Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-6215-21.06.2023-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ պարբերությունով.

«Սույն օրենքը, «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, սահմանում է նաեւ գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրության կատարման պայմանները եւ կարգը այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են այդ ակտերի կատարման նկատմամբ:»:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-րդ կետով.

«8.1) գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրությունը.»:

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում «, արբիտրաժային տրիբունալի վճռի հարկադիր կատարման համար մշտապես գործող արբիտրաժային հաստատության էլեկտրոնային հաղորդագրությունը,» բառերից հետո լրացնել «գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրության էլեկտրոնային հաղորդագրությունը:» բառերով:

Հոդված 4. Օրենքի 23-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակության
5.1.-րդ մասով.

«5.1 Գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրության էլեկտրոնային հաղորդագրությունը կարող է ներկայացվել հարկադիր կատարման կողմերի համար պարտադիր դառնալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:»:

Հոդված 5. Օրենքի 30-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ
2.1-րդ մասով.

«2.1. Կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրության էլեկտրոնային հաղորդագրությունը ստանալու պահից եռօրյա ժամկետում :»:

Հոդված 6. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 31.5-րդ հոդվածով.

«Հոդված 31.5. Գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրության էլեկտրոնային հաղորդագրությունը վերադարձնելը.

1. Գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրության էլեկտրոնային հաղորդագրությունը հարկադիր կատարողը վերադարձնում է նոտարին, եթե այն չի համապատասխանում «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 82.10.-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրության էլեկտրոնային հաղորդագրությանը ներկայացվող պահանջներին, ինչպես նաեւ, եթե լրացել է էլեկտրոնային հաղորդագրությունը հարկադիր կատարման ներկայացման մեկամսյա ժամկետը:»:

Հոդված 7. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7) ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը վարույթ է ընդունել գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրությունը չեղյալ ճանաչելու մասին դիմումը:»:

Հոդված 8. Օրենքի 39-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ
3-րդ մասով.

«3. Սույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված հիմքով կասեցված կատարողական վարույթը վերսկսվում է գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրությունը չեղյալ ճանաչելու մասին դիմումի քննության արդյունքում կայացված որոշման ուժի մեջ մտնելուց հետո:»:

Հոդված 9. Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 18-րդ կետով.

«18) Գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրության պահանջը փաստացի կատարվել է, կամ կարգադրության հարկադիր կատարման ընթացքում պարզվել է, որ անձը կատարել է իր պարտավորությունը մինչեւ նոտարի կողմից էլեկտրոնային հաղորդագրությունը հարկադիր կատարման ուղարկելը, կամ օրինական ուժի մեջ է մտել գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրությունը չեղյալ ճանաչելու մասին դատարանի որոշումը:»:

Հոդված 10. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը նոտարին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործարկման վերաբերյալ Նոտարական պալատի հայտարարության հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից չեղյալ ճանաչել ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» 2022 դեկտեմբերի 23-ի թիվ 585-Ն օրենքի 1-ին հոդվածով լրացվող 10-րդ պարբերությունը, 2-րդ հոդվածը, ինչպես նաեւ 3-րդ հոդվածի՝ «նոտարի արձակած վճարման կարգադրությունը» բառերը: