Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-536-23.03.2023,10.04.2023-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասում «օրենքով» բառից հետո լրացնել «եւ սույն հոդվածով» բառերը.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին մաս.

«2.1. Աշխատողին վարժական հավաքների ներգրավելիս պետական կամ տարածքային կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմին, պետական կամ համայնքային կազմակերպություն կամ հիմնարկ չհանդիսացող գործատուի կողմից առաջին 30 օրացուցային օրերի ընթացքում շարունակում է վճարվել յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար աշխատողի հիմնական աշխատավարձի (գործավարձով վարձատրվող աշխատողների դեպքում միջին աշխատավարձի՝ բացառությամբ պարգեւատրման գումարների) եւ այդ ընթացքում վարժական հավաքներին մասնակցելու օրերի համար աշխատողին որպես զինծառայող հաշվարկված դրամական ապահովության առնվազն դրական տարբերությունը, իսկ 30 օրացուցային օրը գերազանցող ժամանակահատվածի համար աշխատողի աշխատավարձը որոշվում է գործատուի եւ աշխատողի համաձայնությամբ կամ կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված կարգով:

Աշխատողին վարժական հավաքների ներգրավելիս պետական կամ տարածքային կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմին, պետական կամ համայնքային կազմակերպություն կամ հիմնարկ հանդիսացող գործատուի կողմից յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար շարունակում է վճարվել աշխատողի հիմնական աշխատավարձի (գործավարձով վարձատրվող աշխատողների դեպքում միջին աշխատավարձի՝ բացառությամբ պարգեւատրման գումարների) եւ վարժական հավաքներին մասնակցելու օրերի համար աշխատողին որպես զինծառայող հաշվարկված դրամական ապահովության դրական տարբերությունը:

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հայտարարված վարժական հավաքներին մասնակցողների վրա:
 

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
Ամփոփաթերթ