Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-621-21.06.2023-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Հոդված 1. 2018 թվականի փետրվարի 9-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 109-րդ հոդվածը լրացնել 8-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«8. Այն դեպքերում, երբ առկա է գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու դիմումը «Նոտարիատի մասին» օրենքի 82.9-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված հիմքով նոտարի կողմից մերժելու մասին որոշում, եւ դատարանն ամբողջությամբ բավարարում է նույն անձի դեմ նույն փաստական հիմքով ներկայացված պահանջը, գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու հետ կապված ծախսը (նոտարական գործողության վճարը)՝ դրա կրկնապատիկի չափով, հատուցելու պարտականությունը դրվում է պատասխանողի վրա:»:

Հոդված 2. Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) նույն անձանց միջեւ նույն առարկայի մասին եւ միեւնույն փաստական հիմքերով գործի վերաբերյալ առկա է արբիտրաժի վճիռ, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշում կամ նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրություն, բացառությամբ դատարանի կողմից արբիտրաժի վճռի կամ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը կամ նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելը մերժելու դեպքի.»:

Հոդված 3. Օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 14-րդ կետով.

«14) հայցադիմումը ներկայացվել է այն ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջով, որը ենթակա է քննության նոտարի կողմից եւ առկա չէ նոտարի կողմից նույն պահանջով գումարի բռնագանձման կարգադրություն արձակելու մասին դիմումը մերժելու մասին որոշում կամ նոտարի կողմից նույն պահանջով կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշում:»:

Հոդված 4. Օրենսգիրքը 297-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ մասով.

«1.1. Հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման վերաբերյալ պահանջներն առաջին ատյանի դատարանը քննում է պարզեցված վարույթի կարգով, բացառությամբ այն պահանջների, որոնք ենթակա են քննության նոտարի կողմից «Նոտարիատի մասին» օրենքի 18.2-րդ գլխով սահմանված կարգով»:

Հոդված 5. Օրենսգիրքը 308-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 308. Վճարման կարգադրություն արձակելու գործերի ենթակայությունը եւ ընդդատությունը

1. Վճարման կարգադրություն արձակելու գործը ենթակա է առաջին ատյանի դատարանին, եթե դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ ներկայացված պահանջը գերազանցում է նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը եւ այն ենթակա չէ քննության նոտարի կողմից «Նոտարիատի մասին» օրենքի 18.2-րդ գլխով սահմանված կարգով:

2. Առաջին ատյանի դատարանին ենթակա վճարման կարգադրություն արձակելու դիմումը քննում է պարտապանի հաշվառման (գտնվելու) վայրի առաջին ատյանի դատարանը:»:

Հոդված 6. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը նոտարին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործարկման վերաբերյալ Նոտարական պալատի հայտարարության հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից չեղյալ ճանաչել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2022 դեկտեմբերի 23-ի թիվ 576-Ն օրենքի 19-րդ հոդվածը, 20-րդ հոդվածի 2-րդ կետը, 23-րդ հոդվածը, 29-րդ հոդվածի 5-րդ կետը: