Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-6211-21.06.2023-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Հոդված 1. 2013 թվականի դեկտեմբերի 5-ի Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) գլուխ 31-ը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«Գ Լ ՈՒ Խ 31
ՆՈՏԱՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՈՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՒՄԱՐԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ ԱՐՁԱԿԱԾ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 220. Նոտարի գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ եւ նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրությունը չեղյալ ճանաչելու դիմումների վերաբերյալ գործերը

1. Վարչական դատարանին ընդդատյա են՝

1) նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը.

2) նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու արդյունքում պատճառված վնասը հատուցելու վերաբերյալ գործերը.

3) նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով արձակած կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումներով գործերը:

2. Նոտարական գործողության իրավաչափությունը կարող է վիճարկվել երեք ամսվա ընթացքում այն օրվանից հետո, երբ անձը իմացել կամ կարող էր իմանալ վիճարկվող նոտարական գործողության կատարման մասին:

3. Նոտարական գործողության կատարման մերժումը կարող է վիճարկվել երեք ամսվա ընթացքում այն օրվանից հետո, երբ նոտարը կայացրել է նոտարական գործողության մերժման մասին որոշում, իսկ նման որոշում չկայացնելու դեպքում՝ այդ որոշման կայացման համար օրենքով նախատեսված ժամկետն ավարտվելու օրվանից հետո:

4. Անձը նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու արդյունքում պատճառված վնասը հատուցելու վերաբերյալ պահանջ կարող է ներկայացնել նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարման մերժման իրավաչափությունը վիճարկելու պահանջի հետ միաժամանակ կամ երեք տարվա ընթացքում այն օրվանից հետո, երբ սույն օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասի համաձայն կայացված գործն ըստ էության լուծող դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ:

5. Նոտարի կողմից արձակված՝ կողմերի համար պարտադիր դարձած գումարի բռնագանձման պահանջով կարգադրությունը կողմերը կարող են վիճարկել դատական կարգով կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով մեկ ամսվա ընթացքում այն օրվանից հետո, երբ նոտարի կողմից արձակված գումարի բռնագանձման պահանջով կարգադրությունը կողմերի համար դարձել է պարտադիր:

Հոդված 220.1. Նոտարի գործողությունների իրավաչափության վերաբերյալ հայցադիմումին ներկայացվող պահանջները

1. Սույն օրենսգրքի 220-րդ հոդվածով նախատեսված գործերով ներկայացված հայցադիմումներին կցվում է օրենքով սահմանված կարգով եւ չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, իսկ եթե օրենքը նախատեսում է պետական տուրքի մասնակի վճարման կամ վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու հնարավորություն, ապա այդ մասին համապատասխան միջնորդությունը:

Հոդված 221. Նոտարի գործողությունների իրավաչափության վերաբերյալ գործերով դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտը

1. Նոտարական գործողության իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով ներկայացված հայցը բավարարելու դեպքում դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ է կայացնում նոտարական գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու եւ դրա հետեւանքները վերացնելու վերաբերյալ, իսկ նման պահանջի եւ համապատասխան հիմքերի առկայության դեպքում նաեւ պարտավորեցնում է նոտարին կատարելու հայցվող գործողությունը:

2. Նոտարական գործողության կատարումը մերժելու իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով հայցը բավարարելու դեպքում դատարանը պարտավորեցնում է նոտարին կատարելու հայցվող գործողությունը:

3. Նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու արդյունքում պատճառված վնասը հատուցելու վերաբերյալ գործերով հայցը բավարարելու դեպքում դատարանը վճիռ է կայացնում նոտարական գործողության հետեւանքով հայցվորին պատճառված վնասը հատուցելու մասին:

4. Նոտարական գործողության հետեւանքով ծագող քաղաքացիական իրավահարաբերություններից բխող բոլոր գործերը, ներառյալ՝ վավերացված գործարքների կողմերի միջեւ առաջացած վեճերը, ընդդատյա են ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին, եթե դրանք, սույն գլխի համաձայն, քննության ենթակա պահանջներից ածանցվող պահանջներ չեն:

Հոդված 221.1. Նոտարի կողմից արձակված գումարի բռնագանձման պահանջով կարգադրությունը չեղյալ ճանաչելու հիմքերը

1. Դատարանը չեղյալ է ճանաչում նոտարի կողմից արձակված գումարի բռնագանձման պահանջով կարգադրությունը, եթե՝

1) դիմումը ենթակա չէր քննության նոտարի կողմից.

2) նոտարը կարգադրությունն արձակել է «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված ընթացակարգային նորմերի պահանջների էական խախտմամբ:

3) պարտապանը չի ունեցել պահանջի դեմ «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում առարկություն ներկայացնելու հնարավորություն կամ զրկված է եղել կարգադրության վարույթին մասնակցելու հնարավորությունից:

Հոդված 221.2. Նոտարի կողմից արձակված գումարի բռնագանձման պահանջով կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումին ներկայացվող պահանջները

1. Նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումում նշվում են՝

1) դատարանի անվանումը, որտեղ ներկայացվում է դիմումը,

2) կարգադրություն արձակած նոտարի անունը եւ նոտարական տարածքը.

3) կարգադրության վարույթի մասնակիցների անունները (անվանումները), նրանց հաշվառման (գտնվելու) վայրի, ֆիզիկական անձի հաշվառման վայր չունենալու դեպքում՝ բնակվելու վայրի, իսկ բնակության վայրն անհայտ լինելու դեպքում՝ գույքի  գտնվելու վայրի հասցեն,  ֆիզիկական անձի անձնագրային տվյալները, առկայության դեպքում՝ հանրային ծառայության համարը, իրավաբանական անձի դեպքում՝ պետական գրանցման համարը.

4) գումարի բռնագանձման պահանջով կարգադրության կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը եւ համարը,

5) գումարի բռնագանձման պահանջով կարգադրությունը կողմերի համար պարտադիր դառնալու ամսաթիվը,

6) գումարի բռնագանձման պահանջով կարգադրությունը վիճարկելու հիմքերն ու հիմնավորումները,

7) գումարի բռնագանձման պահանջով կարգադրությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ ճանաչելու վերաբերյալ պահանջը:

2. Նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումին կցվում են՝

1) գումարի բռնագանձման պահանջով կարգադրության բնօրինակը կամ դրա պատշաճ ձեւով վավերացրած պատճենը,

2) օրենքով սահմանված կարգով եւ չափով պետական տուրքի վճարման փաստը հավաստող փաստաթուղթը,

3) դիմումը եւ դրան կից փաստաթղթերը մյուս կողմին եւ նոտարին ուղարկելը հավաստող փաստաթուղթը:

3. Սույն հոդվածի պահանջների խախտման դեպքում դատարանը սույն օրենսգրքի 79-րդ հոդվածով սահմանված կարգով վերադարձնում է նոտարի կողմից արձակված գումարի բռնագանձման պահանջով կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը:

Հոդված 221.3. Նոտարի կողմից արձակված գումարի բռնագանձման պահանջով կարգադրությունը չեղյալ ճանաչելու դիմումի քննությունը

1. Նոտարի կողմից արձակված գումարի բռնագանձման պահանջով կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումն դատարանը քննում է դիմումը վարույթ ընդունելու օրվանից մեկամսյա ժամկետում՝ առանց դատական նիստ հրավիրելու:

2. Դատարանը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում կարող է հրավիրել դատական նիստ, եթե դա թելադրված է գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների եւ գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտությամբ: Դատական նիստի վայրի եւ ժամանակի մասին կողմերը ծանուցվում են: Այդ դեպքում նոտարի կողմից արձակված գումարի բռնագանձման պահանջով կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը քննվում եւ դրա վերաբերյալ որոշում է կայացվում դիմումը վարույթ ընդունելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

3. Գործի քննության արդյունքով կայացվող դատական ակտի հրապարակման ժամանակը եւ վայրը նշվում են դիմումը վարույթ ընդունելու մասին որոշման մեջ: Դատական ակտի հրապարակման ժամանակը եւ վայրը կարող է փոփոխվել սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հրավիրված դատական նիստում՝ Դատարանի արձանագրային որոշմամբ:

4. Դատարանը կարող է իր նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակած նոտարից պահանջել այն գործով նյութերը, որով կայացված կարգադրությունը վիճարկվում է դատարանում:

5. Դատարանը դիմումի քննության ժամանակ պարզում է նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունը չեղյալ ճանաչելու՝ «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերի առկայությունը կամ բացակայությունը:

Հոդված 221.4. Նոտարի կողմից արձակված գումարի բռնագանձման պահանջով կարգադրությունը չեղյալ ճանաչելու դիմումի քննության արդյունքում դատարանի որոշումը

1. Դիմումի քննության արդյունքով դատարանը կայացնում է որոշում՝ դիմումն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու եւ նոտարի կողմից արձակված գումարի բռնագանձման պահանջով կարգադրությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ ճանաչելու կամ դիմումն ամբողջությամբ մերժելու մասին:

2. Դատարանի որոշման մեջ պետք է նշվեն՝

1) վիճարկվող կարգադրությունն արձակած նոտարի անունն ու նոտարական տարածքը.

2) վիճարկվող կարգադրության արձակման տարին, ամիսը, ամսաթիվը եւ վայրը.

3) վիճարկվող կարգադրության կողմերի համար պարտադիր դառնալու տարին, ամիսը, ամսաթիվը.

4) գործին մասնակցող անձանց անունները (անվանումները).

5) դատարանի եզրահանգումը՝ նոտարի կողմից արձակված գումարի բռնագանձման պահանջով կարգադրությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ ճանաչելու կամ դիմողի պահանջն ամբողջությամբ մերժելու վերաբերյալ:

3. Դատարանի որոշումը հրապարակվում է վճռի հրապարակման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով: Դատարանի որոշումը օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից եւ ենթակա չէ բողոքարկման, բացառությամբ այն դեպքերի, երբ բողոք բերող անձն իր վերաքննիչ բողոքում հիմնավորում է, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ:

5. Դատարանի որոշումը կողմերին է ուղարկվում հրապարակման պահից եռօրյա ժամկետում»:

Հոդված 222. Նոտարական գործողություն կատարելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը

1. Նոտարական գործողություն կատարելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ հայցերը քննվում են սույն գլխով սահմանված կարգով:

Հոդված 2. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը նոտարին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործարկման վերաբերյալ Նոտարական պալատի հայտարարության հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: