Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-568-25.04.2023-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 5-րդ մասում «դատախազների,» բառից հետո լրացնել «քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց,» բառերը:

Հոդված 2. Օրենքի 14.2-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին սույն օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունիսի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2019թ.ի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշման N 3 հավելվածով սահմանված՝  նպատակ 10-ի (իրավապահ համակարգի բարեփոխում) գործողություն 2-ի իրականացման անհրաժեշտությամբ, որի համաձայն՝ անհրաժեշտ է մշակել օրենսդրական փոփոխություններ՝ ուղղված քննիչների աշխատավարձի եւ դրա նկատմամբ սահմանված հավելավճարների բարձրացմանը եւ քննիչների թվակազմի ավելացմանը:

1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիր.

Նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2019թ.-ի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշման N 3 հավելվածով սահմանված՝ նպատակ 10-ի գործողություն 2-ի իրականացման անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

Նախագծի ընդունումը պայմանավորված է քննիչների՝ որպես առանձնակի ռիսկային ինքնավար պաշտոն զբաղեցնող եւ իրենց պաշտոնից բխող նպատակների եւ խնդիրների իրականացման համար պատասխանատվություն կրող պաշտոնատար անձանց հավելումներ տրամադրելու անհրաժեշտությամբ:

Այսպես.
1) Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող ստորաբաժանումները վերջին տարիներին աշխատել են գերծանրաբեռնվածությամբ.
 

Ներկայումս քրեական վարույթների աննախադեպ շարունակական աճը հանգեցրել է Քննչական կոմիտեի քննիչների անխուսափելի գերծանրաբեռնվածության: Հարկ է նշել, որ ՀՀ-ում մինչդատական վարույթ իրականացնելու իրավասությամբ օժտված մարմինների վարույթում քննված քրեական գործերի շուրջ 90-95 %-ը մշտապես քննվել եւ քննվում է  Քննչական կոմիտեում:

Քրեական վարույթների նման քանակական աճի պայմաններում Քննչական կոմիտեի քննիչների օրական աշխատաժամանակը հաճախ հասնում է 12-13 ժամի: Ընդ որում, անհրաժեշտ է հաշվի առնել, որ քրեադատավարական օրենքը քննիչի համար սահմանում է իմպերատիվ դատավարական ժամկետներ որոշակի դատավարական ակտեր կայացնելու համար, որպիսի պայմաններում հնարավոր է լինեն դեպքեր, երբ տվյալ ակտերը կայացվեն ոչ աշխատանքային ժամերի կամ օրերի:

Նման գերծանրաբեռնված աշխատանքը, հանրային բարձր պատասխանատվությունն այդ աշխատանքը դարձնում են պակաս գրավիչ եւ ռիսկային:

2) Համանման գործառույթ իրականացնող՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների համար նախատեսված է վարձատրության ավելի բարձր երաշխիք՝ հիմքում դնելով վերջիններիս կողմից առանձնակի ռիսկային աշխատանք կատարելու հանգամանքը:

 Կոռուպցիոն հանցագործությունների քննությունը բարձր ռիսկային համարելով՝ այդ մարմնի քննիչների համար՝ Քննչական կոմիտեի քննիչների համեմատությամբ, սահմանված են աշխատանքի էապես բարձր վարձատրություն եւ սոցիալական երաշխիքներ, հաշվի առնելով կոռուպցիոն հանցագործությունների քննության իրականացումը: Նման հիմնավորումների համատեքստում էլ ընդունված Օրենքի համաձայն, որպես առանձնակի ռիսկայնություն ունեցող աշխատանք, Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների համար սահմանվել է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով (նախկինում այն եղել է 100 տոկոս):

Հահակոռուպցիոն կոմիտեի կազմավորումից մոտ 1 տարի անց, քննիչների ծանրաբեռնվածությամբ պայմանավորված, օրենսդրական փոփոխությունների միջոցով, մի շարք կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով նախաքննությունը վերապահվել է Քննչական կոմիտեին եւ Քննչական կոմիտեի քննիչներն ի թիվս այլ հանցատեսակների, Հակակոռուպցիոն կոմիտեի ձեւավորումից հետո էլ, քննել եւ քննում են նաեւ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթներ (գործեր):

Այսինքն, Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների առավել բարձր վարձատրության օրենսդրական կարգավորումների հիմքում դրված հիմնավորումներն ուղիղ վերաբերելի են նաեւ Քննչական կոմիտեի քննիչների վարձատրությունը բարձրացնելու սույն օրենսդրական նախաձեռնության համար:

Քննչական կոմիտեի քննիչների աշխատանքի ռիսկայնությունն ընդգծելու համար բավարար է թվարկել վերջիններիս կողմից քննվող այնպիսի հանցատեսակներ, ինչպիսիք են ՝ կոռուպցիոն հանցագործությունները, տնտեսական հանցագործությունները, սպանությունը, քրեական ենթամշակույթի հետ կապված հանցագործությունները, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, հարկային եւ մաքսային բնույթի հանցագործությունները, կիբեռհանցագործությունները, զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործությունները  եւ այլն:

Հարկ է նշել, որ ինչպես Հակակոռուպցիոն կոմիտեի, այնպես էլ Քննչական կոմիտեի կարգավիճակը, ըստ էության, նույնն է. նրանք իրականացնում են Սահմանադրությամբ քննչական մարմիններին վերապահված գործառույթի (քրեական գործով նախաքննության) իրականացմանն ուղղված մասնագիտական գործունեություն, ինչով պայմանավորված էլ առանձին ռիսկայնությունը վերաբերելի է ինչպես Հակակոռուպցիոն, այնպես էլ՝ Քննչական կոմիտեների քննիչներին:

3) Նշված համատեքստում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաեւ այն հանգամանքին, որ ՍԴՈ-1443 որոշման շրջանակներում ՀՀ սահմանադրական դատարանը դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «Վերոնշյալ իրավանորմերի վերլուծության արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր քննչական մարմինների քննիչների կարգավիճակը, ըստ էության, նույնն է. նրանք իրականացնում են Սահմանադրությամբ քննչական մարմիններին վերապահված գործառույթի (քրեական գործով նախաքննության) իրականացմանն ուղղված մասնագիտական գործունեություն: (...) :  
  
  Հիշատակված իրավական դիրքորոշումներից պարզ է դառնում, որ սոցիալական արդարությունը, որպես ՀՀ հիմնարար նպատակ-արժեքներից մեկը, պահանջում է, ի թիվս այլ դեպքերի, պետական այս կամ այն ծառայության աշխատակիցների համար սահմանել աշխատանքային գործունեության համար արդար վարձատրություն՝ զուրկ խտրականության տարրերից:

Թերեւս, չենք կարող չվկայակոչել այն, որ միեւնույն աշխատանք կատարող քննիչների դեպքում, կարծել թե օրինակ՝ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչի աշխատանքը ռիսկային չէ, զուրկ է որեւէ հիմնավորումից, ավելին այն առավել դժվարին է, առավել բարձր՝ ռիսկայնության ունեցող, քանի որ Քննչական կոմիտեի քննիչներն հակառակորդի հետ շփման գծում, գործունեությունն իրականացնելով վտանգում են իրենց կյանքը, առանձնակի ռիսկայնություն ունեցող սահմանային տարածքներում են կատարում ծառայություն, մասնավորապես՝ դեպքի վայրի զննություն եւ մի շարք քննչական գործողություններ՝ սահմանային զորամասերում եւ այլն:

4) 2022 թվականի նոյեմբերի 29-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ կայացած Դատական եւ իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության եւ դրանից բխող գործողությունների ծրագրի կատարման մշտադիտարկման խորհրդի առաջին նիստի ընթացքում, ի թիվս այլնի, քննարկվել է նաեւ քննիչների վարձատրության վերանայման հարցը, ինչի առնչությամբ Վարչապետն առաջարկել է Քննչական կոմիտեին՝ Արդարադատության նախարարություն ներկայացնել քննիչների` ըստ ստորաբաժանումների հաստիքների թիվը, հաստիքների ցանկը, աշխատանքի վարձատրության՝ ներառյալ հավելումների, հավելավճարների, լրավճարների չափը, կենսաթոշակի անցնելու ժամանակահատվածները եւ դրա հետ կապված հնարավոր ծախսերը, ինչպես նաեւ այլ տվյալներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել վարձատրության վերանայման հայեցակարգային առաջարկություններ մշակելու համար:

Նշվածի վերաբերյալ Քննչական կոմիտեն համապատասխան տվյալները 28.12.2022 թվականին ներկայացրել է Արդարադատության նախարարություն:

5) Վերը նշվածի համատքեստում, սույն թվականի հունվարի 19-ին Կառավարության նիստում հավանության է արժանացել Գլխավոր դատախազության կողմից մշակված «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվել է դատախազների տալ հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով:

Համաձայն՝ նշված Օրենքի նախագծի հիմքում դրված հիմնավորման, ի թիվս այլնի ՝ Դատախազությունը նշել է, որ  « (...) ռիսկայնության աստիճանով էականորեն է տարբերվում այն դատախազների աշխատանքը, ովքեր դատավարական ղեկավարում են իրականացնում սպանության, առեւանգման, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, բժշկական սխալի, խարդախության, քրեական ենթամշակույթի հետ կապված հանցագործությունների, ՃԵԿ կանոնների հանցավոր խախտումների, խուլիգանությունների, խոշտանգումների, թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ այլ դեպքերով: Ավելին, վիճակագրությունը չի կարող հերքել, որ քրեական վարույթ իրականացնող պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու կամ պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերն ավելի շատ արձանագրվել են վերը թվարկված եւ ոչ թե կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով վարույթի ընթացքում: Կամ, ՀՀ դատախազության՝ պետական շահերի պաշտպանության գործառույթն իրականացնող դատախազների աշխատանքն, առավելապես կապված լինելով պետության գույքային շահերի կոռուպցիոն խախտումների ուսումնասիրության եւ բացահայտման հետ, ունի ոչ պակաս ռիսկայնություն, ինչ կոռուպցիոն գործերով դատավարական ղեկավարումը: Ավելին, ստեղծված իրավիճակում, երբ նախքան Հակակոռուպցիոն կոմիտեի ձեւավորումը հարուցված եւ բացառիկ հնչեղ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերը շարունակում են գտնվել գրեթե բոլոր ստորաբաժանումների դատախազների դատավարական ղեկավարման ներքո, կամ նրանք են շարունակում իրականացնել այդ գործերով մեղադրանքի պաշտպանությունը, ներկա եւ առաջիկա տարիների ընթացքում որեւէ տարբերակում չի կարող լինել Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործերով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազների եւ այլ դատախազների աշխատանքի ռիսկայնության մեջ:»:

6) Ինչպես տեսնում ենք դատախազության հիմնավորումներն ուղիղ վերաբերելի են նաեւ Քննչական կոմիտեի քննիչների վարձատրությունը բարձրացնելու համար:

 7) Այսպիսով, Հակակոռուպցիոն կոմիտեում, Դատախազությունում, ինչպես նաեւ Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց աշխատանքում որեւէ տարբերակումը բացառելու նպատակով, Քննչական կոմիտեն մշակել է սույն նախագիծը, քանի որ Դատախազության եւ Քննչական կոմիտեի աշխատանքը հանդիսանում է ուղիղ փոխկապակցված եւ մի մարմնի աշխատողների սոցիալական վիճակի բարձրացումը խզում կառաջացնի այդ շղթայում:

Եթե դատախազի աշխատանքն իրենից ենթադրում է որոշակի ռիսկայնություն, ապա դա ուղիղ փոխկապակցված է վերջինիս կողմից դատավարական ղեկավարում իրականացնող՝ Քննչական կոմիտեի քննիչների աշխատանքով, քանի որ սկզբնական օղակը հանդիսանում է նախաքննություն իրականացնող քննիչը, որպիսզի պայմաններում՝ ռիսկայնության վերաբերյալ պնդումը պետք է լինի շղթայական եւ փոխկապակցված:

Ավելին, նման օրենսդրական նախաձեռնությամբ հանդես են եկել ինչպես Քննչական կոմիտեն, այնպես էլ Դատախազությունը եւ սույն Օրենքի նախագծերը միաժամանակ են մշակվել, միաժամանակ էլ, որպես մեկ փաթեթ ներկայացվել են շրջանառության՝ շահագրգիռ մարմիններին, սակայն Քննչական կոմիտեի կողմից մշակված օրենքի նախագիծն առանձնացվել է եւ ինչպես վերը նշվեց՝ Դատախազության մասով այն 19.01.2022 թվականին հավանության է արժանացել Կառավարության կողմից:

3. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մշակվել է ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է Քննչական կոմիտեի քննիչներին վճարել ամսական հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով:

Քննչական կոմիտեի քննիչների վարձատրությունն ավելացնելու նման մոտեցումը պայմանավորված է՝

- Քննչական կոմիտեի քննիչների վարձատրությունն ավելացնելը վերը ներկայացված օբյեկտիվ անհրաժեշտությունից բացի նաեւ «Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2019թ. հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշման ժամկետային պահանջ է.

- 2022 թվականի նոյեմբերի 29-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ կայացված Դատական եւ իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության եւ դրանից բխող գործողությունների ծրագրի կատարման մշտադիտարկման խորհրդի առաջին նիստում վարչապետի կողմից տրված հանձնարարականը.

- Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց 2023 թվականի հունվարի 1-ից պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով հավելումների ստացման փաստը.

- Դատախազության դատախազներին 2023 թվականի ապրիլի 1-ից պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով հավելումների ստացման փաստը.
 

Այսպիսով, Քննչական կոմիտեի քննիչներին վճարվող հավելումների չափը որոշելիս հիմք է ընդունվել առանձնակի ռիսկային, բարդություններով պայմանավորված եւ մասնագիտացում պահանջող պաշտոններ զբաղեցնող անձանց տրամադրվող հավելումների միասնական, չտարբերակված մոտեցում սահմանելու անհրաժեշտությունը:

Իսկ առաջարկվող լուծումը եւ՛ բխում է Քննչական կոմիտեի քննիչի աշխատանքի առանձնակի ռիսկային բնույթից, եւ՛ բացառում է համակարգային իրավակարգավորումներում անհամաչափությունները:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կողմից:

5. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ կկատարվեն «Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2019թ. հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշման N 3 հավելվածով սահմանված՝ նպատակ 10-ի գործողություն 2-րդ պահանջները:

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն առկա չէ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերում ակնկալվում է հետեւյալ փոփոխությունը.

2023թ. հունիս-դեկտեմբեր ամիսների համար Քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (ընդհանուր 975 անձ) ամսական դրույքաչափի իննսուներկու տոկոսի չափով հավելում նախատեսելու դեպքում նախնական հաշվարկով անհրաժեշտ է շուրջ 3,120,549,792.00 ՀՀ դրամ:

Նախագծի ընդունմամբ եկամուտների նվազեցում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն