Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-753-01.12.2005-ՖՎ-010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԻՆՈՎԱՑԻՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ


Հոդված 1. Օրենքի  կարգավորման  առարկան

Սույն օրենքը կարգավորում է պետական ինովացիոն քաղաքականության ձեւավորման եւ իրականացման հիմքերը, ինովացիոն  գործունեությանը պետական աջակցության ձեւերը:

Հոդված 2. Օրենքում գործածվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում գործածվող հիմնական հասկացություններն են՝

 ա)  ինովացիա - տնտեսական շրջանառության մեջ օգտագործվող, նոր կամ  կատարելագործված տեխնոլոգիական գործընթացի, նոր կամ կատարելագործված արտադրանքի կամ ծառայության տեսքով իրացում գտած ստեղծագործ աշխատանքի վերջնական արդյունք.

բ) ինովացիոն նախագիծ - գիտական հետազոտությունների, մշակումների, փորձակոնստրուկտորական աշխատանքների կամ այլ գիտատեխնիկական արդյունքի օգտագործմամբ, տնտեսական շրջանառության մեջ իրացվելուն, նոր կամ կատարելագործված տեխնոլոգիական գործընթացի, նոր կամ կատարելագործված  ծառայության կամ արտադրանքի ստեղծմանն ուղղված   գործունեության   նախագիծ.

գ) պետական ինովացիոն քաղաքականություն - տնտեսական  քաղաքականության բաղկացուցիչ  մաս`  ուղղված ինովացիոն գործունեության զարգացմանն ու խթանմանը.

դ) վենչուրային հիմնադրամ - բաժնետիրական կապիտալում մասնաբաժնի փոխանակմամբ կամավոր գույքային մուծումների եւ /կամ/ կամավոր ներդրումների կատարման հիման վրա իրավաբանական եւ /կամ/ ֆիզիկական անձանց կողմից հիմնադրված ոչ առեւտրային կազմակերպություն, որը կողմնորոշված է արտադրության մեջ բարձր ռիսկային գործունեության արդյունքում նոր արտադրատեսակների եւ /կամ/ տեխնոլոգիաների ստեղծման,  յուրացման ֆինանսավորմանը.

ե) ինովացիոն ենթակառուցվածք - ինովացիոն գործունեության իրականացմանը նպաստող կազմակերպություններ` գիտաինովացիոն  կենտրոններ, բիզնեսի ինկուբատորներ, տեխնոպարկեր, հիմնադրամներ   եւ մասնագիտացված այլ կազմակերպություններ.

զ) գիտաինովացիոն կենտրոն - գիտնականների, մասնագետների, բարձրորակավորում ունեցող աշխատուժի,  գիտական եւ տեխնոլոգիական հետազոտությունների կենտրոնացմանը   նպատակաուղղված,   արտասահմանյան   համապատասխան կառույցների հետ սերտ կապեր ունեցող,    գիտահետազոտական կազմակերպություն(ներ)ի, համալսարան(ներ)ի,  տեխնոպարկ(եր)ի, բիզնեսի ինկուբատոր(ներ)ի, արտադրական եւ այլ  կազմակերպությունների` պայմանագրային  հիմունքներով  ստեղծված միություն.

է) տեխնոպարկ - իրավաբանական անձ կամ համատեղ գործունեության վերաբերյալ  պայմանագրային հիմունքներով   իրավաբանական անձանց /մասնակիցների/ միություն, որի գլխավոր խնդիրն է ինովացիոն միջավայրի ձեւավորման`  համապատասխան նյութատեխնիկական, ֆինանսական բազայի ստեղծման միջոցով   ներդրումային  եւ ինովացիոն ծրագրերի իրականացումը,  գիտատար մշակումների, բարձր տեխնոլոգիաների   ներդրմանն ու   համաշխարհային շուկայում  մրցունակ ապրանքի արտադրությանն ուղղված գործունեությունը.

ը) բիզնեսի ինկուբատոր  -  փոքր նորաստեղծ ֆիրմաների եւ  սկսնակ ձեռնարկատերերի խնդիրները լուծելու նպատակով  ստեղծված կազմակերպություն,  որը կարող է  լինել  ինչպես ինքնուրույն` ունենալով    իրավաբանական անձի կարգավիճակ, այնպես էլ  գործել տեխնոպարկի կազմում.

թ) պետական  ինովացիոն ծրագիր   -  ինովացիոն նախագծերի եւ միջոցառումների ամբողջություն, որի իրականացումն ապահովվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ֆինանսավորմամբ եւ համաֆինանսավորմամբ.

ժ) լիազոր մարմին -  ինովացիոն բնագավառում  Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր  պետական մարմին:

Հոդված 3. Ինովացիոն գործունեության իրավական հիմքերը

1) Ինովացիոն գործունեությունն իրականացվում է սույն օրենքին, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներին ու իրավական ակտերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության` ինովացիոն գործունեությանը վերաբերող միջազգային պայմանագրերին համապատասխան:

2) Եթե միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

ԳԼՈՒԽ 2
 
ԻՆՈՎԱՑԻՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ

Հոդված 4. Ինովացիոն գործունեության տեսակները

Ինովացիոն գործունեությանն են վերաբերում գործունեության հետեւյալ տեսակները՝

ա) տնտեսական շրջանառության մեջ իրացվող, նոր կամ կատարելագործված տեխնոլոգիական գործընթացի, նոր կամ կատարելագործված արտադրանքի ստեղծմանն ուղղված գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական եւ տեխնոլոգիական աշխատանքների իրականացում.

բ) մարկետինգային հետազոտությունների իրականացում՝ ինովացիոն արտադրանքի իրացման շուկաների կազմակերպման նպատակով.

գ) նոր կամ կատարելագործված ծառայության կամ արտադրանքի ստեղծման նպատակով  տեխնոլոգիական վերազինման իրականացում  եւ  արտադրության նախապատրաստում.

դ) նոր տեխնոլոգիական գործընթացների, արտադրանքի եւ ապրանքների փորձարկման, ստանդարտացման եւ հավաստագրման իրականացում.

ե) տեխնոլոգիաների փոխանցում.

զ) նոր կամ կատարելագործված տեխնոլոգիայի կիրառման սկզբնական ժամանակահատվածում, մինչեւ ինովացիոն նախագծի ետգնման  նորմատիվային ժամկետի լրանալը նոր կամ կատարելագործված արդյունքի արտադրություն.

է) ինովացիոն ենթակառուցվածքի ստեղծում եւ զարգացում.

ը) մտավոր սեփականության օբյեկտների, գաղտնի գիտական, գիտատեխնիկական եւ տեխնոլոգիական տեղեկատվության նկատմամբ իրավունքների ձեռքբերում եւ փոխանցում.

թ) ինովացիոն գործունեության ֆինանսավորում  եւ համաֆինանսավորում, ինովացիոն ծրագրերում եւ նախագծերում ներդրումների իրականացում:

Հոդված 5. Ինովացիոն գործունեության սուբյեկտները
 
Ինովացիոն գործունեության սուբյեկտներ կարող են հանդիսանալ իրավաբանական անձինք՝ անկախ կազմակերպական-իրավական ձեւից, ֆիզիկական անձինք, այդ թվում` օտարերկրյա կազմակերպություններն ու քաղաքացիները, ինչպես նաեւ քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք  իրականացնում են սույն  օրենքով սահմանված  ինովացիոն  գործունեություն:

ԳԼՈՒԽ 3
ԻՆՈՎԱՑԻՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 6. Ինովացիոն գործունեությանը պետական աջակցության նպատակը եւ խնդիրները

1) Պետական ինովացիոն քաղաքականության նպատակն է ինովացիոն գործունեության համար տնտեսական, իրավական եւ կազմակերպական պայմանների ապահովումը:

2) Պետական ինովացիոն քաղաքականության խնդիրներն են՝

ա) պետական ինովացիոն քաղաքականության  գերակայությունների   սահմանումը.

բ) տնտեսության տեխնոլոգիական վերազինմանը եւ ինովացիոն ենթակառուցվածքների ստեղծմանն  ու զարգացմանը նպաստելը.

գ) ինովացիոն գործունեության ոլորտում գիտության, կրթության, արտադրության եւ ֆինանսավարկային կառույցների    համագործակցության  իրավական հիմքերի ստեղծումը:

Հոդված 7. Ինովացիոն գործունեությանը պետական աջակցության հիմնական ուղղությունները
 
Ինովացիոն գործունեությանը պետական աջակցության հիմնական  ուղղություններն են՝

ա)  վենչուրային, ներդրումային  հիմնադրամների  ստեղծման եւ ինովացիոն գործունեության  համար  բարենպաստ իրավական  դաշտի  ստեղծում.

բ)  ֆինանսական եւ ներդրումային աջակցություն,  երաշխիքների տրամադրում.

գ)  պետական  գույքի  օգտագործման իրավունքի  տրամադրում.

դ) ինովացիոն ենթակառուցվածքների` գիտաինովացիոն կենտրոնների,  հիմնադրամների, տեխնոպարկերի, բիզնեսի ինկուբատորների ստեղծմանն ու զարգացմանը աջակցություն.

ե) ինովացիոն գործունեություն իրականացնող կադրերի պատրաստման, վերապատրաստման եւ որակավորման բարձրացմանը   աջակցություն.

Հոդված 8. Ինովացիոն գործունեության սուբյեկտների իրավունքների պետական երաշխիքները

Հայաստանի Հանրապետությունը ինովացիոն գործունեության սուբյեկտներին երաշխավորում է՝

ա) պետական ինովացիոն քաղաքականության գերակայությունների մասին տեղեկատվության մատչելիություն.

բ) ինովացիոն գործունեության արդյունքների, ինովացիոն պահանջարկի վերաբերյալ տեղեկատվության, բացառությամբ պետական, ծառայողական եւ առեւտրային գաղտնիք պարունակող  տեղեկատվության, հավաքման եւ տարածման ազատություն:

Հոդված  9. Պետական ինովացիոն քաղաքականության  իրականացումը

Պետական ինովացիոն քաղաքականությունը մշակում  եւ իրականացնում  է  Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ինովացիոն գործունեությանը պետական աջակցությունն իրականացվում է Ինովացիոն գործունեությանն աջակցության տարեկան ծրագրով (այսուհետ` Ծրագիր): Ծրագրի իրականացման ֆինանսավորումը արտացոլվում է պետական բյուջեում առանձին տողով: Ծրագիրը ներառում է  միջոցառումներ  հետեւյալ ուղղություններով`

ա/ ինովացիոն  ենթակառուցվածքների  ստեղծում  եւ զարգացում

բ/ ինովացիոն նախագծերի  իրականացում

գ/ կադրերի պատրաստում եւ վերապատրաստում

դ/ խորհրդատվություն

ե/ տեխնոլոգիաների փոխանցում եւ առեւտրայնացում

զ/ միջազգային ստանդարտների ներդրում:

Ծրագիրը մշակվում է` հաշվի առնելով  ինովացիոն ոլորտի զարգացման գերակայությունները:

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով: Ծրագրի կատարման հաշվետվությունը ներկայացվում է տվյալ տարվա պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության հետ:

Ծրագրում ընդգրկվելու նպատակով ներկայացված   ինովացիոն նախագծերի  մրցույթների անցկացման եւ  ֆինանսավորման կարգը հաստատում է  Հայաստանի Հանրապետության  կառավարությունը` լիազոր մարմնի   ներկայացմամբ.

Հոդված 10. Լիազոր մարմնի իրավասությունները

1)  Ինովացիոն գործունեության սուբյեկտների կողմից ներկայացված հայտերի հիման վրա  մրցութային  կարգով   ընտրված նախագծերից  ամենամյա Ծրագիրը  ձեւավորելը.

2)  Ինովացիոն ոլորտի զարգացման գերակա ուղղությունները սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության  կառավարություն  առաջարկ ներկայացնելը.

3) Պետական  ինովացիոն ծրագրում ընդգրկվելու նպատակով ներկայացված   ինովացիոն  նախագծերի  մրցույթների անցկացման եւ  ֆինանսավորման կարգը  ՀՀ կառավարություն ներկայացնելը.

4) Ինովացիոն նախագծերի փորձագիտական գնահատման եւ ընտրության կարգը  հաստատելը.

5) Ինովացիոն ոլորտում  միջազգային  համագործակցության  համակարգումը.

6) ինովացիոն ենթակառուցվածքների կազմավորման եւ վերակազմավորման  վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն  առաջարկ  ներկայացնելը :

Հոդված 11. Ինովացիոն գործունեության ֆինանսավորման աղբյուրները

Ինովացիոն գործունեության ֆինանսավորումը եւ համաֆինանսավորումը կարող է իրականացվել հետեւյալ աղբյուրներից

1) Պետական բյուջե

Ինովացիոն գործունեությանը պետական աջակցությունն  իրականացվում է   Ծրագրի սահմաններում` Հայաստանի Հանրապետության բյուջեով նախատեսված առանձին տողով.

2) Ինովացիոն գործունեության սուբյեկտների միջոցներ, այդ թվում` այլ աղբյուրներից ստացվող միջոցներ:

3) Տեղական, օտարերկրյա ներդրողների եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների ու հիմնադրամների միջոցներ.

4) Վենչուրային հիմնադրամներ:

Հոդված12. Ինովացիոն գործունեության  ոլորտում միջազգային համագործակցությունը

1) Հայաստանի Հանրապետությունը խրախուսում է ինովացիոն գործունեության ոլորտում  միջազգային համագործակցությունը՝ միջազգային պայմանագրերի, միջազգային ինովացիոն ծրագրերի  եւ  նախագծերի  շրջանակներում:

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց եւ օտարերկրյա իրավաբանական անձանց մասնակցությամբ կարող են ստեղծվել ինովացիոն գործունեությամբ զբաղվող կազմակերպություններ:

ԳԼՈՒԽ 4
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ


Հոդված 13. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։