Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-5551-07.04.2023-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-579-Ն օրենքի 2-րդ հոդվածում «2024 թվականի հունվարի 1-ից» բառերը փոխարինել «2023 թվականի հունիսի 15-ից» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Կարգավորման ենթակա խնդիրը

Նախագծերի մշակումը բխում է վերաքննիչ դատարանում հակակոռուպցիոն գործերի առավել մասնագիտացված եւ արդյունավետ քննությունն արագ ապահովելու անհրաժեշտությունից:

2. Առկա իրավիճակը

2.1. 2022 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-575-Ն սահմանադրական օրենքը, որով նախատեվում է, որ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի ստեղծման վերաբերյալ նորմերը ուժի մեջ են մտնելու 2024 թվականի հունվարի 1-ից: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը իրականացնելու է հակակոռուպցիոն քաղաքացիական եւ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով կայացված դատական ակտերի վերաքննության կարգով վերանայումը, դատարանը կազմված է լինելու թվով առնվազն 12 դատավորներից, որոնցից առնվազն 6-ն իրականացնելու են կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով, եւ առնվազն 6-ը՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով կայացված դատական ակտերի դեմ բողոքների քննություն: Այսինքն՝ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով կայացված ակտերով վերանայման գործերը բաշխվելու են միայն կոռուպցիոն հանցագործությունների քննության մասնագիտացմամբ, իսկ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով կայացված ակտերի վերանայման գործերը՝ միայն հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության մասնագիտացմամբ դատավորների միջեւ:

Սակայն ներկայացված իրավակարգավորման համատեքստում, մինչեւ վերոնշյալ նորմի ուժի մեջ մտնելը, ստեղծվում է իրավիճակ, երբ առաջին ատյանի կարգով հակակոռուպցիոն գործերի քննությունն իրականացվում է մասնագիտացված՝ հակակոռուպցիոն դատարանի կողմից, իսկ այդ գործերով կայացված ակտերի վճռաբեկության կարգով վերանայումն իրականացվում է Վճռաբեկ դատարանի առանձին մասնագիտացված՝ հակակոռուպցիոն պալատի կողմից, սակայն այդ նույն ակտերի վերաքննությունը իրականացնում են վերաքննիչ քաղաքացիական եւ վերաքննիչ քրեական դատարանները:

Հետեւաբար, առկա իրավիճակը եւ ինստիտուտի բնականոն եւ լիարժեք կենսագործունեությունը պահանջում է, որպեսզի մասնագիտացման գործոնը հստակ արտահայտված լինի տվյալ տեսակի գործերի քննության իրավասությամբ օժտված բոլոր դատական ատյաններում՝ օրենքով սահմանված ժամկետից ավելի վաղ ժամկետում (սույն թվականի հունիսի 15-ը): Նշվածը հնարավորություն կստեղծի կոռուպցիոն հանցագործությունների եւ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնել ոչ թե վերաքննիչ քրեական եւ վերաքննիչ քաղաքացիական դատարանների, այլ հենց նեղ մասնագիտացված՝ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից, միաժամանակ ապահովելով՝ հակակոռուպցիոն դատարանի կողմից կայացված դատական ակտերը վերանայելու հարցում գործերի քննության տեւողության ողջամտությունը եւ արդյունավետությունը:

3. Նախագծերի նպատակը եւ ակնկալվող արդյունքը

Նախագծերի նպատակն է ապահովել հակակոռուպցիոն քաղաքացիական եւ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով կայացված դատական ակտերի վերաքննության կազմակերպումը մասնագիտացված՝ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից՝ օրենքով սահմանված ժամկետից ավելի վաղ ժամկետում (սույն թվականի հունիսի 15-ը):

Այսպիսով, արդյունքում սույն թվականի հունիսի 15-ից վերաքննիչ քրեական եւ վերաքննիչ քաղաքացիական դատարանները դադարելու են քննել համապատասխանաբար կոռուպցիոն հանցագործությունների եւ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերը:

4. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագծերը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի մշակումը բխում է նաեւ Դատաիրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից, որում որպես նպատակ նախատեսված է դատական համակարգի բարեփոխումների շարունակական ապահովումը, որպես ռազմավարական ուղղություն՝ հայեցակարգի հիման վրա «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում եւ, ըստ անհրաժեշտության, հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող իրավական ակտերի նախագծերի մշակումը՝ նոր մասնագիտացված դատարանների կամ դատավորների ենթամասնագիտացումների նախատեսման համար իրավական հիմքեր ստեղծելու նպատակով:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» սահմանադրական օրենքի եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության oրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն