Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-7402-14.11.2005-ՊԻ,ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (18 ապրիլի 2003թվականի) 158-րդ հոդվածի երկրորդ մասում «հինգհարյուրապատիկը» բառը փոխարինել «երկուհարյուրապատիկը» բառով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

«Հայաստանի Հանրապետության հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» նոր օրենքի նախագծի եւ դրա կապակցությամբ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ « Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի հիմնավորումներ

1. Հայաստանի Հանրապետության Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին նոր օրենքի /այսուհետ՝ օրենք/ առաջարկվող նախագծում Գործընկերության եւ Համագործակցության համաձայնագրի /ԳՀՀ/ 42-րդ եւ 43-րդ հոդվածներով նշված մտավոր սեփականության պահպանությանը վերաբերող պարտավորություններից, որոնց նպատակն է ապահովել Եվրոհամայնքում առկա պահպանության մակարդակին համապատասխան մակարդակ, ինչպես նաեւ՝ արդյունավետ միջոցներ՝ այդ իրավունքների կիրարկման համար։

Նախագծի մշակման ժամանակ հաշվի են առնվել նաեւ պրակտիկայում առաջացած մի շարք խնդիրների լուծման անհրաժեշտությունը, որանց համար անհրաժեշտ նորմերը տեղ են գտել համապատասխան հոդվածներում։

1.Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում հարակից իրավունքների սուբյեկտների շարքում ներառվել են՝ «կինեմատոգրաֆիական կամ տեսալսողական ստեղծագործություններ եւ շարժվող պատկերներ (ֆիլմ արտադրողների) արտադրողների իրավունքները իրենց պատրաստած ֆիլմերի ամրագրումների նկատմամբ, հրատարակիչները իրավունքներն իրենց հրատարակությունների տպագրական ձեւավորումների նկատմամբ, տվյալների բազաներ պատրաստողների իրավունքներն իրենց պատրաստած տվյալների բազաների նկատմամբ։

Եվրոխորհրդի 29.10.1993թ. Հեղինակային իրավունքի եւ որոշ հարակից իրավունքների պահպանության ժամկետների մասին 93/98EEC դիրեկտիվը նախատեսում է ֆիլմեր նկարահանողների հարակից իրավունքների պահպանություն: Դիրեկտիվի 3-րդ հոդվածի 3-րդ կետի սահմանումից երեւում է, որ ֆիլմը ոչ միայն կինեմատոգրաֆիական կամ տեսալսողական ստեղծագործություն է, այլ նաեւ շարժվող պատկերներ, որոնք պատկերների հաջորդականություն են, սակայն «ստեղծագործություն» չեն կազմում, քանի որ դրանցում բացակայում է ստեղծագործական աշխատանքը: Ֆիլմեր նկարահանողները պահպանվում են ինչպես տեսալսողական ստեղծագործության, այնպես էլ շարժվող պատկերների արտադրության համար ունեցած կազմակերպչական, տեխնիկական, ֆինանսական ներդրումների համար: .

Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի 11.03.1996թ. տվյալների բազաների իրավական պահպանության մասին 96/9EC դիրեկտիվի 3-րդ գլուխը նախատեսում է հատուկ /sui generis/ իրավունքներ տվյալների բազաների պատրասողների բազայի ստեղծման համար կատարված ներդրումների նկատմամբ, որի նպատակը ներդրումների պահպանությունն է: Այլ կերպ ասած` ներդրումների պահպանության իրավունք, քանի որ ժամանակակից տվյալների բազաները նպատակ ունեն ապահովել որոշակի հարցին կամ ոլորտին վերաբերող ամբողջական տեղեկատվություն: Միաժամանակ, հատկապես լազերային սկավառակների եւ այլնի վրա ձայնագրվող տվյալների էլեկտրոնային բազաները հեշտությամբ կարող են կրկնօրինակվել կամ օգտագործվել այլ կերպ եւ տվյալների բազաների ստեղծման համար ներդրումներ կատարած անձը չի կարողանա փոխհատուցել նույնիսկ իր ծախսերը:

Այդ պահպանությունը մանրամասն ներկայացված է տվյալների բազա պատրաստողի մասին հոդվածներում, որտեղ սահմանված են տվյալների բազա պատրասողի իրավունքները, սահմանափակումները, գործողության ժամկետը եւ իրավունքների գործողությունը Հայաստանի Հանրպետության տարածքում: Տվյալների բազաներ պատրաստողները օգտվում են լայն բացառիկ իրավունքից. տվյալներ հանելու, դրանք կրկին օգտագործելու իրավունքից, որը համապատասխանում է վերարտադրության տարածման, վարձույթի, մատչելի դարձնելու եւ այլ ձեւով փոխանցելու իրավունքներին: Իրավունքը տրվում է տվյալների բազան պատրաստողին, որը կարող է լինել ֆիզիկական կամ իրավաբանական անձ /ի տարբերություն հեղինակի/:

Դիրեկտիվի 7-րդ հոդվածով նախատեսվող պահպանությունը տարածվում է տվյալների բազայի վրա` որպես մի ամբողջություն, կամ դրա էական մասի օգտագործման վրա: Յուրաքանչյուր անհատ կարող է առանց տվյալների բազայի պատռաստողի թույլտվության օգտագործել դրա ոչ էական մասերը: Տվյալների բազաների պահպանության ժամկետ նախատեսվում է 15 տարի` պատրաստման ավարտից կամ, եթե այն հրապարակվել է, ապա հրապարակումից հետո՝ 15 տարի:

Եվ վերջապես հրատարակիչների հարակից իրավունքների պահպանությունն իրենց հրատարակությունների տպագրական ձեւավորման նկատմամբ։

22.05.2001թ. Եվրոպառլամենտի եւ խորհրդի Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների որոշ ասպեկտների ներդաշնակեցումը տեղեկատվական միջավայրում 2001/29EEC դիրեկտիվի 2-րդ հոդվածի սահմանմանը համապատասխանեցվել եւ նոր խմբագրմամբ ներկայացվել է հեղինակի եւ հարակից իրավատերերի վերարտադրության /2-րդ հոդ./, ինչպես նաեւ տարածման իրավունքները /4-րդ հոդ./։

- 3-րդ հոդվածի համապատասխան սահմանվել են իրավատերերի հանրությանը հաղորդելու եւ հանրությանը մատչելի դարձնելու իրավունքները, քանի որ նաեւ ՄՍՀԿ /WIPO/ Հեղինակային իրավունքի եւ Կատարումների ու Հնչյունագրերի մասին 1996թ. պայմանագրերը պարտավորեցնում են հեղինակներին, կատարողներին եւ հնչյունագրեր արտադրողներին` տալ իրենց ստեղծագործությունը, կատարումը կամ հնչյունագիրը հասարակությանն այնպիսի ձեւով հաղորդելու կամ մատչելի դարձնելու բացառիկ իրավունքը, որ դրանք հասարակությանը հասանելի լինեն անհատապես ընտրված ցանկացած վայրից եւ ցանկացած ժամանակ: Այլ խոսքով` ստեղծագործության, կատարման կամ հնչյունագրի տեղադրումը ինտերնետում կամ թվային հաղորդակցության ցանցում պետք է թույլատրված լինի իրավատիրոջ կողմից:

Համաձայն նշված դիրեկտիվի 5-րդ հոդվածի երկրորդ մասի ա/, բ/ ենթակետերի՝ ստեղծագործությունները կամ ձայնատեսագրությունները, ինչպես նաեւ տպագիր արտադրանքը սարքերի միջոցով դատարկ կրիչների վրա անձնական օգտագործման նպատակով վերարտադրելու համար նախատեսվում է վարձատրություն վճարել իրավատերերին։ Թեւ անձնական նպատակով օգտագործումը դասվում է ստեղծագործությունների ազատ օգտագործումների շարքում եւ հեղինակի թույլտվությունը չի ակնկալվում, ավելին՝ վերարտադրությունն իրականացվում է առանց վարձատրության, սակայն միջազգային ուսումնասիրություններով պարզվել է, որ օգտագործման հենց այս ձեւն է, որ «հակասում է ստեղծագործության բնականոն շահագործման պահանջներին եւ վնասում հեղինակների օրինական շահերը»՝ ելնելով օգտագործման լայնատարած չափերից։ Այդ իսկ պատճառով նախատեսվեց որոշակի ձեւով փոխհատուցել հեղինակի կրած վնասները՝ սահմանելով, որ այդ վարձատրության վճարողներն են լինելու ձայնագրությունների, ձայնատեսագրությունների, դրանց ամրագրման համար անհրաժեշտ դատարկ կրիչների, տպագիր արտադրանքի արտատպման համար օգտագործվող սարքավորումների ներկրող եւ արտադրող անձինք՝ առաջին վաճառքի կամ ներկրման ժամանակ։

Հստակ ներկայացվել է արվեստի ստեղծագործության հեղինակի իրավունքը վարձատրության իր մասն ունենալու վերաբերյալ արվեստի բնօրինակի հաջորդական վերավաճառքների դեպքում։ Ներկայացված է բնօրինակ ստեղծագործությունների շրջանակը Եվրոպառլամենտի եւ Խորհրդի 27.09.2001թ. Արվեստի բնօրինակ ստեղծագործության վերավաճառքից հեղինակի վարձատրության մասին 2001/84/ EC դիրեկտիվի 1-ին եւ 2-րդ հոդվածներին համապատասխան, ինչպես նաեւ վերավաճառքի իրավունքի կիրարկման համար նվազագույն շեմ, որը դիրեկտիվի 3-րդ հոդվածով սահմանված է 3000 Եվրո, սակայն 4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն կարող է փոփոխվել։ Հոդվածը նաեւ նշում է, որ նվազագույն շեմը կարող է սահմանվել ազգային օրենսդությամբ։

Հստակեցված եւ առանձին ներկայացված են հեղինակի գույքային իրավունքների փոխանցման կարգը /զիջման պայմանագիր/, ինչպես նաեւ ստեղծագործության օգտագործման թույլտվությունը եւ այլ անհրաժեշտ պայմաններ։

Եվրոխորհրդի 29.10.1993թ. Հեղինակային իրավունքի եւ որոշ հարակից իրավունքների պահպանության ժամկետների մասին 93/98EEC դիրեկտիվի 1-ին եւ 2-րդ հոդվածները սահմանում են հեղինակի գույքային իրավունքների գործողության 70-ամյա ժամկետ` հաշված տարբեր ելակետերից:

Տեսալսողական ստեղծագործությունների նկատմամբ դիրեկտիվը հեղինակային իրավունքի գործողության ժամկետը մեկ որոշակի մակարդակի ներդաշնակեցնելու համար նախատեսում է հեղինակներից /բեմադրող ռեժիսոր, սցենարի հեղինակ, երկխոսության հեղինակ, հատուկ տեսալսողական ստեղծագործության համար երաժշտություն գրած կոմպոզիտոր/ վերջինի մահից հետո 70 տարի, անկախ նրանից՝ նրանք համահեղինակներ են համարվում իրենց ազգային օրենքով, թե՝ ոչ /դիրեկտիվի 2-րդ հոդ. 2.մաս/:

Դիրեկտիվի 3-րդ հոդվածով սահմանված են հարակից իրավունքների պահպանման ժամկետ՝ օբյեկտի ամրագրման կամ հրապարակման պահից 50 տարի։

Օրենքում գույքային իրավունքների գործողութան ժամկետները համապատասխանեցվել են դիրեկտիվի պահանջներին։

Դիրեկտիվի 4-րդ հոդվածը պահպանում եւ խրախուսում է այն անձանց, ովքեր ներդրումներ են արել հեղինակային իրավունքի գործողության ժամկետի լրանալուց հետո չհրապարակված ստեղծագործություններն առաջին անգամ հրապարակելու համար: Նրանք օգտվում են նույն գույքային իրավունքներից, ինչ հեղինակը՝ ստեղծագործությունն առաջին անգամ հանրությանը օրինական ճանապարհով հրապարակելու պահից սկսած 25 տարվա ընթացքում: Այս դրույթով հստակ առանձնանում են հեղինակի եւ հրապարակողի կամ ներդրողի իրավունքները:

Նմանատիպ մոտեցում է ապահովվում նաեւ հանրային սեփականություն դարձած ստեղծագործությունների գիտական եւ քննադատական հրատարակությունների նկատմամբ՝ հրատարակող անձին օժտելով հեղինակի գույքային իրավունքներին համարժեք իրավունքներ պահպանության 30-ամյա ժամկետով։

ՄՍՀԿ Հեղինակային իրավունքի մասին պայմանագրի /հոդ.11,12, Կատարումների եւ Հնչյունագրերի մասին պայմանագրերի /հոդ.18,19/, ինչպես նաեւ 22.05.2001թ. Եվրոպառլամենտի եւ Խորհրդի Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների որոշ ասպեկտների ներդաշնակեցումը տեղեկատվական միջավայրում 2001/29EEC դիրեկտիվի 6-րդ, 7-րդ եւ 8-րդ հոդվածներով տրվում է՝

- տեխնոլոգիական միջոցների սահմանումը, էությունը եւ այն անձի պատասխանատվության աստիճանը ու նրա նկատմամբ կիրառվող սանկցիաներն ու պատժամիջոցները, ով շրջանցում է հեղինակային եւ հարակից իրավունքների օբյեկտների նկատմամբ արգելված գործողությունները սահմանափակելու համար նախատեսված տեխնոլոգիական միջոցները ծածկագրերի ապօրինի վերծանման եւ այլ նմանատիպ գործողությունների համար, որոնք հանգեցնում են հեղինակային եւ հարակից իրավունքների խախտումների,

- իրավունքների կառավարման մասին տեղեկատվության սահմանումն ու էությունը՝ այսինքն հեղինակի կամ այլ իրավատիրոջ մասին տեղեկատվությունը, ստեղծագործության անվանումը, լիցենզավորման պայմանները, որոնք կարող են թվային տեսքով արտահայտված լինել ստեղծագործության վրա, եւ այն անձի պատասխանատվության աստիճանը ու նրա նկատմամբ կիրառվող սանկցիաներն ու պատժամիջոցները, ով ստեղծագործության վրա փոխում կամ վերացնում է իրավունքների կառավարման մասին տեղեկատվությունը։ Թվային միջավայրում ոչ մի իրավունք չի կարող իրագործվել առանց պահպանության տեխնիկական միջոցների կամ առանց իրավունքների կառավարման էլեկտրոնային տեղեկատվության, որն անհրաժեշտ է օգտագործումները թույլատրելու կամ վերահսկելու համար:

Այս դրույթները իրենց արտահայտումն են գտել օրենքի՝ հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների պաշտպանությունն ապահովող հոդվածներում։

Առավել արդյունավետ պաշտպանություն ապահովելու եւ իրականացնելու նպատակով պաշտպանության մասին հոդվածներում ներառվել են նաեւ Եվրոպառլամենտի եւ Խորհրդի 30.01.2003թ. Մտավոր սեփականության իրավունքների կիրարկումն ապահովող միջոցառումների եւ գործընթացների մասին  դիրեկտիվի դրույթները։

Նախագծում հստակեցվել են ճարտարապետական շինության սեփականատեր-հեղինակ փոխհարաբերությունները, որոնք ներկայիս գործող օրենքում ըստ էության լիարժեք կարգավորված չեն։

Նախագծում հստակեցվել են բազմաթիվ նորմեր, որոնք էլ ավելի են ապահովում հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների արդյունավետ պահպանությունը։

2. «Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը հիմնականում պայմանավորված է «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի նախագծում տեղ գտած նորմերով։ Այս նախագծի 28-30-րդ եւ 32-րդ հոդվածները նպատակ ունեն համապատասխան հոդվածները համահունչ դարձնելու 1138-րդ եւ 1143-րդ հոդվածներին, դրանով իսկ հստակեցնելու մտավոր սեփականության վերաբերյալ օրենսդրությունը։

31-րդ հոդվածը նպատակ ունի հստակեցնելու ապրանքային նշանի օգտագործմանը վերաբերող նորմերը եւ վերացնելու «Ապրանքային եւ սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի հետ առկա հակասությունը։

3.«Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը եւս պայմանավորված է «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի նոր նախագծով։