբոսավար՝ սույն օրենքով նախատեսված մասնագիտական որակավորում ստացած անձ, որը զբոսաշրջիկներին տրամադրում է տեղեկություններ հնագիտության, պատմության, նվաճումների, բնության, աշխարհագրության, պետության կառուցվածքի, զբոսաշրջային արդյունքի, հայ ժողովրդի եւ ազգային փոքրամասնությունների ինքնության, մշակույթի, կենցավարության մասին եւ զբոսաշրջային երթուղու շրջանակներում մատուցում է կազմակերպչական ծառայություններ, այդ թվում՝ զբոսաշրջիկներին դիմավորում, տեղաբաշխում, տեղավորում, սննդի կազմակերպում եւ այլն.

26) ուղեկցորդ՝ սույն օրենքով նախատեսված մասնագիտական որակավորում ունեցող անձ, որը զբոսաշրջային գործունեության սուբյեկտի կողմից տրամադրված երթուղու շրջանակներում ուղեկցում է զբոսաշրջիկներին, ապահովում է ժամանակին եւ պատշաճ որակով ծառայությունների մատուցումը եւ/կամ ֆիզիկական վնասվածքի ռիսկ պարունակող երթուղիների ընթացքում, տեղանքի առանձնահատկություններով պայմանավորված, իրականացնում է անվտանգության կանոնների հրահանգավորման եւ աջակցման գործառույթներ.

27) զբոսաշրջային ավտոբուս՝ առնվազն 9 նստատեղ (բացառությամբ վարորդի նստատեղի) եւ զբոսաշրջային ավտոբուսի որակավորում ունեցող ավտոտրանսպորտային միջոց, որով իրականացվում է զբոսաշրջիկների ոչ կանոնավոր փոխադրում.

28) զբոսաշրջային երթուղի՝ զբոսաշրջային գրավչության օբյեկտներ եւ վայրեր միավորող երթուղի.

29) զբոսաշրջային ուղեւորափոխադրող՝ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը զբոսաշրջային ավտոբուսներով իրականացնում է ոչ կանոնավոր զբոսաշրջային ուղեւորափոխադրումներ.

30) զբոսաշրջային կենտրոն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված նշանակալի զբոսաշրջային ռեսուրս պարունակող բնակավայր, վարչական շրջան կամ վարչատարածքային միավոր, ինչպես նաեւ դրանց համախումբ.

31) զբոսաշրջային կենտրոնի կառավարման պլան՝ միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում զբոսաշրջային կենտրոնի կայուն զարգացման եւ կառավարման ծրագիր, որը կարող է բաղկացած լինել զբոսաշրջային կենտրոնում ներառված առանձին բնակավայրերի, վարչական շրջանների կամ վարչատարածքային միավորների զարգացման ծրագրերից.

32) զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպություն՝ իրավաբանական անձ, որի գործառույթները սահմանվում են այդ կազմակերպության կանոնադրությամբ եւ կարող են ընդգրկել զբոսաշրջային ռեսուրսների թողունակության գնահատումը, զբոսաշրջային կենտրոնի ճանաչելիության բարձրացումը, դեպի այդ կենտրոն զբոսաշրջիկների հոսքերի ուղղորդումը եւ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ զբոսաշրջային կենտրոնների կայուն զարգացումը.

33) զբոսաշրջային փորձառություն՝ մշակութային, ձեռագործ աշխատանքի, խոհարարության կամ արվեստի կամ արհեստի կամ այլ հատուկ գիտելիքներ կամ հմտություններ պահանջող անձի առաջնորդությամբ կամ ցուցումներով զբոսաշրջիկի ներգրավմամբ անցկացվող գործնական կամ տեսական պարապմունքների կամ դասընթացների կազմակերպում կամ անցկացում այդ գիտելիքների ցուցադրման կամ փոխանցման համար հատուկ հարմարեցված վայրերում, որով զբոսաշրջիկը կարող է ձեռք բերել այդ բնագավառի գիտելիքներ կամ հմտություններ՝ միաժամանակ ծանոթանալով հայկական կամ ազգային փոքրամասնությունների մշակույթին եւ ավանդույթներին.

34) զբոսաշրջային գյուղ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված նշանակալի զբոսաշրջային ռեսուրսներ պարունակող գյուղական բնակավայր.

35) հյուրանոցային տնտեսության օբյեկտ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված օբյեկտներից յուրաքանչյուրը.

36) հյուրանոցային ծառայություն մատուցող անձ՝ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձ, որը սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման կամ կառավարման իրավունքով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ իրավունքով տիրապետում կամ կառավարում եւ շահագործում է հյուրանոցային տնտեսության օբյեկտ.

37) հյուրանոցային համար՝ հյուրանոցային տնտեսության օբյեկտում զբոսաշրջիկի կացության (գիշերակացի) համար կահավորված առանձնացված գույքային միավոր.

38) սպառող՝ զբոսաշրջային ծառայությունների մատուցումից օգտվող ֆիզիկական անձ.

39) զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն՝ իրավաբանական անձ, որը որակավորվում է պետական լիազոր մարմնի կողմից եւ սպառողին թերթոնների, քարտեզների եւ գրավոր այլ տեղեկատվական նյութերի միջոցով անվճար տրամադրում է անկողմնակալ եւ համարժեք տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային գրավչությունների, դրանց տեղակայման վայրերի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում մատուցվող զբոսաշրջային ծառայությունների վերաբերյալ՝ առանց զբոսաշրջային ծառայություն մատուցելու.

ԳԼՈՒԽ 2. ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 4. Զբոսաշրջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները

1. Զբոսաշրջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝

1) հաստատում է զբոսաշրջության բնագավառում գործող տնտեսավարողներին օժանդակության ծրագրեր.

2) ընդունում է զբոսաշրջային կենտրոններ, զբոսաշրջային գյուղեր հայտարարելու վերաբերյալ որոշումներ, տեղական ինքնակառավարման մարմինների հաստատած ծրագրերի դրույթների հաշվի առնմամբ հաստատում է դրանց կառավարման պլանը.

3) հիմնում է զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպություն, հաստատում զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպության կանոնադրությունը եւ կառուցվածքը.

4) սահմանում է անձի կյանքի կամ առողջության համար վտանգ պարունակող զբոսաշրջային ծառայությունների մատուցման որակական եւ տեխնիկական չափորոշիչները.

5) հաստատում է հյուրանոցային տնտեսության օբյեկտների տեսակները, դրանց կառավարման եւ շահագործման առանձնահատկությունները հյուրանոցային տնտեսության օբյեկտների եւ այդ օբյեկտներում մատուցվող ծառայությունների նվազագույն պահանջները.

Հոդված 5. Զբոսաշրջության բնագավառում պետական լիազոր մարմնի լիազորությունները

1. Զբոսաշրջության բնագավառում պետական լիազոր մարմինը՝

1) հաստատում է զբոսաշրջության զարգացմանն ուղղված տարեկան ծրագրերը, ծրագրերի իրականացման միջոցառումների ժամանակացույցները եւ ծրագրերի իրականացման միջոցառումների ծախսերի նախահաշիվները.

2) հաստատում է զբոսաշրջային կենտրոններ կամ զբոսաշրջային գյուղեր հայտարարելու համար պահանջվող նվազագույն չափանիշները, այդ թվում՝ քաղաքաշինական եւ բնապահպանական հատուկ նորմեր, զարգացման նպատակներ, խնդիրներ, միջոցառումներ, անհրաժեշտության դեպքում՝ աշխարհագրական առանձին տարածքների համար սահմանելով այդ տարածքների առանձնահատկություններից բխող նորմեր.

3) հաստատում է զբոսաշրջային երթուղիներ.

4) հաստատում է զբոսաշրջային փորձառությունների որակավորման չափանիշները, ընթացակարգերը, վկայականների ու տարբերանշանների ձեւերը.

5) հաստատում է սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկվող զբոսաշրջային օպերատորների հաշվառման, սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության հաշվետվական էլեկտրոնային համակարգում ընդգրկման եւ հաշվառված զբոսաշրջային օպերատորներին հաշվառումից հանելու կարգը.

6) իրականացնում է սույն օրենքով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ:

Հոդված 6. Զբոսաշրջության կոմիտեի լիազորությունները

1. Զբոսաշրջության կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) հանդիսանում է զբոսաշրջության բնագավառում սույն օրենքով սահմանված լիազորություններ կրող իրավասու պետական մարմին:

2. Կոմիտեն՝

1) մշակում եւ պետական լիազոր մարմնի ղեկավարին է ներկայացնում սույն օրենքով Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պետական լիազոր մարմնի կողմից հաստատման (սահմանման) ենթակա ենթաօրենսդրական ակտերի նախագծերը՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ մասնավոր հատվածի հետ,

2) տեղական ինքնակառավարման մարմինների քննարկմանն է ներկայացնում զբոսաշրջային կենտրոնի կամ զբոսաշրջային գյուղի կարգավիճակի hայտարարման համար անհրաժեշտ առաջարկներ.

3) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին ներկայացնում է զբոսաշրջության զարգացման վերաբերյալ առաջարկություններ.

4) մշակում է զբոսաշրջության բնագավառի ռազմավարությունը, զարգացման պետական ծրագրերը, ապահովում դրանց իրականացումը եւ մշտադիտարկումը.

5) վարում է զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյանը.

6) վարում է զբոսաշրջային ռեսուրսների գրանցամատյանը.

7) միջազգային համագործակցության շրջանակներում մշակում եւ իրավասու պետական կառավարման մարմնի քննարկմանն է ներկայացնում առաջարկություններ զբոսաշրջության բնագավառում միջգերատեսչական պայմանագրերի վերաբերյալ, ինչպես նաեւ օտարերկրյա գործընկերների հետ հարաբերություններում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության շահերը.

8) կազմակերպում է զբոսաշրջությանն ուղղված տեղեկատվական, գովազդային եւ հրատարակչական գործունեություն.

9) մշակում է Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային արդյունքի վերաբերյալ գովազդի բովանդակությունը եւ պատասխանատու է իր կողմից կազմված կամ պատվիրված գովազդներում, թերթոններում, հրապարակումներում տեղ գտած տեղեկատվության բովանդակության ճշգրտության, դրանցում վիրավորանք, զրպարտություն, Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը կամ կնքված պայմանագրերի դրույթները խախտող տեղեկատվություն ներառելու համար.

10) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական անձանց հարցումների հիման վրա տրամադրում է Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային արդյունքի վերաբերյալ տեղեկատվություն.

11) զբոսաշրջության բնագավառում ծառայությունների որակի բարձրացման նպատակով իրականացնում է մարդկային ռեսուրսների պատրաստման կամ վերապատրաստման աջակցությանն ուղղված գործընթաց.

12) հաշմանդամություն ունեցող անձանց համար զբոսաշրջային ծառայությունները մատչելի դարձնելու նպատակով իրականացնում է մարդկային ռեսուրսների պատրաստման կամ վերապատրաստման աջակցությանն ուղղված գործընթաց՝ համագործակցեով համապատասխան լիազոր մարմնի հետ.

13) զբոսաշրջության բնագավառում ծառայությունների որակի բարձրացման նպատակով իրականացնում է մարդկային ռեսուրսների պատրաստման կամ վերապատրաստման աջակցությանն ուղղված գործընթաց.

14) հաշմանդամություն ունեցող անձանց համար զբոսաշրջային ծառայությունները մատչելի դարձնելու նպատակով իրականացնում է մարդկային ռեսուրսների պատրաստման կամ վերապատրաստման աջակցությանն ուղղված գործընթաց՝ համագործակցեով համապատասխան լիազոր մարմնի հետ.

15) իրականացնում է զբոսաշրջային ավտոբուսների, զբոսաշրջային փորձառությունների, զբոսավարների եւ ուղեկցորդների մասնագիտական որակավորում.

16) իրականացնում է սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության շրջանակում զբոսաշրջային օպերատորների հաշվառման գործընթացը.

17) իրականացնում է մարքեթինգային (այդ թվում՝ արտաքին շուկաների) ուսումնասիրություններ, վերլուծություններ.

18) իրականացնում է համաշխարհային շուկայում Հայաստանի Հանրապետության ու հայկական զբոսաշրջային արդյունքի (այդ թվում՝ նաեւ գովազդատեղեկատվական նյութերի) ներկայացումը՝ խթանելով այն միջազգային միջոցառումներին (այդ թվում՝ մասնագիտացված ցուցահանդեսներին) մասնակցության, մամուլի, սոցիալական ցանցերի, էլեկտրոնային մարքեթինգի եւ հասարակության հետ կապերի այլ միջոցներով.

19) ներկայացնում է առաջարկություններ պետական իրավասու կառավարման մարմնին զբոսաշրջային կենտրոնում, զբոսաշրջային գյուղերում եւ զբոսաշրջության համար կարեւոր նշանակություն ունեցող այլ վայրերում տնտեսական եւ քաղաքաշինական գործունեության չափորոշիչների վերաբերյալ,

20) հաստատում է Կոմիտեի պաշտոնական կայքի վարման կարգը.

21) իրականացնում է սույն օրենքով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված այլ գործառույթներ:

ԳԼՈՒԽ 3. ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԸ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԸ

Հոդված 7. Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյան

1. Էլեկտրոնային գրանցամատյանի վարման նպատակն է սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկատվության հավաքման, մշակման եւ տրամադրման միջոցով նպաստել՝

1) սպառողների իրավունքների եւ շահերի պաշտպանությանը.

2) Հայաստանի Հանրապետության կողմից զբոսաշրջության բնագավառում պետական արդյունավետ քաղաքականության մշակմանը:

2. Էլեկտրոնային գրանցամատյանում գրանցված զբոսաշրջային ծառայություններ մատուցողների տեղեկատվության բովանդակությունը, ներկայացման եւ վարման կարգն ու ձեւերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 8. Զբոսաշրջային ռեսուրսների գրանցամատյանը

1. Զբոսաշրջային ռեսուրսների գրանցամատյանի վարման, տվյալների բազայի բովանդակությունը սահմանում է պետական լիազոր մարմնի ղեկավարը:

2. Զբոսաշրջային ռեսուրսների գույքագրման եւ գրանցամատյանի վարման գործընթացում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասության շրջանակներում պարտավոր են Կոմիտեին տրամադրել զբոսաշրջային ռեսուրսների մասին տեղեկատվություն:

ԳԼՈՒԽ 4. ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԻՆՔ, ԴՐԱՆՑ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

Հոդված 9. Զբոսաշրջության բնագավառում որակավորումը

1. Զբոսաշրջային ավտոբուսները, զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնները, զբոսավարները եւ ուղեկցորդները որակավորվում են: Հյուրանոցային տնտեսության օբյեկտների եւ զբոսաշրջային փորձառությունների որակավորումը կամավոր է:

2. Զբոսաշրջության բնագավառում որակավորման էությունը, որակավորման ընթացակարգերը եւ կարգերը, որակավորման տրամադրման մերժման եւ որակավորումից զրկելու հիմքերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Հյուրանոցային տնտեսության օբյեկտներին որակավորում տրամադրող զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման ընտրության չափանիշները եւ կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 10. Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց դասակարգումը

Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձինք են.

1) հյուրանոցային ծառայություն մատուցող անձը,

2) զբոսաշրջային օպերատորը,

3) զբոսաշրջային գործակալը,

4) զբոսավարը,

5) ուղեկցորդը,

6) զբոսաշրջային ավտոբուսով ուղեւորափոխադրման ծառայություն մատուցող անձը,

7) սույն օրենքի 3-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված այլ ծառայություններ մատուցող անձինք:

Սույն հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով նախատեսված զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց գործունեությունը ենթակա է ծանուցման «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հոդված 11. Հյուրանոցային ծառայությունները

Հյուրանոցային ծառայություններն են հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղաբաշխման, գիշերակացի, սննդի կազմակերպման եւ մատուցման հետ կապված, ինչպես նաեւ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ծառայությունները:

Նվազագույն հյուրանոցային ծառայություններն են՝

1) կացարանի եւ սանհանգույցի տրամադրումը,

2) կացարանի ու սանհանգույցի մաքրումը եւ անկողնու հարդարումը:

Հոդված 12. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորումը

Հյուրանոցային տնտեսության օբյեկտները որակավորվում են: Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորումը կամավոր է:

Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման տեխնիկական պահանջները, նկարագրերը, որակավորման ընթացակարգը եւ չափանիշները, որակավորման վկայականի ձեւը եւ ժամկետըսահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 13. Հյուրանոցային ծառայություններին ներկայացվող պահանջները

1. Պետական լիազոր մարմնի ղեկավարը հաստատում է հյուրանոցային ծառայություն մատուցող անձանց ներքին կանոնակարգի նվազագույն պահանջները:

2. Նոր կառուցվող հյուրանոցներում եւ առողջարաններում պետք է ապահովված լինի հաշմանդամություն ունեցող անձանց համար հյուրանոցային ծառայություններից օգտվելու եւ ծառայությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու հնարավորություն, որի մասին տեղեկատվությունը տեղադրվում եւ մշտապես պահվում է հյուրերի համար տեսանելի հատվածներում:

Հոդված 14. Զբոսաշրջային գործունեության սուբյեկտների նկատմամբ պահանջները

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է զբոսաշրջային գործունեության սուբյեկտների կողմից զբոսաշրջային ծառայությունների մատուցման կանոններ եւ պահանջներ:

2. Զբոսաշրջային գործունեության սուբյեկտը ծանուցման հետ միասին պարտավոր է ներկայացնել փաստաթղթեր սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կանոններին եւ պահանջներին իր համապատասխանության վերաբերյալ:

3. Զբոսաշրջային օպերատորը «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ծանուցման հետ միաժամանակ պարտավոր է ներկայացնել սույն հոդվածով նախատեսված երաշխիք, եթե նախատեսում է մատուցել արտագնա զբոսաշրջության հետ կապված ծառայություններ:

4. Արտագնա զբոսաշրջային գործակալը «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ծանուցման հետ միաժամանակ պարտավոր է ներկայացնել երաշխիք, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքի:

5. Արտագնա զբոսաշրջային գործակալը չի ներկայացնում երաշխիք, եթե առաջարկում կամ վաճառում է բացառապես զբոսաշրջային օպերատորի կողմից համակցված զբոսաշրջային փաթեթներ կամ այդպիսի ծառայություններ է մատուցում զբոսաշրջային օպերատորի անունից:

6. Զբոսաշրջային օպերատորի եւ արտագնա զբոսաշրջային գործակալի կողմից երաշխիքի ձեւը, նպատակը, չափերը, պարբերականությունը, ներկայացման կարգը եւ երաշխիքի տեքստի օրինակելի ձեւը, երաշխիք տրամադրող կազմակերպությունների մասին տեղեկատվությունը, երաշխիքով պահանջ ներկայացնելու, երաշխիքի գումարը բաշխելու եւ երաշխիքը դադարեցնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 15. Զբոսաշրջային ավտոբուսների որակավորումը

1. Զբոսաշրջային ավտոբուսները որակավորվում են: Զբոսաշրջային ավտոբուսների որակավորումը պարտադիր է:

2. Զբոսաշրջային ավտոբուսների որակավորման տեխնիկական պահանջները, նկարագրերը, որակավորման ընթացակարգը, չափորոշիչները, որակավորման վկայականի ու նշանի ձեւերը, որակավորման վկայականի ժամկետը, վկայականի տրամադրման կարգը, որակավորման դադարման հիմքերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 16. Զբոսաշրջային ավտոբուսի կայանումը եւ կանգառը

1. Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են համայնքի վարչական սահմաններում գտնվող զբոսաշրջային գրավչություններին հարակից տարածքներում առանձնացնել առնվազն երեք զբոսաշրջային ավտոբուսների համար կայանատեղի, եթե այդ տարածքները համարվում են պետական կամ համայնքային սեփականություն եւ բացակայում են նման որոշման կայացման համար օրենքով սահմանված արգելքները:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կայանատեղիները կազմակերպվում են զբոսաշրջային գրավչության օբյեկտի հարեւանությամբ՝ միաժամանակ չխոչընդոտելով հանրության մուտքը եւ ելքը:

Հոդված 17.Զբոսավարների եւ ուղեկցորդների որակավորումը

1. Զբոսավարները եւ ուղեկցորդները որակավորվում են: Զբոսավարների եւ ուղեկցորդների որակավորումը պարտադիր է:

2. Զբոսավարների եւ ուղեկցորդների որակավորման պահանջները, որակավորման ընթացակարգը, վերապատրաստման ծրագիրը, կարգը, պարբերականությունը եւ ժամկետները, որակավորման վկայականի ձեւը եւ ժամկետը, զբոսավարների ու ուղեկցորդների անվանաքարտերի ձեւերը, մասնագիտացման ուղղությունները, որակավորման դադարման հիմքերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Հայաստանի Հանրապետությունում զբոսավարների եւ ուղեկցորդների գործունեությունը ենթակա է ծանուցման «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, բացառությամբ եթե աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրով այդ անձինք կատարում են զբոսավարի կամ ուղեկցորդի գործառույթներ զբոսաշրջային գրավչության օբյեկտը շահագործող կամ կառավարող կազմակերպությունում:

Հոդված 18. Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների որակավորումը

1. Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնները որակավորվում են: Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների որակավորումը պարտադիր է:

2. Որակավորված զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնին շնորհվում է տարբերանշան: Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների որակավորման ընթացակարգը եւ տարբերանշանի ձեւը, չափորոշիչները, որակավորման վկայականի ձեւը, որակավորման վկայականի ժամկետը, վկայականի տրամադրման կարգը, որակավորման դադարման հիմքերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ԳԼՈՒԽ 5. ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸ

Հոդված 19. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը

1. Հյուրանոցային տնտեսության օբյեկտում՝ սպառողների համար տեսանելի հատվածում, ինտերնետային կայքում կամ գովազդային նյութերում հյուրանոցային տնտեսության օբյեկտը ներկայացնելիս պետք է նշվեն հյուրանոցային տնտեսության օբյեկտի տեսակը եւ անվանումը, իսկ սահմանված կարգով որակավորման կարգ ունենալու դեպքում՝ նաեւ համապատասխան որակավորման կարգի նշանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է հյուրանոցային ծառայություն մատուցող անձի կողմից առցանց կամ այլ հարթակներում հյուրանոցային ծառայությունների գովազդներում կամ հյուրանոցային ծառայություն մատուցելու մասին իր կողմից տարածվող հայտարարություններում, ինչպես նաեւ հյուրանոցային տնտեսության օբյեկտում տեղադրվող տեղեկատվությանը ներկայացվող չափանիշները եւ տեղեկատվության տեղադրման կարգը:

Հոդված 20. Հյուրանոցային ծառայություն մատուցող անձանց կողմից անձնական տվյալների հավաքագրումը եւ պահպանումը

1. Հյուրանոցային ծառայություն մատուցող անձը վարում է կացության հետ կապված ծառայություններից օգտվող անձանց վերաբերյալ տվյալների գրանցամատյան:

2. Պետական լիազոր մարմնի ղեկավարը հաստատում է կացության հետ կապված ծառայություններից օգտվող անձանց վերաբերյալ տվյալների գրանցամատյանի վարման կարգը:

Հոդված 21. Սպառողի հետ կնքվող պայմանագրի պարտադիր դրույթները

Սպառողի հետ զբոսաշրջային օպերատորի եւ զբոսաշրջային գործակալի պայմանագիրը պետք է պարունակի հետեւյալ պարտադիր դրույթները.

1) զբոսաշրջային օպերատորի կամ զբոսաշրջային գործակալի լրիվ անվանումը (ֆիզիկական անձի դեպքում անունը, ազգանունը), գտնվելու վայրը, հեռախոսահամարը, բանկային հաշվեհամարը, պետական գրանցման (ֆիզիկական անձի դեպքում պետական հաշվառման) եւ որպես ծանուցված գործունեություն հաշվառման համարը,

2) զբոսաշրջային փաթեթի նկարագրությունը եւ իրականացման ժամկետները,

3) զբոսաշրջային փաթեթում ներառված ծառայությունների նկարագրերը, ժամկետները, այդ թվում՝

ա) տրանսպորտային միջոցների տեսակը,

բ) ժամանման երկրում կամ վայրում հյուրանոցային տնտեսության օբյեկտի գտնվելու վայրը, տեսակը,

գ) սննդի կազմակերպման պայմանները,

դ) տեսարժան վայրերի այցելության ծրագրերը, մշակութային եւ այլ միջոցառումները (առկայության դեպքում),

4) զբոսաշրջային փաթեթի գինը՝ բոլոր անհրաժեշտ վճարումների, հարկերի եւ տուրքերի մանրամասներով, գնի փոփոխման հանգեցնող հանգամանքների եւ այդ մասին սպառողին տեղեկացման ժամկետների ձեւակերպմամբ,

5) վճարման կարգը, ժամկետներն ու պայմանները,

6) պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դեպքում կողմերի պատասխանատվությունը,

7) զբոսաշրջային ապահովագրության վերաբերյալ տվյալները (եթե առկա է),

8) անչափահասներին մատուցվող ծառայությունների դեպքում երեխայի կամ պատասխանատու անձանց կոնտակտային տվյալները,

9) սպառողների իրավունքների, պարտականությունների վերաբերյալ տեղեկատվությունը,

10) մարդկանց ոչ բավարար քանակի պատճառով փաթեթը չեղյալ հայտարարելու մասին հաճախորդին տեղեկացնելու ժամկետը, եթե պայմանագրով փաթեթի իրականացման համար սահմանված է անհրաժեշտ նվազագույն քանակով մարդկանց առկայություն,

11) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ միջազգային պայմանագրերով նախատեսված այլ տեղեկատվություն:

Զբոսաշրջային փաթեթի գինը կարող է փոխվել բացառապես այն դեպքում, երբ պայմանագրով նախատեսված են դրա հիմքերը եւ պայմանները, որոնք բացառապես պայմանավորված են հետեւյալ փոփոխություններով.

1) տրանսպորտային ծառայությունների գների՝ կապված վառելիքի կամ այլ էներգակիրների գների փոփոխության հետ,

2) հարկերի, տուրքերի, այլ պարտադիր վճարների,

3) տարադրամի փոխարժեքի:

Զբոսաշրջային փաթեթի գինը չի կարող բարձրացվել առանց սպառողին զբոսաշրջային փաթեթի մեկնարկից առնվազն 20 օր առաջ համապատասխան հաշվարկներով հիմնավորված ծանուցման:
Սույն հոդվածի շրջանակներում գների բարձրացումը պայմանագրի գնի 8% եւ ավելի կազմելու դեպքում սպառողն իրավունք ունի միակողմանի լուծել պայմանագիրը եւ հրաժարվել փաթեթից առանց տուգանք վճարելու:

Հոդված 22. Զբոսավարի եւ ուղեկցորդի պարտականությունները

1. Զբոսավարը եւ ուղեկցորդն իրենց գործունեության ընթացքում պարտավոր են՝

1) հարգել զբոսաշրջիկի արժանապատվությունը, ավանդույթները, սովորույթները, կրոնական համոզմունքները եւ ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից կամ արտահայտություններից, որոնք կարող են վիրավորել զբոսաշրջիկի մշակույթը, կրոնական համոզմունքները եւ այլ հավատալիքները,

2) համապատասխան մարմիններին անհապաղ տեղեկացնել զբոսաշրջիկի հետ տեղի ունեցած արտակարգ պատահարների, զբոսաշրջիկների շրջանում վարակիչ հիվանդության կասկածով անձանց հայտնաբերելու դեպքի մասին մասին,

3) իր գործունեության ընթացքում ունենալ եւ տեսանելի հատվածում կրել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված ձեւի անվանաքարտ,

4) պահպանել սույն օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները:

2. Ուղեկցորդը պարտավոր է՝

1) Ունենալ դժվարանցանելի երթուղիների իրականացման ընթացքում զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովող գիտելիք եւ հմտություններ եւ անհրաժեշտության դեպքում կիրառել դրանք,

2) ծառայություններ մատուցելու ամբողջ ժամանակահատվածում հնարավորության դեպքում ապահովել իր հասանելիությունը կապի միջոցներով,

3) արտակարգ իրավիճակների, վնասվածքների եւ դժբախտ պատահարների դեպքում առաջին օգնություն ցուցաբերելը եւ դրանց մասին ահազանգել իրավասու մարմիններին:

ԳԼՈՒԽ 6. ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 23. Զբոսաշրջիկի իրավունքները

Զբոսաշրջիկն իրավունք ունի՝ իր մայրենի լեզվով կամ այլ հասկանալի լեզվով, իսկ անհնարինության դեպքում միջազգայնորեն ընդունված առավել տարածված լեզվով զբոսաշրջային օպերատորից կամ զբոսաշրջային գործակալից ստանալ լրիվ եւ օբյեկտիվ տեղեկատվություն ժամանման երկրի (վայրի)՝ զբոսաշրջության հետ առնչվող օրենքների եւ կենցավարության, տեղաբնակների սովորույթների, հասարակական եւ կրոնական ծիսակատարությունների, վարքագծի կանոնների, մշակութային, հնագիտական, ճարտարապետական, պատմական եւ բնական արժեքների, ապահովագրության եւ զբոսաշրջային ծառայությունների տրամադրման պայմանների մասին:

ԳԼՈՒԽ 7. ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 24. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունիսի 30-ից, բացառությամբ սույն հոդվածի 2-3-րդ, 6-8-րդ մասերի:

2. Սույն օրենքի 15-17-րդ, 20-րդ եւ 21-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

3. Սույն օրենքի 8-րդ, 18-րդ եւ 19-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունիսի 30-ից:

4. 2003 դեկտեմբերի 17-ի «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա որակավորված հյուրանոցային տնտեսության օբյեկտներ որակավորումը գործում է մինչեւ որակավորման վկայականներով սահմանված ժամկետի ավարտը: Ժամկետի ավարտից հետո տվյալ հյուրանոցային տնտեսության օբյեկտները որակավորվում են սույն օրենքով սահմանված կարգով:

5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 2003 դեկտեմբերի 17-ի «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

6. Սույն օրենքն ընդունվելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ պետական լիազոր մարմինն հաստատում են սույն օրենքի 3-րդ հոդվածի 35-րդ կետով, 4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 5-րդ կետերով, 7-րդ հոդվածի 2-րդ մասով, 9-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 12-րդ հոդվածի 2-րդ մասով, 14-րդ հոդվածի 1-ին եւ 6-րդ մասերով նախատեսված ենթաօրենսդրական ակտերը մինչեւ 2024 թվականի հունիսի 30-ը: Այս դրույթն ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող քսաներորդ օրվանից: Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պետական լիազոր մարմնի հաստատած ենթաօրենսդրական ակտերն ուժի մեջ են մտնում 2024 թվականի հունիսի 30-ից:

7. Սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով, 15-րդ հոդվածի 2-րդ մասով, 17-րդ հոդվածի 2-րդ մասով, 20-րդ հոդվածի 2-րդ մասով, 21-րդ հոդվածով նախատեսված իրավական ակտերն ընդունվում են մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը:

8. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ կետի բ) պարբերությամբ, 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 8-րդ հոդվածի 1-ին մասով, 18-րդ հոդվածի 2-րդ մասով, 19-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավական ակտերն ընդունվում են մինչեւ 2025 թվականի հունիսի 30-ը: